ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/3118/05/19
Վարչական գործ թիվ ՎԴ/3118/05/19 2020 թ.
Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
2020 թվականի նոյեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Գարեգին Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Արմեն Չատյանի` Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի (այսուհետ` Ղեկավար) 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Գարեգին Հարությունյանի ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գարեգին Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել Ղեկավարի 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, և հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.09.2019 թվականի որոշմամբ Արմեն Չատյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 05.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասով, վերացվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարեգին Հարությունյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Չատյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 29-րդ, 54-րդ, 66-րդ, 72-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ չի ներկայացվել ապացույց շինարարությունը 20.02.2019 թվականին սկսելու ժամկետի վերաբերյալ, իսկ ներկայացված ապացույցներն ընդամենը փաստում են Արմեն Չատյանի ցանկությունը սկսելու շինարարությունը:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքին կից թղթային կրիչով ներկայացված լուսանկարներին, որտեղ պատկերված է ցուցանակը, դրանք գնահատել է որպես պատշաճ ապացույցներ, չնայած այն հանգամանքին, որ այդ լուսանկարների վրա բացակայում է որևէ նշում լուսանկարների կատարման ժամկետի վերաբերյալ: Հետևաբար պարզ չէ, թե, երբ են սկսվել շինարարական թույլտվության հիման վրա շենքի կառուցման աշխատանքները, քանի որ վերոնշյալ լուսանկարներից պարզ չէ, թե դրանցով պատկերված ցուցանակը երբ է տեղադրվել, կամ արդյոք այն տեղադրվել է բոլորի համար հասանելի, տեսանելի վայրում, թե` ոչ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից նշված վարչական ակտով իր ենթադրյալ իրավունքների խախտման մասին տեղեկանալու և ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության` այդ թվում նաև դատական պաշտպանության իրավունքն իրացնելու գործընթացն օբյեկտիվորեն ենթադրում է տվյալ անձի կողմից որոշակի ողջամիտ գործողությունների ձեռնարկում:
Հետևաբար սույն գործում առկա ապացույցների պարագայում պետք է փաստել, որ հայցվորը շինարարության թույլտվության վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով, քանի որ չի հանդիսացել վիճարկվող վարչական ակտի հասցեատեր: Նշված շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող շենքի` միայն որոշակի մասի հասնելու պայմաններում, իր տան սահմանագծով ու շատ մոտ գտնվելու հանգամանքով պայմանավորված` Քաղաքապետարան դիմելու և 12.03.2019 թվականին ստացված պատասխան գրության ուսումնասիրության արդյունքում պարզելով վիճարկվող վարչական ակտի առկայությունը, ողջամիտ ժամկետում ձեռնարկել է իրենից կախված բավարար միջոցներ վիճարկման հայցով դատարան դիմելու ուղղությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 09.09.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` «օրինական ուժ տալ Դատարանի 05.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմանը»:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Բողոքաբերի այն փաստարկը, որ Արմեն Չատյանի ներկայացրած լուսանկարներով և այլ ապացույցներով չի ապացուցվել, թե երբ են կատարվել դրանք և արդյոք շինարարությունը մեկնարկել է 21.02.2019 թվականին, իսկ պաստառը փակցված էր 20.02.2019 թվականին, անհիմն է, քանի որ վիճարկվող վարչական ակտով նախատեսված շինարարությունը 20.02.2019 թվականից սկսվելու փաստը հաստատվում է այն հանգամանքով, որ 21.02.2019 թվականին կազմվել է «Հիմքերի համար բացված փոսորակների և խրամուղիների զննման» ակտ, որի կազմման պահին վիճելի հասցեում արդեն իսկ փորվել էին փոսորակները և շինության հիմքերի խրամուղիները:
Այն հանգամանքը, որ պաստառը փակցված է եղել առնվազն շինարարության սկսելուց մեկ օր առաջ, հաստատվում է նորմատիվ իրավական ակտով, ուստի դրա բացակայության դեպքում կառուցապատողը կտուգանվեր, ինչը սույն դեպքում տեղի չի ունեցել: Հետևաբար հայցվորը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է դեռևս 20.02.2019 թվականին, քանի որ փողոցի ամբողջ երկայնքով փակցված էր «Ավելի բարեկարգ Երևան» պաստառը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Գարեգին Հարությունյանը 26.04.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին տրված թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը (հավելված, գ. թ. 2-23):
Միաժամանակ Գարեգին Հարությունյանը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել է, որ Արմենուհի Հարությունյանը (նախկին սեփականատերը) իրազեկվել է 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվության վերաբերյալ միայն 07.03.2019 թվականի Ղեկավարի գրությամբ, որը վերջինիս կողմից ստացվել է 12.03.2019 թվականին, ինչը հավաստվում է փոստային ծրարով (հավելված, գ. թ. 54-57):
ՀՀ վարչական դատարանի 03.05.2019 թվականի որոշմամբ Գարեգին Հարությունյանի հայցադիմումը` Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականի թիվ 23/25-23 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ ներկայացված չէ վիճարկվող վարչական ակտը կամ դրա պատճենը (հավելված, գ.թ. 24-25): Դատարանի 05.06.2019 թվականի որոշմամբ Գարեգին Հարությունյանի` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է և կրկին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ այն հիմնավորումներով, որ վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ հայցվորն իրազեկվել է Ղեկավարի 07.03.2019 թվականի գրությունից, որը ստացվել է 12.03.2019 թվականին, և այդ պահից սկսած երկամսյա ժամկետում` 26.04.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան, այսինքն` իրազեկվելու պահից երկամսյա ժամկետում ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանությանը (հավելված, գ. թ. 62-64):
Դատարանի 05.06.2019 թվականի մեկ այլ որոշմամբ Արմեն Չատյանը սույն գործով ներգրավվել է որպես երրորդ անձ (հավելված, գ. թ. 65-66):
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Արմեն Չատյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ վիճահարույց վարչական ակտով կառուցապատման ենթակա` Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/2 հասցեի շինության հարևանությամբ գտնվող Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/1 հասցեի գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ծագել է 27.03.2019 թվականից` Արմենուհի Հարությունյանի և Գարեգին Հարությունյանի միջև 22.03.2019 թվականին կազմված նվիրատվության պայմանագրի հիման վրա: Մինչդեռ վիճարկվող վարչական ակտն ուժի մեջ է մտել մինչև սեփականության իրավունքի ձեռք բերելը, ինչը նշանակում է, որ դատավարական ժամկետների հաշվարկման տեսանկյունից առանցքային է ոչ թե վարչական ակտի մասին հայցվորի իրազեկված լինելու պահը, այլ նվիրատու Արմենուհի Հարությունյանի իրազեկված լինելու պահը:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ Արմենուհի Հարությունյանն իրազեկված էր ավելի վաղ, քան հայցվորը վկայակոչել է իր միջնորդության մեջ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Արմեն Չատյանի կողմից պահպանվել է համապատասխան պաստառ-վահանակը տեղադրված լինելու պահանջը, որը հիմնավորվում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված լուսանկարների համակարգչային պատճեններով: Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ շինարարության իրականացման սկզբնաժամկետի վերաբերյալ Քաղաքապետարան ներկայացված համապատասխան դիմումի վերաբերյալ ծանուցմամբ հիմնավորվում է, որ շինարարությունը փաստացի սկսված է եղել 21.02.2019 թվականից` նույն թվականի փետրվարի 20-ից շինհրապարակում պաստառ-վահանակ տեղադրված լինելու պայմաններում: Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտել է, որ շինարարության, ինչպես նաև շինարարության թույլտվության մասին Արմենուհի Հարությունյանը, հետևապես նաև հայցվորն իրազեկված են եղել 21.02.2019 թվականից:
Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին Արմեն Չատյանին տրվել է թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը` Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 17/2 հասցեում բնակելի տան կառուցման համար (հավելված, գ.թ. 45-46): Սույն գործով Ղեկավարի տեղակալի կողմից ի պատասխան Արմենուհի Հարությունյանի 05.03.2019 թվականի դիմումի հայտնվել է, որ Այգեստան 10-րդ փողոցի թիվ 17/2 հասցեում իրականացվում է բնակելի տան կառուցման աշխատանքներ` Ղեկավարի 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվության համաձայն (հավելված, գ.թ. 47):
Վճռաբեկ դատարանը, գնահատելով սույն գործի փաստերը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ առանցքային է նվիրատու Արմենուհի Հարությունյանի իրազեկված լինելու պահը, իսկ վերջինս վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվել էր ավելի վաղ, հիմնավոր չէ և չի բխում սույն գործում առկա ապացույցներից:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի պնդմամբ վերջինս վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է ի պատասխան Արմենուհի Հարությունյանի դիմումի` Ղեկավարի տեղակալի 07.03.2019 թվականի գրությունը 12.03.2019 թվականին ստանալուց հետո, որով հայտնվել է, որ վիճելի հասցեում բնակելի տան կառուցման աշխատանքներն իրականացվում են Արմեն Չատյանին Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին տրված թիվ 23/35-23 շինարարության թույլտվության հիման վրա: Այսինքն` հայցվորի պնդմամբ վերջինս Արմեն Չատյանին տրամադրված շինարարության թույլտվության առկայության մասին տեղեկացել է վերոնշյալ գրությունից: Մյուս կողմից սույն գործում առկա ապացույցներով չի հաստատվում, որ հայցվորը վիճարկվող շինարարության թույլտվության մասին իմացել է ավելի վաղ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում հայցվորի հայտնած տվյալը` վիճարկվող շինարարության թույլտվության մասին իր իրազեկման ժամանակի վերաբերյալ, պետք է համարել հավաստի:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի այն փաստարկներին, որ գործում առկա լուսանկարների համակարգչային պատճեններից երևում է, որ Արմեն Չատյանի կողմից պահպանվել են «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008 թվականի թիվ 07-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Քաղաքապետարան ներկայացված` շինարարության սկսման մասին դիմումի գրանցման վերաբերյալ ծանուցմամբ և համապատասխան պաստառ-վահանակը տեղադրված լինելու վերաբերյալ լուսանկարների համակարգչային պատճեններով չի հիմնավորվում այն հանգամանքը, թե փաստացի երբ է տեղադրվել համապատասխան պաստառ-վահանակը, որը հնարավորություն կտար հայցվորին առնվազն տեղեկանալու վիճարկվող վարչական ակտի գոյության մասին: Ինչ վերաբերում է կառուցապատողի կողմից շինարարությունը սկսելուն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, դա դեռևս չի փաստում այն մասին, որ հայցվորը պետք է անպայմանորեն եզրակացներ, որ Ղեկավարի կողմից Արմեն Չատյանին 25.12.2018 թվականին տրամադրվել է թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը, որով վերջինիս տրվել է իրավունք` վիճելի հասցեում բնակելի տուն կառուցելու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ղեկավարի տեղակալի 07.03.2019 թվականի պատասխան գրությունից հետո է միայն Գարեգին Հարությունյանն իրազեկվել, որ Արմեն Չատյանին Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին տրամադրվել է թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 17/2 հասցեում շինարարություն իրականացնելու նպատակով, որով խախտվում են կամ կարող են խախտվել հայցվորի իրավունքները: Այսինքն` Գարեգին Հարությունյանը մինչև 12.03.2019 թվականը տեղեկացված չէր վարչական ակտի գոյության մասին, հետևաբար վերջինս, չհանդիսանալով վարչական ակտի հասցեատեր, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով և այդ մասին իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում` 26.04.2019 թվականին, վիճարկման հայցով դիմել է դատարան: Նման պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 05.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը թողնել անփոփոխ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
10.11.2020 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ՎԴ/3118/05/19 վարչական գործով 10.11.2020 թվականին
կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 10.11.2020 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Գարեգին Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Արմեն Չատյանի` Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի (այսուհետ` Ղեկավար) 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Գարեգին Հարությունյանի ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 05.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը թողնել անփոփոխ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գարեգին Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել Ղեկավարի 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, և հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.09.2019 թվականի որոշմամբ Արմեն Չատյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 05.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասով, վերացվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարեգին Հարությունյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Չատյանը:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 29-րդ, 54-րդ, 66-րդ, 72-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ չի ներկայացվել ապացույց շինարարությունը 20.02.2019 թվականին սկսելու ժամկետի վերաբերյալ, իսկ ներկայացված ապացույցներն ընդամենը փաստում են Արմեն Չատյանի ցանկությունը սկսելու շինարարությունը:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքին կից թղթային կրիչով ներկայացված լուսանկարներին, որտեղ պատկերված է ցուցանակը, դրանք գնահատել է որպես պատշաճ ապացույցներ, չնայած այն հանգամանքին, որ այդ լուսանկարների վրա բացակայում է որևէ նշում լուսանկարների կատարման ժամկետի վերաբերյալ: Հետևաբար պարզ չէ, թե, երբ են սկսվել շինարարական թույլտվության հիման վրա շենքի կառուցման աշխատանքները, քանի որ վերոնշյալ լուսանկարներից պարզ չէ, թե դրանցով պատկերված ցուցանակը երբ է տեղադրվել, կամ արդյոք այն տեղադրվել է բոլորի համար հասանելի, տեսանելի վայրում, թե` ոչ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից նշված վարչական ակտով իր ենթադրյալ իրավունքների խախտման մասին տեղեկանալու և ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության` այդ թվում նաև դատական պաշտպանության իրավունքն իրացնելու գործընթացն օբյեկտիվորեն ենթադրում է տվյալ անձի կողմից որոշակի ողջամիտ գործողությունների ձեռնարկում:
Հետևաբար սույն գործում առկա ապացույցների պարագայում պետք է փաստել, որ հայցվորը շինարարության թույլտվության վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով, քանի որ չի հանդիսացել վիճարկվող վարչական ակտի հասցեատեր: Նշված շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող շենքի` միայն որոշակի մասի հասնելու պայմաններում, իր տան սահմանագծով ու շատ մոտ գտնվելու հանգամանքով պայմանավորված` Քաղաքապետարան դիմելու և 12.03.2019 թվականին ստացված պատասխան գրության ուսումնասիրության արդյունքում պարզելով վիճարկվող վարչական ակտի առկայությունը, ողջամիտ ժամկետում ձեռնարկել է իրենից կախված բավարար միջոցներ վիճարկման հայցով դատարան դիմելու ուղղությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Վերացնել Վերաքննիչ դատարանի 09.09.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` «օրինական ուժ տալ Դատարանի 05.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմանը»:
2.1. Երրորդ անձ Արմեն Չատյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վիճարկման հայցով հայցվորին իրավունք է տրված պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու միջամտող վարչական ակտը, որպիսի հայցը ներկայացնելու համար սահմանված է երկամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Հետևաբար նշված ժամկետը բաց թողնելով` անձն այլևս կորցնում է այդ ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու, այն է` վիճարկման հայց ներկայացնելու իր իրավունքը: Անձի կողմից ժամկետի բացթողնման պատճառը կարող է համարվել հարգելի միայն այն դեպքում, երբ առկա է այնպիսի իրավիճակ, որի հետևանքով վերջինս օբյեկտիվորեն զրկված էր օրենքով սահմանված ժամկետում հայց ներկայացնելու իրական որևէ հնարավորությունից, որպիսի հանգամանքն էլ պետք է ապացուցի հենց այդ դատավարական ժամկետի վերականգնում հայցողը` ներկայացնելով համապատասխան ապացույցներ, որը տվյալ դեպքում չի կատարվել:
3. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Սույն գործի փաստերի համաձայն` Գարեգին Հարությունյանը 26.04.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին տրված թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը (հավելվածի գ. թ. 2-23):
Միաժամանակ Գարեգին Հարությունյանը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել է, որ Արմենուհի Հարությունյանը (նախկին սեփականատերը) իրազեկվել է 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվության վերաբերյալ միայն 07.03.2019 թվականի Ղեկավարի գրությամբ, որը վերջինիս կողմից ստացվել է 12.03.2019 թվականին, ինչը հավաստվում է փոստային ծրարով (հավելվածի գ. թ. 54-57):
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Ազրոյան) 03.05.2019 թվականի որոշմամբ Գարեգին Հարությունյանի հայցադիմումը` Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականի թիվ 23/25-23 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ ներկայացված չէ վիճարկվող վարչական ակտը կամ դրա պատճենը (հավելվածի գ.թ. 24-25):
Դատարանի 05.06.2019 թվականի որոշմամբ Գարեգին Հարությունյանի` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է և կրկին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ այն հիմնավորումներով, որ վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ հայցվորն իրազեկվել է Ղեկավարի 07.03.2019 թվականի գրությունից, որը ստացվել է 12.03.2019 թվականին, և այդ պահից սկսած երկամսյա ժամկետում` 26.04.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան, այսինքն` իրազեկվելու պահից երկամսյա ժամկետում ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանությանը (հավելվածի գ. թ. 62-64):
Դատարանի 05.06.2019 թվականի մեկ այլ որոշմամբ Արմեն Չատյանը սույն գործով ներգրավվել է որպես երրորդ անձ (հավելվածի գ. թ. 65-66):
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Արմեն Չատյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ վիճահարույց վարչական ակտով կառուցապատման ենթակա` Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/2 հասցեի շինության հարևանությամբ գտնվող Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/1 հասցեի գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ծագել է 27.03.2019 թվականից` Արմենուհի Հարությունյանի և Գարեգին Հարությունյանի միջև 22.03.2019 թվականին կազմված նվիրատվության պայմանագրի հիման վրա: Մինչդեռ վիճարկվող վարչական ակտն ուժի մեջ է մտել մինչև սեփականության իրավունքի ձեռք բերելը, ինչը նշանակում է, որ դատավարական ժամկետների հաշվարկման տեսանկյունից առանցքային է ոչ թե վարչական ակտի մասին հայցվորի իրազեկված լինելու պահը, այլ նվիրատու Արմենուհի Հարությունյանի իրազեկված լինելու պահը:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ Արմենուհի Հարությունյանն իրազեկված էր ավելի վաղ, քան հայցվորը վկայակոչել է իր միջնորդության մեջ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Արմեն Չատյանի կողմից պահպանվել է համապատասխան պաստառ-վահանակը տեղադրված լինելու պահանջը, որը հիմնավորվում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված լուսանկարների համակարգչային պատճեններով: Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ շինարարության իրականացման սկզբնաժամկետի վերաբերյալ Քաղաքապետարան ներկայացված համապատասխան դիմումի վերաբերյալ ծանուցմամբ հիմնավորվում է, որ շինարարությունը փաստացի սկսված է եղել 21.02.2019 թվականից` նույն թվականի փետրվարի 20-ից շինհրապարակում պաստառ-վահանակ տեղադրված լինելու պայմաններում: Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտել է, որ շինարարության, ինչպես նաև շինարարության թույլտվության մասին Արմենուհի Հարությունյանը, հետևապես նաև հայցվորն իրազեկված են եղել 21.02.2019 թվականից:
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 09.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 05.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը թողնել անփոփոխ:
Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման` Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի և այդ իրավունքի ժամկետային սահմանափակումների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Kreuz v. Poland (28249/95) գործով 19.06.2001 թվականի վճռով` 52-րդ կետ, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով 13.07.1995 թվականի վճռով` 59-րդ կետ, Khalfaoui v. France (34791/97) գործով 14.12.1999 թվականի վճռով` 36-րդ կետ, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով 12.04.2016 թվականի վճռով` 28-րդ կետ, Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճռով` 51-րդ և 55-րդ կետեր, արտահայտած իրավական դիրքորոշումները` եզրահանգելով, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությանը և գտնելով, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը, Վճռաբեկ դատարանը վկայակոչել է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքերի, ինչպես նաև անձանց կողմից իրենց դատական պաշտպանության իրավունքն օրենքով սահմանված ժամկետներում իրացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները և արձանագրել հետևյալը. «(...) Սույն գործի փաստերի համաձայն` Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին Արմեն Չատյանին տրվել է թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը` Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 17/2 հասցեում բնակելի տան կառուցման համար (հավելված, գ.թ. 45-46): Սույն գործով Ղեկավարի տեղակալի կողմից ի պատասխան Արմենուհի Հարությունյանի 05.03.2019 թվականի դիմումի հայտնվել է, որ Այգեստան 10-րդ փողոցի թիվ 17/2 հասցեում իրականացվում է բնակելի տան կառուցման աշխատանքներ` Ղեկավարի 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվության համաձայն (հավելված, գ.թ. 47):
(...) Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ առանցքային է նվիրատու Արմենուհի Հարությունյանի իրազեկված լինելու պահը, իսկ վերջինս վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվել էր ավելի վաղ, հիմնավոր չէ և չի բխում սույն գործում առկա ապացույցներից:
(...) հայցվորի պնդմամբ վերջինս վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է ի պատասխան Արմենուհի Հարությունյանի դիմումի` Ղեկավարի տեղակալի 07.03.2019 թվականի գրությունը 12?03?2019 թվական ստանալուց հետո, որով հայտնվել է, որ վիճելի հասցեում բնակելի տան կառուցման աշխատանքներն իրականացվում են Արմեն Չատյանին Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին տրված թիվ 23/35-23 շինարարության թույլտվության հիման վրա: Այսինքն` հայցվորի պնդմամբ վերջինս Արմեն Չատյանին տրամադրված շինարարության թույլտվության առկայության մասին տեղեկացել է վերոնշյալ գրությունից: Մյուս կողմից սույն գործում առկա ապացույցներով չի հաստատվում, որ հայցվորը վիճարկվող շինարարության թույլտվության մասին իմացել է ավելի վաղ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում հայցվորի հայտնած տվյալը` վիճարկվող շինարարության թույլտվության մասին իր իրազեկման ժամանակի վերաբերյալ, պետք է համարել հավաստի:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի այն փաստարկներին, որ գործում առկա լուսանկարների համակարգչային պատճեններից երևում է, որ Արմեն Չատյանի կողմից պահպանվել են «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008 թվականի թիվ 07-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները: (...) սույն գործով Քաղաքապետարան ներկայացված` շինարարության սկսման մասին դիմումի գրանցման վերաբերյալ ծանուցմամբ և համապատասխան պաստառ-վահանակը տեղադրված լինելու վերաբերյալ լուսանկարների համակարգչային պատճեններով չի հիմնավորվում այն հանգամանքը, թե փաստացի երբ է տեղադրվել համապատասխան պաստառ-վահանակը, որը հնարավորություն կտար հայցվորին առնվազն տեղեկանալու վիճարկվող վարչական ակտի գոյության մասին: Ինչ վերաբերում է կառուցապատողի կողմից շինարարությունը սկսելուն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, դա դեռևս չի փաստում այն մասին, որ հայցվորը պետք է անպայմանորեն եզրակացներ, որ Ղեկավարի կողմից Արմեն Չատյանին 25.12.2018 թվականին տրամադրվել է թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը, որով վերջինիս տրվել է իրավունք` վիճելի հասցեում բնակելի տուն կառուցելու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ղեկավարի տեղակալի 07.03.2019 թվականի պատասխան գրությունից հետո է միայն Գարեգին Հարությունյանն իրազեկվել, որ Արմեն Չատյանին Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին տրամադրվել է թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 17/2 հասցեում շինարարություն իրականացնելու նպատակով, որով խախտվում են կամ կարող են խախտվել հայցվորի իրավունքները: Այսինքն` Գարեգին Հարությունյանը մինչև 12.03.2019 թվականը տեղեկացված չէր վարչական ակտի գոյության մասին, հետևաբար վերջինս, չհանդիսանալով վարչական ակտի հասցեատեր, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով և այդ մասին իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում` 26.04.2019 թվականին, վիճարկման հայցով դիմել է դատարան: Նման պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 9-10 էջերը):
Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշման պատճառաբանական մասի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը որոշման նշված մասի վերաբերյալ:
Գտնում եմ, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու ժամկետի հաշվարկման և այն հարգելի ճանաչելու առանձնահատկությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը չի բխում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վիճարկման հայցադիմումն օրենքով սահմանված դատավարական ժամկետի պահպանմամբ ներկայացնելը հայցադիմումը վարույթ ընդունելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն` համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Գտնում եմ, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետների հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու հարցը կարգավորված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով:
Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:
Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցների օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հանգամանքով, ինչը նշանակում է, որ վերջիններիս համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելու հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Ինչպես վերը նշվեց, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված է, թե ում և ինչպես պետք է վարչական մարմինն իրազեկի վարչական ակտի ընդունման մասին: Ըստ այդմ, վարչական մարմինը պարտավոր է իրազեկել վարչական վարույթի մասնակիցներին` իրազեկումն իրականացնելով հանձնման կամ հրապարակման եղանակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`
ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.
բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
Գտնում եմ, որ վարչական վարույթի մասնակիցների` վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել այդ վարչական ակտի ընդունման մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հաջորդ օրվանից: Ընդ որում, վարչական վարույթի մասնակիցների թիվը մեկից ավելի լինելու դեպքում վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքը պայմանավորված է նրանցից յուրաքանչյուրի իրազեկմամբ:
Հարկ եմ համարում ընդգծել, որ օրենքով նախատեսված հանձնման եղանակով վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելն առանձնակի բարդություն չի ներկայացնում այն դեպքերում, երբ վարչական վարույթի մասնակիցների կազմը հայտնի է: Այլ է իրավիճակը, սակայն, երբ վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները: Այլ կերպ ասած, վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձանց հանձնման եղանակով վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը գործնականում անհնար է, եթե վարչական մարմինը չի տիրապետում բավարար տեղեկատվության այն անձանց մասին, ում իրավունքներն ուղղակիորեն կարող են շոշափվել վարչական ակտով: Նման դեպքերի համար օրենսդիրը սահմանել է վարչական ակտի իրազեկման այլ եղանակ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրելով վարչական ակտի հրապարակման պարտադիր կանոն:
Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ բարենպաստ վարչական ակտի ուժի մեջ մտնելը կարևորվում է այդ ակտի կատարման ենթակա լինելու առումով միայն, մինչդեռ միջամտող վարչական ակտի պարագայում դրա ուժի մեջ մտնելը կարևորվում է այն վիճարկելու ժամկետների հաշվարկման առումով, հետևաբար որևէ նշանակություն չի կարող ունենալ ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ հանդիսացող վարչական ակտի մասին վերջինիս իրազեկվելու, այսինքն` վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքն այն պարագայում, երբ վարչական ակտը վիճարկվում է երրորդ անձի կողմից` իր իրավունքներին միջամտելու հիմքով: Վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետների հաշվարկման համար էական նշանակություն ունի միայն այն հարցը, թե երբ է վարչական ակտն ուժի մեջ մտել ակտը վիճարկողի, այսինքն` հայցվորի համար: Հետևաբար անկախ այն հանգամանքից, վարչական ակտը վիճարկվում է դրա հասցեատիրոջ, թե վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձի կողմից, հայցվորը պետք է հայցադիմումը դատարան ներկայացնի երկամսյա ժամկետում` սկսած այն օրվան հաջորդող օրվանից, երբ ինքն է իրազեկվել վարչական ակտի ընդունման մասին:
Այսպիսով, գտնում եմ, որ վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է այդ ակտի ընդունման մասին հայցվորի (և ոչ թե որևէ այլ անձի) իրազեկման հանգամանքով, ուստի վիճարկման հայցը կարող է ներկայացվել այդ ակտի ընդունման մասին հենց հայցվորի իրազեկվելուն հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետը բաց թողնելու դեպքում նաև հայցվորը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Ընդ որում, հայցվորի վրա չի կարող դրվել դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն` վիճարկման հայցի ժամկետի հաշվարկը պայմանավորելով վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մնացած մասնակիցների (այդ թվում ակտի հասցեատիրոջ կամ հասցեատերերի, երրորդ անձանց) իրազեկման հանգամանքով, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարող է կրել միայն իր համար սահմանված դատավարական ժամկետները բաց թողնելու բոլոր իրավական հետևանքները:
Ամփոփելով վերոգրյալը` գտնում եմ, որ վիճարկման հայցադիմումը կարող է համարվել դատավարական ժամկետների խախտմամբ ներկայացված, եթե այն ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին հայցվորի իրազեկման հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետի ավարտից հետո: Նշված դեպքում հայցվորը պարտավոր է ներկայացնել նաև դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Հայցվորը պարտավոր չէ սակայն ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդություն այն դեպքում, երբ հայցադիմումը դատարան է ներկայացրել վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին իր իրազեկվելու հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, սակայն վարչական վարույթի մյուս մասնակիցների իրազեկվելու հաջորդող օրվանից հաշված երկամսյա ժամկետի ավարտից հետո:
Միևնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետների հաշվարկման առանձնահատկությունների վերաբերյալ վերն արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են միայն այն դեպքերում, երբ վիճարկման հայցը ներկայացվում է դրա իրավունքն ունեցող անձի, այսինքն` վարչական ակտի հասցեատիրոջ կամ վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձի կողմից: Հակառակ պարագայում, այսինքն` այն դեպքում, երբ վիճարկման հայցը ներկայացվում է վարչական ակտի հասցեատեր կամ վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ չունեցող անձի կողմից, վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրենսդրական կարգավորումները չեն կարող կիրառվել, քանի որ որևէ իրավական ակտով սահմանված չէ ակտի հասցեատեր կամ վարչական վարույթի հետ առնչություն չունեցող անձին վարչական ակտի ընդունման մասին իրազեկելու կանոն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է այն սուբյեկտների ցանկը, որոնք կարող են հայցել վարչական արդարադատություն: Այսպես. համաձայն նշված իրավանորմի` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: ՈՒստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ, որոնք խախտվել են կամ կարող են խախտվել:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անձանց` իրենց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք տրամադրելով հանդերձ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, վերջիններիս համար, սակայն, չի ընձեռում հանրության շահերը պաշտպանելու հնարավորություն, այն է` չի թույլատրում անձանց իրականացնել վարչական մարմինների վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության իրավաչափության օբյեկտիվ վերահսկողություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար, պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլև նշված ոչ իրավաչափ որոշման, գործողության կամ անգործության արդյունքում անձանց սուբյեկտիվ իրավունքների խախտում կամ խախտման առաջացման վտանգ:
Այսինքն` վարչական արդարադատություն, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված դեպքերի, կարող է հայցել միայն այն անձը, ով հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, կամ այլ կերպ ասած` այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել (տե՛ս, Սիրվարդ Աբրահամյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային բաժնի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Արմավիրի քաղաքապետարանի` թիվ ՎԴ/0432/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):
Սույն գործով գտնելով, որ Ղեկավարի տեղակալի 07.03.2019 թվականի պատասխան գրությունից հետո է միայն Գարեգին Հարությունյանն իրազեկվել, որ Արմեն Չատյանին Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին տրամադրվել է թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 17/2 հասցեում շինարարություն իրականացնելու նպատակով, որով խախտվում են կամ կարող են խախտվել հայցվորի իրավունքները, այսինքն` Գարեգին Հարությունյանը մինչև 12.03.2019 թվականը տեղեկացված չէր վարչական ակտի գոյության մասին, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Գարեգին Հարությունյանը, չհանդիսանալով վարչական ակտի հասցեատեր, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով և այդ մասին իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում` 26.04.2019 թվականին, վիճարկման հայցով դիմել է դատարան:
Հարկ եմ համարում ընդգծել, որ եզրահանգում անելով այն մասին, որ հայցվորը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ, սակայն, չի նշել, թե որ պահն է դիտել որպես վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օր, որից սկսած էլ, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի կանոնակարգումը, հաշվարկել է երկամսյա ժամկետը: Բացի այդ, վարչական ակտի գոյության մասին մինչև 12.03.2019 թվականը Գարեգին Հարությունյանի տեղեկացված չլինելը Վճռաբեկ դատարանը պայմանավորել է միայն այն հանգամանքով, որ Գարեգին Հարությունյանը չի հանդիսացել վարչական ակտի հասցեատեր` անտեսելով օրենսդրական այն կարգավորումը, որ վարչական ակտի մասին իրազեկելու կանոնը հավասարապես կիրառելի է նաև վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի, մասնավորապես վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձի համար:
Գտնում եմ, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքերին անդրադառնալուց առաջ նախ անհրաժեշտ է անդրադառնալ հայցվորի կողմից դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքին, որից հետո միայն` այդ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդությամբ ներկայացված փաստարկներին: Այլ կերպ ասած, քանի դեռ չի հաստատվել, որ հայցվորը բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը, խոսք չի կարող լինել «դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին»:
Միևնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը կարող է բաց թողնվել միայն այն անձի կողմից, ով, հանդիսանալով վարչական ակտի հասցեատեր կամ վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձ, վիճարկման հայցը դատարան է ներկայացնում վարչական ակտի ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկվելուց, այսինքն` վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի խախտմամբ: Այլ կերպ ասած, վիճարկման հայցի դատավարական ժամկետները կարող են վերաբերել միայն վարչական ակտի հասցեատերերին կամ վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձանց, ում իրավունքներին և օրինական շահերին միջամտում է տվյալ վարչական ակտը:
Սույն գործի փաստերի համաձայն` վիճարկվող շինարարության թույլտվությունը տրամադրելուն ուղղված վարչական վարույթի ընթացքում և շինարարության թույլտվությունը տալու պահին, այն է` 25.12.2018 թվականի դրությամբ այդ վարչական ակտով կառուցապատման ենթակա` Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/2 հասցեի շինության հարևանությամբ գտնվող Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/1 հասցեի գույքի սեփականատերեր են հանդիսացել Արմենուհի Հարությունյանը և Աննա Հարությունյանը (հիմք` իրավունքների պետական գրանցման թիվ 2571277 վկայականի պատճենը, հավելվածի գ.թ. 52): Այսինքն` սույն գործով վիճարկվող վարչական ակտի տրամադրմանն ուղղված վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ կարող էին ունենալ Արմենուհի Հարությունյանն ու Աննա Հարությունյանը:
Հայցվորը Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/1 հասցեի գույքը ձեռք է բերել 22.03.2019 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա, որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման 27.03.2019 թվականին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27032019-01-0100 վկայականի պատճենը, հավելվածի գ.թ. 48): Այսինքն` սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվությունը տրամադրելուն ուղղված վարչական վարույթի ընթացքում և շինարարության թույլտվությունը տալու պահին, այն է` 25.12.2018 թվականի դրությամբ այդ վարչական ակտով կառուցապատման ենթակա` Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/2 հասցեի շինության հարևանությամբ գտնվող Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/1 հասցեի գույքի նկատմամբ հայցվորը չի ունեցել որևէ իրավունք, որը կարող էր խախտվել այդ վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտով: Ըստ այդմ, հայցվորը չի հանդիսացել վկայակոչված շինարարության թույլտվությունը տալուն ուղղված վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձ, ուստի վարչական ակտի ընդունման մասին օրենքով սահմանված կարգով նրան իրազեկելու որևէ պարտավորություն վարչական մարմինը չի ունեցել:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և վկայակոչված փաստական հանգամանքների վերլուծությունների հիման վրա գտնում եմ, որ վարչական ակտի ուժի մեջ մտնելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածների կանոնակարգումները սույն գործով հայցվորի նկատմամբ չեն կարող կիրառվել, քանի որ այդ կանոնակարգումների համաձայն վերջինս չի հանդիսացել ոչ ակտի հասցեատեր և ոչ էլ այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձ: Նշվածի հաշվառմամբ հայցվորի նկատմամբ չի կարող կիրառվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավարական ժամկետը:
Միևնույն ժամանակ գտնում եմ, որ դատավարական ժամկետին անդրադառնալուց առաջ նախ անհրաժեշտ է անդրադառնալ հայցվորի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի սուբյեկտ հանդիսանալու հարցին, քանի որ դրանով է պայմանավորված լինելու նույն օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետների կիրառելիությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, որպես ինքնուրույն հայցատեսակ, ամրագրելով վիճարկման հայցը` օրենսդիրը երաշխավորել է անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումն իրենց իրավունքներին միջամտող ոչ իրավաչափ վարչական ակտերից: Ընդ որում, վիճարկման հայցով դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների կազմն օրենսդիրն ամրագրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, համաձայն որի` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Այսինքն` վարչական ակտը վիճարկելու իրավունքն օրենսդրորեն երաշխավորված է միայն այն անձանց համար, որոնց իրավունքներն ու ազատությունները խախտվել են կամ կարող են խախտվել վիճարկվող վարչական ակտով, իսկ խախտվել կարող են միայն վարչական ակտն ընդունելու պահին առկա և ոչ թե ապագայում ձեռք բերվելիք իրավունքները: Ըստ այդմ, խախտման վտանգ նույնպես կարող է առաջանալ միայն առկա իրավունքների պարագայում: Հակառակ մեկնաբանման դեպքում կարող է ստեղծվել իրավական անորոշ այնպիսի վիճակ, երբ տասնամյակներ առաջ ընդունված շինարարության թույլտվությունները կարող են վիճարկել նաև դրանց հիման վրա կառուցված շենքերի հարևանությամբ գտնվող անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած այնպիսի անձինք, ովքեր շինարարության թույլտվությունները տալու ժամանակ նույնիսկ ծնված չեն եղել, սակայն դառնալով անշարժ գույքի սեփականատերեր իրազեկվել են հարևանությամբ գտնվող շենքի կառուցման համար հիմք հանդիսացած ոչ իրավաչափ շինարարության թույլտվության մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից այդ գույքի իրավանախորդի իրավունքի առերևույթ խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելու իրավական խնդիրներին և ելնելով գործի փաստական տվյալներից, արձանագրել է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով` գնորդը, որը գործով հայցվոր է, չունի վիճարկվող վարչական ակտով ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքով կամ այլ իրավական ակտերով երաշխավորված որևէ իրավունքի կամ օրինական շահի խախտում, իսկ հայցի առարկա վարչական ակտը կարող էին վիճարկել Սիմոն Սիմոնյանը և Աղավնի Սրապիոնյանը (գույքի նախկին սեփականատերերը [1]) (տե՛ս, Սիրվարդ Աբրահամյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային բաժնի, Արմավիրի քաղաքապետարանի` թիվ ՎԴ/0432/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն` «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած` դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը (տե՛ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ ««Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ գտնում եմ, որ 25.12.2018 թվականի շինարարության թույլտվությունը, որպես վարչական ակտ, որևէ ձևով չէր կարող խախտել հայցվորի իրավունքները, քանի որ այդ շինարարության թույլտվությունը տալու պահին վերջինս չի ունեցել գրանցված այնպիսի իրավունք, որը կարող էր խախտվել այդ ակտով, հետևաբար հայցվորը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով չի կարող հանդիսանալ 25.12.2018 թվականի շինարարության թույլտվությունը վիճարկելու իրավունք ունեցող սուբյեկտ: Նշված շինարարության թույլտվությունը կարող էին վիճարկել Արմենուհի Հարությունյանն ու Աննա Հարությունյանը, քանի որ վերջիններս էին հանդիսանում այդ ակտով կառուցապատման ենթակա` Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/2 հասցեի շինության հարևանությամբ գտնվող Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/1 հասցեի գույքի սեփականատերեր, ուստի շինարարության թույլտվությունը կարող էր միջամտել հենց նրանց իրավունքներին:
Այսպիսով, գտնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով 25.12.2018 թվականի շինարարության թույլտվությունը վիճարկելու իրավունք ունեցող սուբյեկտ չհանդիսանալու պարագայում հայցվորի նկատմամբ չի կարող կիրառելի լինել նաև նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավարական ժամկետը:
Վճռաբեկ դատարանը, սակայն, որպես սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության մասին հայցվորի իրազեկման օր, դիտարկել է Ղեկավարի տեղակալի 07.03.2019 թվականի պատասխան գրությունը, գտնելով, որ վերջինս մինչև նշված գրությունը 12.03.2019 թվականին ստանալը տեղեկացված չի եղել վարչական ակտի գոյության մասին: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հայցվորը, չհանդիսանալով վարչական ակտի հասցեատեր, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով և այդ մասին իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում` 26.04.2019 թվականին, վիճարկման հայցով դիմել է դատարան: Նման պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման:
Գտնում եմ, որ դատավարական ժամկետը հայցվորի կողմից բաց թողնելու փաստն արձանագրելու համար Վճռաբեկ դատարանը նախ պետք է հստակ ամրագրեր վիճարկվող շինարարության թույլտվության ուժի մեջ մտնելու օրը, որից հետո միայն եզրահանգում կատարեր այդ ժամկետի բաց թողնված լինելու մասին: Իսկ դրա համար անհրաժեշտ էր անդրադառնալ նաև հայցվորի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սուբյեկտ լինելու հանգամանքին:
Բացի այդ, եթե նույնիսկ Ղեկավարի տեղակալի 07.03.2019 թվականի պատասխան գրության մասին իրազեկվելը Վճռաբեկ դատարանը բավարար է համարել նաև շինարարության թույլտվության մասին հայցվորի իրազեկված լինելու փաստն արձանագրելու համար, ապա այդ պարագայում իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում` 26.04.2019 թվականին վիճարկման հայցը պետք է համարեր սահմանված ժամկետում ներկայացված, որի դեպքում դատավարական ժամկետը վերականգնելու անհրաժեշտություն առկա չի կարող լինել:
Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ առանց ամրագրելու սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության ուժի մեջ մտնելու օրը և առանց անդրադառնալու հայցվորի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի սուբյեկտ լինելու հանգամանքին, այդուհանդերձ գտել է, որ հայցվորը բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը: Միևնույն ժամանակ, հարգելի համարելով վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման:
Փաստորեն Վճռաբեկ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորը մինչև 12.03.2019 թվականը չէր էլ կարող տեղեկացված լինել սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության գոյության մասին: Ավելին նշված շինարարության թույլտվությունը տալու պահին հայցվորը չէր կարող հանդիսանալ վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձ և վարչական մարմինն էլ չուներ պարտականություն օրենքով սահմանված կարգով նրան իրազեկելու վարչական ակտի ընդունման մասին, քանի որ առնվազն մինչև 27.03.2019 թվականը նշված վարչական ակտով կառուցապատման ենթակա` Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/2 հասցեի շինության հարևանությամբ գտնվող Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/1 հասցեի գույքի նկատմամբ հայցվորը չի ունեցել գրանցված որևէ իրավունք:
Այսպիսով գտնում եմ, որ տվյալ դեպքում դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորի միջնորդությունը, որպես առարկայազուրկ, ենթակա չի եղել քննարկման, քանի որ բացակայել են դատավարական ժամկետները հաշվարկելու ելակետային տվյալները:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի 09.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը ենթակա է վերացման սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով:
ԴԱՏԱՎՈՐ Ռ. Հակոբյան
Հրապարակվել է պաշտոնական կայքէջում (datalex.am) 10 նոյեմբերի 2020 թվական: