i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ
դատարանի որոշում ԵԱՔԴ/0370/04/16
Սնանկության գործ 2020 թ.
թիվ ԵԱՔԴ/0370/04/16
Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2020 թվականի մայիսի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ըստ դիմումի Արաշ Նոսրաթիալամդարիի` «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արաշ Նոսրաթիալամդարին պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) 29.11.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.12.2018 թվականի «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի սնանկության գործով բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի որոշմամբ Դատարանի «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի սնանկության գործով բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» 10.12.2018 թվականի որոշման դեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեն, հանդիսանալով պետական կառավարչական հիմնարկ, ունի ՀՀ զինանշանով կնիք և գործում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կառուցվածքով, իսկ կառուցվածքային ստորաբաժանումներից է նաև Կոմիտեի քարտուղարությունը, որը` որպես ստորաբաժանում, ունի նաև իր կնիքը, և քարտուղարության գործառույթներից է նաև Կոմիտեի նախագահի հրամանների համարակալումը, ելքագրումն ու հաշվառումը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ի տարբերություն նոտարական վավերացման` Կոմիտեի զինանշանով կնիքի և քարտուղարության կնիքի առկայությունը հավաստում է նաև փաստաթղթում շարադրված փաստերի իսկությունը` մասնավորապես հրամանի ուժի մեջ գտնվելու հանգամանքը և իրավաչափությունը:
i
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է Կոմիտեի դատական պաշտպանության, մասնավորապես` դատարանի մատչելիության իրավունքը, մասնավորապես բողոքարկվող որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.02.2019 թվականի թիվ ԵԱՔԴ/0135/04/16 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունումը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն` վերաքննիչ բողոքը համարել վարույթ ընդունված այն ներկայացնելու սկզբնական օրը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ Կոմիտեի կողմից տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
Նկատի ունենալով այն, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով դատարանում ներկայացուցչության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համեմատ այլ կանոններ սահմանված չեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այդ հարցի վերաբերյալ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները` այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև (...)` նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի` նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (...):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու համար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):
i
Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պետական մարմնի (տվյալ դեպքում` Կոմիտեի) անունից լիազորագիր հասարակ գրավոր ձևով կարող է տրվել նրա ղեկավարի կամ վերջինիս տեղակալի (տվյալ դեպքում Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալի) կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գեթսեմանի այգի» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0066/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.02.2019 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 10.12.2018 թվականի «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի սնանկության գործով բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին»որոշման դեմ Կոմիտեի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` դրան կցելով Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանը: Նշված հրամանն ստորագրված է Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի կողմից, որը պատճենի տեսքով է, վավերացված է Կոմիտեի և Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության բնօրինակ կնիքներով, վրան կատարված է գրառում «Իսկականի հետ ճիշտ է, քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Միքայելյան (ստորագրություն)»», ինչպես նաև վավերացված է Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության կնիքով: Միաժամանակ կցված է Կոմիտեի նախագահի 24.10.2018 թվականի թիվ 2/5343-Ա երկրորդ հրամանը, ըստ որի Կոմիտեի քարտուղարության պետ Սմբատ Մարտիրոսյանի բացակայության ընթացքում նրա պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է Կոմիտեի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Աննա Միքայելյանին: Նշված հրամանը նույնպես ստորագրվել է Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի կողմից, այն պատճենի տեսքով է, վավերացված է Կոմիտեի և Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության բնօրինակ կնիքներով, վրան կրկին կատարված է գրառում «Իսկականի հետ ճիշտ է, քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Միքայելյան (ստորագրություն)» (հատոր 2-րդ, գ.թ. 34-37):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 12.02.2019 թվականի որոշմամբ վերադարձնելով Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը (...) կոմիտեի անունից ստորագրել է (...) կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը: Բողոքին կից ներկայացվել է (...) կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 314-Ա հրամանի պատճենը: Հրամանի պատճենի վրա առկա են քարտուղարության պետ ժամանակավոր պաշտոնակատար Ա. Միքայելյան ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառում և «քարտուղարություն» գրառում բովանդակող, «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» գրառում բովանդակող կնիքներ, որպիսի պայմաններում հրամանի պատճենը չի կարող գնահատվել որպես պատշաճ վավերացված, քանի որ առկա չէ քարտուղարության պետ Ա. Միքայելյանի` (...) կոմիտեի շահերն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունենալը կամ (...) կոմիտեի նախագահի հրամանները վավերացնելու լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Բողոքաբերը վերաքննիչ բողոքում չի վկայակոչել նաև լիազորության իրավական հիմքերը: Այսպիսով` Վերաքննիչ դատարանն եզրահանգում է, որ բողոքին կցված հրամանի պատճենը ներկայացուցիչ Արման Մնացականյանի լիազորությունը հավաստող թույլատրելի ապացույց չէ»: Միաժամանակ, տվյալ որոշմամբ Վերաքննիչ դատարանի կողմից սահմանվել է եռօրյա ժամկետ` բողոքը ստանալուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 39-40):
Կոմիտեի անունից կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` բողոքին կրկին կցելով Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի պատճենը վավերացված պետական զինանշանով Կոմիտեի և Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության բնօրինակ կնիքներով: Նշված փաստաթղթի վրա կատարված է գրառում «Իսկականի հետ ճիշտ է, քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Միքայելյան (ստորագրություն)»», ինչպես նաև այն վավերացված է Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության կնիքով: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից կրկին ներկայացվել է 24.10.2018 թվականի թիվ 2/5343-Ա երկրորդ հրամանի պատճենը` ստորագրված Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի կողմից, վավերացված է Կոմիտեի և Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության բնօրինակ կնիքներով, վրան կրկին կատարված է գրառում «Իսկականի հետ ճիշտ է, քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Միքայելյան (ստորագրություն)» (հատոր 2-րդ, գ.թ. 99-102):
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 05.03.2019 թվականի որոշմամբ մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունումը, արձանագրելով, որ մատնանշված թերությունը վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չի վերացվել: Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգելիս մասնավորապես նշել է, որ վերաքննիչ բողոքին կցվել են Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա և 24.10.2018 թվականի թիվ 2/5343-Ա հրամանների պատճենները, որպիսի պայմաններում 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի պատճենը չի կարող հանդիսանալ Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի լիազորությունը հավաստող թույլատրելի ապացույց (հատոր 2-րդ, գ.թ. 109-110):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի N 702-Լ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության»` «Կոմիտեի կառավարումը և ղեկավարումը» վերտառությամբ IV բաժնի 15-րդ կետով սահմանվում է, որ Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի ղեկավարը: Նույն բաժնի 17-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Կոմիտեի ղեկավարը` իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր, իսկ նույն կետի 14-րդ ենթակետի համաձայն` Կոմիտեի ղեկավարը` իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և ընդունում որոշումներ, տալիս է հանձնարարականներ, ցուցումներ: Նույն բաժնի 21-րդ կետի 9-րդ ենթակետի համաձայն` Կոմիտեի գլխավոր քարտուղարն անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) կոմիտեի ղեկավարի և (կամ) կոմիտեի ղեկավարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Վերը նշվածից հետևում է, որ Կոմիտեի կանոնադրությամբ նույնպես Կոմիտեի ղեկավարին (տվյալ դեպքում նախագահին) է վերապահված առանց լիազորագրի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավասությունը, ինչպես նաև լիազորագրեր տալը, այդ թվում` վերալիազորման իրավունքով: Միաժամանակ նույն կանոնադրությամբ Կոմիտեի գլխավոր քարտուղարին իրավունք է վերապահվել կնքելու Կոմիտեի ղեկավարի (տվյալ դեպքում նախագահի) կամ նրա տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան օրենքով այլ բան է սահմանված:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրած անձի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի լիազորությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հավաստված լինելու հարցին, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի և Կոմիտեի կանոնադրության ուժով վերջինիս անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունքը վերապահված է Կոմիտեի ղեկավարին (տվյալ դեպքում նախագահին), որը կարող է այլ անձանց օժտել Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությամբ` տալով համապատասխան լիազորագիր: Այսինքն` դատարանում Կոմիտեի գործերը ենթակա են վարման Կոմիտեի ղեկավարի (տվյալ դեպքում նախագահի), ինչպես նաև Կոմիտեի անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող այլ անձանց միջոցով: Ընդ որում, Կոմիտեի անունից լիազորագիրը պետք է տրվի նրա ղեկավարի ստորագրությամբ: Ավելին` լիազորագիրը պետք է նշում պարունակի ներկայացուցչին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսված հատուկ լիազորությունների (տվյալ դեպքում դատական ակտը բողոքարկելու լիազորության) վերապահման մասին:
Քննարկվող պարագայում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, ում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագիր է տվել Կոմիտեի ղեկավարը (տվյալ դեպքում նախագահը) 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանով` օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ՀՀ վարչապետի վերը նշված որոշմամբ իրեն վերապահված իրավունքից: Ավելին` այդ լիազորագրի պատճենի վրա առկա են Կոմիտեի բնօրինակ կնիքները, ինչպես նաև առկա է Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության պետի «իսկականի հետ ճիշտ է» գրառումը` վավերացված նաև նույն քարտուղարության կնիքով և քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատարի ստորագրությամբ: Նույն լիազորագրում հատուկ նախատեսված է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը, ինչպես նաև լիազորագրի 6-րդ կետում նշված է, որ (...) հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է երեք տարի ժամկետով (...) (հատոր 2-րդ, գ.թ. 101): Կոմիտեի անունից վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 25.02.2019 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 108):
Գործում առկա` Կոմիտեի նախագահի 14.12.2018 թվականի թիվ 758-Ա հրամանի (հատոր 2-րդ, գ.թ. 99-101) ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագրի (հրամանի) յուրաքանչյուր էջի վրա առկա են Կոմիտեի բնօրինակ կնիքները, որպիսի հանգամանքը վիճարկված չլինելու պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի անունից տրված լիազորագիրը ներկայացվել է բնօրինակով: Բացի այդ, լիազորագիրը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին:
Այսինքն` լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ստորագրվել է դրա իրավասությունն ունեցող անձի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջները:
Ինչ վերաբերում է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից լիազորագիրը պատճենի ձևով ներկայացված լինելուն, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նպատակ ունենալով ապահովելու յուրաքանչյուրի` իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում նաև` երկրորդ ատյանի դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու միջոցով, և թույլ չտալու դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում` պայմանավորված այդ իրավունքի բուն էության խախտմամբ, հաստատված է համարում այդ լիազորագրի վրա առկա վերը նշված գրառումների և բնօրինակ կնիքների առկայության պայմաններում Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորությունները հավաստված լինելու հանգամանքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով է մերժել Կոմիտեի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 10.12.2018 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական: