Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ ԵՎ 5 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵՇԴ/0021/04/12

    Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0021/04/12    2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի մայիսի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Երևան համայնքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի (այսուհետ` Համայնք) դիմումի ընդդեմ «Ղարս Մետ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 09.07.2012 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 17.04.2012 թվականի որոշմամբ ժամանակավոր կառավարիչ է նշանակել Կարեն Ասատրյանը:

Դատարանը, քննության առնելով ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից բերված առարկությունը, 29.11.2018 թվականի որոշմամբ անփոփոխ է թողել «Ղարս Մետ» ՍՊ ընկերության ԵՇԴ/0021/04/12 սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից ներկայացված` գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2018 թվականի որոշմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.01.2019 թվականի որոշմամբ` Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 23.01.2019 թվականի որոշումն անհիմն է, քանի որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա չեն եղել խախտումներ, որոնք վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվելու և վերացված չլինելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար կարող էին հիմք հանդիսանալ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը ստորագրվել է դրա իրավասությունն ունեցող անձի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մեկ այլ քաղաքացիական գործով` թիվ ԵԱՔԴ/0172/04/15 սնանկության գործով Կոմիտեի կողմից 07.12.2018 թվականի ներկայացված բողոքը վերաքննիչ դատարանի 24.12.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Ընդ որում տվյալ վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ ՊԵԿ նախագահի` ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանին բողոք ներկայացնելու լիազորություններ վերապահող հրամանը եղել է նույն վավերացմամբ, որով և նշված հրամանը ներկայացվել է սույն գործի շրջանակներում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Կոմիտեի լիազորագրի տրման վավերապայմանների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե ինչ կարգով է ենթակա ձևակերպման և հաստատման տվյալ դեպքում Կոմիտեի կողմից տրված լիազորագիրը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

Նկատի ունենալով այն, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով դատարանում ներկայացուցչության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համեմատ այլ կանոններ սահմանված չեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այդ հարցի վերաբերյալ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնները:

i

Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները` այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի` նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (...):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու համար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

i

Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պետական մարմնի (տվյալ դեպքում` Կոմիտեի) անունից լիազորագիր հասարակ գրավոր ձևով կարող է տրվել նրա ղեկավարի կամ վերջինիս տեղակալի (տվյալ դեպքում Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալի) կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց (տե՛ս ««ՎՏԲ-Հայաստան բանկ»» ՓԲԸ-ն ընդդեմ «»Գեթսեմանի այգի»» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0066/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.02.2019 թվականի որոշումը)

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 29.11.2018 թվականի որոշման դեմ Կոմիտեի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` դրան կցելով Կոմիտեի նախագահի 21.05.2018 թվականի թիվ 314-Ա հրամանը: Նշված հրամանն ստորագրված է Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի կողմից, վավերացված է Կոմիտեի կնիքով, որը պատճենի տեսքով է (գ.թ. 50-52):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.12.2018 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի անունից ստորագրել է Արման Մնացականյանը, իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 21.05.2018 թվականի թիվ 314-Ա հրամանի պատճենը, ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքն ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր, քանի որ պատճենի տեսքով է: Միաժամանակ սահմանվել է ժամկետ` բողոքում թույլ տրված նաև այդ խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (գ.թ. 59-60):

Կոմիտեի անունից կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` բողոքին կցելով Կոմիտեի նախագահի 21.05.2018 թվականի թիվ 314-Ա հրամանը, որը պատճենի տեսքով է, վավերացված է Կոմիտեի` ՀՀ զինանշանով բնօրինակ կնիքով: Բացի այդ, նշված հրամանի վրա կատարված է գրառում ««Իսկականի հետ ճիշտ է, քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյան (ստորագրություն)»», ինչպես նաև վավերացված է Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության բնօրինակ կնիքով, որը բովանդակում է «քարտուղարություն» գրառումը (գ.թ. 93-95):

Վերաքննիչ դատարանը, 23.01.2019 թվականի որոշմամբ, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունումը, արձանագրել է, որ վերջինս չի վերացրել Վերաքննիչ դատարանի 26.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունը: Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգելիս մասնավորապես նշել է, որ «ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի N 702-Լ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության» «Կոմիտեի կառավարումը և ղեկավարումը» վերտառությամբ IV բաժնի 21-րդ կետի 9-րդ կետով սահմանվում է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարը անհրաժեշտության դեպքում կնքում է (...) կոմիտեի ղեկավարի (...) անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ««Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի անունից ստորագրել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը: Բողոքին կից ներկայացվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 21.05.2018 թվականի թիվ 314-Ա հրամանի պատճենը: Հրամանի պատճենի վրա առկա են քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառում և «քարտուղարություն» գրառում բովանդակող, «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» գրառում բովանդակող կնիքներ, որպիսի պայմաններում հրամանի պատճենը չի կարող գնահատվել որպես պատշաճ վավերացված, քանի որ առկա չէ քարտուղարության պետ Ս.Մարտիրոսյանի` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի շահերն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունենալը կամ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանները վավերացնելու լիազորությունը հավաստող փաստաթուղթ»» (գ.թ. 98-99):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

i

Լիազորագրի տրման (Կոմիտեի նախագահի 21.05.2018 թվականի թիվ 314-Ա հրամանի)` ժամանակ գործող ՀՀ կառավարության 10.03.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշման (ուժը կորցրել է 30.06.2018 թվականին) 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` Կոմիտեի նախագահն իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր (...):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրած անձի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի լիազորությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հավաստված լինելու հարցին, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի և Կոմիտեի վերը նշված կանոնադրության ուժով վերջինիս անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունքը վերապահված է Կոմիտեի նախագահին, որը կարող է այլ անձանց օժտել Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությամբ` տալով համապատասխան լիազորագիր: Այսինքն` դատարանում Կոմիտեի գործերը ենթակա են վարման Կոմիտեի նախագահի, ինչպես նաև Կոմիտեի անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող այլ անձանց միջոցով: Ընդ որում, Կոմիտեի անունից լիազորագիրը պետք է տրվի նրա ղեկավարի (տվյալ դեպքում` նախագահի) ստորագրությամբ: Ավելին` լիազորագիրը պետք է նշում պարունակի Կոմիտեի ղեկավարի (տվյալ դեպքում նախագահի) կողմից լիազորած անձի (անձանց)` Կոմիտեի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու մասին:

Տվյալ դեպքում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, ում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագիր է տվել Կոմիտեի նախագահը` օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ իրեն վերապահված իրավունքից: Նշված լիազորագիրն ստորագրված է Կոմիտեի նախագահի կողմից: Ավելին` այդ լիազորագրի վրա, բացի Կոմիտեի` ՀՀ զինանշանով կնիքի պատճենից առկա է նաև նույն կնիքի բնօրինակը, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության պետի գրառումն այն մասին, որ «իսկականի հետ ճիշտ է»` վավերացված նույն քարտուղարության բնօրինակ կնիքով` ««Քարտուղարություն»» գրառմամբ և քարտուղարության պետի ստորագրությամբ: Նույն լիազորագրում հատուկ նախատեսված է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը, ինչպես նաև լիազորագրի 6-րդ կետում նշված է, որ (...) հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է երեք տարի ժամկետով (...): Կոմիտեի անունից վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 15.01.2019 թվականին (գ.թ. 97):

Բացի այդ, գործում առկա լիազորագրի (21.05.2018 թվականի թիվ 314-Ա հրամանի) ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագրի յուրաքանչյուր էջի վրա առկա են Կոմիտեի բնօրինակ կնիքները, որպիսի հանգամանքը սույն գործով վիճարկված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի անունից տրված լիազորագիրը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «հրամանի պատճենը չի կարող գնահատվել որպես պատշաճ վավերացված, քանի որ առկա չէ քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի շահերն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունենալը հավաստող փաստաթուղթ կամ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանները վավերացնելու լիազորությունը հավաստող փաստաթուղթ», սույն գործով էական չէ ինչպես վերը նշված պատճառաբանությամբ, այնպես էլ այն հիմնավորմամբ, որ Կոմիտեի անունից վերաքննիչ բողոք ներկայացնելու լիազորություն պարունակող լիազորագիրը (թիվ 314-Ա հրամանը) Կոմիտեի նախագահի կողմից տրվել է 21.05.2018 թվականին, մինչդեռ Վերաքննիչ դատարանի վկայակոչած ՀՀ վարչապետի թիվ 702-Լ հրամանն ընդունվել է 11.06.2018 թվականին, այսինքն` լիազորագիրը տալու պահին այն դեռևս ընդունված չի եղել:

i

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:

Այսինքն, վերաքննիչ բողոքը ստորագրվել է դրա իրավասությունն ունեցող անձի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի կողմից, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով է մերժել Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 29.11.2018 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 23.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.05.2020
N ԵՇԴ/0021/04/12
Որոշում