Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ԵՎ 6 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԱՐԱԴ/1385/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1385/02/18    2020 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

    Դատավորներ`        Հ. Ենոքյան

                       Տ. Նազարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

2020 թվականի օգոստոսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Բաղդասարյանի ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Բաղդասարյանի ընդդեմ «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տիգրան Բաղդասարյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու 06.02.2018 թվականի հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 06.02.2018 թվականից մինչև աշխատանքում վերականգնելը:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է պարտավորեցնել Ընկերությանը Տիգրան Բաղդասարյանին վճարելու հատուցում` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով` մինչև 25.04.2019 թվականը, իսկ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը համարել լուծված: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

Դատարանի 23.05.2019 թվականի որոշմամբ ուղղվել է Դատարանի 25.04.2019 թվականի վճռի եզրափակիչ մասում թույլ տրված վրիպակը, այն է` «Ընկերությանը պարտավորեցնել Տիգրան Բաղդասարյանին վճարելու հատուցում` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով` մինչև 25.04.2019 թվականը» բառերի փոխարեն որոշվել է կարդալ «Ընկերությանը պարտավորեցնել Տիգրան Բաղդասարյանին վճարելու հատուցում` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով` մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.10.2019 թվականի որոշմամբ Դատարանի 25.04.2019 թվականի վճռի դեմ Տիգրան Բաղդասարյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է Դատարանի 25.04.2019 թվականի վճիռը մասնակիորեն` Տիգրան Բաղդասարյանի հայցն ընդդեմ Ընկերության` աշխատանքում վերականգնելու և դրանից բխող հետագա հարկադիր պարապուրդի վճարման պահանջների մասերով, բեկանել և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նույն որոշմամբ նշված ծավալով նոր քննության: Դատարանի 25.04.2019 թվականի վճիռը` մնացած պահանջների մասով, այն է` Ընկերության գործադիր տնօրենի 06.02.2018 թվականի հրամանն անվավեր ճանաչելու և 06.02.2018 թվականից մինչև 06.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին, թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ: Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյանը և Տիգրան Բաղդասարյանի ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքի թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.02.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ և 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ Տիգրան Բաղդասարյանին Ընկերությունում զբաղեցրած նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության հարցի վերաբերյալ Դատարանը եկել է ոչ իրավաչափ եզրահանգման:

Այնուհանդերձ, բավարար չափով չուսումնասիրելով գործի նյութերը, չծանոթանալով դատական նիստի արձանագրություններին, Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման առ այն, որ Դատարանն Ընկերության վրա չի դրել աշխատանքում վերականգնելու անհնարինության փաստի ապացուցման պարտականություն:

Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Ընկերությունը (հաստիքի կրճատման վերաբերյալ) տեղեկանքը ներկայացրել է 27.02.2019 թվականին, հաշվի չի առել, որ իրականում տեղեկանքը ներկայացվել է 01.03.2019 թվականին: Այսպես` Դատարանը 26.10.2018 թվականին կայացրել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որի հետ միաժամանակ կայացրել է որոշում պատասխանողից ապացույցներ պահանջելու մասին: Նույն որոշմամբ սահմանվել է, որ ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում, սակայն սահմանված ժամկետում պատասխանողի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել:

Այնուհետև` 18.12.2018 թվականի դատական նիստում Դատարանը կայացրել է ապացուցման բեռը բաշխելու մասին որոշում և պատասխանողի համար սահմանել է նոր ժամկետ` մինչև 16.01.2019 թվականը: Պատասխանողի կողմից 07.02.2019 թվականի տեղեկանքը` «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիք չունենալու վերաբերյալ, ներկայացվել է 01.03.2019 թվականին: Ընդ որում, գործում առկա չէ որևէ միջնորդություն, որով կհիմնավորվեր Դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը:

Հետևաբար` Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ տեղեկանքը ներկայացվել է նախապատրաստական փուլում, անհիմն է, քանի որ Դատարանի կողմից սահմանված ապացույցներ ներկայացնելու ժամկետն սպառվել էր, և էական չէ գործը գտնվել է նախապատրաստական, թե` դատաքննության փուլում:

Բացի այդ, Տիգրան Բաղդասարյանին Ընկերությունում զբաղեցրած նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության փաստի ապացուցման բեռը դրվել է պատասխանող Ընկերության վրա, ինչը հիմնավորվում է Դատարանի կատարած նշագրումով: Վերաքննիչ դատարանը, սակայն, գտել է, որ Ընկերության վրա նման փաստի ապացուցման պարտականություն չի դրվել:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը պետք է փաստի ապացուցման պարտականություն դներ գործատուի վրա, թե արդյոք Ընկերությունում կանոնադրությամբ որոշված իրավասու մարմնի կողմից կայացվել է հաստիքների, մասնավորապես` «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիքի կրճատման վերաբերյալ որոշում:

Մինչդեռ նման հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն արդեն իսկ Ընկերության վրա դրել էր Տիգրան Բաղդասարյանին Ընկերությունում զբաղեցրած նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության փաստի ապացուցման բեռը և իրավասու չէր հուշել Ընկերությանը, թե այդ փաստերն ապացուցելու համար կոնկրետ ինչ ապացույցներ ներկայացնի: Ավելին` Դատարանն անգամ պարտավոր չէր նախքան խորհրդակցական սենյակ հեռանալը բավարարության տեսանկյունից գնահատել գործին մասնակցող անձանց ներկայացրած այս կամ այն ապացույցները:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ Դատարանը ոչ թույլատրելի ապացույցի հիմքով մերժել է աշխատանքում վերականգնելու պահանջի վերաբերյալ ներկայացված հայցը, սակայն վերաքննիչ բողոքը բավարարելու, վճիռը մասնակի բեկանելու, այն է` հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու մասով պահանջը բավարարելու փոխարեն, գործն ուղարկել է ստորադաս դատարան նոր քննության: Արդյունքում` Վերաքննիչ դատարանը խախտել է նաև կողմերի հավասարության սկզբունքը, քանի որ երկրորդ անգամ փաստացի հնարավորություն է ընձեռել պատասխանողին ներկայացնել նոր ապացույցներ:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.10.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` «Տիգրան Բաղդասարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել ամբողջությամբ` Դատարանի 25.04.2019 թվականի վճիռը մասնակիորեն` Տիգրան Բաղդասարյանի հայցն ընդդեմ Ընկերության` աշխատանքում վերականգնելու և դրանից բխող հետագա հարկադիր պարապուրդի վճարման պահանջների մասերով, բեկանել և հայցն այդ մասով ամբողջությամբ բավարարել: Ինչպես նաև բողոքաբեր Տիգրան Բաղդասարյանին ազատել վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված պետական տուրքի վճարումից»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Համաձայն Ընկերության գործադիր տնօրեն Ա. Խաչատրյանի 07.06.2016 թվականի թիվ 45 հրամանի` Տիգրան Բաղդասարյանն ընդունվել է աշխատանքի Ընկերությունում` որպես վարչական գծով տնօրեն, ամսական 673.082 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձով` կնքելով նրա հետ աշխատանքային պայմանագիր 01.06.2016 թվականից (հատոր 1-ին, գ. թ. 7):

2) Համաձայն Ընկերության տնօրեն Ա. Պողոսյանի 06.02.2018 թվականի հրամանի` Տիգրան Բաղդասարյանը 06.02.2018 թվականից ազատվել է աշխատանքից, իսկ որպես աշխատանքից ազատման հիմք նշվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը (հատոր 1-ին, գ. թ. 8):

3) Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Տիգրան Բաղդասարյանը դիմում է ներկայացրել Ընկերությանը` իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ:

4) Ընկերության գլխավոր տնօրեն Ա. Միքայելյանի կողմից 27.02.2019 թվականին տրված և 01.03.2019 թվականին դատարան մուտքագրված գրությանը կից ներկայացվել է 07.02.2019 թվականին տրված տեղեկանքը, որով հայտնվել է, որ Ընկերությունը «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիք չունի (հատոր 2-րդ, գ. թ. 90-91):

5) «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 26.10.2018 թվականի որոշմամբ Դատարանը միաժամանակ պարտավորեցրել է Ընկերությանը նույն որոշումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում դատարան ներկայացնել 06.02.2018 թվականի վիճարկվող հրամանի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, վիճարկվող հրամանում, Ընկերության հրամանի հիմք հանդիսացող ներքին և անհատական իրավական ակտերը, ինչպես նաև հայցվորի` որպես վարչական գծով տնօրենի գործունեությունը կարգավորող բոլոր պայմանագրերը (հատոր 2-րդ, գ. թ. 3):

6) «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 26.10.2018 թվականի որոշումն Ընկերությունն ստացել է 09.11.2018 թվականին (հատոր 2-րդ, գ. թ. 10):

7) 18.12.2018 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանը որոշել է ապացուցման բեռը բաշխել կողմերի միջև, մասնավորապես` պատասխանող կողմի վրա դնելով նաև աշխատանքից ազատման հրամանի իրավաչափության հարցի ապացուցման պարտականությունը, որից հետո հետաձգել է դատական նիստը` այն նշանակելով 16.01.2019 թվականին` հնարավորություն տալով կողմերին ներկայացնելու համապատասխան ապացույցներ: Միաժամանակ 16.01.2019 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 08.02.2019 թվականին: Այնուհետև, 08.02.2019 թվականին նշանակված դատական նիստը կրկին հետաձգվել է, և հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 12.03.2019 թվականին (հիմք` հատոր 2-րդ, գ. թ. 21-22, լազերային կրիչ` հատոր 2-րդ, գ. թ. 124, հատոր 2-րդ, գ. թ. 48-49, 78):

8) 12.03.2019 թվականի, 28.03.2019 թվականի, 03.04.2019 թվականի և 15.04.2019 թվականի դատական նիստերի ընթացքում Ընկերությունը «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիքի բացակայության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել (հատոր 2-րդ, գ. թ. 93-94, 107-108, 110, 121-123):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի և 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ աշխատանքային վեճով ապացուցման պարտականության բաշխմանը` միաժամանակ վերահաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները` գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման խնդրի վերաբերյալ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է` աշխատողի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են նրանց միջև կնքված համաձայնությամբ` աշխատանքային պայմանագրով, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Օրենսդիրը հստակեցրել է, որ աշխատանքային պայմանագրի ուժով պայմանագրի կողմերը միմյանց նկատմամբ ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ: Միաժամանակ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածով օրենսդիրը սպառիչ կերպով սահմանել է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը` ամրագրելով, որ ի թիվս այլնի աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել նաև աշխատողի նախաձեռնությամբ: Ընդ որում, հստակեցվել է, որ և՛ անորոշ, և՛ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար աշխատողն այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով պետք է ծանուցի գործատուին: Այսինքն, որպեսզի գործատուն կարողանա ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարի վերջնահաշվարկ` պետք է առկա լինի աշխատողի կողմից գրավոր ձևով ներկայացված դիմում` իր հետ պայմանագիրը լուծելու մասին:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով կարգավորվել են նաև «Առանձին աշխատանքային վեճերով վարույթը» վերտառությամբ աշխատանքային վեճերի քննության կարգը և առանձնահատկությունները: Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ` աշխատանքային վեճ):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից հետևյալ ապացույցները պահանջելու մասին.

1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե` պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գործող իրավակարգավորումներով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը սահմանել է աշխատանքային վեճերի լուծման հատուկ ընթացակարգ:

Մասնավորապես, կարևորելով առավել սեղմ ժամկետներում աշխատանքային վեճերի լուծման դատավարական գործընթացը, օրենսդրորեն դատարանին իրավունք է վերապահվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման հետ մեկտեղ գործատուից պահանջել այն բոլոր ապացույցները, որոնք ընկած են վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում, որը գործատուի կողմից ենթակա է կատարման նույնպես առավել սեղմ ժամկետում` այդ որոշումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Ընդ որում, այն դեպքում, երբ գործի նախնական քննության փուլում դատարանն առաջարկում է հայցվորին հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջը, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, դատարանն իրավասու է պահանջելու նաև այլ լրացուցիչ ապացույցներ:

Միաժամանակ հարկ է նկատել, որ աշխատանքային վեճերի լուծման դեպքում նախատեսվել է նաև ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնից տարբերվող` ապացուցման պարտականության այլ կանոն: Այսպես, օրենսդիրը հստակեցրել է, որ աշխատանքային վեճերով վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է գործատուն: Ըստ այդմ էլ, սահմանվել է նաև, որ վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցը գործատուի կողմից, որպես ընդհանուր կանոն կարող է ներկայացվել միայն դատարանի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման կատարման ընթացքում, ինչը ենթադրում է այդ որոշումը գործատուի կողմից ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Հակառակ պարագայում, գործատուն պարտավոր է հիմնավորել իրենից անկախ պատճառներով ապացույցի ներկայացման անհնարինությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ չնայած օրենսդիրն աշխատանքային վեճերով ապացուցման բաշխման վերաբերյալ նախատեսել է այլ կարգ, քան քաղաքացիական գործերով այլ վեճերի կապակցությամբ ապացուցման բաշխման ընդհանուր կարգը, այդուհանդերձ, նշված վեճերով ևս ապացույցները պետք է լինեն թույլատրելի, վերաբերելի ու արժանահավատ: Հակառակ պարագայում նշված ապացույցները չեն կարող դրվել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ հերքման հիմքում: Ընդ որում, աշխատանքային վեճերով ևս ապացուցման պարտականություն կրող անձը` գործատուն, պարտավոր է ապացուցել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը: Հակառակ պարագայում, երբ փաստը մնում է վիճելի, դրա բացասական հետևանքները պետք է կրի դրա ապացուցման պարտականությունը կրող անձը, այն է` գործատուն:

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ապացուցման պարտականության ընդհանուր կանոնից, ըստ որի` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` ապացույց է այն տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Դատարանը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք, հաշվի առնելով նույն հոդվածի 1-ին մասի պահանջը, կարող են հաստատել կամ ժխտել գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ըստ այդմ` ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները: Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատարանների կողմից ապացույցների գնահատման գործընթացին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ապացույցների արժանահավատության հարցին` արձանագրելով, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի թիվ 3-81(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Տիգրան Բաղդասարյանը, ըստ Ընկերության գործադիր տնօրեն Ա. Խաչատրյանի 07.06.2016 թվականի թիվ 45 հրամանի, աշխատել է Ընկերությունում` որպես վարչական գծով տնօրեն:

Ընկերության տնօրեն Ա. Պողոսյանի 06.02.2018 թվականի հրամանի համաձայն` Տիգրան Բաղդասարյանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով 06.02.2018 թվականից ազատվել է աշխատանքից:

Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Տիգրան Բաղդասարյանը դիմում է ներկայացրել Ընկերությանը` իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 26.10.2018 թվականի որոշմամբ միաժամանակ պարտավորեցրել է Ընկերությանը նույն որոշումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում դատարան ներկայացնել 06.02.2018 թվականին վիճարկվող հրամանի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, վիճարկվող հրամանում, Ընկերության հրամանի հիմք հանդիսացող ներքին և անհատական իրավական ակտերը, ինչպես նաև հայցվորի` որպես վարչական գծով տնօրենի գործունեությունը կարգավորող բոլոր պայմանագրերը: Նշված որոշումն Ընկերությունն ստացել է 09.11.2018 թվականին:

Դատարանը, 18.12.2018 թվականի դատական նիստի ընթացքում որոշելով ապացուցման բեռի բաշխումը կողմերի միջև, պատասխանող կողմի վրա դրել է նաև աշխատանքից ազատման հրամանի իրավաչափության հարցի ապացուցման պարտականությունը, որից հետո հետաձգել է դատական նիստը` այն նշանակելով 16.01.2019 թվականին` միաժամանակ հնարավորություն տալով կողմերին ներկայացնելու համապատասխան ապացույցներ:

Ընկերության գլխավոր տնօրեն Ա. Միքայելյանի կողմից 27.02.2019 թվականին տրված և 01.03.2019 թվականին դատարան մուտքագրված գրությանը կից ներկայացվել է 07.02.2019 թվականի տեղեկանքը, որով հայտնվել է, որ Ընկերությունը «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիք չունի:

Դատարանը, 25.04.2019 թվականի վճռով հայցը բավարարելով մասնակիորեն, պատճառաբանել է որ «(...) հայցվորի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գրավոր դիմում չներկայացնելու պայմաններում, ինչը հաստատվեց նաև պատասխանողի ներկայացուցչի ցուցմունքներով, պատասխանողը հայցվորի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, (...)»: Միաժամանակ Դատարանն արձանագրել է նաև, որ «(...) հայցվորի հաստիքի բացակայության պայմաններում կողմերի հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելն անհնար է: Նման պայմաններում (...) հայցվորը չի կարող վերականգնվել իր նախկին աշխատանքում, սակայն պատասխանողը պարտավոր է նրան վճարել հարկադիր պարապուրդի գումարը»:

Վերաքննիչ դատարանը, 22.10.2019 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարելով Տիգրան Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը մասնակիորեն` Տիգրան Բաղդասարյանի հայցի` աշխատանքում վերականգնելու և դրանից բխող հետագա հարկադիր պարապուրդի վճարման պահանջների մասով բեկանելով և գործն այդ մասով նոր քննության ուղարկելով, արձանագրել է, որ «(...) պատասխանողի կողմից ներկայացված տեղեկանքն` առ այն, որ վեճի քննության պահին հայցվորի զբաղեցրած վարչական գծով տնօրենի պաշտոնն արդեն կրճատվել է և գոյություն չունի, (...) թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց չէ, քանի որ պատասխանողը չի ներկայացրել Ընկերության կանոնադրությունը, որով հաստիքների կրճատման իրավասությունը վերապահված լիներ Ընկերության տնօրենին: (...) ՈՒշադրության է արժանի այն հանգամանքը, որ գործով ներկայացված հայցադիմումի պատասխանում Ընկերությունը մատնանշում է, որ հայցվորի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է իր դիմումի համաձայն, իսկ հետագայում` գործի քննության ընթացքում պատասխանողը հայտնել է, որ իրականում հայցվորին աշխատանքից ազատելու հիմք է հանդիսացել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջը, այն է` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա /հերթափոխի/ ընթացքում աշխատանքի չներկայանալը: Այնուհետև, գործի քննության ընթացքում ներկայացրած 07.02.2019 թվականի տեղեկանքով փորձել է հավաստիացնել, որ Ընկերությունում «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիքը կրճատվել է: (...) գործատուն չի ապացուցել Ընկերությունում հայցվորի զբաղեցրած «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիքի կրճատման, դրանով պայմանավորված` իր նախկին աշխատանքում վերականգնման անհնարինության փաստերը: (...)»:

Միաժամանակ սահմանելով նոր քննության ծավալ` Վերաքննիչ դատարանը նշել է, որ «(...) առաջին ատյանի դատարանը ապացուցում պահանջող փաստերի շրջանակում/ապացուցման առարկայի մեջ/ պետք է ներառի հետևյալ փաստերը. արդյոք Ընկերությունում Տիգրան Բաղդասարյանի զբաղեցրած` վարչական գծով տնօրենի հաստիքը կրճատվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և արդյոք առկա է Տիգրան Բաղդասարյանին Ընկերությունում զբաղեցրած իր նախկին աշխատանքում վերականգնելու /հնարավորության կամ անհնարինության/ հանգամանք, թե` ոչ: (...) միայն նշված փաստերը պարզելուց հետո է հնարավոր Տիգրան Բաղդասարյանին «Արագած Պեռլիտ» բաց բաժնետիրական ընկերությունում վարչական գծով տնօրենի պաշտոնում վերականգնելու կամ չվերականգնելու և դրա դիմաց գործատուին հատուցում վճարելուն պարտավորեցնելու հարցին իրավական գնահատական տալ: (...)»:

Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Սույն վեճին իրավաչափ լուծում տալու նպատակով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է գնահատման առարկա դարձնել հետևյալ հարցադրումները`

1. արդյո՞ք սույն գործով պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` աշխատանքային վեճով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները,

2. արդյո՞ք Ընկերության կողմից ներկայացված տեղեկանքը` «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիք չունենալու մասին, թույլատրելի, արժանահավատ և բավարար ապացույց է` Տիգրան Բաղդասարյանին աշխատանքում չվերականգնելու համար:

 

1. Սույն գործի փաստերով հիմնավորվում է, որ Դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 26.10.2018 թվականի որոշումն Ընկերությունն ստացել է 09.11.2018 թվականին, սակայն Դատարանի կողմից սահմանված ժամկետում որևէ ապացույց չի ներկայացվել:

Այնուհետև, Ընկերությունը 18.12.2018 թվականին դատարան մուտքագրված միջնորդությամբ հայտնել է, որ «չի ստացել հայցադիմումը և պատասխանողի իրավունքների և պարտականությունների մասին հուշաթերթիկը», միաժամանակ միջնորդել է «հետաձգել դատական նիստը և հնարավորություն տալ Ընկերությանը ծանոթանալ հայցադիմումին և գործում առկա այլ փաստաթղթերին, հարգելի համարել հայցադիմումին պատասխան ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը և վերականգնել այն, սահմանելով նոր ժամկետ» (հատոր 2-րդ, գ. թ. 20):

Դատարանը 18.12.2018 թվականի դատական նիստի ընթացքում որոշել է ապացուցման բեռը բաշխել կողմերի միջև` պատասխանողի վրա դնելով աշխատանքից ազատման հրամանի իրավաչափության հարցի ապացուցման պարտականությունը, որից հետո հետաձգել է դատական նիստը` այն նշանակելով 16.01.2019 թվականին, և հնարավորություն է տվել կողմերին ներկայացնելու համապատասխան ապացույցները: Դատարանի կողմից 16.01.2019 թվականին կայացված դատական նիստի ընթացքում Ընկերության ներկայացուցիչը բանավոր հայտնել է, որ «Տիգրան Բաղդասարյանի զբաղեցրած հաստիքն այժմ չի գործում»: Միաժամանակ 16.01.2019 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 08.02.2019 թվականին (հատոր 2-րդ, գ. թ. 48-49):

Այնուհետև, 08.02.2019 թվականին նշանակված դատական նիստը կրկին հետաձգվել է, և հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 12.03.2019 թվականին (հատոր 2-րդ, գ. թ. 78):

Հետագայում, Ընկերության գլխավոր տնօրեն Ա. Միքայելյանի կողմից 27.02.2019 թվականին տրված և 01.03.2019 թվականին դատարան մուտքագրված գրությանը կից Դատարանին ներկայացվել է 07.02.2019 թվականին տրված տեղեկանքը, որի համաձայն` Ընկերությունը «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիք չունի:

Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանն իր 26.10.2018 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ, այնուհետև նաև 18.12.2018 թվականին, 16.01.2019 թվականին, 08.02.2019 թվականին նշանակված նախնական դատական նիստերը հետաձգելով բավարար ժամկետներ է տրամադրել Ընկերությանը վիճարկվող հրամանի հիմքում ընկած փաստը հիմնավորող վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցներ ներկայացնելու համար, որոնք, սակայն, Ընկերության կողմից չեն ներկայացվել:

Քննարկվող պարագայում, Վճռաբեկ դատարանը կարևորում է ներկայացված հայցի առարկան, որով Տիգրան Բաղդասարյանը վիճարկել է 06.02.2018 թվականի իրեն աշխատանքից ազատելու հրամանը և պահանջել է իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար:

Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ Դատարանն ինչպես իր 26.10.2018 թվականի որոշմամբ, այնպես էլ վերը նշված նախնական դատական նիստերը հետաձգելով, ըստ էության հնարավորություն է ընձեռել Ընկերությանը դատարան ներկայացնել 06.02.2018 թվականի` Տիգրան Բաղդասարյանին աշխատանքից ազատելու հրամանի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցներ, վիճարկվող հրամանում պատասխանող Ընկերության հրամանի հիմք հանդիսացող ներքին և անհատական իրավական ակտերը, ինչպես նաև հայցվորի` որպես վարչական գծով տնօրենի գործունեությունը կարգավորող բոլոր պայմանագրերը:

Նշվածը թույլ է տալիս եզրակացնել, որ Ընկերության վրա Դատարանը պարտականություն է դրել ոչ միայն ներկայացնելու հայցվորին աշխատանքից ազատելու հրամանի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցներ, այլև` վիճարկվող հրամանում պատասխանող Ընկերության հրամանի հիմք հանդիսացող ներքին և անհատական իրավական ակտերը, որոնք ներառում են նաև հայցվորին նախկին պաշտոնում վերականգնելու փաստերին վերաբերող ապացույցները, այդ թվում` նախկին աշխատանքում վերականգնելու համար նախատեսված հաստիքի առկայությունը կամ բացակայությունը հաստատող ապացույցները:

Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «գործատուն չի ապացուցել Ընկերությունում հայցվորի զբաղեցրած «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիքի կրճատման, դրանով պայմանավորված` իր նախկին աշխատանքում վերականգնման անհնարինության փաստերը», միաժամանակ հանգել է այն հետևության, որ գործի նոր քննության ընթացքում, առաջին ատյանի դատարանը, ապացուցում պահանջող փաստերի շրջանակում պետք է ներառի այն փաստը, թե` արդյոք Ընկերությունում Տիգրան Բաղդասարյանի զբաղեցրած` վարչական գծով տնօրենի հաստիքը կրճատվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և արդյոք առկա է Տիգրան Բաղդասարյանին Ընկերությունում զբաղեցրած իր նախկին աշխատանքում վերականգնելու /հնարավորության կամ անհնարինության/ հանգամանք, թե` ոչ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումն իրավաչափ չէ` նկատի ունենալով, որ Ընկերությունում Տիգրան Բաղդասարյանին նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության փաստի ապացուցման բեռն արդեն իսկ օրենսդրորեն դրված է պատասխանող կողմի վրա, իսկ Դատարանն էլ կատարել է ապացուցման պարտականությունն օրենքին համապատասխան պատասխանողի վրա դնելու իր գործառույթը, որպիսի պայմաններում հաստիքի կրճատման փաստը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի պատասխանող Ընկերությունը:

 

2. Անդրադառնալով Ընկերության կողմից ներկայացված 07.02.2019 թվականի տեղեկանքին` ապացույցների գնահատման թույլատրելիության, արժանահավատության և բավարար լինելու տեսանկյունից, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Տվյալ դեպքում, Ընկերության գլխավոր տնօրեն Ա. Միքայելյանի կողմից 27.02.2019 թվականին տրված և 01.03.2019 թվականին դատարան մուտքագրված գրությանը կից ներկայացված 07.02.2019 թվականի տեղեկանքի բովանդակությունից հետևում է, որ Ընկերությունը վարչական գծով տնօրենի հաստիք չունի: Ընդ որում, տեղեկանքը չի պարունակում որևէ տեղեկություն այն մասին, թե արդյոք այն տրվել է` պահպանելով «Բաժնետիրական ընկերությունների» մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, ինչպես նաև Ընկերության կանոնադրության դրույթները:

Ավելին, սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե ու՞մ կողմից (բաժնետիրական ընկերության որ մարմնի) և ի՞նչ որոշման արդյունքում է կրճատվել «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիքը, ե՞րբ է այն կրճատվել, արդյո՞ք Ընկերությունում կատարվել է աշխատանքի կազմակերպման էական պայմանների փոփոխություն` օրենքի և Ընկերության կանոնադրության դրույթների պահպանմամբ:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ նշված տեղեկանքը չի կարող համարվել թույլատրելի, արժանահավատ և բավարար ապացույց` փաստելու, որ Ընկերությունում «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիքն այլևս գոյություն չունի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային վեճերով ապացուցման բեռի կանոններին համապատասխան Ընկերությունը պետք է ապացուցեր, որ Տիգրան Բաղդասարյանին աշխատանքից ազատելուց հետո Ընկերությունում տեղի է ունեցել արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների այնպիսի փոփոխություն, որոնց արդյունքում հայցվորի զբաղեցրած հաստիքը կրճատվել է և անհնարին է եղել նրան վերականգնել նախկին հաստիքում: Ընդ որում, տվյալ դեպքում անհրաժեշտ է նաև հաշվի առնել «Բաժնետիրական ընկերությունների» մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթներն Ընկերության կողմից պահպանված լինելու հանգամանքը, ինչը, սակայն, Ընկերության կողմից չի ապացուցվել:

Ավելին, ՀՀ Սահմանադրական դատարանը, 19.03.2019 թվականի թիվ ՍԴՈ-1449 որոշմամբ, արձանագրել է, որ «(...) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված` գործատուի կողմից աշխատանքի էական պայմանները փոփոխելու իրավունքը չի ենթադրում վերջինիս լիակատար ազատություն` ցանկացած նոր պայման սահմանելու առումով: Գործատուի կողմից յուրաքանչյուր էական պայմանի փոփոխումը պետք է լինի ողջամիտ և անհրաժեշտ: (...)Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, համաձայն որի յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք, Սահմանադրական դատարանը գտնում է, որ աշխատանքի էական պայմանների փոփոխության գործընթացը պետք է լինի իրավաբանորեն հստակ ձևակերպված. աշխատանքի էական պայմանները փոփոխող ակտում պետք է հիմնավորվի փոփոխության անհրաժեշտությունը և համապատասխանությունն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: Նման մոտեցումը բխում է Սահմանադրության վերոհիշյալ նորմից, քանի որ նման պայմաններում աշխատողը հնարավորություն է ստանում արդյունավետ պաշտպանվել աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում»:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, թեև իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ «գործատուն չի ապացուցել Ընկերությունում հայցվորի զբաղեցրած «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիքի կրճատման, դրանով պայմանավորված` իր նախկին աշխատանքում վերականգնման անհնարինության փաստերը», այդուհանդերձ, հանգել է սխալ եզրահանգման` դատական ակտը մասնակիորեն բեկանելուց հետո գործը նոր քննության ուղարկելու առումով:

Հետևաբար, հաշվի առնելով օրենսդրի կողմից սահմանված` աշխատանքային իրավահարաբերություններում ապացուցման բեռի բաշխման առանձնահատկությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման պարտականություն կրող անձը` Ընկերությունը, չի ապացուցել, որ Ընկերությունում Տիգրան Բաղդասարյանի զբաղեցրած «Վարչական գծով տնօրեն»-ի հաստիքն օրենքով սահմանված կարգով կրճատվել է, չնայած այն հանգամանքին, որ Դատարանն ապացուցման պարտականությունն օրենքին համապատասխան բաշխել է, ուստի հաստիքի կրճատման փաստի վիճելի մնալու դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի Ընկերությունը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բացակայում է նոր քննության անհրաժեշտությունը, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված` նոր քննության շրջանակում ներառված փաստերի ապացուցման բեռն արդեն իսկ բաշխվել է Դատարանի կողմից, իսկ Ընկերությունը չի ապացուցել հայցվորի նախկին աշխատանքում վերականգնման անհնարինության փաստը, որպիսի պայմաններում Տիգրան Բաղդասարյանի հայցը` նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասերով, ենթակա է բավարարման:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի վճռի դեմ Ընկերության և Տիգրան Բաղդասարյանի բերած վերաքննիչ բողոքները, որոշել է Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել, իսկ Տիգրան Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն: Արդյունքում որոշվել է Դատարանի 25.04.2019 թվականի վճիռը մասնակիորեն` Տիգրան Բաղդասարյանի հայցը` աշխատանքում վերականգնելու և դրանից բխող հետագա հարկադիր պարապուրդի վճարման պահանջները մերժելու մասերով, բեկանել և գործն այդ մասով ուղարկել նոր քննության: Իսկ Դատարանի վճիռը` Ընկերության գործադիր տնօրենի 06.02.2018 թվականի հրամանն անվավեր ճանաչելու և 06.02.2018 թվականից մինչև 06.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջները բավարարելու մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 22.10.2019 թվականի որոշումը Տիգրան Բաղդասարյանի կողմից բողոքարկվել է միայն Դատարանի 25.04.2019 թվականի վճիռը մասնակիորեն` Տիգրան Բաղդասարյանի հայցն ընդդեմ Ընկերության` աշխատանքում վերականգնելու և դրանից բխող հետագա հարկադիր պարապուրդի վճարման պահանջների մասերով, բեկանելու և գործն այդ մասով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու մասով:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանի 22.10.2019 թվականի որոշումը վերանայում է միայն վերը նշված մասով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` Ընկերության գործադիր տնօրենի 06.02.2018 թվականի հրամանն անվավեր ճանաչելու և 06.02.2018 թվականից մինչև 06.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասով, մտել է օրինական ուժի մեջ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 22.10.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի իրավակարգավորումը վերաբերում է աշխատանքային հարաբերություններում հայցվորի կողմից պետական տուրքից ազատված լինելուն, այդուհանդերձ չի ազատում հարաբերությունների մյուս կողմին պետական տուրքի վճարումից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով ներկայացված է աշխատանքային վեճի վերաբերյալ հայց, որը ներառում է երեք պահանջ: Դրանցից երկուսը` Ընկերության տնօրեն Ա. Պողոսյանի 06.02.2018 թվականի հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ պահանջները, ոչ դրամական են, իսկ մյուսը` հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասին պահանջը` դրամական է: Անդրադառնալով ներկայացված պահանջների բնույթին` հիմնական և ածանցյալ լինելու տեսանկյունից, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու մասին պահանջը հիմնական պահանջ է: Հիմնական պահանջ է նաև նախկին աշխատանքում վերականգնելու մասին պահանջը, քանի որ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու մասին պահանջի բավարարումն անվերապահորեն չի կարող հանգեցնել նախկին աշխատանքում վերականգնելուն, որպիսի հետևությունը բխում է նույն իրավական նորմի մեկնաբանությունից:

Ինչ վերաբերում է հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասին պահանջի բնույթին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն իր բնույթով ածանցյալ է, քանի որ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու դեպքում այն ենթակա է անվերապահ բավարարման, որպիսի պայմաններում այդ պահանջի համար պետական տուրք չի գանձվում:

Նման պայմաններում, հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Տիգրան Բաղդասարյանի հայցը` նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասերով ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայց ներկայացնելու համար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2019 թվականի որոշումը` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԱԴ/1385/02/18 քաղաքացիական գործով 25.04.2019 թվականի վճիռը մասնակիորեն` Տիգրան Բաղդասարյանի հայցն ընդդեմ»Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի` աշխատանքում վերականգնելու և դրանից բխող հետագա հարկադիր պարապուրդի վճարման պահանջների մասերով, բեկանելու և գործն այդ մասով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու մասով և այդ մասով այն փոփոխել` Տիգրան Բաղդասարյանի հայցն ընդդեմ «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի` աշխատանքում վերականգնելու և դրանից բխող հետագա հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասով, բավարարել.

Տիգրան Բաղդասարյանին վերականգնել նախկին աշխատանքում` «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի Վարչական գծով տնօրենի պաշտոնում:

«Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ից հօգուտ Տիգրան Բաղդասարյանի շարունակել բռնագանձել միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումարը` սկսած 06.02.2019 թվականից մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը:

2. «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.08.2020
N ԱՐԱԴ/1385/02/18
Որոշում