Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈ ...

11.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.06.2001  -ից մինչեւ   11.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)

i

120.0034.270401

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «27»        04            2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001087

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2001 թվականի N 34

 

i

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «ՀՀ 2001 թ. մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական հիմնական դրույթներ» փաստաթուղթը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ 2001թ. մարդահամար

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության

պետական խորհրդի

20.03.2001 թ.

N 34 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Երևան 2001

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի համաձայն 2001թ. մարդահամարն անցկացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով` բնակչության թվաքանակի, կազմի, սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքի, աշխարհագրական տեղաբաշխման, զբաղվածության (տնտեսական ակտիվության), կրթության և տնտեսությունների բնակարանային պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:

2. Մարդահամարի անցկացման ժամկետը ՀՀ կառավարության 2000թ. փետրվարի 19-ի հ. 78 որոշմամբ սահմանվել է 2001 թվականի հոկտեմբերի 10-ից 19-ը ներառյալ: Որպես բնակչության հաշվառման պահ, այն է` մարդահամարի կրիտիկական պահ, սահմանվում է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերը` ժամը 12-ը:

3. Մարդահամարը սկսվում է հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 8-ին և շարունակվում է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ:

Մարդահամարի հաշվառումն անցկացվում է հատուկ պատրաստված աշխատողների` հաշվարարների կողմից, բնակչությանը հարցում անելու և տեղեկությունները մարդահամարի հարցաթերթում գրանցելու միջոցով` ըստ բնակության վայրի, ներառյալ ժամանակավոր բնակության, այսինքն ըստ այն տան, բնակարանի, որտեղ հարցվողը կգտնվի մարդահամարի պահին:

4. ՀՀ 2001թ. մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա են մարդահամարի կրիտիկական պահին Հայաստանի տարածքում գտնվող (մշտապես և ժամանակավորապես) բոլոր անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի պահին հանրապետությունից բացակայողները:

2001թ. մարդահամարի ժամանակ հաշվառվում է բնակչության երկու կատեգորիա` մշտական, ներառյալ ժամանակավոր բացակայողները և առկա` ներառյալ ժամանակավոր ներկաները:

Մշտապես ներկա, բացակա և ժամանակավոր ներկա անձանց հաշվառման կարգը սահմանվում է ՀՀ 2001թ մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթերը լրացնելու կարգի մասին հրահանգով:

5. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մարդահամարի անցկացման պահին արտասահման են մեկնել ուսման, գործուղման, հանգստի, բուժման, հյուր են գնացել հարազատների և ծանոթների մոտ, շրջագայում են որպես զբոսաշրջիկներ, անկախ մարդահամարի պահի դրությամբ նրանց բացակայության ժամկետից, հաշվեգրվում են իրենց մշտական բնակության վայրում` բացակայության տևողության և պատճառի մասին նշումով:

Արտասահմանում` դիվանագիտական, առևտրական և այլ ներկայացուցչություններում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և նրանց հետ ապրող իրենց ընտանիքի անդամները, ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված կարգով, հաշվեգրվում են արտասահմանում` Հայաստանի ներկայացուցչությունների և հյուպատոսությունների կողմից` առանց բացակայելու կամ ժամանակավոր գտնվելու մասին նշումի, իսկ Հայաստանում ըստ իրենց մշտական բնակության վայրի մարդահամարի հարցաթերթի մեջ ընդհանրապես չեն մտցվում:

Հայաստանում արտասահմանյան պետությունների դիվանագիտական, առևտրական և այլ ներկայացուցչություններում աշխատող, դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև նրանց հետ ապրող իրենց ընտանիքների անդամները, միջազգային իրավական նորմերի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում 2001թ. մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա չեն: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հետ համաձայնեցված կարգով` Հայաստանի հանրապետությունում գործող բոլոր դեսպանատներին, գլխավոր հյուպատոսություններին և միջազգային կազմակերպություններին տեղեկացնում է մարդահամարի անցկացման ժամկետների և կարգի մասին:

Մարդահամարի կրիտիկական պահին գիտական, առևտրական և այլ պատվիրակությունների կազմում Հայաստանում գտնվող, ինչպես նաև ուսման, որպես զբոսաշրջիկ և այլ նպատակներով Հայաստան եկած օտարերկրյա քաղաքացիները հաշվեգրվում են ընդհանուր հիմունքներով, որպես ժամանակավոր ներկաներ:

Հայաստանում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները հաշվեգրվում են ընդհանուր հիմունքներով:

6. Ժամկետային զինվորական ծառայության գործընթացում գտնվող անձինք հաշվեգրվում են իրենց տնային տնտեսությունում` «ՀՀ 2001թ. մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին հրահանգի» համաձայն:

7. Կալանավայրերում, ազատազրկման վայրերում և այլ փակ տարածքներում գտնվող բնակչության առանձին խմբերի մարդահամարն անցկացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից սահմանված և ՀՀ պաշտպանության, ՀՀ ներքին գործերի, ՀՀ ազգային անվտանգության և ՀՀ առողջապահության նախարարությունների հետ համաձայնեցված կարգով և ժամկետներին: Իրենց նախկին բնակավայրերում այդ անձինք մարդահամարի հարցաթերթի մեջ չեն մտցվում:

8. Գնացքներում, կայարաններում և օդանավակայաններում ուղևորները հաշվեգրվում են հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:

9. Այն անձինք, ովքեր մարդահամարի պահին բուժման նպատակով գտնվել են հիվանդանոցներում (եթե նրանց այնտեղ գտնվելը չի գերազանցել մեկ տարուց), ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում (բացի մեկ-երկուօրյա), հյուրանոցներում և նմանատիպ այլ կազմակերպություններում, ինչպես նաև գիշերօթիկ դպրոցներում սովորողները (բացի դրանցում մշտապես բնակվողներից) հաշվեգրվում են որպես ժամանակավոր ներկա, իսկ իրենց մշտական բնակավայրում, եթե նրանց մշտական բնակավայրը չի գտնվում այդ նույն համայնքի տարածքում, որտեղ հիվանդանոցն է, առողջարանը, հանգստյան տունը, ծննդատունը, գիշերօթիկը` որպես բացակայողներ: Այդ անձանց հաշվեգրում են նույն կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից առանձնացված հաշվարարները կամ հիմնական տեղամասերի հաշվարարները (կախված տվյալ կազմակերպություններում առկա տեղերի (մահճակալների) քանակից): Մարդահամարն այդ կազմակերպություններում անցկացվում է մեկ օրվա ընթացքում` հոկտեմբերի 10-ին: Մարդահամարի հետագա օրերին, նոր ժամանած անձանց համար` մարդահամարն անցնելու մասին տեղեկանքի բացակայության դեպքում լրացվում են միայն հսկիչ թերթեր (Ձև 4):

10. Մանկատներում, տուն-ինտերնատներում (ծերերի և հաշմանդամների), խրոնիկական հիվանդների համար նախատեսված հիվանդանոցներում, հյուրանոցներում և նմանատիպ այլ կազմակերպություններում մշտապես (սովորաբար) բնակվողների հաշվառումն անցկացնում են այդ կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից ներկայացված և հրահանգավորված հաշվարարները:

11. Մշտական բնակատեղ չունեցող անձանց` անօթևանների հաշվառումն անցկացվում է նրանց գիշերելու վայրերում հավաքատեղերում, որոնց ցանկը նախապես ճշտվում է ՀՀ ներքին գործերի նախարարության և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների հետ համատեղ: Նման կարգավիճակում գտնվող անձանց հաշվառումն անցկացվում է մեկ գիշերվա ընթացքում` ըստ այդ վայրերում ստեղծված համապատասխան տեղամասերի` մարդահամարի, հրահանգչական կամ հաշվային:

12. 2001թ. Մարդահամարի ծրագրում (հարցաշար) նախատեսվում է ընդգրկել, համատարած դիտարկման, ամբողջ բնակչությանը վերաբերվող հետևյալ անհատական հարցերը` ազգակցական կապը տնային տնտեսության առաջինը գրված անդամի հետ, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդավայրը, քաղաքացիության երկիրը, ազգությունը, մայրենի լեզուն և այլ լեզու, որին ազատ տիրապետում է, ծննդյան օրվանից տվյալ բնակավայրում անընդհատ բնակվելը, գոյության միջոցների աղբյուրները, գիտական աստիճանը կամ կրթությունը, ուսումնական հաստատություն հաճախելը, սովորողների համար` ուսումնական հաստատության տիպը, ամուսնական վիճակը, հիմնական աշխատատեղը, զբաղմունքը հիմնական աշխատատեղում, զբաղվածության կարգավիճակը, աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք ունենալը մարդահամարի հաշվառման պահից մեկ շաբաթ առաջ, աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք չունեցողների համար փնտրու՞մ է արդյոք աշխատանք, թե՞ ոչ, եթե այո, ապա համապատասխան աշխատանք առաջարկելու դեպքում պատրաստ է՞ անցնել աշխատանքի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, առաջին անգամ է՞ փնտրում աշխատանք, իսկ եթե չի փնտրում` նշել պատճառը, 15 և բարձր տարիքի կանանց համար` քանի՞ երեխա է ծննդաբերել և նրանցից քանիսն են ողջ: Տնային տնտեսության բնակության պայմանների վերաբերյալ հետևյալ հարցերը` բնակելի շինության տեսակը, կառուցման ժամանակաշրջանը, արտաքին պատերի շինանյութը, բնակելի շինության բարեկարգվածությունը` ջեռուցման հիմնական աղբյուրը, կերակուր պատրաստելու հիմնական վառելիքը, ջրամատակարարման հիմնական աղբյուրը, լոգարանի կամ ցնցուղի առկայությունը, զուգարանի առկայությունը, ինչպես է կատարվում աղբահանումը, լուսավորման հիմնական աղբյուրը, հեռախոսի առկայությունը, սեփականության ձևը, բնակելի սենյակների քանակը, բնակելի և ընդհանուր մակերեսը:

Բացակա անձանց համար նախատեսված են նաև բացակայության տևողության (ամիսներով), պատճառի, մարդահամարի հաշվառման պահի դրությամբ անձի գտնվելու վայրի մասին հարցերը:

Հայաստանի տարածքում մարդահամարի պահին ժամանակավոր ներկա անձանց համար մարդահամարի հարցաթերթով նախատեսված են հետևյալ հարցերը` մշտական բնակության հասցեն` երկիրը, իսկ Հայաստանի դեպքում` մարզը, համայնքը, բնակավայրը, ժամանակավոր գտնվելու տևողությունը և պատճառը, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդավայրը, գիտական աստիճանը կամ կրթությունը, քաղաքացիության երկիրը, ազգությունը:

Խմբային (ինստիտուցիոնալ) տնտեսություններով բնակվող անձանց համար մարդահամարի հարցաթերթով նախատեսված են հետևյալ անհատական հարցերը` սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդավայրը, քաղաքացիության երկիրը, ազգությունը, մայրենի լեզուն և այլ լեզու, որին ազատ տիրապետում է, գոյության միջոցների աղբյուրները, տվյալ բնակավայրում ծննդյան օրվանից բնակվելու անընդհատությունը, գիտական աստիճանը կամ կրթությունը, ուսումնական հաստատություն հաճախելը, սովորողների համար` ուսումնական հաստատության տիպը, ամուսնական վիճակը, 15 և բարձր տարիքի կանանց համար` քանի՞ երեխա է ծննդաբերել և նրանցից քանի՞սն են ողջ:

13. ՀՀ 2001թ. մարդահամարի ժամանակ բնակչության հարցումն իրականացվում է մարդահամարի հարցաթերթում (մարդահամարի ծրագրով սահմանված) բնակչության յուրաքանչյուր կատեգորիայի և տարիքային խմբի համար նախատեսված հարցերի համաձայն: Մարդահամարի հարցաթերթում հարցերը ձևակերպվում են այնպես, ինչպես հաշվարարն այն ուղղելու է հարցվողին:

14. Համաձայն «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի «Մարդահամարի վերջնական արդյունքներն օգտագործվում են միայն ամփոփ տեղեկություններ ստանալու համար: Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն», 13 հոդվածի համաձայն` «Բնակչության վերաբերյալ անհատական տեղեկություններին տիրապետող աշխատակիցներին արգելվում է որևէ մեկին հաղորդել մարդահամարի լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման դեպքում մարդահամարի աշխատողները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

II. Մարդահամարն անցկացնող մարմինները

 

15. «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի համաձայն, մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման աշխատանքների պատասխանատուն վիճակագրության պետական լիազորված մարմինն է:

Մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման բոլոր աշխատանքներն իրականացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչությունը, մարզերում ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչությունները և դրանց տարածքային բաժինները: Նշված աշխատանքներն իրականացնելու համար մարզային վարչությունների և դրանց տարածքային բաժինների ղեկավարներին, ժամանակավորապես, տրամադրվում են մարդահամարի գծով տեղակալների հաստիքներ:

16. Մարդահամարի անցկացման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար հանրապետության յուրաքանչյուր քաղաքում և տարածքում կազմակերպվում են մարդահամարի, հրահանգչական և հաշվային տեղամասեր:

 

III. Մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքները

 

17. Մարդահամարը ժամանակին անցկացնելու, ինչպես նաև բնակչության հաշվառման լրիվությունն ապահովելու համար հանրապետության ամբողջ տարածքում անհրաժեշտ է իրականացնել հետևյալ նախապատրաստական աշխատանքները (սխեման` տես հավելված 2-ում).

17.1. մինչև 2001թ. մայիսի 1-ը`

- ապահովել ՀՀ քաղաքների և խոշոր գյուղերի (5 հազար և ավելի բնակչություն ունեցող) հատակագծերի ստացումը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՓԲԸ -ից:

17.2. մինչև 2001թ. հունիսի 10-ը`

- իրականացնել քաղաքներում և խոշոր գյուղերում տների (շինությունների) ցուցակների կազմումը: Այդ աշխատանքն իրականացնելու համար հավաքագրել ժամանակավոր աշխատողներ` ցուցակագրողներ: Մեկ ցուցակագրողի միջին օրական աշխատանքային նորման տների (շինությունների) ցուցակում 30 տների գրանցումն է` իրեն հատկացված ցուցակագրման տեղամասի հատակագծի համաձայն: Աշխատանքի տևողությունը 1 ամիս է: Բնակավայրի կառուցապատման բնույթից ելնելով` ծանրաբեռնվածության նորման ենթակա է փոփոխման: Ցուցակների կազմման հետ մեկտեղ ցուցակագրողը ճշտում է նաև բնակավայրի հատակագիծը:

- գյուղական համայնքներում կազմել գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակները: Այն իրականացնում են գյուղապետերի աշխատակազմի քարտուղարները` ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության տարածքային բաժինների աջակցությամբ:

- Ավարտել ցուցակների ընդունումը, և ամփոփ տեղեկագրերը ներկայացնել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն:

17.3. մինչև 2001թ. հունիսի 1-ը` ՀՀ բոլոր բազմաբնակարան շենքերի համար, անկախ սեփականության ձևից և պատկանելությունից, ապահովել «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիրը» հ.1-բնակբնութագիր հաշվետվական ձևերի ստացումը:

17.4. մինչև 2001թ. օգոստոսի 1-ը ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի հետ համատեղ ճշտել քաղաքների սահմանները, ինչպես նաև ապահովել փողոցների անվանումների, թաղամասերի և տների համարակալման կարգավորումը, համարանիշերի և անվանացույցների տեղադրումը:

17.5. 2001թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 1-ը նախնական և վերահսկիչ շրջագայության, մարդահամարի անցկացման և նյութերի հանձնման ժամանակահատվածում ապահովել ժամանակավոր աշխատանքային գրասենյակներով ԱՎԾ-ի մարզային վարչություններին և դրանց տարածքային բաժիններին` կազմակերպված մարդահամարի և հրահանգչական տեղամասերի համար: Դրանցում ապահովել գրասենյակային գույքի և հեռախոսակապի առկայությունը:

18. 2001 թվականի հունիս-հուլիս ամիսներին ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչությունները և դրանց տարածքային բաժիններն իրականացնում են 2001թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման կազմակերպման պլանների կազմումն ըստ տարածքների և մարզերի: Այն ընդգրկում է մարդահամարային շրջանացում (տարածքի բաժանումը մարդահամարի, հրահանգչական և հաշվային տեղամասերի), մարդահամարային կադրերի պահանջարկի հաշվարկ, ինչպես նաև նրանց հավաքագրման և ուսուցման (հրահանգավորման) գրաֆիկի և բնակչության հետ զանգվածային-բացատրական աշխատանքների ծրագրի կազմում:

Տարածքների և քաղաքների բաժանումը մարդահամարի, հրահանգչական և հաշվային տեղամասերի կատարվում է տների (շինությունների) ցուցակների, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների, հյուրանոցների և նմանատիպ այլ կազմակերպությունների ցուցակների ու համապատասխան քարտեզագրական նյութերի, ինչպես նաև մարդահամարային անձնակազմի համար սահմանված ծանրաբեռնվածության միջին նորմաների հիման վրա:

19. Քաղաքներում հիմնական հաշվային տեղամասերը (առանց հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում, հիվանդանոցներում և նմանատիպ այլ կազմակերպություններում ստեղծված հաշվային տեղամասերի) կարող են կազմվել տան (շենքի) մասից, մի անբողջ տնից (շենքից), մեկ տնից (շենքից) և մյուսի մի մասից կամ մի քանի տներից (շենքերից)` ընդգրկելով միջին հաշվով 385 բնակիչ:

Գյուղական վայրերում հաշվային տեղամասերը կարող են կազմվել բնակավայրի մի մասից, ամբողջ բնակավայրից, ինչպես նաև մի քանի բնակավայրերից` ընդգրկելով միջին հաշվով 275 բնակիչ:

Հաշվարարի առավելագույն ծանրաբեռնվածությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի քաղաքներում 450 բնակչից, իսկ գյուղական վայրերում` 320 բնակչից:

Առանձին հաշվային տեղամասերի կարող են բաժանվել միայն այն տները (շենքերը) կամ գյուղական բնակավայրերը, որոնց բնակչության թվաքանակը գերազանցում է մեկ հաշվարարի առավելագույն ծանրաբեռնվածությունը:

Քաղաքներում տարբեր տների (շենքերի) մասերի, իսկ գյուղական վայրերում տարբեր գյուղական բնակավայրերի մասերի միավորումը մեկ հաշվային տեղամասի մեջ չի թույլատրվում:

20. Քաղաքներում մեկ հրահանգչական տեղամասի մեջ, միջին հաշվով, մտնում են 5 հիմնական հաշվային տեղամասեր, իսկ գյուղական բնակավայրերում` 6 հիմնական հաշվային տեղամասեր: Հրահանգիչ-հսկիչի առավելագույն ծանրաբեռնվածությունը չպետք է գերազանցի քաղաքներում 2,0 հազար մարդուց, իսկ գյուղական վայրերում 1,8 հազար մարդուց:

Քաղաքների հրահանգչական տեղամասի մեջ, որպես կանոն, մտնում են մեկ կամ մի քանի հարակից թաղամասեր (զանգվածներ), իսկ գյուղական վայրերում` մեկ կամ մի քանի գյուղական բնակավայրեր: Հրահանգչական տեղամասերի միջև բաժանվում են միայն այն քաղաքային թաղամասերը (զանգվածները), գյուղական բնակավայրերը, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ հրահանգիչ-հսկիչի առավելագույն ծանրաբեռնվածությունը: Չի թույլատրվում քաղաքի տարբեր թաղամասերի (զանգվածների), գյուղական բնակավայրերի մասերը միավորել մեկ հրահանգչական տեղամասի մեջ:

21. Քաղաքային և գյուղական վայրերի մարդահամարի տեղամասում, որպես կանոն, մտնում են միջին հաշվով 9 հիմնական հրահանգչական տեղամասեր: Մարդահամարի տեղամասի առավելագույն ծանրաբեռնվածությունը չպետք է գերազանցի քաղաքներում` 22 հազար մարդուց, իսկ գյուղական վայրերում` 17 հազար մարդուց:

Քաղաքներում և տարածքներում մարդահամարի տեղամասերը ստեղծվում են այն հաշվով, որ պահպանվի վարչատարածքային բաժանման ամբողջականությունը:

22. Մարդահամարի անցկացման տարածքային կազմակերպման պլանները կազմում են ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժինների պետերը` մինչև 2001թ. հուլիսի 10-ը, մարզի ամփոփ կազմպլանները` ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության պետերը` մինչև 2001թ. հուլիսի 20-ը, հանրապետության ամփոփ կազմպլանը` մարդահամարի վարչությունը` մինչև 2001թ.օգոստոսի 10-ը:

«Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվել են ՀՀ 2001թ. մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական (ՀՀ կառավարության 19.02.2000թ. հ.78 որոշում), մարզային և Երևանի քաղաքային հանձնաժողովներ (ՀՀ կառավարության 28.02.2001թ. հ. 149 որոշում):

23. Մարդահամարի նպատակների ու խնդիրների, անցկացման կարգի և ժամկետների մասին բնակչությանը պարբերաբար տեղեկացնելու նպատակով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև դրա մարզային վարչությունների և տարածքային բաժինների կողմից մշակվում են զանգվածային-բացատրական աշխատանքների պլան: Այն պետք է նախատեսի.

- մարդահամարին առնչվող հարցերի լուսաբանումը մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ,

- համապատասխան գունավոր պլակատների, կոչերի, ինչպես նաև թռուցիկների, փոստային ծրարների, օրացույցների և մարդահամարը լուսաբանող այլ նյութերի հրատարակում և տարածում:

 

IV. Մարդահամարային կադրերի հավաքագրումն ու ուսուցումը

 

24. Մարդահամարի անցկացման և նյութերը մեքենայական մշակման նախապատրաստելու ընթացքում հավաքագրվում են համապատասխան որակավորում ունեցող ժամանակավոր աշխատողներ:

Ընդգրկված աշխատողների վճարումը կատարվում է մարդահամարի բյուջեով նախատեսված և աշխատանքային պայմանագրով սահմանված դրույքաչափերով:

25. Մարդահամարի աշխատանքներում ժամանակավորապես ընդգրկված աշխատողների հետ անհատական պայմանագրերը վավերացնում են ՀՀ վիճակագրության մարզային վարչությունների ղեկավարները` նրանց ուսուցումն ու գիտելիքների ստուգումն անցկացնելուց հետո:

26. Մարդահամարի կազմակերպման, անցկացման և նյութերի մշակման համար ժամանակավոր աշխատողները ներգրավվում են հետևյալ ժամկետներով.

- հաշվարարները` 30 օրացուցային օրով,

- հրահանգիչ-հսկիչները` 45 օրացուցային օրով,

- մարդահամարի տեղամասերի վարիչները և նրանց օգնականները`

75 օրացուցային օրով,

- ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության և դրա տարածքային բաժինների պետերի մարդահամարի գծով տեղակալները` 8 ամսով,

- կոդավորողները` չորս ամսով,

- օպերատոր-մուտքագրողները` չորս ամսով:

27. Մարդահամարի կազմակերպման և նյութերի մշակման աշխատանքների անցկացումը պահանջվող կարգով և պատասխանատվությամբ իրականացնելու համար կազմակերպվում է աշխատակազմի և ընդգրկված ժամանակավոր անձնակազմի ուսուցում (հրահանգավորում).

ա) մարդահամարի նախապատրաստման և անցկացման հարցերով.

- մարդահամարի վարչության աշխատակազմի,

- ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության և դրանց տարածքային բաժինների պետերի և մարդահամարի գծով նրանց տեղակալների,

- մարդահամարի տեղամասերի վարիչների և նրանց օգնականների,

- հրահանգիչ-հսկիչների,

- հաշվարարների հետ:

բ) մարդահամարի նյութերը մեքենայական մշակման նախապատրաստելու հարցերով.

- մարդահամարի վարչության աշխատակիցների,

- կոդավորողների հետ:

գ) մարդահամարի նյութերի մուտքագրման հարցերով.

- մարդահամարի վարչության տեխնոլոգիաների և մեքենայական մշակման բաժնի աշխատողների,

- օպերատոր-մուտքագրողների հետ:

28. Մարդահամարային աշխատողներին` հաշվարարներին, հրահանգիչ-հսկիչներին, մարդահամարի տեղամասերի վարիչներին, նրանց օգնականներին տրվում են համապատասխան վկայականներ:

 

V. Մարդահամարի անցկացման կարգը

 

29. Հոկտեմբերի 5-ից 8-ը ներառյալ` 4 օրվա ընթացքում, հաշվարարները կատարում են իրենց հանձնարարված տեղամասի մշտական և ժամանակավոր կացատեղ հանդիսացող բոլոր տների, շինությունների նախնական շրջագայություն` և ճշտում են հրահանգիչ-հսկիչի կողմից քաղաքների համար` տների (շինությունների), գյուղական վայրերի համար` գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակներից նախապես իրենց` հաշվարարների հուշատետրերում գրանցված տվյալները (սխեման տես` հավելված 2-ում):

Նախնական շրջագայության ժամանակ հաշվարարն իր հուշատետրում առանձին տողով գրանցում է` քաղաքներում յուրաքանչյուր բնակարան, մեկ բնակարանանոց տուն, հանրակացարանի սենյակ, նշելով փողոցի անվանումը, տան, բնակարանի համարը և բնակվողների թվաքանակը, իսկ գյուղական վայրում` բնակավայրի անվանումը, տան (շինության) համարը կամ տանտիրոջ ազգանունն ու անվան, հայրանվան սկզբնատառերը (բազմաբնակարանանոց շենքերում` նաև բնակարանի համարը կամ վարձակալի ազգանունն ու անվան, հայրանվան սկզբնատառերը) և դրանցում բնակվողների թվաքանակը:

Նախնական շրջագայության ընթացքում յուրաքանչյուր տանը (շինությունում) հաշվարարը բնակչությանը տեղեկացնում է կայանալիք մարդահամարի մասին, պարզում է, թե երբ է հարմար հաշվեգրել տվյալ տանը, բնակարանում ապրողներին, հատկապես այն անձանց, ում դժվար է տանը գտնել և իր հուշատետրում կատարում է համապատասխան նշումներ:

30. Մարդահամարի նախօրյակին (հոկտեմբերի 9-ին) հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է մարդահամարի տվյալների հավաքագրումն իրականացնելու համար` անհրաժեշտ քանակությամբ մարդահամարի հարցաթերթեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

31. Հաշվարարը մարդահամարն անցկացնում է շրջագայելով իրեն հանձնարարված տեղամասի, առանց բացառության, բոլոր շինությունները, որտեղ ապրում կամ կարող է ապրել մշտական բնակչություն` ներառյալ ժամանակավոր:

Մարդահամարի հարցաթերթերի լրացումը կատարվում է ըստ տնային տնտեսությունների` անհատական կամ խմբային: Յուրաքանչյուր տնային տնտեսությունում առաջինը գրվում է տնային տնտեսության չափահաս անդամներից մեկը, որից հետո տվյալ տնային տնտեսության մյուս անդամները:

32. Հարցաթերթի լրացումը կատարվում է հաշվարարի կողմից` բնակչությանը հարցում անելու միջոցով:

Հաշվարարի այցելության ժամանակ տնային տնտեսությունում բնակվողներից որևէ մեկի բացակայության դեպքում, հաշվարարը նրա մասին տեղեկությունները կարող է ստանալ տնային տնտեսության մյուս անդամներց, եթե նրանք կարող են սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին: Եթե նրանք բացակայողի վերաբերյալ պահանջվող տեղեկություններ չեն կարող տալ, ապա հաշվարարը մարդահամարի հարցաթերթում գրում է բացակայողի ազգանուն, անուն, հայրանունը և նրան անձամբ հարցման է ենթարկում կրկնակի այցելության ժամանակ:

ՀՀ 2001թ. մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա, սակայն մարդահամարի անցկացման ժամանակաշրջանում` հոկտեմբերի 10-ից 19-ը, լրիվ կազմով բացակայող տնային տնտեսությունների մասին տեղեկությունները հաշվարարը ստանում է հարևաններից, համապատասխան տնային կառավարչությունից, համատիրությունից, թաղային կամ գյուղական համայնքներից:

33. Հյուրանոցներում, հիվանդանոցներում, առողջարաններում և ժամանակավոր կացատեղ հանդիսացող այլ կազմակերպություններում, ինչպես նաև գնացքներում, կայարաններում, ավտոկայաններում, օդանավակայաններում որպես ժամանակավոր ներկա հաշվեգրվածներին` հաշվարարները տալիս են տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (Ձև 5): Տեղեկանքը բնակչության կողմից պահվում է մինչև մարդահամարի և վերահսկիչ շրջագայության ավարտը (հոկտեմբերի 25-ը):

34. Մեկից ավելի բնակարան (տուն, առանձնատուն և այլն) ունեցող անձանց կրկնակի հաշվարկից խուսափելու համար, կազմվում է վերահսկիչ փաստաթուղթ (Ձև 6) այն հաշվային տեղամասում, որտեղ իրականացվում է հարցվողի հաշվառումն, այսինքն` նրա հաշվեգրումը մարդահամարի հարցաթերթում: Վերահսկիչ փաստաթղթի առաջին էջում գրվում է մշտական բնակության հասցեն, որտեղ հիշյալ անձն անցել է մարդահամար, իսկ երկրորդ էջում` հարցվողի կողմից նշված երկրորդ հասցեն, որտեղ նրան պետք չէ հաշվառել: Բոլոր այն անձանց, ում համար հաշվարարը լրացնում է վերահսկիչ փաստաթուղթ, տալիս է նաև տեղեկանք մարդահամարն անցնելու մասին:

35. Մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները լրացվում են ՀՀ 2001թ. մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին հրահանգի համաձայն` գրելով բերված հուշումներից մեկի կամ մի քանիսի կոդը, կամ թվեր, կամ բառեր` տվյալ հարցի համար առանձնացված գոտում:

36. Յուրաքանչյուր տնային տնտեսությունում բոլոր բնակիչների վերաբերյալ մարդահամարի հարցաթերթում տեղեկությունները գրանցելուց հետո հաշվարարը հաշվում է նրանց հանրագումարն ըստ տվյալ տնային տնտեսության և համապատասխան գրանցումներ կատարում հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրում (Ձև 6-քաղաքային, Ձև 6-գյուղական) առանձին տողով, իսկ մարդահամարի ավարտից հետո ամփոփ տեղեկագրում հաշվարկում է ամբողջությամբ իր տեղամասի հանրագումարները:

37. Մարդահամարի անցկացման ողջ ժամանակաընթացքում` հոկտեմբերի 10-ից 19-ը, հրահանգիչ-հսկիչն ամեն օր ստուգում է իր տեղամասի յուրաքանչյուր հաշվարարի կողմից լրացված մարդահամարային փաստաթղթերը: Մարդահամարի ավարտին զուգընթաց հրահանգիչ-հսկիչը հաշվարարներից ընդունում է մարդահամարի նյութերը և հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի ճշգրտված տվյալների հիման վրա կազմում է հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր (Ձև 7):

38. Մարդահամարի ավարտից հետո` հոկտեմբերի 20-ից 25-ը հրահանգիչ-հսկիչն իր տեղամասի հաշվարարների հետ միասին անցկացնում է ընտրանքային վերահսկիչ շրջագայություն, պայմանով, որ ամեն հաշվարար կատարի ոչ թե իր, այլ կից հաշվային տեղամասի վերահսկիչ շրջագայությունը: Վերահսկիչ շրջագայությունն անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում` յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի միավորների (բնակարանների) 10%-ը: Ընտրանքը կատարում է մարդահամարի տեղամասի վարիչը կամ նրա օգնականը հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ:

39. Վերահսկիչ շրջագայության ժամանակ հրահանգիչ-հսկիչն ու հաշվարարն այցելում են ընտրված բնակելի միավորները և լրացնում են վերահսկիչ շրջագայության աղյուսակ:

40. Հոկտեմբերի 25-ից 28-ը հրահանգիչ-հսկիչը հաշվարարներից ընդունում է մարդահամարի նյութերը (սխեման տես` հավելված 2-ում):

 

VI. Մարդահամարի նյութերի ընդունումն ու մշակումը

 

41. Մարդահամարային անձնակազմի կողմից մարդահամարի նյութերն ըստ վերադասության հանձնելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

- հաշվարարը` հրահանգիչ-հսկիչին` մինչև հոկտեմբերի 28-ը,

- հրահանգիչ-հսկիչը` մարդահամարի տեղամասի վարիչին` մինչև հոկտեմբերի 31-ը,

- մարդահամարի տեղամասի վարիչը` ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարին` մինչև նոյեմբերի 5-ը,

- ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարը` մարզային վարչության ղեկավարին` մինչև նոյեմբերի 10-ը,

- ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության ղեկավարը` ՀՀ ԱՎԾ-ի մարդահամարի վարչությանը` մինչև նոյեմբերի 20-ը:

42. ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարներից մարդահամարի նյութերի ընդունման ընթացքում ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչությունները կատարում են այդ նյութերի ամբողջականության և որակի ստուգում: Այդ աշխատանքի ավարտին զուգընթաց կատարվում է մարդահամարի հարցաթերթերով պայուսակների համարակալումն ըստ բնակավայրերի, այնուհետև դրանց հանձնումը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչություն` սահմանված ժամկետում և կարգով:

43. Մարդահամարի նյութերի նախապատրաստումը մեքենայական մշակման կատարվում է կենտրոնացված կարգով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում` մարդահամարի վարչության կազմում այդ նպատակով ժամանակավորապես ներգրավված աշխատախմբի` կոդավորողների կողմից: Այս գործընթացի ընթացքում իրականացվում է մարդահամարի հարցաթերթերի համապատասխան հարցերի պատասխանների կոդավորում:

44. Մարդահամարի հարցաթերթերի տվյալների մեքենայական մշակման իրականացում`

- այդ աշխատանքի համար ժամանակավորապես հավաքագրված օպերատորների կողմից հարցաթերթերի տվյալների մուտքագրում,

- տվյալների բազայի մեքենայացված ծրագրով տրամաբանական ստուգում և ուղղում,

- ելքային ամփոփ աղյուսակների ստացում:

Մարդահամարի արդյունքներով ստացվում է մեծածավալ տեղեկատվություն: Ելքային աղյուսակները ստացվում են մի քանի փուլերով` սկսած 2002թ. 2-րդ կիսամյակից: Մարդահամարի նյութերի ամբողջական մշակումը նախատեսվում է ավարտել 2003 թվականի վերջին:

 

VII. Փորձնական մարդահամար

 

45. ՀՀ Կառավարության 2000թ. փետրվարի 19-ի հ.78 որոշման համաձայն, 2000թ. սեպտեմբերի 6-ից 15-ը ներառյալ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արարատի մարզի Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Բաղրամյան, Մրգավան գյուղերում անցկացվեց փորձնական մարդահամար:

Փորձնական մարդահամարի անցկացման միջոցով ընտրված տարածքներում փորձարկվեց մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման բոլոր գործընթացները` մեթոդաբանությունը, կազմակերպական գործընթացները, համապատասխան հարցերի կոդավորման և մարդահամարի նյութերի մեքենայական մշակման ծրագրերն ու տեխնոլոգիական գործընթացները:

Փորձնական մարդահամարի արդյունքներով կատարվեց համապատասխան եզրահանգումներ, մասնավորապես կազմակերպչական և մեթոդաբանական հիմնախնդիրների կազմակերպահրահանգչական փաստաթղթերի, նյութերի մեքենայական մշակման տեխնոլոգիական գործընթացի վերաբերյալ, և այլ հնարավոր ճշգրտումներ:

 

Հավելված 1

 

ՀՀ 2001թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման նպատակով

օգտագործվող տերմիններ

 

  Մշտական բնակավայր       - Որպես կանոն համարվում է աշխարհագրական այն

                            վայրը` քաղաք, գյուղ, տուն, բնակարան, որտեղ

                            մշտապես (սովորաբար) հարցվողն անցկացնում է իր

                            ժամանակի  մեծ մասը: Այդ վայրը կարող է

                            համընկնել կամ չհամընկնել հարցվողի գրանցման

                            (հաշվառման) հասցեի հետ:

 

Մարդահամարի կրիտիկական - Մարդահամարի կարևորագույն հատկանիշներից

  պահ                       մեկը` տեղեկությունների հավաքագրման

                            միաժամանակությունն է:  Բնակչությունն ամբողջ

                            հանրապետությունում հաշվեգրվում է,

                            հնարավորության սահմաններում, միևնույն հստակ

                            սահմանված պահի դրությամբ, որը կոչվում է

                            կրիտիկական պահ: ՀՀ 2001թ.  մարդահամարի համար

                            այն սահմանվել է մարդահամարի առաջին օրվա

                            կեսգիշերը` (հոկտեմբերի 9-ի լույս 10-ի

                            գիշերվա ժամը 12-ը):

 

  Ժամանակավոր ներկա       - Անձն, ով մարդահամարի  կրիտիկական պահին`

                            հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ժամը

                            12-ին, գտնվել է տվյալ համայնքում` քաղաք,

                            գյուղ, տուն (շինություն) կամ ժամանակավոր

                            կացատեղ հանդիսացող կազմակերպությունում,

                            սակայն նրա մշտական բնակավայրը գտնվում է

                            տվյալ համայնքի սահմաններից դուրս, և նրա

                            գտնվելու տևողությունը` նշված պահի դրությամբ

                            չի գերազանցել մեկ տարուց:

 

  Ժամանակավոր բացակա      - Անձն, ով մշտապես  (սովորաբար) բնակվում է

                            տվյալ համայնքում` քաղաք, գյուղ տուն

                            (շինություն), սակայն մարդահամարի  կրիտիկական

                            պահին` հոկտեմբերի 9-ի  լույս 10-ի գիշերվա

                            ժամը 12-ին, գտնվել է տվյալ քաղաքային կամ

                            գյուղական համայնքի սահմաններից դուրս, և նրա

                            բացակայության տևողությունը` նշված պահի

                            դրությամբ չի  գերազանցել մեկ տարուց:

 

  Մշտական բնակչություն    - Յուրաքանչյուր վարչական միավորի մշտական

                            բնակչության թվաքանակը, որպես կանոն, ստացվում

                            է մարդահամարի ժամանակ դրանում մշտապես ներկա

                            և ժամանակավոր բացակա հաշվառված անձանց

                            ընդհանուր թվաքանակների հանրագումարից:

 

  Առկա  բնակչություն      - Յուրաքանչյուր վարչական միավորի առկա

                            բնակչության թվաքանակը, որպես կանոն, ստացվում

                            է մարդահամարի ժամանակ դրանում մշտապես ներկա

                            և ժամանակավոր ներկա հաշվառված անձանց

                            ընդհանուր թվաքանակների հանրագումարից:

 

Հաշվեգրել (հաշվեգրում) - Մարդահամարի ընթացքում հաշվարարի կողմից

բնակչության հարցման միջոցով մարդահամարի

հարցաթերթի լրացման գործընթացը:

 

  N 1-բնակֆոնդ ձևի        - Մարդահամարի հարցաթերթում «Տնային տնտեսության

  հավելված                  բնակության պայմանները» բաժնում բազմաբնակարան

                            շենքերի համար հավաքագրվող տեղեկատվության

                            ճշգրտությունն ապահովելու համար մարդահամարի

                            նախապատրաստման ընթացքում իրականացվում է

                            հաշվետվական այս ձևի լրացումը: Այն ներառում

                            է տեղեկություններ բնակելի շինության հասցեի,

                            կառուցման տարեթվի, արտաքին պատերի

                            շինանյութի, բնակելի սենյակների քանակի,

                            մակերեսի  (ընդհանուր և բնակելի) վերաբերյալ:

 

Մարդահամարի աշխատողներ - ՀՀ ԱՎԾ-ի, դրա մարզային վարչությունների և

տարածքային բաժինների մարդահամարի

նախապատրասման և անցկացման հարցերով

ընդգրկված աշխատողները, ինչպես նաև

մարդահամարի անցկացման համար ժամանակավորապես

ներգրավված մարդահամարի տեղամասերի վարիչները

և նրանց օգնականները, հրահանգիչ-հսկիչները,

հաշվարարները:

 

  Հիմնական հաշվային       - Քաղաքում և  տարածքում կազմակերպված հաշվային

  տեղամաս                   տեղամասերն առանց ժամանակավոր կացատեղ

                            հանդիսացող կազմակերպություններում

                            (հյուրանոցներ, հանգստյան տներ, հիվանդանոցներ

                            և նմանատիպ այլ կազմակերպություններ)

                            կազմակերպված հաշվային տեղամասերի:

 

  Անհատական տնային        - ա) Առանձին բնակելի միավորում, կամ դրա մի

  տնտեսություն              մասում բնակվող  անձը, որն ինքնուրույն

                            ապահովում է իրեն համար կենսականորեն

                            անհրաժեշտ ամեն ինչը և ընդհանուր

                            տնտեսություն վարելու նպատակով տվյալ բնակելի

                            միավորում բնակվող այլ անձանց հետ չի

                            միավորում իր միջոցները:

                            բ) Առանձին բնակելի միավորում, կամ դրա մի

                            մասում, կամ մի քանի շինություններում համատեղ

                            բնակվող 2 և ավելի անձինք, ովքեր իրենց համար

                            կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչն ապահովում

                            են ընդհանուր տնտեսություն վարելով`

                            ամբողջությամբ կամ մասամբ միավորելով իրենց

                            միջոցները: Այդ անձինք կարող են կապված լինել

                            ազգակցական կամ ամուսնական կապով, կամ չլինել

                            ազգական, կամ և մեկը, և մյուսը:

 

    Խմբային               - Բնակչության համատեղ խմբերով բնակվող անձինք,

    (ինստիտուցիոնալ)        որոնց բնակարանի ու սննդի կարիքները

    տնտեսություն            բավարարվում են համապատասխան

                            կազմակերպությունների կողմից, և ովքեր

                            սովորաբար ենթարկվում են ընդհանուր կանոնների,

                            սնվում են համատեղ (օրինակ մանկատներում, որբ

                            երեխաների գիշերօթիկներում, տուն -

                            ինտերնատներում (ծերերի և հաշմանդամների),

                            կրոնական կազմակերպություններում

                            (մենաստաններում), կալանավայրերում,

                            ազատազրկման վայրերում, ուղղիչ աշխատանքային

                            գաղութներում և նման այլ

                            կազմակերպություններում բնակվողները):

 

Հավելված 2

 

ՀՀ 2001թ. մարդահամարի իրականցման փուլերը

 

._______________________.

|      ՄԱՐԴԱՀԱՄԱՐ       |

._______________________|       ԱՆՑԿԱՑՈՒՄ       |_______________________.

|    Նախապատրաստական    ._______________________.  Արդյունքների նյութերի|

|    աշխատանքներ          |        |          |    ընդունում և  մշակում |

._________________________.        |          ._________________________.

|              .______________________.            |

._______________________. |Տների (շինությունների)|  .____________________.

|ՀՀ քաղաքների և  5000   | |նախնական              |  |Մարդահամարի նյութերի|

|ու ավելի բնակչություն  | |շրջագայություն        |  |ընդունում           |

|ունեցող գյուղերի       | .______________________.  .____________________.

|սխեմատիկ հատակագծերի   |          |                          |

|պատրաստում             | .______________________.  .____________________.

._______________________. |Մարդահամարի տվյալների |  |Մարդահամարի         |

|              |հավաքագրում           |  |հարցաթերթերում      |

._______________________. |(անցկացում)           |  |համապատասխան հարցերի|

|Քաղաքներում և  խոշոր   | .______________________.  |պատասխանների        |

|գյուղերում` տների      |          |                |կոդավորում          |

|(շինությունների),      | .______________________.  .____________________.

|գյուղական վայրերում`   | |Հետմարդահամարային     |            |

|գյուղական բնակավայրի   | |ընտրանքային           |  .____________________.

|և  դրանց տարածքում     | |վերահսկիչ             |  |Մարդահամարի         |

|գտնվող այլ             | |շրջագայություն        |  |հարցաթերթերի        |

|բնակատեղերի            | .______________________.  |տվյալների           |

|ցուցակների կազմում     |                           |մուտքագրում         |

._______________________.                           .____________________.

|                                                  |

._______________________.                           .____________________.

|Մարզերում և            |                           |Մարդահամարի         |

|տարածքներում 2001 թ.   |                           |ծրագրով             |

|մարդահամարն անցկացնելու|                           |նախատեսված          |

|կազմակերպման           |                           |ելքային             |

|պլանների կազմում       |                           |աղյուսակների        |

._______________________.                           |ստացում             |

|                                        .____________________.

._______________________.

|ՀՀ 2001 թ. մարդահամարն |

|անցկացնելու համար      |

|կադրերի հավաքագրում և  |

|ուսուցում              |

|(հրահանգավորում)       |

._______________________.

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
04.04.2001
N 34
Որոշում