Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՖԻԶ ...

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ.. 08.07.2005 թվականից)

 

ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

 ՃԱՆԱՉԵԼՈՎ բոլոր պետությունների` խաղաղ նպատակներով միջուկային էներգիա մշակելու ու կիրառելու իրավունքը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումից ստացվող հնարավոր օգուտի նկատմամբ նրանց օրինական շահերը,

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման համար միջազգային համագործակցության և միջուկային տեխնոլոգիաների փոխանակման անհրաժեշտության մեջ,

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ ֆիզիկական պաշտպանությունը կենսական նշանակություն ունի հանրության առողջության, անվտանգության, շրջակա միջավայրի պահպանման և ազգային ու միջազգային անվտանգության համար,

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության այն նպատակներն ու սկզբունքները, որոնք վերաբերում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը և պետությունների միջև բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների ու համագործակցության խթանմանը,

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ պարբերության դրույթների համաձայն` «Բոլոր անդամները պետք է իրենց միջազգային հարաբերություններում ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության սպառնալիքի, ուժի կամ այլ միջոցների կիրառումից, որոնք հակասում են ՄԱԿ-ի նպատակներին»,

ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ Գլխավոր ասամբլեայի` 1994 թվականի դեկտեմբերի 9-ի հմ. 49/60 բանաձևին կից` Միջազգային ահաբեկչության վերացման միջոցառումների մասին հռչակագիրը,

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ կասեցնել միջուկային նյութի անօրինական շրջանառության հետ կապված վտանգները, միջուկային նյութի անօրինական ձեռքբերումն ու օգտագործումը, միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների սաբոտաժը` հաշվի առնելով, որ նման գործողություններից ֆիզիկական պաշտպանությունը դարձել է ազգային ու միջազգային` աճող մտահոգության առարկա,

ԽՈՐԱՊԵՍ ՄՏԱՀՈԳՎԵԼՈՎ ահաբեկչության բոլոր ձևերի ու դրսևորումների համաշխարհային տարածումով և միջազգային ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության սպառնալիքներով,

ՎՍՏԱՀ ԼԻՆԵԼՈՎ, որ ֆիզիկական պաշտպանությունը կարևոր դեր է խաղում միջուկային զենքի չտարածման և հակաահաբեկչական նպատակներին աջակցելիս,

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ սույն Կոնվենցիայի միջոցով նպաստել խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության ամրապնդմանը ողջ աշխարհում,

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների հետ կապված իրավախախտումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, և որ հրատապ անհրաժեշտություն կա` ձեռնարկելու պատշաճ, արդյունավետ միջոցներ կամ ամրապնդելու առկա միջոցները` նման իրավախախտումների կանխումը, հայտնաբերումն ու պատժամիջոցների կիրառումն ապահովելու նպատակով,

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ամրապնդել միջազգային համագործակցությունը, կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետության ազգային օրենսդրությանը և սույն Կոնվենցիային համապատասխան, մշակել արդյունավետ միջոցներ` միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համար,

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ սույն Կոնվենցիան պետք է նպաստի միջուկային նյութերի անվտանգ օգտագործմանը, պահեստավորմանն ու փոխադրմանը և միջուկային տեղակայանքների անվտանգ շահագործմանը,

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ առկա են ֆիզիկական պաշտպանության միջազգայնորեն ձևավորված առաջարկություններ, որոնք ժամանակ առ ժամանակ նորացվում են ու կարող են ֆիզիկական պաշտպանության արդյունավետ մակարդակին հասնելու համար ժամանակակից կիրառվող միջոցների մասին ուղեցույց հանդիսանալ,

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ նաև, որ ռազմական նպատակներով օգտագործվող միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների արդյունավետ ֆիզիկական պաշտպանության համար պատասխանատու է այն պետությունը, որին պատկանում են տվյալ միջուկային նյութն ու միջուկային տեղակայանքները, և գիտակցելով, որ այդ նյութերի ու տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությունն ապահովվում է և կշարունակվի ապահովվել,

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ հետևյալի մասին.

(նախաբանը փոփ. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

ա) «միջուկային նյութ» նշանակում է պլուտոնիում, բացառությամբ պլուտոնիումի, որի իզոտոպների կոնցենտրացիան 80%-ով գերազանցում է պլուտոնիում-238-ը, ուրան-233-ը, ուրան, իզոտոպներով հարստացված ուրան-235-ը կամ ուրան-233-ը, իզոտոպների խառնուրդ պարունակող ուրան, որը բնության մեջ հանդիպում է հանքանյութերից կամ հանքանյութի մնացորդներից տարբերվող ձևով և ցանկացած նյութ, որը պարունակում է վերը նշված էլեմենտներից մեկը կամ ավելին,

բ) «իզոտոպներով հարստացված ուրան-235 կամ ուրան-233» նշանակում է ուրան, որը պարունակում է ուրան-235-ի կամ ուրան-233-ի իզոտոպներ կամ երկու իզոտոպներն էլ այնպիսի քանակությամբ, որ այդ իզոտոպների ավելցուկային գումարի տոկոսը, համեմատած ուրան-238-ի իզոտոպի, բարձր է, քան ուրան-235-ի իզոտոպի տոկոսը, համեմատած բնության մեջ հանդիպող ուրան-238-ի իզոտոպի հետ,

գ) «միջուկային նյութի միջազգային փոխադրում» նշանակում է միջուկային նյութի խմբաքանակի փոխադրում տրանսպորտի ցանկացած միջոցներով, որոնք ուղղվում են բեռի ծագման պետության տարածքից դուրս` սկսած այդ պետությունում ուղարկողի տեղակայանքից ուղարկելու պահից և վերջացրած վերջնական հասցեատեր պետությունում ստացողի տեղակայանք ժամանելու պահով,

դ) «միջուկային տեղակայանք» նշանակում է` տեղակայանք (ներառյալ հարակից շինություններն ու սարքավորումները), որտեղ արտադրվում, մշակվում, օգտագործվում, տնօրինվում, պահեստավորվում կամ թաղվում է միջուկային նյութը, և նման տեղակայանքին հասցված վնասը կամ միջամտությունը դրա աշխատանքում կարող է առաջացնել զգալի ճառագայթում կամ ռադիոակտիվ նյութերի արտանետում,

ե) «սաբոտաժ» նշանակում է` միջուկային տեղակայանքի կամ օգտագործվող, պահեստավորված կամ փոխադրվող միջուկային նյութի դեմ ուղղված ցանկացած կանխամտածված գործողություն, որը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն վտանգել անձնակազմի, հանրության առողջությունը կամ շրջակա միջավայրը ճառագայթահարման կամ ռադիոակտիվ նյութերի արտանետման միջոցով:

(1-ին հոդ. փոփ. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 1Ա

 

Սույն Կոնվենցիայի նպատակներն են` համաշխարհային մակարդակով ապահովել և պահպանել խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների արդյունավետ ֆիզիկական պաշտպանությունը, կանխել դրանց հետ կապված իրավախախտումները և պայքարել դրանց դեմ, ինչպես նաև կողմ հանդիսացող պետությունների միջև դյուրացնել այդ նպատակով համագործակցությունը:

(1Ա հոդ. լրաց. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 2

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է խաղաղ նպատակներով օգտագործվող, պահեստավորված և փոխադրվող միջուկային նյութի և խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային տեղակայանքների նկատմամբ` պայմանով, սակայն, որ սույն Կոնվենցիայի 3-րդ և 4-րդ հոդվածները և 5-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը կիրառվեն միայն այն միջուկային նյութի նկատմամբ, որը միջազգային փոխադրման ընթացքում է:

2. Կողմ հանդիսացող պետության սահմաններում ֆիզիկական պաշտպանության ռեժիմի սահմանման, իրականացման և պահպանման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է տվյալ պետությունը:

3. Կողմ հանդիսացող պետությունների` սույն Կոնվենցիայով հստակորեն ստանձնած պարտավորություններից բացի` Կոնվենցիայի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, որ ազդի պետության ինքնիշխան իրավունքների վրա:

4. ա) Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող ազդել կողմ հանդիսացող պետության` միջազգային իրավունքի, մասնավորապես` Միավորված ազգերի կանոնադրության նպատակների ու սկզբունքների և միջազգային հումանիտար իրավունքի համաձայն ստանձնած այլ իրավունքների, պարտավորությունների և պատասխանատվության վրա:

բ) Զինված հակամարտության ընթացքում զինված ուժերի գործողությունները, այնպես, ինչպես դրանք սահմանված են և կարգավորվում են միջազգային հումանիտար իրավունքով, չպետք է կարգավորվեն սույն Կոնվենցիայով, իսկ պետության զինված ուժերի կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների ընթացքում իրականացվող գործողությունները, այնքանով, որքանով դրանք կարգավորվում են միջազգային

իրավունքի այլ կանոններով, չպետք է կարգավորվեն սույն Կոնվենցիայով:

գ) Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքի դեմ ուղղված զինված ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի օրինական թույլտվություն:

դ) Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի թույլատրում կամ օրինականացնում անօրինական համարվող այլ գործողությունները և չի բացառում քրեական հետապնդումը այլ օրենքների շրջանակներում:

5. Սույն Կոնվենցիան չի կիրառվում ռազմական նպատակներով օգտագործվող կամ պահվող միջուկային նյութի նկատմամբ կամ այդպիսի նյութեր պարունակող միջուկային տեղակայանքների նկատմամբ:

(2-րդ հոդ. փոփ. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 2Ա

 

1. Կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետություն իր իրավասությունների շրջանակներում պետք է մշակի, ներդնի և պահպանի միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համապատասխան ռեժիմ` նպատակ ունենալով.

ա) պաշտպանելու օգտագործվող, պահեստավորված և փոխադրվող միջուկային նյութը գողությունից կամ դրան անօրինական այլ ձևերով տիրանալուց.

բ) ապահովելու արագ ու համապարփակ միջոցառումների իրականացում կորսված կամ գողացված միջուկային նյութի հայտնաբերման և, անհրաժեշտության դեպքում, վերականգնման համար: Եթե միջուկային նյութը գտնվում է պետության տարածքից դուրս, կողմ հանդիսացող տվյալ պետությունը պետք է գործի Կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան.

գ) պաշտպանելու միջուկային նյութերն ու միջուկային տեղակայանքները սաբոտաժից, և

դ) մեղմելու կամ նվազեցնելու սաբոտաժի հետևանքով առաջացած ճառագայթային հետևանքները:

2. 1-ին պարբերությունն իրականացնելիս կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետություն պետք է.

ա) ստեղծի ու պահի ֆիզիկական պաշտպանությունը կարգավորող իրավական և կարգավորող համակարգ.

բ) ստեղծի կամ նշանակի իրավասու մարմին կամ մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն իրավական և կարգավորող համակարգի ներդրման համար.

գ) ձեռնարկի միջուկային նյութի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համար անհրաժեշտ այլ միջոցներ:

3. 1-ին և 2-րդ պարբերություններում նշված դրույթները կատարելիս կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետություն, առանց ազդելու սույն Կոնվենցիայի մյուս դրույթների վրա և որքանով նպատակահարմար է ու իրագործելի, պետք է կիրառի միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ հետևյալ հիմնարար սկզբունքները.

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Ա. Պետության պատասխանատվությունը

Յուրաքանչյուր պետությունում ֆիզիկական պաշտպանության համապատասխան ռեժիմի հաստատման, իրականացման ու պահպանման համար ամբողջությամբ պատասխանատու է տվյալ պետությունը:

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Բ. Պատասխանատվությունը միջազգային փոխադրման ժամանակ

Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է փոխադրման ժամանակ միջուկային նյութի պատշաճ պաշտպանության համար, մինչև այդ պատասխանատվությունը սահմանված կարգով փոխանցվի մեկ այլ պետության:

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Գ. Իրավական և կարգավորող համակարգ

Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է ֆիզիկական պաշտպանության իրավական և կարգավորող համակարգ ստեղծելու ու պահելու համար: Այդ համակարգը պետք է ապահովի ֆիզիկական պաշտպանության կիրառելի պահանջների մշակումը և ներառի գնահատման ու լիցենզավորման համակարգ կամ թույլտվություն տրամադրելու համար նախատեսված այլ ընթացակարգեր: Այդ համակարգը պետք է ներառի միջուկային տեղակայանքների և փոխադրումների տեսչական ստուգումների անցկացման համակարգ` ստուգելու համար կիրառելի պահանջների և լիցենզիայի կամ թույլտվություն տրամադրող այլ փաստաթղթի պայմանների կատարումը, և միջոցներ ձեռք առնի` կիրառելի պահանջների ու պայմանների կատարումն ապահովելու համար` ներառյալ արդյունավետ պատժամիջոցների կիրառումը:

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Դ. Իրավասու մարմին

Պետությունը պետք է ստեղծի կամ նշանակի իրավասու մարմին, որը պատասխանատու կլինի իրավական և կարգավորման համակարգի ներդրման համար, և որին կտրամադրվեն ստանձնած պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ լիազորություններ, իրավասություն, ֆինանսական և մարդկային ռեսուրսներ: Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի` ապահովելու, որ պետության իրավասու մարմնի և միջուկային էներգիայի մշակմամբ կամ օգտագործմամբ զբաղվող ցանկացած այլ մարմնի գործառույթներն իրականացվեն միմյանցից անկախ:

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Ե. Լիցենզիա ունեցողների պատասխանատվությունը

Պետք է հստակ սահմանվի պետության ներսում ֆիզիկական պաշտպանության տարբեր տարրերի իրականացման համար պատասխանատվությունը: Պետությունը պետք է ապահովի, որ միջուկային նյութերի կամ միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության իրականացման առաջնային պատասխանատվությունը կրեն համապատասխան լիցենզիա կամ թույլտվություն տրամադրող այլ փաստաթղթեր ունեցող անձինք (օրինակ` շահագործողները կամ փոխադրողները):

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Զ. Անվտանգություն

Ֆիզիկական պաշտպանության իրականացման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունները պետք է առաջնահերթությունը տան անվտանգությանը, դրա ապահովմանն ու պահպանմանը, ինչն անհրաժեշտ է ամբողջ կազմակերպությունում արդյունավետ անվտանգություն ապահովելու համար:

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Է. Սպառնալիք

Պետության կողմից ֆիզիկական պաշտպանության հիմքում պետք է լինի սպառնալիքի ընթացիկ գնահատումը պետության կողմից:

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Ը. Աստիճանական մոտեցում

Ֆիզիկական պաշտպանության պահանջները պետք է հիմնված լինեն աստիճանական մոտեցման վրա` հաշվի առնելով սպառնալիքի ընթացիկ գնահատումը, նյութի նկատմամբ հարաբերական հետաքրքրությունը, նյութի բնույթը և միջուկային նյութի անօրինական տեղափոխման ու միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքների սաբոտաժի հետ կապված հնարավոր հետևանքները:

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Թ. Խոր պաշտպանություն

Ֆիզիկական պաշտպանության պետության պահանջները պետք է արտացոլեն պաշտպանության բազմաշերտ հայեցակարգը և պաշտպանության այնպիսի մեթոդներ (կառուցվածքային կամ տեխնիկական, անձնակազմի հետ կապված կամ կազմակերպական), որոնք պետք է հաղթահարվեն կամ շրջանցվեն հակառակորդի կողմից` իր նպատակներին հասնելու համար:

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ Ժ. Որակի ապահովում

Պետք է մշակվեն և ներդրվեն որակի ապահովման քաղաքականություն և որակի ապահովման ծրագրեր` հավաստիանալու համար, որ բավարարվել են ֆիզիկական պաշտպանության տեսակետից կարևոր բոլոր միջոցառումների նկատմամբ սահմանված պահանջները:

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ ԺԱ. Չնախատեսված իրավիճակների պլաններ

Լիցենզիա ունեցող անձինք և շահագրգիռ մյուս մարմինները պետք է մշակեն և պատշաճ կերպով փորձարկեն միջուկային նյութի անօրինական հեռացման կամ միջուկային տեղակայանքների կամ միջուկային նյութերի սաբոտաժի կամ սաբոտաժի փորձի հետ կապված` չնախատեսված (արտակարգ) իրավիճակների պլաններ:

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ ԺԲ. Գաղտնիությունը

Պետությունը պետք է սահմանի պահանջներ` պաշտպանելու համար այն տեղեկությունների գաղտնիությունը, որոնց անօրինական բացահայտումը կարող է վտանգել միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությունը:

4. ա) Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում միջուկային այն նյութի նկատմամբ, որը, կողմ հանդիսացող պետության ողջամիտ որոշման համաձայն, չպետք է գտնվի 1-ին պարբերությամբ սահմանված ֆիզիկական պաշտպանության ռեժիմի ներքո, հաշվի առնելով նյութի բնույթը, դրա քանակն ու հարաբերական հետաքրքրությունը դրա նկատմամբ և հնարավոր ճառագայթային ու այլ հետևանքները` կապված դրա դեմ ուղղված ցանկացած անօրինական գործողության հետ, ինչպես նաև` այդ միջուկային նյութի հետ կապված սպառնալիքի ընթացիկ գնահատումը:

բ) Այն միջուկային նյութը, որի նկատմամբ չեն կիրառվում սույն հոդվածի դրույթները, «ա» ենթակետի համաձայն` պետք է պաշտպանվի` կառավարման շրջահայաց գործելակերպին համապատասխան:

(2Ա հոդ. լրաց. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 3

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն իր ազգային օրենսդրության շրջանակներում, միջազգային իրավունքին համապատասխան, կիրառում է պատշաճ միջոցներ հնարավորինս ապահովելու այն, որ միջուկային նյութը միջազգային փոխադրման ժամանակ, որը գտնվում է իր տարածքի սահմաններում կամ իր իրավասության ներքո գտնվող նավում կամ ինքնաթիռում, եթե այդպիսի նավը կամ ինքնաթիռը մասնակցում է փոխադրմանը այդ պետություն կամ նրանից դուրս, պաշտպանվի Հավելված 1-ում նկարագրված մակարդակներին համապատասխան:

 

Հոդված 4

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն չի արտահանում կամ չի թույլատրում արտահանել միջուկային նյութ, եթե այդ մասնակից պետությունը չի ստացել երաշխիքներ այն բանի համար, որ այդպիսի նյութը միջազգային փոխադրման ժամանակ կլինի պաշտպանված, Հավելված 1-ում նկարագրված մակարդակով:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն չի ներմուծում կամ չի թույլատրում ներմուծել միջուկային նյութ որևէ այլ պետությունից, որը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, եթե մասնակից պետությունը չի ստացել երաշխիքներ այն մասին, որ այդպիսի նյութը միջազգային փոխադրման ժամանակ կլինի պաշտպանված, Հավելված 1-ում նկարագրված մակարդակով:

3. Մասնակից պետությունը թույլ չի տալիս միջուկային նյութի տարանցիկ փոխադրում իր տարածքով` ցամաքով կամ ներքին ջրային ուղիներով, կամ իր օդանավակայաններով, կամ նավահանգիստներով այն պետությունների միջև, որոնք չեն հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակիցներ, եթե այդ մասնակից պետությունը հնարավորության սահմաններում չի ստացել երաշխիքներ, որ այդպիսի նյութը միջազգային փոխադրման ժամանակ պաշտպանված կլինի Հավելված 1-ում նկարագրված մակարդակով:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր ազգային օրենսդրության շրջանակներում կիրառում է Հավելված 1-ում նկարագրված ֆիզիկական պաշտպանության մակարդակները միջուկային նյութի նկատմամբ, որի տեղափոխումը իրականացվում է միջազգային ջրերով կամ օդային տարածքով այդ պետության մի մասից նույն պետության մեկ ուրիշ մաս:

5. Մասնակից պետությունը, որը պատասխանատու է երաշխիքների ստացման համար այն բանում, որ միջուկային նյութը կլինի պաշտպանված Հավելված 1-ում նկարագրված մակարդակներով` վերոնշյալ 1-ից 3-րդ կետերին համապատասխան, որոշում և վաղօրոք տեղեկացնում է այն պետություններին, որոնց տարածքներով ենթադրվում է միջուկային նյութի տարանցիկ փոխադրումը` ցամաքով կամ ներքին ջրային ուղիներով, կամ, որոնց օդանավակայաններ կամ նավահանգիստներ է ենթադրվում մտնել միջուկային նյութով:

6. 1-ին կետում նշված երաշխիքների ստացման պատասխանատվությունը, փոխադարձ համաձայնության հիման վրա, կարող է հանձնվել այն մասնակից պետությանը, որը տեղափոխման ժամանակ հանդիսանում է ներմուծող պետություն:

7. Սույն հոդվածում ոչինչ չի մեկնաբանվում որպես որևէ կերպ պետության տարածքային ինքնիշխանության և իրավասության խախտում, ներառյալ ինքնիշխանությունը և իրավասությունը նրա օդային տարածքի և տարածքային ծովի նկատմամբ:

 

Հոդված 5

 

1. Կողմ հանդիսացող պետությունները պետք է նշանակեն Կոնվենցիայի հետ կապված հարցերով կապն ապահովող բաժին և միմյանց այդ մասին տեղեկացնեն ուղղակիորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցով:

2. Միջուկային նյութի գողության, կողոպուտի կամ դրա նկատմամբ որևէ այլ անօրինական գործողության դեպքում կամ դրա ակնհայտ սպառնալիքի դեպքում կողմ հանդիսացող պետությունները, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, պետք է միմյանց տրամադրեն հնարավոր առավելագույն աջակցություն և համագործակցեն` նման դիմում ներկայացրած պետությանը այդ նյութը վերադարձնելու և այն պաշտպանելու նպատակով: Մասնավորապես`

ա) կողմ հանդիսացող ցանկացած պետություն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի` հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնելու համար մյուս պետություններին միջուկային նյութի գողության, կողոպուտի կամ այլ անօրինական գործողության մասին կամ դրա ակնհայտ սպառնալիքի մասին և անհրաժեշտության դեպքում տեղեկացնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և համապատասխան միջազգային այլ կազմակերպություններին:

բ) Կողմ հանդիսացող ներգրավված պետություններն այդ ընթացքում պետք է տեղեկություններ փոխանակեն միմյանց, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և համապատասխան միջազգային այլ կազմակերպությունների հետ` վտանգված միջուկային նյութը պաշտպանելու, տեղափոխող բեռնարկղի ամբողջականությունն ստուգելու կամ միջուկային նյութի անօրինական շրջանառությունը կանխելու համար, և պետք է`

i) համակարգեն իրենց ջանքերը դիվանագիտական և համաձայնեցված այլ ուղիներով,

ii) անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն,

iii) ապահովեն վերը նշված դեպքերի հետևանքով գողացված կամ կորած միջուկային նյութի վերադարձը:

Այս համագործակցության իրականացման միջոցները պետք է սահմանվեն կողմ հանդիսացող ներգրավված պետությունների կողմից:

3. Միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքի դեմ իրական սաբոտաժի սպառնալիքի կամ նման գործողությունների դեպքում կողմ հանդիսացող պետությունները հնարավոր առավելագույն սահմաններում, իրենց ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է համագործակցեն հետևյալ կերպ.

ա) եթե կողմ հանդիսացող որևէ պետություն տեղյակ է մեկ այլ պետությունում միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքի նկատմամբ հնարավոր սաբոտաժի սպառնալիքի մասին, առաջին պետությունը պետք է որոշում կայացնի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում իրազեկի մյուս պետությանը, անհրաժեշտության դեպքում նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և համապատասխան միջազգային այլ կազմակերպություններին` սաբոտաժը կանխելու նպատակով.

բ) կողմ հանդիսացող պետության տարածքում միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքի սաբոտաժի դեպքում և դրա պատճառով մյուս պետություններում հնարավոր ճառագայթման հետևանքների դեպքում առաջին պետությունը, չխախտելով միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած իր մյուս պարտավորությունները, պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր` հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնելու համար ճառագայթային հնարավոր ազդեցության ենթակա պետությանը կամ պետություններին, անհրաժեշտության դեպքում` նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և համապատասխան միջազգային այլ կազմակերպություններին` ճառագայթման հետևանքները նվազեցնելու կամ մեղմացնելու նպատակով.

գ) եթե «ա» և «բ» ենթակետերի համատեքստում կողմ հանդիսացող պետությունը հայցում է աջակցություն, ապա կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետություն, որին ուղղված է աջակցության հայտը, պետք է անհապաղ որոշում կայացնի և ուղղակիորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցով տեղեկացնի հայցող պետությանը այն մասին, թե կարող է արդյոք ցուցաբերել տվյալ աջակցությունը, ինչպես նաև տեղեկացնի հնարավոր աջակցության ծավալի ու պայմանների մասին.

դ) «ա»-«գ» ենթակետերով սահմանված համագործակցության համակարգումը պետք է իրականացվի դիվանագիտական կամ համաձայնեցված այլ ուղիներով: Այս համագործակցության իրականացման միջոցները պետք է սահմանվեն երկկողմ կամ բազմակողմ համաձայնությամբ` կողմ հանդիսացող ներգրավված պետությունների կողմից:

4. Կողմ հանդիսացող պետությունները պետք է համագործակցեն և խորհրդակցեն միմյանց հետ ուղղակիորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և համապատասխան միջազգային այլ կազմակերպությունների միջոցով` միջազգային փոխադրման մեջ գտնվող միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության համակարգերի մշակման, պահպանման և բարելավման վերաբերյալ ցուցումներ ստանալու նպատակով:

5. Կողմ հանդիսացող պետությունը կարող է անհրաժեշտության դեպքում խորհրդակցել և համագործակցել կողմ հանդիսացող այլ պետությունների հետ ուղղակիորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և համապատասխան միջազգային այլ կազմակերպությունների միջոցով` պետության ներսում օգտագործվող, պահեստավորված կամ փոխադրվող միջուկային նյութի ու միջուկային տեղակայանքի ֆիզիկական պաշտպանության ազգային համակարգի մշակման, պահպանման և բարելավման վերաբերյալ ցուցումներ ստանալու նպատակով:

(5-րդ հոդ. փոփ. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 6

 

1. Կողմ հանդիսացող պետությունները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան պահպանելու համար ցանկացած տեղեկության գաղտնիությունը, որն ստացել են կողմ հանդիսացող մեկ այլ պետությունից` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն կամ սույն Կոնվենցիայի իրականացման համար կազմակերպված ցանկացած միջոցառման մասնակցելու արդյունքում: Եթե կողմ հանդիսացող պետությունները գաղտնի տեղեկություն են տրամադրում միջազգային կազմակերպություններին կամ այն պետություններին, որոնք սույն կոնվենցիայի կողմ չեն հանդիսանում, պետք է քայլեր ձեռնարկվեն` ապահովելու համար այդ տեղեկության գաղտնիությունը: Կողմ հանդիսացող այն պետությունը, որն ստացել է գաղտնի տեղեկություն կողմ հանդիսացող մեկ այլ պետությունից, կարող է այդ տեղեկությունը տրամադրել երրորդ կողմի միայն այդ պետության համաձայնությամբ:

2. Սույն Կոնվենցիայով կողմ հանդիսացող պետություններից չի պահանջվում տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնց տրամադրումը չի թույլատրվում ազգային օրենսդրությամբ, կամ որոնք կարող են վտանգել տվյալ պետության անվտանգությունը կամ միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությունը:

(6-րդ հոդ. փոփ. 08.07.2005 թվականից)

Հոդված 7

 

1. Հետևյալ գործողությունների նկատմամբ կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետություն պետք է կիրառի պատժամիջոցներ` իր ազգային օրենսդրությանը համապատասխան`

ա) առանց օրինական թույլտվության ցանկացած գործողություն, որը ենթադրում է միջուկային նյութի ստացումը, տնօրինումը, օգտագործումը, փոխադրումը, ձևափոխումը, պահեստավորումը կամ տարածումը, և որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել անձի մահվան կամ պատճառել ծանր վնասվածք կամ վնաս գույքին կամ շրջակա միջավայրին.

բ) միջուկային նյութի գողություն կամ կողոպուտ.

գ) միջուկային նյութի յուրացում կամ խարդախությամբ ձեռք բերելը.

դ) գործողություն, որը ենթադրում է պետության ներսում կամ դրանից դուրս, առանց օրինական թույլտվության, միջուկային նյութի ներմուծումը, ուղարկումը կամ տեղափոխումը.

ե) միջուկային տեղակայանքի դեմ ուղղված գործողություն կամ միջուկային տեղակայանքի շահագործմանը միջամտող գործողություն, եթե հանցագործը կանխամտածված կերպով պատճառում է կամ տեղյակ է, որ կպատճառի մահ կամ լուրջ վնասվածք անձանց կամ` էական վնաս գույքին կամ շրջակա միջավայրին ճառագայթման ազդեցությամբ կամ ռադիոակտիվ նյութերի արտանետմամբ, եթե այդ գործողությունը չի իրականացվում կողմ հանդիսացող այն պետության ազգային օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում տեղակայված է միջուկային տեղակայանքը.

զ) գործողություն, որը հանդիսանում է միջուկային նյութ տրամադրելու պահանջ` սպառնալիքով կամ ուժի գործադրմամբ կամ ահաբեկչական այլ գործողությունների միջոցով.

է) սպառնալիք`

i) օգտագործելու միջուկային նյութը որևէ անձի մահ կամ լուրջ վնասվածք պատճառելու, գույքին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար կամ «ե» ենթակետում նշված իրավախախտումը կատարելու համար, կամ

ii) կատարելու «բ» և «ե» ենթակետերում նկարագրված իրավախախտումը` հարկադրելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ միջազգային կազմակերպությանը կամ պետությանը կատարել որևէ գործողություն կամ խուսափել որևէ գործողություն կատարելուց.

ը) «ա»-«ե» ենթակետերում նկարագրված իրավախախտումները կատարելու փորձ.

թ) «ա»-«ը» ենթակետերում նկարագրված իրավախախտումներին մասնակցություն ենթադրող գործողություն.

ժ) որևէ անձի գործողություն, որը կազմակերպում կամ ուղղորդում է այլ անձանց` կատարելու «ա»-«ե» ենթակետերում նկարագրված իրավախախտումները, և

ժա) գործողություն, որը նպաստում է «ա»-«ե» ենթակետերում նշված որևէ իրավախախտման կատարմանը անձանց խմբի կողմից, որոնք գործում են` հետապնդելով ընդհանուր նպատակ. այդպիսի գործողությունը պետք է լինի կանխամտածված կամ պետք է`

i) կատարվի խմբի հանցավոր գործունեությունը կամ հանցավոր մտադրությունը խթանելու նպատակով, եթե այդպիսի գործունեությունը կամ մտադրությունը ներառում է «ա»-«է» ենթակետերում նկարագրված իրավախախտման կատարում, կամ

ii) կատարվի` տեղյակ լինելով «ա»-«է» ենթակետերում նկարագրված իրավախախտումը կատարելու խմբի մտադրության մասին:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն, հաշվի առնելով իրավախախտման վտանգավորությունը, ընդունում է համապատասխան պատժիչ միջոցներ, սույն հոդվածում թվարկված իրավախախտումների կատարման համար:

(7-րդ հոդ. փոփ. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 8

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն 7-րդ հոդվածում նշված իրավախախտումների նկատմամբ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր իրավասության հաստատման համար, հետևյալ դեպքերում.

ա) երբ իրավախախտումը կատարվել է այդ պետության տարածքում կամ այդ պետությունում գրանցված նավի վրա կամ ինքնաթիռում,

բ) երբ ենթադրվող իրավախախտը հանդիսանում է այդ պետության քաղաքացի:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է նաև այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ իրավախախտումների վրա իր իրավասության տարածման համար, այն դեպքերում, երբ ենթադրվող իրավախախտը գտնվում է իր տարածքում և այդ պետությունը, համաձայն 11-րդ հոդվածի, չի հանձնում նրան 1-ին կետում հիշատակված պետություններից ոչ մեկին:

3. Սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավասություն, որը իրականացվում է ազգային օրենսդրությանը համապատասխան:

4. Բացի 1-ին և 2-րդ կետերում հիշատակված մասնակից պետություններից, յուրաքանչյուր մասնակից պետություն, միջազգային իրավունքին համապատասխան, կարող է հաստատել իր իրավասությունը 7-րդ հոդվածում նշված իրավախախտումների նկատմամբ, երբ նա միջուկային նյութի փոխադրման ժամանակ հանդես է գալիս որպես արտահանող կամ ներմուծող պետություն:

 

Հոդված 9

 

Մասնակից պետությունը, որի տարածքում է գտնվում ենթադրվող իրավախախտը, հավաստիանալով բավարար հիմքերի առկայության մեջ, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է պատշաճ միջոցներ, ներառյալ կալանավորումը` ապահովելու համար նրա դատարան ներկայանալը կամ ապահովելու նրա հանձնումը: Պետությունը, որից, համաձայն 8-րդ հոդվածի, պահանջվում է հաստատել իրավասություն և, երբ դա անհրաժեշտ է, մյուս բոլոր շահագրգիռ պետությունները ևս, անմիջապես տեղեկացվում են սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցառումների մասին:

 

Հոդված 10

 

Մասնակից պետությունը, որի տարածքում է գտնվում ենթադրվող իրավախախտը, եթե չի հանձնում նրան, ապա առանց որևէ բացառության և չարդարացված հետաձգման, գործը հանձնում է իր իրավասու մարմիններին, այդ պետության օրենսդրության համաձայն, դատական քննության միջոցով քրեական հետապնդումն ապահովելու նպատակով:

 

Հոդված 11

 

1. 7-րդ հոդվածում թվարկված իրավախախտումները դիտվում են որպես իրավախախտների հանձնման հետ կապված իրավախախտումներ, որոնք ներառված են մասնակից պետությունների միջև գոյություն ունեցող հանձնման մասին ցանկացած համաձայնագրում: Մասնակից պետությունը պարտավորվում է ներառել այդ իրավախախտումները, որպես հանձնման հետ կապված իրավախախտումներ, հանձնման վերաբերյալ բոլոր հետագա համաձայնության մեջ, որոնք կկնքվեն նրանց միջև:

2. Եթե մասնակից պետությունը, որը պայմանավորում է իրավախախտի հանձնումը այդպիսի համաձայնագրի գոյությամբ, ստանում է հանձնման մասին պահանջ այլ մասնակից պետությունից, որի հետ նա չունի հանձնման մասին համաձայնագիր, ցանկության դեպքում, կապված այդպիսի խախտումների հետ, կարող է դիտել սույն Կոնվենցիան որպես հանձնման համար իրավական հիմք: Հանձնման վրա տարածվում են պահանջ ստացած պետության օրենսդրությամբ նախատեսված այլ դրույթներ:

3. Մասնակից պետությունները, որոնք չեն պայմանավորում իրավախախտի հանձնումը համաձայնագրի գոյությամբ, միմյանց միջև ճանաչում են հիշատակված իրավախախտումները, որպես հանձնման հետ կապված իրավախախտումներ, որոնք համընկնում են պահանջ ստացած պետության օրենսդրությամբ նախատեսված դրույթների հետ:

4. Իրավախախտումներից յուրաքանչյուրը, կապված մասնակից պետությունների միջև հանձնման իրականացման հետ, դիտվում է որպես իրավախախտում կատարված ոչ միայն այն վայրում, որտեղ այն տեղի է ունեցել, այլ նաև մասնակից պետությունների տարածքում, որոնցից պահանջվում է կիրառել իրենց իրավասությունները, 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

 

Հոդված 11Ա

 

7-րդ հոդվածում նշված իրավախախտումներից ոչ մեկը չպետք է դիտարկվի անձի հանձնման կամ փոխադարձ իրավական աջակցության նպատակների համար` որպես քաղաքական հանցագործություն կամ որպես քաղաքական հանցագործության հետ կապված իրավախախտում կամ որպես քաղաքական նկատառումներով կատարված իրավախախտում: Հետևաբար նման իրավախախտման հիմքով անձի հանձնման կամ փոխադարձ իրավական աջակցության դիմումը կարող են չմերժել միայն այն հիմնավորմամբ, որ այն վերաբերում է քաղաքական հանցագործության կամ քաղաքական հանցագործության հետ կապված իրավախախտման կամ քաղաքական նկատառումներով կատարված իրավախախտման:

(11Ա հոդ. լրաց. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 11Բ

 

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես անձի հանձնման կամ փոխադարձ իրավական աջակցություն ցուցաբերելու պարտավորության հարկադրում, եթե կողմ հանդիսացող հայցող պետությունը լուրջ հիմքեր ունի կարծելու, որ 7-րդ հոդվածում նշված իրավախախտում կատարած անձին հանձնելու կամ դրա հետ կապված իրավական աջակցության դիմումը ներկայացվել է` անձին մեղադրելու կամ պատժելու նպատակով` ռասայական, կրոնական, ազգության, էթնիկական ծագման կամ քաղաքական հայացքների հիմքերով, կամ` որ այդ դիմումի բավարարումը կարող է վնասել այդ անձին` թվարկված այս հիմքերից որևէ մեկի պատճառով:

(11Բ հոդ. լրաց. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 12

 

Յուրաքանչյուր անձի, որի նկատմամբ իրականացվում է դատական քննություն, կապված 7-րդ հոդվածում նշված ցանկացած իրավախախտման հետ, դատական քննության բոլոր փուլերում երաշխավորվում է արդարացի վերաբերմունք:

 

Հոդված 13

 

1. Մասնակից պետությունները միմյանց ցուցաբերում են առավելագույն աջակցություն, կապված 7-րդ հոդվածում նշված իրավախախտումների նկատմամբ քրեական դատաքննության հետ, ներառյալ այդպիսի դատաքննության համար անհրաժեշտ իրենց տնօրինության տակ գտնվող ապացույցների տրամադրումը: Այդ բոլոր դեպքերում կիրառվում է աջակցելու խնդրանք ստացած պետության օրենսդրությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն խախտում երկկողմ կամ բազմակողմ ցանկացած այլ պայմանագրից բխող պարտավորությունները, որը ամբողջությամբ կամ մասնակի կարգավորում է կամ պետք է կարգավորի փոխադարձ օգնությունը` կապված քրեական գործերի քննության հետ:

 

Հոդված 13Ա

 

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է ազդի խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների փոխանցման վրա, որն իրականացվում է միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության ուժեղացման նպատակով:

(13Ա հոդ. լրաց. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 14

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն տեղեկացնում է ավանդապահին սույն Կոնվենցիայի կենսագործմանը վերաբերող իր օրենքների և որոշումների մասին: Ավանդապահը այդպիսի տեղեկությունները պարբերաբար ուղարկում է սույն Կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին:

2. Մասնակից պետությունը, որում, ընդդեմ ենթադրվող իրավախախտի, սկսված է քրեական հետապնդում, հնարավորության սահմաններում, առաջին հերթին տեղեկացնում է անմիջականորեն շահագրգիռ պետություններին դատական քննության վերջնական արդյունքի մասին: Մասնակից պետությունը վերջնական որոշման մասին տեղեկացնում է նաև ավանդապահին, որը տեղեկացնում է բոլոր մասնակից պետություններին:

3. Եթե իրավախախտումը կապված է պետության ներսում միջուկային նյութի օգտագործման, պահեստավորման կամ փոխադրման հետ, և ենթադրվող հանցագործն ու միջուկային նյութը մնում են կողմ հանդիսացող այն պետության տարածքում, որտեղ կատարվել է իրավախախտումը, կամ եթե իրավախախտումը կապված է միջուկային տեղակայանքի հետ, և ենթադրվող հանցագործը մնում է կողմ հանդիսացող այն պետության տարածքում, որտեղ կատարվել է իրավախախտումը, սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես կողմ հանդիսացող տվյալ պետությանն ուղղված պահանջ` տրամադրել տեղեկատվություն այդ իրավախախտումից բխող քրեական գործընթացների վերաբերյալ:

(14-րդ հոդ. փոփ. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 15

 

Հավելվածները հանդիսանում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը:

 

Հոդված 16

 

1. 2005թ. հուլիսի 8-ին ընդունված Փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հինգ տարի հետո ավանդապահը պետք է հրավիրի Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների խորհրդաժողով` դիտարկելու համար սույն Կոնվենցիայի իրականացումը և դրա նախաբանի, գործառնական հիմնական մասի և հավելվածների համապատասխանությունը տվյալ պահին առկա իրավիճակին:

2. Այնուհետև ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ, կողմ հանդիսացող պետությունների մեծամասնությունը կարող է ստանալ նույն նպատակով խորհրդաժողով հրավիրելու հնարավորություն` ավանդապահին համապատասխան առաջարկություն ներկայացնելով:

(16-րդ հոդ. փոփ. 08.07.2005 թվականից)

 

Հոդված 17

 

1. Երկու կամ ավելի մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճի առկայության դեպքում այդպիսի մասնակից պետությունները անց են կացնում համատեղ խորհրդակցություններ` վեճը բանակցությունների կամ վեճի բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած այլ խաղաղ միջոցներով կարգավորելու նպատակով:

2. Նմանատիպ բնույթի ցանկացած վեճ, որը չի կարող կարգավորվել 1-ին կետում նշված միջոցներով, վեճին մասնակցող ցանկացած կողմի խնդրանքով, փոխանցվում է արբիտրաժ կամ ուղարկվում է Միջազգային դատարան` որոշում կայացնելու համար: Վեճը արբիտրաժ փոխանցելու դեպքում, եթե խնդրանքի ստացման պահից վեց ամսվա ընթացքում վիճող կողմերը չեն կարողանում գալ համաձայնության` կապված արբիտրաժային քննության կազմակերպման հետ, կողմերից մեկը կարող է խնդրել Միջազգային դատարանի նախագահին կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին նշանակելու մեկ կամ ավելի արբիտրներ: Վեճին մասնակցող կողմերի իրար հակասող խնդրանքների դեպքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին դիմելը ունի առավելություն:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, նրան հավանության արժանացնելու կամ միանալու ժամանակ կարող է հայտարարել այն մասին, որ նա չի համարում իրեն կապված 2-րդ կետում նախատեսված վեճի կարգավորման մեկ կամ երկու ընթացակարգերով: Մյուս մասնակից պետությունները չեն հանդիսանում 2-րդ կետում նախատեսված վեճը կարգավորող որևէ ընթացակարգով կապված այն բանում, ինչը վերաբերում է այդ ընթացակարգի նկատմամբ վերապահում կատարած մասնակից պետությանը:

4. Ցանկացած մասնակից պետություն, որը 3-րդ կետին համապատասխան կատարել է վերապահում, կարող է ցանկացած ժամանակ հանել այդ վերապահումը` ավանդապահին այդ մասին ծանուցելու միջոցով:

 

Հոդված 18

 

1. Սույն Կոնվենցիան, մինչև նրա ուժի մեջ մտնելը, բոլոր պետությունների կողմից ստորագրման համար բաց կլինի 1980 թվականի մարտի 3-ից, Վիեննայում` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնական հաստատություններում և Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու այն ստորագրած պետությունների կողմից:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, նրան միանալու համար, բաց կլինի բոլոր պետությունների համար:

4. ա) Սույն Կոնվենցիան բացվում է ստորագրման ինտեգրացիայի կամ այլ բնույթի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների համար կամ այդ կազմակերպությունները նրան միանալու համար` այն պայմանով, որ ցանկացած այդպիսի կազմակերպություն բաղկացած լինի ինքնիշխան պետություններից և ունենա իրավասություններ սույն Կոնվենցիայում ընդգրկված հարցերով բանակցությունների վարման, միջազգային համաձայնագրերի կնքման և կիրառման ոլորտում:

բ) Իրենց իրավասության մեջ մտնող հարցերում այդպիսի կազմակերպությունները իրենց անունից իրականացնում են իրավունքներ և կատարում պարտականություններ, որոնցով սույն Կոնվենցիան օժտում է մասնակից պետություններին:

գ) Դառնալով սույն Կոնվենցիայի մասնակից, այդպիսի կազմակերպությունը ավանդապահին ուղարկում է հայտարարություն, որտեղ նշվում է, թե որ պետություններն են հանդիսանում նրա անդամները և սույն Կոնվենցիայի որ հոդվածներն են, որ չեն կիրառվում նրա նկատմամբ:

դ) Այդպիսի կազմակերպությունը չի տնօրինում որևէ այլ ձայն` ի լրումն իր անդամ պետությունների ձայների:

5. Վավերացման, ընդունման, հավանության արժանացնելու կամ միացման փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:

 

Հոդված 19

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու մասին քսանմեկերորդ փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից հետո` երեսուներորդ օրը:

2. Սույն Կոնվենցիան վավերացնող, ընդունող, հավանության արժանացնող յուրաքանչյուր պետության համար կամ վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու մասին քսանմեկերորդ փաստաթղթի հանձնումից հետո նրան միացող պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդպիսի պետության կողմից վավերացման, ընդունման, հավանության արժանացնելու կամ միացման մասին իր փաստաթղթի հանձնման օրվանից հետո` երեսուներորդ օրը:

 

Հոդված 20

 

1. Առանց 16-րդ հոդվածը խախտելու մասնակից պետությունը կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում: Առաջարկված փոփոխությունը ուղարկվում է ավանդապահին, որը անմիջապես այն ուղարկում է բոլոր մասնակից պետություններին: Եթե մասնակից պետությունների մեծամասնությունը առաջարկված փոփոխությունները քննարկելու համար ավանդապահից պահանջում է խորհրդաժողովի գումարում, ապա ավանդապահը հրավիրում է բոլոր մասնակից պետություններին այդ խորհրդաժողովին, որը բացվում է ոչ շուտ, քան հրավերների ուղարկումից հետո երեսուն օր անց: Ցանկացած փոփոխություն, որը խորհրդաժողովում ընդունվել է մասնակից պետությունների երկու երրորդ ձայների մեծամասնությամբ, ավանդապահի կողմից անհապաղ ուղարկվում է բոլոր մասնակից պետություններին:

2. Յուրաքանչյուր մասնակից պետության համար, որը ի պահ է հանձնել փաստաթուղթը` փոփոխությունը վավերացնելու, ընդունելու կամ հավանության արժանացնելու մասին, փոփոխությունը ուժի մեջ է մտնում մասնակից պետությունների երկու երրորդի կողմից վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու մասին իրենց փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու պահից հետո` երեսուներորդ օրը: Դրանից հետո փոփոխությունը ուժի մեջ է մտնում ցանկացած այլ մասնակից պետության համար, այդ պետության կողմից փոփոխության վավերացման, ընդունման կամ հավանության արժանացնելու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելու օրը:

 

Հոդված 21

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել` ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:

2. Չեղյալ հայտարարելը ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցման ստացման օրվանից 180 օր հետո:

 

Հոդված 22

 

Ավանդապահն անհապաղ տեղեկացնում է բոլոր պետություններին.

ա) սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր ստորագրման մասին,

բ) վավերացման, ընդունման, հավանության արժանացնելու կամ միացման մասին յուրաքանչյուր փաստաթուղթը ի պահ հանձնելու մասին,

գ) 17-րդ հոդվածի համապատասխան, յուրաքանչյուր վերապահման կամ այդպիսի վերապահման վերացման մասին,

դ) ցանկացած կազմակերպության կողմից ուղարկված ցանկացած հայտարարության մասին, 18-րդ հոդվածի 4 «գ» կետին համապատասխան,

ե) սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու մասին,

զ) սույն Կոնվենցիայի ցանկացած փոփոխությունը ուժի մեջ մտնելու մասին,

է) ցանկացած չեղյալ հայտարարելու մասին, 21-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 23

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրենին, որը ուղարկում է նրա վավերացված պատճենները բոլոր պետություններին:

Ի վկայություն որի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը բաց է ստորագրման համար Վիեննայում և Նյու Յորքում 1980 թվականի մարտի 3-ից:

 

Կատարված է Վիեննա քաղաքում 1979 թվականի հոկտեմբերի 26-ին:

 

Հավելված 1
Միջուկային նյութի միջազգային
փոխադրման ժամանակ կիրառվող
ֆիզիկական պաշտպանության
մակարդակները` դասակարգված
2-րդ Հավելվածում

 

1. Պահպանության ընթացքում միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մակարդակները, կապված միջուկային նյութի միջազգային փոխադրման հետ, ներառում են`

ա) 3-րդ կարգի նյութերի համար-պահպանումը գոտու սահմաններում, որտեղ մուտքը հսկվում է,

բ) 2-րդ կարգի նյութերի համար-պահպանումը գոտու սահմաններում, որը գտնվում է պահակային ծառայության կամ էլեկտրոնային սարքավորումների մշտական հսկողության տակ, շրջապատված է սահմանափակ մուտքի կետեր ունեցող ֆիզիկական արգելափակոցով` համապատասխան վերահսկման առկայությամբ, կամ պահպանումը ցանկացած գոտու սահմաններում ֆիզիկական պաշտպանության նմանատիպ մակարդակով:

գ) 1-ին կարգի նյութերի համար-պահպանումը պաշտպանված գոտու սահմաններում, ինչպես դա սահմանված է 2-րդ կարգի նյութերի համար, որտեղ մուտքը թույլատրված է միայն այն անձանց, ում վստահությունը հաստատված է և որը գտնվում է պատասխան գործողություններին պատրաստ համապատասխան ուժերի հետ մշտական սերտ կապի մեջ գտնվող պահակային ծառայության հսկողության տակ: Այսպիսի դեպքերում կիրառվող կոնկրետ միջոցառումների նպատակը հանդիսանում է ցանկացած հարձակման, չթույլատրվող ներթափանցման կամ նյութի չթույլատրված դուրս բերման դեպքերի հայտնաբերումը և կանխարգելումը:

2. Միջազգային փոխադրման ժամանակ միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մակարդակները ներառում են.

ա) 2-րդ և 3-րդ կարգերի նյութերի համար-փոխադրումը իրականացվում է անվտանգության հատուկ միջոցների պահպանմամբ, ներառյալ նախնական պայմանավորվածությունը ուղարկողի, ստացողի և փոխադրողի միջև, և նախնական համաձայնությունը արտահանող և ներմուծող պետությունների իրավական ակտերով ղեկավարվող և նրանց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև, որը փոխադրման ընթացքում պատասխանատվության հանձնման համար սահմանում է ժամանակը, վայրը և ընթացակարգերը,

բ) 1-ին կարգի նյութերի համար-փոխադրումը իրականացվում է անվտանգության հատուկ միջոցների պահպանմամբ, ինչպես դա սահմանված է 2-րդ և 3-րդ կարգերի նյութերի փոխադրման համար և, բացի այդ, պահակային ծառայության մշտական հսկողության տակ և այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են սերտ կապ պատասխան գործողություններին պատրաստ համապատասխան ուժերի հետ,

գ) բնական ուրանի, որն իր ձևով տարբեր է հանքանյութերի կամ հանքանյութերի մնացորդների ձևից, 500 կիլոգրամը գերազանցող քանակության փոխադրման պաշտպանությունը ներառում է փոխադրման մասին նախնական տեղեկացումը, որում նշվում է տրանսպորտային միջոցի տեսակը, ժամանման ենթադրվող ժամանակը և բեռի ստացման հաստատումը:

 

Հավելված 2

 

Աղյուսակ

Միջուկային նյութի դասակարգումը

 

Նյութ Ձև Կարգեր
 1   2   3c/
1. Պլուտո-
նիումa/
Չճառագայթվածb/ 2 կգ կամ ավելի 2 կգ քիչ, բայց 500գ-ից ավելի 500գ կամ քիչ, բայց 15գ-ից ավելի
2. Ուրան -235 Չճառագայթվածb/ -ուրան, հարստացված 20% կամ ավելի ուրան-235 իզոտոպով- ուրան, հարստացված 10-20 % ուրան-235-ի իզոտոպով- ուրան, բնականից բարձր հարստացումով, բայց ուրան-235-ի իզոտոպի 10% -ից պակաս պարունակությունով 5 կգ կամ ավելի 5կգ-ից քիչ, բայց 1կգ-ից ավելի10կգ կամ ավելի 1կգ կամ քիչ, բայց 15գ-ից ավելի10կգ-ից քիչ, բայց 1կգ-ից ավելի10կգ կամ ավելի
3. Ուրան-233 Չճառագայթվածb/  2կգ կամ ավելի 2կգ-ից քիչ, բայց 500գ-ից ավելի 500գ կամ քիչ, բայց 15գ-ից ավելի
4. Ճառա-
գայթված
վառելիք
    Միացյալ կամ բնական ուրան, թորիում կամ թույլ հարստացված վառելիք (բաժանվող իզոտոպների 10% քիչ պարունակությամբ) «դ» «ե»  

 

ա) Պլուտոնիումի քաշը, բացառությամբ պլուտոնիումի, որի իզոտոպային կոնցենտրացիան 80%-ով գերազանցում է պլուտոնիում-238-ը:

բ) Ռեակտորում գտնվող չճառագայթված նյութ կամ ռեակտորում գտնվող ճառագայթված նյութ, որի ճառագայթման մակարդակը, սակայն, հավասար է կամ ցածր է 1 գրեյ/ժամից (100 ռադ/ժամ)` մեկ մետր հեռավորության վրա` առանց պաշտպանության:

գ) 3-րդ կարգին չհամընկնող քանակությունը և բնական ուրանը անհրաժեշտ է պաշտպանել, ելնելով գործնական նպատակահարմարությունից:

դ) Չնայած խորհուրդ է տրվում պաշտպանության տվյալ մակարդակը, պետությունները, ելնելով կոնկրետ հանգամանքների գնահատումից, կարող են սահմանել ֆիզիկական պաշտպանության այլ կարգեր:

ե) Այլ վառելիք, որը բնական տրոհվող նյութ պարունակելու պատճառով դասակարգվել է որպես I և II կատեգորիա, որի դասակարգման մակարդակը նախքան ճառագայթելը կարող է մեկ մակարդակով իջնել, եթե վառելիքի ճառագայթման մակարդակը գերազանցում է 1 գրեյ/ժամը (100 ռադ/ժամ) մեկ մետր հեռավորության վրա` առանց պաշտպանության:

(2-րդ հավելվածը փոփ. 08.07.2005 թվականից)

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 23-ից:

 

 

pin
26.10.1979
Կոնվենցիա