(ուժը կորցրել է 26.07.07 թիվ 908-Ն որոշում)
i
040.0011.080102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2002 թվականի N 11
i
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի «Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 18 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թ.
հունվարի 8-ի N 11 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
2. Հանձնաժողովի գործունեության նպատակը բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին եզրակացություն տալն է:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
3. Հանձնաժողովն իրավունք ունի`
ա) մասնակցելու մարդկանց և շրջակա միջավայրի վրա բույսերի պաշտպանության միջոցների բացասական ազդեցության կանխման նախազգուշական միջոցառումների ծրագրերի մշակմանը.
բ) անհրաժեշտության դեպքում դիմելու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` փորձարկումների իրականացման աշխատանքների կատարելագործման կամ առանձին փորձերի դադարեցման մասին խնդրանքով.
գ) առնվազն տարեկան մեկ անգամ հանձնաժողովի անդամների և փորձագետների միջոցով ստուգելու գրանցման նպատակով բույսերի պաշտպանության փորձարկվող միջոցների լաբորատոր և դաշտային փորձարկումների իրականացման մեթոդական ճշտությունը և տվյալների արժանահավատությունը.
դ) սույն կանոնադրության դրույթներին համապատասխան, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելու առաջարկություն բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի կիրառման ընթացքում մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն գործած, բույսերի պաշտպանության ցածր արդյունավետ միջոցների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Հանձնաժողովը պարտավոր է`
ա) նորագույն գիտատեխնիկական ու արտադրական տեղեկությունների վերլուծության հիման վրա մշակել բույսերի պաշտպանության նոր միջոցների փորձարկման երկամյա ծրագրեր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնեցմանը.
բ) բույսերի պաշտպանության միջոցների փորձարկումներ իրականացնող իրավաբանական անձանցից պահանջել փորձարկումների արդյունքների մասին կիսամյակային և տարեկան տեղեկատվություն.
գ) յուրաքանչյուր տարվա վերջում, փորձարկումների մասին տվյալների հիման վրա, ընդունել որոշում բույսերի պաշտպանության միջոցների գրանցման վերաբերյալ եզրակացություն տալու մասին և այն` որոշումից քաղվածքի, եզրակացության ու տեղեկանքի հետ միասին, ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան տարեկան երկու անգամ:
Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
6. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել փորձագետների, որոնք ուսումնասիրում են փորձերի ընթացքն ու արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովին:
7. Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին հանձնաժողովի որոշումն ընդունվում է փորձարկումների մասին արժանահավատ տվյալների հիման վրա:
8. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
ա) նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան.
բ) հսկում է հաշվետվությունները ներկայացնելու գործընթացը.
գ) ստուգում է ստացված տվյալների ճշտությունը:
9. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը, կազմում արձանագրություն և լաբորատոր ու դաշտային փորձերի արդյունքների մասին ստացված հաշվետվությունները ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը: Քննարկման արդյունքների հիման վրա կազմվում է բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին եզրակացությունը, որը հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցած անդամների ստորագրությամբ, ներկայացվում է հանձնաժողովի նախագահին` ստորագրության:
6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
10. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: