(ուժը կորցրել 19.02.02 թիվ 49 որոշում)
i
050.0280.231001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2001 թվականի թիվ 280
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.
- կանոն 5-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Կանոն 5. Բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրության նախագիծը
1. Բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի (այսուհետ` բանկ) կանոնադրության նախագիծը ներառում է`
ա) հիմնադիր բանկի անվանումը (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում),
բ) բանկի լրիվ և կրճատ ֆիրմային անվանումը,
գ) բանկի գտնվելու վայրը,
դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի համար` տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակները (սովորական և արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի ձևերը, յուրաքանչյուր տեսակի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները,
ե) բանկի հայտարարած կանոնադրական հիմնադրամի չափը,
զ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի համար` մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասի, նրանց ներդրած ավանդների կազմի և կարգի, ավանդները ներդնելու պարտականությունները խախտելու համար պատասխանատվության մասին տեղեկություններ,
է) բանկի կառավարման մարմինների կառուցվածքը, իրավասությունը և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը,
ը) բանկի հիմնադիրների և մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը` ներառյալ այն հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն ընկերության կառավարման մարմինները` պարզ մեծամասնությամբ կամ միաձայն,
թ) տեղեկություններ բանկի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և գործառնական գրասենյակների (կետերի) ստեղծման և լուծարման մասին,
ժ) բանկի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների ցանկը,
ժա) հիմնադիր բանկի կողմից բանկին տրված լիազորությունները (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում),
ժբ) բանկի նկատմամբ հիմնադիր բանկի կողմից հսկողություն իրականացնելու կարգը (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում),
ժգ) բանկի լուծարման կարգը (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում):
2. Կանոնադրության նախագիծը կարող է ներառել նաև օրենքներով և այլ իրավական ակտերով չնախատեսված և դրանց չհակասող այլ դրույթներ».
- կանոն 14-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Կանոն 14. Բանկի մասնաճյուղերի գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի մասնաճյուղերը հիմնադրվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով: Այլ պետությունների տարածքներում բանկերի մասնաճյուղերը հիմնադրվում են տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից` մասնաճյուղի ստեղծման մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
ա) բանկի միջնորդագիրը,
բ) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը, կամ արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղ բացելու մասին,
գ) մասնաճյուղի հաստատված կանոնադրությունը` սույն կանոնի 3-րդ մասով նախատեսված դրույթներով,
դ) բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7), ինչպես նաև մասնագիտական համապատասխանության և որակավորման վկայականի պատճենը,
ե) ստեղծվող մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը,
զ) մասնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպես նաև մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշերին համապատասխանելու մասին փաստաթուղթ, բացառությամբ գլխամասի հետ միացված գործող համակարգչային ցանցի, որը միացվում է մասնաճյուղի գրանցվելուց հետո Կենտրոնական բանկի խորհրդի` մասնաճյուղի գրանցման մասին որոշմամբ սահմանված ժամկետում,
է) մասնաճյուղի գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը:
3. Բանկի մասնաճյուղի կանոնադրությունում նշվում են`
ա) հիմնադիր բանկի անվանումը,
բ) մասնաճյուղի լրիվ և կրճատ անվանումը,
գ) մասնաճյուղի գտնվելու վայրը,
դ) մասնաճյուղի ղեկավարների լիազորությունները,
ե) մասնաճյուղի նկատմամբ հիմնադիր բանկի կողմից հսկողություն իրականացնելու կարգը,
զ) բանկի կողմից մասնաճյուղին տրված լիազորությունները,
է) մասնաճյուղի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունները,
ը) մասնաճյուղի լուծարման կարգը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր ստեղծելիս ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը և մասնաճյուղի ստեղծման համառոտ տնտեսագիտական հիմնավորումը, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց հետո հաշվառվում նրա կողմից` ներկայացնելով գրանցման փաստը վկայող փաստաթղթեր».
- կանոն 17-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Կանոն 17. Բանկի կամ օտարերկրյա բանկի ներկայացուցչության գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը: Գրանցումը կամ գրանցման մերժումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացուցչություններ գրանցելու համար ներկայացուցչություն ստեղծելու մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) հիմնադիր բանկի միջնորդագիրը,
բ) ներկայացուցչություն բացելու հիմնավորումը,
գ) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` ներկայացուցչություն բացելու մասին,
դ) ներկայացուցչության կանոնադրությունը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա բանկի ներկայացուցչություն գրանցելու համար ներկայացվում են սույն կանոնի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը և օտարերկրյա բանկի կանոնադրության պատճենը:
3. Ներկայացուցչությունը գրանցելու միջնորդագիրը ներկայացնելուց հետո օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկի նախագահի հրամանով ներկայացուցչությունը գրանցվում է, և նրան տրվում է գրանցման վկայական (հավելված 14):
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացուցչություններ ստեղծելու համար ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը և ներկայացուցչությունների ստեղծման համառոտ տնտեսագիտական հիմնավորումը, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց հետո հաշվառվում նրա կողմից` ներկայացնելով գրանցման փաստը վկայող փաստաթղթեր:
5. Կենտրոնական բանկի նախագահը կարող է մերժել բանկի կամ օտարերկրյա բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը կամ համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող ներկայացուցչության ստեղծմանը, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,
բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,
գ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը».
- կանոն 23-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Կանոն 23. Բանկի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների ստեղծման ու լուծարման վերաբերյալ տեղեկությունների գրանցման համար Կենտրոնական բանկ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց գրանցումը կամ գրանցման մերժումը
1. Բանկի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը կատարվում է սույն կանոնակարգի գլուխ 5-ով նախատեսված կարգով:
2. Բանկի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների լուծարման վերաբերյալ տեղեկությունների գրանցման համար բանկը տարածքային ստորաբաժանման լուծարման մասին իրավասու մարմնի կողմից կայացրած որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում գրավոր ծանուցմանը կից Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,
- փոփոխությունների վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը,
- բանկի փոփոխված կանոնադրությունը (մասնաճյուղերի և ներկայացուցչությունների համար),
- բանկի տարածքային ստորաբաժանման փոխանցման ակտը և լուծարային հաշվեկշիռը (մասնաճյուղերի համար):
3. Սույն կանոնով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը քննարկվում են սույն կանոնակարգի 22 կանոնով նախատեսված կարգով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: