ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԷԴ/2720/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/2720/02/14 2021 թ.
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ` Գ. Խանդանյան
Տ. Նազարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2021 թվականի մարտի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանի ներկայացուցիչ Հակոբ Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Պայծառ Խաչատրյանի, Հակոբ Խաչատրյանի իրավահաջորդներ Անահիտ Պետրոսյանի, Սյուզի Գրիգորյանի, Նարեկ և Էժենի Խաչատրյանների ընդդեմ Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանի, ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` ժառանգական ամբողջ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և շինության մասով ժառանգության վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու, ժառանգությունը բաժանելու և առանձնացնելու պահանջների մասին և ըստ Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Պայծառ Խաչատրյանի, Անահիտ Պետրոսյանի, Սյուզի Գրիգորյանի, Նարեկ և Էժենի Խաչատրյանների, ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձինք Նվարդ, Նարինե, Մելինե, Լուիզա Խաչատրյանների` ժառանգական ամբողջ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Պայծառ Խաչատրյանը, Հակոբ Խաչատրյանի իրավահաջորդներ Անահիտ Պետրոսյանը, Սյուզի Գրիգորյանը, Նարեկ և Էժենի Խաչատրյանները պահանջել են`
- անվավեր ճանաչել Երևանի «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Է. Շաբոյանի (այսուհետ` Նոտար) կողմից 05.02.2013 թվականին տրված թիվ 882 և թիվ 883 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի` ժառանգության զանգվածի մեջ ընդգրկված շինության չափերի վերաբերյալ գրառումները և հաստատված համարել այդ գրառումները հետևյալ չափերով` ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 81,4 քմ ընդհանուր մակերեսից, որից 60,8 քմ-ն բնակելի մակերես է և 20,6 քմ-ն օժանդակ մակերես է,
- Երևան քաղաքի Սարի Թաղ 28-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքից որպես առանձնացված սեփականություն առանձնացնել Պայծառ, Հակոբ Խաչատրյանների իրավահաջորդներ Անահիտ Պետրոսյանի, Սյուզի Գրիգորյանի, Նարեկ և Էժենի Խաչատրյանների 2/3 բաժնեմասը` 301,65 քմ հողատարածքը և դրա վրա գտնվող 44,2 քմ ներքին մակերեսով օրինական և 99,7 քմ ներքին մակերեսով կարգավիճակը չորոշված շինությունները, իսկ 25,7 քմ մակերեսով հողատարածքը թողնել Երվանդ Խաչատրյանին որպես ընդհանուր սեփականություն, որից կողմերից յուրաքանչյուրին պատկանող մակերեսը կազմում է 12,85 քմ` բաժնեմասի առանձնացումը կատարելով «Էքսպերտ Գրուպ» ՍՊԸ-ի 18.07.2016 թվականի թիվ 15-071 փորձագիտական եզրակացությանը կից հավելված 2-րդ հատակագծի համապատասխան,
- Երվանդ Խաչատրյանին վտարել վիճելի հասցեում գտնվող` առանձնացվող 301,65 քմ հողատարածքից և դրա վրա գտնվող 44,2 քմ և 99,7 քմ շինություններից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանը պահանջել է Երվանդ Խաչատրյանին փաստացի տիրապետման հիմքով ճանաչել վիճելի հասցեում գտնվող ամբողջ անշարժ գույքի ժառանգությունն ընդունած ժառանգ և անվավեր ճանաչել Նոտարի կողմից 05.02.2013 թվականին Պայծառ և Հակոբ Խաչատրյաններին տրված թիվ 882 և թիվ 883 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 23.04.2018 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.08.2018 թվականի որոշմամբ Պայծառ Խաչատրյանի ներկայացուցչի և Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 23.04.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ, 1186-րդ, 1222-րդ, 1225-րդ, 1226-րդ և 1227-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Քրիստինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժելիս եզրահանգել է, որ վերջինս Դատարան, այդ թվում` Վերաքննիչ դատարան չի ներկայացրել ապացույց առ այն, որ Երվանդ Խաչատրյանը հանդիսանում է Օժեն Տեր-Պետրոսյանի և Գաբրիել Խաչատրյանի ժառանգը, սակայն այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ Երվանդ Խաչատրյանի` Օժեն Տեր-Պետրոսյանի և Գաբրիել Խաչատրյանի ժառանգը հանդիսանալու վերաբերյալ փաստը վիճելի չի եղել և Դատարանում չի վիճարկվել: Ավելին, հայցվորները որպես ժառանգության 1/3 մասն ընդունած ժառանգ ճանաչել են Երվանդ Խաչատրյանին և հենց այդ հիմքով էլ վերջինիս ներգրավել են որպես պատասխանող:
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ներկայացված ապացույցները, մասնավորապես` Քրիստինե Խաչատրյանի ներկայացուցչի կողմից 23.07.2018 թվականին փոստային ծառայության միջոցով Վերաքննիչ դատարան ուղարկված Երվանդ Խաչատրյանի ծննդյան վկայականի բնօրինակը:
Վերաքննիչ դատարանը բողոքարկված որոշմամբ չի անդրադարձել Քրիստինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ու հիմնավորումներին և Դատարանի վճիռը չի վերանայել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերի և հիմնավորումների սահմաններում, ինչն էլ ակնհայտորեն հանգեցրել է գործի սխալ լուծմանը, և արդյունքում խախտվել է հակընդդեմ հայցով հայցվորի իրավահաջորդի արդար դատաքննության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 30.08.2018 թվականի որոշումը` Քրիստինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, և փոփոխել այն` հակընդդեմ հայցը բավարարել կամ հակընդդեմ հայցի մասով գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Գաբրիել Խաչատրյանի և Օժեն Տեր-Պետրոսյանի ամուսնության վկայականի պատճենի համաձայն` ամուսնությունը գրանցվել է 01.11.1949 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 60):
2) 25.04.1994 թվականին տրված սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Սարի Թաղ 28-րդ փողոցի թիվ 3 տան սեփականատեր է հանդիսանում Գաբրիել Խաչատրյանը: Գույքը բաղկացած է 56 քմ բնակելի, 20,8 քմ մակերեսներով շինություններից և 480 քմ մակերեսով հողատարածքից (հատոր 1-ին, գ.թ. 25-26):
3) Թիվ ԱԱ 129511 մահվան վկայականի համաձայն` Գաբրիել Խաչատրյանը մահացել է 19.04.2000 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 55):
4) Թիվ ԱԲ 061876 մահվան վկայականի համաձայն` Օժեն Տեր-Պետրոսյանը մահացել է 02.04.2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 56):
5) 21.10.1952 թվականին տրված թիվ ԶԺ 508395 ծննդյան վկայականի համաձայն` Պայծառ և Հակոբ Խաչատրյանների հայրը հանդիսանում է Գաբրիել Խաչատրյանը, իսկ մայրը` Օժեն Տեր-Պետրոսյանը (հատոր 1-ին, գ.թ. 59-60):
6) 05.02.2013 թվականին տրված, սեղանամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 882 վկայագրում նշվել է, որ Գաբրիել Խաչատրյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում որդին` Հակոբ Խաչատրյանը, և դուստրը` Պայծառ Խաչատրյանը: Ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Սարի Թաղ 28-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/3 բաժնից: Անշարժ գույքի 1/6 բաժնի նկատմամբ դեռևս ժառանգության վկայագիր տրված չէ: Սեղանամատյանում գրանցված թիվ 883 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Օժեն Տեր-Պետրոսյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում որդին` Հակոբ Խաչատրյանը և դուստրը` Պայծառ Խաչատրյանը: Նշված անշարժ գույքի 1/2 մասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ հոդվածի համաձայն` պատկանել է Օժեն Տեր-Պետրոսյանին: Անշարժ գույքի 1/6 բաժնի նկատմամբ դեռևս ժառանգության վկայագիր տրված չէ (հատոր 1-ին, գ.թ. 57, 58):
7) Կադաստրի 30.04.2013 թվականի տեղեկանքի համաձայն` թիվ 882 և թիվ 883 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերից ծագող իրավունքի պետական գրանցում չի կատարվել (հատոր 1-ին, գ.թ. 62):
8) Թիվ ԱԲ 203768 մահվան վկայականի համաձայն` Հակոբ Խաչատրյանը մահացել է 14.12.2014 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 15.12.2014 թվականին կատարվել է թիվ 9186 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 106):
9) Թիվ ԱԲ 253749 մահվան վկայականի համաձայն` Երվանդ Խաչատրյանը մահացել է 08.11.2016 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 09.11.2016 թվականին կատարվել է թիվ 8042 գրանցումը (հատոր 3-րդ, գ.թ. 78):
10) ՀՀ Էրեբունի նոտարական տարածքի նոտարի 06.07.2017 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Երվանդ Խաչատրյանի գույքի նկատմամբ ժառանգ է համարվում վերջինիս իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանը (հատոր 4-րդ, գ.թ. 6):
11) 25.07.2018 թվականին Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանի ներկայացուցիչը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել Երվանդ Խաչատրյանի ծննդյան վկայականը` հայտնելով, որ այն իրենցից անկախ պատճառներով ստորադաս դատարան չի ներկայացվել, քանի որ նշված փաստը չի վիճարկվել հայցվորների կողմից, և խնդրել է, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածով, հետազոտել նաև Երվանդ Խաչատրյանի ծննդյան վկայականը (հատոր 7-րդ, գ.թ. 1-2):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ`
1) վերաքննության սահմաններին.
2) վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույց ընդունելու նախադրյալներին:
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու, վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու և յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ իր եզրահանգումն արտահայտելու անհրաժեշտությանը (տե՛ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումները):
Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս ընդգծում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ` բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Այսինքն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին կարող է չանդրադառնալ այն դեպքում, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման օրենքով սահմանված հիմք:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակցող անձը վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացվել առաջին ատյանի դատարան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապացույցը չի կարող համարվել առաջին ատյանի դատարանում գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներում չներկայացված, եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այն գոյություն չի ունեցել կամ գործին մասնակցող անձի տիրապետման տակ չի եղել, սակայն գործին մասնակցող անձը այն ձեռք բերելու և առաջին ատյանի դատարան ներկայացնելու կամ նույն օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջելու հնարավորություն է ունեցել:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը հետազոտում է այն ապացույցները`
1) որոնց թույլատրելիությունը, վերաբերելիությունը կամ արժանահավատությունը վիճարկվում են վերաքննիչ բողոքում.
2) որոնք գործին մասնակցող անձի պնդմամբ իր կամքից անկախ հանգամանքներում չեն ներկայացվել դատարան և գործի քննության համար ունեն էական նշանակություն:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը նոր ներկայացրած ապացույցները հետազոտում է միայն դրանց` գործի քննության համար էական նշանակություն ունենալու տեսանկյունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույցներ ընդունելու նախադրյալներին` արձանագրելով, որ վերաքննիչ դատարանն իրավասու չէ նոր ապացույց ընդունելու, բացառությամբ այն դեպքի, երբ կողմերի կողմից ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել նրանց կամքից անկախ հանգամանքներով: Ընդ որում, ապացույցը պետք է էական նշանակություն ունենա գործի լուծման համար: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում նոր ապացույցը պետք է օբյեկտիվորեն առկա լինի, սակայն կողմերի կամքից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացվի: Եթե ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ներկայացնելու համար արգելքներ չեն եղել, ապա այն վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել և վճռի բեկանման հիմքում դրվել չի կարող: Կողմերի կամքից անկախ ապացույցը չներկայացնելը կարող է պայմանավորված լինել օբյեկտիվ հանգամանքներով, որի արդյունքում կողմը չի կարողացել ձեռք բերել և ներկայացնել այն առաջին ատյանի դատարանում կամ դատարանի այնպիսի գործողություններով, որոնցով վերջինս անհիմն մերժել է ապացույցի կցումը գործի նյութերին կամ այն ձեռք բերելու վերաբերյալ կողմի միջնորդությունը, կամ դատավարական իրավունքների խախտման պայմաններում կողմը հնարավորություն չի ունեցել դատարան ներկայացնելու այդ ապացույցը (տե՛ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Պապյանի թիվ ՀՔԴ3/0049/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Համբարձում Բեգլարյանի ու Արմեն Գրիգորյանի թիվ ԳԴ4/0092/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ընդդեմ Վաչագան Մերթարչյանի, Հայկուհի Բրսիկյանի և Բավական Խանձրածյանի` թիվ ԳԴ/0199/02/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2018 թվականի որոշումները):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը հակընդդեմ հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայց ներկայացրած Քրիստինե Խաչատրյանն ապացույց չի ներկայացրել իր և ժառանգատուների ազգակցական կապը հաստատելու վերաբերյալ, որպիսի հանգամանքը թույլ չի տալիս դատարանին լուծել ժառանգությունը փաստացի ընդունելու հարցը:
Վերաքննիչ դատարանը Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով դատարան դիմած Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանը ո՛չ Դատարանում, ո՛չ Վերաքննիչ դատարանում ապացույց չի ներկայացրել իր և ժառանգատուների ազգակցական կապը հաստատելու վերաբերյալ, որպիսի հանգամանքը թույլ չի տալիս դատարանին լուծել ժառանգությունը փաստացի ընդունելու հարցը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը բերել է ստորև նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում.
Դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ չի գնահատել քաղաքացիական գործում առկա` Էրեբունի վարչական շրջանի թիվ 11 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Է. Սիմոնյանի 16.11.2015 թվականի տեղեկանքը, ինչպես նաև 29.11.2017 թվականի գրությունը, որոնցով հաստատվում է այն հանգամանքը, որ ինչպես Գաբրիել Խաչատրյանի այնպես էլ` Օժեն Տեր-Պետրոսյանի մահից հետո ՀՀ, ք. Երևան, Սարի Թաղ 28 փողոցի 3 տանը փաստացի բնակվել է միայն Երվանդ Խաչատրյանն իր ընտանիքի հետ, և որ Գաբրիել Խաչատրյանի և Օժեն Տեր-Պետրոսյանի մահից հետո նրանց ոչ մի այլ ժառանգ չի բնակվել ՀՀ, ք. Երևան, Սարի Թաղ 28 փողոցի 3 տանը: Դատարանն անտեսել է այն իրողությունը, որ Գաբրիել Խաչատրյանի և Օժեն Տեր-Պետրոսյանի մահից հետո ՀՀ, ք. Երևան, Սարի Թաղ 28 փողոցի 3 տանը բացառապես Երվանդ Խաչատրյանի բնակվելու և սկզբնական հայցվորներ Պայծառ և Հակոբ Խաչատրյաններ` նշված հասցեում երբևէ չբնակվելու հանգամանքը թիվ ԵԷԴ/2720/02/14 քաղաքացիական գործով 11.12.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ժամանակ ընդունել է նաև սկզբնական հայցվորների ներկայացուցիչ Ժաննա Կիրակոսյանը:
Դատարանը Գաբրիել Խաչատրյանի ժառանգության մասով 05.02.2013 թվականի սեղանամատյանի 882 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով հակընդդեմ հայցը մերժել էր` հղում կատարելով մի ապացույցի վրա, որը ոչ նոտարական գործում և ոչ էլ քաղաքացիական գործում առկա չէ:
Հակընդդեմ հայցվորը դատաքննության ժամանակ ներկայացված բացատրություններով ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու նոր հիմքեր չի ներկայացրել, ուստի Դատարանի պնդումները դատաքննության փուլում հայցի հիմքն առանց դատարանի թույլտվության փոխելու վերաբերյալ անհիմն են:
Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Պայծառ և Հակոբ Խաչատրյանները իրենց հոր` Գաբրիել Խաչատրյանի ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ դիմումը ներկայացրել են 03.12.2012 թվականին, այսինքն` Գաբրիել Խաչատրյանի մահից մոտ 12 տարի հետո: ՀՀ նոտարական պալատի կողմից դատարան ներկայացված ժառանգական գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց առ այն, որ Պայծառ և Հակոբ Խաչատրյաններն իրենց հոր Գաբրիել Խաչատրյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում որևէ ձևով` նոտարական գրասենյակ դիմում ներկայացնելու կամ ժառանգական գույքը փաստացի տիրապետելու եղանակով, ընդունել են իրենց հոր ժառանգությունը: Դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Օժեն Տեր-Պետրոսյանի ժառանգության մասով 05.02.2013 թվականի սեղանամատյանի 883 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է օրենքի պահանջների խախտումներով` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է մի գույքի նկատմամբ, որը ժառանգատուին չի պատկանել: Դատարանի կողմից խախտվել են և չեն կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ, 1186-րդ, 1222-րդ, 1225-րդ, 1226-րդ, 1227-րդ հոդվածները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի վերոնշյալ հիմքերին և հիմնավորումներին, մինչդեռ պարտավոր էր քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 25.07.2018 թվականին Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանի ներկայացուցիչը Վերաքննիչ դատարան է ներկայացրել Երվանդ Խաչատրյանի ծննդյան վկայականը` հայտնելով, որ այն իրենցից անկախ պատճառներով ստորադաս դատարան չի ներկայացվել, քանի որ նշված փաստը չի վիճարկվել հայցվորների կողմից, և խնդրել է, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածով, հետազոտել նաև Երվանդ Խաչատրյանի ծննդյան վկայականը: Սակայն, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև նոր ապացույց ընդունելու հարցին, մինչդեռ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննարկել նոր ապացույցն ընդունելու հարցը` հաշվի առնելով նոր ապացույց ընդունելու նախադրյալները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը հակընդդեմ հայցի մերժման մասով Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասով բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.01.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն` հակընդդեմ հայցը մերժելու մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2018 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2018 թվականի որոշումը և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.01.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 25 մարտի 2021 թվական: