Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

25.12.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.11.2000  -ից մինչեւ   25.12.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 24.11.06 թիվ 20-Ն որոշում)

i

120.0010.101000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 2000 թվականի N 10

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի զ) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի աշխատակարգը (կցվում է):

 

Հաստատված է`

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2000 թ. օգոստոսի 15-ի թիվ 10 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. ՀՀ վիճակագրության պետական խորհրդի (հետայսու` Խորհուրդ), որպես ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (հետայսու` Ծառայություն) և նրա ստորաբաժանումների կառավարման բարձրագույն մարմնի, գործունեությունը կարգավորվում է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությամբ և սույն աշխատակարգով:

1.2. Աշխատակարգը սահմանում է`

- Խորհրդի նիստերի գումարման կարգը.

- Խորհրդի նիստերի հրավիրվածների որոշման կարգը.

- Խորհրդի նիստերին ներկայացվող փաստաթղթերի նախապատրաստման և ներկայացման կարգը.

- Խորհրդի նիստերում զեկույցների (ներկայացումների) կարգը.

- Խորհրդի նիստերում որոշումների ընդունման և ստորագրման կարգը.

1.3. Խորհուրդն օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է Խորհրդի աշխատանքների կազմակերպման, նիստեր գումարելու և սահմանված կարգով որոշումներ ընդունելու միջոցով, ինչպես նաև Ծառայության կանոնադրությամբ սահմանված այլ ձևերով:

Խորհուրդն ընդունում է որոշումներ, այդ թվում` արձանագրային: Խորհրդի որոշումները ստորագրվում են Խորհրդի նախագահի կողմից:

Արձանագրային որոշումներ ընդունվում են հետևյալ դեպքերում`

- հաղորդումները, տեղեկանքները, հաշվետվությունները, զեկուցագրերը, ինչպես նաև այլ փաստաթղթերն ի գիտություն ընդունելու,

- հաղորդումներին տեղեկանքներին, հաշվետվություններին, զեկուցագրերին, ինչպես նաև այլ փաստաթղթերին հավանություն տալու,

- Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարականներ տալու,

- Խորհրդի քննարկմանը ներկայացված նախագծերից բխող լրացուցիչ հարցերը կանոնակարգելու,

- Խորհրդի քննարկմանը ներկայացված հարցը լրամշակման վերադարձնելու,

- ըստ անհրաժեշտության` այլ հարցեր կանոնակարգելու:

1.4. Խորհրդի և նրա անդամների աշխատանքի պայմանների ապահովումն իրականացվում է Ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից:

1.5. Խորհրդի անդամների արձակուրդների ժամանակացույցը հաստատում է Խորհրդի նախագահը:

Խորհրդի նախագահի բացակայության (արձակուրդ, գործուղում, ժամանակավոր անաշխատունակություն) դեպքում նրա` որպես Խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է Խորհրդի նախագահի կարգադրությամբ` Խորհրդի անդամներից մեկը:

1.6. Խորհրդի անդամներն իրականացնում են խորհրդակցություններ, քննարկումներ և այլ աշխատանքային միջոցառումներ միասին և (կամ) առանձին, հրավիրելով ու իրենց լիազորությունների և իրավասությունների շրջանակում հանձնարարություններ տալով Ծառայության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, այլ աշխատակիցներին: Իր իրավասությունների շրջանակում Խորհրդի անդամը վարում է թղթակցություն և Խորհրդի նախագահի լիազորությամբ` ներկայացնում Ծառայությունն այլ ատյանում:

1.7. Խորհրդի անդամները «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասով Խորհրդի համար սահմանված լիազորությունները բացի Խորհրդի նիստերի, Խորհրդի շրջանակում խորհրդակցությունների, քննարկումների և այլ աշխատանքային միջոցառումների եղանակով իրականացնելուց, իրականացնում են նաև ըստ վերոհիշյալ օրենքի հիշատակված հոդվածի հինգերորդ մասով սահմանված նրանցից յուրաքանչյուրին վերապահված վիճակագրության համապատասխան բնագավառն իրականացնող Ծառայության համապատասխան ստորաբաժանումների վիճակագրական գործառույթների ղեկավարման և համակարգման եղանակով:

Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա պարտականությունները Խորհրդի նախագահի կողմից դրվում են Խորհրդի այլ անդամի վրա:

1.8. Խորհրդի անդամները պարտադիր ծանոթացվում են Ծառայության կողմից ստացված նորմատիվային, իրավական և մեթոդաբանական նյութերին, վիճակագրական և այլ բնույթի հրապարակումներին (գրականությանը), Ծառայության հրապարակումներին, Ծառայության հրամաններին, Ծառայության ներքին վերահսկողական և «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերին (կամ դրանց ցանկին):

 

2. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2.1. Խորհրդի նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի կողմից առնվազն ամիսը մեկ անգամ, Ծառայության կենտրոնական ապարատի շենքում, որպես կանոն, Նախագահի աշխատասենյակում:

Խորհրդի արտագնա նիստ կարող է գումարվել Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ:

Խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել Խորհրդի առնվազն չորս անդամի պահանջով:

 

3. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ՀՐԱՎԻՐՎԱԾՆԵՐԸ

 

3.1. Խորհրդի նիստերին, առանձին հարցերի քննարկումների ժամանակ, կարող են մասնակցել հրավիրված անձինք, որոնց ցանկը, ըստ հարցերի, սահմանվում է Խորհրդի տվյալ նիստի օրակարգով, ինչպես նաև նիստի ընթացքում այլ անձինք` ըստ անհրաժեշտության:

 

4. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1. Խորհրդի նիստի օրակարգի ձևավորման գործընթացը կազմակերպում է խորհրդի քարտուղարը, որը նշանակվում է Ծառայության նախագահի կողմից, ըստ Խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկությունների, կից` տեղեկանք-հիմնավորումով, որում հարցի հրատապությամբ և համակողմանի քննարկման համար պատրաստ լինելով պայմանավորված կարող է առաջարկվել նիստի գումարման ցանկալի ժամկետը:

Խորհրդի նիստի օրակարգի ձևավորման գործընթացը վերահսկում է Խորհրդի նախագահը: Խորհրդի քարտուղարը նրան է ներկայացնում օրակարգի ձևավորման վերաբերյալ Խորհրդի անդամների առաջարկությունները, ինչպես նաև հրավիրվողների ցանկը` հավանության համար:

Խորհրդի նիստի օրակարգը հաստատվում է Խորհրդի կողմից` Նախագահի ներկայացմամբ:

«Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված Խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու դրույթի գործողության դեպքում նիստի օրակարգը ձևավորվում է Խորհրդի առնվազն չորս անդամի գրավոր պահանջով:

4.2. Խորհրդի նիստում որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նախագահն ու Խորհրդի անդամները:

Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, կից փաստաթղթերի փաթեթով հանդերձ Խորհրդի քարտուղարը ոչ ուշ, քան Խորհրդի նիստից երկու օր առաջ ներկայացնում է Խորհրդի անդամներին, միաժամանակ նիստին հրավիրված անձանց ծանոթացնում է Խորհրդի նիստի օրակարգի նախագծին և կից փաստաթղթերի փաթեթին` ըստ համապատասխան հարցի:

 

5. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ, ՆԻՍՏԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ: ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

 

5.1. Խորհրդի նիստերը վարում է Խորհրդի նախագահը կամ նրա բացակայության դեպքում սույն աշխատակարգի 1.5 կետի երկրորդ մասով սահմանված կարգով նշանակված Խորհրդի անդամը: Խորհրդի աշխատանքներին և նիստերին ներկայացնելու անհնարինության դեպքում Խորհրդի անդամն այդ մասին տեղյակ է պահում Խորհրդի նախագահին (նախագահողին):

Խորհրդի նիստերն արձանագրվում են Խորհրդի քարտուղարի կողմից:

Նիստը սկսվելու պահից մեկուկես ժամ հետո, հայտարարվում է 15 րոպե տևողությամբ ընդմիջում: Հայտարարված ընդմիջումից հետո, յուրաքանչյուր մեկուկես ժամից, որպես կանոն, հայտարարվում է 30 րոպե տևողությամբ ընդմիջում:

Անհրաժեշտության դեպքում նախագահողի կողմից կարող են հայտարարվել այլ կարճատև ընդմիջումներ:

Նիստի ընթացքում մասնակիցները կարող են բացակայել միայն նախագահողի թույլտվությամբ:

Նիստը վարվում է մինչև ժամը 18.00:

5.2. Խորհրդի նիստում Նախագահը (նախագահողը)`

- սույն աշխատակարգին համապատասխան վարում է Խորհրդի նիստերը.

- նիստի սկզբում Խորհրդի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը.

- ըստ հաստատված օրակարգի հարցերի հերթականության ձայն է տալիս զեկուցողներին (հարցը ներկայացնողներին).

- զեկուցողին (ներկայացնողին) ուղղված հարցերն ու պատասխանները լսելուց հետո ելույթների համար ձայն է տալիս ըստ հաջորդականության.

- անցկացնում է քվեարկություն և հայտարարում է արդյունքները.

- իրականացնում է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, Ծառայության կանոնադրությամբ և սույն աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

5.3. Հրավիրված անձի կողմից ներկայացվող հարցի քննարկման ժամանակ Նախագահողի հանձնարարությամբ Խորհրդի քարտուղարը նիստի է հրավիրում տվյալ հարցը զեկուցողին (ներկայացնողին) և այդ հարցի առնչությամբ այլ հրավիրված անձանց:

Զեկուցողին (ներկայացնողին), ինչպես նաև հարցերի և պատասխանների համար նախագահողի կողմից սահմանվում է ժամանակ` կախված հարցի բնույթից: Զեկուցողների, ելույթների, հարց ու պատասխանի համար սահմանված ժամանակի պահպանմանը հետևում է Խորհրդի քարտուղարը:

Հարցը ներկայացնելուց հետո զեկուցողին (ներկայացնողին) հարցեր տալու, ինչպես նաև ելույթների համար նախագահողը «բարձրացրած ձեռքի» սկզբունքով ձայն է տալիս Խորհրդի անդամներին` բարձրաձայն հայտնելով ազգանունը, որից հետո նաև, ըստ անհրաժեշտության, հրավիրվածներին: Հարցերին պատասխանում է զեկուցողը (ներկայացնողը): Նախագահն ունի արտահերթ ձայնի (ելույթի) իրավունք: Խորհրդի անդամները կարող են մինչև քվեարկությունը ներկայացնել առաջարկություններ վարման կարգի վերաբերյալ:

Ելույթներից հետո նախագահողը կարող է ամփոփել քննարկման արդյունքները և որոշման նախագիծը դնել քվեարկության: Քվեարկությունն իրականացվում է Խորհրդի անդամների կողմից ձեռք բարձրացնելու միջոցով` սկզբից հաշվառելով «կողմ» ձայները, ապա` «դեմ» և «ձեռնպահը»: Քվեարկության արդյունքները հայտարարվում են նախագահողի կողմից: Ելույթի կամ ձայնի իրավունքի զիջում այլ անձի չի թույլատրվում:

Խորհրդի որոշմամբ կոնկրետ հարցի կապակցությամբ որոշման նախագծի քվեարկությունը կարող է անցկացվել նիստին միայն Խորհրդի անդամների ներկայությամբ:

 

6. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6.1. Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են նրա անդամներից առնվազն հինգը: Խորհրդի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել Խորհրդի անդամների ընդհանուր թվաքանակի կեսից ավելին:

6.2. Խորհրդի որոշումները ստորագրվում են նախագահի կողմից:

6.3. Խորհրդի որոշումների մասին իրազեկումն իրականացվում է Ծառայության նախագահի աշխատակազմի միջոցով:

Նորմատիվային որոշումները սահմանված կարգով հրապարակվում են:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                           «10»   10      2001 Թ.

                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12000106

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
15.08.2000
N 10
Որոշում