ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 14-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 249-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությունը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Գրավառուն կարող է իրացնել գրավի առարկան մինչև սույն պարբերությամբ նախատեսված երկու ամիսը լրանալը, եթե պարտապանը և գրավատուն (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) բռնագանձման ծանուցումն ստանալուց հետո սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավոր համաձայնություն են տվել գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ: Մինչև բռնագանձման ծանուցում ստանալը գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ տրված համաձայնությունն առ ոչինչ է:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 251-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «տրվում է գրավատուին» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 243.1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այլ կարգ նախատեսված չէ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով.
«7. Քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) կամ նրա նշած անձին ի սեփականություն անցնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, գրավառուն պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, ապա գրավի առարկայի ի սեփականություն ընդունելու օրվա և գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, իսկ պարտավորությունը լրիվ չմարվելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:
8. Գրավի առարկայի իրացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, գրավառուն պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, գրավի առարկայի իրացման օրվա և գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, ինչպես նաև առկայության դեպքում` գրավատուին վերադարձման ենթակա գումարի չափի, իսկ պարտավորությունը լրիվ մարված չլինելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:
9. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում պարտքի մնացորդի նկատմամբ տուժանք և սույն օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ չեն հաշվարկվում մինչև խախտման վերացումը:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 372-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 372. Տուժանքի առավելագույն չափը և այն պակասեցնելը
1. Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանը խախտող համաձայնությունն առ ոչինչ է:
3. Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, և`
1) պարտապանը, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու, կամ
2) մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում, կամ
3) պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:
4. Դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից տուժանքը պակասեցնելու դեպքում պարտատերը պարտապանի դիմումի հիման վրա դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու պահից կատարում է վերահաշվարկ, իսկ տուժանքը վճարված լինելու դեպքում պարտապանին վերադարձնում է վճարված տուժանքի պակասեցված չափին համապատասխան գումար:»:
i
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 372.1-ին հոդվածով.
«Հոդված 372.1. Տուժանքի վճարման պարտավորության դադարումը
1. Պարտավորության խախտման օրվանից եռամսյա ժամկետում գրավառուի կողմից սահմանված կարգով պարտքի բռնագանձման, այդ թվում` արտադատական կարգով, գործընթացը չսկսելու դեպքում եռամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչև պարտքի բռնագանձման գործընթացն սկսելու օրը:
2. Գրավառուի կողմից առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման ծանուցումը հանձնելու օրվանից սույն օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված երկամսյա ժամկետը լրանալուց, իսկ այդ ժամկետում պարտապանի և գրավատուի կողմից (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ գրավոր համաձայնություն տալու դեպքում համաձայնությունը սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավառուին հանձնելուց հետո` երկամսյա ժամկետում, գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն չանցնելու, ուղղակի վաճառքով չիրացվելու, իսկ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելիս, առաջին աճուրդը չանցկացվելու դեպքում երկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչև գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն անցնելը, ուղղակի վաճառքով իրացվելը կամ առաջին աճուրդն անցկացվելը:
3. Գրավառուի և գրավատուի, ինչպես նաև պարտապանի միջև, եթե գրավատուն պարտապանը չէ, պարտավորության խախտումից հետո կարող է կնքվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետում բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնություն: Այն դեպքում, երբ պարտավորությանը մասնակցում է մի քանի պարտապան, կամ պարտավորությունն ապահովված է նաև այլ գրավի առարկայով, երկարաձգված ժամանակահատվածի համար հաշվարկվող տուժանքների համար անձը պատասխանատվություն չի կրում, եթե չի տվել բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնություն:
4. Բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված, ինչպես նաև գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությամբ նախատեսված ժամկետների ընթացքը կասեցվում է գրավի առարկայի վրա դրա իրացմանը խոչընդոտող արգելանք դրվելու կամ այլ սահմանափակում կիրառվելու, դատական ակտով գրավառուին սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործողությունների կատարումն արգելվելու կամ արտադատական կարգով գրավի առարկայի իրացմանը խոչընդոտող այլ հանգամանքների առկայության դեպքում` մինչև այդ խոչընդոտների վերացումը: Խոչընդոտների տևողության ժամանակահատվածում տուժանքը շարունակում է հաշվարկվել:
6. Սույն հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված պայմանների խախտմամբ կնքված տուժանքի վճարման վերաբերյալ համաձայնությունն առ ոչինչ է:»:
i
Հոդված 5. Օրենսգրքի 411-րդ հոդվածը 1-ին կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պայմանագրով նախատեսված տոկոսի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:»:
Հոդված 6. Անցումային և եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի վրա:
3. Սույն օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի կողմից պարտատիրոջ հանդեպ ունեցած պարտավորության առաջին խախտումից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-319-Ն
|