i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Քաղաքացիական գործ
և վարչական պալատի որոշում թիվ ԼԴ/1336/02/08
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1336/02/08 2020 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
2020 թվականի հունիսի 12-ին
գրավոր ընթացակարգով քննելով Լևոն, Աշոտ, Արծրուն Ալիխանյանների և Ռիմա Մելիքսեթյանի (Ալիխանյանի) ներկայացուցիչ Կարեն Թումանյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի «Թեղուտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Լևոն, Աշոտ, Արծրուն և Ռիմա Ալիխանյանների` ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող թիվ 300-026 և թիվ 309-032 ծածկագրերով անշարժ գույքի` համապատասխանաբար 0,488 հա և 0,373 հա մակերեսներով հողամասերը համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.08.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Լևոն, Աշոտ, Արծրուն և Ռիմա Ալիխանյաններին պարտավորեցնել համարժեք փոխհատուցմամբ օտարել ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող թիվ 300-026 և թիվ 309-032 ծածկագրերով անշարժ գույքի` համապատասխանաբար 0,488հա և 0,373հա մակերեսներով հողամասերը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 28.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Խառատյան, դատավորներ` Կ. Չիլինգարյան, Կ. Հակոբյան) 18.06.2009 թվականի որոշմամբ Լևոն Ալիխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.11.2008 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.08.2009 թվականի որոշմամբ Լևոն Ալիխանյանի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն, Աշոտ, Արծրուն Ալիխանյանների և Ռիմա Մելիքսեթյանի (Ալիխանյանի) ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 4168/10) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 14.03.2019 թվականի վճիռը, որի համաձայն` սույն գործի շրջանակներում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Մասնավորապես, Եվրոպական դատարանը նշել է, որ «50. սույն գործում վիճելի չէ այն փաստը, որ տեղի է ունեցել «գույքից զրկում»` թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով (...)»: Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ «62. (...) դիմումատուները ստիպված են եղել ավելորդ առանձին բեռ կրել: Հետևաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.08.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2009 թվականի որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Լևոն, Աշոտ, Արծրուն Ալիխանյանները և Ռիմա Մելիքսեթյանը (Ալիխանյանը), պահանջելով դատական ակտի վերանայում, ըստ էության վիճարկում են տրամադրված փոխհատուցման գումարի չափը, որի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած, ի կատար ածված դատական ակտ: Եվրոպական դատարանն արդեն իսկ իր վճռով տրամադրել է նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում գույքի դիմաց, ինչը Կոնվենցիայի իմաստով նպատակ ունի փոխհատուցել խախտման արդյունքում առաջացած վնասները:
Սույն քաղաքացիական գործի վերանայման պահանջը փոխհատուցման կրկնակի պահանջի ներկայացում է, որն ուղղակիորեն խախտում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտի վերջնական լինելու սկզբունքը: Բացի այդ, փոխհատուցման պահանջի կրկնակի ներկայացումը և բողոքաբերների օգտին գումարի կրկնակի բռնագանձումը կրկնակի պատասխանատվություն է և անհամաչափ միջամտություն կատարված արարքի համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դատարանի 28.11.2008 թվականի վճռով Ընկերության հայցն ընդդեմ Լևոն, Աշոտ, Արծրուն և Ռիմա Ալիխանյանների բավարարվել է, և ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող Լևոն, Աշոտ, Արծրուն և Ռիմա Ալիխանյաններին պատկանող թիվ 300-026 ծածկագրով 0,488 հա հողամասը և բնակելի շինությունը 1.987.200 ՀՀ դրամ գումարի փոխհատուցմամբ, իսկ թիվ 309-032 ծածկագրով 0,373 հա մակերեսով հողամասը 217.350 ՀՀ դրամ գումարի փոխհատուցմամբ օտարվել է Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 137-140):
2) Վերաքննիչ դատարանի 18.06.2009 թվականի որոշմամբ Լևոն Ալիխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.11.2008 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (հատոր 2-րդ, գ.թ. 78-80):
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.08.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 18.06.2009 թվականի որոշման դեմ Լևոն Ալիխանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 2-րդ, գ.թ 98-101):
4) Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 4168/10) գործով Եվրոպական դատարանը 14.03.2019 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով «հայտարարել է» Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի մասով բողոքն ընդունելի և վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Եվրոպական դատարանը վերը նշված վճիռը հիմնավորել է նրանով, որ «58. (...) դատարանները դիմումատուներին վճարման ենթակա փոխհատուցման չափը որոշել են` բացառապես հիմնվելով «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի կողմից պատրաստված գնահատման եզրակացության վրա, որն իր սկզբնական գնահատումը փոփոխել է` գործով վարույթի ընթացքում ներկայացնելով ուղղված եզրակացություն: Չնայած այն փաստին, որ դիմումատուներն ունեցել են այլընտրանքային գնահատման եզրակացություն ներկայացնելու` օրենքով նախատեսված հնարավորություն, պարզվել է, որ գործնականում զրկված են եղել այդպիսի հնարավորությունից, քանի որ այլ լիցենզավորված գնահատման ընկերություններ հրաժարվել են իրականացնել մեկ այլ գնահատում: Դատարանները չեն իրականացրել փորձաքննություն նշանակելու իրենց լիազորությունը` որոշելու համար դիմումատուների գույքի իրական շուկայական արժեքը, որը դիմումատուների պնդմամբ էականորեն ցածր էր գնահատվել», «59. (...) այն իրավիճակում, երբ դիմումատուների հողի շուկայական արժեքը որոշվել է նույն տարածքում գտնվող հողամասերի վաճառքի գների հիման վրա, չի կարելի բացառել, որ դիմումատուները չէին կարողանա ձեռք բերել ստացված փոխհատուցման գումարին համարժեք` օտարման ոչ ենթակա մեկ այլ տարածքում գտնվող հող կամ այն գտնելու հետ կապված` առնվազն լուրջ դժվարություններ կունենային», «60. չսահմանափակելով համապատասխան ներպետական դրույթները և այս հարցերով պետության հայեցողական լիազորությունների շրջանակը` Դատարանը համարում է, որ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը` նույնիսկ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ, չի համարվի բավարար փոխհատուցում` գույքից զրկելու դիմաց: Դատարանը կարծում է, որ նման իրավիճակ կարող է առաջանալ մասնավորապես այն դեպքում, երբ անձը զրկվում է իր եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրից, և առաջարկվող փոխհատուցումը չի համապատասխանում այդ կորստին (...)»: Եվրոպական դատարանը, մասնավորապես` ընդգծել է, որ «61. (...) այն հիմնական հայեցակետը, որ օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի միակ աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից` հատկացվող պատշաճ փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում (...)»: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ «(...) Դատարանները չեն դիտարկել այն, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների` ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը կամ արդյոք այն բավարար կլինի, որ նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում են (...)»: Եվրոպական դատարանը գտել է, որ «62. (...) դիմումատուները ստիպված են եղել ավելորդ առանձին բեռ կրել, հետևաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ» (Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 4168/10) Եվրոպական դատարանի 14.03.2019 թվականի վճիռը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
i
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
i
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:
i
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, գլխավոր դատախազը և նրա տեղակալը` օրենքով նախատեսված դեպքերում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...):
i
Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե՛ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Այսպես` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249):
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են` հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա:
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selguk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Ocalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում: Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Հետևաբար, Եվրոպական դատարանի Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Լևոն, Աշոտ, Արծրուն և Ռիմա Ալիխանյաններին պարտավորեցնել համարժեք փոխհատուցմամբ օտարել ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող թիվ 300-026 և թիվ 309-032 ծածկագրերով անշարժ գույքի` համապատասխանաբար 0,488հա և 0,373հա մակերեսներով հողամասերը:
Համաձայն «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման ԱԳ-N 3359 և ԱԳ-N 3327 հաշվետվությունների` Լևոն, Արծրուն, Ռիմա, Աշոտ Ալիխանյաններին սեփականության իրավունքով պատկանող թիվ 300-026 ծածկագրով 0,488հա խոտհարքի շուկայական արժեքը 25.03.2008 թվականի դրությամբ կազմում է 304.000 ՀՀ դրամ, իսկ թիվ 309-032 ծածկագրով 0,373 հա վարելահողի արժեքը` 183.000 ՀՀ դրամ:
«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման նոր ԱԳ-4747 հաշվետվության և ուղղված ԱԳ-3327 հաշվետվության համաձայն` Լևոն, Արծրուն, Ռիմա, Աշոտ Ալիխանյաններին սեփականության իրավունքով պատկանող թիվ 300-026 ծածկագրով 0,488 հա խոտհարքի և բնակելի շինության շուկայական արժեքը 25.03.2008 թվականի դրությամբ կազմում է 1.728.000 ՀՀ դրամ, իսկ թիվ 309-032 ծածկագրով 0,373 հա վարելահողի արժեքը` 189.000 ՀՀ դրամ: Նշված հողերի համարժեք փոխհատուցման գումարը, ներառյալ 15% հավելում, կազմել է համապատասխանաբար 1.987.200 ՀՀ դրամ և 217.350 ՀՀ դրամ:
Դատարանի 28.11.2008 թվականի վճռով Ընկերության հայցն ընդդեմ Լևոն, Աշոտ, Արծրուն և Ռիմա Ալիխանյանների բավարարվել է, և ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող Լևոն, Արծրուն, Ռիմա, Աշոտ Ալիխանյաններին պատկանող թիվ 300-026 ծածկագրերով 0,488հա հողամասը և բնակելի շինությունը 1.987.200 ՀՀ դրամ գումարի փոխհատուցմամբ, իսկ թիվ 309-032 ծածկագրով 0,373 հա հողամասը 217.350 ՀՀ դրամ գումարի փոխհատուցմամբ օտարվել է Ընկերությանը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2009 թվականի որոշմամբ Լևոն Ալիխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.11.2008 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.08.2009 թվականի որոշմամբ Լևոն Ալիխանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 4168/10) գործով Եվրոպական դատարանը 14.03.2019 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով «հայտարարել է» Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի մասով բողոքն ընդունելի և վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Եվրոպական դատարանը, մասնավորապես, նշել է, որ «58. (...) դատարանները դիմումատուներին վճարման ենթակա փոխհատուցման չափը որոշել են` բացառապես հիմնվելով «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի կողմից պատրաստված գնահատման եզրակացության վրա, որն իր սկզբնական գնահատումը փոփոխել է` գործով վարույթի ընթացքում ներկայացնելով ուղղված եզրակացություն: Չնայած այն փաստին, որ դիմումատուներն ունեցել են այլընտրանքային գնահատման եզրակացություն ներկայացնելու` օրենքով նախատեսված հնարավորություն, պարզվել է, որ գործնականում զրկված են եղել այդպիսի հնարավորությունից, քանի որ այլ լիցենզավորված գնահատման ընկերություններ հրաժարվել են իրականացնել մեկ այլ գնահատում: Դատարանները չեն իրականացրել փորձաքննություն նշանակելու իրենց լիազորությունը` որոշելու համար դիմումատուների գույքի իրական շուկայական արժեքը, որը դիմումատուների պնդմամբ էականորեն ցածր էր գնահատվել», «59. (...) այն իրավիճակում, երբ դիմումատուների հողի շուկայական արժեքը որոշվել է նույն տարածքում գտնվող հողամասերի վաճառքի գների հիման վրա, չի կարելի բացառել, որ դիմումատուները չէին կարողանա ձեռք բերել ստացված փոխհատուցման գումարին համարժեք` օտարման ոչ ենթակա մեկ այլ տարածքում գտնվող հող կամ այն գտնելու հետ կապված` առնվազն լուրջ դժվարություններ կունենային», «60. չսահմանափակելով համապատասխան ներպետական դրույթները և այս հարցերով պետության հայեցողական լիազորությունների շրջանակը` Դատարանը համարում է, որ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը` նույնիսկ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ, չի համարվի բավարար փոխհատուցում` գույքից զրկելու դիմաց: Դատարանը կարծում է, որ նման իրավիճակ կարող է առաջանալ մասնավորապես այն դեպքում, երբ անձը զրկվում է իր եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրից, և առաջարկվող փոխհատուցումը չի համապատասխանում այդ կորստին (...)», «61. (...) այն հիմնական հայեցակետը, որ օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի միակ աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից` հատկացվող պատշաճ փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում (...)»: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ Դատարանները չեն դիտարկել այն, թե «(...) արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների` ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար կլինի, որ նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում են (...)»: Եվրոպական դատարանը գտել է, որ «62. (...) դիմումատուները ստիպված են եղել ավելորդ առանձին բեռ կրել, հետևաբար վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել Լևոն, Աշոտ, Արծրուն Ալիխանյանների և Ռիմա Մելիքսեթյանի (Ալիխանյանի) կոնվենցիոն իրավունքի խախտում, այն է` Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 4168/10) գործով Եվրոպական դատարանի 14.03.2019 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.08.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 14.03.2019 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնել Լևոն, Աշոտ, Արծրուն Ալիխանյանների և Ռիմա Մելիքսեթյանի խախտված կոնվենցիոն իրավունքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջիններիս` մինչև կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.08.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 18.06.2009 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.08.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 18.06.2009 թվականի որոշումը բեկանելու ու գործը նույն օրենսգրքի 405-րդ և 427-րդ հոդվածների հիմքով Դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.08.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական: