(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 1996 թ. թիվ 381
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի կանոնադրությունը և կառուցվածքը /կցվում են/:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի մասին» թիվ 168 որոշման 1-ին կետը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ. հուլիսի
2-ի թիվ 381 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը /այսուհետև` հանձնաժողով/ պետական կառավարման հանրապետական մարմին է` գերատեսչական կարգավիճակով, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարին (այսուհետև` նախարար):
Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում իր իրավասության սահմաններում ընդերքի ոլորտում տիրող վիճակի և նրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար: Հանձնաժողովը կոչված է պաշտպանելու պետության շահերն ընդերքի երկրաբանական հետախուզման, ռացիոնալ օգտագործման և պահպանման բնագավառում, մասնակցում է հանրապետության էկոնոմիկայի հաշվեկշռված զարգացմանը նպաստող երկրաբանահետախուզական աշխատանքների առաջնային ուղղությունների հիմնավորմանը և հանքահումքային հենքի օպտիմալ օգտագործման ծրագրերի մշակմանը:
Հանձնաժողովն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
Հանձնաժողովի կրճատ անվանումն է` ՀՀ ՊՊՀ:
II. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու
գործառույթները
2. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
i
ա/ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզական աշխատանքների փուլերում և շահագործման ժամանակ դրանց արդյունաբերական գնահատման նյութերի քննարկումն ու համապատասխան կոնդիցիաների հաստատումը.
բ/ հանքավայրերի մանրազնին հետախուզման և վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի քննարկումը և այլ պաշարների հաստատումն ու վերահաստատումը.
գ/ արդյունաբերական նշանակությունը կորցրած, արդյունահանված, ինչպես նաև արդյունահանման ընթացքում կորսված կամ հանքավայրի հետագա երկրաբանահետախուզական և մշակման աշխատանքների ընթացքում չարդարացված օգտակար հանածոների պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի քննարկումն ու հաստատումը.
դ/ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների դասակարգման, տարբեր հանքատեսակների նկատմամբ այդ դասակարգման կիրառման հրահանգների մշակման աշխատանքների համակարգումն ու սահմանված կարգով նշված փաստաթղթերի հաստատումը.
ե/ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման մեթոդական ու հրահանգչական փաստաթղթերի մշակման աշխատանքների համակարգումը և նշված փաստաթղթերի հաստատումը.
զ/ Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանը նպաստելը.
է/ հանրապետության հանքահումքային հենքի վերաբերյալ տվյալների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքներին մասնակցելը.
ը/ օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների ու գործառույթների իրականացումը:
III. Հանձնաժողովի աշխատանքի կազմակերպումը
3. Հանձնաժողովի համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ամբողջությունը:
4. Հանձնաժողովն ընդերքի ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում` չխախտելով ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
5. Հանձնաժողովը, նախարարի համաձայնությամբ, իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:
6. Հանձնաժողովը`
ա/ ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների համար:
Գերատեսչական նորմատիվ ակտերի նախագծերը նախապես համաձայնեցվում են նախարարի հետ.
բ/ համաձայնեցնելով նախարարի հետ` մյուս գերատեսչությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ/ ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ընդերքի ոլորտում, առաջարկություններ մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք նախարարի միջոցով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
դ/ սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
ե/ իր ոլորտին վերաբերող հարցերով կնքում է միջգերատեսչական պայմանագրեր` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով նախարարի հետ.
զ/ նախարարի հաստատմանն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունները.
է/ իր արտաբյուջետային ֆոնդերն օգտագործում է նախարարի հետ համաձայնեցված նախահաշիվներին համապատասխան.
ը/ իր ոլորտի հեռանկարային զարգացման, ինչպես նաև իր գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցը նախապես համաձայնեցնում է նախարարի հետ.
թ/ իր ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ներկայացնում է նախարարին.
ժ/ իր կողմից իրականացվող փորձաքննություններին վճարովի հիմունքներով ներգրավում է այլ բարձրորակ մասնագետների /փորձագետների/.
ի/ իր կողմից փորձաքննվող աշխատանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով դիմում է համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին.
լ/ իր ոլորտում կազմակերպում է հետազոտությունների անցկացում, տեղեկատվության հավաքում, մշակում և տարածում, զարգացնում և համակարգում է համագործակցությունն այլ երկրների հետ.
խ/ իրականացնում է ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը.
ծ/ նախարարի համաձայնությամբ թույլատրում է համակարգի ձեռնարկություններին հիմնադրել դուստր ձեռնարկություններ և անդամակցել ձեռնարկությունների տնտեսական միավորումներին.
կ/ նախարարի համաձայնությամբ համակարգի ձեռնարկություններին և կազմակերպություններին թույլատրում է իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
7. Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին, առանձին:
8. Հանձնաժողովը իր ոլորտի կառավարման բոլոր հարցերը լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
9. Հանձնաժողովն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննարկում է`
ա) օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզական աշխատանքների փուլերում և շահագործման ժամանակ դրանց արդյունաբերական գնահատման նյութերը.
բ) հանքավայրերի մանրազնին հետախուզման և դրանց վերագնահատման արդյունքներով պաշարների հաշվարկման նյութերը.
գ) օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների դուրսգրման նյութերը.
դ) իր իրավասության սահմաններում օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և արդյունաբերական գնահատման հետ առնչվող մեթոդական, հրահանգչական ու նորմատիվային փաստաթղթերի նախագծերը.
ե) հանրապետության հանքահումքային հենքի պատրաստվածության առկա վիճակի և դրա հետագա զարգացման գնահատման հարցերը.
զ) հանձնաժողովի գործունեությանն առընչվող ընթացիկ և այլ հարցեր:
1Օ. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների ընդհանուր թվի 2/3-ը:
11. Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի ընդունած որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որն ստորագրում են նախագահը և հանձնաժողովի համապատասխան անդամը:
12. Եթե հանձնաժողովի առանձին անդամներ համաձայն չեն որոշման ընդունմանը, ապա նրանց հատուկ կարծիքները կցվում են նիստի արձանագրությանը: Եթե հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ն ունի կարծիք, ապա այդ մասին հայտնվում է նախարարին և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
13. Անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել հանձնաժողովի արտագնա նիստեր` անմիջականորեն հանքավայրերում և ձեռնարկություններում:
14. Հանձնաժողովին ներկայացվող նյութերի քննարկման տարեկան պլանը ձևավորվում է` հաշվի առնելով հանքավայրերի հետախուզական աշխատանքներով, արդյունաբերական գնահատմամբ և շահագործմամբ զբաղվող իրավաբանական ու ֆիզիկական անձանց հայտերը:
15. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում միայն ներկայացվող նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության ու արժանահավատության համար:
16. Հանձնաժողովը հանքավայրերի պաշարների հաշվարկման և արդյունաբերական գնահատման նյութերի անլիարժեքության ու անորակության դեպքում դրանք վերադարձնում է լրամշակման` տալով առաջարկություններ լրացուցիչ աշխատանքների կատարման և նշված թերությունների վերացման վերաբերյալ:
17. Հանձնաժողովը հանքավայրերի արդյունաբերական գնահատման նյութերի քննարկման արդյունքներով` տնտեսական աննպատակահարմարության կամ այլ հիմնավոր նկատառումներով առաջարկում է այդ օբյեկտներում դադարեցնել հետագա երկրաբանահետախուզական աշխատանքները:
18. Իր իրավասության սահմաններում հանձնաժողովի ընդունած որոշումները պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում երկրաբանահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ կատարող ձեռնարկությունների համար:
19. Հանձնաժողովը գլխավորում է նախագահը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
Հանձնաժողովի նախագահն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի ու հանձնաժողովի նախագահի հետ:
2Օ. Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նախագահի պարտականությունները կատարում է նրա տեղակալը:
21. Հանձնաժողովի նախագահը`
ա) պատասխանատվություն է կրում հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) կատարում է իր տեղակալի, հանձնաժողովի աշխատակիցների պարտականությունների բաշխումն ու սահմանում նրանց պատասխանատվության աստիճանը.
գ) նախարարի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի աշխատակիցների թվաքանակը և հանձնաժողովի անդամների անհատական կազմը.
դ) կազմակերպում ու վարում է հանձնաժողովի նիստերը.
ե) հաստատում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
զ) հաստատում է հանձնաժողովի նիստերում ընդունված մեթոդական, հրահանգչական և նորմատիվային փաստաթղթերը.
է) հաստատում է հանձնաժողովի փորձագետների անհատական կազմը և փորձագետների մասին կանոնադրությունը.
ը) հանձնաժողովի աշխատակիցներին գործուղում է ԱՊՀ անդամ պետություններից դուրս` համաձայնեցնելով նախարարի հետ.
թ) նախարարի հետ համաձայնեցնելով` ստեղծում, վերակազմավորում և լուծարում է ենթակա ձեռնարկությունները և կազմակերպությունները, հաստատում դրանց կանոնադրությունները, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում դրանց ղեկավարներին.
ժ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
22. Հանձնաժողովը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
հուլիսի 2-ի թիվ 381
որոշմամբ
Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
.___________.
| ՆԱԽԱԳԱՀ |
.___________.
|
.___________________________________________.
.___________. ._________________.
| ՆԱԽԱԳԱՀԻ | | ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ |
| ՏԵՂԱԿԱԼ | | ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ |
| | | ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱԺԻՆ |
.___________. ._________________.
| |
| |
.______________. ._________________.
|ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ| | ՕԳՏԱԿԱՐ |
| ԱՇԽԱՏԱԿԱԶՄ | | ՀԱՆԱԾՈՆԵՐԻ |
| | | ՊԱՇԱՐՆԵՐԻ ԲԱԺԻՆ |
.______________. ._________________.