Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 368-ՐԴ, 375...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 368-ՐԴ, 375-ՐԴ, 377-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԿԴ/4088/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4088/02/17      2020 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Ա. Պետրոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հոկտեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Մանջիարե» ՍՊԸ-ի և Ֆելիքս Թովմասյանի ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ «Մանջիարե» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և Ֆելիքս Թովմասյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 220.000 ՀՀ դրամ` որպես ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում պատվիրատուին մատուցված ծառայությունների դիմաց չվճարված գումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ հաշվարկված կետանցի օրվանից` 02.02.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2018 թվականի վճռով Կազմակերպության հայցն ընդդեմ Ֆելիքս Թովմասյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Գործի վարույթը` ըստ Կազմակերպության հայցի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության և Ֆելիքս Թովմասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 05.06.2018 թվականի վճիռը և մասնակի փոփոխվել` վճռի եզրափակիչ մասի 1-ին կետը շարադրվել է հետևյալ կերպ. ««Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ֆելիքս Թովմասյանի` գումարի բռնագանձման մասին, բավարարել մասնակի: Ֆելիքս Թովմասյանից հօգուտ «Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի բռնագանձել 220.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 220.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա բանկային տոկոսները` սկսած կետացի օրվանից` 02.02.2017 թվականից մինչև 15.03.2017 թվականը ներառյալ, 42 օրվա հաշվարկով` 3.038 ՀՀ դրամ»: Վճռի եզրափակիչ մասի 3-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրվել է հետևյալ կերպ. «Հօգուտ Հայաստանի Հանրապետության Ֆելիքս Թովմասյանից բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով 02.02.2017թ.-15.03.2017թ. հաշվեգրվելիք տոկոսագումարի 2 տոկոսը` 62 /վաթսուներկու/ ՀՀ դրամ պետական տուրք: Հօգուտ Հայաստանի Հանրապետության «Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ից բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով 15.03.2017թ.-31.10.2018թ. հաշվեգրվելիք տոկոսագումարի 2 տոկոսը` 645 /վեց հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ պետական տուրք»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության և Ֆելիքս Թովմասյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ, 375-րդ, 377-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ, 43-րդ, 44-րդ և 46-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 179-րդ, 200-րդ հոդվածները, 379-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հիմնական պարտավորության` պարտապանի սնանկ ճանաչելու հիմքով հիմնական պարտավորության մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելը, լրացուցիչ (ակցեսոր) պարտավորության մասով քաղաքացիական գործի քննությունը բացառող հանգամանք է, հետևաբար` քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման նաև լրացուցիչ (ակցեսոր) պարտավորության մասով: Այսինքն` Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի կողմից քաղաքացիական գործի վարույթը միայն հիմնական պարտավորության մասով կարճելը և լրացուցիչ (ակցեսոր) պարտավորության մասով քաղաքացիական գործը քննելը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ, 375-րդ, 377-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածները` թույլ տալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 46-րդ հոդվածների խախտում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Դատարանը, հիմնական պարտավորության մասով կարճելով քաղաքացիական գործի վարույթը, ներկայացված հայցի շրջանակներում ըստ էության բացառել է հիմնական պարտավորության մասով քաղաքացիական գործի քննությունը և նախատեսել է այդ մասով քննությունը բացառապես սնանկության գործի շրջանակներում, հետևաբար` սույն գործի շրջանակներում որևէ պարագայում չէր կարող քննության առարկա դարձվել և հաստատվել ո՛չ հիմնական պարտավորության առկայությունը, ո՛չ հիմնական պարտավորության չափը և ո՛չ էլ այլ էական պայմանները:

Բողոք բերող անձինք, վկայակոչելով 17.07.2015 թվականի թիվ ԵԿԴ/0469/02/16 և 07.04.2017 թվականի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործերով կայացված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները, հիմնավորել են վերաքննիչ բողոքում նշված հիմքերը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել նշված հիմնավորումներին` թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, ինչն էլ հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ հոդվածների և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման:

Վերաքննիչ դատարանը պատշաճ ձևով չի ծանուցել բողոք բերող անձին վերաքննիչ բողոքի քննության վայրի և ժամանակի մասին, քանի որ նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին դատական ծանուցագրում և www.datalex դատական տեղեկատվական համակարգում հստակ նշվել է, որ դատական նիստը նշանակվել է 03.10.2018 թվականին ժամը 11:30-ին, մինչդեռ այդ օրը որևէ դատական նիստ տեղի չի ունեցել, իսկ արդեն 17.10.2018 թվականին ստանալով Վերաքննիչ դատարանի 10.10.2018 թվականի կայացված որոշումը, իրազեկվել են դատական կազմում տեղի ունեցած փոփոխության մասին, որից հետո պարզվել է, որ դատական նիստը տեղի է ունեցել 10.10.2018 թվականին, այսինքն` դատական նիստի վայրի և ժամանակի մասին իրազեկվել են դատական նիստից օրեր անց, հետևաբար` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննել է առանց բողոք բերող անձին պատշաճ ձևով ծանուցելու, ինչից հետևում է, որ սույն դեպքում առկա է դատական ակտի բեկանման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը:

Վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումից պարզ չէ, թե պետական տուրքի գծով արտոնության որ տեսակն է կիրառվել, քանի որ որոշման եզրափակիչ մասում բացակայում է որևէ նշում արտոնության կոնկրետ տեսակը կիրառելու մասին: Բացի այդ, բողոք բերող անձի համար նաև պարզ չէ, թե ինչու 30.10.2018 թվականին կայացված որոշմամբ պետական տուրք վճարելու պարտականությունը սահմանվել է միայն Ֆելիքս Թովմասյանի համար, թեև Վերաքննիչ դատարանը չի ազատել պետական տուրք վճարելուց նաև Ընկերությանը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ն. Մարգարյան, դատավորներ` Ա. Սմբատյան, Կ. Չիլինգարյան) 14.08.2018 թվականի որոշմամբ Ընկերության և Ֆելիքս Թովմասյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ ու վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել 10.10.2018 թվականին, ժամը 11:30-ին (հատոր 2-րդ, գ.թ. 36-38):

2) Վերաքննիչ դատարանի 17.08.2018 թվականի գրություններով Ընկերությունը, Ֆելիքս Թովմասյանը և վերջինիս ներկայացուցիչը ծանուցվել են 03.10.2018 թվականին, ժամը 11:30-ին կայացվելիք դատական նիստի մասին: Գրությանը կից ուղարկվել է նաև Վերաքննիչ դատարանի 14.08.2018 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը: Ընկերության և Ֆելիքս Թովմասյանի անունով ուղարկված փոստային ծրարները ետ են վերադարձվել «չպահանջված» նշումով, իսկ ներկայացուցիչը փոստային առաքանին ստացել է 24.08.2018 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 40-52):

3) Վերաքննիչ դատարանը ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքի միջոցով 05.10.2018 թվականին Ընկերությանը և Ֆելիքս Թովմասյանին ծանուցել է 10.10.2018 թվականին, ժամը 11:30-ին կայացվելիք դատական նիստի օրվա և ժամի մասին (հատոր 2-րդ, գ.թ. 58, 59):

4) Վերաքննիչ դատարան 12.09.2018 թվականին մուտքագրված միջնորդությամբ Ֆելիքս Թովմասյանի և Ընկերության ներկայացուցիչը խնդրել է 03.10.2018 թվականին, ժամը 11:30-ին նշանակված դատական նիստը հետաձգել մեկ ժամով, իսկ անհնարինության դեպքում` ողջամիտ ժամկետով (հատոր 2-րդ, գ.թ. 60):

5) Համաձայն datalex.am դատական տեղեկատվական համակարգից կատարված քաղվածքի` վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել 14.08.2018 թվականին, իսկ դատական նիստը նշանակվել է 03.10.2018 թվականին, ժամը 11:30-ին (հիմք` datalex.am դատական տեղեկատվական համակարգ, քաղվածքը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

6) Վերաքննիչ դատարանի 10.10.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ և նկատի ունենալով դատավոր Կ. Չիլինգարյանի` ՀՀ արդարադատության ակադեմիայում դասընթացների մասնակցելու հիմքը, կազմում ընդգրկվել է դատավոր Ամրահի Պետրոսյանը (հատոր 2-րդ, գ.թ. 68):

7) Վերաքննիչ դատարանը 10.10.2018 թվականի գրություններով Ընկերությանը և Ֆելիքս Թովմասյանի ներկայացուցչին է ուղարկել 10.10.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը, որը բողոքաբերների ներկայացուցիչը ստացել է 17.10.2018 թվականին, իսկ Ընկերության անվամբ ուղարկված փոստային ծրարը ետ է վերադարձվել «չպահանջված» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 70-77):

8) Վերաքննիչ դատարանը 10.10.2018 թվականի դատական նիստի ընթացքում որոշում է կայացրել բողոքի քննությունը շարունակել «պատշաճ ծանուցված կողմերի բացակայությամբ»: Այնուհետև, դատական նիստը հայտարարել է ավարտված և հայտնել դատական ակտի հրապարակման օրը, այն է` 31.10.2018 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վերաքննիչ դատարանում դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:

Միաժամանակ, թեև բողոք բերած անձը, որպես Վերաքննիչ դատարանի կողմից խախտված իրավական նորմ, վճռաբեկ բողոքում չի վկայակոչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի դրույթները, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքի բովանդակությունից բխում է, որ այն բերվել է Վերաքննիչ դատարանի կողմից դատական ծանուցումների ոչ պատշաճ կատարման հիմքով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքը վարույթ ընդունելիս հիմք է ընդունել դատական ծանուցումներին վերաբերող իրավանորմը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն.

3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Հետևաբար վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք կիրառելի են նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ: Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված` դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող օրենսդրությամբ ևս դատարանների վրա դրվել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված կարգավորումներով ևս, ըստ էության սահմանվել է, որ անկախ ծանուցման եղանակից` ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը: Վերը նշված պահանջները հավասարապես վերաբերում են նաև վերաքննիչ դատարանին, ուստի վերջինս ևս, վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում, կրում է բողոք բերած անձին և գործին մասնակցող մյուս անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ն. Մարգարյան, դատավորներ` Ա. Սմբատյան, Կ. Չիլինգարյան) 14.08.2018 թվականի որոշմամբ Ընկերության և Ֆելիքս Թովմասյանի անունից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ ու բողոքի քննությունը նշանակվել է 10.10.2018 թվականին, ժամը 11:30-ին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.08.2018 թվականի գրություններով Ընկերությունը, Ֆելիքս Թովմասյանը և վերջինիս ներկայացուցիչը ծանուցվել են 03.10.2018 թվականին, ժամը 11:30-ին կայացվելիք դատական նիստի մասին: Գրությանը կից ուղարկվել է նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2018 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և քննությունը դատական նիստում իրականացնելու մասին» որոշումը: Ընկերության և Ֆելիքս Թովմասյանի անունով ուղարկված փոստային ծրարները ետ են վերադարձվել «չպահանջված» նշումով, իսկ ներկայացուցիչը փոստային առաքանին ստացել է 24.08.2018 թվականին: Նկատի ունենալով նշված հանգամանքը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով 05.10.2018 թվականին Ընկերությանը և Ֆելիքս Թովմասյանին ծանուցել է 10.10.2018 թվականին, ժամը 11:30-ին կայացվելիք դատական նիստի օրվա և ժամի մասին:

Ֆելիքս Թովմասյանի և Ընկերության ներկայացուցիչը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է datalex.am դատական տեղեկատվական համակարգից կատարված քաղվածքը, ըստ որի` վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել 14.08.2018 թվականին, իսկ դատական նիստը նշանակվել է 03.10.2018 թվականին, ժամը 11:30-ին: Ֆելիքս Թովմասյանի և Ընկերության ներկայացուցիչը Վերաքննիչ դատարան 12.09.2018 թվականին մուտքագրված միջնորդությամբ խնդրել է 03.10.2018 թվականին, ժամը 11:30-ին նշանակված դատական նիստը հետաձգել մեկ ժամով, իսկ անհնարինության դեպքում` ողջամիտ ժամկետով:

Փաստորեն, թեև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2018 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և քննությունը դատական նիստում իրականացնելու մասին» որոշմամբ դատական նիստի օրը նշանակված է եղել 10.10.2018 թվականին, ժամը 11:30-ին, այդուհանդերձ` դատավարության մասնակիցներին ուղարկված գրություններում առկա տեղեկատվության համաձայն` դատական նիստը նշանակված է եղել 03.10.2018 թվականին, ժամը 11:30-ին: Ավելին` այն, որ դատական նիստը նշանակված է եղել 03.10.2018 թվականին, ժամը 11:30-ին, ամրագրված է եղել նաև datalex.am դատական տեղեկատվական համակարգում, ըստ բողոքաբերների ներկայացուցչի կողմից Վերաքննիչ դատարան մուտքագրված` datalex.am դատական տեղեկատվական համակարգից կատարված քաղվածքի: Նշված փաստը, սակայն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը 10.10.2018 թվականի դատական նիստի ժամանակ, չանդրադառնալով բողոքաբերի միջնորդությանը` 03.10.2018 թվականին, ժամը 11:30-ին նշանակված դատական նիստը հետաձգելու մասին, որոշում է կայացրել բողոքի քննությունը շարունակել «պատշաճ ծանուցված կողմերի բացակայությամբ», այնուհետև հայտարարել է դատական նիստն ավարտված և հայտնել դատական ակտի հրապարակման օրը, այն է` 31.10.2018 թվականը:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջներին համապատասխան բողոքաբերներին պատշաճ ձևով չի ծանուցել 10.10.2018 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ու գործը քննել է նրանց բացակայությամբ` չապահովելով վերջիններիս` վերաքննիչ բողոքի քննության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը, ինչն արդար դատաքննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում:

Արդյունքում` բողոքաբերները զրկվել են բողոքի դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից, հետևաբար նաև` հնարավորություն չեն ունեցել պաշտպանելու իրենց իրավունքներն ու օրինական շահերը, տեղեկանալու և մեկնաբանելու մյուս կողմի ներկայացրած փաստարկները, այսինքն` մյուս կողմի համեմատությամբ հայտնվել են խիստ անբարենպաստ վիճակում:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել բողոք բերած անձանց արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ վերջիններս գործով չեն ծանուցվել նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոքաբերների` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջների խախտման պայմաններում, վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին հնարավոր չի համարում անդրադառնալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.10.2020
N ԵԿԴ/4088/02/17
Որոշում