Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՄԻԱՅՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՄԻԱՅՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                    Վարչական գործ

    դատարանի որոշում                         թիվ ՎԴ/6829/05/14

    Վարչական գործ թիվ ՎԴ/6829/05/14          2021 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Ներսես, Խաչատուր և Սերգեյ Հակոբյանների և Էլեոնորա Մաիլովայի ընդդեմ Երևան համայնքի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ Արմեն Թերեզյանի` Երևան քաղաքի Արարատյան 37 և 37/2 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Երևան համայնքի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, Երևանի քաղաքապետի 16.07.2013 թվականի թիվ 3542-Ա որոշումը և, որպես հետևանք, Արմեն Թերեզյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը վերացնելու և Երևան քաղաքի Արարատյան փողոցի հ. 37 (այդ թվում 37/2) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն իրենց անհատույց փոխանցելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ներսես, Խաչատուր և Սերգեյ Հակոբյանների ու Էլեոնորա Մաիլովայի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյանները և Էլեոնորա Մաիլովան պահանջել են վերացնել Երևանի քաղաքապետի 28.12.2011 թվականի թիվ 7159-Ա որոշումը, Երևան քաղաքի Արարատյան 37 և 37/2 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Երևան համայնքի անվամբ կատարված 04.07.2012 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումները, Երևանի քաղաքապետի 16.07.2013 թվականի թիվ 3542-Ա որոշումը և, որպես հետևանք, Արմեն Թերեզյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, և պարտավորեցնել Երևան համայնքին ընդունել բարենպաստ վարչական ակտ Երևան քաղաքի Արարատյան փողոցի հ. 37 (այդ թվում 37/2) հասցեում գտնվող անշարժ գույքի (175,58 քմ բնակելի տուն, 10,9 քմ և 30,73 քմ օժանդակ շինությունների և 0,037846 հա հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքն իրենց անհատույց փոխանցելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2018 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը մասնակիորեն` Երևանի քաղաքապետի 28.12.2011 թվականի թիվ 7159-Ա որոշումը վերացնելու պահանջի մասով, կարճվել է:

Դատարանի` նույն օրը կայացված վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. անվավեր են ճանաչվել Երևան քաղաքի Արարատյան 37 և 37/2 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Երևան համայնքի անվամբ համապատասխանաբար 04.07.2012 և 29.04.2013 թվականներին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները (վկայականներ թիվ 04072012-01-1045 և թիվ 29042013-01-0095), Երևանի քաղաքապետի 16.07.2013 թվականի թիվ 3542-Ա որոշումը և Արմեն Թերեզյանի անվամբ 04.09.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական թիվ 04092013-01-0004), մնացած մասով հայցը մերժվել է: Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյանների և Էլեոնորա Մաիլովայի հայցը` Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության դեմ ներկայացված մասով մերժվել է ոչ պատշաճ պատասխանողների դեմ ուղղված լինելու պատճառով:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.09.2018 թվականի որոշմամբ Դատարանի 06.06.2018 թվականի վճռի դեմ Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյանների և Էլեոնորա Մաիլովայի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյանները և Էլեոնորա Մաիլովայն (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը և 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ որևէ նորմ, որն արգելում է վերաքննիչ բողոք բերել վճռի պատճառաբանական մասի դեմ:

Վերաքննիչ դատարանը պետք է վերաքննիչ բողոքն ընդուներ վարույթ, քններ և վճիռը փոփոխեր ու կրկին պատճառաբաներ` վերաքննիչ բողոքում ներկայացված հիմնավորումների սահմաններում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը սխալ հիմնավորումներով առհասարակ մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը, որի հետևանքով բողոք բերած անձանց զրկել է դատական պաշտպանության իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 07.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական դատարանի վճիռը միայն պատճառաբանական մասով բողոքարկվելու դեպքում վերաքննիչ բողոքի ընդունումը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից այն բերված լինելու հիմքով մերժելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վարչական դատարանի վճիռը միայն պատճառաբանական մասով բողոքարկվելու դեպքում այդ բողոքի ընդունումը ենթակա է մերժման` վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով:

 

3.1. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

Ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Եվրոպական դատարանն իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, համաձայն որի` Եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, ապա 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է տրամադրվեն (տե՛ս, օրինակ, Staroszczyk v. Poland գործով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում ձևավորել է այն դիրքորոշումը, որ դատական ակտի բողոքարկման կամ վերաքննության իրավունքը թեև վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարաններ ստեղծված լինելու պարագայում հանդիսանում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների բաղադրատարր, այնուամենայնիվ, նշված իրավունքները բացարձակ չեն և ենթակա են որոշակի սահմանափակման (տե՛ս, օրինակ, ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Այսպես`

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` կողմերն իրավունք ունեն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները:

Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն բողոքարկելու դատական ակտերը, ընդ որում, գործն ըստ էության լուծող դատական ակտերն առանց բացառության, իսկ միջանկյալ դատական ակտերի դեպքում` այն ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք առավել հաճախ բերում է դատավարության այն մասնակիցը, որը գործի ելքում դատավարական իմաստով պարտվել է, այսինքն` դատավարության այն մասնակիցը, ի վնաս որի կայացվել է վճիռը: Սակայն գործնականում հանդիպում են դեպքեր, երբ դատավարության այս կամ այն մասնակիցը, համաձայն լինելով վճռի եզրափակիչ մասին, համաձայն չէ դրա պատճառաբանական մասին (դրա մի մասին): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանելով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու` դատավարության մասնակիցների իրավունքը, օրենսդիրն այդ իրավունքի իրացումը որևէ կերպ չի պայմանավորել դատական ակտի եզրափակիչ մասի` դատավարության տվյալ մասնակցի համար ամբողջությամբ կամ մի մասով անբարենպաստ լինելու հետ: Դա նշանակում է, որ դատավարության մասնակիցների` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու իրավունքը երաշխավորվում է` առանց այդ դատական ակտերի միջև տարանջատման` ի վնաս կամ հօգուտ դատավարության տվյալ մասնակցի լինելու չափանիշով:

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճիռը միայն պատճառաբանական մասով (դրա մի մասով) բողոքարկելը ևս ինքնանպատակ չէ: Նման հնարավորություն ապահովելու անհրաժեշտությունը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է այն հանգամանքով, որ դատավարության մասնակիցների համար հետևանքներ է առաջացնում, նրանց իրավունքները և պարտականությունները շոշափում է վճռի ոչ միայն եզրափակիչ մասը, այլև պատճառաբանական մասը: Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի նախադատելիության հարցին, արձանագրել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով` թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա: Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե՛ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական գործով կայացված վճիռը, ուժի մեջ մտնելով, ի թիվս այլ հատկանիշների (պարտադիրություն, անհերքելիություն, կատարելիություն), ձեռք է բերում նաև նախադատելիության հատկանիշ, որի հիման վրա էլ այդ դատական ակտով հաստատված փաստերը նույն կողմերի միջև (անձանց մասնակցությամբ) նոր վարչական կամ քաղաքացիական գործ քննելիս, որպես ընդհանուր կանոն, պարտադիր նշանակություն են ունենում դատավարության մասնակիցների և դատարանի համար և ներմուծվում են նոր կայացվող դատական ակտում` որպես այլևս ապացուցման կարիք չունեցող փաստեր: Հետևաբար վճռով վարչական դատարանի կողմից որոշակի փաստերի հաստատումը դատավարության մասնակիցների համար էական նշանակություն կարող է ունենալ ոչ միայն տվյալ վարչական գործի ելքի վրա դրանց ունեցած ազդեցության ուժով, այլև այն կարող է ազդել նրանց մասնակցությամբ վարչական կամ քաղաքացիական այլ գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակի որոշման վրա` դրանց կազմից բացառելով նախադատելի փաստերը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նաև սրանով պայմանավորված` վարչական դատավարության մասնակիցների համար պետք է նաև ապահովվի վճիռը միայն պատճառաբանական մասով բողոքարկելու հնարավորությունը:

Այսպիսով, վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել ինչպես այն դեպքում, երբ գործն ամբողջությամբ կամ մասնակիորեն լուծվել է ի վնաս բողոք բերող անձի, այնպես էլ այն դեպքում, երբ վերջինս համաձայն չէ այդ դատական ակտի միայն պատճառաբանական մասին (դրա մի մասին):

 

3.2. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը: Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`

1) նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում անձը չի վերացրել բողոքում առկա սխալները, որոնց չվերացնելն արգելք է բողոքի քննության համար, կամ բողոքը բերել է նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ կամ նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

3) բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.

4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որն ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման: Ընդ որում, վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու վերը նշված հիմքերը սպառիչ են, ուստի վերաքննիչ դատարանն իրավասու չէ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել այլ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածով չնախատեսված որևէ հիմքով:

Հաշվի առնելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքին (բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի): Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված իրավանորմը ենթակա է մեկնաբանման` հաշվի առնելով նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի կարգավորումը: Ինչպես նշվեց, այդ հոդվածով սահմանված է վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու` դատավարության մասնակցի իրավունքը, հետևաբար վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ դատավարության մասնակցի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը (անկախ այն հանգամանքից, թե դատական ակտը բողոքարկվում է միայն պատճառաբանական, թե նաև եզրափակիչ մասով) չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով:

Այսպիսով, վարչական դատարանի վճիռը դատավարության մասնակցի կողմից միայն պատճառաբանական մասով բողոքարկվելու դեպքում վերաքննիչ բողոքի ընդունումը չի կարող մերժվել` վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով:

 

Սույն վարչական գործը հարուցվել է Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյանների և Էլեոնորա Մաիլովայի հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են վերացնել Երևանի քաղաքապետի 28.12.2011 թվականի թիվ 7159-Ա որոշումը, Երևան քաղաքի Արարատյան 37 և 37/2 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Երևան համայնքի անվամբ կատարված 04.07.2012 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումները, Երևանի քաղաքապետի 16.07.2013 թվականի թիվ 3542-Ա որոշումը և, որպես հետևանք, Արմեն Թերեզյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, և պարտավորեցնել Երևան համայնքին ընդունել բարենպաստ վարչական ակտ Երևան քաղաքի Արարատյան փողոցի հ. 37 (այդ թվում 37/2) հասցեում գտնվող անշարժ գույքի (175,58 քմ բնակելի տուն, 10,9 քմ և 30,73 քմ օժանդակ շինությունների և 0,037846 հա հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքն իրենց անհատույց փոխանցելու վերաբերյալ:

Դատարանը 06.06.2018 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը մասնակիորեն` Երևանի քաղաքապետի 28.12.2011 թվականի թիվ 7159-Ա որոշումը վերացնելու պահանջի մասով, կարճել է:

Դատարանի` նույն օրը կայացրած վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. անվավեր են ճանաչվել Երևան քաղաքի Արարատյան 37 և 37/2 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Երևան համայնքի անվամբ համապատասխանաբար 04.07.2012 և 29.04.2013 թվականներին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները (վկայականներ թիվ 04072012-01-1045 և թիվ 29042013-01-0095), Երևանի քաղաքապետի 16.07.2013 թվականի թիվ 3542-Ա որոշումը և Արմեն Թերեզյանի անվամբ 04.09.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական թիվ 04092013-01-0004), մնացած մասով հայցը մերժվել է: Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյանների և Էլեոնորա Մաիլովայի հայցը` Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության դեմ ներկայացված մասով մերժվել է ոչ պատշաճ պատասխանողների դեմ ուղղված լինելու պատճառով:

Վերաքննիչ դատարանը 07.09.2018 թվականի որոշմամբ Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյանների և Էլեոնորա Մաիլովայի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարանը չունի այն անձի բողոքը քննելու լիազորություն, հօգուտ որի դատական ակտ է կայացվել, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ, վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, քանի որ բողոքը համարվում է ներկայացված անձանց կողմից, ովքեր դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեն:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, դատավարության մասնակիցների համար սահմանելով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավական հնարավորություն, չի բացառել դատական ակտը միայն պատճառաբանական մասով բողոքարկելու հնարավորությունը: Հետևաբար Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյանները և Էլեոնորա Մաիլովան, չհամաձայնելով վճռում տեղ գտած պատճառաբանություններին, որպես դատավարության մասնակիցներ իրավունք ունեն բողոքարկելու Դատարանի 06.06.2018 թվականի վճիռը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ տվյալ դեպքում Դատարանի 06.06.2018 թվականի վճիռը բողոքարկելով` Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյանները և Էլեոնորա Մաիլովան նպատակ են ունեցել վերաքննության կարգով գնահատման առարկա դարձնել Դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտով որոշակի փաստերի հաստատումը, ինչին բողոք բերած անձինք չեն համաձայնել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ փաստերը կարող են Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում դառնալ նախադատելի, ուստի դատավարության մասնակիցների (այդ թվում` բողոք բերած անձանց) համար պետք է ապահովվի վերաքննիչ բողոք բերելու միջոցով Դատարանի կողմից այդ փաստերի հաստատումը վիճարկելու հնարավորություն:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ տվյալ դեպքում բացակայում է վերաքննիչ բողոքը քննելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված` վերաքննիչ դատարանի համապատասխան լիազորություն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքով Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյանները և Էլեոնորա Մաիլովան խնդրել են «մասնակի բեկանել և փոփոխել ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/6829/05/14 վարչական գործով 06.06.2018 թվականին կայացված դատական ակտը և կայացնել նոր դատական ակտ` հիմք ընդունելով վերաքննիչ բողոքում ներկայացված հիմնավորումները»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը, ի թիվս այլ լիազորությունների, մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ իրավիճակում կարող է կիրառվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վերաքննիչ դատարանի լիազորությունը: Մասնավորապես` սույն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունվելու և քննվելու դեպքում հնարավոր են հետևյալ իրավիճակները.

ա) բողոքը հիմնավոր չէ, որի դեպքում կիրառելի կլինի վերաքննիչ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը.

բ) բողոքը հիմնավոր է, որի դեպքում այն, միևնույն է, բավարար չէ բողոքարկվող դատական ակտը բեկանելու համար: Դա նշանակում է, որ այդ դեպքում ևս կիրառելի կլինի վերաքննիչ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում բողոքը հիմնավոր լինելը վկայում է դատական ակտը (մասնակիորեն) սխալ պատճառաբանված լինելու մասին, անհրաժեշտ կլինի նաև պատճառաբանել անփոփոխ թողնված դատական ակտը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Դատարանի 06.06.2018 թվականի վճռի դեմ Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյանների և Էլեոնորա Մաիլովայի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով` Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձանց զրկել է Դատարանի 06.06.2018 թվականի վճիռը բողոքարկելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հնարավորությունից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 21 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.05.2021
N ՎԴ/6829/05/14
Որոշում