ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/12802/05/17
Վարչական գործ թիվ ՎԴ/12802/05/17 2020 թ.
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
Դատավորներ` Ա. Առաքելյան
Ք. Մկոյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2020 թվականի սեպտեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչ Էմմա Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդգես Չատիկյանի ընդդեմ ՀՀ «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի (այսուհետ` Նոտար), երրորդ անձինք Արսեն Չատիկյանի, Սամվել Չատիկյանի, Գոհար Պետրոսյանի (Չատիկյանի)` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին 25.08.2017 թվականի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու և պատասխանողին Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Հայկի Չատիկյանին պատկանող գույքի մի մասով հայցվորին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վարդգես Չատիկյանը պահանջել է Նոտարի կողմից հայցվորին` Վլադիմիր Հայկի Չատիկյանին պատկանող գույքի մի մասով ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին 25.08.2017 թվականի մերժումը ճանաչել ոչ իրավաչափ և պատասխանողին պարտավորեցնել հայցվորին տալ Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Հայկի Չատիկյանին պատկանող գույքի մի մասով ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.11.2019 թվականի որոշմամբ Նոտարի և Արսեն Չատիկյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են, Դատարանի 05.06.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Արսեն Չատիկյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վլադիմիր Չատիկյանի կտակից բխում է, որ վերջինս բովանդակային առումով կատարել է անհրաժեշտ գործողությունները (իրեն պատկանող գույքը այլ անձանց փոխանցելու կամքի արտահայտությունն օրենքով սահմանված ձևով):
Վերաքննիչ դատարանի կողմից իրավանորմերին տրված մեկնաբանմամբ ըստ կտակի ժառանգելու փաստակազմի ձևավորման նոր պայման է ստեղծվել, մասնավորապես, ժառանգության զանգվածի կազմի հստակությունը, ինչը նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Վերաքննիչ դատարանի դիրքորոշմամբ օրենքի կիրառությունը խախտում է ըստ կտակի ժառանգների ժառանգություն ստանալու իրավունքը:
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն` անտեսելով այն հանգամանքը, որ եթե ըստ կտակի ժառանգը չի հրաժարվել իրեն կտակված ժառանգությունից և օրենքով սահմանված վեց ամսվա ժամկետում դիմել է ժառանգության ընդունման համար, նոտարն անհիմն պատճառաբանություններով իրավունք չունի մերժելու ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2019 թվականի որոշումը և «օրինական ուժի մեջ թողնել» Դատարանի 05.06.2018 թվականի վճիռը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատելով գործում առկա ապացույցները և դրանք ճիշտ համադրելով կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերի հետ, իրավացիորեն պատճառաբանել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս, ի թիվս այլնի, նոտարն ունի նաև ժառանգական գույքի կազմը պարզելու պարտավորություն, ինչը և արել է` պարզելով, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է ամուսիններ Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, որտեղ նրանց բաժինները որոշված և առանձնացված չեն եղել, իսկ Վլադիմիր Չատիկյանի կտակում նշված են ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից առանձին մակերեսներ, որոնց Վլադիմիր Չատիկյանի անվամբ` որպես անձնական սեփականություն գրանցված լինելու հանգամանքը չի հաստատվել: Նման պայմաններում վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, և Վերաքննիչ դատարանի 20.11.2019 թվականի որոշումը պետք է թողնել անփոփոխ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 29.06.1959 թվականի ամուսնության վկայականի համաձայն` Վլադիմիր Չատիկյանը և Մարո Երիցփոխյանը (ամուսնությունից հետո` Չատիկյան) ամուսնացել են 29.06.1959 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 15).
2) Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների Օրջոնիկիձեի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 27.07.1991 թվականի թիվ 17/43 որոշմամբ վերականգնվել է Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոցի թիվ 31 տան բնակիչ Վլադիմիր Չատիկյանի սեփականության իրավունքն այդ տան նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 89).
3) 25.11.1991 թվականին տրված սեփականության վկայագրի համաձայն` Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 բնակելի տունը (հողամասի մակերեսը` 525 քմ, շինության մակերեսը` 82,9 քմ) սեփականության իրավունքով պատկանում է Վլադիմիր Չատիկյանին (հատոր 1-ին, գ.թ. 16).
4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 05.04.2017 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-04/04/2017-1-0074 տեղեկանքի համաձայն` Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 բնակելի տուն հասցեում գտնվող գույքը 25.11.1991 թվականին գույքագրվել է Վլադիմիր Չատիկյանի անվամբ, հողամասի մակերեսը` 525 քմ, շինության մակերեսը` 82,9 քմ, հիմք` շրջ. խորհրդի գործկոմի որոշում թիվ 17/43 27.07.91թ. (հատոր 1-ին, գ.թ. 88).
5) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի 09.08.2017 թվականի թիվ 270269 մահվան վկայականի համաձայն` Մարո Չատիկյանը մահացել է 26.12.2002 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 13).
6) Վլադիմիր Չատիկյանի 06.04.2007 թվականի կտակի համաձայն` վերջինս արել է հետևյալ կարգադրությունը` «1. Ինձ պատկանող` քաղաք Երևան Նոր Արեշ 29 փ. թիվ 31 հասցեի անշարժ գույքից 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակ. և հարթակը կտակում եմ Վարդգես Սամվելի Չատիկյանին, ծնված 12.12.1978թ., իսկ վերը նշված հասցեի անշարժ գույքի հողատարածքը կտակում եմ Վարդգես Սամվելի Չատիկյանին, ծնված 12.12.1978թ., Սամվել Վլադիմիրի Չատիկյանին, ծնված 17.12.1954թ. և Արսեն Վլադիմիրի Չատիկյանին, ծնված 1959թ.»: Նշված կտակը վավերացվել է նոտարի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 18).
7) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի 08.02.2017 թվականի թիվ 256778 մահվան վկայականի համաձայն` Վլադիմիր Չատիկյանը մահացել է 07.02.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 14).
8) Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը 12.07.2017 թվականին Նոտարին է ներկայացրել դիմում հետևյալ բովանդակությամբ. «Վլադիմիր Հայկի Չատիկյանի ժառանգությունն ըստ կտակի Վարդգես Սամվելի Չատիկյանն ընդունում է: Ժառանգատուն ունի ժառանգներ. որդին` Սամվել Վլադիմիրի Չատիկյանը, որդին` Արսեն Վլադիմիրի Չատիկյանը, դուստրը` Գոհար Վլադիմիրի Չատիկյանը: Գույքը կտակված է նաև Սամվել Վլադիմիրի Չատիկյանին և Արսեն Վլադիմիրի Չատիկյանին» (հատոր 1-ին, գ.թ. 20).
9) Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը Նոտարին հասցեագրված 25.08.2017 թվականի դիմումով խնդրել է Վլադիմիր Չատիկյանի մահից հետո Վարդգես Չատիկյանին տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 73).
10) Նոտարը, ի պատասխան Վարդգես Չատիկյանի 12.07.2017 թվականի դիմումի, 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրությամբ մերժել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը` պատճառաբանելով, որ Նոր Արեշ 29 փողոց 31 բնակելի տունը ձեռք է բերվել Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի համատեղ ամուսնության ընթացքում, գույքի նկատմամբ 1/2 բաժինը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարո Չատիկյանին: Դիմողի ներկայացրած փաստաթղթերից ակնհայտ է, որ ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չէ, և բացի այդ, կնոջ` Մարո Չատիկյանի մահից հետո նրա ամուսինը` Վլադիմիր Չատիկյանը, տիրապետման փաստով ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Նոտարը որպես ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու մերժման հիմք 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրության մեջ վկայակոչել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ և 1222-րդ հոդվածները (հատոր 1-ին, գ.թ. 71):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարի կողմից ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս նոտարի կողմից ստուգման ենթակա հանգամանքներին և դրանով պայմանավորված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը մերժելու իրավական հնարավորությանը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին նույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1196-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները և դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որևէ մեկին պատկանելու մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կտակարարն իրավունք ունի կազմել ցանկացած` ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ ժառանգությունը կատարվում է երկու հիմքով` ըստ կտակի և ըստ օրենքի: Ընդ որում, առաջնահերթության կարգով կատարվում է ժառանգություն ըստ կտակի, քանի որ կտակի միջոցով քաղաքացին իր հայեցողությամբ որոշում է ժառանգական զանգվածի մեջ մտնող իր գույքի ճակատագիրն իր մահից հետո: Իսկ ըստ օրենքի ժառանգությունը կատարվում է այն դեպքում, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը: Կտակն արտահայտում է քաղաքացու կամքն իր մահվան դեպքում իրեն պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ: Քաղաքացին կտակ կազմելիս ունի լայն հնարավորություններ: Մասնավորապես` քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները: Կտակարարն իրավունք ունի կազմել ցանկացած` ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ, սակայն ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է նաև ժառանգության ձևակերպմանն առնչվող իրավակարգավորումներ: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1245-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը տալիս է ժառանգության բացման վայրի նոտարը կամ օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգի դիմումի հիման վրա:
Փաստորեն, ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար ժառանգը պետք է ներկայացնի դիմում, իսկ վկայագիրը տալու իրավասությամբ օժտված են ժառանգության բացման վայրի նոտարը և օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք: Ընդ որում, ժառանգության իրավունքի վկայագիր տալու գործընթացը մանրամասն կարգավորված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով:
Այսպես` «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, նույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է նույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին (...):
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոտարը պարտավոր է մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին կամ միջազգային պայմանագրերին:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ի թիվս նոտարական այլ գործողությունների իրականացման, նոտարը տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս նոտարը` որպես արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ, իրականացնում է հանրային գործառույթներ` նպատակ հետապնդելով ապահովել անձի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի գործնականում իրացումը և պաշտպանությունը (տե՛ս, Դավիթ և Լիլիթ Հաբեթյաններն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ՎԴ/1836/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե`
1) նոտարական գործողության կատարումը հակասում է օրենքին, իրավական այլ ակտերին կամ կազմակերպության կանոնադրությանը.
2) ներկայացված փաստաթուղթը կամ պահանջվող նոտարական գործողությունը ենթակա չէ նոտարական վավերացման կամ հաստատման.
3) օրենքի համաձայն նոտարական գործողությունը ենթակա չէ տվյալ նոտարի կողմից կատարման.
4) նոտարական գործողություն կատարելու մասին խնդրանքով դիմել է անգործունակ անձ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող անձ կամ նրա անգործունակ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող ներկայացուցիչ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) նոտարական գործողության կատարման համար դիմած անձը թեև գործունակ է, սակայն տվյալ պահին գտնվում է այնպիսի վիճակում, որ չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կարող կառավարել դրանք.
6) դիմող անձը հրաժարվում է ներկայացնել նոտարական գործողության կատարման համար օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը.
7) դիմող անձը չի վճարում նոտարական գործողության կատարման համար նախատեսված պետական տուրքը կամ նոտարի մատուցած այլ ծառայությունների վճարը.
8) նոտարական գործողությունը պետք է կատարվի դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ հետախուզվող և քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Նույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում դիմողի պահանջով նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը: Նոտարական գործողության մերժման մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա` Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ նոտարը, որպես արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված նոտարական գործողությունները պարտավոր է կատարել ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու ՀՀ միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան և պարտավոր է մերժել նոտարական գործողության կատարումը միայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված սպառիչ հիմքերից առնվազն մեկի առկայության պարագայում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանվել են նոտարական գործողություններից յուրաքանչյուրի կատարման ընթացքում նոտարի կողմից ստուգման (պարզման) ենթակա հանգամանքների (հարցերի) ծավալն ու բնույթը: Մասնավորապես` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու հարցը լուծելիս նոտարը պարտավոր է ստուգել հետևյալ պայմանները.
1) ժառանգատուի մահվան փաստը,
2) ժառանգության բացման ժամանակը և վայրը,
3) կտակի առկայությունը,
4) ժառանգության զանգվածի կազմը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին ժառանգի գրավոր դիմումի հիման վրա պարզելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված պայմանները, մասնավորապես, ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, կտակի առկայությունը և ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` նոտարը պարտավոր է օրենքով սահմանված կանոնների հաշվառմամբ տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր, եթե առկա չէ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Ընդ որում, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու նոտարական գործողության կատարումը մերժելու հիմքերի առկայության դեպքում նոտարը պարտավոր է դիմողի պահանջով կայացնել մերժման գրավոր որոշում, որում պետք է նշվեն մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Վլադիմիր Չատիկյանին պատկանող գույքի մի մասով ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին Նոտարի 25.08.2017 թվականի մերժումը և պատասխանողին պարտավորեցնել Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Չատիկյանին պատկանող գույքի մի մասով հայցվորին տալու ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:
Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ «(...) Վլադիմիր Հայկի Չատիկյանը կազմել է կտակ, որով կտակել է քաղաք Երևան Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքը, մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ նույն անշարժ գույքը հանդիսացել է իր կնոջ` Մարո Պապիկի Չատիկյանի հետ համատեղ սեփականություն, ուստի և դրա 1/2-րդ մասի նկատմամբ սեփականության իրավունք Վլադիմիր Հայկի Չատիկյանը չի ունեցել: Միևնույն ժամանակ (...) նշված հանգամանքը չէր կարող հիմք հանդիսանալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումն ամբողջությամբ մերժելու համար, քանի որ ամեն դեպքում Վլադիմիր Հայկի Չատիկյանի ժառանգությունը պետք է բացվեր միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանում էր նրան, այսինքն` նույն գույքի 1/2-րդ` Մարո Պապիկի Չատիկյանին չպատկանող մասի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը ենթակա էր տրամադրման, քանի որ ժառանգության բացման օրը նշված գույքը պատկանում էր ժառանգատու Վլադիմիր Հայկի Չատիկյանին:
Բացի այդ, (...) 06.04.2007 թվականին Վլադիմիր Հայկի Չատիկյանի կտակը վավերացրած նոտարը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով իրավասու չէր կտակարարից պահանջել կտակվող գույքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավունքը հաստատող ապացույցներ, որպիսի հանգամանքը նույնպես հիմք էր տալիս կտակարար Վլադիմիր Հայկի Չատիկյանին կազմել կտակ նույնիսկ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ, որպիսի գույք կարող էր հանդիսանալ նաև իր կնոջը պատկանող անշարժ գույքում Վլադիմիր Հայկի Չատիկյանին որպես ժառանգություն հասանելիք բաժինը: Ավելին, (...) նոտար Անահիտ Ղազարյանը նույնպես 25.08.2017 թվականի մերժմամբ հաստատել է այն հանգամանքը, որ Մարո Պապիկի Չատիկյանի մահից հետո նրա ամուսինը` Վլադիմիր Հայկի Չատիկյանը, տիրապետման փաստով ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: (...) Նոտար Անահիտ Ղազարյանը որևէ կերպ չի պատճառաբանել կտակում ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չլինելու հանգամանքը, իսկ Վլադիմիր Հայկի Չատիկյանի կտակից ակնհայտ է, որ Վլադիմիր Հայկի Չատիկյանը կտակել է Երևան, Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքը, այսինքն` կտակել է նաև այդ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքում իրեն պատկանող մասը, որպիսի պայմաններում նոտար Անահիտ Ղազարյանը պետք է ստուգեր ժառանգության զանգվածի կազմը և ձևակերպեր ըստ կտակի ժառանգություն առնվազն ժառանգության բացման օրը կտակարարին պատկանող` Երևան, Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքում 1/2 բաժնի նկատմամբ»:
Վերաքննիչ դատարանը, բավարարել է Նոտարի և Արսեն Չատիկյանի վերաքննիչ բողոքները, Դատարանի 05.06.2018 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը մերժել է: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «(...) ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս, ի թիվս այլնի, նոտարն ունի նաև ժառանգական գույքի կազմը պարզելու պարտավորություն, իսկ տվյալ դեպքում, ժառանգական գույքի կազմը պարզվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 05.04.2017 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-04/04/2017-1-0074 տեղեկանքի հիման վրա, որով արտացոլված տեղեկատվությունը համադրվել է Վլադիմիր Չատիկյանի կողմից 06.04.2007 թվականի «Կտակ»-ով արված կարգադրության բովանդակության հետ, ինչը նշանակում է, որ պատասխանողը կատարել է ժառանգական գույքի կազմը պարզելու օրենսդրությամբ իր վրա դրված պարտավորությունը»:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ «(...) Երևան քաղաքի Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է ամուսիններ Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, որտեղ նրանց բաժինները որոշված և առանձնացված չեն եղել, իսկ Վլադիմիր Չատիկյանի անունից կազմված կտակում նշված են ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից առանձին մակերեսներ (18,2+18+6,1=42,3 քմ), որոնց Վլադիմիր Չատիկյանի անվամբ` որպես անձնական սեփականություն գրանցված լինելու հանգամանքը չի հաստատվել ներկայացված փաստերով: Ընդ որում, կտակված գույքը Վլադիմիր Չատիկյանին պատկանելու վերաբերյալ նոտարին ապացույց ներկայացնելու պարտականությունը կրել է հայցվորը, սակայն վերջինիս կողմից կտակված գույքի պատկանելիության վերաբերյալ համապատասխան ապացույցներ չի ներկայացվել, որպիսի պայմաններում նոտարն իրավացիորեն մերժել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը` եզրահանգելով, որ ժառանգական զանգվածի կազմը հստակ չէ»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների Օրջոնիկիձեի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 27.07.1991 թվականի թիվ 17/43 որոշմամբ Երևան քաղաքի Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքի նկատմամբ վերականգնվել է Վլադիմիր Չատիկյանի սեփականության իրավունքը, և նշված որոշման հիմքով այդ գույքը գույքագրվել է Վլադիմիր Չատիկյանի անվամբ:
Վլադիմիր Չատիկյանը, իրացնելով իր հայեցողությամբ ցանկացած գույք ցանկացած անձի կտակելու, ցանկացած ձևով ժառանգությունում ժառանգների բաժինները որոշելու օրենքով երաշխավորված իր իրավունքը, իրեն պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ իր կամքն արտահայտել է 06.04.2007 թվականին կազմված կտակով, ըստ որի` Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքից 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակերեսները և հարթակը կտակել է Վարդգես Չատիկյանին, իսկ հողատարածքը կտակել է Վարդգես Չատիկյանին, Սամվել Չատիկյանին և Արսեն Չատիկյանին:
Վլադիմիր Չատիկյանի մահից հետո` օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում, 12.07.2017 թվականին Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը Նոտարին է ներկայացրել դիմում` հայտնելով, որ Վարդգես Չատիկյանն ընդունում է Վլադիմիր Չատիկյանի ժառանգությունն ըստ կտակի:
Այնուհետև Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը Նոտարին հասցեագրված 25.08.2017 թվականի դիմումով խնդրել է Վլադիմիր Չատիկյանի մահից հետո Վարդգես Չատիկյանին տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:
Նոտարը, ի պատասխան Վարդգես Չատիկյանի 12.07.2017 թվականի դիմումի, 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրությամբ մերժել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին Վարդգես Չատիկյանի դիմումը` պատճառաբանելով, որ գույքի նկատմամբ 1/2 բաժինը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարո Չատիկյանին, ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չէ, և բացի այդ, կնոջ` Մարո Չատիկյանի մահից հետո նրա ամուսինը` Վլադիմիր Չատիկյանը, տիրապետման փաստով ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին Վարդգես Չատիկյանի դիմումը մերժելու մասին 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրության մեջ Նոտարը չի վկայակոչել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածում թվարկված հիմքերից որևէ մեկը, իսկ նույն գրության մեջ նշված պատճառաբանությունները, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, չէին կարող հիմք հանդիսանալ հայցվող նոտարական գործողության կատարումը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Նոտարը Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքը (525 քմ մակերեսով հողամասը և 82,9 քմ մակերեսով շինությունը) համարել է Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի ընդհանուր համատեղ սեփականությունը: Միաժամանակ Վլադիմիր Չատիկյանի կողմից կազմված կտակը վերաբերում է քննարկվող անշարժ գույքի 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակերեսներին և հարթակին, որը կտակել է Վարդգես Չատիկյանին, ինչպես նաև հողատարածքին, որը կտակել է Վարդգես Չատիկյանին, Սամվել Չատիկյանին և Արսեն Չատիկյանին:
Վերոգրյալից հետևում է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքի առնվազն 1/2-ն անվիճելիորեն պատկանում էր ժառանգատու Վլադիմիր Չատիկյանին: Իսկ 06.04.2007 թվականին կազմված կտակում հստակ նշված է, թե ժառանգատու Վլադիմիր Չատիկյանը վերը նշված գույքն ում է կտակում (շինության դեպքում` նաև դրա որ մասը), ուստի ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չլինելու պատճառաբանությամբ Նոտարն իրավասու չէր մերժելու ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը:
Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի` ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության ներքո գտնվելն ինքնին այդ ընդհանուր սեփականության մասնակցին չի զրկում իրեն պատկանող բաժնի տնօրինման վերաբերյալ կտակով իր կամքն արտահայտելու իրավունքից: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1199-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին, հետևաբար համատեղ կամ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի վերաբերյալ կազմված կտակի հիման վրա ժառանգությունը կարող է կատարվել միայն կտակարարին պատկանող բաժնի մասով, ուստի Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքը պայմանականորեն որպես ամուսինների համատեղ սեփականություն դիտարկելու պարագայում, Վլադիմիր Չատիկյանը պետք է դիտարկվեր վերոգրյալ հասցեի անշարժ գույքի առնվազն 1/2-րդ բաժնի սեփականատեր, որպիսի պարագայում Նոտարն իրավասու չէր նաև գույքի նկատմամբ 1/2 բաժինը համատեղ սեփականության իրավունքով Մարո Չատիկյանին պատկանելու հանգամանքով պայմանավորված ամբողջությամբ մերժելու ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը:
Ինչ վերաբերում է իրեն պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ Վլադիմիր Չատիկյանի կամքի արտահայտությանը, որը դրսևորվել է ըստ կտակի ժառանգներին և նրանց հասանելիք բաժինները որոշելով (քննարկվող անշարժ գույքից 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակերեսները և հարթակը կտակել է Վարդգես Չատիկյանին, իսկ հողատարածքը կտակել է Վարդգես Չատիկյանին, Սամվել Չատիկյանին և Արսեն Չատիկյանին), ապա այն չի կարող արգելք հանդիսանալ կտակարարի կամքի իրացման, այն է` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար, քանի որ ժառանգության զանգվածի կազմը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքն է, որի վերաբերյալ կտակարարը կարող է անել ցանկացած կարգադրություն, այդ թվում` կտակել ինչպես իրեն պատկանող ամբողջ գույքը, այնպես էլ դրա կեսը կամ մի մասը: Ընդ որում, գույքի մասերը նշելիս կտակարարը կաշկանդված չէ որոշակի ձևակերպումներով և կարող է կտակվող գույքը (դրա համապատասխան մասը) նշել նաև առանձին մակերեսով (մակերեսներով):
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավակարգավորումներում ամրագրելով նոտարի կողմից կատարված գործողությունների կամ դրանք մերժելու իրավաչափությունը վարչադատավարական կարգով վիճարկելու հնարավորություն` օրենսդիրը երաշխավորել է նոտարի ոչ իրավաչափ գործողություններից անձանց խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ըստ այդմ, որպես նոտարական գործողության կատարումը նոտարի կողմից ոչ իրավաչափորեն մերժելուց անձանց իրավունքների ենթադրյալ խախտման համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանվել է նոտարական գործողության կատարումը մերժելը ոչ իրավաչափ ճանաչելու և հայցվող գործողությունը կատարելուն նոտարին պարտավորեցնելու մասին դատական ակտ կայացնելու դատարանի լիազորությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռքբերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում` գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջների կատարումը և չի իրականացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, մասնավորապես, Նոտարի կողմից ներկայացված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը մերժելու հիմքում դրված վարույթի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա են եղել ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մասնավորապես.
1) ժառանգատուի մահվան փաստը (հիմք` թիվ 256778 մահվան վկայական),
2) ժառանգության բացման ժամանակը և վայրը - 07.02.2017 թվական, Երևան քաղաք (հիմք` թիվ 256778 մահվան վկայական),
3) կտակի առկայությունը (հիմք` 06.04.2007 թվականին կազմված և նոտարի կողմից վավերացված կտակ),
4) ժառանգության զանգվածի կազմը - Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքի` Վլադիմիր Չատիկյանին անվիճելիորեն պատկանող 1/2 բաժինը:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Նոտարի կողմից 25.08.2017 թվականին Վարդգես Չատիկյանին Վլադիմիր Չատիկյանի մահից հետո ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը մերժվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի խախտմամբ, այն է` նշված հոդվածում թվարկված հիմքերի բացակայությամբ, ուստի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին 25.08.2017 թվականի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու և Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Չատիկյանին պատկանող գույքի մի մասով հայցվորին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պատասխանողին պարտավորեցնելու հայցվորի պահանջը հիմնավոր էր և ենթակա էր բավարարման, որպիսի իրավաչափ հետևության հանգել է Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատական ծախսերի հատուցման պարտականությունը մի քանի հայցվորների, բողոք բերողների կամ պատասխանողների միջև բաշխվում է հավասարաչափ, կամ յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած ծախսերի մասնաբաժինը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` երրորդ անձինք դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող են կրել միայն այն դեպքում, եթե նրանց գործողությունների կամ անգործության (ներառյալ` դատավարական) հետևանքով առաջացել են դատական ծախսեր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նոտարը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ, իսկ Արսեն Չատիկյանը` 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար: Վարդգես Չատիկյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար: Հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելու միջոցով իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու անհրաժեշտությունը Վարդգես Չատիկյանի համար առաջացել է ինչպես պատասխանող Նոտարի, այնպես էլ երրորդ անձ Արսեն Չատիկյանի վերաքննիչ բողոքը բավարարվելու, դրա արդյունքում հայցը բավարարելու մասին Դատարանի վճիռը բեկանվելու, փոփոխվելու և հայցը մերժվելու հետևանքով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գծով դատական ծախսն առաջացել է նաև Արսեն Չատիկյանի դատավարական գործողության հետևանքով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, իսկ վճռաբեկ բողոքի համար սահմանված և Վարդգես Չատիկյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով պետք է հավասարաչափ (10.000-ական ՀՀ դրամ) բաշխվի Նոտարի և Արսեն Չատիկյանի միջև:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի համար Արսեն Չատիկյանի կողմից ավել վճարված 10.000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման այն վճարած անձին հետևյալ պատճառաբանությամբ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ (...) բողոքների համար, (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. (...) ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Տվյալ դեպքում սույն գործով ներկայացվել է նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու պահանջ, որը բավարարելու դեպքում դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը, ուստի որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վերաքննիչ բողոքի համար պետք է վճարվեր բազային տուրքի տասնապատիկի չափով պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ, մինչդեռ, ինչպես վերը նշվեց, Արսեն Չատիկյանը վճարել է 20.000 ՀՀ դրամ, հետևաբար վերջինիս կողմից ավել վճարված 10.000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման այն վճարած անձին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 05.06.2018 թվականի վճռին:
2. ՀՀ «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:
Արսեն Վլադիմիրի Չատիկյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի հարցը` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:
ՀՀ «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանից և Արսեն Վլադիմիրի Չատիկյանից հօգուտ Վարդգես Սամվելի Չատիկյանի բռնագանձել 10.000-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ՎԴ/12802/05/17 վարչական գործով 18.09.2020
թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչ Էմմա Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդգես Չատիկյանի ընդդեմ ՀՀ «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի (այսուհետ` Նոտար), երրորդ անձինք Արսեն Չատիկյանի, Սամվել Չատիկյանի, Գոհար Պետրոսյանի (Չատիկյանի)` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին 25.08.2017 թվականի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու և պատասխանողին Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Հայկի Չատիկյանին պատկանող գույքի մի մասով հայցվորին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու պահանջների մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 05.06.2018 թվականի վճռին»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս. Անտոնյանս, Տ. Պետրոսյանս, Ա. Բարսեղյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 18.09.2020 թվականին թիվ ՎԴ/12802/05/17 վարչական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարդգես Չատիկյանը պահանջել է Նոտարի կողմից հայցվորին` Վլադիմիր Հայկի Չատիկյանին պատկանող գույքի մի մասով ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին 25.08.2017 թվականի մերժումը ճանաչել ոչ իրավաչափ և պատասխանողին պարտավորեցնել հայցվորին տալ Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Հայկի Չատիկյանին պատկանող գույքի մի մասով ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.11.2019 թվականի որոշմամբ Նոտարի և Արսեն Չատիկյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են, Դատարանի 05.06.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Արսեն Չատիկյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վլադիմիր Չատիկյանի կտակից բխում է, որ վերջինս բովանդակային առումով կատարել է անհրաժեշտ գործողությունները (իրեն պատկանող գույքը այլ անձանց փոխանցելու կամքի արտահայտությունն օրենքով սահմանված ձևով):
Վերաքննիչ դատարանի կողմից իրավանորմերին տրված մեկնաբանմամբ ըստ կտակի ժառանգելու փաստակազմի ձևավորման նոր պայման է ստեղծվել, մասնավորապես, ժառանգության զանգվածի կազմի հստակությունը, ինչը նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Վերաքննիչ դատարանի դիրքորոշմամբ օրենքի կիրառությունը խախտում է ըստ կտակի ժառանգների ժառանգություն ստանալու իրավունքը:
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն` անտեսելով այն հանգամանքը, որ եթե ըստ կտակի ժառանգը չի հրաժարվել իրեն կտակված ժառանգությունից և օրենքով սահմանված վեց ամսվա ժամկետում դիմել է ժառանգության ընդունման համար, նոտարն անհիմն պատճառաբանություններով իրավունք չունի մերժելու ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2019 թվականի որոշումը և «օրինական ուժի մեջ թողնել» Դատարանի 05.06.2018 թվականի վճիռը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատելով գործում առկա ապացույցները և դրանք ճիշտ համադրելով կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերի հետ, իրավացիորեն պատճառաբանել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս, ի թիվս այլնի, նոտարն ունի նաև ժառանգական գույքի կազմը պարզելու պարտավորություն, ինչը և արել է` պարզելով, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է ամուսիններ Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, որտեղ նրանց բաժինները որոշված և առանձնացված չեն եղել, իսկ Վլադիմիր Չատիկյանի կտակում նշված են ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից առանձին մակերեսներ, որոնց Վլադիմիր Չատիկյանի անվամբ` որպես անձնական սեփականություն գրանցված լինելու հանգամանքը չի հաստատվել: Նման պայմաններում վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, և Վերաքննիչ դատարանի 20.11.2019 թվականի որոշումը պետք է թողնել անփոփոխ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 29.06.1959 թվականի ամուսնության վկայականի համաձայն` Վլադիմիր Չատիկյանը և Մարո Երիցփոխյանը (ամուսնությունից հետո` Չատիկյան) ամուսնացել են 29.06.1959 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 15).
2) Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների Օրջոնիկիձեի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 27.07.1991 թվականի թիվ 17/43 որոշմամբ վերականգնվել է Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոցի թիվ 31 տան բնակիչ Վլադիմիր Չատիկյանի սեփականության իրավունքն այդ տան նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 89).
3) 25.11.1991 թվականին տրված սեփականության վկայագրի համաձայն` Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 բնակելի տունը (հողամասի մակերեսը` 525 քմ, շինության մակերեսը` 82,9 քմ) սեփականության իրավունքով պատկանում է Վլադիմիր Չատիկյանին (հատոր 1-ին, գ.թ. 16).
4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 05.04.2017 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-04/04/2017-1-0074 տեղեկանքի համաձայն` Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 բնակելի տուն հասցեում գտնվող գույքը 25.11.1991 թվականին գույքագրվել է Վլադիմիր Չատիկյանի անվամբ, հողամասի մակերեսը` 525 քմ, շինության մակերեսը` 82,9 քմ, հիմք` շրջ. խորհրդի գործկոմի որոշում թիվ 17/43 27.07.91թ. (հատոր 1-ին, գ.թ. 88).
5) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի 09.08.2017 թվականի թիվ 270269 մահվան վկայականի համաձայն` Մարո Չատիկյանը մահացել է 26.12.2002 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 13).
6) Վլադիմիր Չատիկյանի 06.04.2007 թվականի կտակի համաձայն` վերջինս արել է հետևյալ կարգադրությունը` «1. Ինձ պատկանող` քաղաք Երևան Նոր Արեշ 29 փ. թիվ 31 հասցեի անշարժ գույքից 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակ. և հարթակը կտակում եմ Վարդգես Սամվելի Չատիկյանին, ծնված 12.12.1978թ., իսկ վերը նշված հասցեի անշարժ գույքի հողատարածքը կտակում եմ Վարդգես Սամվելի Չատիկյանին, ծնված 12.12.1978թ., Սամվել Վլադիմիրի Չատիկյանին, ծնված 17.12.1954թ. և Արսեն Վլադիմիրի Չատիկյանին, ծնված 1959թ.»: Նշված կտակը վավերացվել է նոտարի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 18).
7) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի 08.02.2017 թվականի թիվ 256778 մահվան վկայականի համաձայն` Վլադիմիր Չատիկյանը մահացել է 07.02.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 14).
8) Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը 12.07.2017 թվականին Նոտարին է ներկայացրել դիմում հետևյալ բովանդակությամբ. «Վլադիմիր Հայկի Չատիկյանի ժառանգությունն ըստ կտակի Վարդգես Սամվելի Չատիկյանն ընդունում է: Ժառանգատուն ունի ժառանգներ. որդին` Սամվել Վլադիմիրի Չատիկյանը, որդին` Արսեն Վլադիմիրի Չատիկյանը, դուստրը` Գոհար Վլադիմիրի Չատիկյանը: Գույքը կտակված է նաև Սամվել Վլադիմիրի Չատիկյանին և Արսեն Վլադիմիրի Չատիկյանին» (հատոր 1-ին, գ.թ. 20).
9) Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը Նոտարին հասցեագրված 25.08.2017 թվականի դիմումով խնդրել է Վլադիմիր Չատիկյանի մահից հետո Վարդգես Չատիկյանին տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 73).
10) Նոտարը, ի պատասխան Վարդգես Չատիկյանի 12.07.2017 թվականի դիմումի, 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրությամբ մերժել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը` պատճառաբանելով, որ Նոր Արեշ 29 փողոց 31 բնակելի տունը ձեռք է բերվել Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի համատեղ ամուսնության ընթացքում, գույքի նկատմամբ 1/2 բաժինը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարո Չատիկյանին: Դիմողի ներկայացրած փաստաթղթերից ակնհայտ է, որ ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չէ, և բացի այդ, կնոջ` Մարո Չատիկյանի մահից հետո նրա ամուսինը` Վլադիմիր Չատիկյանը, տիրապետման փաստով ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Նոտարը որպես ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու մերժման հիմք 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրության մեջ վկայակոչել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ և 1222-րդ հոդվածները (հատոր 1-ին, գ.թ. 71):
4. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտել է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարի կողմից ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս նոտարի կողմից ստուգման ենթակա հանգամանքներին և դրանով պայմանավորված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը մերժելու իրավական հնարավորությանը:
Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ կետը, 1185-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 1186-րդ հոդվածի 1-ին կետը, 1187-րդ հոդվածի 1-ին կետը, 1188-րդ հոդվածի 1-ին կետը, 1189-րդ հոդվածի 1-ին կետը, 1185-րդ հոդվածի 1-ին կետը, 1192-րդ հոդվածի 1-ին կետը, 1193-րդ հոդվածի 1-ին կետը, 1196-րդ հոդվածի 1-ին կետը, 1199-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է ժառանգության ձևակերպմանն առնչվող իրավակարգավորումներ: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1245-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը տալիս է ժառանգության բացման վայրի նոտարը կամ օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգի դիմումի հիման վրա: Փաստորեն, ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար ժառանգը պետք է ներկայացնի դիմում, իսկ վկայագիրը տալու իրավասությամբ օժտված են ժառանգության բացման վայրի նոտարը և օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք: Ընդ որում, ժառանգության իրավունքի վկայագիր տալու գործընթացը մանրամասն կարգավորված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով:
Վկայակոչելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 36-րդ հոդվածի 1-ին մասը, 52-րդ հոդվածը, 62-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Դավիթ և Լիլիթ Հաբեթյաններն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ՎԴ/1836/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանվել են նոտարական գործողություններից յուրաքանչյուրի կատարման ընթացքում նոտարի կողմից ստուգման (պարզման) ենթակա հանգամանքների (հարցերի) ծավալն ու բնույթը: Մասնավորապես` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու հարցը լուծելիս նոտարը պարտավոր է ստուգել հետևյալ պայմանները.
1) ժառանգատուի մահվան փաստը,
2) ժառանգության բացման ժամանակը և վայրը,
3) կտակի առկայությունը,
4) ժառանգության զանգվածի կազմը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին ժառանգի գրավոր դիմումի հիման վրա պարզելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված պայմանները, մասնավորապես, ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, կտակի առկայությունը և ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` նոտարը պարտավոր է օրենքով սահմանված կանոնների հաշվառմամբ տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր, եթե առկա չէ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Ընդ որում, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու նոտարական գործողության կատարումը մերժելու հիմքերի առկայության դեպքում նոտարը պարտավոր է դիմողի պահանջով կայացնել մերժման գրավոր որոշում, որում պետք է նշվեն մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին Վարդգես Չատիկյանի դիմումը մերժելու մասին 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրության մեջ Նոտարը չի վկայակոչել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածում թվարկված հիմքերից որևէ մեկը, իսկ նույն գրության մեջ նշված պատճառաբանությունները, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, չէին կարող հիմք հանդիսանալ հայցվող նոտարական գործողության կատարումը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Նոտարը Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքը (525 քմ մակերեսով հողամասը և 82,9 քմ մակերեսով շինությունը) համարել է Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի ընդհանուր համատեղ սեփականությունը: Միաժամանակ Վլադիմիր Չատիկյանի կողմից կազմված կտակը վերաբերում է քննարկվող անշարժ գույքի 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակերեսներին և հարթակին, որը կտակել է Վարդգես Չատիկյանին, ինչպես նաև հողատարածքին, որը կտակել է Վարդգես Չատիկյանին, Սամվել Չատիկյանին և Արսեն Չատիկյանին:
Վերոգրյալից հետևում է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքի առնվազն 1/2-ն անվիճելիորեն պատկանում էր ժառանգատու Վլադիմիր Չատիկյանին: Իսկ 06.04.2007 թվականին կազմված կտակում հստակ նշված է, թե ժառանգատու Վլադիմիր Չատիկյանը վերը նշված գույքն ում է կտակում (շինության դեպքում` նաև դրա որ մասը), ուստի ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չլինելու պատճառաբանությամբ Նոտարն իրավասու չէր մերժելու ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը:
Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի` ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության ներքո գտնվելն ինքնին այդ ընդհանուր սեփականության մասնակցին չի զրկում իրեն պատկանող բաժնի տնօրինման վերաբերյալ կտակով իր կամքն արտահայտելու իրավունքից: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1199-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին, հետևաբար համատեղ կամ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի վերաբերյալ կազմված կտակի հիման վրա ժառանգությունը կարող է կատարվել միայն կտակարարին պատկանող բաժնի մասով, ուստի Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքը պայմանականորեն որպես ամուսինների համատեղ սեփականություն դիտարկելու պարագայում, Վլադիմիր Չատիկյանը պետք է դիտարկվեր վերոգրյալ հասցեի անշարժ գույքի առնվազն 1/2 բաժնի սեփականատեր, որպիսի պարագայում Նոտարն իրավասու չէր նաև գույքի նկատմամբ 1/2 բաժինը համատեղ սեփականության իրավունքով Մարո Չատիկյանին պատկանելու հանգամանքով պայմանավորված ամբողջությամբ մերժելու ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջների կատարումը և չի իրականացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռքբերված ապացույցների, մասնավորապես, Նոտարի կողմից ներկայացված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը մերժելու հիմքում դրված վարույթի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում առկա են եղել ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մասնավորապես.
1) ժառանգատուի մահվան փաստը (հիմք` թիվ 256778 մահվան վկայական),
2) ժառանգության բացման ժամանակը և վայրը - 07.02.2017 թվական, Երևան քաղաք (հիմք` թիվ 256778 մահվան վկայական),
3) կտակի առկայությունը (հիմք` 06.04.2007 թվականին կազմված և նոտարի կողմից վավերացված կտակ),
4) ժառանգության զանգվածի կազմը - Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքի` Վլադիմիր Չատիկյանին անվիճելիորեն պատկանող 1/2 բաժինը:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Նոտարի կողմից 25.08.2017 թվականին Վարդգես Չատիկյանին Վլադիմիր Չատիկյանի մահից հետո ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը մերժվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի խախտմամբ, այն է` նշված հոդվածում թվարկված հիմքերի բացակայությամբ, ուստի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին 25.08.2017 թվականի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու և Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Չատիկյանին պատկանող գույքի մի մասով հայցվորին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պատասխանողին պարտավորեցնելու հայցվորի պահանջը հիմնավոր էր և ենթակա էր բավարարման, որպիսի իրավաչափ հետևության հանգել է Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանս, Սուրեն Անտոնյանս, Տիգրան Պետրոսյանս և Արտակ Բարսեղյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը վերոգրյալ որոշման վերաբերյալ:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոտարը պարտավոր է` մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին կամ միջազգային պայմանագրերին:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոտարն իրականացնում է հետևյալ նոտարական գործողությունները. (...) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջում է ներկայացնել տվյալ նոտարական գործողություններ կատարելու համար օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ լիազորություններ, թույլտվություններ, համաձայնություններ կամ օրենքից ու իրավական այլ ակտերից բխող փաստաթղթեր: Գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման մասին գործարքները վավերացնելու համար նոտարը պարտավոր է պահանջել ապացույցներ գույքի նկատմամբ իրավունքների, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ կողմի իրավունքների մասին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարական գործողությունների համար դիմած անձանց լիազորությունների, իրավունքների, պարտականությունների կամ արտոնությունների ապացուցման պարտականությունը դրվում է նոտարական գործողությունների համար դիմած անձանց վրա, իսկ նոտարական գործողությունների համար դիմած անձանց կողմից կատարվող գործարքների կամ նրանց համար իրականացվող նոտարական այլ գործողություններն օրենքին կամ իրավական այլ ակտերին համապատասխանությունը որոշելու պարտականությունը` նոտարի վրա:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա` քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:
Վերոգրյալ նորմերի բովանդակությունից հետևում է, որ նոտարական գործողության` ՀՀ օրենքներին կամ իրավական այլ ակտերին կամ միջազգային պայմանագրերին հակասելու դեպքում նոտարն օրենքի ուժով պարտավոր է մերժել դրա կատարումը: Այսպես` գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման մասին գործարքները վավերացնելու համար նոտարը պարտավոր է պահանջել ապացույցներ գույքի նկատմամբ իրավունքների, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ կողմի իրավունքների մասին: Ընդ որում, ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, իսկ այն տալու դեպքում նոտարը պարտավոր է ստուգել ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ հոդվածի համաձայն` կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է նույն օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների Օրջոնիկիձեի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 27.07.1991 թվականի թիվ 17/43 որոշմամբ Երևան քաղաքի Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքի նկատմամբ վերականգնվել է Վլադիմիր Չատիկյանի սեփականության իրավունքը, և նշված որոշման հիմքով այդ գույքը գույքագրվել է Վլադիմիր Չատիկյանի անվամբ:
Վլադիմիր Չատիկյանը, իրացնելով իր հայեցողությամբ ցանկացած գույք ցանկացած անձի կտակելու, ցանկացած ձևով ժառանգությունում ժառանգների բաժինները որոշելու օրենքով երաշխավորված իր իրավունքը, իրեն պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ իր կամքն արտահայտել է 06.04.2007 թվականին կազմված կտակով, ըստ որի` Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքից 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակերեսները և հարթակը կտակել է Վարդգես Չատիկյանին, իսկ հողատարածքը կտակել է Վարդգես Չատիկյանին, Սամվել Չատիկյանին և Արսեն Չատիկյանին:
Վլադիմիր Չատիկյանի մահից հետո` օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում, 12.07.2017 թվականին Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը Նոտարին է ներկայացրել դիմում` հայտնելով, որ Վարդգես Չատիկյանն ընդունում է Վլադիմիր Չատիկյանի ժառանգությունն ըստ կտակի:
Այնուհետև Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը Նոտարին հասցեագրված 25.08.2017 թվականի դիմումով խնդրել է Վլադիմիր Չատիկյանի մահից հետո Վարդգես Չատիկյանին տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:
Նոտարը, ի պատասխան Վարդգես Չատիկյանի 12.07.2017 թվականի դիմումի, 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրությամբ մերժել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին Վարդգես Չատիկյանի դիմումը` պատճառաբանելով, որ գույքի նկատմամբ 1/2 բաժինը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարո Չատիկյանին, ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չէ, և բացի այդ, կնոջ` Մարո Չատիկյանի մահից հետո նրա ամուսինը` Վլադիմիր Չատիկյանը, տիրապետման փաստով ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները:
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Վլադիմիր Չատիկյանին պատկանող գույքի մի մասով ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին Նոտարի 25.08.2017 թվականի մերժումը և պատասխանողին պարտավորեցնել Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Չատիկյանին պատկանող գույքի մի մասով հայցվորին տալու ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:
Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ «(...) Վլադիմիր Հայկի Չատիկյանը կազմել է կտակ, որով կտակել է քաղաք Երևան Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքը, մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ նույն անշարժ գույքը հանդիսացել է իր կնոջ` Մարո Պապիկի Չատիկյանի հետ համատեղ սեփականություն, ուստի և դրա 1/2-րդ մասի նկատմամբ սեփականության իրավունք Վլադիմիր Հայկի Չատիկյանը չի ունեցել: Միևնույն ժամանակ (...) նշված հանգամանքը չէր կարող հիմք հանդիսանալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումն ամբողջությամբ մերժելու համար, քանի որ ամեն դեպքում Վլադիմիր Հայկի Չատիկյանի ժառանգությունը պետք է բացվեր միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանում էր նրան, այսինքն` նույն գույքի 1/2-րդ` Մարո Պապիկի Չատիկյանին չպատկանող մասի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը ենթակա էր տրամադրման, քանի որ ժառանգության բացման օրը նշված գույքը պատկանում էր ժառանգատու Վլադիմիր Հայկի Չատիկյանին:
Բացի այդ, (...) 06.04.2007 թվականին Վլադիմիր Հայկի Չատիկյանի կտակը վավերացրած նոտարը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով իրավասու չէր կտակարարից պահանջել կտակվող գույքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավունքը հաստատող ապացույցներ, որպիսի հանգամանքը նույնպես հիմք էր տալիս կտակարար Վլադիմիր Հայկի Չատիկյանին կազմել կտակ նույնիսկ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ, որպիսի գույք կարող էր հանդիսանալ նաև իր կնոջը պատկանող անշարժ գույքում Վլադիմիր Հայկի Չատիկյանին որպես ժառանգություն հասանելիք բաժինը: Ավելին, (...) նոտար Անահիտ Ղազարյանը նույնպես 25.08.2017 թվականի մերժմամբ հաստատել է այն հանգամանքը, որ Մարո Պապիկի Չատիկյանի մահից հետո նրա ամուսինը` Վլադիմիր Հայկի Չատիկյանը, տիրապետման փաստով ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: (...) Նոտար Անահիտ Ղազարյանը որևէ կերպ չի պատճառաբանել կտակում ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չլինելու հանգամանքը, իսկ Վլադիմիր Հայկի Չատիկյանի կտակից ակնհայտ է, որ Վլադիմիր Հայկի Չատիկյանը կտակել է Երևան, Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքը, այսինքն` կտակել է նաև այդ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքում իրեն պատկանող մասը, որպիսի պայմաններում նոտար Անահիտ Ղազարյանը պետք է ստուգեր ժառանգության զանգվածի կազմը և ձևակերպեր ըստ կտակի ժառանգություն առնվազն ժառանգության բացման օրը կտակարարին պատկանող` Երևան, Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքում 1/2 բաժնի նկատմամբ»:
Վերաքննիչ դատարանը, բավարարել է Նոտարի և Արսեն Չատիկյանի վերաքննիչ բողոքները, Դատարանի 05.06.2018 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը մերժել է: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «(...) ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս, ի թիվս այլնի, նոտարն ունի նաև ժառանգական գույքի կազմը պարզելու պարտավորություն, իսկ տվյալ դեպքում, ժառանգական գույքի կազմը պարզվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 05.04.2017 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-04/04/2017-1-0074 տեղեկանքի հիման վրա, որով արտացոլված տեղեկատվությունը համադրվել է Վլադիմիր Չատիկյանի կողմից 06.04.2007 թվականի «Կտակ»-ով արված կարգադրության բովանդակության հետ, ինչը նշանակում է, որ պատասխանողը կատարել է ժառանգական գույքի կազմը պարզելու օրենսդրությամբ իր վրա դրված պարտավորությունը»:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ «(...) Երևան քաղաքի Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է ամուսիններ Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, որտեղ նրանց բաժինները որոշված և առանձնացված չեն եղել, իսկ Վլադիմիր Չատիկյանի անունից կազմված կտակում նշված են ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից առանձին մակերեսներ (18,2+18+6,1=42,3 քմ), որոնց Վլադիմիր Չատիկյանի անվամբ` որպես անձնական սեփականություն գրանցված լինելու հանգամանքը չի հաստատվել ներկայացված փաստերով: Ընդ որում, կտակված գույքը Վլադիմիր Չատիկյանին պատկանելու վերաբերյալ նոտարին ապացույց ներկայացնելու պարտականությունը կրել է հայցվորը, սակայն վերջինիս կողմից կտակված գույքի պատկանելիության վերաբերյալ համապատասխան ապացույցներ չի ներկայացվել, որպիսի պայմաններում նոտարն իրավացիորեն մերժել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը` եզրահանգելով, որ ժառանգական զանգվածի կազմը հստակ չէ»:
Վճռաբեկ դատարանի որոշմամբ մեջբերվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե`... 6) դիմող անձը հրաժարվում է ներկայացնել նոտարական գործողության կատարման համար օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանի որոշմամբ վկայակոչվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1199-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին:
Նշված նորմերի և նոտարի` ժառանգության իրավունքի վկայագիր տալիս ժառանգության զանգվածի կազմը ստուգելու պարտականությունը կատարելու պահանջի համադրումից բխում է, որ նոտարը պարտավոր է պահանջել, իսկ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուն հավակնող անձն էլ պարտավոր է ներկայացնել համապատասխան ապացույցներ (փաստաթղթեր) կտակում նշված գույքը ժառանգության բացման օրը կտակարարին պատկանելու վերաբերյալ, իսկ նման ապացույցներ (փաստաթղթեր) ներկայացնելուց կտակառուի հրաժարվելու դեպքում ժառանգության իրավունքի վկայագիր տալը ենթակա է մերժման` «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով:
Գտնում ենք, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, իրավացիորեն փաստել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս, ի թիվս այլնի, նոտարն ունի նաև ժառանգական գույքի կազմը պարզելու պարտավորություն, իսկ տվյալ դեպքում, ժառանգական գույքի կազմը պարզվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 05.04.2017 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-04/04/2017-1-0074 տեղեկանքի հիման վրա, որով արտացոլված տեղեկատվությունը համադրվել է Վլադիմիր Չատիկյանի կողմից 06.04.2007 թվականի կտակով արված կարգադրության բովանդակության հետ, ինչը նշանակում է, որ նոտարը կատարել է ժառանգական գույքի կազմը պարզելու օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունը:
Տվյալ դեպքում Երևան քաղաքի Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսացել է ամուսիններ Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, որտեղ նրանց բաժինները որոշված և առանձնացված չեն եղել, իսկ Վլադիմիր Չատիկյանի անունից կազմված կտակում նշված են ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բացի առանձին մակերեսներ (18,2+18+6.1=42.3 քմ), որոնք Վլադիմիր Չատիկյանին պատկանելու հանգամանքը չի հաստատվել: Ընդ որում, կտակված գույքը ժառանգության բացման օրը Վլադիմիր Չատիկյանին պատկանելու վերաբերյալ նոտարին ապացույց ներկայացնելու պարտականությունը կրել է հենց հայցվորը, սակայն վերջինիս կողմից համապատասխան ապացույցներ (փաստաթղթեր) չեն ներկայացվել, որպիսի պայմաններում Նոտարն իրավացիորեն մերժել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը` եզրահանգելով, որ ժառանգական զանգվածի կազմը հստակ չէ:
5. Հատուկ կարծիքի եզրահանգումները.
4-րդ կետում շարադրված հիմնավորումներից և պատճառաբանություններից ելնելով` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2019 թվականի որոշումը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ:
Դատավորներ` ԷԴ. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Տ. Պետրոսյան
Ա. Բարսեղյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ՎԴ/12802/05/17 վարչական գործով 18.09.2020
թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ
մասերի վերաբերյալ
18.09.2020 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի սեպտեմբերի 18-ին գրավոր ընթացակարգով քննելով Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչ Էմմա Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդգես Չատիկյանի ընդդեմ ՀՀ «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի (այսուհետ` Նոտար), երրորդ անձինք Արսեն Չատիկյանի, Սամվել Չատիկյանի, Գոհար Պետրոսյանի (Չատիկյանի)` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին 25.08.2017 թվականի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու և պատասխանողին Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Հայկի Չատիկյանին պատկանող գույքի մի մասով հայցվորին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2019 թվականի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 05.06.2018 թվականի վճռին:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Վարդգես Չատիկյանը պահանջել է Նոտարի կողմից հայցվորին` Վլադիմիր Հայկի Չատիկյանին պատկանող գույքի մի մասով ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին 25.08.2017 թվականի մերժումը ճանաչել ոչ իրավաչափ և պատասխանողին պարտավորեցնել հայցվորին տալ Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Հայկի Չատիկյանին պատկանող գույքի մի մասով ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.11.2019 թվականի որոշմամբ Նոտարի և Արսեն Չատիկյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են, Դատարանի 05.06.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Արսեն Չատիկյանը»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Վերաքննիչ դատարանը խախտել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վլադիմիր Չատիկյանի կտակից բխում է, որ վերջինս բովանդակային առումով կատարել է անհրաժեշտ գործողությունները (իրեն պատկանող գույքը այլ անձանց փոխանցելու կամքի արտահայտությունն օրենքով սահմանված ձևով):
Վերաքննիչ դատարանի կողմից իրավանորմերին տրված մեկնաբանմամբ ըստ կտակի ժառանգելու փաստակազմի ձևավորման նոր պայման է ստեղծվել, մասնավորապես, ժառանգության զանգվածի կազմի հստակությունը, ինչը նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Վերաքննիչ դատարանի դիրքորոշմամբ օրենքի կիրառությունը խախտում է ըստ կտակի ժառանգների ժառանգություն ստանալու իրավունքը:
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն` անտեսելով այն հանգամանքը, որ եթե ըստ կտակի ժառանգը չի հրաժարվել իրեն կտակված ժառանգությունից և օրենքով սահմանված վեց ամսվա ժամկետում դիմել է ժառանգության ընդունման համար, նոտարն անհիմն պատճառաբանություններով իրավունք չունի մերժելու ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2019 թվականի որոշումը և «օրինական ուժի մեջ թողնել» Դատարանի 05.06.2018 թվականի վճիռը»:
2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատելով գործում առկա ապացույցները և դրանք ճիշտ համադրելով կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերի հետ, իրավացիորեն պատճառաբանել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս, ի թիվս այլնի, նոտարն ունի նաև ժառանգական գույքի կազմը պարզելու պարտավորություն, ինչը և արել է` պարզելով, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է ամուսիններ Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, որտեղ նրանց բաժինները որոշված և առանձնացված չեն եղել, իսկ Վլադիմիր Չատիկյանի կտակում նշված են ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից առանձին մակերեսներ, որոնց Վլադիմիր Չատիկյանի անվամբ` որպես անձնական սեփականություն գրանցված լինելու հանգամանքը չի հաստատվել: Նման պայմաններում վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, և Վերաքննիչ դատարանի 20.11.2019 թվականի որոշումը պետք է թողնել անփոփոխ»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«1) 29.06.1959 թվականի ամուսնության վկայականի համաձայն` Վլադիմիր Չատիկյանը և Մարո Երիցփոխյանը (ամուսնությունից հետո` Չատիկյան) ամուսնացել են 29.06.1959 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 15).
2) Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների Օրջոնիկիձեի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 27.07.1991 թվականի թիվ 17/43 որոշմամբ վերականգնվել է Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոցի թիվ 31 տան բնակիչ Վլադիմիր Չատիկյանի սեփականության իրավունքն այդ տան նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 89).
3) 25.11.1991 թվականին տրված սեփականության վկայագրի համաձայն` Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 բնակելի տունը (հողամասի մակերեսը` 525 քմ, շինության մակերեսը` 82,9 քմ) սեփականության իրավունքով պատկանում է Վլադիմիր Չատիկյանին (հատոր 1-ին, գ.թ. 16).
4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 05.04.2017 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-04/04/2017-1-0074 տեղեկանքի համաձայն` Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 բնակելի տուն հասցեում գտնվող գույքը 25.11.1991 թվականին գույքագրվել է Վլադիմիր Չատիկյանի անվամբ, հողամասի մակերեսը` 525 քմ, շինության մակերեսը` 82,9 քմ, հիմք` շրջ. խորհրդի գործկոմի որոշում թիվ 17/43 27.07.91թ. (հատոր 1-ին, գ.թ. 88).
5) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի 09.08.2017 թվականի թիվ 270269 մահվան վկայականի համաձայն` Մարո Չատիկյանը մահացել է 26.12.2002 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 13).
6) Վլադիմիր Չատիկյանի 06.04.2007 թվականի կտակի համաձայն` վերջինս արել է հետևյալ կարգադրությունը` «1. Ինձ պատկանող` քաղաք Երևան Նոր Արեշ 29 փ. թիվ 31 հասցեի անշարժ գույքից 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակ. և հարթակը կտակում եմ Վարդգես Սամվելի Չատիկյանին, ծնված 12.12.1978թ., իսկ վերը նշված հասցեի անշարժ գույքի հողատարածքը կտակում եմ Վարդգես Սամվելի Չատիկյանին, ծնված 12.12.1978թ., Սամվել Վլադիմիրի Չատիկյանին, ծնված 17.12.1954թ. և Արսեն Վլադիմիրի Չատիկյանին, ծնված 1959թ.»: Նշված կտակը վավերացվել է նոտարի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 18).
7) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի 08.02.2017 թվականի թիվ 256778 մահվան վկայականի համաձայն` Վլադիմիր Չատիկյանը մահացել է 07.02.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 14).
8) Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը 12.07.2017 թվականին Նոտարին է ներկայացրել դիմում հետևյալ բովանդակությամբ. «Վլադիմիր Հայկի Չատիկյանի ժառանգությունն ըստ կտակի Վարդգես Սամվելի Չատիկյանն ընդունում է: Ժառանգատուն ունի ժառանգներ. որդին` Սամվել Վլադիմիրի Չատիկյանը, որդին` Արսեն Վլադիմիրի Չատիկյանը, դուստրը` Գոհար Վլադիմիրի Չատիկյանը: Գույքը կտակված է նաև Սամվել Վլադիմիրի Չատիկյանին և Արսեն Վլադիմիրի Չատիկյանին» (հատոր 1-ին, գ.թ. 20).
9) Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը Նոտարին հասցեագրված 25.08.2017 թվականի դիմումով խնդրել է Վլադիմիր Չատիկյանի մահից հետո Վարդգես Չատիկյանին տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 73).
10) Նոտարը, ի պատասխան Վարդգես Չատիկյանի 12.07.2017 թվականի դիմումի, 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրությամբ մերժել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը` պատճառաբանելով, որ Նոր Արեշ 29 փողոց 31 բնակելի տունը ձեռք է բերվել Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի համատեղ ամուսնության ընթացքում, գույքի նկատմամբ 1/2 բաժինը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարո Չատիկյանին: Դիմողի ներկայացրած փաստաթղթերից ակնհայտ է, որ ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չէ, և բացի այդ, կնոջ` Մարո Չատիկյանի մահից հետո նրա ամուսինը` Վլադիմիր Չատիկյանը, տիրապետման փաստով ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Նոտարը որպես ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու մերժման հիմք 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրության մեջ վկայակոչել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ և 1222-րդ հոդվածները (հատոր 1-ին, գ.թ. 71)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարի կողմից ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս նոտարի կողմից ստուգման ենթակա հանգամանքներին և դրանով պայմանավորված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը մերժելու իրավական հնարավորությանը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին նույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1196-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները և դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որևէ մեկին պատկանելու մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կտակարարն իրավունք ունի կազմել ցանկացած` ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ ժառանգությունը կատարվում է երկու հիմքով` ըստ կտակի և ըստ օրենքի: Ընդ որում, առաջնահերթության կարգով կատարվում է ժառանգություն ըստ կտակի, քանի որ կտակի միջոցով քաղաքացին իր հայեցողությամբ որոշում է ժառանգական զանգվածի մեջ մտնող իր գույքի ճակատագիրն իր մահից հետո: Իսկ ըստ օրենքի ժառանգությունը կատարվում է այն դեպքում, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը: Կտակն արտահայտում է քաղաքացու կամքն իր մահվան դեպքում իրեն պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ: Քաղաքացին կտակ կազմելիս ունի լայն հնարավորություններ: Մասնավորապես` քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները: Կտակարարն իրավունք ունի կազմել ցանկացած` ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ, սակայն ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է նաև ժառանգության ձևակերպմանն առնչվող իրավակարգավորումներ: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1245-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը տալիս է ժառանգության բացման վայրի նոտարը կամ օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգի դիմումի հիման վրա:
Փաստորեն, ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար ժառանգը պետք է ներկայացնի դիմում, իսկ վկայագիրը տալու իրավասությամբ օժտված են ժառանգության բացման վայրի նոտարը և օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք: Ընդ որում, ժառանգության իրավունքի վկայագիր տալու գործընթացը մանրամասն կարգավորված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով:
Այսպես` «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, նույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է նույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին (...):
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոտարը պարտավոր է մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին կամ միջազգային պայմանագրերին:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ի թիվս նոտարական այլ գործողությունների իրականացման, նոտարը տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս նոտարը` որպես արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ, իրականացնում է հանրային գործառույթներ` նպատակ հետապնդելով ապահովել անձի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի գործնականում իրացումը և պաշտպանությունը (տե՛ս, Դավիթ և Լիլիթ Հաբեթյաններն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ՎԴ/1836/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե`
1) նոտարական գործողության կատարումը հակասում է օրենքին, իրավական այլ ակտերին կամ կազմակերպության կանոնադրությանը.
2) ներկայացված փաստաթուղթը կամ պահանջվող նոտարական գործողությունը ենթակա չէ նոտարական վավերացման կամ հաստատման.
3) օրենքի համաձայն նոտարական գործողությունը ենթակա չէ տվյալ նոտարի կողմից կատարման.
4) նոտարական գործողություն կատարելու մասին խնդրանքով դիմել է անգործունակ անձ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող անձ կամ նրա անգործունակ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող ներկայացուցիչ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) նոտարական գործողության կատարման համար դիմած անձը թեև գործունակ է, սակայն տվյալ պահին գտնվում է այնպիսի վիճակում, որ չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կարող կառավարել դրանք.
6) դիմող անձը հրաժարվում է ներկայացնել նոտարական գործողության կատարման համար օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը.
7) դիմող անձը չի վճարում նոտարական գործողության կատարման համար նախատեսված պետական տուրքը կամ նոտարի մատուցած այլ ծառայությունների վճարը.
8) նոտարական գործողությունը պետք է կատարվի դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ հետախուզվող և քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Նույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում դիմողի պահանջով նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը: Նոտարական գործողության մերժման մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա` Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ նոտարը, որպես արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված նոտարական գործողությունները պարտավոր է կատարել ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու ՀՀ միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան և պարտավոր է մերժել նոտարական գործողության կատարումը միայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված սպառիչ հիմքերից առնվազն մեկի առկայության պարագայում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանվել են նոտարական գործողություններից յուրաքանչյուրի կատարման ընթացքում նոտարի կողմից ստուգման (պարզման) ենթակա հանգամանքների (հարցերի) ծավալն ու բնույթը: Մասնավորապես` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու հարցը լուծելիս նոտարը պարտավոր է ստուգել հետևյալ պայմանները.
1) ժառանգատուի մահվան փաստը,
2) ժառանգության բացման ժամանակը և վայրը,
3) կտակի առկայությունը,
4) ժառանգության զանգվածի կազմը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին ժառանգի գրավոր դիմումի հիման վրա պարզելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված պայմանները, մասնավորապես, ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, կտակի առկայությունը և ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` նոտարը պարտավոր է օրենքով սահմանված կանոնների հաշվառմամբ տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր, եթե առկա չէ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Ընդ որում, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու նոտարական գործողության կատարումը մերժելու հիմքերի առկայության դեպքում նոտարը պարտավոր է դիմողի պահանջով կայացնել մերժման գրավոր որոշում, որում պետք է նշվեն մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Վլադիմիր Չատիկյանին պատկանող գույքի մի մասով ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին Նոտարի 25.08.2017 թվականի մերժումը և պատասխանողին պարտավորեցնել Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Չատիկյանին պատկանող գույքի մի մասով հայցվորին տալու ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:
Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ «(...) Վլադիմիր Հայկի Չատիկյանը կազմել է կտակ, որով կտակել է քաղաք Երևան Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքը, մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ նույն անշարժ գույքը հանդիսացել է իր կնոջ` Մարո Պապիկի Չատիկյանի հետ համատեղ սեփականություն, ուստի և դրա 1/2-րդ մասի նկատմամբ սեփականության իրավունք Վլադիմիր Հայկի Չատիկյանը չի ունեցել: Միևնույն ժամանակ (...) նշված հանգամանքը չէր կարող հիմք հանդիսանալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումն ամբողջությամբ մերժելու համար, քանի որ ամեն դեպքում Վլադիմիր Հայկի Չատիկյանի ժառանգությունը պետք է բացվեր միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանում էր նրան, այսինքն` նույն գույքի 1/2-րդ` Մարո Պապիկի Չատիկյանին չպատկանող մասի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը ենթակա էր տրամադրման, քանի որ ժառանգության բացման օրը նշված գույքը պատկանում էր ժառանգատու Վլադիմիր Հայկի Չատիկյանին:
Բացի այդ, (...) 06.04.2007 թվականին Վլադիմիր Հայկի Չատիկյանի կտակը վավերացրած նոտարը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով իրավասու չէր կտակարարից պահանջել կտակվող գույքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավունքը հաստատող ապացույցներ, որպիսի հանգամանքը նույնպես հիմք էր տալիս կտակարար Վլադիմիր Հայկի Չատիկյանին կազմել կտակ նույնիսկ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ, որպիսի գույք կարող էր հանդիսանալ նաև իր կնոջը պատկանող անշարժ գույքում Վլադիմիր Հայկի Չատիկյանին որպես ժառանգություն հասանելիք բաժինը: Ավելին, (...) նոտար Անահիտ Ղազարյանը նույնպես 25.08.2017 թվականի մերժմամբ հաստատել է այն հանգամանքը, որ Մարո Պապիկի Չատիկյանի մահից հետո նրա ամուսինը` Վլադիմիր Հայկի Չատիկյանը, տիրապետման փաստով ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: (...) Նոտար Անահիտ Ղազարյանը որևէ կերպ չի պատճառաբանել կտակում ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չլինելու հանգամանքը, իսկ Վլադիմիր Հայկի Չատիկյանի կտակից ակնհայտ է, որ Վլադիմիր Հայկի Չատիկյանը կտակել է Երևան, Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքը, այսինքն` կտակել է նաև այդ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքում իրեն պատկանող մասը, որպիսի պայմաններում նոտար Անահիտ Ղազարյանը պետք է ստուգեր ժառանգության զանգվածի կազմը և ձևակերպեր ըստ կտակի ժառանգություն առնվազն ժառանգության բացման օրը կտակարարին պատկանող` Երևան, Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքում 1/2 բաժնի նկատմամբ»:
Վերաքննիչ դատարանը, բավարարել է Նոտարի և Արսեն Չատիկյանի վերաքննիչ բողոքները, Դատարանի 05.06.2018 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը մերժել է: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «(...) ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս, ի թիվս այլնի, նոտարն ունի նաև ժառանգական գույքի կազմը պարզելու պարտավորություն, իսկ տվյալ դեպքում, ժառանգական գույքի կազմը պարզվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 05.04.2017 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-04/04/2017-1-0074 տեղեկանքի հիման վրա, որով արտացոլված տեղեկատվությունը համադրվել է Վլադիմիր Չատիկյանի կողմից 06.04.2007 թվականի «Կտակ»-ով արված կարգադրության բովանդակության հետ, ինչը նշանակում է, որ պատասխանողը կատարել է ժառանգական գույքի կազմը պարզելու օրենսդրությամբ իր վրա դրված պարտավորությունը»:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ «(...) Երևան քաղաքի Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է ամուսիններ Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, որտեղ նրանց բաժինները որոշված և առանձնացված չեն եղել, իսկ Վլադիմիր Չատիկյանի անունից կազմված կտակում նշված են ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից առանձին մակերեսներ (18,2+18+6,1=42,3 քմ), որոնց Վլադիմիր Չատիկյանի անվամբ` որպես անձնական սեփականություն գրանցված լինելու հանգամանքը չի հաստատվել ներկայացված փաստերով: Ընդ որում, կտակված գույքը Վլադիմիր Չատիկյանին պատկանելու վերաբերյալ նոտարին ապացույց ներկայացնելու պարտականությունը կրել է հայցվորը, սակայն վերջինիս կողմից կտակված գույքի պատկանելիության վերաբերյալ համապատասխան ապացույցներ չի ներկայացվել, որպիսի պայմաններում նոտարն իրավացիորեն մերժել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը` եզրահանգելով, որ ժառանգական զանգվածի կազմը հստակ չէ»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների Օրջոնիկիձեի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 27.07.1991 թվականի թիվ 17/43 որոշմամբ Երևան քաղաքի Նոր Արեշ 29 փողոցի թիվ 31 հասցեի անշարժ գույքի նկատմամբ վերականգնվել է Վլադիմիր Չատիկյանի սեփականության իրավունքը, և նշված որոշման հիմքով այդ գույքը գույքագրվել է Վլադիմիր Չատիկյանի անվամբ:
Վլադիմիր Չատիկյանը, իրացնելով իր հայեցողությամբ ցանկացած գույք ցանկացած անձի կտակելու, ցանկացած ձևով ժառանգությունում ժառանգների բաժինները որոշելու օրենքով երաշխավորված իր իրավունքը, իրեն պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ իր կամքն արտահայտել է 06.04.2007 թվականին կազմված կտակով, ըստ որի` Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքից 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակերեսները և հարթակը կտակել է Վարդգես Չատիկյանին, իսկ հողատարածքը կտակել է Վարդգես Չատիկյանին, Սամվել Չատիկյանին և Արսեն Չատիկյանին:
Վլադիմիր Չատիկյանի մահից հետո` օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում, 12.07.2017 թվականին Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը Նոտարին է ներկայացրել դիմում` հայտնելով, որ Վարդգես Չատիկյանն ընդունում է Վլադիմիր Չատիկյանի ժառանգությունն ըստ կտակի:
Այնուհետև Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը Նոտարին հասցեագրված 25.08.2017 թվականի դիմումով խնդրել է Վլադիմիր Չատիկյանի մահից հետո Վարդգես Չատիկյանին տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր:
Նոտարը, ի պատասխան Վարդգես Չատիկյանի 12.07.2017 թվականի դիմումի, 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրությամբ մերժել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին Վարդգես Չատիկյանի դիմումը` պատճառաբանելով, որ գույքի նկատմամբ 1/2 բաժինը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարո Չատիկյանին, ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չէ, և բացի այդ, կնոջ` Մարո Չատիկյանի մահից հետո նրա ամուսինը` Վլադիմիր Չատիկյանը, տիրապետման փաստով ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին Վարդգես Չատիկյանի դիմումը մերժելու մասին 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրության մեջ Նոտարը չի վկայակոչել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածում թվարկված հիմքերից որևէ մեկը, իսկ նույն գրության մեջ նշված պատճառաբանությունները, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, չէին կարող հիմք հանդիսանալ հայցվող նոտարական գործողության կատարումը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Նոտարը Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքը (525 քմ մակերեսով հողամասը և 82,9 քմ մակերեսով շինությունը) համարել է Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի ընդհանուր համատեղ սեփականությունը: Միաժամանակ Վլադիմիր Չատիկյանի կողմից կազմված կտակը վերաբերում է քննարկվող անշարժ գույքի 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակերեսներին և հարթակին, որը կտակել է Վարդգես Չատիկյանին, ինչպես նաև հողատարածքին, որը կտակել է Վարդգես Չատիկյանին, Սամվել Չատիկյանին և Արսեն Չատիկյանին:
Վերոգրյալից հետևում է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքի առնվազն 1/2-ն անվիճելիորեն պատկանում էր ժառանգատու Վլադիմիր Չատիկյանին: Իսկ 06.04.2007 թվականին կազմված կտակում հստակ նշված է, թե ժառանգատու Վլադիմիր Չատիկյանը վերը նշված գույքն ում է կտակում (շինության դեպքում` նաև դրա որ մասը), ուստի ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չլինելու պատճառաբանությամբ Նոտարն իրավասու չէր մերժելու ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը:
Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի` ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության ներքո գտնվելն ինքնին այդ ընդհանուր սեփականության մասնակցին չի զրկում իրեն պատկանող բաժնի տնօրինման վերաբերյալ կտակով իր կամքն արտահայտելու իրավունքից: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1199-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին, հետևաբար համատեղ կամ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի վերաբերյալ կազմված կտակի հիման վրա ժառանգությունը կարող է կատարվել միայն կտակարարին պատկանող բաժնի մասով, ուստի Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքը պայմանականորեն որպես ամուսինների համատեղ սեփականություն դիտարկելու պարագայում, Վլադիմիր Չատիկյանը պետք է դիտարկվեր վերոգրյալ հասցեի անշարժ գույքի առնվազն 1/2-րդ բաժնի սեփականատեր, որպիսի պարագայում Նոտարն իրավասու չէր նաև գույքի նկատմամբ 1/2 բաժինը համատեղ սեփականության իրավունքով Մարո Չատիկյանին պատկանելու հանգամանքով պայմանավորված ամբողջությամբ մերժելու ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը:
Ինչ վերաբերում է իրեն պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ Վլադիմիր Չատիկյանի կամքի արտահայտությանը, որը դրսևորվել է ըստ կտակի ժառանգներին և նրանց հասանելիք բաժինները որոշելով (քննարկվող անշարժ գույքից 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակերեսները և հարթակը կտակել է Վարդգես Չատիկյանին, իսկ հողատարածքը կտակել է Վարդգես Չատիկյանին, Սամվել Չատիկյանին և Արսեն Չատիկյանին), ապա այն չի կարող արգելք հանդիսանալ կտակարարի կամքի իրացման, այն է` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար, քանի որ ժառանգության զանգվածի կազմը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքն է, որի վերաբերյալ կտակարարը կարող է անել ցանկացած կարգադրություն, այդ թվում` կտակել ինչպես իրեն պատկանող ամբողջ գույքը, այնպես էլ դրա կեսը կամ մի մասը: Ընդ որում, գույքի մասերը նշելիս կտակարարը կաշկանդված չէ որոշակի ձևակերպումներով և կարող է կտակվող գույքը (դրա համապատասխան մասը) նշել նաև առանձին մակերեսով (մակերեսներով):
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավակարգավորումներում ամրագրելով նոտարի կողմից կատարված գործողությունների կամ դրանք մերժելու իրավաչափությունը վարչադատավարական կարգով վիճարկելու հնարավորություն` օրենսդիրը երաշխավորել է նոտարի ոչ իրավաչափ գործողություններից անձանց խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ըստ այդմ, որպես նոտարական գործողության կատարումը նոտարի կողմից ոչ իրավաչափորեն մերժելուց անձանց իրավունքների ենթադրյալ խախտման համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանվել է նոտարական գործողության կատարումը մերժելը ոչ իրավաչափ ճանաչելու և հայցվող գործողությունը կատարելուն նոտարին պարտավորեցնելու մասին դատական ակտ կայացնելու դատարանի լիազորությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում` գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջների կատարումը և չի իրականացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, մասնավորապես, Նոտարի կողմից ներկայացված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը մերժելու հիմքում դրված վարույթի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա են եղել ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մասնավորապես.
1) ժառանգատուի մահվան փաստը (հիմք` թիվ 256778 մահվան վկայական),
2) ժառանգության բացման ժամանակը և վայրը - 07.02.2017 թվական, Երևան քաղաք (հիմք` թիվ 256778 մահվան վկայական),
3) կտակի առկայությունը (հիմք` 06.04.2007 թվականին կազմված և նոտարի կողմից վավերացված կտակ),
4) ժառանգության զանգվածի կազմը - Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքի` Վլադիմիր Չատիկյանին անվիճելիորեն պատկանող 1/2 բաժինը:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Նոտարի կողմից 25.08.2017 թվականին Վարդգես Չատիկյանին Վլադիմիր Չատիկյանի մահից հետո ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը մերժվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի խախտմամբ, այն է` նշված հոդվածում թվարկված հիմքերի բացակայությամբ, ուստի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին 25.08.2017 թվականի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու և Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Չատիկյանին պատկանող գույքի մի մասով հայցվորին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պատասխանողին պարտավորեցնելու հայցվորի պահանջը հիմնավոր էր և ենթակա էր բավարարման, որպիսի իրավաչափ հետևության հանգել է Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»:
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի և նույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ինչպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այնպես էլ` Վերաքննիչ դատարանի կողմից «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալով, և Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է ու օրինական ուժ է տվել Դատարանի դատական ակտին` հիմք ընդունելով բացառապես իր որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարո՞ղ էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին նյութական իրավունքի նորմերի (Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է բացառապես նյութական իրավունքի նորմերի խախտում թույլ տալու հիմքով) այնպիսի խախտում վերագրելու համար, որը հանգեցրել է գործի սխալ լուծման, իսկ դրա արդյունքում` Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու համար:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին:
Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը նշված պատճառաբանությունները` գալիս եմ հետևության, որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին և եզրահանգումներին չի համաձայնվել, ըստ էության, բացառապես այն շարժառիթներից ելնելով, որ տվյալ դեպքում ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին Վարդգես Չատիկյանի դիմումը մերժելու մասին 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրության մեջ Նոտարը չի վկայակոչել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածում թվարկված հիմքերից որևէ մեկը` դրանով խախտելով նշված նորմը, որի պայմաններում ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին 25.08.2017 թվականի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու և Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի` Վլադիմիր Չատիկյանին պատկանող գույքի մի մասով հայցվորին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պատասխանողին պարտավորեցնելու հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նույն գրությանը, նշել է, որ դրա մեջ նշված պատճառաբանությունները չէին կարող հիմք հանդիսանալ հայցվող նոտարական գործողության կատարումը մերժելու համար, քանի որ տվյալ դեպքում առկա են եղել ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մասնավորապես`
1) ժառանգատուի մահվան փաստը (հիմք` թիվ 256778 մահվան վկայական).
2) ժառանգության բացման ժամանակը և վայրը - 07.02.2017 թվական, Երևան քաղաք (հիմք` թիվ 256778 մահվան վկայական).
3) կտակի առկայությունը (հիմք` 06.04.2007 թվականին կազմված և նոտարի կողմից վավերացված կտակ).
4) ժառանգության զանգվածի կազմը - Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքի` Վլադիմիր Չատիկյանին անվիճելիորեն պատկանող 1/2 բաժինը:
Գտնում եմ, որ վերը նշված շարժառիթները տվյալ դեպքում չէին կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, նույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին (...):
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոտարը պարտավոր է մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին կամ միջազգային պայմանագրերին:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ի թիվս նոտարական այլ գործողությունների իրականացման, նոտարը տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե`
1) նոտարական գործողության կատարումը հակասում է օրենքին, իրավական այլ ակտերին կամ կազմակերպության կանոնադրությանը.
2) ներկայացված փաստաթուղթը կամ պահանջվող նոտարական գործողությունը ենթակա չէ նոտարական վավերացման կամ հաստատման.
3) օրենքի համաձայն նոտարական գործողությունը ենթակա չէ տվյալ նոտարի կողմից կատարման.
4) նոտարական գործողություն կատարելու մասին խնդրանքով դիմել է անգործունակ անձ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող անձ կամ նրա անգործունակ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող ներկայացուցիչ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) նոտարական գործողության կատարման համար դիմած անձը թեև գործունակ է, սակայն տվյալ պահին գտնվում է այնպիսի վիճակում, որ չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կարող կառավարել դրանք.
6) դիմող անձը հրաժարվում է ներկայացնել նոտարական գործողության կատարման համար օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը.
7) դիմող անձը չի վճարում նոտարական գործողության կատարման համար նախատեսված պետական տուրքը կամ նոտարի մատուցած այլ ծառայությունների վճարը.
8) նոտարական գործողությունը պետք է կատարվի դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ հետախուզվող և քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Նույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում դիմողի պահանջով նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը: Նոտարական գործողության մերժման մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ նոտարը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա` ենթարկվելով միայն օրենքին: Միևնույն ժամանակ, օրենսդիրն իմպերատիվ ձևով նոտարի համար պարտականություն է նախատեսել մերժելու նոտարական գործողության կատարումն այն դեպքում, երբ այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին կամ միջազգային պայմանագրերին: Ավելին` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու եղանակով նոտարական գործողություն իրականացնելու դեպքում օրենսդիրը նոտարին օժտել է տվյալ նոտարական գործողության կատարումը մերժելու լրացուցիչ հիմքերով` պայմանավորված «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածում թվարկված պայմանների բացակայությամբ: Այսինքն` որպեսզի նոտարը մերժի ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու եղանակով նոտարական գործողության իրականացումը բավարար է ինչպես նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերից որևէ մեկի, այնպես էլ` նույն օրենքի 63-րդ հոդվածում թվարկված պայմաններից որևէ մեկի բացակայության փաստը հաստատված համարելը:
Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, նոտարական գործողության կատարման մերժման հիմք է նաև տվյալ նոտարական գործողության կատարումը օրենքին, իրավական այլ ակտերին կամ կազմակերպության կանոնադրությանը հակասելը, իսկ ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու եղանակով նոտարական գործողության իրականացման պարտադիր պայման` ի թիվս մյուս պայմանների` նոտարի կողմից ժառանգության զանգվածի կազմի ստուգումը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
Վճռաբեկ դատարանի որոշման` «Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը» վերնագիրը կրող բաժնում նշված փաստերից բխում է, որ Վլադիմիր Չատիկյանը և Մարո Երիցփոխյանը 29.06.1959 թվականից հանդիսացել են ամուսիններ: Համատեղ ամուսնության ընթացքում` 27.07.1991 թվականին, Երևանի ժողովրդական դեպուտատների Օրջոնիկիձեի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի թիվ 17/43 որոշմամբ Երևան քաղաքի Նոր Արեշ 29-րդ փողոցի թիվ 31 տան բնակիչ Վլադիմիր Չատիկյանի սեփականության իրավունքն այդ տան նկատմամբ վերականգնվել է, իսկ 25.11.1991 թվականին վերջինիս նույն տան` բաղկացած 525 քմ մակերեսով հողամասից և 82,9 քմ մակերեսով շինությունից, նկատմամբ տրվել է սեփականության վկայագիր: 26.12.2002 թվականին մահացել է Մարո Չատիկյանը: Վերջինիս ամուսինը` Վլադիմիր Չատիկյանը, 06.04.2007 թվականին արել է հետևյալ կտակը. «1. Ինձ պատկանող` քաղաք Երևան Նոր Արեշ 29 փ. թիվ 31 հասցեի անշարժ գույքից 18,2 քմ, 18 քմ, 6,1 քմ մակ. և հարթակը կտակում եմ Վարդգես Սամվելի Չատիկյանին, ծնված 12.12.1978թ., իսկ վերը նշված հասցեի անշարժ գույքի հողատարածքը կտակում եմ Վարդգես Սամվելի Չատիկյանին, ծնված 12.12.1978թ., Սամվել Վլադիմիրի Չատիկյանին, ծնված 17.12.1954թ. և Արսեն Վլադիմիրի Չատիկյանին, ծնված 1959թ.»: Նշված կտակը վավերացվել է նոտարի կողմից: 07.02.2017 թվականին մահացել է նաև Վլադիմիր Չատիկյանը: 12.07.2017 թվականին կտակում նշված անձ Վարդգես Չատիկյանի ներկայացուցիչը Նոտարին ներկայացրել է ըստ կտակի ժառանգությունն ընդունելու մասին դիմում, իսկ 25.08.2017 թվականին` դիմում` խնդրելով Վլադիմիր Չատիկյանի մահից հետո Վարդգես Չատիկյանին տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր: Նոտարը 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրությամբ մերժել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելը` պատճառաբանելով, որ Նոր Արեշ 29 փողոց 31 բնակելի տունը ձեռք է բերվել Վլադիմիր Չատիկյանի և Մարո Չատիկյանի համատեղ ամուսնության ընթացքում, գույքի նկատմամբ 1/2 բաժինը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարո Չատիկյանին: Դիմողի ներկայացրած փաստաթղթերից ակնհայտ է, որ ժառանգական զանգվածի կազմը հստակ նշված չէ, և բացի այդ, կնոջ` Մարո Չատիկյանի մահից հետո նրա ամուսինը` Վլադիմիր Չատիկյանը, տիրապետման փաստով ընդունել է ժառանգությունը, սակայն չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները: Նոտարը որպես ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու մերժման հիմք 25.08.2017 թվականի թիվ Ե-31 գրության մեջ վկայակոչել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ և 1222-րդ հոդվածները:
Այսինքն` Նոտարը տվյալ դեպքում ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու եղանակով նոտարական գործողության կատարումը, ըստ էության, մերժել է ժառանգության զանգվածի կազմը ստուգելու արդյունքում` բացահայտելով, որ կտակարար Վլադիմիր Չատիկյանը չէր կարող կամք արտահայտել մի այնպիսի գույքի տնօրինման վերաբերյալ, որն իրեն, մի դեպքում, ամբողջությամբ չի պատկանում` գույքը համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու, իսկ մյուս դեպքում, ժառանգական զանգվածի կազմը ներկայացված փաստաթղթերում հստակ նշված չլինելու պատճառաբանություններով:
Վերը նշվածի հիման վրա հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի հետևության վերաբերյալ այն մասին, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը վերը նշված շարժառիթներով բեկանելու, ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար:
Դրանից ելնելով գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի 20.11.2019 թվականի որոշումը` անփոփոխ թողնման:
Դատավոր` Գ. ՀԱԿՈԲՅԱՆ