Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ, 195-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ, 195-ՐԴ ԵՎ 265-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                       ԵԴ/22289/02/18

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22289/02/18   2020 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Մ. Հարթենյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արտակ Խաչատրյանի հայցի ընդդեմ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում` հատուցման գումարները բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արտակ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի 27.08.2018 թվականի թիվ 757-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում Ընկերությանը պարտավորեցնել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար իրեն վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ու աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել հայցադիմումը լրացնելու մասին դիմումում նշված գումարները` հիմք ընդունելով իր կողմից տրամադրված հաշվարկները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Դավթյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի 27.08.2018 թվականի թիվ 757-Ա հրամանը` Ընկերության իրավաբանական ծառայության պետ Արտակ Խաչատրյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, սկսած 28.08.2018 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելն Ընկերությունից հօգուտ Արտակ Խաչատրյանի բռնագանձել օրական 86.613,74 ՀՀ դրամ` որպես հարկադիր պարապուրդի հատուցման գումար, Ընկերությունից հօգուտ Արտակ Խաչատրյանի բռնագանձել վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` նրա միջին ամսական աշխատավարձի` 1.818.888,65 ՀՀ դրամի իննապատիկի չափով, Ընկերությունից հօգուտ Արտակ Խաչատրյանի բռնագանձել 1.400.000 ՀՀ դրամ` որպես 30.07.2010 թվականի թիվ 7 ի 513/4 համաձայնագրով նախատեսված նպաստ թվով երկու` 2016-2017 թվականների և 2017-2018 թվականների աշխատանքային տարիների արձակուրդների դիմաց. հայցը` մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ընկերության ներկայացուցչի` պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Ընկերության ներկայացուցչի` պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արտակ Խաչատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ, 195-րդ և 265-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում ընդգրկված միջին օրական աշխատավարձի գումարը ենթակա է բռնագանձման միայն աշխատանքային օրերի համար: Դրանից ելնելով` Վերաքննիչ դատարանը որպես ելակետային տվյալ պետք է հիմք ընդուներ 28.08.2018 թվականից մինչև 18.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածը, և հարկադիր պարապուրդի գումարը հաշվարկեր տվյալ ժամանակահատվածում եղած միայն աշխատանքային օրերի համար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության կողմից հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը հաշվարկվել է հավելավճարով, այսինքն` 28.08.2018 թվականից մինչև 31.08.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար, որում աշխատանքային օրերի քանակը կազմել է 250 օր:

Վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքը կազմել է 1.192.703 ՀՀ դրամ, մինչդեռ Ընկերությունն այն վճարել է ավել չափով` 1.203.000 ՀՀ դրամ: Վերաքննիչ դատարանը, նշելով, որ վերաքննիչ բողոքին կցվել է սահմանված` 1.491.519 ՀՀ դրամի չափից պակաս պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, չի պատճառաբանել, թե որ բանաձևով է հաշվարկել և ստացել այդ գումարը:

Կատարված հաշվարկների արդյունքում Ընկերությունը հանգել է այն հետևության, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ և 265-րդ հոդվածների դրույթները, որի արդյունքում հարկադիր պարապուրդի գումարը հաշվարկել է նաև ոչ աշխատանքային օրերի համար, այն է` 365 օրով, ինչը դուրս է բոլոր իրավական ձևակերպումներից:

i

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրել է, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ: Դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

Վերաքննիչ դատարանը թույլ է տվել առերևույթ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` դրանով իսկ անձին զրկելով օրենսգրքով սահմանված կարգով դատարան դիմելու իրավունքից` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 23.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշելիս ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ և 104-րդ հոդվածների ու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով և հաշվի է առել, որ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում վիճարկվում են Դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, և իր կողմից Դատարանում հարուցված ու Ընկերության կողմից բողոքարկվող հայցի հայցագնի կազմում ներառվել է նաև հարկադիր պարապուրդի դիմաց վճարվելիք գումարը, որի հաշվարկը ներկայացվել է օրացուցային օրերով:

Ընկերությունը, խնդրելով տրամադրել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի գծով արտոնություն, վերաքննիչ բողոքը ներկայացնելիս գիտակցել է, որ իր կողմից վճարած պետական տուրքի չափը պակաս է օրենքով նախատեսված չափից:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են համապատասխան բողոք ներկայացնելիս դրա ձևը և բովանդակությունը պահպանելը:

i

Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (...):

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` միևնույն ժամանակ նախատեսելով այդ իրավունքի իրականացման կարգը: Այսպես` օրենսդիրը գործին մասնակցող անձի վրա պարտականություն է դրել վերաքննիչ բողոք ներկայացնելիս դրան կից ներկայացնելու նաև պետական տուրքը վճարելու մասին ապացույցներ, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերողն օրենքով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից կամ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն և բողոքին կցված է կամ բողոքում ներառված է դրա վերաբերյալ միջնորդությունը:

Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Տվյալ դեպքում գործին մասնակցող անձի կողմից վերը նշված պահանջը չպահպանելը օրենսդիրը դիտել է որպես վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք, եթե բացակայում են վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը: Միաժամանակ օրենսդիրը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել դատարան, իսկ նույն դատարանին իրավունք է վերապահել տրամադրված ժամկետում նոր ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, եթե նոր վերաքննիչ բողոք ներկայացնելիս դրանում չեն վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (...): Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման կայացմանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված արտոնություններից պետական տուրքի վճարումից ազատմանը և պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգմանը, գտնում է, որ դրանցից յուրաքանչյուրը սահմանելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս անհրաժեշտ է պարզել նաև հետևյալ հարցերը` արդյո՞ք համապատասխան վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար, հաշվի առնելով ինչպես այն ներկայացրածի անձը, այնպես էլ` խնդրարկվող պահանջը, ընդհանրապես ենթակա է պետական տուրք վճարման, թե` ոչ, և եթե այո, ապա արդյո՞ք վերաքննիչ բողոք ներկայացրած անձն այն պակաս է վճարել, թե` ոչ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ թեկուզև վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, սակայն վերջինս օրենքով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից կամ պետական տուրքն ամբողջությամբ վճարված է, ապա Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ միջնորդության մեջ նշված պահանջով:

Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ այդ միջնորդությունները քննարկելիս և լուծելիս ևս պետք է հաշվի առնել, որ այն հարուցած անձն ակնկալել է իր կողմից հարուցված միջնորդության միջոցով բարձրացված հարցի որոշակի լուծում, որի դեպքում դատարանը պարտավոր է իր եզրահանգումները հիմնավորել` բացառապես ելնելով գործի փաստերից: Այլ կերպ ասած` դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է վերաբերի գործի փաստական հանգամանքներին և հարուցված միջնորդության բովանդակությանը, հակառակ պարագայում կհամարվի, որ բացակայում է տվյալ գործի փաստական կազմից բխող համապատասխան եզրահանգումը, իսկ դրա հետևանքով` նաև դատարանի որոշումը հարուցված միջնորդության վերաբերյալ, ինչն իր հերթին կհանգեցնի անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը, որն ի թիվս այլնի իր մեջ ներառում է իրավական որոշակիության սկզբունքի պահպանում, որը inter alia պահանջում է, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61): Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված համապատասխան միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումն առաջին հերթին պետք է բխի տվյալ գործի փաստերից, որը պայմանավորված է յուրաքանչյուր անձի` իր գործով որոշակի և հաստատուն դատական ակտ ստանալու ակնկալիքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

i

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

i

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցագինը որոշվում է` դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն Գլուխ 10-րդ Դատական ծախսեր գլխի կանոններին համապատասխան:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա», «բ» ենթակետերի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է`

ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման հիմնախնդրին, նշել է, որ յուրաքանչյուր գործով պետական տուրքի վճարման ենթակա չափը որոշվում է հաշվի առնելով տվյալ գործով ներկայացված հայցապահանջը, իսկ դատական ակտը բողոքարկելիս` բողոքարկման ծավալը: Ըստ այդմ էլ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի դրույքաչափերը` այն պայմանավորելով օրենքով սահմանված մի շարք հանգամանքներով: Օրինակ` ըստ ներկայացված հայցապահանջի տեսակի (գույքային և ոչ գույքային, դրամական և ոչ դրամական), ըստ բողոքարկվող ատյանների (վերաքննիչ և վճռաբեկ), ըստ վարույթի տեսակների (հատուկ վարույթի վերաբերյալ գործերով դիմումների և այլ դիմումների): Ընդ որում, օրենսդրի կողմից կարևորվել է նաև վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման չափը` այն կախվածության մեջ դնելով դատական ակտի բողոքարկման ծավալից: Այսինքն` վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս անձի կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից: Հետևաբար անձն օգտվելով իր տնօրինչական իրավունքից ինչ ծավալով, որ բողոքարկում է դատական ակտը` այն չափով էլ օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան ենթակա է հաշվարկման և վճարման պետական տուրքը (տե՛ս, Կարեն Գևորգյանն, Ալիս Ղանթարչյանն ընդդեմ Լևոն Գևորգյանի թիվ ԵԱՔԴ/4664/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` ներկայացված հայցով Արտակ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի 27.08.2018 թվականի թիվ 757-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում Ընկերությանը պարտավորեցնել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար իրեն վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ու աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 12.12.2018 թվականի հայցադիմումի լրացման մեջ ներկայացված գումարները` հիմք ընդունելով իր կողմից տրամադրված հաշվարկները (հավելված, գ.թ. 21):

Դատարանի 05.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է`

1. անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի 27.08.2018 թվականի թիվ 757-Ա հրամանը` Ընկերության իրավաբանական ծառայության պետ Արտակ Խաչատրյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին,

2. սկսած 28.08.2018 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելն Ընկերությունից հօգուտ Արտակ Խաչատրյանի բռնագանձել օրական 86.613,74 ՀՀ դրամ` որպես հարկադիր պարապուրդի հատուցման գումար,

3. Ընկերությունից հօգուտ Արտակ Խաչատրյանի բռնագանձել վերջինիս աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` նրա միջին ամսական աշխատավարձի` 1.818.888,65 ՀՀ դրամի իննապատիկի չափով,

4. Ընկերությունից հօգուտ Արտակ Խաչատրյանի բռնագանձել 1.400.000 ՀՀ դրամ` որպես 30.07.2010 թվականի թիվ 7 ի 513/4 համաձայնագրով նախատեսված նպաստ թվով երկու` 2016-2017 թվականների և 2017-2018 թվականների աշխատանքային տարիների արձակուրդների դիմաց.

Հայցը` մնացած մասով մերժվել է (հավելված, գ.թ. 35):

Դատարանի 05.06.2019 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերությունը` պահանջելով բեկանել այդ դատական ակտը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության: Վերաքննիչ բողոքին կից Ընկերությունը ներկայացրել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարելու մասին անդորրագիր` միաժամանակ միջնորդելով հետաձգել մնացած պետական տուրքի վճարումը (հավելված, գ.թ. 34-50):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ընկերության ներկայացուցչի` պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի ներկայացրել իր գույքային ծանր դրությունը հիմնավորող ապացույցներ և վերաքննիչ բողոքը, ի թիվս այլ խախտումների, վերադարձվել է (հավելված, գ.թ. 51-52):

12.07.2019 թվականին ստանալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 03.07.2019 թվականի որոշումը և 16.07.2019 թվականին կատարելով ևս 1.183.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարում` Ընկերությունը 15-օրյա ժամկետում կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրան կից ներկայացնելով նշված վճարման կատարումը հավաստող անդորրագիրը: Միևնույն ժամանակ Ընկերությունը միջնորդություն է ներկայացրել 28.08.2018 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը Դատարանի սահմանած հարկադիր պարապուրդի գումարի մասով պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու մասին` պատճառաբանելով, որ դրանից ելնելով` այդ գումարը չի կարող հաշվարկել (հավելված, գ.թ. 76-87):

Վերաքննիչ դատարանի 23.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Ընկերության ներկայացուցչի` պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «Վերաքննիչ դատարանի 03.07.2019թ. որոշմամբ արձանագրված խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել: Մասնավորապես, վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց (վերաքննիչ բողոքին կցված` 11.06.2019 թվականի և 16.07.2019 թվականի վճարման հանձնարարագրի թիվ 000549 և թիվ 00975 անդորրագրերի համաձայն` վերաքննիչ բողոքի համար վճարվել է համապատասխանաբար 20.000 դրամի և 1.183.000 դրամի չափ պետական տուրք` 1.491.519 դրամի փոխարեն)»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «տվյալ դեպքում բողոք բերած անձը պետական տուրքի պակաս վճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ իր միջնորդության հիմքում դրել է ոչ թե իր գույքային ծանր դրությունը, այլ այն հանգամանքը, որ դատարանը հարկադիր պարապուրդի գումարը սահմանել է 28.08.2018 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը և այս պայմաններում մատնանշված գումարը չի կարող հաշվարկվել, հետևաբար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի կիրառման պայմանը բացակայում է, ուստի պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին բողոք բերած անձի միջնորդությունը ենթակա է մերժման, առավել ևս, որ վճարման ենթակա պետական տուրքի չափն էլ հնարավոր է որոշել` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան»:

Վերը նշվածի հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ համապատասխան միջնորդությունը քննարկելիս և լուծելիս Վերաքննիչ դատարանի կատարած եզրահանգումն այն մասին, որ «որոշմամբ արձանագրված խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել` վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց», չի բխում գործի փաստական կազմից և հարուցում է կասկած, քանի որ այն, ըստ էության, չի վերաբերում գործի փաստական հանգամանքներին հետևյալ պատճառաբանությամբ.

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Վերաքննիչ դատարանը պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման մասին միջնորդությունը քննելիս և դրա վերաբերյալ որոշում կայացնելիս նախ պարտավոր էր պարզել նաև հետևյալ հարցերը` արդյո՞ք համապատասխան վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար` հաշվի առնելով ինչպես այն ներկայացրածի անձը, այնպես էլ` խնդրարկվող պահանջը, ընդհանրապես ենթակա էր վճարման պետական տուրք, թե` ոչ, և եթե այո, ապա արդյո՞ք վերաքննիչ բողոք ներկայացրած անձն այն պակաս է վճարել, թե` ոչ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ներկայացված վերաքննիչ բողոքի համար ենթակա էր վճարման պետական տուրք` հիմք ընդունելով վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամանակ գործած վերը նշված օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

Պարզելու համար, թե որոնք են սույն գործով դրամական և ոչ դրամական պահանջները, հիմնական և ածանցյալ պահանջները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումներին: Այսպես`

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

Սույն գործով ներկայացված է աշխատանքային վեճի վերաբերյալ հայց, որը ներառում է հինգ պահանջ: Դրանցից երկուսը` Ընկերության գլխավոր տնօրենի 27.08.2018 թվականի թիվ 757-Ա հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ պահանջները, ոչ դրամական են, իսկ մյուս երեքը` հարկադիր պարապուրդը, աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցումը բռնագանձելու, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված նպաստի գումարները բռնագանձելու մասին պահանջները` դրամական են:

Անդրադառնալով ներկայացված պահանջների բնույթին` հիմնական և ածանցյալ լինելու տեսանկյունից, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու մասին պահանջը հիմնական պահանջ է: Հիմնական պահանջ է նաև նախկին աշխատանքում վերականգնելու մասին պահանջը, քանի որ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու մասին պահանջի բավարարումն անվերապահորեն չի կարող հանգեցնել նախկին աշխատանքում վերականգնելուն, որպիսի հետևությունը բխում է նույն իրավական նորմի մեկնաբանությունից:

Հիմնական պահանջ է նաև համաձայնագրով նախատեսված նպաստի գումարները բռնագանձելու մասին պահանջը, որպիսի հետևությունն ինչպես բխում է սույն գործով կողմերի միջև 30.07.2010 թվականին կնքված` 16.12.2008 թվականին կնքված թիվ 7.513 աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին թիվ 7.513/4 համաձայնագրի բովանդակությունից, այնպես էլ պայմանավորված է նրանով, որ սույն գործով ներկայացված` վերը նշված հիմնական պահանջների բավարարումն անվերապահորեն չի կարող հանգեցնել այդ պահանջի բավարարմանը:

Ինչ վերաբերում է հարկադիր պարապուրդի գումարը և աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցումը բռնագանձելու մասին պահանջների բնույթին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանցից հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջն իր բնույթով ածանցյալ է, քանի որ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու դեպքում այն ենթակա է անվերապահ բավարարման: Անվերապահ բավարարման է ենթակա նաև աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցումը բռնագանձելու մասին պահանջն այն դեպքում, երբ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերից որևէ մեկի առկայությամբ պայմանավորված անհնարին է աշխատողին իր նախկին աշխատանքում վերականգնելը:

Նման պայմաններում, հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն` համապատասխան պահանջների մասով, իսկ այդ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով պահանջվել է բավարարված մասով վճիռը բեկանել ամբողջությամբ և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքը ենթակա էր վճարման առավելագույնը 52.000 ՀՀ դրամ, որից 10.000 ՀՀ դրամ` որպես Ընկերության գլխավոր տնօրենի 27.08.2018 թվականի թիվ 757-Ա հրամանն անվավեր ճանաչելու հիմնական ոչ դրամական պահանջի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար, և 42.000 ՀՀ դրամ (1.400.000 ՀՀ դրամ x 3% + 100)` որպես Ընկերությունից հօգուտ Արտակ Խաչատրյանի համապատասխան համաձայնագրով նախատեսված նպաստի գումարը բռնագանձելու պահանջի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Նման պայմաններում, նկատի ունենալով այն, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են ընդհանուր 1.203.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարելու մասին ապացույցներ, իսկ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, առավելագույնը ենթակա էր վճարման 52.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, այսինքն` պետական տուրքը բոլոր դեպքերում վճարվել է օրենքով սահմանված չափից ավելի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այդ մասով չի բխում գործի փաստական կազմից:

Վերը նշվածը բավարար հիմք է նաև արձանագրելու, որ անհիմն է նաև պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու հիմքում դրված պատճառաբանությունը, քանի որ թեկուզև վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, սակայն պետական տուրքն ամբողջությամբ վճարված լինելու պայմաններում այն վերը նշված դիրքորոշումների համատեքստում արդեն իսկ առարկայազուրկ էր:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը` կապված նոր վերաքննիչ բողոք ներկայացնելիս վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները չվերացնելու և բողոք ներկայացրած անձի հարուցած միջնորդությունը քննարկելու հետ, չեն բխում վերը նշված դիրքորոշումներից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, սահմանափակել է Ընկերության` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 23.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.07.2020
N ԵԴ/22289/02/18
Որոշում