ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱԴԴ/0998/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0998/02/15 2021 թ.
Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Դ. Սերոբյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2021 թվականի հուլիսի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ավետիք Ստեփանյանի ընդդեմ Համաս, Ալմաստ, Արթուր Հովակիմյանների, երրորդ անձինք Ժաննա Դավթյանի (Ստեփանյան), Ջուլիետտա Գևորգյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված հողամասից փաստացի զբաղեցրած մասն առանձնացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Համաս, Ալմաստ Հովակիմյանների ընդդեմ Ավետիք Ստեփանյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ավետիք Ստեփանյանը պահանջել է առանձնացնել քաղաք Երևան, Ա. Վշտունու թիվ 80 հասցեում գտնվող հայցվորի կողմից փաստացի օգտագործվող անշարժ գույքը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համաս և Ալմաստ Հովակիմյանները պահանջել են Երևան քաղաքի Ա. Վշտունու թիվ 80 հասցեի հողամասի նկատմամբ ճանաչել Համաս Հովակիմյանի և Ալմաստ Հովակիմյանի յուրաքանչյուրի 1/6 բաժնի սեփականության իրավունքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2019 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ս. Թորոսյան, դատավորներ` Ն. Բարսեղյան, Ա. Մկրտչյան) 18.07.2019 թվականի որոշմամբ Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.12.2020 թվականի որոշմամբ Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2021 թվականի որոշմամբ Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժաննա Դավթյանը (Ստեփանյան) (ներկայացուցիչ Ազատ Շահբազյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերը, 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի 02.02.2021 թվականի որոշումը` բողոքաբերի միջնորդությամբ` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի ճանաչելու և դատավարական ժամկետը վերականգնելու մասին` մերժելու և այդ հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու վերաբերյալ` անհիմն է, չի բխում օրենքից, քաղաքացիական գործի նյութերից, ուստի այն ենթակա է վերացման:
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, օբյեկտիվ քննություն չի իրականացրել, ճիշտ չի գնահատել բողոքաբերի բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության մեջ նշված փաստական հանգամանքները և գործի ապացույցները, չի ղեկավարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռներով և որոշումներով: Միաժամանակ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/1881/02/13, 04.06.2018 թվականի թիվ ԼԴ/0365/02/14, 20.07.2018 թվականի թիվ ԵՇԴ/1639/02/13, 20.07.2018 թվականի թիվ ԵԿԴ/0570/02/09, 17.12.2020 թվականի թիվ ԵԱԴԴ/0998/02/15 որոշումներին: Վերաքննիչ դատարանը բողոքաբերի միջնորդությունը` բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փոխարեն, միջնորդությունը մերժել է, վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելը մերժել է, թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Վերաքաննիչ դատարանը նման որոշում կայացնելով, դրսևորել է ավելորդ ձևականություններ (ֆորմալիզմ), զրկել է բողոքաբերին դատարանի մատչելիության, ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունքից, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Բացի այդ, համաձայն «Վարպետ Փորձագիտական Միություն» ՍՊԸ-ի 17.02.2021 թվականի թիվ ՎՊ-0005-21 փորձագետի եզրակացության` փորձաքննությանը տրամադրված քաղաք Երևան, Ա. Վշտունի փողոց թիվ 80 տուն հասցեի բնակիչ Ժաննա Դավթյանին հասցեագրված 05.04.2019 թվականի ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի պատճենի ստորին ձախ մասում` «Ժ.Դավթյան» ձեռագրի գրառման դիմաց տեղավորված ստորագրությունը չի կատարվել Ժաննա Ստեփանյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքում բողոք բերող անձը անդրադարձել է անձի դատական պաշտպանության իրավունքին և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող դատական ակտերի բողոքարկման ինստիտուտին, սակայն անուշադրության է մատնել իրավական պետությունում գործող, իրավունքի գերակայության բաղկացուցիչ մաս հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքը:
Բողոք բերող անձի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետները չեն պահպանվել իր իսկ մեղքով և նման պայմաններում բողոք բերելն ուղղակիորեն հետապնդում է գործի քննության անհարկի ձգձգման և գործի կրկնակի քննության քողարկված նպատակ, ինչն իրավական որոշակիության սկզբունքի ակնհայտ խախտում է:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը, այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին: Այսպես` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս, Perez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):
Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի պարտադրում Պայմանավորվող պետություններին ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, պետությունը, որը հիմնադրել է նման դատարաններ, պետք է հոգա այն մասին, որ այդ դատարանների առջև երաշխավորվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Բացի այդ, ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները կախված են կոնկրետ գործով դատավարության առանձնահատուկ հատկանիշներից, և կարևոր է ուշադրության արժանացնել այդ գործի ամբողջ դատավարական ընթացքը` իրականացված ներպետական իրավական համակարգին համապատասխան, և այդ Բարձրագույն դատարանի կողմից ունեցած դերակատարումն այդ գործում, քանի որ բողոքի ընդունելիությանը ներկայացվող չափանիշները կարող են լինել ավելի խիստ, քան հայցադիմումինը (տե՛ս, Beles lesand others v. The Czech Republic գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի վճիռը, կետ 62):
Հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով
(տե՛ս, Zavodnik v. Slovenie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց` ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին` դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):
ՀՀ վճռաբեկ դատարանը իր որոշմամբ փաստել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: ՈՒստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը (տե՛ս, նաև «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ: Այսինքն` նման միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը (տե՛ս, Լիլիթ Ռաշոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության թիվ ԵԿԴ/1881/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով (տե՛ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)` համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:
Ելնելով վերոշարադրյալից` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետային սահմանափակումները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Վճռաբեկ դատարանը, սույն որոշման շարադրված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով և համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համարժեք կարգավորումները, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն:
Սույն գործով Ավետիք Ստեփանյանը 27.03.2015 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Համաս, Ալմաստ, Արթուր Հովակիմյանների, երրորդ անձինք Ժաննա Դավթյանի (Ստեփանյան), Ջուլիետտա Գևորգյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված հողամասից փաստացի զբաղեցրած մասն առանձնացնելու պահանջի մասին: Դատարանի 30.03.2015 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (1-ին հատոր, գ.թ. 22): Դատարանը 02.08.2017 թվականի դատական նիստի ժամանակ, որպես երրորդ անձ ներգրավել է Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) և Ջուլիետա Գևորգյանին (2-րդ հատոր, գ.թ. 2-3): 01.11.2017 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) ուղարկվել է քաղաք Երևան Ա. Վշտունու փողոց տուն 80 հասցեով, որը վերջինս ստացել է 21.08.2017 թվականին (2-րդ հատոր, գ.թ. 17): «Գործը դատաքննության նշանակելու մասին» 01.11.2017 թվականի որոշումը ևս Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) ուղարկվել է քաղաք Երևան Ա. Վշտունու փողոց տուն 80 հասցեով, որը վերջինս ստացել է 26.03.2018 թվականին (2-րդ հատոր, գ.թ. 24-25, 30): Դատարանը, ղեկավարվելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ կետով, գրություն է ուղարկել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին (2-րդ հատոր, գ.թ. 36): Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի` 02.03.2018 թվականի գրության համաձայն հայտնվել է, որ «Ի պատասխան Ձեր գրության` թիվ ԵԱԴԴ/0998/02/15 քաղաքացիական գործով /նշանակված 07.03.2018թ/ հայտնում ենք, որ ք. Երևան, Ա. Վշտունի փողոց 80 տուն հասցեի դուռը փակ է և (...) Ժաննա Դավթյանի, (...) փաստացի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ այլ տեղեկություններ չունենք» (1-ին հատոր, գ.թ. 40): 14.12.2018 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» տեղեկանքի համաձայն` ի պատասխան Ռոման Ստեփանյանի թիվ ԱՏ-12/12/25018-2-0052 դիմումի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հայտնել է. «համաձայն կադաստրային գործի տվյալների ք. Երևան, Աջափնյակ Ա. Վշտունու փողոց 80 հասցեի 660.0 քմ հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցվել է Ավետիք Գարեգինի Ստեփանյանի (Վշտունու փողոց 80), Համաս Ավագի Հովակիմյանի, Ալմաստ Ռազմիկի Հովհակիմյանի, Արթուր Ռազմիկի Հովհակիմյանի (Վշտունու փողոց 80), Ժաննա Ռազմիկի Դավթյանի (Ստեփանյան) (Վշտունու փողոց 80/1 բնակելի տուն) և Ջուլիետա Կարապետի Գևորգյանի (Վշտունու փողոց 80/2 բնակելի տուն) անուններով» (3-րդ հատոր գ.թ 18):
Ժաննա Դավթյանը (Ստեփանյան) 10.06.2019 թվականին Դատարանի 14.03.2019 թվականի վճռի դեմ փոստային առաքմամբ ներկայացրել է վերաքննիչ բողոք (3-րդ հատոր, գ.թ. 93), որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (3-րդ հատոր, գ.թ. 108): Ժաննա Դավթյանը (Ստեփանյան) 13.07.2019 թվականին Դատարանի 14.03.2019 թվականի վճռի դեմ փոստային առաքմամբ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք (4-րդ հատոր, գ.թ. 50), միջնորդելով հարգելի համարել բողոք բերելու ժամկետի բացթողումը, քանի որ նշված վճռի մասին տեղեկացել է 08.05.2019 թվականին, նշել է, որ բողոքը ուշ է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, քանի որ բողոքաբերը դատական ակտը ստացել է վճիռը հրապարակվելուց հետո և վերաքննիչ բողոքը բերել է սահմանված ժամկետի խախտմամբ` անկախ իր կամքից: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից Ժաննա Դավթյանը (Ստեփանյան) ներկայացրել է անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի 18.03.2014 թվականի Հ.990-Ա որոշման հավելվածի պատճենը, որից հստակ երևում է, որ Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) տրամադրվել է հետևյալ հասցեն` քաղաք Երևան, Ա. Վշտունու փողոց 80/1 բնակելի տուն (4-րդ հատոր, գ.թ. 42), ինչպես նաև վերաքննիչ բողոքին կցվել է Դատարանի կողմից Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) 08.05.2019 թվականին ք. Երևան Ջանիբեկյան փողոց տուն 5/1 հասցեագրված ծրարը (4-րդ հատոր, գ.թ. 43):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատավարական ժամկետի բաց թողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է (4-րդ հատոր, գ.թ. 52):
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.12.2020 թվականի որոշմամբ Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է (5-րդ հատոր, գ.թ. 134-142):
Վերաքննիչ դատարանը 02.02.2021 թվականի որոշմամբ Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատավարական ժամկետի բաց թողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է, այն պատճառաբանությամբ, որ վճիռը 05.04.2019 թվականին ստանալուց հետո հետագայում` 08.05.2019 թվականին նաև այլ հասցեով ուղարկված վճիռը ստացված լինելու փաստը վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը գնահատելու համար նշանակություն ունենալ չի կարող: Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոք ներկայացրած անձի` բաց թողած ժամկետը հարգելի համարելու պատճառաբանություններն անհիմն են և հիմք չեն վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու համար` նկատի ունենալով, որ ստացման մասին ծանուցագրի համաձայն` վճիռը` ուղարկված Ժաննա Դավթյանին քաղաք Երևան, Ա.Վշտունի փողոց թիվ 80 տուն հասցեով, վերջինս ստացել է 05.04.2019 թվականին, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 06.05.2019 թվականը ներառյալ, մինչդեռ ներկայացվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ, այն է` 10.06.2019 թվականին, իսկ այդ մասով առկա չեն ժամկետի բացթողման պատճառները հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու հիմքեր:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը դարձյալ արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) ճիշտ հասցեով ուղարկված և այն վերջինիս կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ և՛ վճռի հանձնումը, և՛ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գործի նյութերում առկա ապացույցներով արդեն հաստատվել է, որ Ժաննա Դավթյանը (Ստեփանյան) փաստացի բնակվում է ք. Երևան, Ջանիբեկյան փողոց թիվ 5/1 տուն հասցեով, իսկ Երևանի քաղաքապետի 18.03.2014 թվականի Հ.990-Ա որոշման հավելվածի քաղվածքի համաձայն Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) տրամադրվել է հետևյալ հասցեն` քաղաք Երևան, Ա. Վշտունու փողոց թիվ 80/1 բնակելի տուն: Վերոգրյալից ակնհայտ է, որ Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) քաղաք Երևան, Ա. Վշտունու փողոց թիվ 80 հասցեով դատական ակտերն ուղարկելով Դատարանն առաջնորդվել է հայցվորի կողմից տրամադրված հասցեով, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ բողոքաբերը 17.10.2018 թվականին կայացած դատական նիստի ընթացքում որպես բնակության փաստացի հասցե նշել է քաղաք Երևան, Ջանիբեկյան թիվ 5/1 տունը (հիմք` 17.10.2018 թվականի դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչը, հատոր 3-րդ, գ.թ. 34):
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի գործողությունները` կապված հարուցված միջնորդությունը քննարկելու հետ, չեն բխում վերը նշված դիրքորոշումներից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում` դրա արդյունքում սահմանափակելով Ժաննա Դավթյանի (Ստեփանյան)` ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 2 հուլիսի 2021 թվական: