Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԿԴ3/0038/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ3/0038/01/17

Նախագահող դատավոր` Ա. Ազարյան

    Դատավորներ`        Ն. Հովակիմյան

                       Ա. Վարդանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյան

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   մասնակցությամբ դատախազ`    Գ. Խանզադյանի

                                  պաշտպան`    Ժ. Համբարձումյանի

 

    2020 թվականի հունվարի 10-ին                      ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 18-ի որոշման դեմ Արմենակ Փայլակի Ավագյանի պաշտպան Ժ.Համբարձումյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում Վարդան Բայաթյանի մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 49158516 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2017 թվականի մայիսի 26-ին Արմենակ Փայլակի Ավագյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը Ա.Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մայիսի 26-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալ Ա.Ավագյանի` քննությունից թաքնվելու հիմքով:

2017 թվականի հունիսի 7-ին Ա.Ավագյանը հայտնաբերվել է և բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 7-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:

2017 թվականի հուլիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 31-ի դատավճռով Ա.Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Նույն դատավճռով տուժող Վ.Բայաթյանի ներկայացրած քաղաքացիական հայցը` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով` որպես բուժման ծախսեր, մերժվել է, իսկ 2.100.000 (երկու միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով` որպես չվճարված աշխատավարձ, թողնվել է առանց քննության:

3. Ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպաններ Ժ.Համբարձումյանի և Մ.Մանուկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ Ա.Ավագյանին ազատել Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 31-ի դատավճռով նշանակված պատժից:

4. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 18-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Ժ.Համբարձումյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Արմենակ Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) Նա, հանդիսանալով «Էդ Շին» ՍՊ ընկերության տնօրեն և գործատու, այսինքն` անվտանգության կանոնները պահպանելու պարտականություն կրող անձ, 2016 թվականի օգոստոսի 19-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում իրականացված ասֆալտապատման աշխատանքներ կատարելու ժամանակ չի ապահովել ՀՀ Կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի 363-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» 2-րդ գլխի 4-րդ կետի, (...) 3-րդ գլխի 9-րդ կետի 1-ին ենթակետի, (...) 10-րդ կետի 1-ին ենթակետի և 12-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները (...)»:

Բացի այդ, խախտել է 2016 թվականի օգոստոսի 1-ին «ԷԴ Շին» ՍՊ ընկերության ի դեմս իր և Վարդան Բայաթյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի 3.4.2 կետի (...) և 3.4.4 կետի պահանջները (...): Ինչպես նաև չի կատարել ՀՀ-ում գործող ԳՕՍՏ 12.0.004-90-ի 7.1 «Ներածական հրահանգավորում», 7.2 «Աշխատատեղում առաջնային հրահանգավորում» և 7.9 «Անցկացված հրահանգավորումների վերաբերյալ մատյաններում համապատասխան գրառումներ կատարելու մասին» կետերի պահանջները, ինչի արդյունքում նույն ընկերությունում որպես բանվոր աշխատող Վարդան Բայաթյանը ցանկացել է բարձրանալ ասֆալտ բեռնաթափող «ՄԱՆ» մակնիշի 777DD17 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բարձրացրած թափքին` թափքում մնացած ասֆալտը քերել-թափելու նպատակով, սակայն բարձրացրած թափքը փողոցը հատող էլեկտրահաղորդալարին դիպչած լինելու հետևանքով հոսանքահարվել և ընկել է գետնին, որի արդյունքում վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կրծքավանդակի փակ վնասվածք, աջից 2-րդ, 3-րդ կողերի, աջ բազուկոսկրի բեկորային կոտրվածքների ձևով ծանր վնաս»(1):

_____________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 235-236:

 

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) «Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արմենակ Ավագյանի կողմից տրված դատաքննական ցուցմունքներն անարժանահավատ են և մտացածին, դրանով նա հետապնդում է քրեական պատասխանատվությունից և ակնկալվող պատժից խուսափելու նպատակ և արձանագրում, որ նրան մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքի կատարումը հիմնավորվեց իրավական պատշաճ ընթացակարգի պահպանմամբ դատարանում հետազոտված` (...) տուժող Վարդան Վոլոդիայի Բայաթյանի դատաքննական ցուցմունքով, (...) վկա Էդվին Արմենակի Ավագյան[ի` դատարանում հրապարակված նախաքննական ցուցմունքով, (...) վկա Գրիգոր Գագիկի Գրիգորյանի դատաքննական ցուցմունքով, (...) վկա Նորայր Հրանտի Սամվելյանի դատաքննական ցուցմունքով, (...) վկա Գրիգոր Կառլենի Սարդարյանի դատաքննական ցուցմունքով, (...) վկա (...) Համլետ Սանասարի Բաբայանի` դատարանում հրապարակված նախաքննական ցուցմունքով, (...) փորձագետ Գենադի Գևորգի Հարությունյանի` դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով, (...) դատաբժիշկ փորձագետի թիվ 213 եզրակացությամբ, (...) դատաբժիշկ փորձագետի թիվ 258 եզրակացությամբ, (...) էլեկտրատեխնիկական փորձաքննության թիվ 53401604 եզրակացությամբ (...):

Դատաքննության ընթացքում հրապարակվել և հետազոտվել են նաև ներքոնշյալ փաստաթղթերը` Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի թիվ 961-Ն որոշման 6.22 աղուսյակը, (...) էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը, (...) «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1933-Ն որոշումը, (...) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Գեղամա» մասնաճյուղի թիվ 014Մ-264 գրությունը, (...) «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1939-Ն որոշումը, (...) ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության թիվ 19-03/06 գրությունը (...):

Պաշտպանի միջնորդությամբ որպես այլ ապացույց է ճանաչվել և հրապարակվել «ԷԴ-ՇԻՆ» ՍՊ ընկերության իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը, թիվ 001-003 ներդիրները, (...) Հրազդան համայնքի Շահումյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, (...) Վ.Բայաթյանի դիմումը` աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, (...) բանվորի աշխատատեղը կանոնակարգող իրավական ակտերին ծանոթացնելու հավաստագիրը, (...) «ԷԴ-ՇԻՆ» ՍՊ ընկերության և Վ.Բայաթյանի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը, (...) «ԷԴ-ՇԻՆ» ՍՊ ընկերության ներքին կարգապահական կանոնների ծանոթացման թերթիկը, (...) «ԷԴ-ՇԻՆ» ՍՊ ընկերության ներքին կանոնադրությունը (...):

Վերոգրյալ ապացույցների հիման վրա Դատարանը հիմնավոր է համարում Ա.Ավագյանին առաջադրված մեղադրանքն այն մասով, որ. «Արմենակ Փայլակի Ավագյանը հանդիսանալով «Էդ Շին» ՍՊ ընկերության տնօրեն և գործատու, այսինքն` անվտանգության կանոնները պահպանելու պարտականություն կրող անձ, 2016 թվականի օգոստոսի 19-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում իրականացված ասֆալտապատման աշխատանքներ կատարելու ժամանակ չի ապահովել ՀՀ Կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի 363-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» 2-րդ գլխի 4-րդ կետի, (...) 3-րդ գլխի 9-րդ կետի 1-ին ենթակետի, (...) 10-րդ կետի 1-ին ենթակետի, (...) 12-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները (...):

Բացի այդ, խախտել է 2016 թվականի օգոստոսի 1-ին «ԷԴ Շին» ՍՊ ընկերության ի դեմս իր և Վարդան Բայաթյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի 3.4.2 կետի (...) և 3.4.4 կետի պահանջները: (...):

Անդրադառնալով Արմենակ Ավագյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ներառված` ՀՀ-ում գործող ԳՕՍՏ 12.0.004-90-ի 7.1 «Ներածական հրահանգավորում», 7.2 «Աշխատատեղում առաջնային հրահանգավորում» և 7.9 «Անցկացված հրահանգավորումների վերաբերյալ մատյաններում համապատասխան գրառումներ կատարելու մասին» կետերի պահանջներին, ապա դատարանն արձանագրում է, որ այն պետք է հանել մեղադրանքի ծավալից: (...):

Դատարանն անդրադառնալով պաշտպան Ժ.Համբարձումյանի կողմից իր ճառում ներկայացված մի շարք դիտարկումներին, մասնավորապես, թե տվյալ պարագայում Ա.Ավագյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սուբյեկտիվ կողմը և օբյեկտիվ կողմը, հստակեցված չէ, թե իր պաշտպանյալը դրսևորել է անփութություն, թե ինքնավստահություն, կամ առկա են հանցակազմի բոլոր հատկանիշները, ապա Դատարանը վերը նշված ապացույցների մանրամասն վերլուծությամբ անդրադարձել է գործով բոլոր հանգամանքներին, ուստի չկրկնվելու և դատական ակտը չծանրաբեռնելու նպատակով դատարանը կրկին անգամ հարկ չի համարում անդրադառնալ նշված հարցին: (...)»(2):

--------------------

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 71-77:

 

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «(...) Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Արմենակ Ավագյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ պաշտպանների փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտել, հետևաբար չեն կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Այսպիսով, վերը նշված վերլուծությունների համատեքստում Վերաքննիչ դատարանը գալիս է եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արմենակ Ավագյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի ուժով պետք է ազատվի Առաջին ատյանի դատարանի 2018թ. օգոստոսի 31-ի դատավճռով նշանակված պատժից:

(...)

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել նաև, որ ամբաստանյալը դատարանին չի ներկայացրել նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն»(3):

----------------------

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 116-117:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն անհիմն են և չպատճառաբանված: Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները քննության չեն առել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով սահմանված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշները, բացի այդ, վերլուծության չեն ենթարկել Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, ինչը հանգեցրել է Ա.Ավագյանի արարքի սխալ որակման:

Վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածը, ինչպես նաև այն դիտարկելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո` բողոք բերած անձը գտել է, որ Ա.Ավագյանը չի կարող լինել հիշյալ հանցագործության սուբյեկտ, քանի որ նրա վրա դրված չի եղել տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման` իրավաբանորեն ձևակերպված հստակ պարտականություն:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 18-ի որոշումը և ճանաչել ու հռչակել Արմենակ Ավագյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Ավագյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի համաձայն` «1. Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն` պատժվում է (...)»:

Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն Ատոմ Մանուկյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Աշխատողի անվտանգությունը և առողջությունն աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգ է, և պետությունը պարտավոր է`

ա) սահմանել աշխատողի անվտանգության և առողջության պահպանման իրավական կանոններ` ամրագրելով դրանք օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով,

բ) նախատեսել համապատասխան քաղաքացիական, վարչական, քրեական սանկցիաներ, որոնք կոչված են կանխելու աշխատողի անվտանգության և առողջության պահպանման կանոնների խախտումները:

Շարադրված վերլուծության հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը այն հասարակական հարաբերություններն են, որոնք ուղղված են մարդու` անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքի ապահովմանը, իսկ լրացուցիչ օբյեկտ են հանդիսանում մարդու կյանքը և առողջությունը:

(...)

ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունն օբյեկտիվ կողմից բնութագրվում է ինչպես գործողությամբ, այնպես էլ անգործությամբ, որը դրսևորվում է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելով:

Անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցակազմն առկա է այն դեպքում, երբ`

1) խախտվել են ՀՀ կառավարության, տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, հիմնարկների և առանձին գործատուների կողմից սահմանված` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության հատուկ կանոնները,

2) առաջացել են հանրորեն վտանգավոր այնպիսի հետևանքներ, ինչպիսիք են տուժողի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի կամ մասնագիտական հիվանդության պատճառումը (ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մաս) կամ մահվան առաջացումը (ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մաս),

3) առկա է պատճառական կապ արարքի (գործողության կամ անգործության) և վրա հասած հետևանքների միջև (...)»(4):

----------------------

4) Տե՛ս Ատոմ Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԿԴ/0032/01/12 որոշման 13-14-րդ կետերը:

 

Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի գործով փաստել է. «ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումից հետևում է, որ այն նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով. քրեական պատասխանատվություն նախատեսելով օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման համար` այն չի սահմանում այդ կանոնները և, ըստ այդմ, ենթադրում է հղում նորմատիվ իրավական այլ ակտի (ակտերի), որը պետք է ամրագրի դրանք: Դրանից հետևում է, որ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել դրանք սահմանող համապատասխան նորմատիվ իրավական ակտերի օգնությանը, որոնք պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքի` (...) «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին»(5):

----------------------

5) Տե՛ս Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵՇԴ/0131/01/15 որոշման 17-րդ կետը:

 

12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա.Ավագյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության (6):

--------------------

6) Տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

 

13. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ավագյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում հաստատված, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են տուժող Վ.Բայաթյանի, վկաներ Գ.Գրիգորյանի, Ն.Սամվելյանի, Գ.Սարդարյանի` դատաքննական, Է.Ավագյանի, Հ.Բաբայանի` դատարանում հրապարակված նախաքննական, փորձագետ Գ.Հարությունյանի` դատաքննական ցուցմունքներով, դատաբժիշկ փորձագետի` թիվ 213 եզրակացությամբ, դատաբժիշկ փորձագետի թիվ 258 եզրակացությամբ, էլեկտրատեխնիկական փորձաքննության թիվ 53401604 եզրակացությամբ, ինչպես նաև դատաքննության ընթացքում հրապարակված և հետազոտված փաստաթղթերով:

13.1 Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում նաև բողոքաբերի այն փաստարկին, որ ստորադաս դատարանները վերլուծության չեն ենթարկել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, ինչը հանգեցրել է Ա.Ավագյանի արարքի սխալ որակման(7): Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով Վարուժան Ավետիսյանի, ինչպես նաև` Դավիթ Սիմիդյանի գործերով Վճռաբեկ դատարանի որոշումները, Ա.Ավագյանին առաջադրված մեղադրանքի ծավալից հանել է Հայաստանի Հանրապետությունում գործող ԳՕՍՏ 12.0.004-90-ի 7.1 «Ներածական հրահանգավորում», 7.2 «Աշխատատեղում առաջնային հրահանգավորում» և 7.9 «Անցկացված հրահանգավորումների վերաբերյալ մատյաններում համապատասխան գրառումներ կատարելու մասին» կետերի պահանջների խախտումը(8):

------------------------

7) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

8) Տե՛ս սույն որոշման 5 -րդ կետը:

 

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ա.Ավագյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են և նրա արարքին տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ա.Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (...) կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

17. Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:

17.1 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(...) Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»(9):

----------------------

9) Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:

 

17.2 Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող դրույթի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում(10):

--------------------

10) Տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ որոշման 14-րդ կետը:

 

18. ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

19. ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը անզգույշ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

20. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում(11): Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է(12):

----------------------

11) Տե՛ս, mutatis mutandis, Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը:

12) Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` վերը հիշատակված որոշման 25-րդ կետը:

 

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2016 թվականի օգոստոսի 19-ին(13): ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով որակված` Ա.Ավագյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2018 թվականի օգոստոսի 31-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի փետրվարի 18-ին: Նշված որոշման դեմ ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Ժ.Համբարձումյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(14):

-------------------

13) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

14) Տե՛ս սույն որոշման 2-4-րդ կետերը:

 

22. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-20-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի` որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա` 2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել: Հետևաբար, Ա.Ավագյանին քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետը դեռևս Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կայացնելու օրվա դրությամբ անցած է եղել: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ ուշադրության չարժանացնելով նշված հանգամանքը, 2018 թվականի օգոստոսի 31-ի դատավճռով չի քննարկել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա.Ավագյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը: Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ ամբաստանյալը դատարանին չի ներկայացրել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն(15), արդյունքում անտեսելով այն հանգամանքը, որ Ա.Ավագյանը հնարավորություն է ունեցել վերաքննիչ բողոք բերելու միջոցով վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ուստիև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայել է, հետևաբար, բացակայել է նաև այդ կապակցությամբ միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը: Արդյունքում անտեսվել են Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի որոշմամբ արտահատված իրավական դիրքորոշումները:

-------------------------

15) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

23. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա.Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չդադարեցնելով` Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել: Հիշյալ հիմքով Ա.Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Այլ խոսքով` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ ամբաստանյալն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար` բացակայում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ անձի դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը:

24. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև սույն գործով Ա.Ավագյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և Ա.Ավագյանն ազատվել է Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 31-ի դատավճռով նշանակված պատժից, սակայն, կոնկրետ գործով Համաներման մասին օրենքի նշված դրույթով անձին պատժից ազատելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված` քրեական հետապնդումը բացառող հանգամանքի` վաղեմության ժամկետն անցնելու` հիմքերի մրցակցության պայմաններում, պետք է նախապատվությունը տրվի երկրորդ հիմքին, քանի որ հիշյալ հիմքի կիրառման իրավական հետևանքներն առավել բարենպաստ են անձի համար: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե Համաներման մասին օրենքի համապատասխան դրույթի կիրառմամբ` Ա.Ավագյանն ազատվում է նշանակված պատժից` մեղադրական դատավճռի առկայության պայմաններում, ապա վաղեմության ժամկետի հիմքով` առհասարակ քրեական պատասխանատվությունից: Բացի այդ, և՛ Համաներման մասին օրենքի, և՛ վաղեմության ժամկետի կիրառման հիմքերի միաժամանակյա առկայության պայմաններում Ա.Ավագյանի նկատմամբ համաներման ակտի կիրառման դեպքում, վերջինս հայտնվում է անբարենպաստ վիճակում նաև այն պատճառով, որ նախկինում ընդունված համաներման ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ անձի նկատմամբ համաներման կիրառումը, որպես կանոն, հետագայում կրկին համաներման հնարավոր կիրառման արգելք է:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Արմենակ Փայլակի Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի պահանջն առ այն, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով(16), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժող Վարդան Վոլոդիայի Բայաթյանի քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:

----------------------

16) Տե՛ս, mutatis mutandis, Դավիթ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ ՇԴ/0008/01/09 որոշման 17-րդ կետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արմենակ Փայլակի Ավագյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի օգոստոսի 31-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 18-ի որոշումը բեկանել, Արմենակ Փայլակի Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:

2. Արմենակ Փայլակի Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. Տուժող Վարդան Վոլոդիայի Բայաթյանի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

_______________

ԻՐՏԵԿ - www.Arlis.am կայքը որպես պաշտոնական հրապարակման ամսաթիվ նշել է իր կայքում հրապարակման ամսաթիվը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.01.2020
N ԿԴ3/0038/01/17
Որոշում