Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41-ՐԴ, 95-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41-ՐԴ, 95-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԴ/9354/02/18  

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9354/02/18    2021 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Դ. Սերոբյան    

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի ապրիլի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լևոն Մեսրոպյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նաիրա Նարգիզյանի ընդդեմ Լևոն Մեսրոպյանի` ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նաիրա Նարգիզյանը պահանջել է լուծել իր և Լևոն Մեսրոպյանի միջև 28.11.2013 թվականին Երևանի Էրեբունի-Նուբարաշեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում թիվ 747 համարի տակ գրանցված ամուսնությունը` առանց հաշտության համար ժամկետ սահմանելու, երեխայի` Մարիամ Մեսրոպյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն` երեխայի բնակության վայրը սահմանելով մոր բնակության վայրում, ինչպես նաև Լևոն Մեսրոպյանից յուրաքանչյուր ամիս բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես իր խնամքին գտնվող երեխայի ապրուստի միջոց` ալիմենտի բռնագանձումը սկսելով 2018 թվականի ապրիլ ամսից և շարունակելով մինչև երեխայի չափահաս դառնալը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 02.07.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է` լուծել Լևոն Մեսրոպյանի և Նաիրա Նարգիզյանի միջև 28.11.2013 թվականին Երևանի Էրեբունի-Նուբարաշեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում թիվ 747 համարի տակ գրանցված ամուսնությունը, երեխայի` Մարիամ Մեսրոպյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել մորը` Նաիրա Նարգիզյանին` նրա բնակության վայր սահմանելով մոր բնակության վայրը, ինչպես նաև Լևոն Մեսրոպյանից որպես իր երեխայի ապրուստի միջոց բռնագանձել ալիմենտ` ամսական 30.000 ՀՀ դրամի չափով` մինչև երեխայի չափահաս դառնալը` ալիմենտի բռնագանձումը սկսելով 14.05.2018 թվականից: Հայցապահանջը` ալիմենտի բռնագանձումը 2018 թվականի ապրիլ ամսից սկսելու մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.01.2020 թվականի որոշմամբ Լևոն Մեսրոպյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Մեսրոպյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նաիրա Նարգիզյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածը, 95-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 62-րդ, 66-րդ հոդվածները, 203-րդ հոդվածի 2-րդ մասը, 379-րդ հոդվածի 5-րդ մասը, 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

1) Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երեխան արտահայտել է իր կարծիքը հոր` Լևոն Մեսրոպյանի հետ ապրելու վերաբերյալ, ու թեև երեխան մանկահասակ է, այդուհանդերձ, մոր կողմից ցուցաբերած վարքագիծը, այդ թվում` երեխային ամիսներ շարունակ չտեսնելը, նրա դաստիարակությամբ, կրթությամբ, խնամքով չզբաղվելը, երեխային ինքնակամ հոր մոտ թողնելն ու հեռանալը, ավելի քան վկայում են այն մասին, որ երեխայի լավագույն շահերից չի բխում վերջինիս խնամքը մորը հանձնելը: Բացի այդ, 2016 թվականին մայրը տվել է համաձայնություն, որպեսզի երեխան բնակվի հոր հետ:

2) Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անկախ նրանից կողմերը ներկայացրել են որևէ ապացույցի վերաբերյալ դիրքորոշում, թե` ոչ, Դատարանը պետք է գործը քններ ըստ էության` հիմքում դնելով երեխայի լավագույն շահերը, որպիսի հանգամանքն էլ վկայում է, որ երեխայի իրավունքներին առնչվող վեճերի դեպքում ներկայացված ցանկացած ապացույց դատարանները պետք է հետազոտեն և գնահատեն այդ ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության, արժանահավատության և փաստը հաստատված համարելու համար բավարարության տեսանկյունից: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի քննել վերաքննիչ բողոքի 1-ին և 2-րդ հիմքերն այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել Դատարանում, ինչպես նաև չի հիմնավորել այն ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ այն դեպքերում, երբ առերևույթ տեսանելի է դատավորի կողմից կանխակալ վերաբերմունք գործի ելքի վրա, ապա առանց գործի մասնակցող անձի բացարկի միջնորդության` դատավորը պետք է ինքնուրույն հայտնի ինքնաբացարկ:

3) Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատարան դիմելու օրվանից մինչև դատական ակտի ի կատար ածվելը երեխան դեռ շարունակում է գտնվել Լևոն Մեսրոպյանի բնակության վայրում, և վերջինս է հոգում նրա ապրուստի միջոցները, հետևաբար դատարան դիմելու օրվանից ալիմենտի բռնագանձման պահանջի բավարարումը սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ չի կարող հետապնդել իրավաչափ նպատակ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ գործի քննության արդյունքում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված փաստերն ու ապացույցները բավարար են եղել համապատասխան դատական ակտեր կայացնելու համար:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն մերժել է վերաքննիչ բողոքը, քանի որ Նաիրա Նարգիզյանի կողմից 2016 թվականին տրված` հոր հետ երեխայի բնակության վերաբերյալ համաձայնությունից հետո ամուսինները բնակվել են միասին, սակայն որոշ ժամանակ անց կրկին բաժանվել են, իսկ դրանից հետո երեխայի բնակության վայրի հետ կապված որևէ համաձայնություն կողմերի միջև ձեռք չի բերվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մարիամ Մեսրոպյանը ծնվել է 29.01.2014 թվականին, հայրը Լևոն Մեսրոպյանն է, մայրը` Նաիրա Նարգիզյանը (հիմք` Երևան քաղաքի Նոր Նորք քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կողմից 31.01.2014 թվականին տրված թիվ ԱԲ 314015 ծննդյան վկայական) (հատոր 1-ին, գ.թ. 25):

2) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի (այսուհետ` Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով) 16.10.2018 թվականի թիվ 27/02-47/74 ակտ-եզրակացության համաձայն` խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարվել է Նաիրա Նարգիզյանի կյանքի հետազոտություն և պարզվել է, որ վերջինս իրոք բնակվում է ք. Երևան, Նորքի 5-րդ փողոց, թիվ 13 տուն հասցեում, որն ապահովված է կոմունալ կենցաղային պայմաններով: Լևոն Մեսրոպյանի անձի կյանքի հետազոտություն չի հաջողվել իրականացնել, քանի որ վերջինս, պատշաճ ծանուցված լինելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստերի վերաբերյալ, չի ներկայացել: Միայն մեկ անգամ է ներկայացել վարչական շրջան և բանավոր տեղեկացրել, որ իրեն այլևս չծանուցեն և չանհանգստացնեն: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովն առաջարկել է անչափահաս Մարիամ Մեսրոպյանի բնակության վայր սահմանել մոր` Նաիրա Նարգիզյանի բնակության վայրը (հատոր 3-րդ, գ.թ. 96-97):

3) Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հոգեբան Ս. Փերիվանյանի` երեխայի հետ առանձին հանդիպում ունենալու արդյունքում մասնագիտական կարծիքի համաձայն` հոգեբանական զրույցի ընթացքում երեխան մոր վերաբերյալ խոսելիս արտահայտվել է միայն դրական, նշել է, որ բնակվում է հայրիկի հետ, մանկապարտեզ չի հաճախում, մայրիկին չի հանդիպում: Ուժեղ ձայներից, թակոցներից երեխան վախենում է, ինչն էլ վկայում է երեխայի մոտ իրավիճակային վախերի մասին: Հոգեբանը նպատակահարմար է գտել կրկին հանդիպել երեխայի հետ, սակայն արձագանք չի ստացել (հատոր 3-րդ, գ.թ. 51):

4) Լևոն Մեսրոպյանը Դատարանում առարկել է մասնագիտական կարծիքի դեմ` հայտնելով, որ դրանով հաշվի չի առնվել երեխայի կարծիքը, ինչպես երեխայի կապվածությունը հոր հետ, այնպես էլ` երեխայի լավագույն շահերը (հատոր 3-րդ, գ.թ. 41-44):

5) «Ժեստ» հոգեբանական խորհրդատվության և մանկական զարգացման կենտրոնի 24.05.2019 թվականի եզրակացության համաձայն` երեխայի հոգեբանական վիճակի վրա Լևոն Մեսրոպյանի կողմից կա բացասական ազդեցություն, վերջինս երեխային տրամադրում է Նաիրա Նարգիզյանի նկատմամբ, երեխայի մեջ մոր նկատմամբ սերմանում է վախ, խոչընդոտում երեխայի և մոր հանդիպումներին, երեխայի ներկայությամբ դրսևորում բացասական վարքագիծ: Երեխայի` մոր հանդեպ վերաբերմունքի ախտորոշման արդյունքում բացահայտվել է դրական վերաբերմունք, ինչը, սակայն, գտնվում է երեխայի հոր ճնշման տակ: Լևոն Մեսրոպյանը ոչ պատշաճ է իրականացնում անչափահաս Մարիամ Մեսրոպյանի դաստիարակությունը, որը կարող է հանգեցնել երեխայի հոգեկան առողջության վատթարացմանը և խաթարել անչափահասի նորմալ հոգեբանական զարգացումը: Նաիրա Նարգիզյանի հետ տեսակցությունն անչափահաս Մարիամ Մեսրոպյանի վրա բացասական ազդեցություն չի ունենա, ավելին, անհրաժեշտ է երեխային անհապաղ վերադարձնել մորը, քանզի անչափահասի համար վտանգավոր է հոր մոտ գտնվելը: Լևոն Մեսրոպյանը երեխային չի սոցիալիզացնում, պահում է փակ, երեխան ունի տարիքային զարգացման անհամապատասխանություն, ինչը փաստում է նաև Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հոգեբան Ս. Փերիվանյանն իր մասնագիտական կարծիքում (հատոր 3-րդ, գ.թ. 74-77):

6) Լևոն Մեսրոպյանի կողմից գործի քննության ընթացքում ներկայացված ինքնաբացարկի գրավոր միջնորդություն գործում առկա չէ:

7) Սույն գործով անվիճելի փաստ է այն, որ Մարիամ Մեսրոպյանն առ այսօր բնակվում է հոր` Լևոն Մեսրոպյանի հետ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` երեխայի համար գանձվող ալիմենտի բռնագանձման ժամանակահատվածի սկիզբը որոշելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առաջին և երկրորդ հիմքերով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դեպքում` նաև սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրված եզրակացությունը երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը (տե՛ս, Անի Մարտիրոսյանն ընդդեմ Գուրգեն Խալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու և երեխաների բնակության վայրի շուրջ ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը պետք է համեմատական գնահատական տա և պատճառաբանի, թե որ ծնողի հետ բնակվելն է բխում երեխայի շահերից և նպաստում երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը (տե՛ս, Արա Միրզախանյանն ընդդեմ Դիանա Խաչատրյանի թիվ 3-432(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով օրենսդրորեն սահմանված հետևյալ պայմանները.

1) երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ,

2) երեխայի տարիքը,

3) ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները,

4) ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները,

5) երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործեր քննելիս դատարանը կարող է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված վերոգրյալ չափանիշները, այլ նաև տվյալ գործով դատարան ներկայացված և դատարանին հայտնի այլ պայմաններ: Ընդ որում, երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի բացահայտման հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա յուրաքանչյուր ապացույցի անմիջական գնահատման արդյունքում: Այլ կերպ ասած` երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում` հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը (տե՛ս, Աննա Ասատրյանն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երեխայի` դատարանում լսված լինելու իրավունքի իրացման առանձնահատկություններին վերջինիս բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում, արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը պարտադիր չէ դատարանի համար, և վերոնշյալ խնդիրը լուծելիս դատարանը պետք է ելնի կոնկրետ գործի հանգամանքներից, երեխայի տարիքից և հասունության մակարդակից և առաջնորդվի երեխայի լավագույն շահերով` ապահովելով «երեխայի լավագույն շահերի» բովանդակությունը կազմող անհրաժեշտ պայմանների առկայությունը (տե՛ս, Նարինե Մելքոնյանն ընդդեմ Ալբերտ Ալավերդյանի թիվ ԵԴ/1057/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.10.2019 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 29.01.2014 թվականին ծնված Մարիամ Մեսրոպյանը բնակվում է հոր հետ: Մարիամ Մեսրոպյանի մայրը` Նաիրա Նարգիզյանը, դիմել է դատարան ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը հայցվորի բնակության վայրում սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 16.10.2018 թվականի թիվ 27/02-47174 Ակտ-Եզրակացության համաձայն` խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարվել է Նաիրա Նարգիզյանի կյանքի հետազոտություն և պարզվել է, որ վերջինս իրոք բնակվում է ք. Երևան, Նորքի 5-րդ փողոց 13 տան հասցեում, որն ապահովված է կոմունալ կենցաղային պայմաններով: Լևոն Մեսրոպյանի անձի կյանքի հետազոտություն չի հաջողվել իրականացնել, քանի որ վերջինս, պատշաճ ծանուցված լինելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստերի վերաբերյալ, չի ներկայացել: Միայն մեկ անգամ է ներկայացել վարչական շրջան և բանավոր տեղեկացրել, որ իրեն այլևս չծանուցեն և չանհանգստացնեն: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովն առաջարկել է անչափահաս Մարիամ Մեսրոպյանի բնակության վայր սահմանել մոր` Նաիրա Նարգիզյանի բնակության վայրը: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հոգեբան Ս. Փերիվանյանի մասնագիտական կարծիքի համաձայն` հոգեբանական զրույցի ընթացքում երեխան մոր վերաբերյալ խոսելիս արտահայտվել է միայն դրական, նշել է, որ բնակվում է հայրիկի հետ, մանկապարտեզ չի հաճախում, մայրիկին չի հանդիպում: Ուժեղ ձայներից, թակոցներից երեխան վախենում է, ինչն էլ վկայում է երեխայի մոտ իրավիճակային վախերի մասին: Հոգեբանը նպատակահարմար է գտել կրկին հանդիպել երեխայի հետ, սակայն արձագանք չի ստացել: «Ժեստ» հոգեբանական խորհրդատվության և մանկական զարգացման կենտրոնի 24.05.2019 թվականի եզրակացության համաձայն` երեխայի հոգեբանական վիճակի վրա Լևոն Մեսրոպյանի կողմից կա բացասական ազդեցություն, վերջինս երեխային տրամադրում է Նաիրա Նարգիզյանի նկատմամբ, երեխայի մեջ մոր նկատմամբ սերմանում է վախ, խոչընդոտում երեխայի և մոր հանդիպումներին, երեխայի ներկայությամբ դրսևորում բացասական վարքագիծ: Երեխայի` մոր հանդեպ վերաբերմունքի ախտորոշման արդյունքում բացահայտվել է դրական վերաբերմունք, ինչը, սակայն, գտնվում է երեխայի հոր ճնշման տակ: Լևոն Մեսրոպյանը ոչ պատշաճ է իրականացնում անչափահաս Մարիամ Մեսրոպյանի դաստիարակությունը, որը կարող է հանգեցնել երեխայի հոգեկան առողջության վատթարացմանը և խաթարել անչափահասի նորմալ հոգեբանական զարգացումը: Նաիրա Նարգիզյանի հետ տեսակցությունն անչափահաս Մարիամ Մեսրոպյանի վրա բացասական ազդեցություն չի ունենա, ավելին, անհրաժեշտ է երեխային անհապաղ վերադարձնել մորը, քանզի անչափահասի համար վտանգավոր է հոր մոտ գտնվելը: Լևոն Մեսրոպյանը երեխային չի սոցիալիզացնում, պահում է փակ, երեխան ունի տարիքային զարգացման անհամապատասխանություն, ինչը փաստում է նաև Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հոգեբան Ս. Փերիվանյանն իր մասնագիտական կարծիքում:

Դատարանի 02.07.2019 թվականի վճռով լուծվել է Լևոն Մեսրոպյանի և Նաիրա Նարգիզյանի միջև 28.11.2013 թվականին Երևանի Էրեբունի-Նուբարաշեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում թիվ 747 համարի տակ գրանցված ամուսնությունը, երեխայի` Մարիամ Մեսրոպյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնվել է մորը` Նաիրա Նարգիզյանին` նրա բնակության վայր սահմանելով մոր բնակության վայրը:

Վերաքննիչ դատարանի 17.01.2020 թվականի որոշմամբ Լևոն Մեսրոպյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով ստորադաս դատարանները, ելնելով երեխայի` Մարիամ Մեսրոպյանի լավագույն շահերից և հաշվի առնելով երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ, երեխայի սեռը, տարիքը, երեխայի դաստիարակության ու զարգացման համար մոր կողմից համապատասխան պայմաններ ստեղծելու հնարավորությունը, հետազոտելով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները, իրավաչափ եզրահանգման են եկել և երեխայի բնակության վայրը սահմանել են մոր բնակության վայրը:

Վճռաբեկ դատարանը կրկին արձանագրում է, որ երեխայի բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը պարտադիր չէ դատարանի համար, և վերոնշյալ խնդիրը լուծելիս դատարանը պետք է առաջնորդվի երեխայի լավագույն շահերով` ապահովելով «երեխայի լավագույն շահերի» բովանդակությունը կազմող անհրաժեշտ պայմանների առկայությունը, որպիսի հանգամանքով առաջնորդվել են Դատարանը և Վերաքննիչ դատարանը: Ինչ վերաբերում է երեխայի բնակության վայրի վերաբերյալ համաձայնության առկայությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան դիմելու փաստն ինքնին վկայում է համաձայնության բացակայության մասին:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից «Ժեստ» հոգեբանական խորհրդատվության և մանկական զարգացման կենտրոնի 24.05.2019 թվականի եզրակացության և Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցչի` երեխայի հետ առանձին հանդիպում ունենալու արդյունքում 11.04.2019 թվականի մասնագիտական կարծիքի վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները քննության առարկա չդարձնելու հիմքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից: Հետևաբար, ինչպես իրավացիորեն փաստել է Վերաքննիչ դատարանը, Լևոն Մկրտչյանը վերաքննիչ բողոքի համապատասխան հիմքերի վերաբերյալ իր` վերաքննիչ բողոքում արտահայտած դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանում սույն գործի քննության ընթացքում Լևոն Մկրտչյանի կողմից նշված փաստարկները ներկայացված չլինելու պարագայում, հնարավոր չէ Դատարանի վճիռը այդ հիմքերով ու հիմնավորումներով բողոքարկել Վերաքննիչ դատարան, քանի որ վերջինս չի հիմնավորել Դատարանում դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորության անհնարինությունը:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի` դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու պարտավորության վերաբերյալ հիմքին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Մինչդեռ բողոք բերած անձի կողմից թե՛ վերաքննիչ բողոքում, թե՛ վճռաբեկ բողոքում չեն ներկայացվել դատավորի` սույն գործով որոշակի հանգամանքների մասին տեղեկացված լինելու փաստը հիմնավորող այնպիսի փաստարկներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործը քննող դատավորի անաչառության մեջ:

Վերոնշյալ պատճառաբանություններով հիմնավորվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ երեխայի հետ փաստացի չբնակվող ծնողի բնակության վայրը որպես երեխայի բնակության վայր սահմանելու դեպքում երեխայի համար վճարվող ալիմենտի բռնագանձման հաշվարկի սկիզբը որոշելու առանձնահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծնողը(ները) կամ երեխայի համար պատասխանատու այլ անձինք, իրենց կարողությունների և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կրում են երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններն ապահովելու հիմնական պատասխանատվությունը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: (...):

Նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի ուժով երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք, սակայն երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին: Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն: Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)` նույն օրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և՛ դրամական կայուն գումարով, և՛ բաժիններով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից: Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով:

Նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ ծնողների սահմանադրական պարտականությունն է հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին, ինչն անվերապահորեն ներառում է երեխայի համար ապրուստի միջոց տրամադրելու պարտավորությունը: Ալիմենտն անչափահաս երեխայի համար յուրաքանչյուր ամիս վճարվող ապրուստի միջոց է: Այսինքն` պետությունը, երաշխավորելով երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունքը, ի ապահովումն նշված իրավունքի սահմանել է պարտականություն` երեխայի ծնողների համար` պահելու իրենց երեխաներին: Նշվածը ենթադրում է, որ ծնողներն այն սուբյեկտներն են, որոնք անմիջականորեն կրում են պարտականություն` պահելու իրենց երեխաներին, այդ թվում նաև` վերջիններիս պահելու համար միջոցներ (ալիմենտ) տրամադրելու միջոցով: Ընդ որում, եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից կարող են բռնագանձվել դատական կարգով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ալիմենտը, որպես կանոն, բռնագանձվում է դատարան դիմելու պահից, իսկ եթե ալիմենտ հայցողն ապացուցում է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ է ձեռնարկել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով, ապա միայն այդ պարագայում կարող է դատարանն ալիմենտը բռնագանձել նաև դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ օրենսդիրը, որպես սկզբունք, ալիմենտի բռնագանձման հաշվարկի սկիզբը պայմանավորել է ալիմենտ հայցողի` դատարան դիմելու պահով` ղեկավարվելով այն կանխավարկածով, որ ալիմենտի բռնագանձման պահանջ ներկայացված չլինելը վկայում է ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև առկա համաձայնության մասին, եթե այլ բան ապացուցված չէ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ հնարավոր են դեպքեր, երբ դատարան դիմելու պահից մինչև դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը երեխան շարունակում է փաստացի բնակվել այն ծնողի հետ, որից ակնկալվում է երեխայի համար ապրուստի միջոց` ալիմենտ, բռնագանձել այն դեպքում, երբ դատական կարգով երեխայի բնակության վայր կորոշվի ալիմենտ հայցող ծնողի բնակության վայրը: Այսինքն` ենթադրվում է, որ մինչև համապատասխան դատական ակտ կայացնելը և այն օրինական ուժի մեջ մտնելը, երեխայի հետ փաստացի բնակվող ծնողն ապահովում է երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը, այն է` կամովին տրամադրում է երեխայի ապրուստի միջոցը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ երեխայի բնակության վայրը դատական կարգով որոշվում է դատարան դիմելու պահին երեխայի հետ փաստացի չբնակվող ծնողի բնակության վայրը, ապա նշված դեպքերում երեխայի համար վճարվող ալիմենտի` ապրուստավճարի գանձման սկիզբ պետք է սահմանել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը` պայմանավորված երեխայի լավագույն շահի և երեխայի համար հոգ տանելու ծնողի շարունակվող պարտավորության կատարման ապահովման անհրաժեշտությամբ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Մարիամ Մեսրոպյանը ծնվել է 29.01.2014 թվականին, հայրը Լևոն Մեսրոպյանն է, մայրը` Նաիրա Նարգիզյանը: Սույն գործով անվիճելի փաստ է, որ երեխան` Մարիամ Մեսրոպյանը, թե՛ Նաիրա Նարգիզյանի կողմից հայցադիմումը ներկայացնելու պահին, թե՛ սույն գործի քննության ողջ ընթացքում բնակվել է հոր` Լևոն Մեսրոպյանի հետ: Նաիրա Նարգիզյանը, դիմելով դատարան, պահանջել է լուծել իր և Լևոն Մեսրոպյանի միջև 28.11.2013 թվականին Երևանի Էրեբունի-Նուբարաշեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում թիվ 747 համարի տակ գրանցված ամուսնությունը` առանց հաշտության համար ժամկետ սահմանելու, երեխայի` Մարիամ Մեսրոպյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն` երեխայի բնակության վայրը սահմանելով մոր բնակության վայրում, ինչպես նաև Լևոն Մեսրոպյանից յուրաքանչյուր ամիս բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես իր խնամքին գտնվող երեխայի ապրուստի միջոց` ալիմենտի բռնագանձումը սկսելով 2018 թվականի ապրիլ ամսից և շարունակելով մինչև երեխայի չափահաս դառնալը:

Դատարանը, անդրադառնալով ալիմենտի բռնագանձումը 2018 թվականի ապրիլ ամսից սկսելու հայցվորի պահանջին, գտել է, որ դատաքննությամբ չի հիմնավորվել, թե մինչ դատարան դիմելը ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել Նաիրա Նարգիզյանի կողմից` երեխայի ապրուստի միջոցները պատասխանողից ստանալու ուղղությամբ, ուստի որոշել է հայցապահանջը բավարարել մասնակի` պատասխանողից որպես երեխայի` Մարիամ Մեսրոպյանի ապրուստի միջոց, բռնագանձելով ալիմենտ` դատարան դիմելու օրվանից:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ Դատարանի կողմից պատշաճ ուսումնասիրվել են գործում առկա ապացույցները, և կայացվել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից սույն գործով ալիմենտի բռնագանձման հաշվարկի սկիզբը որոշելու հիմնավորումներին, դրանք համադրելով սույն գործում առկա փաստերի և Վճռաբեկ դատարանի կողմից սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների հետ, գտնում է, որ երեխայի` Մարիամ Մեսրոպյանի մինչ օրս հոր` Լևոն Մեսրոպյանի հետ փաստացի բնակվելու, վերջինիս կողմից երեխայի ապրուստը հոգալու և միայն Դատարանի վճռով երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու պարագայում, Լևոն Մեսրոպյանից որպես երեխայի` Մարիամ Մեսրոպյանի ապրուստի միջոց բռնագանձվող ալիմենտի հաշվարկման սկիզբ պետք է սահմանել սույն գործով կայացված վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը` ալիմենտի բռնագանձումը դատարան դիմելու պահից հաշվարկելու մասով բերված վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի` այդ մասով, նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի մասնակի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է մասնակի բեկանման և փոփոխման, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «բ» կետի իրավակարգավորումները և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2020 թվականի որոշմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լևոն Մեսրոպյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2020 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն` ալիմենտի բռնագանձումը 14.05.2018 թվականից սկսելու մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.07.2019 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և նշված մասով փոփոխել այն` ալիմենտի բռնագանձումը սկսել վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

2. Լևոն Մեսրոպյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2020 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԴ/9354/02/18 քաղաքացիական գործով 23.04.2021

թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի մի մասի և եզրափակիչ

մասի վերաբերյալ

 

23.04.2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի ապրիլի 23-ին գրավոր ընթացակարգով քննելով Լևոն Մեսրոպյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշման դեմ` ըստ Նաիրա Նարգիզյանի հայցի ընդդեմ Լևոն Մեսրոպյանի` ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, մասնակիորեն` ալիմենտի բռնագանձումը 14.05.2018 թվականից սկսելու մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.07.2019 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և նշված մասով փոփոխել այն` ալիմենտի բռնագանձումը սկսել վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասի և եզրափակիչ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Նաիրա Նարգիզյանը պահանջել է լուծել իր և Լևոն Մեսրոպյանի միջև 28.11.2013 թվականին Երևանի Էրեբունի-Նուբարաշեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում թիվ 747 համարի տակ գրանցված ամուսնությունը` առանց հաշտության համար ժամկետ սահմանելու, երեխայի` Մարիամ Մեսրոպյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն` երեխայի բնակության վայրը սահմանելով մոր բնակության վայրում, ինչպես նաև Լևոն Մեսրոպյանից յուրաքանչյուր ամիս բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես իր խնամքին գտնվող երեխայի ապրուստի միջոց` ալիմենտի բռնագանձումը սկսելով 2018 թվականի ապրիլ ամսից և շարունակելով մինչև երեխայի չափահաս դառնալը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 02.07.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է` լուծել Լևոն Մեսրոպյանի և Նաիրա Նարգիզյանի միջև 28.11.2013 թվականին Երևանի Էրեբունի-Նուբարաշեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում թիվ 747 համարի տակ գրանցված ամուսնությունը, երեխայի` Մարիամ Մեսրոպյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել մորը` Նաիրա Նարգիզյանին` նրա բնակության վայր սահմանելով մոր բնակության վայրը, ինչպես նաև Լևոն Մեսրոպյանից որպես իր երեխայի ապրուստի միջոց բռնագանձել ալիմենտ` ամսական 30.000 ՀՀ դրամի չափով` մինչև երեխայի չափահաս դառնալը` ալիմենտի բռնագանձումը սկսելով 14.05.2018 թվականից: Հայցապահանջը` ալիմենտի բռնագանձումը 2018 թվականի ապրիլ ամսից սկսելու մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.01.2020 թվականի որոշմամբ Լևոն Մեսրոպյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Մեսրոպյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նաիրա Նարգիզյանը»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածը, 95-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 62-րդ, 66-րդ հոդվածները, 203-րդ հոդվածի 2-րդ մասը, 379-րդ հոդվածի 5-րդ մասը, 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

1) Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երեխան արտահայտել է իր կարծիքը հոր` Լևոն Մեսրոպյանի հետ ապրելու վերաբերյալ, ու թեև երեխան մանկահասակ է, այդուհանդերձ, մոր կողմից ցուցաբերած վարքագիծը, այդ թվում` երեխային ամիսներ շարունակ չտեսնելը, նրա դաստիարակությամբ, կրթությամբ, խնամքով չզբաղվելը, երեխային ինքնակամ հոր մոտ թողնելն ու հեռանալը, ավելի քան վկայում են այն մասին, որ երեխայի լավագույն շահերից չի բխում վերջինիս խնամքը մորը հանձնելը: Բացի այդ, 2016 թվականին մայրը տվել է համաձայնություն, որպեսզի երեխան բնակվի հոր հետ:

2) Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անկախ նրանից կողմերը ներկայացրել են որևէ ապացույցի վերաբերյալ դիրքորոշում, թե` ոչ, Դատարանը պետք է գործը քններ ըստ էության` հիմքում դնելով երեխայի լավագույն շահերը, որպիսի հանգամանքն էլ վկայում է, որ երեխայի իրավունքներին առնչվող վեճերի դեպքում ներկայացված ցանկացած ապացույց դատարանները պետք է հետազոտեն և գնահատեն այդ ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության, արժանահավատության և փաստը հաստատված համարելու համար բավարարության տեսանկյունից: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի քննել վերաքննիչ բողոքի 1-ին և 2-րդ հիմքերն այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել Դատարանում, ինչպես նաև չի հիմնավորել այն ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ այն դեպքերում, երբ առերևույթ տեսանելի է դատավորի կողմից կանխակալ վերաբերմունք գործի ելքի վրա, ապա առանց գործի մասնակցող անձի բացարկի միջնորդության` դատավորը պետք է ինքնուրույն հայտնի ինքնաբացարկ:

3) Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատարան դիմելու օրվանից մինչև դատական ակտի ի կատար ածվելը երեխան դեռ շարունակում է գտնվել Լևոն Մեսրոպյանի բնակության վայրում, և վերջինս է հոգում նրա ապրուստի միջոցները, հետևաբար դատարան դիմելու օրվանից ալիմենտի բռնագանձման պահանջի բավարարումը սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ չի կարող հետապնդել իրավաչափ նպատակ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ գործի քննության արդյունքում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված փաստերն ու ապացույցները բավարար են եղել համապատասխան դատական ակտեր կայացնելու համար:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն մերժել է վերաքննիչ բողոքը, քանի որ Նաիրա Նարգիզյանի կողմից 2016 թվականին տրված` հոր հետ երեխայի բնակության վերաբերյալ համաձայնությունից հետո ամուսինները բնակվել են միասին, սակայն որոշ ժամանակ անց կրկին բաժանվել են, իսկ դրանից հետո երեխայի բնակության վայրի հետ կապված որևէ համաձայնություն կողմերի միջև ձեռք չի բերվել»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մարիամ Մեսրոպյանը ծնվել է 29.01.2014 թվականին, հայրը Լևոն Մեսրոպյանն է, մայրը` Նաիրա Նարգիզյանը (հիմք` Երևան քաղաքի Նոր Նորք քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կողմից 31.01.2014 թվականին տրված թիվ ԱԲ 314015 ծննդյան վկայական) (հատոր 1-ին, գ.թ. 25):

2) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի (այսուհետ` Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով) 16.10.2018 թվականի թիվ 27/02-47/74 ակտ-եզրակացության համաձայն` խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարվել է Նաիրա Նարգիզյանի կյանքի հետազոտություն և պարզվել է, որ վերջինս իրոք բնակվում է ք. Երևան, Նորքի 5-րդ փողոց, թիվ 13 տուն հասցեում, որն ապահովված է կոմունալ կենցաղային պայմաններով: Լևոն Մեսրոպյանի անձի կյանքի հետազոտություն չի հաջողվել իրականացնել, քանի որ վերջինս, պատշաճ ծանուցված լինելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստերի վերաբերյալ, չի ներկայացել: Միայն մեկ անգամ է ներկայացել վարչական շրջան և բանավոր տեղեկացրել, որ իրեն այլևս չծանուցեն և չանհանգստացնեն: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովն առաջարկել է անչափահաս Մարիամ Մեսրոպյանի բնակության վայր սահմանել մոր` Նաիրա Նարգիզյանի բնակության վայրը (հատոր 3-րդ, գ.թ. 96-97):

3) Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հոգեբան Ս. Փերիվանյանի` երեխայի հետ առանձին հանդիպում ունենալու արդյունքում մասնագիտական կարծիքի համաձայն` հոգեբանական զրույցի ընթացքում երեխան մոր վերաբերյալ խոսելիս արտահայտվել է միայն դրական, նշել է, որ բնակվում է հայրիկի հետ, մանկապարտեզ չի հաճախում, մայրիկին չի հանդիպում: ՈՒժեղ ձայներից, թակոցներից երեխան վախենում է, ինչն էլ վկայում է երեխայի մոտ իրավիճակային վախերի մասին: Հոգեբանը նպատակահարմար է գտել կրկին հանդիպել երեխայի հետ, սակայն արձագանք չի ստացել (հատոր 3-րդ, գ.թ. 51):

4) Լևոն Մեսրոպյանը Դատարանում առարկել է մասնագիտական կարծիքի դեմ` հայտնելով, որ դրանով հաշվի չի առնվել երեխայի կարծիքը, ինչպես երեխայի կապվածությունը հոր հետ, այնպես էլ` երեխայի լավագույն շահերը (հատոր 3-րդ, գ.թ. 41-44):

5) «Ժեստ» հոգեբանական խորհրդատվության և մանկական զարգացման կենտրոնի 24.05.2019 թվականի եզրակացության համաձայն` երեխայի հոգեբանական վիճակի վրա Լևոն Մեսրոպյանի կողմից կա բացասական ազդեցություն, վերջինս երեխային տրամադրում է Նաիրա Նարգիզյանի նկատմամբ, երեխայի մեջ մոր նկատմամբ սերմանում է վախ, խոչընդոտում երեխայի և մոր հանդիպումներին, երեխայի ներկայությամբ դրսևորում բացասական վարքագիծ: Երեխայի` մոր հանդեպ վերաբերմունքի ախտորոշման արդյունքում բացահայտվել է դրական վերաբերմունք, ինչը, սակայն, գտնվում է երեխայի հոր ճնշման տակ: Լևոն Մեսրոպյանը ոչ պատշաճ է իրականացնում անչափահաս Մարիամ Մեսրոպյանի դաստիարակությունը, որը կարող է հանգեցնել երեխայի հոգեկան առողջության վատթարացմանը և խաթարել անչափահասի նորմալ հոգեբանական զարգացումը: Նաիրա Նարգիզյանի հետ տեսակցությունն անչափահաս Մարիամ Մեսրոպյանի վրա բացասական ազդեցություն չի ունենա, ավելին, անհրաժեշտ է երեխային անհապաղ վերադարձնել մորը, քանզի անչափահասի համար վտանգավոր է հոր մոտ գտնվելը: Լևոն Մեսրոպյանը երեխային չի սոցիալիզացնում, պահում է փակ, երեխան ունի տարիքային զարգացման անհամապատասխանություն, ինչը փաստում է նաև Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հոգեբան Ս. Փերիվանյանն իր մասնագիտական կարծիքում (հատոր 3-րդ, գ.թ. 74-77):

6) Լևոն Մեսրոպյանի կողմից գործի քննության ընթացքում ներկայացված ինքնաբացարկի գրավոր միջնորդություն գործում առկա չէ:

7) Սույն գործով անվիճելի փաստ է այն, որ Մարիամ Մեսրոպյանն առ այսօր բնակվում է հոր` Լևոն Մեսրոպյանի հետ»:

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` երեխայի համար գանձվող ալիմենտի բռնագանձման ժամանակահատվածի սկիզբը որոշելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առաջին և երկրորդ հիմքերով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դեպքում` նաև սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրված եզրակացությունը երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը (տե՛ս, Անի Մարտիրոսյանն ընդդեմ Գուրգեն Խալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու և երեխաների բնակության վայրի շուրջ ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը պետք է համեմատական գնահատական տա և պատճառաբանի, թե որ ծնողի հետ բնակվելն է բխում երեխայի շահերից և նպաստում երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը (տե՛ս, Արա Միրզախանյանն ընդդեմ Դիանա Խաչատրյանի թիվ 3-432(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով օրենսդրորեն սահմանված հետևյալ պայմանները.

1) երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ,

2) երեխայի տարիքը,

3) ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները,

4) ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները,

5) երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործեր քննելիս դատարանը կարող է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված վերոգրյալ չափանիշները, այլ նաև տվյալ գործով դատարան ներկայացված և դատարանին հայտնի այլ պայմաններ: Ընդ որում, երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի բացահայտման հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա յուրաքանչյուր ապացույցի անմիջական գնահատման արդյունքում: Այլ կերպ ասած` երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում` հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը (տե՛ս, Աննա Ասատրյանն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երեխայի` դատարանում լսված լինելու իրավունքի իրացման առանձնահատկություններին վերջինիս բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում, արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը պարտադիր չէ դատարանի համար, և վերոնշյալ խնդիրը լուծելիս դատարանը պետք է ելնի կոնկրետ գործի հանգամանքներից, երեխայի տարիքից և հասունության մակարդակից և առաջնորդվի երեխայի լավագույն շահերով` ապահովելով «երեխայի լավագույն շահերի» բովանդակությունը կազմող անհրաժեշտ պայմանների առկայությունը (տե՛ս, Նարինե Մելքոնյանն ընդդեմ Ալբերտ Ալավերդյանի թիվ ԵԴ/1057/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.10.2019 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 29.01.2014 թվականին ծնված Մարիամ Մեսրոպյանը բնակվում է հոր հետ: Մարիամ Մեսրոպյանի մայրը` Նաիրա Նարգիզյանը, դիմել է դատարան ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը հայցվորի բնակության վայրում սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 16.10.2018 թվականի թիվ 27/02-47174 Ակտ-Եզրակացության համաձայն` խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարվել է Նաիրա Նարգիզյանի կյանքի հետազոտություն և պարզվել է, որ վերջինս իրոք բնակվում է ք. Երևան, Նորքի 5-րդ փողոց 13 տան հասցեում, որն ապահովված է կոմունալ կենցաղային պայմաններով: Լևոն Մեսրոպյանի անձի կյանքի հետազոտություն չի հաջողվել իրականացնել, քանի որ վերջինս, պատշաճ ծանուցված լինելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստերի վերաբերյալ, չի ներկայացել: Միայն մեկ անգամ է ներկայացել վարչական շրջան և բանավոր տեղեկացրել, որ իրեն այլևս չծանուցեն և չանհանգստացնեն: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովն առաջարկել է անչափահաս Մարիամ Մեսրոպյանի բնակության վայր սահմանել մոր` Նաիրա Նարգիզյանի բնակության վայրը: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հոգեբան Ս. Փերիվանյանի մասնագիտական կարծիքի համաձայն` հոգեբանական զրույցի ընթացքում երեխան մոր վերաբերյալ խոսելիս արտահայտվել է միայն դրական, նշել է, որ բնակվում է հայրիկի հետ, մանկապարտեզ չի հաճախում, մայրիկին չի հանդիպում: Ուժեղ ձայներից, թակոցներից երեխան վախենում է, ինչն էլ վկայում է երեխայի մոտ իրավիճակային վախերի մասին: Հոգեբանը նպատակահարմար է գտել կրկին հանդիպել երեխայի հետ, սակայն արձագանք չի ստացել: «Ժեստ» հոգեբանական խորհրդատվության և մանկական զարգացման կենտրոնի 24.05.2019 թվականի եզրակացության համաձայն` երեխայի հոգեբանական վիճակի վրա Լևոն Մեսրոպյանի կողմից կա բացասական ազդեցություն, վերջինս երեխային տրամադրում է Նաիրա Նարգիզյանի նկատմամբ, երեխայի մեջ մոր նկատմամբ սերմանում է վախ, խոչընդոտում երեխայի և մոր հանդիպումներին, երեխայի ներկայությամբ դրսևորում բացասական վարքագիծ: Երեխայի` մոր հանդեպ վերաբերմունքի ախտորոշման արդյունքում բացահայտվել է դրական վերաբերմունք, ինչը, սակայն, գտնվում է երեխայի հոր ճնշման տակ: Լևոն Մեսրոպյանը ոչ պատշաճ է իրականացնում անչափահաս Մարիամ Մեսրոպյանի դաստիարակությունը, որը կարող է հանգեցնել երեխայի հոգեկան առողջության վատթարացմանը և խաթարել անչափահասի նորմալ հոգեբանական զարգացումը: Նաիրա Նարգիզյանի հետ տեսակցությունն անչափահաս Մարիամ Մեսրոպյանի վրա բացասական ազդեցություն չի ունենա, ավելին, անհրաժեշտ է երեխային անհապաղ վերադարձնել մորը, քանզի անչափահասի համար վտանգավոր է հոր մոտ գտնվելը: Լևոն Մեսրոպյանը երեխային չի սոցիալիզացնում, պահում է փակ, երեխան ունի տարիքային զարգացման անհամապատասխանություն, ինչը փաստում է նաև Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հոգեբան Ս. Փերիվանյանն իր մասնագիտական կարծիքում:

Դատարանի 02.07.2019 թվականի վճռով լուծվել է Լևոն Մեսրոպյանի և Նաիրա Նարգիզյանի միջև 28.11.2013 թվականին Երևանի Էրեբունի-Նուբարաշեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում թիվ 747 համարի տակ գրանցված ամուսնությունը, երեխայի` Մարիամ Մեսրոպյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնվել է մորը` Նաիրա Նարգիզյանին` նրա բնակության վայր սահմանելով մոր բնակության վայրը:

Վերաքննիչ դատարանի 17.01.2020 թվականի որոշմամբ Լևոն Մեսրոպյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով ստորադաս դատարանները, ելնելով երեխայի` Մարիամ Մեսրոպյանի լավագույն շահերից և հաշվի առնելով երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ, երեխայի սեռը, տարիքը, երեխայի դաստիարակության ու զարգացման համար մոր կողմից համապատասխան պայմաններ ստեղծելու հնարավորությունը, հետազոտելով գործով ձեռքբերված բոլոր ապացույցները, իրավաչափ եզրահանգման են եկել և երեխայի բնակության վայրը սահմանել են մոր բնակության վայրը:

Վճռաբեկ դատարանը կրկին արձանագրում է, որ երեխայի բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը պարտադիր չէ դատարանի համար, և վերոնշյալ խնդիրը լուծելիս դատարանը պետք է առաջնորդվի երեխայի լավագույն շահերով` ապահովելով «երեխայի լավագույն շահերի» բովանդակությունը կազմող անհրաժեշտ պայմանների առկայությունը, որպիսի հանգամանքով առաջնորդվել են Դատարանը և Վերաքննիչ դատարանը: Ինչ վերաբերում է երեխայի բնակության վայրի վերաբերյալ համաձայնության առկայությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան դիմելու փաստն ինքնին վկայում է համաձայնության բացակայության մասին:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից «Ժեստ» հոգեբանական խորհրդատվության և մանկական զարգացման կենտրոնի 24.05.2019 թվականի եզրակացության և Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցչի` երեխայի հետ առանձին հանդիպում ունենալու արդյունքում 11.04.2019 թվականի մասնագիտական կարծիքի վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները քննության առարկա չդարձնելու հիմքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից: Հետևաբար, ինչպես իրավացիորեն փաստել է Վերաքննիչ դատարանը, Լևոն Մկրտչյանը վերաքննիչ բողոքի համապատասխան հիմքերի վերաբերյալ իր` վերաքննիչ բողոքում արտահայտած դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանում սույն գործի քննության ընթացքում Լևոն Մկրտչյանի կողմից նշված փաստարկները ներկայացված չլինելու պարագայում, հնարավոր չէ Դատարանի վճիռը այդ հիմքերով ու հիմնավորումներով բողոքարկել Վերաքննիչ դատարան, քանի որ վերջինս չի հիմնավորել Դատարանում դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորության անհնարինությունը:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի` դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու պարտավորության վերաբերյալ հիմքին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Մինչդեռ բողոք բերած անձի կողմից թե՛ վերաքննիչ բողոքում, թե՛ վճռաբեկ բողոքում չեն ներկայացվել դատավորի` սույն գործով որոշակի հանգամանքների մասին տեղեկացված լինելու փաստը հիմնավորող այնպիսի փաստարկներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործը քննող դատավորի անաչառության մեջ:

Վերոնշյալ պատճառաբանություններով հիմնավորվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ երեխայի հետ փաստացի չբնակվող ծնողի բնակության վայրը որպես երեխայի բնակության վայր սահմանելու դեպքում երեխայի համար վճարվող ալիմենտի բռնագանձման հաշվարկի սկիզբը որոշելու առանձնահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծնողը(ները) կամ երեխայի համար պատասխանատու այլ անձինք, իրենց կարողությունների և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կրում են երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններն ապահովելու հիմնական պատասխանատվությունը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: (...):

Նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի ուժով երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք, սակայն երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին: Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն: Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)` նույն օրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և՛ դրամական կայուն գումարով, և՛ բաժիններով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից: Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով:

Նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ ծնողների սահմանադրական պարտականությունն է հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին, ինչն անվերապահորեն ներառում է երեխայի համար ապրուստի միջոց տրամադրելու պարտավորությունը: Ալիմենտն անչափահաս երեխայի համար յուրաքանչյուր ամիս վճարվող ապրուստի միջոց է: Այսինքն` պետությունը, երաշխավորելով երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունքը, ի ապահովումն նշված իրավունքի սահմանել է պարտականություն` երեխայի ծնողների համար` պահելու իրենց երեխաներին: Նշվածը ենթադրում է, որ ծնողներն այն սուբյեկտներն են, որոնք անմիջականորեն կրում են պարտականություն` պահելու իրենց երեխաներին, այդ թվում նաև` վերջիններիս պահելու համար միջոցներ (ալիմենտ) տրամադրելու միջոցով: Ընդ որում, եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից կարող են բռնագանձվել դատական կարգով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ալիմենտը, որպես կանոն, բռնագանձվում է դատարան դիմելու պահից, իսկ եթե ալիմենտ հայցողն ապացուցում է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ է ձեռնարկել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով, ապա միայն այդ պարագայում կարող է դատարանն ալիմենտը բռնագանձել նաև դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ օրենսդիրը, որպես սկզբունք, ալիմենտի բռնագանձման հաշվարկի սկիզբը պայմանավորել է ալիմենտ հայցողի` դատարան դիմելու պահով` ղեկավարվելով այն կանխավարկածով, որ ալիմենտի բռնագանձման պահանջ ներկայացված չլինելը վկայում է ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև առկա համաձայնության մասին, եթե այլ բան ապացուցված չէ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ հնարավոր են դեպքեր, երբ դատարան դիմելու պահից մինչև դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը երեխան շարունակում է փաստացի բնակվել այն ծնողի հետ, որից ակնկալվում է երեխայի համար ապրուստի միջոց` ալիմենտ, բռնագանձել այն դեպքում, երբ դատական կարգով երեխայի բնակության վայր կորոշվի ալիմենտ հայցող ծնողի բնակության վայրը: Այսինքն` ենթադրվում է, որ մինչև համապատասխան դատական ակտ կայացնելը և այն օրինական ուժի մեջ մտնելը, երեխայի հետ փաստացի բնակվող ծնողն ապահովում է երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը, այն է` կամովին տրամադրում է երեխայի ապրուստի միջոցը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ երեխայի բնակության վայրը դատական կարգով որոշվում է դատարան դիմելու պահին երեխայի հետ փաստացի չբնակվող ծնողի բնակության վայրը, ապա նշված դեպքերում երեխայի համար վճարվող ալիմենտի` ապրուստավճարի գանձման սկիզբ պետք է սահմանել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը` պայմանավորված երեխայի լավագույն շահի և երեխայի համար հոգ տանելու ծնողի շարունակվող պարտավորության կատարման ապահովման անհրաժեշտությամբ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Մարիամ Մեսրոպյանը ծնվել է 29.01.2014 թվականին, հայրը Լևոն Մեսրոպյանն է, մայրը` Նաիրա Նարգիզյանը: Սույն գործով անվիճելի փաստ է, որ երեխան` Մարիամ Մեսրոպյանը, թե՛ Նաիրա Նարգիզյանի կողմից հայցադիմումը ներկայացնելու պահին, թե՛ սույն գործի քննության ողջ ընթացքում բնակվել է հոր` Լևոն Մեսրոպյանի հետ: Նաիրա Նարգիզյանը, դիմելով դատարան, պահանջել է լուծել իր և Լևոն Մեսրոպյանի միջև 28.11.2013 թվականին Երևանի Էրեբունի-Նուբարաշեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում թիվ 747 համարի տակ գրանցված ամուսնությունը` առանց հաշտության համար ժամկետ սահմանելու, երեխայի` Մարիամ Մեսրոպյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն` երեխայի բնակության վայրը սահմանելով մոր բնակության վայրում, ինչպես նաև Լևոն Մեսրոպյանից յուրաքանչյուր ամիս բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես իր խնամքին գտնվող երեխայի ապրուստի միջոց` ալիմենտի բռնագանձումը սկսելով 2018 թվականի ապրիլ ամսից և շարունակելով մինչև երեխայի չափահաս դառնալը:

Դատարանը, անդրադառնալով ալիմենտի բռնագանձումը 2018 թվականի ապրիլ ամսից սկսելու հայցվորի պահանջին, գտել է, որ դատաքննությամբ չի հիմնավորվել, թե մինչ դատարան դիմելը ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել Նաիրա Նարգիզյանի կողմից` երեխայի ապրուստի միջոցները պատասխանողից ստանալու ուղղությամբ, ուստի որոշել է հայցապահանջը բավարարել մասնակի` պատասխանողից որպես երեխայի` Մարիամ Մեսրոպյանի ապրուստի միջոց, բռնագանձելով ալիմենտ` դատարան դիմելու օրվանից:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ Դատարանի կողմից պատշաճ ուսումնասիրվել են գործում առկա ապացույցները, և կայացվել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից սույն գործով ալիմենտի բռնագանձման հաշվարկի սկիզբը որոշելու հիմնավորումներին, դրանք համադրելով սույն գործում առկա փաստերի և Վճռաբեկ դատարանի կողմից սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների հետ, գտնում է, որ երեխայի` Մարիամ Մեսրոպյանի մինչ օրս հոր` Լևոն Մեսրոպյանի հետ փաստացի բնակվելու, վերջինիս կողմից երեխայի ապրուստը հոգալու և միայն Դատարանի վճռով երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու պարագայում, Լևոն Մեսրոպյանից որպես երեխայի` Մարիամ Մեսրոպյանի ապրուստի միջոց բռնագանձվող ալիմենտի հաշվարկման սկիզբ պետք է սահմանել սույն գործով կայացված վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը` ալիմենտի բռնագանձումը դատարան դիմելու պահից հաշվարկելու մասով բերված վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի` այդ մասով, նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասում և եզրափակիչ մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքի երրորդ հիմքը, այն համարել է հիմնավոր, որի արդյունքում որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու, մասնակիորեն` ալիմենտի բռնագանձումը 14.05.2018 թվականից սկսելու մասով Դատարանի 02.07.2019 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, Վերաքննիչ դատարանի 17.01.2020 թվականի որոշումը բեկանելու և նշված մասով այն փոփոխելու` ալիմենտի բռնագանձումը վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սկսելու մասին:

Կարծում եմ, որ նշված պահանջի մասով Վճռաբեկ դատարանն իրավասու չէր կայացնելու նման որոշում հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հայցը ներկայացնելու ժամանակ գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:

Նույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում` նույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն` մորատորիումի գործողությունը չի տարածվում ալիմենտների բռնագանձման վրա:

Նույն օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ալիմենտների բռնագանձման պահանջներով պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել դատարան` նույն օրենքով սահմանված կարգով: Նշված պահանջները չներկայացվելու դեպքում ֆիզիկական անձի սնանկության գործի ավարտից հետո պահպանում են իրենց ուժը:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ այն բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ սնանկ ճանաչված պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում երրորդ անձ, պետք է քննվեն նույն սնանկության գործի շրջանակում, եթե այդ վեճերը ծագել են սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ: Հակառակ դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ այլ դատարանների վարույթներում գտնվող այն գործերը, որոնք պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջի վերաբերյալ են, պետք է կարճվեն կամ ավարտվեն, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում` նույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

Նշված կանոնից բացառություն են կազմում, օրինակ, ալիմենտների բռնագանձման վերաբերյալ վեճերը, որոնց դեպքում մորատորիումի գործողությունը չի տարածվում, և այս դեպքում գործի վարույթը չի կարող կարճվել վերը նշված հիմքով: Սակայն միևնույն ժամանակ օրենսդիրը ֆիզիկական անձի պարտատերերին իրավունք է վերապահել ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ալիմենտների բռնագանձման պահանջներով իրենց պահանջները ներկայացնելու դատարան` նույն օրենքով սահմանված կարգով, որպիսի ձևակերպումից բխում է, որ այդ պահանջները կարող են ներկայացվել ինչպես առանձին պահանջի տեսքով սնանկության վարույթում, այնպես էլ` տվյալ սնանկության վարույթի շրջանակներում առանձին հայցապահանջի տեսքով: Ընդ որում, նշված պահանջներն առանձին պահանջի տեսքով սնանկության վարույթում չներկայացվելու դեպքում ֆիզիկական անձի պարտատերերը սնանկության գործի ավարտից հետո ևս պահպանում են իրենց այդ պահանջի իրավունքը, և կարող են այն ներկայացնել առանձին քաղաքացիական դատավարության կարգով:

Տվյալ դեպքում սույն գործի փաստերի համաձայն` սույն գործում առկա Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.01.2015 թվականի վճռով, որը չի բողոքարկվել և սահմանված ժամկետում մտել է օրինական ուժի մեջ, Լևոն Մեսրոպյանը ճանաչվել է սնանկ: Լևոն Մեսրոպյանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, բայց մինչև սնանկության գործն ավարտելու մասին 24.09.2020 թվականին վճիռ կայացնելը` 14.05.2018 թվականին, Նաիրա Նարգիզյանը Դատարան է ներկայացրել պարտապան Լևոն Մեսրոպյանից ալիմենտի ձևով գումար բռնագանձելու պահանջով հայցադիմում` փոխարենը այդ պահանջը ներկայացներ կա՛մ առանձին պահանջի տեսքով սնանկության վարույթում, կամ առանձին հայցապահանջի տեսքով սնանկության գործի շրջանակներում:

Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը նշված հանգամանքներն անտեսել են:

Նման պայմաններում կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանն իր հերթին իրավասու չէ վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու արդյունքում դատական ակտ կայացնել պարտապան Լևոն Մեսրոպյանից ալիմենտ բռնագանձելու մասին:

 

                         Դատավոր    Գ. Հակոբյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

թիվ ԵԴ/9354/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի

քաղաքացիական և վարչական պալատի 23.04.2021 թվականի որոշման

(այսուհետ` Որոշում) վերաբերյալ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Տ. Պետրոսյանս, Ռ. Հակոբյանս, համաձայն չլինելով թիվ ԵԴ/9354/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների մեծամասնության (այսուհետ` Պալատ) կարծիքին, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով շարադրում ենք մեր հատուկ կարծիքը Որոշման վերաբերյալ:

Սույն քաղաքացիական գործով Նաիրա Նարգիզյանը դատարան դիմելով, ի թիվս այլ պահանջների, պահանջել է Լևոն Մեսրոպյանից յուրաքանչյուր ամիս բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես իր խնամքին գտնվող երեխայի ապրուստի միջոց` ալիմենտի բռնագանձումը սկսելով 2018 թվականի ապրիլ ամսից և շարունակելով մինչև երեխայի չափահաս դառնալը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) 02.07.2019 թվականի վճռով հայցը ալիմենտի բռնագանձման պահանջի մասով բավարարվել է մասնակիորեն` որոշվել է Լևոն Մեսրոպյանից որպես իր երեխայի ապրուստի միջոց բռնագանձել ալիմենտ` ամսական 30.000 ՀՀ դրամի չափով մինչև երեխայի չափահաս դառնալը` ալիմենտի բռնագանձումը սկսելով 14.05.2018 թվականից:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.01.2020 թվականի որոշմամբ Լևոն Մեսրոպյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Մեսրոպյանի ներկայացուցիչը:

Պատասխանողն ինչպես Վերաքննիչ դատարանում, այնպես էլ` Վճռաբեկ դատարանում ներկայացրել է միջնորդություն պետական տուրքից ազատելու կամ դրա վճարումը հետաձգելու մասին` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքը սնանկ է ճանաչվել 2015 թվականին, միջնորդությունում նշել է սնանկության գործի համարը: Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի համաձայն` սնանկության վարույթն ավարտված չէ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` առանձին քաղաքացիական գործերը հարուցվում, քննվում և լուծվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Նույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում` սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն` մորատորիումի գործողությունը չի տարածվում` ալիմենտների բռնագանձման վրա:

Նույն օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ալիմենտների բռնագանձման պահանջներով պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել դատարան` սույն օրենքով սահմանված կարգով: Նշված պահանջները չներկայացվելու դեպքում ֆիզիկական անձի սնանկության գործի ավարտից հետո պահպանում են իրենց ուժը:

Նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից սկսած սնանկ ճանաչված անձից գումարի բռնագանձման պահանջով քննության փուլում գտնվող քաղաքացիական գործերը կարճվում են, իսկ հետագայում նման պահանջեր կարող են ներկայացվել սնանկության դատարան:

Ինչ վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի բացառությանը, ապա այն վերաբերում է այն դեպքերին, երբ բռնագանձման ենթակա ալիմենտի գումարն արդեն իսկ վճռված է և կատարվում է ալիմենտի բռնագանձում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և 3-րդ մասի համաձայն` Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Տվյալ դեպքում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, քանի որ սույն գործով ալիմենտի գումարի բռնագանձման պահանջն ի սկզբանե ներկայացված է եղել սնանկ ճանաչված անձին, իսկ նման պահանջը կարող էր ներկայացվել միայն սնանկության վարույթի շրջանակներում, քանի որ քննարկվող իրավահարաբերությունների վերաբերյալ մինչև 23.08.2018 թվականը փոփոխություններն ուժի մեջ մտնելը գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքը պարունակել է նույնաբովանդակ իրավակարգավորումներ` գումարի բռնագանձման պահանջները սնանկության վարույթի շրջանակներում ներկայացնելու անհրաժեշտության մասին: Քանի որ սույն գործի վարույթը ստորադաս դատարաններում չի կարճվել, ուստի վերոշարադրյալ իրավակարգավորումների համաձայն` գործի վարույթը ենթակա է կարճման ներկայումս:

 

Վերոշարադրյալից բխում է, որ անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ սույն գործի վարույթը` կարճման:

 

Դատավորներ Տ. Պետրոսյան

Ռ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 23 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.04.2021
N ԵԴ/9354/02/18
Որոշում