i
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-ՈՒՄ 1990 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ
ԶՈՐԱԿՈՉԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը նշում է, որ ԽՍՀՄ-ի կազմավորման օրից Հայկական ԽՍՀ-ն մշտապես կատարել է իր ստանձնած պարտավորությունները, այդ թվում` ԽՍՀՄ-ի պաշտպանության ասպարեզում: Չնայած դրան, վերջին երկու տարվա ընթացքում ԽՍՀՄ ղեկավար մարմինները իրականացնում են հայ ժողովրդի օրինական շահերին բացահայտորեն անհարիր քաղաքականություն, որը հանգեցրել է նաև խորհրդային բանակում հայազգի զինծառայողների նկատմամբ բռնության և ըստ ազգային հատկանիշի խտրականության ակնհայտ դրսևորումների: Զորամասերում ապահովված չեն նրանց կյանքի, առողջության և ազգային արժանապատվության հրահանգի երաշխիքներ:
ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը փաստորեն անհետևանք է թողել նաև տվյալ հարցի վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը նշում է նաև, որ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի են ունեցել բազմաթիվ ոտնձգություններ հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ, ընդհուպ մինչև ցեղասպանություն և զանգվածային բռնի տեղահանումներ, որոնք չեն կանխվել ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից: Դեռ ավելին, խորհրդային բանակի և ներքին զորքերի զորամասերը հաճախ օգտագործվել են հայ ժողովրդի ազգային-դեմոկրատական արդարացի շարժման դեմ:
Հայ ժողովուրդը չի կարող այդ ամենը չդիտել որպես իր օրինական շահերի նկատմամբ անբարյացակամության բացահայտ դրսևորում և ԽՍՀՄ կենտրոնական մարմինների կողմից Հայկական ԽՍՀ-ի նկատմամբ պարտավորությունների կոպիտ խախտում:
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայկական ԽՍՀ սահմանադրության 75 հոդվածի հիման վրա ժամանակավորապես դադարեցնել հանրապետության սահմաններից դուրս հայազգի զինակոչիկների ծառայության համար գարնանային զորակոչ անցկացնելու մասին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 199Օ թվականի մարտի 29-ի որոշման գործողությունը մինչև ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ հարցի վերջնական լուծումը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
3 մայիսի 1990 թվականի: