Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ

    դատարանի որոշում                       ՎԴ5/0108/05/19

    Վարչական գործ թիվ ՎԴ5/0108/05/19       2021 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

    Դատավորներ`        Կ. Ավետիսյան

                       Կ. Բաղդասարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունվարի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացուցիչ Գարեգին Բաղրամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Անի» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի, երրորդ անձինք «Էրստեդ» ՍՊԸ-ի, «Լայթէկո» ՍՊԸ-ի և «Ֆենհալ» ՍՊԸ-ի` Հանձնաժողովի 05.06.2019 թվականի թիվ 201Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Հանձնաժողովի 05.06.2019 թվականի Ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության N 0322 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին թիվ 201Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 15.08.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, 39-րդ հոդվածի 1-ին մասը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը 29.03.2019 թվականին պատշաճ ծանուցվել է իր նկատմամբ վարչական վարույթի հարուցման, այնուհետև նաև վարչական վարույթի ժամկետի երկարաձգումների, դրա շրջանակներում փոխօգնության կարգով այլ պետական մարմիններ դիմելու մասին, որպիսի հանգամանքները հաստատող ապացույցներն առկա են դատարան ներկայացրած վարչական վարույթի նյութերում: 05.06.2019 թվականին մոտ երկու ժամ տևած նիստի ընթացքում Ընկերության ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել ներկայացնելու քննարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում, և Ընկերության տնօրենն ինչպես լսման, այնպես էլ ՀՀ վարչական դատարանում գործի քննության ընթացքում ամբողջությամբ ընդունել է վիճարկվող որոշման համար առանցքային նշանակություն ունեցող փաստը` խնդրելով ժամանակ տրամադրել խախտումը վերացնելու համար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության ներկայացուցիչը չի ներկայացրել այնպիսի նոր փաստ, որն առկա չի եղել վիճարկվող որոշումը Հանձնաժողովի կողմից ընդունելու պահի դրությամբ, ինչն իր հերթին վկայում է Ընկերության կողմից լսված լինելու իրավունքի ինքնանպատակ և ձևական վկայակոչման ու չարաշահման մասին: Ինչ վերաբերում է այդ նյութերին 04.06.2019 թվականին ծանոթանալու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիտարկմանը, ապա վարույթի մասնակցի` վարույթի նյութերին ծանոթանալու իրավունքի իրացման ձևը վերջինիս կողմից համապատասխան դիմումի ներկայացումն է, որի պարագայում վարչական մարմինը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրից երեք օրվա ընթացքում ընձեռել վարչական վարույթի նյութերին ծանոթանալու հնարավորություն, ինչը ևս փաստացի կատարել է Հանձնաժողովը:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշման մեջ կատարել է միանշանակ եզրահանգում առ այն, որ տվյալ դեպքում Ընկերության նկատմամբ 26.03.2019 թվականին հարուցված վարչական վարույթի շրջանակում 05.06.2019 թվականին` վարույթի առավելագույն ժամկետի վերջին օրը լսումներ նշանակելով, ըստ էության, խախտվել է Ընկերության լսված լինելու իրավունքը: Նշված դիտարկմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ վարչական վարույթի ընթացքում բանավոր լսումները (նիստը) միակ ձևը չեն, և լսումներն անցկացվում են նաև քննվող հանգամանքների վերաբերյալ վարույթի մասնակիցների գրավոր դիրքորոշումներն ու հիմնավորումները քննարկելու միջոցով, իսկ սույն գործով վարչական վարույթի նյութերում առկա է Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մանուկյանի 2019 թվականի ապրիլի 8-ի N 04.19 գրավոր դիրքորոշումը:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ նաև որևէ կերպ չի քննարկել, թե լսումների իրավունքի ենթադրյալ խախտումը, որպես ընթացակարգային խախտում, Ընկերության որ հիմնական իրավունքի խախտմանն է հանգեցրել, դրա հետևանքով ինչպիսի նյութական էական հանգամանք է բաց մնացել կամ անտեսվել, որը հանգեցրել է հանձնաժողովի ընդունած վարչական ակտի անվավերության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հանձնաժողովի 15.07.2009 թվականի թիվ 375Ա որոշմամբ` Ընկերությանը տրամադրվել է ՀՀ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքում` Ախուրյան գետի աջ ափին գտնվող ոռոգման ջրատարի վրա կառուցված «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության թիվ 0322 լիցենզիան (այսուհետ` Լիցենզիա)` 15 տարի գործողության ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 32):

2) «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից Հանձնաժողովին հասցեագրվել է Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում (հատոր 3-րդ, գ.թ. 65-69):

3) Հանձնաժողովի 28.03.2019 թվականի թիվ ԱԲ-614 գրությամբ (գրությունը 29.03.2019 թվականին ստորագրությամբ հանձնվել է Ընկերության տնօրեն Գ. Մանուկյանին) դիմումատուները և Ընկերությունը ծանուցվել են վարչական վարույթ հարուցված լինելու մասին: Նշված ծանուցագրով Ընկերությունն իրազեկվել է վարչական վարույթի շրջանակում յոթ աշխատանքային օրվա ընթացքում դիմումով ներկայացված պնդումների վերաբերյալ պարզաբանումներ և դրանք հիմնավորող փաստաթղթեր Հանձնաժողով ներկայացնելու անհրաժեշտության մասին (հատոր 3-րդ, գ.թ. 57-60):

4) Հարուցված վարչական վարույթի շրջանակում Ընկերությունը 08.04.2019 թվականի թիվ N 04.019 գրությամբ ներկայացրել է իր դիրքորոշումը, որով հայտնել է` «դիմողների պահանջն անհիմն է և մերժման ենթակա» (հատոր 3-րդ, գ.թ. 53-55):

5) Հանձնաժողովը 23.04.2019 թվականի թիվ ԱԲ-824 գրությամբ Ընկերությանը և դիմողներին տեղեկացրել է հարուցված վարույթի ժամկետը տասը օրով երկարաձգելու մասին: Գրությունը 29.04.2019 թվականին փոստային առաքմամբ հանձնվել է Ընկերությանը (հիմք` թիվ AG012888291AM փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր) (հատոր 3-րդ, գ.թ. 14-15, 19):

6) Հանձնաժողովի անդամ Ա. Բաղդասարյանի 07.05.2019 թվականի թիվ ԱԲ-961-9 գրության համաձայն` Հանձնաժողովը որոշ հանգամանքներ պարզաբանելու նպատակով փոխօգնության կարգով դիմել է ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարին և ՀՀ քաղաքաշինության կոմիտեին և երեսուն օրով երկարաձգել է վարչական վարույթի ժամկետը (հատոր 2-րդ, գ.թ. 43-44):

7) Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մանուկյանը 03.06.2019 թվականի թիվ N 03/008 գրությամբ խնդրել է Հանձնաժողովի անդամ Ա. Բաղդասարյանի հանձնարարականը` թույլատրելու 26.03.2019 թվականին Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի նյութերին ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում պատճենահանելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 3):

8) Հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ա. Սաֆարյանի 04.06.2019 թվականի թիվ ԱՍ/2.3-63/981-19 գրության համաձայն` լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 26.03.2019 թվականին հարուցված վարչական վարույթի շրջանակում պահանջված փաստաթղթերի պատճենները (33 էջ) 04.06.2019 թվականին ստորագրությամբ առձեռն հանձնվել են Ընկերության տնօրենի խորհրդատու Մ. Մանուկյանին (հատոր 2-րդ, գ.թ. 2):

9) ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված թիվ 30-1 հեռախոսագրի համաձայն` Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մանուկյանը 04.06.2019 թվականին տեղեկացվել է 2019 թվականի հունիսի 5-ին, ժամը 11:00-ին Հանձնաժողովում կայանալիք նիստի վերաբերյալ (հատոր 4-րդ, գ.թ. 25-26):

10) Ընկերության տնօրենի խորհրդատու Մ. Մանուկյանի 04.06.2019 թվականի գրության համաձայն` «Անի» բաց բաժնետիրական ընկերության տնօրենի խորհրդատու Մ. Մանուկյանը խնդրել է հետաձգել 05.06.2019 թվականի ժամը 11:00-ին նշանակված հանձնաժողովի նիստը: Դիմումը Հանձնաժողով է մուտքագրվել 04.06.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 86):

11) 05.07.2020 թվականին կայացած լսման ընթացքում Հանձնաժողովը ներկայացրել է վիճարկվող վարչական ակտի նախագիծը, պարզաբանել, թե գործի որ փաստական հանգամանքների և որ իրավական դրույթների վրա է հիմնված այն, և հնարավորություն է տրվել Ընկերությանը` արտահայտելու իր դիրքորոշումը: Վերջինս ընդունել է, որ «Ջրաձոր» ՓԷԿ-ը տվյալ պահին չի շահագործվել էլեկտրակայանի նախագծային փաստաթղթերով նախատեսված սխեմային համապատասխան: Միևնույն ժամանակ միջնորդել է հետաձգել վարչական վարույթը` խախտումը վերացնելու նպատակով: Նիստի ավարտին հայտնել է նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու անհրաժեշտության բացակայության մասին` կապված կասեցման հիմք հանդիսացած փաստերի հետ (հիմք` 05.06.2019 թվականի հանձնաժողովի նիստի ձայնագրության կրիչ) (հատոր 4-րդ, գ.թ. 28):

12) Հանձնաժողովի 05.06.2019 թվականի թիվ 201Ա որոշմամբ` Լիցենզիայի գործողությունը կասեցվել է դրա պայմանների 13-րդ կետի խախտման հիմքով մինչև խախտման պատճառի վերացումը: Որոշմամբ արձանագրվել է նաև հայցվորի կողմից Լիցենզիան ստանալու համար էական նշանակություն ունեցող կայանի կառուցման աշխատանքները նախագծին համապատասխան ավարտելու վերաբերյալ Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության խեղաթյուրման փաստը, ինչը հիմք է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Լիցենզիայի դադարեցման համար, որի իրավասությունը վերապահված է դատարանին, և նշված արարքի համար Ընկերության նկատմամբ Հանձնաժողովի կողմից որևէ պատասխանատվության միջոց չի կիրառվել նման իրավասություն չունենալու պատճառով (հատոր 1-ին, գ.թ. 27-32):

13) Հանձնաժողովի 05.06.2019 թվականի թիվ 201Ա որոշմամբ` որպես Լիցենզիայի գործողության կասեցման հիմք նշվել է. «... Մասնավորապես, պետական իրավասու մարմնի կողմից փաստվել է, որ ներկայումս համապատասխան ջրանցքը սալերով ծածկված չէ, խողովակաշարը մեկուսացված չէ...» (հատոր 1-ին, գ.թ. 31):

14) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա. Շահբազյանի 13.05.2019 թվականի գրության համաձայն` «Հիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի 2019 թվականի ապրիլի 8-ի N 36 գրությունում նշվում է. «... Տեղում ուսումնասիրությունից պարզվեց, որ ներկայումս ջրանցքը սալերով ծածկված չէ, խողովակաշարը մեկուսացված չէ...» (հատոր 2-րդ, գ.թ. 39-40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի ապահովմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյոք խախտվում է վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը վարչական վարույթի նյութերին ծանոթանալու համար իրեն բավարար ժամանակ տրամադրված չլինելու պատճառաբանությամբ, այն պարագայում, երբ վարչական վարույթի մասնակիցն ըստ էության ներկայացրել է իր դիրքորոշումը վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած փաստի կապակցությամբ:

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը և վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթի նյութերին ծանոթանալու հնարավորությունը պետք է տրվի համապատասխան դիմումը ներկայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում: Վարույթի մասնակիցները վարչական վարույթի նյութերից կարող են կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում. արդյունավետ միջոցը պետք է օժտված լինի մարդու իրավունքի ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակումը կանխելու, կամ իրավունքի խախտման համար պատշաճ փոխհատուցում ապահովելու հատկանիշով (տե՛ս, ILHAN v. TURKEY (22277/93) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 97):

ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի վերլուծության արդյունքում արձանագրել է հետևյալը.

1) անձի լսված լինելու իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի` պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,

2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու և քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք և իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,

3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,

4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետևյալ գործառութային նշանակությունը. մի կողմից` անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից` վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ և պարզել դրանց օբյեկտիվությունը և լիարժեքությունը` վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,

5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,

6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր և վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա,

7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,

8) «(...) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում:

ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության տարր հանդիսացող` անձի լսված լինելու իրավունքի կոնկրետացումն օրենսդրությունում ենթադրում է այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված մարդու` պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը ներառում է նաև վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքը, որի ապահովման պարտականությունն օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով դրել է վարույթն իրականացնող վարչական մարմնի վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վարչական վարույթի մասնակիցների` ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ` հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի, ի գիտություն ընդունի և գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

Բացի դրանից, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Այսպիսով, իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի` թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Այդ նպատակին հասնելու համար օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սահմանել է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/6067/05/16 որոշմամբ անդրադառնալով վարչական վարույթում լսված լինելու իրականացման հիմնական կառուցակարգին` լսումների ինստիտուտին, արձանագրել է, որ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին լսելու վարչական մարմնի պարտականությունը, որի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է վերջիններիս հնարավորություն տալ արտահայտվելու տվյալ վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն և պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես` վարչական գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը և գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա (տե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերից մեկը վարչական վարույթ հարուցելու մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականության պատշաճ կատարումն է, որը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածում ամրագրված վարչական վարույթի մասին ծանուցելու վերաբերյալ իրավակարգավորումների միջոցով և նպատակ է հետապնդում վարույթի մասնակիցներին իրազեկելու այն մասին, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է և իրականացվելու է վարչական վարույթ: Նշված հոդվածով նախատեսված իրավական նորմերի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդիրը նախատեսել է վարչական վարույթի մասնակիցներին ծանուցման հետ կապված վարչական մարմնի հետևյալ պարտականությունները.

1) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,

2) վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,

3) վարույթի մասնակիցներին վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգավորումը հատկապես կարևորվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դեպքերում, քանի որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու մասին վարույթի մասնակիցը որևէ կերպ տեղեկացված չի կարող լինել: Ընդ որում, դիմումի հիման վրա հարուցված և վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականությունների բովանդակային տարբերությունն այն է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է առանց որևէ բացառության, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է միայն այն դեպքում, երբ վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարույթին մասնակցող անձի` լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Այս եզրահանգումը բխում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից, որով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական և թե՛ իրավական առումներով, մասնավորապես այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ (տե՛ս Իվանովը և ուրիշներն ընդդեմ Բուլղարիայի (46336/99) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 24.11.2005 թվականի վճիռը, կետ 70): Հետևաբար, վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տե՛ս ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի մասին ծանուցելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներով նախատեսված կառուցակարգերը անհրաժեշտ նախադրյալ են հանդիսանում վարչական վարույթի ընթացքում մարդու լսված լինելու իրավունքի կենսագործման համար, քանի որ առանց վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման կամ վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների (օրինակ` լսումների) անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելու հնարավոր չէ ապահովել վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը: Թեև վարչական վարույթի մասնակիցներին վարույթի մասին ծանուցելը և քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն տալը` լսելը, կատարվում են վարչական վարույթի երկու տարբեր փուլերում և նախատեսված են վարչական վարույթի հարուցման ու ընթացիկ փուլերը կարգավորող իրավական նորմերով, սակայն նշված ընթացակարգային գործողությունները հետապնդում են մեկ միասնական նպատակ, որը հանգում է մարդու` Կոնվենցիայով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքներն իրացնելու երաշխավորմանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում լսումների մասին ծանուցումն իրականացնելու ժամկետները, եղանակը, այնուամենայնիվ, վարչական մարմինը վարույթի մասնակիցներին լսումների իրականացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցման ժամկետն ու միջոցները պետք է ընտրի այն հաշվառմամբ, որպեսզի վերջիններս ունենան ողջամիտ ժամկետ` լսումներին պատշաճ կերպով ներկայանալու և դիրքորոշում հայտնելու համար:

Ի հավելումն նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրացման կարևոր նախապայմաններից մեկը վարչական վարույթի նյութերի մատչելիության ապահովումն է, որն իրենից ենթադրում է նախ վարչական մարմնի պարտականությունը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարում և հաշվառում, քննարկումների վերաբերյալ արձանագրության կազմում, այնուհետև վարչական վարույթի նյութերին ծանոթանալու հնարավորության տրամադրում` բացառապես վարչական վարույթի մասնակիցների կողմից համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում: Վարչական վարույթի նյութերի մատչելիության իրավունքն ինքնանպատակ չէ. վարչական վարույթի մասնակիցը, ծանոթանալով վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվող վարույթի նյութերին, հնարավորություն է ստանում ձևավորել իր դիրքորոշումը գործում առկա ապացույցների վերաբերյալ և, ի վերջո, ազդել վարչական մարմնի որոշման վրա:

Վարչական վարույթի մասնակիցները սեփական հայեցողությամբ են իրականացնում իրենց իրավունքների պաշտպանությունը, ընտրում դրանց իրականացման ձևն ու եղանակները, բայց միևնույն ժամանակ իրենք են կրում ընտրված միջոցների ոչ արդյունավետ լինելու ռիսկը: Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական վարույթի մասնակիցները գործի նյութերին ծանոթանալու իրավունքից կարող են օգտվել միայն սեփական նախաձեռնությամբ, ուստի այդ իրավունքի իրացման արդյունավետությունը գնահատելիս` պետք է հաշվի առնել ոչ միայն օբյեկտիվ, այլ նաև սուբյեկտիվ հանգամանքները:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականությունը դիտարկել վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման համատեքստում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի բովանդակությունից պարզ է դառնում, որ վերոնշյալ սկզբունքները միմյանց հետ փոխկապակցված են, դրանց միաժամանակյա առկայությունը պարտադիր է յուրաքանչյուր գործով և դրանցից յուրաքանչյուրն անտեսելը խաթարում է մյուսի էությունը, և, առհասարակ, վարչական վարույթի օրինականությունը: Այսպես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վարչական մարմինն իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` միաժամանակ ապահովելով վարույթի մասնակիցների իրավունքների իրացման ընթացակարգերն ու կառուցակարգերը, և հանգել է եզրակացության, որ գործի հանգամանքները բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են, ապա վարչական մարմնի ոչ թե իրավունքը, այլ պարտականությունն է ընդունել համապատասխան վարչական ակտը` անկախ վարչական վարույթի ընդհանուր կամ հատուկ ժամկետների լրանալուց:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի առկայության կամ բացակայության հարցը քննարկելիս` դատարանները պետք է գնահատեն լսված լինելու իրավունքի բոլոր պայմաններն ու նախադրյալները և դրանց հնարավոր ազդեցությունը գործի ելքի վրա:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի համադրությունից հետևում է, որ դիմումի հիման վրա վարչական վարույթ հարուցված լինելու և վարչական վարույթի շրջանակում յոթ աշխատանքային օրվա ընթացքում դիմումով ներկայացված պնդումների վերաբերյալ պարզաբանումներ և դրանք հիմնավորող փաստաթղթեր Հանձնաժողով ներկայացնելու անհրաժեշտության մասին Ընկերությունը ծանուցվել է 29.03.2019 թվականին: Ընկերությունը վարչական վարույթի հարուցման հիմքում դրված դիմումի փաստարկների վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նույն թվականի ապրիլի 8-ին Հանձնաժողով ներկայացրած գրությամբ: Հանձնաժողով ներկայացված դիմումի հիման վրա 04.06.2019 թվականին Ընկերությանն են հանձնվել վարչական վարույթի շրջանակում պահանջված փաստաթղթերի պատճենները (33 էջ): Նույն օրը Ընկերության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Հանձնաժողով` խնդրելով հետաձգել 05.06.2019 թվականի ժամը 11:00-ին նշանակված հանձնաժողովի նիստը: Դիմումը Հանձնաժողով է մուտքագրվել 04.06.2019 թվականին: Հաջորդ օրը Հանձնաժողովի նիստին ներկայանալով` Ընկերության ներկայացուցիչը հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր դիրքորոշումը վարչական վարույթի հարցերի վերաբերյալ:

Հանձնաժողովի 05.06.2019 թվականի թիվ 201Ա որոշմամբ` Լիցենզիայի գործողությունը կասեցվել է դրա պայմանների 13-րդ կետի խախտման հիմքով մինչև խախտման պատճառի վերացումը: Ընկերությունն իրեն տրված Լիցենզիայի գործողությունը կասեցնող որոշումն անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել դատարան, ի թիվս այլ հիմքերի, նշելով, որ որոշման նախագիծը միայն նիստի ընթացքում ստանալու և կայանալիք նիստի մասին պատշաճ ծանուցման բացակայության պայմաններում զրկվել է որոշման նախագծի վերաբերյալ պատշաճ դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից:

Դատարանը բավարարել է հայցը այն հիմնավորմամբ, որ հայցվորը պատշաճ ձևով չի ծանուցվել գործի քննության ժամանակի և վայրի մասին, քանի որ վարչական վարույթի մասին հայցվորի տեղեկացված լինելու վերաբերյալ որևէ ապացույց պատասխանողի կողմից դատարան ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա չէ, իսկ ինչ վերաբերում է հեռախոսազանգի միջոցով ծանուցմանը, ապա այն պատշաճ կարող է համարվել, եթե վարչական մարմնի և անձի միջև առկա լինի նման եղանակով ծանուցման փոխհամաձայնություն, մինչդեռ սույն գործով վարչական մարմինը չի ներկայացրել Ընկերության և վարչական մարմնի միջև նման ծանուցման եղանակի վերաբերյալ համաձայնության փաստը հիմնավորող ապացույց, ինչպես նաև նշել է, որ հայցվորը վարչական վարույթի շրջանակում պահանջված փաստաթղթերի պատճենները ստացել է 04.06.2019 թվականին, իսկ վիճարկվող որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի քննարկումը տեղի է ունեցել 05.06.2019 թվականին, որպիսի պայմաններում վերջինս զրկվել է դրանց վերաբերյալ պատշաճ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, հետևաբար` վարույթն իրականացնող պաշտոնատար անձը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վարչական վարույթին մասնակից անձի կողմից իր իրավունքները լիարժեքորեն իրացնելու իրական հնարավորություն ընձեռելու տեսանկյունից:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Դատարանի վճիռը այն հիմնավորմամբ, որ վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովը դիմել է տարբեր պետական և համայնքային մարմինների և ստացել Ընկերության իրավունքներին և պարտականություններին առնչվող տարաբնույթ պատասխաններ, որոնց հայցվորը հնարավորություն է ունեցել ծանոթանալու նիստից մեկ օր առաջ` 04.06.2019 թվականին, որպիսի պայմաններում հայցվորին ժամանակ չի տրամադրվել ձեռքբերված և վարչական վարույթի նյութերում ներառված փաստաթղթերին ծանոթանալու, դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների և փաստերի համադրության հիման վրա անդրադառնալով սույն բողոքի քննության համար առանցքային նշանակություն ունեցող հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության ներկայացուցիչը փաստացի իրացրել է իր` վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքը, քանի որ պատշաճ կերպով ծանուցվել է վարչական վարույթի հարուցման մասին, ներկայացրել է գրավոր դիրքորոշում դիմումի վերաբերյալ, իր ներկայացրած դիմումի հիման վրա ծանոթացել է վարչական վարույթի նյութերին, որոնց շրջանակներում Ընկերությունն իրազեկվել է Հանձնաժողովի կողմից այլ պետական մարմիններին փոխօգնության կարգով ներկայացված դիմումների պատասխանների մասին, ներկայացել է հանձնաժողովի նիստին և ներկայացրել իր դիրքորոշումը վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստերի առնչությամբ, մասնավորապես, ընդունել է լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացած փաստերի առկայությունը և նշել է, որ դրանց մասով գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու անհրաժեշտություն չկա: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս պարագայում Հանձնաժողովը նիստի ընթացքում ապահովել է շահագրգիռ անձի` Ընկերության լսված լինելու իրավունքը և միայն լրացուցիչ դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտության բացակայության մեջ հավաստիանալուց հետո, հանգելով եզրակացության, որ գործի հանգամանքները բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են, ընդունել է վիճարկվող վարչական ակտը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանի այն եզրահանգմանը, որ վարչական վարույթի շրջանակում պահանջված փաստաթղթերի պատճենները 04.06.2019 թվականին ստանալու, և վիճարկվող որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի քննարկումը 05.06.2019 թվականին տեղի ունենալու պայմաններում Ընկերությունը զրկվել է դրանց վերաբերյալ պատշաճ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Ընկերությանը վարչական վարույթի նյութերին ծանոթանալու հնարավորություն կարող էր ընձեռնվել միայն սեփական դիմումով: Սույն գործով Ընկերությունը վարչական վարույթի նյութերին ծանոթանալու դիմում է ներկայացրել միայն 03.06.2019 թվականին` վարչական վարույթի ժամկետի ավարտից 2 օր առաջ, այն պայմաններում, երբ գործում առկա ապացույցներից պարզ է դառնում, որ Հանձնաժողովի կողմից վիճարկվող որոշումն ընդունելու հիմքում ընկած ապացույցները գտնվել են Հանձնաժողովի տրամադրության տակ դեռևս 13.05.2019 թվականին: Ուստի սույն պարագայում Ընկերությունն է կրում իր իրավունքի ոչ արդյունավետ իրականացման անբարենպաստ հետևանքները:

Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք Հանձնաժողովը պատշաճ է իրականացրել վարչական վարույթի շրջանակներում հրավիրված նիստի մասին ծանուցման ընթացակարգային գործողությունները, ապա այն չի կարող էական նշանակության ունենալ սույն բողոքի քննության համար այն առումով, որ վարչական վարույթի նյութերին ծանոթանալու հնարավորություն ունենալու, հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու և լսման ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ դիրքորոշում փաստացի հայտնած լինելու պայմաններում այլևս հերքվում է այն փաստը, որ ընթացակարգային խախտումների արդյունքում Ընկերությունը դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված է եղել և նշված ընթացակարգային խախտումները ազդել են կամ կարող էին ազդել վերջինիս նյութական իրավունքների վրա:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լսված լինելու իրավունքի խախտման բացակայության պայմաններում այդ հիմքով վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ ստորադաս ատյանների եզրահանգումները հանգեցրել են գործի սխալ լուծման, ուստի հայցի հիմքում դրված մյուս հիմնավորումների գնահատման համար անհրաժեշտ է իրականացնել գործի ամբողջ ծավալով նոր քննություն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Դատարան` ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում (datalex.am) 27 հունվարի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.01.2021
N ՎԴ5/0108/05/19
Որոշում