ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/12439/05/17
Վարչական գործ թիվ ՎԴ/12439/05/17 2020 թ.
Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան
Դատավորներ` Ա. Բաբայան
Ա. Թովմասյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2020 թվականի դեկտեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գայանե Նազարյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գայանե Նազարյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Արտյոմ Սարգսյանի, Գայանե Մանուկյանի, Հասմիկ Աբրահամյանի` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գայանե Նազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 10.08.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է. Դատարանը վճռել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2019 թվականի որոշմամբ Գայանե Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.08.2018 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Նազարյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Գայանե Մանուկյանի ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 24-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ Գայանե Մանուկյան անուն- ազգանունը հիշատակվում է միայն մեկ փաստաթղթում` օրդերում, որն էլ որպես փաստաթուղթ առաջացրել է օգտագործման իրավունքով բնակարանը զբաղեցնելու իրավական հետևանք, այնինչ սույն վարչական գործով վիճարկման առարկան Գայանե Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն է, ինչի համար հիմք ծառայած փաստաթղթերում Գայանե Մանուկյան անուն-ազգանունը չի հիշատակվում, այլ նշվում է «կինը», որպիսին Գայանե Մանուկյանը երբեք չի հանդիսացել: Այսինքն` վիճարկվող իրավունքի պետական գրանցման ժամանակ Գայանե Մանուկյանը չի հանդիսացել ո՛չ Արտյոմ Սարգսյանի կինը, և ո՛չ էլ մայրը, ուստի վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը որևէ իրավական հիմք չի ունեցել և կատարվել է օրենքի խախտմամբ:
Թեև Վերաքննիչ դատարանի դատողությունները բողոքարկվող վարչական ակտի ընդունման պահի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ճիշտ են, սակայն դրանք որևէ կերպ չեն կարող ազդել գործի լուծման վրա, քանի որ Դատարանը վճռով գործին տվել էր ճիշտ նյութական լուծում, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված` ոչ ճիշտ իրավանորմի կիրառումը կրում է ձևական բնույթ և չէր կարող հանգեցնել վեճն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտի բեկանման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.08.2018 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Դատարանն անհիմն կերպով արձանագրել է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումն առ ոչինչ վարչական ակտ է` հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը: Մինչդեռ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 31.12.2004 թվականին, այսինքն` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման ընդունման պահին վերը նշված օրենքը չի գործել, հետևաբար դրա դրույթները չեն կարող կիրառվել վարչական ակտի վավերությունը որոշելու համար, քանի որ վարչական ակտ ընդունող մարմինն այդ պահին չէր կարող պատկերացնել, որ հետագայում կարող է ընդունվել օրենք:
Դատարանը հաշվի չի առել, որ Գայանե Նազարյանը չէր կարող հանդիսանալ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հասցեատերը, հետևաբար Կադաստրը չէր կարող գրանցել Գայանե Նազարյանի սեփականության իրավունքը, ուստի Կադաստրի գործողություններն իրավաչափ են:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետարանի ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնի պետի 26.10.2017 թվականի «Ամուսնության ակտի գրանցման մասին» տեղեկանքի համաձայն` Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնության ակտային գրանցումը կատարվել է ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնում 15.07.1978 թվականին (ակտ թիվ 919): Ամուսնությունը լուծվել է 15.12.2006 թվականին ՔԿԱԳ Աջափնյակի և Դավթաշենի տարածքային բաժնում (ակտ թիվ 127) (հատոր 1-ին, գ.թ. 23):
2) Երևանի քաղաքապետարանի կողմից Արտյոմ Սարգսյանին տրվել է 21.08.2002 թվականի թիվ 001214 օրդերը Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 տան մուտքի 6-րդ հարկի 2 սենյականոց 39,0 քմ բնակելի, 67,2 քմ ընդհանուր մակերեսով 17-րդ բնակարանն իր երեք անձից բաղկացած ընտանիքով զբաղեցնելու համար: Նշված օրդերը միակ փաստաթուղթն է, որն իրավունք է տալիս զբաղեցնելու հիշյալ բնակելի մակերեսը: Տվյալ օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին նշված է 1963 թվականին ծնված Գայանե Մանուկյանը (հատոր 1-ին, գ.թ. 55):
3) Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման համաձայն` «Արտյոմ Սարգսյանը խնդրել է սահմանված կարգով սեփականաշնորհել Հր. Քոչարի փողոցի հ. 16/1 շենքի հ. 17 երկու սենյականոց բնակարանը: Նշված բնակարանն Ա. Սարգսյանին հատկացվել է Երևանի քաղաքապետի 05.06.2000թ. հ. 651 որոշմամբ և ձևակերպվել է օրդեր (հ. 001214)»: Ղեկավարվելով «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքով` որոշվել է թույլատրել Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (երկու սենյականոց) բնակարանի անհատույց մասնավորեցումն Արտյոմ Սարգսյանի անվամբ` ընտանիքի երեք անձով (ինքը, մայրը, կինը)` որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականություն (...) (հատոր 1-ին, գ.թ. 17):
4) 04.11.2002 թվականին Արտյոմ Սարգսյանը դիմել է Կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանման ղեկավարին` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի սեփականաշնորհման պետական գրանցումը կատարելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 123):
5) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.11.2002 թվականի թիվ 446470 վկայականի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-33 մատյանի 199 համարի տակ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիման վրա գրանցվել է Արտյոմ Սարգսյանի, Հասմիկ Աբրահամյանի և Գայանե Մանուկյանի սեփականության իրավունքը` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (65,4 քմ մակերեսով) բնակարանի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 120-122):
6) 03.05.2011 թվականին Հասմիկ Աբրահամյանը դիմել է Կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանման ղեկավարին` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 105):
7) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.05.2011 թվականի թիվ 2726588 վկայականի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-114 մատյանի 097 համարի տակ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիման վրա գրանցվել է Արտյոմ Սարգսյանի, Հասմիկ Աբրահամյանի և Գայանե Մանուկյանի սեփականության իրավունքը` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (66,9 քմ մակերեսով) բնակարանի (համատեղ սեփականություն), ինչպես նաև որոշակի մակերեսով հողամասի (բաժնային սեփականություն) նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 18-20):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները` պետական գրանցում` նույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի, օգտագործման իրավունքի, գրավի, հիփոթեքի, սերվիտուտների, ինչպես նաև օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրանցումը (...), փաստաթուղթ` անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք, դրա սահմանափակումները, ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը հաստատող փաստաթուղթ (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող հետևյալ փաստաթղթերը` (...) թ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքները և այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող փաստաթղթեր:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտները, պետական գրանցման նպատակով, անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներին դիմումի հետ միասին ներկայացնում են նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը:
Վերոգրյալ իրավական նորմերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորմամբ օրենսդիրը նախատեսել էր, որ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտները պետական գրանցման նպատակով համապատասխան դիմումի հետ միասին ներկայացնում էին անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքները և այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող փաստաթղթերը, իսկ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմինը պարտավոր էր հիմք ընդունել ներկայացված փաստաթղթերը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմքում պետք է ընկած լինեն այդ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքները, սահմանափակումները, ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող անհրաժեշտ և բավարար փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կարող է լինել իրավաչափ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Արտյոմ Սարգսյանը և Գայանե Նազարյանն ամուսնացել են 15.07.1978 թվականին, ամուսնալուծվել են` 15.12.2006 թվականին: Երևանի քաղաքապետարանի 21.08.2002 թվականի թիվ 001214 օրդերը տրվել է քաղաքացի Արտյոմ Սարգսյանին իր երեք անձից բաղկացած ընտանիքով զբաղեցնելու Հրաչյա Քոչարի թիվ 16/1 տան մուտքի 6-րդ հարկի 2 սենյականոց 39.0 քառ.մ. բնակելի 67.2 քառ.մ. ընդհանուր մակերեսով 17-րդ բնակարանը: Տվյալ օրդերում որպես կին նշված է 1963 թվականին ծնված Գայանե Մանուկյանը: Երևանի քաղաքապետը 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշմամբ թույլատրել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի անհատույց մասնավորեցումն Արտյոմ Սարգսյանի անվամբ` ընտանիքի երեք անձով (ինքը, մայրը, կինը)` որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականություն: Կադաստրի կողմից Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Արտյոմ Սարգսյանի, Հասմիկ Աբրահամյանի և Գայանե Մանուկյանի համատեղ սեփականության իրավունքը (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.05.2011 թվականի թիվ 2726588 վկայական):
Դատարանը հայցը բավարարել է` վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ սույն վեճը ծագել է հենց վիճելի իրավունքի պետական գրանցման հիմքում դրված իրավահաստատող փաստաթղթի` անհատապես կոնկրետ անձի ուղղված չլինելու հանգամանքով պայմանավորված, մասնավորապես` որպես իրավահաստատող փաստաթուղթ ներկայացված` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշմամբ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանը սեփականաշնորհվել է Արտյոմ Սարգսյանի և նրա ընտանիքի անվամբ` որպես համատեղ սեփականություն` չբացահայտելով, թե ով է Արտյոմ Սարգսյանի կինը. վարչական ակտում բացակայում են այն անհատականացնող տվյալները, որոնց հիմքով հնարավոր կլիներ պարզել, թե նշված որոշմամբ Արտյոմ Սարգսյանից բացի ում անվամբ է սեփականաշնորհվել վերոնշյալ հասցեի անշարժ գույքը: Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման կայացման պահին գրանցված է եղել Արտյոմ Սարգսյանի և սույն վարչական գործով հայցվորի ամուսնությունը, իսկ այդ պահին Արտյոմ Սարգսյանը և Գայանե Մանուկյանը գտնվել են փաստական ամուսնական կապի մեջ, ընդ որում, վերոնշյալ որոշման կայացման համար հիմք հանդիսացած` Արտյոմ Սարգսյանի դիմումում նույն ինքը` Արտյոմ Սարգսյանը, որպես կին նշել է Գայանե Մանուկյանին: Հետևաբար Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը` վիճելի պետական գրանցման համար հիմք հանդիսացած մասով, հանդիսացել է առ ոչինչ վարչական ակտ. որոշումից պարզ չի եղել, թե որոշումն այդ մասով ում է ուղղված` Գայանե Մանուկյանին, թե` Գայանե Նազարյանին:
Վերաքննիչ դատարանը Գայանե Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարել, Դատարանի վճիռը բեկանել և գործն ուղարկել է նոր քննության` պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման իրավաչափությանն անդրադառնալիս Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն այն պարագայում, երբ նշյալ վարչական ակտի ընդունման պահին` 2002 թվականին, վերը նշված օրենքը դեռևս չի գործել: Ստացվում է, որ Դատարանի կողմից կիրառվել են իրավական դրույթներ, որոնք ենթակա չէին կիրառման, այլ կերպ ասած` Դատարանը համարել է, որ նշյալ օրենքն ունի հետադարձ ուժ: Այսինքն` Դատարանը, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշելիս, դուրս է եկել վիճարկվող վարչական ակտի և դրա հիմքում ընկած վարչական ակտի ընդունման պահի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումների շրջանակից:
Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ թեև վիճելի իրավունքի պետական գրանցման հիմքում դրված իրավահաստատող փաստաթղթում չեն հստակեցվել Արտյոմ Սարգսյանի ընտանիքի անդամները (ինքը, մայրը, կինը), սակայն նշյալ որոշման կայացման հիմքում ընկած փաստաթղթերից հստակ բացահայտվում է սեփականաշնորհման սուբյեկտների կազմը` «1. Սարգսյան Արտյոմ, ինքը, 2. Աբրահամյան Հասմիկ, մայրը, 3. Մանուկյան Գայանե, կինը»: Փաստորեն, ձեռքի տակ ունենալով վերոնշյալ փաստաթղթերը, որոնցում հստակ նշվել է ընտանիքի կազմը` Արտյոմ Սարգսյան, Հասմիկ Աբրահամյան, Գայանե Մանուկյան, վարչական մարմինը կայացրել է սույն դեպքում գրանցման համար իրավահաստատող փաստաթուղթ հանդիսացող` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը, որպիսի պարագայում կարելի է նույնականացնել վերոնշյալ որոշման հասցեատերերին:
Ելնելով վերը շարադրված վերլուծություններից, համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով վիճարկվող պետական գրանցման հիմքում դրվել է Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը, որի ուսումնասիրությունից հետևում է, որ Երևանի քաղաքապետը թույլատրել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի անհատույց մասնավորեցումն Արտյոմ Սարգսյանի անվամբ` ընտանիքի երեք անձով` ինքը, մայրը, կինը` որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականություն:
Հաշվի առնելով դատավարության մասնակիցների փաստարկները, ինչպես նաև ստորադաս դատարանների պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք տվյալ դեպքում պարզ է, թե ով է Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ նշված` Արտյոմ Սարգսյանի կինը:
Այսպես` մի կողմից` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը նշում է պարունակում թիվ 001214 օրդերի մասին: Նշված օրդերը տրվել է Արտյոմ Սարգսյանին քննարկվող բնակարանն իր երեք անձից բաղկացած ընտանիքով զբաղեցնելու: Ընդ որում, օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին նշված է 1963 թվականին ծնված Գայանե Մանուկյանը: Բացի դրանից, Արտյոմ Սարգսյանը 09.10.2002 թվականին Երևանի քաղաքապետին հասցեագրված «Բնակ. տարածության սեփականաշնորհման մասին» դիմումով հայտնել է, որ քննարկվող բնակելի տարածությունում վարձակալի հետ միասին բնակելի մակերեսի իրավունքով բնակվում են` մայրը` Հասմիկ Աբրահամյանը, կինը` 1963 թվականին ծնված Գայանե Մանուկյանը (հատոր 2-րդ, գ.թ. 77):
Փաստորեն, Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիմքում ընկած` մասնավորեցման գործընթացում Գայանե Մանուկյանն է ներկայացվել որպես Արտյոմ Սարգսյանի կին: Հատկանշական է, որ Գայանե Մանուկյանի` Արտյոմ Սարգսյանի կինը լինելու վերաբերյալ նշում պարունակում է նաև թիվ 001214 օրդերը, որի մասին նշում է կատարված Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ: Ավելին, հենց Գայանե Մանուկյանն է տվել իր համաձայնությունը բնակարանը Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվելու վերաբերյալ:
Մյուս կողմից` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման ընդունման ժամանակ, ըստ գործում առկա` Երևանի քաղաքապետարանի ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնի պետի 26.10.2017 թվականի «Ամուսնության ակտի գրանցման մասին» տեղեկանքի, գրանցված է եղել Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնությունը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա` «կինը» նշումը հնարավորություն չի տալիս միանշանակ կերպով նույնականացնել դրա հասցեատիրոջը, քանի որ մի կողմից այդ որոշման մեջ առկա չեն այլ նույնականացնող տվյալներ, մյուս կողմից` գործում առկա են հակասական տվյալներ, քանի որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիմքում ընկած` մասնավորեցման գործընթացում և թիվ 001214 օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին ներկայացվել է Գայանե Մանուկյանը, ով էլ տվել է իր համաձայնությունը բնակարանն Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվելու վերաբերյալ, մինչդեռ այդ որոշման ընդունման ժամանակ Արտյոմ Սարգսյանի հետ օրինական ամուսնության մեջ է գտնվել ոչ թե Գայանե Մանուկյանը, այլ` Գայանե Նազարյանը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ինչպես Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման, այնպես էլ սույն գործում առկա մյուս նյութերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ միանշանակ կերպով պնդել, որ այդ որոշման մեջ առկա «կինը» նշումը վերաբերում է հենց Գայանե Մանուկյանին, այն է` պարզ չէ, թե Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումն այդ մասով ում է ուղղված:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում` գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջի կատարումը և չի իրականացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա ձևակերպումից տվյալ դեպքում պարզ չէ, թե դրա հասցեատերն իսկապես Գայանե Մանուկյանն է, թե` ոչ, հետևաբար նշված փաստաթղթի հիման վրա Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումն իրավաչափ չէ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման` Գայանե Մանուկյանին ուղղված լինելու հանգամանքը միանշանակ չլինելն ինքնին ոչ իրավաչափ է դարձնում սույն գործով վիճարկվող պետական գրանցումը` հանգեցնելով հայցի բավարարմանը, ուստի թիվ 1818-Ա որոշումն առ ոչինչ համարելու կամ չհամարելու հարցը սույն գործի լուծման համար նշանակություն չունի, մինչդեռ Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է վերոնշյալ որոշման առ ոչինչ լինելը: Նման պայմաններում թեև Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն այն սխալ է պատճառաբանել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին սույն որոշման պատճառաբանություններով օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` երրորդ անձինք դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող են կրել միայն այն դեպքում, եթե նրանց գործողությունների կամ անգործության (ներառյալ` դատավարական) հետևանքով առաջացել են դատական ծախսեր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գայանե Նազարյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ: Հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելու միջոցով իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու անհրաժեշտությունն Գայանե Նազարյանի համար առաջացել է երրորդ անձ Գայանե Մանուկյանի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվելու, դրա արդյունքում հայցը բավարարելու մասին Դատարանի վճիռը բեկանվելու և գործը նոր քննության ուղարկվելու հետևանքով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գծով դատական ծախսն առաջացել է երրորդ անձ Գայանե Մանուկյանի դատավարական գործողության հետևանքով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված և Գայանե Նազարյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ենթակա է հատուցման Գայանե Մանուկյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 10.08.2018 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Գայանե Մանուկյանից հօգուտ Գայանե Նազարյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
25.12.2020 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով 25.12.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 25.12.2020 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Գայանե Նազարյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գայանե Նազարյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Արտյոմ Սարգսյանի, Գայանե Մանուկյանի, Հասմիկ Աբրահամյանի` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է` վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 10.08.2018 թվականի վճռին` նույն որոշման պատճառաբանություններով:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գայանե Նազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 10.08.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է. Դատարանը վճռել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2019 թվականի որոշմամբ Գայանե Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.08.2018 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Նազարյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Գայանե Մանուկյանի ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյանը:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 24-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ Գայանե Մանուկյան անուն- ազգանունը հիշատակվում է միայն մեկ փաստաթղթում` օրդերում, որն էլ որպես փաստաթուղթ, առաջացրել է օգտագործման իրավունքով բնակարանը զբաղեցնելու իրավական հետևանք, այնինչ սույն վարչական գործով վիճարկման առարկան Գայանե Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն է, ինչի համար հիմք ծառայած փաստաթղթերում Գայանե Մանուկյան անուն-ազգանունը չի հիշատակվում, այլ նշվում է «կինը», որպիսին Գայանե Մանուկյանը երբեք չի հանդիսացել: Այսինքն` վիճարկվող իրավունքի պետական գրանցման ժամանակ Գայանե Մանուկյանը չի հանդիսացել ո՛չ Արտյոմ Սարգսյանի կինը, և ո՛չ էլ մայրը, ուստի վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը որևէ իրավական հիմք չի ունեցել և կատարվել է օրենքի խախտմամբ:
Թեև Վերաքննիչ դատարանի դատողությունները բողոքարկվող վարչական ակտի ընդունման պահի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ճիշտ են, սակայն դրանք որևէ կերպ չեն կարող ազդել գործի լուծման վրա, քանի որ Դատարանը վճռով գործին տվել էր ճիշտ նյութական լուծում, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված` ոչ ճիշտ իրավանորմի կիրառումը կրում է ձևական բնույթ և չէր կարող հանգեցնել վեճն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտի բեկանման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.08.2018 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Դատարանն անհիմն կերպով արձանագրել է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումն առ ոչինչ վարչական ակտ է` հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը: Մինչդեռ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 31.12.2004 թվականին, այսինքն` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման ընդունման պահին վերը նշված օրենքը չի գործել, հետևաբար դրա դրույթները չեն կարող կիրառվել վարչական ակտի վավերությունը որոշելու համար, քանի որ վարչական ակտ ընդունող մարմինն այդ պահին չէր կարող պատկերացնել, որ հետագայում կարող է ընդունվել օրենք:
Դատարանը հաշվի չի առել, որ Գայանե Նազարյանը չէր կարող հանդիսանալ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հասցեատերը, հետևաբար Կադաստրը չէր կարող գրանցել Գայանե Նազարյանի սեփականության իրավունքը, ուստի Կադաստրի գործողություններն իրավաչափ են:
3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
1) Երևանի քաղաքապետարանի ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնի պետի 26.10.2017 թվականի «Ամուսնության ակտի գրանցման մասին» տեղեկանքի համաձայն` Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնության ակտային գրանցումը կատարվել է ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնում 15.07.1978 թվականին (ակտ թիվ 919): Ամուսնությունը լուծվել է 15.12.2006 թվականին ՔԿԱԳ Աջափնյակի և Դավթաշենի տարածքային բաժնում (ակտ թիվ 127) (հատոր 1-ին, գ.թ. 23).
2) Երևանի քաղաքապետարանի կողմից Արտյոմ Սարգսյանին տրվել է 21.08.2002 թվականի թիվ 001214 օրդերը Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 տան մուտքի 6-րդ հարկի 2 սենյականոց 39,0 քմ բնակելի, 67,2 քմ ընդհանուր մակերեսով 17-րդ բնակարանն իր երեք անձից բաղկացած ընտանիքով զբաղեցնելու համար: Նշված օրդերը միակ փաստաթուղթն է, որն իրավունք է տալիս զբաղեցնելու հիշյալ բնակելի մակերեսը: Տվյալ օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին նշված է 1963 թվականին ծնված Գայանե Մանուկյանը (հատոր 1-ին, գ.թ. 55).
3) Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման համաձայն` «Արտյոմ Սարգսյանը խնդրել է սահմանված կարգով սեփականաշնորհել Հր. Քոչարի փողոցի հ. 16/1 շենքի հ. 17 երկու սենյականոց բնակարանը: Նշված բնակարանն Ա. Սարգսյանին հատկացվել է Երևանի քաղաքապետի 05.06.2000թ. հ. 651 որոշմամբ և ձևակերպվել է օրդեր (հ. 001214)»: Ղեկավարվելով «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքով` որոշվել է թույլատրել Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (երկու սենյականոց) բնակարանի անհատույց մասնավորեցումն Արտյոմ Սարգսյանի անվամբ` ընտանիքի երեք անձով (ինքը, մայրը, կինը)` որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականություն (...) (հատոր 1-ին, գ.թ. 17).
4) 04.11.2002 թվականին Արտյոմ Սարգսյանը դիմել է Կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանման ղեկավարին` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի սեփականաշնորհման պետական գրանցումը կատարելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 123).
5) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.11.2002 թվականի թիվ 446470 վկայականի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-33 մատյանի 199 համարի տակ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիման վրա գրանցվել է Արտյոմ Սարգսյանի, Հասմիկ Աբրահամյանի և Գայանե Մանուկյանի սեփականության իրավունքը` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (65,4 քմ մակերեսով) բնակարանի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 120-122).
6) 03.05.2011 թվականին Հասմիկ Աբրահամյանը դիմել է Կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանման ղեկավարին` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 105).
7) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.05.2011 թվականի թիվ 2726588 վկայականի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-114 մատյանի 097 համարի տակ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիման վրա գրանցվել է Արտյոմ Սարգսյանի, Հասմիկ Աբրահամյանի և Գայանե Մանուկյանի սեփականության իրավունքը` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (66,9 քմ մակերեսով) բնակարանի (համատեղ սեփականություն), ինչպես նաև որոշակի մակերեսով հողամասի (բաժնային սեփականություն) նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 18-20):
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Սույն գործը հարուցվել է Գայանե Նազարյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
Դատարանը հայցը բավարարել է` վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ սույն վեճը ծագել է հենց վիճելի իրավունքի պետական գրանցման հիմքում դրված իրավահաստատող փաստաթղթի` անհատապես կոնկրետ անձի ուղղված չլինելու հանգամանքով պայմանավորված, մասնավորապես` որպես իրավահաստատող փաստաթուղթ ներկայացված` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշմամբ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանը սեփականաշնորհվել է Արտյոմ Սարգսյանի և նրա ընտանիքի անվամբ` որպես համատեղ սեփականություն` չբացահայտելով, թե ով է Արտյոմ Սարգսյանի կինը. վարչական ակտում բացակայում են այն անհատականացնող տվյալները, որոնց հիմքով հնարավոր կլիներ պարզել, թե նշված որոշմամբ Արտյոմ Սարգսյանից բացի ում անվամբ է սեփականաշնորհվել վերոնշյալ հասցեի անշարժ գույքը: Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման կայացման պահին գրանցված է եղել Արտյոմ Սարգսյանի և սույն վարչական գործով հայցվորի ամուսնությունը, իսկ այդ պահին Արտյոմ Սարգսյանը և Գայանե Մանուկյանը գտնվել են փաստական ամուսնական կապի մեջ, ընդ որում, վերոնշյալ որոշման կայացման համար հիմք հանդիսացած` Արտյոմ Սարգսյանի դիմումում նույն ինքը` Արտյոմ Սարգսյանը, որպես կին նշել է Գայանե Մանուկյանին: Հետևաբար Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը` վիճելի պետական գրանցման համար հիմք հանդիսացած մասով, հանդիսացել է առ ոչինչ վարչական ակտ. որոշումից պարզ չի եղել, թե որոշումն այդ մասով ում է ուղղված` Գայանե Մանուկյանին, թե` Գայանե Նազարյանին:
Վերաքննիչ դատարանը Գայանե Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության` պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման իրավաչափությանն անդրադառնալիս Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն այն պարագայում, երբ նշյալ վարչական ակտի ընդունման պահին` 2002 թվականին, վերընշված օրենքը դեռևս չի գործել: Ստացվում է, որ Դատարանի կողմից կիրառվել են իրավական դրույթներ, որոնք ենթակա չէին կիրառման, այլ կերպ ասած` Դատարանը համարել է, որ նշյալ օրենքն ունի հետադարձ ուժ: Այսինքն` Դատարանը, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշելիս, դուրս է եկել վիճարկվող վարչական ակտի և դրա հիմքում ընկած վարչական ակտի ընդունման պահի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումների շրջանակից:
Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ թեև վիճելի իրավունքի պետական գրանցման հիմքում դրված իրավահաստատող փաստաթղթում չեն հստակեցվել Արտյոմ Սարգսյանի ընտանիքի անդամները (ինքը, մայրը, կինը), սակայն նշյալ որոշման կայացման հիմքում ընկած փաստաթղթերից հստակ բացահայտվում է սեփականաշնորհման սուբյեկտների կազմը` «1. Սարգսյան Արտյոմ, ինքը, 2. Աբրահամյան Հասմիկ, մայրը, 3. Մանուկյան Գայանե, կինը»: Փաստորեն, ձեռքի տակ ունենալով վերոնշյալ փաստաթղթերը, որոնցում հստակ նշվել է ընտանիքի կազմը` Արտյոմ Սարգսյան, Հասմիկ Աբրահամյան, Գայանե Մանուկյան, վարչական մարմինը կայացրել է սույն դեպքում գրանցման համար իրավահաստատող փաստաթուղթ հանդիսացող` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը, որպիսի պարագայում կարելի է նույնականացնել վերոնշյալ որոշման հասցեատերերին:
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.08.2018 թվականի վճռին` նույն որոշման պատճառաբանություններով:
Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման` Վճռաբեկ դատարանը վկայակոչել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 21-րդ հոդվածները, 24-րդ հոդվածի 1-ին պարբերությունը:
Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորմամբ օրենսդիրը նախատեսել էր, որ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտները պետական գրանցման նպատակով համապատասխան դիմումի հետ միասին ներկայացնում էին անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքները և այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող փաստաթղթերը, իսկ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմինը պարտավոր էր հիմք ընդունել ներկայացված փաստաթղթերը:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմքում պետք է ընկած լինեն այդ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքները, սահմանափակումները, ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող անհրաժեշտ և բավարար փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կարող է լինել իրավաչափ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումը կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. «Սույն գործով վիճարկվող պետական գրանցման հիմքում դրվել է Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը, որի ուսումնասիրությունից հետևում է, որ Երևանի քաղաքապետը թույլատրել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի անհատույց մասնավորեցումն Արտյոմ Սարգսյանի անվամբ` ընտանիքի երեք անձով` ինքը, մայրը, կինը` որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականություն:
Հաշվի առնելով դատավարության մասնակիցների փաստարկները, ինչպես նաև ստորադաս դատարանների պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք տվյալ դեպքում պարզ է, թե ով է Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ նշված` Արտյոմ Սարգսյանի կինը:
Այսպես` մի կողմից` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը նշում է պարունակում թիվ 001214 օրդերի մասին: Նշված օրդերը տրվել է Արտյոմ Սարգսյանին քննարկվող բնակարանն իր երեք անձից բաղկացած ընտանիքով զբաղեցնելու: Ընդ որում, օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին նշված է 1963 թվականին ծնված Գայանե Մանուկյանը: Բացի դրանից, Արտյոմ Սարգսյանը 09.10.2002 թվականին Երևանի քաղաքապետին հասցեագրված «Բնակ. տարածության սեփականաշնորհման մասին» դիմումով հայտնել է, որ քննարկվող բնակելի տարածությունում վարձակալի հետ միասին բնակելի մակերեսի իրավունքով բնակվում են` մայրը` Հասմիկ Աբրահամյանը, կինը` 1963 թվականին ծնված Գայանե Մանուկյանը (հատոր 2-րդ, գ.թ. 77):
Փաստորեն, Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիմքում ընկած` մասնավորեցման գործընթացում Գայանե Մանուկյանն է ներկայացվել որպես Արտյոմ Սարգսյանի կին: Հատկանշական է, որ Գայանե Մանուկյանի` Արտյոմ Սարգսյանի կինը լինելու վերաբերյալ նշում պարունակում է նաև թիվ 001214 օրդերը, որի մասին նշում է կատարված Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ: Ավելին, հենց Գայանե Մանուկյանն է տվել իր համաձայնությունը բնակարանը Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվելու վերաբերյալ:
Մյուս կողմից` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման ընդունման ժամանակ, ըստ գործում առկա` Երևանի քաղաքապետարանի ՔԿԱԳ Շենգավիթ տարածքային բաժնի պետի 26.10.2017 թվականի «Ամուսնության ակտի գրանցման մասին» տեղեկանքի, գրանցված է եղել Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի ամուսնությունը:
(...) տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա` «կինը» նշումը հնարավորություն չի տալիս միանշանակ կերպով նույնականացնել դրա հասցեատիրոջը, քանի որ մի կողմից այդ որոշման մեջ առկա չեն այլ նույնականացնող տվյալներ, մյուս կողմից` գործում առկա են հակասական տվյալներ, քանի որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիմքում ընկած` մասնավորեցման գործընթացում և թիվ 001214 օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին ներկայացվել է Գայանե Մանուկյանը, ով էլ տվել է իր համաձայնությունը բնակարանն Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվելու վերաբերյալ, մինչդեռ այդ որոշման ընդունման ժամանակ Արտյոմ Սարգսյանի հետ օրինական ամուսնության մեջ է գտնվել ոչ թե Գայանե Մանուկյանը, այլ` Գայանե Նազարյանը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ինչպես Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման, այնպես էլ սույն գործում առկա մյուս նյութերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ միանշանակ կերպով պնդել, որ այդ որոշման մեջ առկա «կինը» նշումը վերաբերում է հենց Գայանե Մանուկյանին, այն է` պարզ չէ, թե Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումն այդ մասով ում է ուղղված:
(...) Վերաքննիչ դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջի կատարումը և չի իրականացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա ձևակերպումից տվյալ դեպքում պարզ չէ, թե դրա հասցեատերն իսկապես Գայանե Մանուկյանն է, թե` ոչ, հետևաբար նշված փաստաթղթի հիման վրա Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումն իրավաչափ չէ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման` Գայանե Մանուկյանին ուղղված լինելու հանգամանքը միանշանակ չլինելն ինքնին ոչ իրավաչափ է դարձնում սույն գործով վիճարկվող պետական գրանցումը` հանգեցնելով հայցի բավարարմանը, ուստի թիվ 1818-Ա որոշումն առ ոչինչ համարելու կամ չհամարելու հարցը սույն գործի լուծման համար նշանակություն չունի, մինչդեռ Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է վերոնշյալ որոշման առ ոչինչ լինելը: Նման պայմաններում թեև Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն այն սխալ է պատճառաբանել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից» (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 6-8-րդ էջերը):
Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
I. Նախևառաջ հարկ ենք համարում ընդգծել, որ սույն գործով վիճարկման հայցի շրջանակներում քննարկման առարկա է հանդիսանում Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումը, հետևաբար նշված գրանցման, որպես վարչական ակտի, իրավաչափության գնահատմանն ուղղված դատական վերահսկողությունը պետք է ուղղված լինի այդ ակտի ընդունման հիմքում ընկած բոլոր փաստական և իրավական հիմքերի ստուգմանը:
Գտնում ենք, որ վիճարկման հայցի քննությունը գործնականում հնարավոր է միայն այն դեպքում, երբ հստակ ու որոշակի է, թե ինչ վարչական ակտ է վիճարկվում, քանի որ գործը կամ բողոքը քննող դատարանները կարող են անդրադառնալ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատմանը, ըստ այդմ նաև` այդ ակտի ընդունման հիմքում ընկած բոլոր փաստական և իրավական հիմքերին, եթե պարզ է, թե որ վարչական մարմնի կողմից, երբ և ինչ հիմքերով է ընդունվել տվյալ գործով վիճարկվող վարչական ակտը:
Սույն գործի փաստերի համաձայն` ք. Երևան, Հր. Քոչար փողոց, թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ կատարվել է 2 պետական գրանցում, որոնցից.
- առաջինը` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-33 մատյանի 199 համարի տակ կատարվել է 06.11.2002 թվականին (հիմք` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 06.11.2002 թվականի թիվ 446470 վկայականը, հատոր 1-ին, գ.թ. 120-122) (այսուհետ` Առաջին գրանցում),
- երկրորդը` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-114 մատյանի 097 համարի տակ կատարվել է 05.05.2011 թվականին (հիմք` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 05.05.2011 թվականի թիվ 2726588 վկայականը, հատոր 1-ին, գ.թ. 18-20, 99-101) (այսուհետ` Երկրորդ գրանցում):
Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև վերոգրյալ երկու գրանցումները կատարվել են միևնույն վարչական մարմնի կողմից, սակայն դրանց ընդունման օրերը և համարները տարբեր են, ինչպես նաև տարբեր են դրանցով տրված իրավունքների ծավալը:
Այսպես.
Առաջին գրանցումը կատարվել է 06.11.2002 թվականին, որի համարն է 199: Նշված գրանցմամբ Գայանե Մանուկյանին տրամադրվել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք ք. Երևան, Հր. Քոչար փողոց, թիվ 16/1 շենքի թիվ 17, 65,4 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ:
Երկրորդ գրանցումը կատարվել է 09.05.2011 թվականին, որի համարն է 097: Նշված գրանցմամբ Գայանե Մանուկյանին տրամադրվել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք ք. Երևան, Հր. Քոչար փողոց, 16/1 շենքի թիվ 17, 66,9 քմ մակերեսով բնակարանի (համատեղ սեփականություն) և 0,0634.39 հեկտար հողամասի (բաժնային սեփականություն) նկատմամբ:
Տվյալ դեպքում, թե՛ Դատարանը և թե՛ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ք. Երևան, Հր. Քոչար փողոց, թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման իրավաչափությանը, չեն մասնավորեցրել, թե վերջինիս անվամբ կատարված վերոգրյալ գրանցումներից կոնկրետ որն են ենթարկել դատական վերահսկողության: Արդյունքում Վճռաբեկ դատարանի որոշմամբ օրինական ուժ է տրվում Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ գրանցված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին Դատարանի վճռին այն պարագայում, երբ պարզ չէ, թե վերոգրյալ հասցեի անշարժ գույքի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ կատարված որ գրանցման ընդունման հիմքում ընկած փաստական և իրավական հիմքերն են ստուգվել:
Գտնում ենք, որ վերը նշված հանգամանքը, որն անտեսվել է ինչպես Դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից, սույն վեճի լուծման համար ունի առանցքային նշանակություն, ուստի առանց նշված հանգամանքը պարզելու հնարավոր չէ վիճարկման հայցի շրջանակներում վերացական կարգով քննություն իրականացնել:
Վերոգրյալ դատողության համար հիմք է հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի (վիճարկման հայց), 69-րդ հոդվածի (ճանաչման հայց), «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի համակարգային վերլուծությունը, որը ներկայացնում ենք ստորև:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, (...):
ՀՀ սահմանադրական դատարանն իր 22.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-942 որոշման 6-րդ կետով արձանագրել է հետևյալը. «Վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի (1) վիճարկվող 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի առարկային բնորոշ է հետևյալ առանձնահատկությունը. ճանաչման հայցի առարկայի շրջանակներում օրենսդիրը հնարավորություն է ընձեռում վիճարկել այն միջամտող վարչական ակտերի կամ գործողությունների (անգործության) իրավաչափությունը, որոնք այլևս իրավաբանական ուժ և նշանակություն չունեն դրանց հասցեատիրոջ համար: Ընդ որում, նման հայց ներկայացնելու դեպքում հայցվորը պետք է հետապնդի օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խնդիրների լուծման նպատակ:
__________________________
1) ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումը վերաբերում է 28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականից ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Ճանաչման հայցը» վերտառությամբ 68-րդ հոդվածին, որին համանման իրավանորմ է ամրագրվել նաև գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածում
Վերոհիշյալ առանձնահատկությունը վկայում է, որ օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասը հանդես է գալիս որպես իրավունքների պաշտպանության առանձին ինստիտուտ, որն իր իրավակարգավորման առարկայով և հետապնդվող նպատակներով բովանդակային առումով տարբերվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-67-րդ հոդվածների հիման վրա տրամադրվող դատական պաշտպանության ինստիտուտից, և եթե վերջիններիս շրջանակում դատական պաշտպանությունն իրականացվում է ընդդեմ անձի համար իրավաբանական ուժ և նշանակություն ունեցող ակտերի, ապա օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի պարագայում դատական պաշտպանությունն իրականացվում է ընդդեմ անձի համար այլևս իրավաբանական ուժ և նշանակություն չունեցող ակտերի, այսինքն` այնպիսի ակտերի, որոնք իրենց ընդունմամբ, կատարմամբ կամ դրսևորմամբ հասցեատիրոջ համար ուղղակի իրավական հետևանք չունեն»:
Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր:
Մասնավորապես, վիճարկման հայցը` որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն: Ընդ որում, վիճարկման հայցի առարկա կարող է հանդիսանալ բացառապես իրավաբանական ուժ ունեցող, այսինքն` անձի իրավունքների ու օրինական շահերի վրա անմիջական ազդեցություն ունեցող վարչական ակտը:
Մինչդեռ, այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանությունն օրենսդիրը երաշխավորել է ճանաչման հայցի միջոցով, հնարավորություն ընձեռելով շահագրգիռ սուբյեկտներին դատարան ներկայացրած հայցով պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը, եթե նրանք արդարացիորեն շահագրգռված են ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, որոնց հիմքերը թվարկված են նույն իրավանորմում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտը կարող է գործել անորոշ կամ որոշակի ժամկետով:
Անորոշ ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով կամ սույն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել, կամ օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով դրա գործողությունը չի դադարեցվել:
Գտնում ենք, որ Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ 06.11.2002 թվականին կատարված պետական գրանցումը, որպես անորոշ ժամկետով ընդունված վարչական ակտ, գործել է մինչև 05.05.2011 թվականին կատարված գրանցման կատարումը և այդ փաստով դադարել է գործել, այսինքն` ունենալ իրավաբանական ուժ: Այլ կերպ ասած, 05.05.2011 թվականին կատարված գրանցման փաստով դադարել է 06.11.2002 թվականին կատարված պետական գրանցման իրավաբանական ուժը: Մասնավորապես Առաջին գրանցումն այլևս որևէ իրավաբանական նշանակություն չունի ոչ միայն դրա հասցեատերերի, այսինքն` սեփականատերերի համար, քանի որ վերջիններս չեն կարող իրացնել նշված գրանցմամբ երբեմնի իրենց պատկանած սեփականատիրոջ իրավազորությունները դրա դադարած լինելու պատճառով, այլ նաև որևէ այլ սուբյեկտի համար, քանի որ այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը չի կարող անմիջական ազդեցություն ունենալ անձի իրավունքների ու օրինական շահերի վրա` խախտելով այդ իրավունքներն ու օրինական շահերը:
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ Առաջին պետական գրանցումը չի կարող լինել վիճարկման առարկա: Ըստ այդմ, եթե հայցվորի նպատակն Առաջին պետական գրանցման վերացումն է, ապա վիճարկման հայցի շրջանակներում այն չի կարող իրագործելի լինել:
II. Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ սույն գործով վիճարկման առարկան որոշակի չլինելու և վիճարկվող վարչական ակտի, մասնավորապես ընդունման օրվա և համարի մասին հստակ տվյալի բացակայության պարագայում օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել «վիճարկվող վարչական ակտի» իրավաչափությունը:
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, հնարավոր է համարել եզրահանգում կատարել այն մասին, որ Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումն իրավաչափ չէ:
Վերոգրյալը հաշվի առնելով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումն այն մասին, որ հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին, հարկ ենք համարում մեր կարծիքն արտահայտել Վճռաբեկ դատարանի եզրահանգումների վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը, վկայակոչելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 21-րդ հոդվածը, 24-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, եզրահանգել է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմքում պետք է ընկած լինեն այդ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքները, սահմանափակումները, ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող անհրաժեշտ և բավարար փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կարող է լինել իրավաչափ:
Լիովին համաձայն ենք Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման հետ, սակայն համաձայն չենք նշված իրավական դիրքորոշումը սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի համարելու Վճռաբեկ դատարանի եզրահանգումների հետ հետևյալ պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանը Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցման ոչ իրավաչափ լինելու մասին իր եզրահանգումը, ըստ էության, հիմնավորել է հետևյալ փաստարկներով. «(...)Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա` «կինը» նշումը հնարավորություն չի տալիս միանշանակ կերպով նույնականացնել դրա հասցեատիրոջը, քանի որ մի կողմից այդ որոշման մեջ առկա չեն այլ նույնականացնող տվյալներ, մյուս կողմից` գործում առկա են հակասական տվյալներ, քանի որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման հիմքում ընկած` մասնավորեցման գործընթացում և թիվ 001214 օրդերում որպես Արտյոմ Սարգսյանի կին ներկայացվել է Գայանե Մանուկյանը, ով էլ տվել է իր համաձայնությունը բնակարանն Արտյոմ Սարգսյանի անվամբ սեփականացվելու վերաբերյալ, մինչդեռ այդ որոշման ընդունման ժամանակ Արտյոմ Սարգսյանի հետ օրինական ամուսնության մեջ է գտնվել ոչ թե Գայանե Մանուկյանը, այլ` Գայանե Նազարյանը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ինչպես Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման, այնպես էլ սույն գործում առկա մյուս նյութերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ միանշանակ կերպով պնդել, որ այդ որոշման մեջ առկա «կինը» նշումը վերաբերում է հենց Գայանե Մանուկյանին, այն է` պարզ չէ, թե Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումն այդ մասով ում է ուղղված:
(...) Վերաքննիչ դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջի կատարումը և չի իրականացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման:
(...) Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա ձևակերպումից տվյալ դեպքում պարզ չէ, թե դրա հասցեատերն իսկապես Գայանե Մանուկյանն է, թե` ոչ, հետևաբար նշված փաստաթղթի հիման վրա Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումն իրավաչափ չէ: Նման պայմաններում (...) Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման` Գայանե Մանուկյանին ուղղված լինելու հանգամանքը միանշանակ չլինելն ինքնին ոչ իրավաչափ է դարձնում սույն գործով վիճարկվող պետական գրանցումը` հանգեցնելով հայցի բավարարմանը, ուստի թիվ 1818-Ա որոշումն առ ոչինչ համարելու կամ չհամարելու հարցը սույն գործի լուծման համար նշանակություն չունի, (...)»:
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ փաստարկներից տպավորություն է ստեղծվում, թե սույն հայցի առարկան Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման իրավաչափության գնահատումն է, մինչդեռ սույն գործով վիճարկման առարկան Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումն է, հետևաբար դատական վերահսկողությունը պետք է ուղղված լինի նշված գրանցման (այլ ոչ թե Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման) իրավաչափության պարզմանը, որը պետք է կատարվի այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով անհասկանալի է, թե Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումներից կոնկրետ որն է հանդիսանում վիճարկման առարկա` 06.11.2002 թվականի թիվ 199 գրանցումը, թե 05.05.2011 թվականի թիվ 097 գրանցումը, գրեթե անհնար է որոշել վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակն ու դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքները:
Վերոգրյալի պատճառով, հարկ ենք համարում անդրադառնալ այն հարցին, թե սույն գործի տվյալների համաձայն` արդյո՞ք առկա են Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցում իրականացնելու կամ այդ գրանցումը մերժելու փաստական և իրավական հիմքեր:
Նկատի ունենալով, որ սույն հատուկ կարծիքում մեր արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն 06.11.2002 թվականի թիվ 199 գրանցումը, որպես այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտ, վիճարկման հայցատեսակով չի կարող լինել վիճարկման առարկա, մեր կարծիքը հիմնավորելու նպատակով հղում կկատարենք 05.05.2011 թվականի թիվ 097 գրանցումն իրականացնելու ժամանակ գործող խմբագրությամբ կիրառելի իրավական ակտերի համապատասխան նորմերին:
Երկրորդ գրանցման ժամանակ գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք)` «Անշարժ գույքի պետական ռեգիստրի ստորաբաժանումներ մուտքագրվող փաստաթղթերի ընդունման կարգը և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները» վերտառությամբ 22-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված փաստաթղթերն ընդունվում են սեփականատիրոջ կամ օգտագործողի, (...) դիմումի հիման վրա և գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում: Մատյանում նշվում են ընդունված փաստաթղթերի ցանկը, դիմումի ընդունման օրը, ժամը, դիմողի տվյալները` համաձայն հավաստող փաստաթղթերի:
Դիմումին կցվում են նաև պետական գրանցման վճարի անդորրագիրը և նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը` կազմված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող հետևյալ փաստաթղթերը` թ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքները և այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող փաստաթղթեր:
Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտները, պետական գրանցման նպատակով, անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներին դիմումի հետ միասին ներկայացնում են նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը:
Անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներն ստուգում են ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Անհամապատասխանության դեպքում, ներկայացված փաստաթղթերի ընդունման օրվանից սկսած հնգօրյա ժամկետում, դրանք վերադարձվում են դիմողին` անհամապատասխանության մասին պարտադիր նշումներով:
Օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`
ա) չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան.
բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը.
գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:
Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` Երկրորդ գրանցումը կատարվել է Հասմիկ Աբրահամյանի կողմից 03.05.2011 թվականին Կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանման ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա, որով Հասմիկ Աբրահամյանը խնդրել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ բնակարանի նկատմամբ կատարել իրավունքի պետական գրանցում: Դիմումին կից Հասմիկ Աբրահամյանը ներկայացրել է սեփականության վկայական, անձնագրի պատճեն, 3 անդորրագիր (հատոր 1-ին, գ.թ. 105):
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.05.2011 թվականի թիվ 2726588 վկայականի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-114 մատյանի 097 համարի տակ գրանցվել է Արտյոմ Սարգսյանի, Հասմիկ Աբրահամյանի և Գայանե Մանուկյանի սեփականության իրավունքը` Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (66,9 քմ մակերեսով) բնակարանի (համատեղ սեփականություն), ինչպես նաև որոշակի մակերեսով հողամասի (բաժնային սեփականություն) նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 18-20):
Հարկ է նկատել, որ Երկրորդ գրանցման համար ներկայացված դիմումին, որպես իրավահաստատող փաստաթղթեր, կցվել են սեփականության վկայական, անձնագրի պատճեն, 3 անդորրագիր: Այսինքն` Երկրորդ գրանցման համար հիմք է հանդիսացել ոչ թե Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը (թեև թիվ 2726588 վկայականում, որպես գրանցման հիմք, վկայակոչվել է հենց Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը), այլ այդ որոշման հիմքով նախկինում գրանցված և այդ պահին առկա համատեղ սեփականության իրավունքը: Բանն այն է, որ Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը կարող էր հիմք հանդիսանալ միայն մեկ պետական գրանցում իրականացնելու և ոչ թե մեկից ավելի գրանցումներ իրականացնելու համար, քանի որ առաջին պետական գրանցման փաստով անձինք ձեռք են բերում սեփականության իրավունք, որը պաշտպանվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հետևաբար նշված որոշումը կարող էր դրվել միայն Առաջին գրանցման հիմքում և չէր կարող դրվել դրանից հետո կատարվող գրանցումների հիմքում:
Այսպիսով, Հասմիկ Աբրահամյանի կողմից 03.05.2011 թվականին Կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանման ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա Գայանե Մանուկյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-114 մատյանի 097 համարի տակ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (66,9 քմ մակերեսով) բնակարանի (համատեղ սեփականություն), ինչպես նաև որոշակի մակերեսով հողամասի (բաժնային սեփականություն) նկատմամբ գրանցումն ոչ իրավաչափ լինելու և այդ հիմքով այն վերացնելու որևէ իրավական և փաստական հիմք առկա չէ, քանի որ ներկայացված փաստաթղթերը, մասնավորապես սեփականության իրավունքի վկայականը չէր կարող որակվել օրենքին անհամապատասխանող փաստաթուղթ և հիմք հանդիսանալ իրավունքների գրանցման պահանջը մերժելու համար:
III. Միևնույն ժամանակ հարկ ենք համարում կարծիք հայտնել Վճռաբեկ դատարանի այն իրավական դիրքորոշման վերաբերյալ, ըստ որի` Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա ձևակերպումից տվյալ դեպքում պարզ չէ, թե դրա հասցեատերն իսկապես Գայանե Մանուկյանն է, թե` ոչ, հետևաբար նշված փաստաթղթի հիման վրա Գայանե Մանուկյանի անվամբ կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումն իրավաչափ չէ:
Երևանի քաղաքապետարանի կողմից 21.08.2002 թվականին Արտյոմ Սարգսյանին տրվել է թիվ 001214 օրդերը Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 տան մուտքի 6-րդ հարկի 2 սենյականոց 39,0 քմ բնակելի, 67,2 քմ ընդհանուր մակերեսով 17-րդ բնակարանն իր երեք անձից բաղկացած ընտանիքով զբաղեցնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 55): Օրդերում առկա է գրառում այն մասին, որ այն միակ փաստաթուղթն է, որն իրավունք է տալիս զբաղեցնելու հիշյալ բնակելի մակերեսը, իսկ որպես ընտանիքի անդամներ նշված են. 1. Սարգսյան Արտյոմ, ծնված 1958թ., ինքը, 2. Աբրահամյան Հասմիկ, ծնված 1939թ., մայրը, 3. Մանուկյան Գայանե, ծնված 1963թ., կինը:
Գայանե Մանուկյանը, ըստ վերջինիս անձնագրում կատարված գրառման, 29.08.2002 թվականից գրանցվել է Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանում (հատոր 2-րդ, գ.թ. 31):
Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17-րդ բնակարանի վարձակալ Արտյոմ Սարգսյանը 09.10.2002 թվականին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել «բնակ. տարածության սեփականաշնորհման մասին» դիմում, որում նշել է, որ տվյալ բնակարանում բնակվում են սկսած 2002 թվականից, համաձայն թիվ 001214 օրդերի, որը Երևանի քաղաքապետի 2000 թվականի թիվ 651 որոշմամբ տրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից բարելավման նպատակով, իր հետ միասին բնակ. մակերեսի իրավունքով բնակվում են Հասմիկ Աբրահամյան, ծնված 1939թ., մայրը, գրանցված է 21.08.2002 թվականից և Գայանե Մանուկյան, ծնված 1963 թվականին, կինը, գրանցված է 21.08.2002 թվականից: «Բնակ. տարածության սեփականաշնորհման մասին» դիմումի` սեփականացվող բնակ. տարածության իրավունք ունեցող չափահասների համաձայնության ստորագրությունները տողում (կետ 10) առկա են Հասմիկ Աբրահամյանի և Գայանե Մանուկյանի ստորագրությունները, իսկ 12-րդ կետում առկա է գրառում այն մասին, որ դիմումի մեջ նշված ոչ ճիշտ տեղեկությունների համար ստորագրող և հաստատող անձինք (Արտյոմ Սարգսյանը և վարձատու կազմակերպության ներկայացուցիչ, գործերի կառավարման վարչության պետ Լ.Բայբուրցյան) ենթակա են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:
Երևանի քաղաքապետի կողմից 14.10.2002 թվականին ընդունվել է թիվ 1818-Ա որոշումը, որով որոշվել է թույլատրել Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի 17-րդ (երկու սենյականոց) բնակարանի անհատույց մասնավորեցումն Արտյոմ Սարգսյանի անվամբ` ընտանիքի երեք անձով (ինքը, մայրը, կինը)` որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականություն (...) (հատոր 1-ին, գ.թ. 17): Նշված որոշման մեջ, որպես դրա ընդունման իրավական հիմք վկայակոչվել է «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենք:
Թեև սույն գործով Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշումը վիճարկման առարկա չի հանդիսանում և դրա ընդունման համար հիմք հանդիսացող հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը բացակայում է, այդուհանդերձ հարկ եմ համարում ընդգծել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների մասնավորեցումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համապատասխան մարզպետին (Երևան քաղաքում` քաղաքապետին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` պետական բնակարանային ֆոնդի բնակարանները մասնավորեցվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով` որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:
Վերոգրյալ իրավակարգավորումներից հետևում է, որ պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների մասնավորեցման սուբյեկտներ են հանդիսացել բնակարանի վարձակալներն ու տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձինք: Օրենքը, որևէ պահանջ չի ներկայացրել բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց կարգավիճակի (կին, ամուսին, զավակ, հայր, մայր, հորեղբայր, մորեղբայր, ընկերուհի, ընկեր և այլն) հետ կապված:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17, 65,4 քմ մակերեսով բնակարանի համար 21.08.2002 թվականին Արտյոմ Սարգսյանին տրված թիվ 001214 օրդերում, որպես բնակարանը զբաղեցնելու իրավունք տվող միակ փաստաթուղթ, նշված է նաև Գայանե Մանուկյանի անունը: Վերջինս 29.08.2002 թվականից հաշվառվել է Հրաչյա Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17-րդ բնակարանում, ինչի մասին նրա անձնագրում կատարված է համապատասխան գրառում: Արտյոմ Սարգսյանի կողմից 09.10.2002 թվականին Երևանի քաղաքապետարան ներկայացրած «բնակ. տարածության սեփականաշնորհման մասին» դիմումում, որպես բնակ. մակերեսի իրավունքով բնակվող անձ նշվել է նաև Գայանե Մանուկյանը, ում կարգավիճակը հենց Արտյոմ Սարգսյանի կողմից նշվել է «կին»: Ընդ որում, նույն դիմումում, որպես իր հետ միասին բնակ. մակերեսի իրավունքով բնակվող անձ նշվել է նաև Հասմիկ Աբրահամյանի անունը, որի կարգավիճակն էլ Արտյոմ Սարգսյանի կողմից նշվել է «մայր»:
Նման պայմաններում Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ նշված «կին» և «մայր» գրառումները կարող են վերաբերել բացառապես թիվ 001214 օրդերում և Արտյոմ Սարգսյանի կողմից 09.10.2002 թվականին Երևանի քաղաքապետարան ներկայացրած «բնակ. տարածության սեփականաշնորհման մասին» դիմումում որպես կին և մայր նշված անձանց` Գայանե Մանուկյանին և Հասմիկ Աբրահամյանին ու վերջիններիս կարգավիճակը հաստատող որևէ ապացույց` ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական անհրաժեշտ չէ պարզելու համար այդ կարգավիճակի իրականությանը համապատասխանելու հարցը, քանի որ անկախ այդ հարցի պարզումից վերջիններս են հանդիսացել բնակ. տարածության նկատմամբ իրավունք ունեցող այն անձինք, ովքեր բնակարանի սեփականաշնորհման ժամանակ «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի իմաստով կարող էին լինել սեփականաշնորհման սուբյեկտներ:
Այսպիսով գտնում ենք որ Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ Գայանե Մանուկյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցումը մերժելու փաստական և իրավական հիմքեր առկա չեն: Հակառակը, Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման և թիվ 001214 օրդերի առկայության պարագայում, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմինը պարտավոր էր կատարել դրանց հիման վրա նաև Գայանե Մանուկյանի համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցում:
IV. Ամբողջ վերոգրյալի արդյունքում եզրահանգում ենք, որ նման պայմաններում խնդրահարույց է դառնում նաև Գայանե Նազարյանի, սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ` «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը, քանի որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վերջինս «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի իմաստով բնակարանի սեփականաշնորհման ժամանակ կարող էր հանդիսանալ սեփականաշնորհման սուբյեկտ և հավակնել Հր. Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն:
Հարկ է նկատել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է սեփականաշնորհված գույքի նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի ծագման հարցին և արձանագրել, որ սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակը չի գործում: Սեփականաշնորհման ընթացքում ամուսինների ստացած գույքը հանդիսանում է նրանցից յուրաքանչյուրի սեփականությունը (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506(ՎԴ) և 26.06.2009թ. թիվ ԵԱՔԴ/2304/02/08 գործերով որոշումները):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է նաև վարչադատավարական կարգով դատական պաշտպանություն հայցելու իրավունք ունեցող սուբյեկտների հարցին: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (տե՛ս Սիրվարդ Աբրահամյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային բաժնի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Արմավիրի քաղաքապետարանի` թիվ ՎԴ/0432/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատություն, բացառությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերի, կարող է հայցել միայն այն անձը, ով հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, կամ այլ կերպ ասած` այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել:
ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն` «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած` դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը (տե՛ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ ««Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերը նշված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գտնում ենք, որ Արտյոմ Սարգսյանի և Գայանե Նազարյանի միջև գրանցված ամուսնության փաստն ինքնին բավարար չէ Գայանե Մանուկյանի անվամբ Հր. Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ կատարված գրանցումը վերացնելու պահանջով հայցվորի` «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը հաստատված համարելու համար: Ավելին, Երևանի քաղաքապետի 14.10.2002 թվականի թիվ 1818-Ա որոշման մեջ առկա «կինը» գրառումը ևս չի կարող հիմք հանդիսանալ Գայանե Նազարյանի` սույն գործով «շահագրգիռ անձ» լինելը փաստելու համար, ուստի նշված հարցի պարզումը ևս տվյալ դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու համար անհրաժեշտ նախապայման է:
Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ սույն գործով ըստ էության ճիշտ դատական ակտ կայացնելու համար պարտադիր կերպով պետք է պարզվեն հետևյալ հարցերը.
ա) Գայանե Մանուկյանի անվամբ Հր. Քոչար փողոցի թիվ 16/1 շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ կատարված կոնկրետ որ` Առաջին, թե Երկրորդ գրանցումն է տվյալ դեպքում հանդիսանում վիճարկման առարկա,
բ) արդյո՞ք Գայանե Նազարյանը հանդիսանում է սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու իրական շահ ունեցող սուբյեկտ` «շահագրգիռ անձ»:
Հարկ ենք համարում ընդգծել, որ վերոգրյալ հարցերը սույն գործով պարզված չեն, հետևաբար Վճռաբեկ դատարանի որոշմամբ Դատարանի 10.08.2018 թվականի վճռին օրինական ուժ չէր կարող տրվել:
Այսպիսով, սույն հատուկ կարծիքում արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո գտնում ենք, որ առանց վերոգրյալ հարցերը պարզելու հնարավոր չէ կայացնել գործն ըստ էության լուծող ճիշտ դատական ակտ, քանի որ հնարավոր չէ գնահատել վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունն այն պարագայում, երբ հստակ չէ վիճարկման առարկան, հետևաբար, բեկանելով Դատարանի 10.08.2018 թվականի վճիռն ու գործն ամբողջ ծավալով նոր քննության` ՀՀ վարչական դատարան ուղարկելով, Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, ուստի Գայանե Նազարյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չի կարող լինել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Դատավոր Դատավոր
Ռ. Հակոբյան Ս. Միքայելյան