Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 180-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական      Վարչական գործ թիվ ՎԴ/3182/05/08

    և  վարչական պալատի որոշում            2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3182/05/08

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի փետրվարի 23-ին

i

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.06.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ նախագահի` ՀՀ նախագահի 01.03.2008 թվականի ՆՀ-35-Ն հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը և նույն ենթակետի 13.03.2008 թվականի ՀՀ նախագահի ՆՀ-38-Ն հրամանագրով սահմանված խմբագրությունն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պահանջել է ՀՀ նախագահի 01.03.2008 թվականի ՆՀ-35-Ն հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը և նույն ենթակետի 13.03.2008 թվականի ՀՀ նախագահի ՆՀ-38-Ն հրամանագրով սահմանված խմբագրությունը հակասող և անվավեր ճանաչել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ե. Սողոմոնյան, դատավորներ` Ա. Աբովյան, Ա. Սարգսյան, Գ. Ղարիբյան, Լ. Սոսյան) 06.05.2008 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Ղազարյան, Ա. Միրզոյան, Հ. Բեդևյան, Ք. Մկոյան, Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 19.05.2008 թվականի որոշմամբ Ընկերության բողոքը` ՀՀ վարչական դատարանի 06.05.2008 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու պահանջի մասին, մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի 20.06.2008 թվականի որոշմամբ Դատարանի 19.05.2008 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն (ներկայացուցիչ` Լուսինե Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

Սույն գործով նոր հանգամանք է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 61737/08) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 21.09.2021 թվականի վճիռը, որի համաձայն` տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` դատարանի մատչելիությունից զրկելու մասով:

Մասնավորապես, Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մասով նշել է, որ ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ դիմումատու ընկերությանը թույլ չի տրվել տպագրել իր լրագիրը միայն այն պատճառով, որ այն եղել է ընդդիմադիր լրագիր, որում տպագրվում էին իշխանություններին քննադատող նյութեր: Դատարանը համարել է, որ այդպիսի սահմանափակումները, որոնք ունեին քաղաքական բանավեճը ճնշող և չհամընկնող կարծիքները լռեցնող ազդեցություն, հակասում են 10-րդ հոդվածի բուն նպատակին և անհրաժեշտ չեն եղել ժողովրդավարական հասարակությունում: Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման` դատարանի մատչելիությունից զրկելու մասով, Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագահի հրամանագրի դեմ ներկայացված` դիմումատու ընկերության հայցադիմումի քննությունը Վարչական դատարանի կողմից ներկայացված հիմքով մերժելը խախտել է դիմումատու ընկերության դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը: Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Կոնվենցիայի 15-րդ հոդվածի մասով Եվրոպական դատարանն անհրաժեշտ չի համարել որոշել, թե արդյոք սույն գործով ձեռնարկված միջոցառումները խստորեն պահանջվել են դրության լրջությամբ և համատեղելի են եղել միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ, և եզրակացրել է, որ Հայաստանի շեղումը չի բավարարում Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 1-ին կետը:

 

i

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել թիվ ՎԴ/3182/05/08 գործով 20/06/2008թ. կայացված Դարեսկիզբ ՍՊԸ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու վարույթ, բեկանել թիվ ՎԴ/3182/05/08 գործով Վճռաբեկ դատարանի 20/03/2008թ. կայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը.

Հարուցել 19/05/2008թ. թիվ ՎԴ/3182/05/08 գործով կայացված Դարեսկիզբ ՍՊԸ բողոքը մերժելու մասին վարչական դատարանի (5 դատավորի կազմով վերաքննություն) որոշումը նոր հանգամանքով վերանայելու վարույթ, բեկանել թիվ ՎԴ/3182/05/08 գործով Վարչական դատարանի 19/05/2008թ. որոշումը.

(...) վերացնել թիվ ՎԴ/3182/05/08 գործով 6/05/2008թ. կայացված որոշումը` Դարեսկիզբ ՍՊԸ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին և գործն ուղարկել ըստ էության քննության»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

i

1) ՀՀ վարչական դատարանը 06.05.2008 թվականի որոշմամբ, ղեկավարվելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթով, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հայցադիմումի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) ներկայացված հայցադիմումով, ըստ էության վիճարկվում է Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ ՆՀ-35-Ն հրամանագրի սահմանադրականության հարցը, որը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վարչական դատարանին ընդդատյա չէ և սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է: Այսպիսով, վարչական դատարանը գտնում է, որ տվյալ հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության» (հիմք` թիվ ՎԴ/3182/05/08 վարչական գործի նյութեր):

2) Դատարանը, 19.05.2008 թվականի որոշմամբ մերժելով «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի բողոքը, ըստ էության վերահաստատել է ՀՀ վարչական դատարանի 06.05.2008 թվականի որոշմամբ հայտնած վերը նշված դիրքորոշումը: Միաժամանակ, Դատարանը հավելել է, որ «(...) բողոք բերած անձի փաստարկը, որ վիճարկվում են հրամանագրի կոնկրետ դրույթներ այն առումով, որ դրանք չեն համապատասխանում վերը նշված օրենքների և Կոնվենցիայի պահանջներին, չի նշանակում, որ տվյալ հայցը ընդդատյա է վարչական դատարանին» (հիմք` թիվ ՎԴ/3182/05/08 վարչական գործի նյութեր):

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.06.2008 թվականի որոշմամբ Դատարանի 19.05.2008 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հիմք` թիվ ՎԴ/3182/05/08 վարչական գործի նյութեր):

4) «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 61737/08) Եվրոպական դատարանի 21.09.2021 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` դատարանը միաձայն` 1. հայտարարել է հայցադիմումն ընդունելի, 2. վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում, 3. վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` դատարանի մատչելիությունից զրկելու մասով, (...):

Եվրոպական դատարանը վերը նշված վճիռը հիմնավորել է նրանով, որ «71. (...) Դատարանը համարում է, որ դիմումատու ընկերության հրապարակումների նկատմամբ սահմանված սահմանափակումներն անկասկած նրա արտահայտվելու ազատությանը, այդ թվում` 10-րդ հոդվածի իմաստով տեղեկություններ տարածելու իրավունքին միջամտություն են», «78. (...) Դատարանը համարում է, որ այդպիսի սահմանափակումները, որոնք ունեին քաղաքական բանավեճը ճնշող և չհամընկնող կարծիքները լռեցնող ազդեցություն, հակասում են 10-րդ հոդվածի բուն նպատակին և անհրաժեշտ չեն եղել ժողովրդավարական հասարակությունում: 79. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում», «89. (...) Դատարանը եզրակացնում է, որ արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագահի հրամանագրի դեմ ներկայացված` դիմումատու ընկերության հայցադիմումի քննությունը Վարչական դատարանի կողմից ներկայացված հիմքով մերժելը խախտել է դիմումատու ընկերության դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը: 90. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում» («Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 61737/08) գործով Եվրոպական դատարանի 21.09.2021 թվականի վճիռը բողոքաբերի կողմից գրությանը կից Վճռաբեկ դատարան է մուտքագրվել 29.11.2021 թվականին):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:

i

Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

i

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

i

Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախ և առաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե՛ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.

1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,

2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,

3. restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են` հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա:

Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selcuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.

- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,

- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,

- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:

Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Ocalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.

1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,

2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում: Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Հետևաբար, Եվրոպական դատարանի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին կետի` դատարանի մատչելիությունից զրկելու մասով, խախտումներ արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգնման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հայցի հիման վրա, որով պահանջել է ՀՀ նախագահի 01.03.2008 թվականի ՆՀ-35-Ն հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը և նույն ենթակետի 13.03.2008 թվականի ՀՀ նախագահի ՆՀ-38-Ն հրամանագրով սահմանված խմբագրությունը ճանաչել հակասող և անվավեր ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին:

i

ՀՀ վարչական դատարանը 06.05.2008 թվականի որոշմամբ, ղեկավարվելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթով, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հայցադիմումի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) ներկայացված հայցադիմումով, ըստ էության վիճարկվում է Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ ՆՀ-35-Ն հրամանագրի սահմանադրականության հարցը, որը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վարչական դատարանին ընդդատյա չէ և սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է: Այսպիսով, վարչական դատարանը գտնում է, որ տվյալ հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության»:

Դատարանը, 19.05.2008 թվականի որոշմամբ մերժելով «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի բողոքը, ըստ էության վերահաստատել է ՀՀ վարչական դատարանի 06.05.2008 թվականի որոշմամբ հայտնած վերը նշված դիրքորոշումը: Միաժամանակ, Դատարանը հավելել է, որ «(...) բողոք բերած անձի փաստարկը, որ վիճարկվում են հրամանագրի կոնկրետ դրույթներ այն առումով, որ դրանք չեն համապատասխանում վերը նշված օրենքների և Կոնվենցիայի պահանջներին, չի նշանակում, որ տվյալ հայցը ընդդատյա է վարչական դատարանին»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.06.2008 թվականի որոշմամբ Դատարանի 19.05.2008 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 61737/08) գործով Եվրոպական դատարանը 21.09.2021 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով, միաձայն` 1. հայտարարել է հայցադիմումն ընդունելի, 2. վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում, 3. վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` դատարանի մատչելիությունից զրկելու մասով, (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները սույն գործով հանգում են նրան, որ «71. (...) Դատարանը համարում է, որ դիմումատու ընկերության հրապարակումների նկատմամբ սահմանված սահմանափակումներն անկասկած նրա արտահայտվելու ազատությանը, այդ թվում` 10-րդ հոդվածի իմաստով տեղեկություններ տարածելու իրավունքին միջամտություն են», «78. (...) Դատարանը համարում է, որ այդպիսի սահմանափակումները, որոնք ունեին քաղաքական բանավեճը ճնշող և չհամընկնող կարծիքները լռեցնող ազդեցություն, հակասում են 10-րդ հոդվածի բուն նպատակին և անհրաժեշտ չեն եղել ժողովրդավարական հասարակությունում: 79. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում», «89. (...) Դատարանը եզրակացնում է, որ արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագահի հրամանագրի դեմ ներկայացված` դիմումատու ընկերության հայցադիմումի քննությունը Վարչական դատարանի կողմից ներկայացված հիմքով մերժելը խախտել է դիմումատու ընկերության դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը: 90. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կոնվենցիոն իրավունքների խախտում, այն է` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` դատարանի մատչելիությունից զրկելու մասով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 61737/08) գործով Եվրոպական դատարանի 21.09.2021 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.06.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:

Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 21.09.2021 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի խախտված կոնվենցիոն իրավունքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս` մինչև կոնվենցիոն իրավունքների խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.06.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Դատարանի 19.05.2008 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.06.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու, Դատարանի 19.05.2008 թվականի որոշումը վերացնելու, նոր դատական ակտ կայացնելու, այն է` «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» ՀՀ վարչական դատարանի 06.05.2008 թվականի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.06.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Վերացնել ՀՀ վարչական դատարանի 19.05.2008 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» ՀՀ վարչական դատարանի 06.05.2008 թվականի որոշումը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 23 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.02.2022
N ՎԴ/3182/05/08
Որոշում