(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)
i
120.0006.091000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2000 թվականի N 6
i
ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի երկրորդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել Քաղաքներում և խոշոր գյուղերում տների (շինությունների) ցուցակները կազմելու կարգի հրահանգը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2000թ. փորձնական մարդահամար
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության
պետական խորհրդի
25.07.2000թ.
N 06 որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ
1. Ընդհանուր դրույթներ
1. Տների (շինությունների) ցուցակների կազմումը հանդիսանում է մարդահամարի նախապատրաստական ամենակարևոր աշխատանքներից մեկը:
Տների ցուցակներն անհրաժեշտ են.
- քաղաքների և խոշոր գյուղերի տարածքը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի ճիշտ բաժանելու,
- մարդահամարի ժամանակ բնակչության հաշվառման ամբողջականությունն ապահովելու համար:
2. Ցուցակները կազմվում են մեկ օրինակից, հատուկ այս նպատակով հրահանգավորված աշխատողների` ցուցակագրողների կողմից տները շրջագայելու միջոցով, 2000թ փորձնական մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների օրացուցային պլանով սահմանված ժամկետներում:
3. Մինչև ցուցակների կազմումը ցուցակագրողն անցնելու է հատուկ հրահանգավորում և ծանոթանալու իր տեղամասի սահմաններին, համեմատելով այն իրեն հատկացված տեղամասի հատակագծի հետ:
4. Տների (շինությունների) ցուցակները կազմվում են ըստ առանձին թաղամասերի` յուրաքանչյուր թաղամասի տները շրջագայելու և դրանք ըստ համարների հաջորդականության առանձին ցուցակում գրանցելու միջոցով: 1 ցուցակում 2 կամ ավելի թաղամասերի տվյալները գրանցել չի թույլատրվում:
Տուն (շինություն) համարվում է ինքնուրույն վերգետնյա շինարարական համակարգը, որն ունի առանձին փոստային (թվային, տառային) համար. օրինակ` 15, 8/2, մասնաշենք Ա և այլն:
Թաղամաս համարվում է բնակավայրի կառուցապատված տարածքի այն մասը, որը սահմանազատվում է փողոցներով, հրապարակներով, նրբանցքներով, անցուղիներով և այլնով: Եթե առկա է զանգվածային կառուցապատում` սահմանափակված ազատ (չկառուցապատված) տարածքով` ապա ցուցակները կազմվում են յուրաքանչյուր առանձին զանգվածի համար: Պարզ արտահայտված թաղամասային (զանգվածային) կառուցապատման բացակայության դեպքում բնակավայրի տարածքն անհրաժեշտ է բաժանել պայմանական թաղամասերի (զանգվածների), դրանք համարակալել և յուրաքանչյուրի համար կազմել առանձին ցուցակ:
Տների ցուցակները փողոցներով կազմել թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ բնակավայրը բաղկացած է մեկ կամ մի քանի զուգահեռ փողոցներից: Ընդ որում, եթե հնարավորություն կա փողոցը բաժանել մասերի նրբանցքներով, անցուղիներով և այլն, ապա հարկավոր է յուրաքանչյուր այդպիսի մասի համար կազմել առանձին ցուցակ:
Հատակագծի վրա թաղամասերը և զանգվածները համարակալվում են
ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի ղեկավարի կողմից, տվյալ բնակավայրի սահմաններում` հերթական համարներով:
5. Տների ցուցակները կազմելիս, ցուցակագրողը ճշտում է իր տեղամասի հատակագիծը` ավելացնում նոր կառուցված ու կառուցվող տները և ջնջում քանդվածները:
Ցուցակագրողը տների ցուցակներում պետք է նշումներ կատարի նաև իր տեղամասի շրջագայության ժամանակ հայտնաբերված փողոցների անվանացույցերի և տների համարանիշերի բացակայության մասին: Շրջագայության ժամանակ հայտնաբերված բոլոր թերությունների և ուղղումների մասին ցուցակագրողը պարտավոր է տեղեկացնել ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի ղեկավարին` ներկայացնելով գրավոր զեկուցագիր:
2. Ցուցակների կազմման կարգը
6. ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի ղեկավարից ցուցակագրողը ստանում է.
- ցուցակագրողի վկայական,
- տների ցուցակների` ձև 1-քաղաքային (աղյուսակ 1 և աղյուսակ 2) բավարար քանակությամբ բլանկներ,
- հրահանգ տների ցուցակների կազմման կարգի,
- ցուցակագրման տեղամասի հատակագիծ,
- բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ նրանց կողմից լիազորված մարմինների հասցեներ:
7. Ցուցակագրողը տների ցուցակագրումն ըստ թաղամասերի (զանգվածների) սկսում է աղյուսակ 2-ի լրացումից, որի հասցեամասում գրվում է հատակագծի վրա նշված թաղամասի համարը և նկարագրվում նրա սահմանները` պողոտաների, փողոցների, հրապարակների, նրբանցքների, փակուղիների և այլնի անվանումները, և թաղամասերը շրջափակող անկյունային շենքերի համարները, ընդ որում անհրաժեշտ է համապատասխան նկարագրում տալ նաև զանգվածների սահմանների վերաբերյալ: Եթե տների ցուցակները կազմվում են փողոցի կամ նրա մի մասի համար, ապա հասցեամասում գրվում է դրա անվանումը, իսկ սահմանների նկարագրման մասում ցուցակի մեջ մտցված առաջին և վերջին տների համարները:
Եթե տների ցուցակները կազմված են մի քանի թերթերից, ապա թաղամասի (զանգվածի) համարը, հասցեն և սահմանների նկարագրությունը լրացվում են միայն առաջին թերթի վրա, իսկ մնացած թերթերի վրա գրվում է միայն թաղամասի համարը և էջակալվում, իսկ էջերի քանակը նշվում է յուրաքանչյուրի վրա (օրինակ` էջ 2, էջ 3 և այլն):
8. Աղյուսակ 2-ում գրանցվում են տվյալ թաղամասի (զանգվածի) տարածքում գտնվող բոլոր տները (շինությունները), որտեղ բնակվում կամ կարող է բնակվել բնակչություն, ինչպես նաև հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից զբաղեցրած շինությունները:
Թաղամասից (զանգվածից) դուրս, այսինքն` նրանից որոշակի հեռավորության վրա գտնվող տները, մտցվում են այն թաղամասի (զանգվածի) ցուցակի մեջ, որին ավելի մոտ են և գրանցվում են ցուցակում թաղամասի (զանգվածի) բոլոր տները գրանցելուց հետո` «թաղամասից (զանգվածից) դուրս» նշումով:
Տեղամասում կառուցվող բնակելի և ոչ բնակելի շինությունները, ինչպես նաև այն տարածքը, որտեղ շինարարությունը դեռևս չի սկսվել, բայց նրան համար է հատկացվել, նույնպես պետք է մտցնել ցուցակի մեջ, քանի որ մարդահամարի անցկացման պահին դրա շինարարությունը կարող է ավարտված լինել, իսկ շինությունը` բնակեցված լինել:
9. Յուրաքանչյուր տուն (շինություն) ցուցակում գրվում է առանձին տողով, համարների հաջորդականությամբ` նշելով շինությունների քանակը: Ընդ որում, թաղամասի (զանգվածի) ներսում գտնվող տները գրվում են համապատասխան փողոցում դրանց համարակալման կարգով:
10. Աղյուսակ 2-ի 1-5-րդ սյունակները լրացվում են տները շրջագայելու ժամանակ: Բնակարանների քանակի և բնակչության թվաքանակի (6-7-րդ սյունակներ) վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր տան համար ցուցակագրողը լրացնում է ըստ բնակարանային ֆոնդի սեփականատիրոջ կամ նրա լիազոր մարմնի կողմից տարվող սկզբնական հաշվառման տվյալների` տների տեխնիկական անձնագրերի, բնակարանային քարտերի, իսկ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տներում` դրանց սեփականատերերի կողմից ներկայացված տվյալների հիման վրա:
Աղյուսակ 2-ում գրանցվում են.
1-ին սյունակում` յուրաքանչյուր տան գրանցման հերթական համարը,
2-րդ սյունակում` պողոտայի, փողոցի, նրբանցքի, հրապարակի, անցուղու և այլնի անվանումը, ընդ որում այդ անվանումը ցույց է տրվում մեկ անգամ, տվյալ փողոցի առաջինը գրված տան դիմաց, իսկ մյուս տների դիմաց դրվում է կրկնողության նշան (-»-),
3-րդ սյունակում` տան (շինության) համարը, ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ (օրինակ 8ա, 5/1 և այլն): Եթե տունը (շինությունը) բաղկացած է մի քանի մասնաշենքից կամ շինությունից, ապա յուրաքանչյուր մասնաշենք կամ շինություն տների ցուցակում գրանցվում է առանձին տողով, նշելով ընդհանուր համարը և մասնաշենքի համարը. օրինակ` 5 մասնաշենք Ա, 5 մասնաշենք Բ, 1/18 մասնաշենք 1:
4-րդ սյունակում` կազմակերպության, հիմնարկ-ձեռնարկության անվանումը, որին պատկանում է տունը, (օրինակ` ԲՇՏ 1, համատիրություն «Գայանե», մեխանիկական գործարանի հանրակացարան և այլն) կամ սեփականատիրոջ ազգանունը (եթե տունը պատկանում է մի քանի սեփականատերերի, ապա գրվում է նրանցից յուրաքանչյուրի ազգանունը):
5-րդ սյունակում` բոլոր բնակելի և ոչ բնակելի շինությունների քանակը, որոնք առկա են տվյալ համարի տակ: Շինություն համարվում է առանձին կանգնած կառույցը: Շինությունների թվում չեն ընդգրկվում տնտեսական նշանակության այն կառույցները, որոնցում, կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, բնակչությունը չի կարող բնակվել նույնիսկ ժամանակավորապես (օրինակ` ավտոտնակ, խորդանոց, մարագ):
6-7-րդ սյունակներում` բնակարանների քանակի և դրանցում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները ցուցակագրողը ստանում է.
- բնակշահագործման կազմակերպություններից, տնային կառավարչություններից և այլ իրավաբանական անձանցից, իսկ համատիրություններին պատկանող տների վերաբերյալ` այդ կազմակերպություններից,
- հիմնարկ-ձեռնարկություններին և կազմակերպություններին պատկանող բնակելի տների, մանկատների, ծերերի և հաշմանդամների տների (տուն-ինտերնատների), գիշերօթիկ դպրոցների, հանրակացարանների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների, հյուրանոցների և այլնի վերաբերյալ` դրանց պարետներից կամ կառավարիչներից, կամ էլ հիմնարկների ադմինիստրացիայից,
- քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող տների վերաբերյալ` դրանց սեփականատերերից:
Բնակարանը, որպես առանձին բնակելի միավոր պետք է հաշվի առնել այնպես, ինչպես այն ընդունված է բնակֆոնդը տնօրինող մարմնի մոտ:
Մշտական բնակչությամբ հանրակացարանային տիպի տների համար (մանկատներ, ծերանոցներ, գիշերօթիկներ և այլն) 6-րդ սյունակում գրվում է սենյակների քանակը, իսկ 7-ում` այդ սենյակներում մշտական բնակվող բնակչության թվաքանակը:
Հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և նման այլ հիմնարկներում, որոնցում կան մշտական բնակչություն ունեցող սենյակներ, 6-րդ սյունակում նշվում է այդպիսի սենյակների (բնակարանների) քանակը, իսկ 7-ում` դրանցում մշտապես բնակվող մարդկանց թվաքանակը:
Եթե բնակելի շենքում գտնվում է հյուրանոց, հիվանդանոց և ժամանակավոր նշանակության այլ հիմնարկություն, ապա 6-7-րդ սյունակներում, համապատասխանաբար, ցույց է տրվում միայն բնակելի շենքի բնակարանների քանակը և նրանցում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) նշվում է, որ շենքում է գտնվում հյուրանոց, հիվանդանոց և այլն:
8-րդ սյունակում` տեղերի քանակը ժամանակավոր նշանակության հիմնարկներում (հիվանդանոցում, հյուրանոցում, հանգստյան տանը, առողջարանում և այլն):
9-րդ սյունակում` «Ծանոթություն» - նշումներ է կատարվում փողոցների անվանացույցերի, տների համարանիշերի բացակայության և այլնի մասին:
Կառուցվող բնակելի և ոչ բնակելի շինությունների համար` 3-րդ սյունակում գրանցվում է տան համարը, (համարի բացակայության դեպքում դրվում է գիծ), 4-րդ սյունակում` նշվում է տան սեփականատիրոջ` իրավաբանական անձի անվանումը կամ մասնավոր անձի դեպքում` նրա ազգանուն անունը, 5-8-րդ սյունակներում դրվում են գծիկներ, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) գրվում է` «տունը կառուցվում է» կամ «կատարված է հողահատկացում»:
11. Ցուցակագրման տեղամասի բոլոր տները շրջագայելուց և ըստ բոլոր թաղամասերի (զանգվածների) ցուցակները կազմելուց հետո, ցուցակագրողը ցուցակների տվյալները համեմատում է իր տեղամասի հատակագծի հետ, որի վրա շրջագայության ժամանակ կատարվել են բոլոր փոփոխություններն ու ուղղումները: Համոզվելով, որ բոլոր տները մտցված են ցուցակում, ցուցակագրողն ըստ յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հաշվում է 3-րդ (տների քանակը, ներառյալ կառուցվող) և 5-8-րդ սյունակների հանրագումարները: Այնուհետև կազմվում է տների ցուցակների ամփոփագիրը` աղյուսակ 1-ը (ամբողջությամբ ցուցակագրման տեղամասի համար), այնտեղ լրացնելով յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հանրագումարները` 3-6-րդ և 8-րդ սյունակները լրացվում են աղյուսակ 2-ի համապատասխան տվյալներից, իսկ 7-րդ սյունակում նշվում է, ինչպես առանձին շենքերում, այնպես էլ բնակելի շինություններում տեղակայված ժամանակավոր բնակատեղ հանդիսացող հիմնարկների քանակը:
12. Սահմանված ժամկետին ցուցակագրողները տների ցուցակները` ձև 1-քաղաքային (աղյուսակ 1 և աղյուսակ 2), ճշտված հատակագծերի հետ միասին հանձնում են ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի ղեկավարին: Նշված փաստաթղթերի ստուգումից և ընդունումից հետո ցուցակագրողը և ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքի ղեկավարը վավերացնում են այն և նշում ընդունման ամսաթիվը:
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2000թ. փորձնական մարդահամար
Ձև 1-քաղաքային - Աղյուսակ 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության
պետական խորհրդի
25.07.2000թ.
N 06 որոշմամբ
Տեղամասի տների ցուցակների ամփոփագիր
Ցուցակագրման տեղամաս N ____ Մարզ ____________ Քաղաք __________
.________________________________________________________________________.
| |Թաղամասերի|Տների |Բնակելի | դրանցում |Ժամանա-|Դրանցում| |
| |(զանգված- |քանակը|և ոչ |__________________|կավոր |բնակու- | |
|հ/|ների) | |բնակելի |բնակա-|բնակչության|նշանա- |թյան |Ծանո-|
|հ |համարները | |շինու- |րաններ|թվաքանակը |կության|համար |թու- |
| | | |թյունների| |ցուցակների |հիմ- |պիտանի |թյուն|
| | | |քանակը | |կազմման |նարկ- |տեղերի | |
| | | | | |պահին |ների- |քանակը | |
| | | | | | |քանակը | | |
|__|__________|______|_________|______|___________|_______|________|_____|
| 1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|__|__________|______|_________|______|___________|_______|________|_____|
|__|__________|______|_________|______|___________|_______|________|_____|
|__|__________|______|_________|______|___________|_______|________|_____|
|__|__________|______|_________|______|___________|_______|________|_____|
.________________________________________________________________________.
Ցուցակագրող ՀՀ վիճակագրության տարածքային
բաժանմունքի ղեկավար
_________________
/ստորագրությունը/ ___________________
/ստորագրությունը/
«___»___________ 2000 թ.
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2000թ. փորձնական մարդահամար
Ձև 1-քաղաքային - Աղյուսակ 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության
պետական խորհրդի
25.07.2000թ.
N 06 որոշմամբ
Թաղամասի (զանգվածի) տների ցուցակ
Թաղամասի (զանգվածի)
սահմանների նկարագրությունը
___________________
___________________
Մարզ ___________________ ___________________
Քաղաք ___________________
Ցուցակագրման տեղամաս N __ Թաղամասի (զանգվածի) N __
._______________________________________________________________________.
| |Պողոտայի, |Տան |Հիմնարկի |Բնակելի| դրանցում |Ժամանակավոր | |
|հ |փողոցի, |հա- |անվանումը|և ոչ |______________|նշանակության | |
|/ |հրապարակի,|մարը|կամ |բնակելի|բնակա-|բնակ- |հիմնարկներում|Ծանո-|
|հ |նրբանցքի, | |սեփականա-|շինու- |րաններ|չության|տեղերի քանակը|թու- |
| |անցուղու | |տիրոջ |թյուն- | |թվա- | |թյուն|
| |և այլնի | |ազգանունը|ների | |քանակը | | |
| |անվանումը | | |քանակը | |ցուցակ-| | |
| | | | | | |ների | | |
| | | | | | |կազմման| | |
| | | | | | |պահին | | |
|__|__________|____|_________|_______|______|_______|_____________|_____|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|__|__________|____|_________|_______|______|_______|_____________|_____|
|__|__________|____|_________|_______|______|_______|_____________|_____|
|__|__________|____|_________|_______|______|_______|_____________|_____|
|__|__________|____|_________|_______|______|_______|_____________|_____|
._______________________________________________________________________.
Ցուցակագրող ՀՀ վիճակագրության տարածքային
բաժանմունքի ղեկավար
_________________
/ստորագրությունը/ ___________________
/ստորագրությունը/
«___»___________ 2000 թ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 10 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12000100