i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԿԴ/0126/02/18
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0126/02/18 2020 թ.
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
Դատավորներ` Ա. Մկրտչյան
Ն. Մարգարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ս. Միքայելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2020 թվականի փետրվարի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ընդդեմ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` աղբահանության վճար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը պահանջել է Ընկերությունից հօգուտ Երևան համայնքի բյուջեի բռնագանձել 908.883 ՀՀ դրամ, որից 698.409 ՀՀ դրամը` ապառք, և 210.474 ՀՀ դրամը` տույժ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 03.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.09.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.05.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ կետը, 09.02.2018 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հայցադիմումին կից ներկայացված ապացույցների հետազոտման արդյունքում հանգել է սխալ եզրահանգման: Հայցվորի կողմից տրամադրված տեղեկանքում որպես Ընկերության հասցե նշված է եղել «քաղաք Երևան, Աբովյան փողոց թիվ 38 շենք, բնակարան 1-ին», իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանքում` «քաղաք Երևան, Աբովյան փողոց 38-րդ թիվ 1 ոչ բնակելի տարածք» հասցեն: Ընդ որում, այդ հասցեն նշված է եղել նաև անշարժ գույքի վարձակալության պայմանագրում, որը Վերաքննիչ դատարանը չի հետազոտել` պատճառաբանելով, որ Ընկերությունը զրկված չի եղել այդ ապացույցն առաջին ատյանի դատարանում ներկայացնելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն Ընկերության պատշաճ ծանուցման հարցը պետք է քննարկեր նաև Ընկերության այն փաստարկի համատեքստում, որ Ընկերության հասցեն «քաղաք Երևան, Շիրակի 1/68»-ն է, իսկ «քաղաք Երևան, Աբովյան փողոց 38-րդ շենք, թիվ 1 ոչ բնակելի տարածք»-ն Ընկերությանը պատկանող դեղատներից մեկի գործունեության հասցեն է:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Ընկերության և սույն գործով որպես պատասխանող նշված «ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՍՊԸ»-ի միջև առկա տարբերություններին, Ընկերության փաստարկները համարել է անհիմն այն պատճառաբանությամբ, որ վճռում տեղի է ունեցել վրիպակ: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը վրիպակի առկայության վերաբերյալ իր եզրահանգումը հստակ չի հիմնավորել` նշելով, որ հայցադիմումի ներածական մասում բացի «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ընկերության տեսակի անվանումից, որպես նույնականացման տվյալ նշված է նաև Ընկերության ՀՎՀՀ-ն, որը հանդիսանում է Ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը, ավելին` հայցադիմումին կից ներկայացված տեղեկանքում նշված է ««ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ», ոչ թե «ՍՊԸ»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.09.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, կամ գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Հայցադիմումի ներածական մասում, որպես պատասխանող կողմի տվյալներ, նշվել են ««ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ, Երևան քաղաք, Աբովյան թիվ 38, բնակարան 1-ին, ՀՎՀՀ 05507136» (հատոր 1-ին, գ.թ. 4-7):
2) Հայցադիմումին կից ներկայացված աղբահանության դիմաց վճարներ կատարելու 16.01.2018 թվականի տեղեկանքում, որպես աղբահանության վճար վճարողի անվանում, նշվել է ««ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ, 05507136» (հատոր 1-ին, գ.թ. 8):
3) Հայցադիմումին կից ներկայացված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.01.2018 թվականի թիվ ԱՏ-29/12/2017-1-0165 տեղեկանքի պատճենի համաձայն` «Երևան քաղաք, Աբովյան 38-րդ, թիվ 1 ոչ բնակելի տարածք»-ի նկատմամբ 03.06.2016 թվականին գրանցվել է ««ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ»-ի վարձակալության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 9):
4) Դատարանի կողմից 30.01.2018 թվականին ««ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ»-ն «ք. Երևան, Աբովյան թիվ 39, բն. 1-ին» հասցեով ծանուցվել է 23.04.2018 թվականին, ժամը 11:40-ին կայացվելիք դատաքննության օրվա և ժամի մասին: Փոստային ծրարը ետ է վերադարձվել «անհայտ» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 22-23):
5) Դատարանի կողմից դարձյալ 23.04.2018 թվականին, ժամը 11:40-ին նշանակված դատաքննության օրվա և ժամի մասին ««ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ»-ն ծանուցվել է «ք. Երևան, Աբովյան թիվ 38, բն. 1-ին» հասցեով, ծանուցագիրն ստացվել է ոմն «Լուսինե Կարապետյան»-ի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 27-28):
6) Դատարանի 11.05.2018 թվականի գրությանը կից վճռի օրինակն ««ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ»-ին ուղարկվել է «քաղաք Երևան, Աբովյան փողոց թիվ 38, բն. 1» հասցեով և ստացվել է ոմն «Լուսինե Կարապետյան»-ի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 39-40):
7) Դատարանի 03.05.2018 թվականի վճռի դեմ Ընկերության բերած վերաքննիչ բողոքի համաձայն` վերջինիս իրավաբանական և գտնվելու հասցեն է «քաղաք Երևան, Շիրակի 1/68», իսկ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` 05507136 (հատոր 1-ին, գ.թ. 47-54):
8) Վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ առողջապահության նախարարության կողմից 22.05.2009 թվականին տրված թիվ Կ-XX-001247 դեղատնային գործունեության լիցենզիայի պատճենի համաձայն` «քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Աբովյան փողոց, շ. 38-րդ, թիվ 1» հասցեում իրականացվում է Ընկերության դեղատնային կրպակի գործունեությունը (հատոր 1-ին, գ.թ. 59):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:
Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն բողոքի քննության կապակցությամբ կիրառելի օրենսդրության հարցին: Մասնավորապես` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումը դատարան է մուտքագրվել 23.01.2018 թվականին և Դատարանի կողմից գործը քննվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի նորմերով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումն ապահովելու առանձնահատկությունները պետք է դիտարկվեն իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով (...):
i
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն, կամ
3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
i
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալ վերլուծությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատավարական գործողությունների մասին իրավաբանական անձի ծանուցման առանձնահատկություններին:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, իրավաբանական անձի կառավարման կարգը, ինչպես նաև պարունակվում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար` օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման: Պետական գրանցման համար տվյալները` ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:
i
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ իրավաբանական անձի գտնվելու վայր է համարվում իրավաբանական անձի կանոնադրությամբ նշված և պետական գրանցման համար որպես պարտադիր տվյալ ներկայացված նրա մշտական գործող մարմնի հասցեն: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական ծանուցագիրն ընկերության գտնվելու վայրի հասցեով ուղարկելու և այն ստանալու փաստի պայմաններում ընկերության` պատշաճ ծանուցված համարվելու հանգամանքին, արձանագրել է նաև, որ գործով ծանուցագրերն ընկերության գտնվելու վայրի հասցեով ուղարկված լինելու պայմաններում, ընկերությունը համարվում է պատշաճ ծանուցված (տե՛ս, «ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սաղդայմոնդ» ՍՊԸ-ի և «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/1424/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2010 թվականի որոշումը):
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում հայտնած իր դիրքորոշումները, արձանագրում է, որ իրավաբանական անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագիրն իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեով ուղարկելու միջոցով, իսկ իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է, ուստի իրավաբանական անձին դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագիրը պատշաճ հասցեով ուղարկելու փաստը կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ այն ուղարկվում է նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայր:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` հայցադիմումի ներածական մասում որպես պատասխանող կողմի հասցե և նույնականացման տվյալներ նշվել են «Երևան քաղաք, Աբովյան թիվ 38, բնակարան 1-ին, ՀՎՀՀ 05507136»:
Դատարանը 30.01.2018 թվականին ««ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ»-ին «ք. Երևան, Աբովյան թիվ 39, բն. 1-ին» հասցեով ծանուցել է 23.04.2018 թվականին, ժամը 11:40-ին նշանակված դատաքննության օրվա և ժամի մասին, այն դեպքում, երբ ըստ հայցադիմումի` որպես պատասխանող կողմի հասցե նշվել է «Երևան քաղաք, Աբովյան թիվ 38, բնակարան 1-ին»-ը: Դատարանի կողմից ուղարկված փոստային ծրարը ետ է վերադարձվել «անհայտ» նշումով:
««ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ»-ն դարձյալ 23.04.2018 թվականին, ժամը 11:40-ին նշանակված դատաքննության օրվա և ժամի մասին Դատարանի կողմից ծանուցվել է «ք. Երևան, Աբովյան թիվ 38, բն. 1-ին» հասցեով, ծանուցագիրն ստացվել է ոմն «Լուսինե Կարապետյան»-ի կողմից: Դատարանի 11.05.2018 թվականի գրությանը կից վճռի օրինակն »»ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ»-ին ուղարկվել է «քաղաք Երևան, Աբովյան փողոց, թիվ 38, բն. 1» հասցեով և ստացվել է ոմն «Լուսինե Կարապետյան»-ի կողմից: Դատարանն Ընկերության պատշաճ ծանուցումն ապահովված է համարել` հիմք ընդունելով փոստային հետադարձ ծանուցման անդորրագրերի ստորին հատվածներում առկա ձեռագիր մակագրությունները:
Դատարանի 03.05.2018 թվականի վճռի դեմ Ընկերության բերած վերաքննիչ բողոքի համաձայն` «(...) Ընկերության իրավաբանական և գործունեության հասցեն է քաղաք Երևան, Շիրակի 1/68, սակայն սույն գործով որպես վերջինիս ծանուցման հասցե նշված է քաղաք Երևան, Աբովյան 38-րդ, բն. թիվ 1-ը: Ընկերության հասցեն չի կարող լինել բնակարան, քանի որ ընկերությունն իրականացնում է առևտրային գործունեություն, որով պայմանավորված, ինչպես անշարժ գույքի վարձակալության պայմանագրում, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայում վարձակալած տարածքի հասցեն սահմանված է ՀՀ, քաղաք Երևան, Աբովյան 38-րդ, թիվ 1 (...)»: Բողոքաբերի կողմից նշված փաստը հիմնավորվել է վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ առողջապահության նախարարության կողմից 22.05.2009 թվականին տրված թիվ Կ-XX-001247 դեղատնային գործունեության լիցենզիայի պատճենով, ըստ որի` «քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Աբովյան փողոց, շ. 38-րդ, թիվ 1» հասցեում իրականացվում է Ընկերության դեղատնային կրպակի գործունեությունը:
Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ «(...) հայցվորը հայցադիմումին կից ներկայացրել է Ընկերության դրամային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք, որում նշված է, որ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲ ընկերության (հասցե` Աբովյան 38 բնակարան 1, Առևտրական 171.9 ք.մ., ՀՎՀՀ` 05507136) վճարային պարտավորությունը 16.01.2018 թվականի դրությամբ կազմել է 908.883 ՀՀ դրամ: Հայցադիմումին կից ներկայացվել է նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրից տեղեկանքն այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան 38 փողոցի 1-ին բնակարանի նկատմամբ 03.06.2016 թվականին գրանցվել է «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության վարձակալության իրավունքը (վերաքննիչ բողոքի առումով տեղի է ունեցել վրիպակ): Վերոնշյալի հիման վրա էլ Դատարանը դատական նիստի մասին Ընկերությանը ծանուցել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 38 փողոցի բնակարան 1-ին հասցեով, իսկ դատական ծանուցագիրն այդ հասցեով հանձնվել է և ստանալու մասին անդորրագիրը վերադարձվել է Դատարան: Ավելին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Բողոք բերողը, թեև նշել է, որ Ընկերության հասցեն չի կարող լինել բնակարան, միաժամանակ նշել է, որ ինչպես անշարժ գույքի վարձակալության պայմանագրում, այնպես էլ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայում վարձակալած տարածքի հասցեն սահմանված է ՀՀ Երևան քաղաքի Աբովյան 38 բնակարան 1-ինը (...)»:
Համադրելով սույն գործի փաստերը և վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավոր չի համարում հետևյալ պատճառաբանությամբ.
Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել բողոքի այն փաստարկը, որ Ընկերության գործունեության հասցեն «քաղաք Երևան, Շիրակ 1/68»-ն է, քանի որ գործով, որպես պատասխանող կողմի ծանուցման հասցե, նշվել է «քաղաք Երևան, Աբովյան 38-րդ փողոց, բնակարան թիվ 1»-ը: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ հայցադիմումին կից ներկայացվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրից տեղեկանք այն մասին, որ «քաղաք Երևան, Աբովյան 38-րդ փողոց, բնակարան թիվ 1» հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 03.06.2016 թվականին գրանցվել է ««ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ»-ի վարձակալության իրավունքը:
Վճռաբեկ դատարանը, սակայն գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել գործի նյութերի, ինչպես նաև վերաքննիչ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատշաճ քննություն: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է բողոքաբերի այն փաստարկը, որ Դատարանի կողմից որպես պատասխանողի ծանուցման հասցե նշված` «քաղաք Երևան, Աբովյան թիվ 38, բն. 1-ին»-ը որևէ առնչություն չունի Ընկերության հետ: Տվյալ դեպքում, հակառակ Վերաքննիչ դատարանի փաստարկների, վերաքննիչ բողոքին կից ներկայացված 30.05.2016 թվականի «Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի» պատճենի համաձայն` Ընկերության վարձակալության իրավունքը գրանցվել է «քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Աբովյան փողոց, 38-րդ շենք, թիվ 1 ոչ բնակելի տարածք» հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 60-61): Ընդ որում, նշված փաստը հիմնավորվում է նաև հայցադիմումին կից ներկայացված` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 09.01.2018 թվականին տրված տեղեկանքով:
Ավելին, վերաքննիչ բողոքով տեղեկացվել է, որ Ընկերության իրավաբանական և գտնվելու հասցեն է «քաղաք Երևան, Շիրակի 1/68»-ը, իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ առողջապահության նախարարության կողմից 22.05.2009 թվականին տրված թիվ Կ-XX-001247 դեղատնային գործունեության լիցենզիայի պատճենի համաձայն` «քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Աբովյան փողոց, շ. 38-րդ, թիվ 1» հասցեում իրականացվում է Ընկերության դեղատնային կրպակի գործունեությունը:
Փաստորեն, եթե նույնիսկ հարաբերականորեն ընդունվի, որ «քաղաք Երևան, Աբովյան թիվ 38, բն. 1-ին» և «քաղաք Երևան, Աբովյան փողոց, 38-րդ շենք, թիվ 1 ոչ բնակելի տարածք» հասցեները նույնական են, այդուհանդերձ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից Ընկերության պատշաճ ծանուցումը չի ապահովվել, քանի որ դատական ծանուցագրերն ուղարկվել են ոչ թե Ընկերության գտնվելու վայրի, այլ Ընկերության դեղատնային կրպակի գործունեության վայրի հասցեով: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ծանուցագրերն Ընկերության գտնվելու վայրի հասցեով ուղարկված չլինելու պայմաններում` վերջինս չի կարող համարվել պատշաճ ծանուցված: Այսինքն` Դատարանն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան բողոք բերած անձին պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին ու գործը քննել է նրա բացակայությամբ, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ինչ վերաբերում է բողոքի փաստարկներին` Ընկերության և հայցադիմումով որպես պատասխանող նշված ««ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ»-ի միջև առկա տարբերություններին ու դրանց վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև հայցադիմումով որպես պատասխանող իրավաբանական անձի անվանում նշվել է »»ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ»-ն, այդուհանդերձ հայցադիմումին կից ներկայացված աղբահանության դիմաց վճարներ կատարելու 16.01.2018 թվականի տեղեկանքում որպես աղբահանության վճար վճարողի անվանում նշվել է «»ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ», միաժամանակ թե՛ հայցադիմումում, թե՛ հայցադիմումին կից ներկայացված 16.01.2018 թվականի տեղեկանքում որպես հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) նշվել է «05507136»-ը: Ընդ որում նույն` 05507136 հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) նշվել է նաև Ընկերության վերաքննիչ, այնուհետև նաև` վճռաբեկ բողոքներով: Նշվածը թույլ է տալիս եզրակացնել, որ հայցադիմումում նշված տվյալները վերաբերել են Ընկերությանը, ուստի Վերաքննիչ դատարանի փաստարկներն այդ մասով իրավաչափ են:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ծանուցագրերն Ընկերության գտնվելու վայրի հասցեով ուղարկված չլինելու պայմաններում` վերջինս չի կարող համարվել գործի քննության վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան բողոք բերած անձին պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին ու գործը քննել է նրա բացակայությամբ` թույլ տալով դատավարական նորմի այնպիսի խախտում, որ խաթարել է բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը, որպիսի փաստը պատշաճ գնահատականի չի արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ս. Միքայելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան