Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐ ...

 

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի` հայ ժողովրդին ուղղված դիմումը:

 

7 օգոստոսի 1990 թվականի:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ

                     Հ Ա Յ    Ժ Ո Ղ Ո Վ Ր Դ Ի Ն

 

Սիրելի հայրենակիցներ:

Հայ ժողովրդի պատմության այս խռովահույզ, միաժամանակ հերոսական օրերին, դիմելով Ձեզ, ես իմ պարտքն եմ համարում գլուխ խոնարհել Ձեր հոգեկան կորովի, Ձեր զոհողությունների, Ձեր զգաստության առջև, որ Դուք դրսևորեցիք մեր ազգային ազատագրական պայքարի ներկա փուլի հորձանուտում:

Ձեր բոլորանվեր ջանքերը, Ձեր կրած հալածանքները, զրկանքները, Ձեր վճռականությունն ու հաստատակամությունը նշանավորվեց պատմական հաղթանակով, որ հաղթանակն է արդարության, դեմոկրատիայի և ազգային արժանապատվության:

Ես շնորհավորում եմ Ձեզ հայոց անկախ պետականության հիմնարկեքի առիթով` կիսելով Ձեր տոնական ցնծությունը և սեփական ուժերի նկատմամբ վերագտած վստահությունը, որ միակ հույսն է գալիք հաջողությունների:

Դրա հետ մեկտեղ, կոչ եմ անում սառնասրտորեն գնահատել մեր հանրապետության ներկա ճգնաժամային իրավիճակը, որից դուրս գալու միակ գրավականը ժողովրդի համախմբումն է պետականության գաղափարի և նրա մարմնավորումը հանդիսացող ազգային խորհրդարանի շուրջ:

Ես վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք կարճ ժամանակամիջոցում սեփական ուժերով լուծելու հանրապետության ներքին կյանքին վերաբերող բարդ խնդիրները և կարգավորելու ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, պայմանով, որ բացառված լինի արտաքին միջամտությունը: Հիմք ունեմ ակնկալելու նաև, որ միութենական իշխանությունները ըմբռնումով կընկալեն մեր դիրքորոշումը:

Կոչ եմ անում բոլոր աշխարհազորայիններին` հավատարմության երդում տալ հանրապետության գերագույն իշխանության ատյանին և, մոռանալով ներքին հակասությունները, ձեռնպահ մնալ որևէ անխոհեմ գործողությունից: Հարկադրված եմ հիշեցնել, որ մեր պետականության կայացումը վտանգող ոչ մի արկածախնդրություն չի ներվի ժողովրդի կողմից:

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին, հենվելով աշխարհազորի հիմնական մասը կազմող առողջ ուժերի վրա, ապահովել օրինականությունը հանրապետության տարածքում, որովհետև այսօր ոչ թե հռչակագրերով ու արմատական օրենսդրական նախաձեռնություններով, այլ իրադրությանը տիրապետելու կարողությամբ է, որ մենք աշխարհին պետք է ապացուցենք մեր ազգային իշխանության գոյությունը:

Եվ վերջապես կոչ եմ անում մեր շրջանի աշխատավորությանը` ազգային-քաղաքական իղձերի իրականացման խնդիրները լիովին վստահել հանրապետության խորհրդարանին, վերագտնել իր հոգեկան անդորրը և լծվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքի, առանց որի սնանկ է ցանկացած ծրագիր, ցանկացած հեռանկար:

Մեզ սպասում է հուսալի ապագա, բայց այդ ապագան մենք պետք է կերտենք:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
07.08.1990
N Ն-0047-XII
Որոշում