Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 346-ՐԴ, 37 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԴ/0049/16/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0049/16/18    2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Դ. Սերոբյան

                       Լ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մարտի 12-ին,

գրավոր ընթացակարգով քննելով Թամմի Ավանսիի ներկայացուցիչներ Նարինե Բեգլարյանի և Արամ Օրբելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2019 թվականի որոշման դեմ` ըստ Թամմի Ավանսիի դիմումի` Կանադայի Օնտարիո նահանգի Գերագույն դատարանի Ընտանեկան դատարանի թիվ FC-16-0602 գործով 23.04.2018 թվականի ժամանակավոր որոշումը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Թամմի Ավանսին պահանջել է ճանաչել և կատարման թույլատրել Կանադայի Օնտարիո նահանգի Գերագույն դատարանի Ընտանեկան դատարանի թիվ FC-16-0602 գործով 23.04.2018 թվականի արձակած դատական հրամանը (հայցի ապահովման մասին որոշումը), մասնավորապես` վերադարձնել երեխային` Ալեքսանդր Արմէն Ավանէսիին, ծնված 01.05.2015 թվականին, մորը` Թամմի Էլիզաբեթ Ավանսիին Կանադա, Օնտարիո, Դուրհամ, վերցնել երեխայի` Ալեքսանդր Արմէն Ավանէսի անձնագիրն Արմէն Ավանէսիից և հանձնել այն դիմումատուին` Թամմի Էլիզաբեթ Ավանսիին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) (այսուհետ` Դատարան) 07.12.2018 թվականի «Օտարերկրյա դատարանի դատական ակտը ճանաչելու և դրա կատարումը թույլատրելու մասին» որոշմամբ Թամմի Ավանսիի դիմումը բավարարվել է` Հայաստանի Հանրապետությունում մասնակի ճանաչվել է Կանադայի Օնտարիո նահանգի Գերագույն դատարանի Ընտանեկան դատարանի թիվ FC-16-0602 գործով 23.04.2018 թվականի ժամանակավոր որոշումը և թույլատրվել է դրա կատարումը ՀՀ տարածքում, այն է. երեխայի` 01.05.2015 թվականին ծնված Ալեքսանդր Արմէն Ավանէսիի բնակության հիմնական վայր սահմանել Դուրհամի մունիցիպալիտետը (Օնտարի, Կանադա), երեխային` Ալեքսանդր Արմէն Ավանէսիին փոխանցել մորը` Թամմի Ավանսիի միջանկյալ խնամքին, պատասխանող հայրը` Արմէն Ավանէսին պետք է երեխայի անձնագիրը հանձնի հայցվոր մորը` Թամմի Ավանսիին: Երեխան` 01.05.2015 թվականին ծնված Ալեքսանդր Արմէն Ավանէսին պետք է անմիջապես վերադարձվի հայցվոր մոր խնամքի տակ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.02.2019 թվականի որոշմամբ Արմէն Ավանէսիի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 07.12.2018 թվականի «Օտարերկրյա դատարանի դատական ակտը ճանաչելու և դրա կատարումը թույլատրելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ` Թամմի Ավանսիի դիմումը` Կանադայի Օնտարիո նահանգի Գերագույն դատարանի Ընտանեկան դատարանի թիվ FC-16-0602 գործով 23.04.2018 թվականի ժամանակավոր որոշումը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Թամմի Ավանսիի ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմէն Ավանէսիի ներկայացուցիչ Վարդան Խեչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերը, 379-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, 41-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Սույն վճռաբեկ բողոքի ներկայացման հիմքերից է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի սխալ կիրառումը, որը կայանում է դատարանի կողմից օրենսդրությամբ չնախատեսված պայմանի կիրառման մեջ (կամ օրենսդրությամբ չնախատեսված բացառություն է կիրառել), այն է` Վերաքննիչ դատարանը գտել է, որ օրենսդիրը սահմանել է փոխադարձության կիրառման դեպքեր, որոնցում հայցի ապահովման կիրառման մասին որոշումները չեն ներառված: Վերաքննիչ դատարանը կատարել է սխալ եզրակացություն առ այն, որ հայցի ապահովման կիրառման որոշումները կարող են ճանաչվել բացառապես միջազգային պայմանագրերի առկայության դեպքում:

Օրենսդիրը նախատեսել է, որ ի լրումն օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի Հայաստանում կարող են ճանաչվել նաև օտարերկրյա դատարանի` հայցի ապահովման մասին որոշումները: Միևնույն ժամանակ, օրենսդիրը չի սահմանափակել ճանաչման և կատարման ներկայացման հիմքերը` տարբերակելով և պայմանավորելով դրանք ճանաչման ներկայացված ակտի տեսակներով: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնը նույն հոդվածի 1-ին մասի կանոնի լրացումն է ճանաչման և կատարման ներկայացվող դատական ակտերի տեսակի մասով միայն, հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասի կանոնով սահմանված հիմքերից յուրաքանչյուրն առանձին կիրառելի է նաև հայցի ապահովման որոշման ճանաչման ներկայացման դեպքում:

Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ օտարերկրյա դատարանների հայցի ապահովման որոշումները չեն կարող ճանաչման ներկայացվել փոխադարձության հիման վրա, այլ կարող են ճանաչվել միայն միջազգային պայմանագրերի արդյունքում, անհիմն է:

Բացի այդ, սույն բողոքում քննարկվող գործի փաստերի համաձայն` Արմէն Ավանէսին Դատարանում չի առարկել դիմումի դեմ այն հիմքով, որ հայցի ապահովման միջոցը չի կարող ճանաչվել փոխադարձության հիման վրա, այլև միաժամանակ կատարել է հետևյալ պնդումները` դիմումատուն պետք է ապացուցի, որ փոխադարձություն կա և հայցի ապահովման միջոցի ճանաչման նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 351-րդ հոդվածը կիրառելի չէ: Արմէն Ավանէսին ո՛չ Դատարանում, և ո՛չ էլ Վերաքննիչ դատարանում չի փաստարկել, որ հայցի ապահովման միջոցը չի կարող ճանաչվել փոխադարձության հիման վրա, որպիսի հիմքով Վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքարկվող որոշումը, այսպիսով դուրս գալով վերաքննության սահմաններից, դիմումատուին զրկելով ստորադաս ատյաններում այս մասով լրացուցիչ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից և գործը ըստ էության լուծելով սխալ:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.02.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.12.2018 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հայցվոր Թամմի Ավանսիի ներկայացուցիչների ենթադրություններն առ այն, որ ժամանակավոր որոշումը ոչ այլ ինչ է, քան հայցի ապահովման մասին որոշում, անհիմն է, քանի որ այդ որոշման մեջ որևէ նշում չկա այն մասին, որ օտարերկրյա դատարանի 23.04.2018 թվականի որոշումը հայցի ապահովման մասին որոշում է: Հատկանշական է, որ Դատարանը 07.12.2018 թվականի որոշման եզրափակիչ մասում չի նշել, որ մասնակի ճանաչում է դիմումատուի օտարերկրյա հայցի ապահովման մասին որոշումը, այլ նշել է, որ մասնակի բավարարում է ժամանակավոր որոշումը:

Դատարանի 07.12.2018 թվականի որոշմանը չի կարող ուժ տրվել այն պատճառաբանությամբ, որ պարտապան Արմէն Ավանէսին չի ծանուցվել Կանադայի Օնտարիո նահանգի Գերագույն դատարանի Ընտանեկան դատարանի թիվ FC-16-0602 գործով դատական նիստի ժամանակի և վայրի մասին և զրկված է եղել դատավարությանը մասնակցելու հնարավորությունից, որի հետևանքով խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը: Ելնելով վերոգրյալից` խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Դիմումատու Թամմի Էլիզաբեթ Ավանսին և պարտապան Արմէն Ավանէսին, ունեն մեկ անչափահաս որդի` Ալեքսանդր Արմէն Ավանէսին, ծնված 01.05.2015 թվականին (հատոր 2-րդ գ.թ. 69-70):

2. Կանադա, Օնտարիո նահանգի Գերագույն դատարանը 23.04.2018 թվականին արձակել է թիվ FC-16-0602 արգելման հրամանը (ժամանակավոր), համաձայն որի` դատարանը սահմանել է, որ երեխայի բնակության վայրը սահմանվել է Դուրհամի մունիցիպալիտետը, Երեխայի միջանկյալ միանձնյա խնամքը փոխանցել է մորը, և Երեխան պետք է վերադարձվի անմիջապես Դիմումատուին, երեխայի անձնագիրն այլևս չպետք է գտնվի պարտապանի մոտ, Պատասխանողը պետք է վճարի 7.000 ԱՄՆ դոլար գումարած վաճառքի միացյալ հարկը (հատոր 2-րդ գ.թ. 78-79):

3. Օնտարիո նահանգի Գերագույն դատարանի 23.04.2018 թվականի թիվ FC-16-0602 արգելման հրամանում նշված է, որ արգելման դատական ակտը ուժի մեջ է մտել 23.04.2018 թվականից: Արգելման դատական հրամանը ուժի մեջ է, քանի որ դատարանը չի դադարեցրել կամ փոփոխել այն (հատոր 2-րդ գ.թ. 31-32):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի սխալ մեկնաբանման հետևանքով առկա է առերևույթ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք օտարերկրյա պետությունների դատարանների` հայցի ապահովման մասին որոշումների նկատմամբ կարող է կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձության սկզբունքը:

i

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը` սահմանադրական օրենքներին և օրենքներին: Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից:

Անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի համաձայն`

1. Օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը ճանաչվում են, իսկ կատարում պահանջող դատական ակտերը նաև կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, եթե այդպիսի ճանաչումը և կատարումը նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ փոխադարձության հիման վրա:

2. Նույն ենթաբաժնի իմաստով` օտարերկրյա դատական ակտ է համարվում այլ պետության դատական մարմնի ընդունած եզրափակիչ դատական ակտը` անկախ դրա անվանումից, որն ունի իրավական ուժ այն պետությունում, որտեղ կայացվել է, այդ թվում` օտարերկրյա դատարանի հաստատած հաշտության համաձայնությունները, արձակած դատական հրամանները և վճարման կարգադրությունները, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման մասով քրեական գործերով կայացրած դատավճիռները:

3. Հայաստանի Հանրապետությունում կարող են ճանաչվել նաև օտարերկրյա դատարանի` հայցի ապահովման մասին որոշումները:

4. Օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ենթակա է ճանաչման և կատարման, եթե այդ ակտով լուծվող վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է քաղաքացիական, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով:

5. Եթե օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը կախված են փոխադարձությունից, ապա փոխադարձությունը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է օտարերկրյա պետությունների դատական ակտերի ճանաչման հարցին, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ենթադրում է պետական իշխանության գերակայություն, ինքնուրույնություն և անկախություն, ինչն իր մեջ ներառում է նաև պետության ամբողջ տարածքում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությունը: Հետևաբար` օտարերկրյա դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ինքնըստինքյան չեն կարող ունենալ իրավական գործողության այն հատկանիշները (պարտադիրություն, անհերքելիություն, կատարելիություն, նախադատելիություն), ինչ ունեն ներպետական դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Միևնույն ժամանակ պետության ինքնիշխանությունը չի բացառում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հնարավորությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը նախ և առաջ միջազգային համագործակցության դրսևորում է: Վերը նշվածով պայմանավորված` օրենսդիրը նախատեսել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման կարգ` այդ ակտերի ճանաչման իրավասությունը վերապահելով ՀՀ դատարաններին: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտի ճանաչումն իրենից ներկայացնում է ՀՀ դատարանների կողմից այդ ակտերին այնպիսի իրավական հատկանիշների տրամադրում, որոնցով օժտված են Հայաստանի Հանրապետության դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, և թույլատրում այդ ակտի իրավական գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում (տե՛ս, ըստ «Ինտերպայպ ՈՒկրաինա» ՍՊԸ-ի միջնորդության` ՈՒկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը ճանաչելու և Հայաստանի Հանրապետության տարածքում կատարումը թույլատրելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/0024/16/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Նպատակ հետապնդելով պաշտպանել մարդու իրավունքները և ազատությունները, ինչպես նաև ընդլայնել Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև միջազգային համագործակցության հնարավորությունները` 09.02.2018 թվականին ընդունված, 09.04.2019 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձության սկզբունքը, ընդ որում` օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձությունը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի իմաստով Հայաստանի Հանրապետությունում կարող են ճանաչվել բոլոր այն երկրների դատական ակտերը, որտեղ առկա է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի ճանաչման և/կամ կատարման պրակտիկա, կամ նվազագույնը այն երկրներում, որոնց օրենսդրությամբ սահմանված է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձության սկզբունքը, ընդ որում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանելով փոխադարձության սկզբունքի գոյության կանխավարկածը, և դատավարության մյուս կողմի վրա է դրվել փոխադարձության բացակայության ապացուցման պարտականությունը:

Սույն գործով Դատարանը եզրահանգել է, որ Կանադայի Օնտարիո նահանգի Գերագույն դատարանի Ընտանեկան դատարանի թիվ FC-16-0602 գործով 23.04.2018 թվականի ժամանակավոր որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարումը թույլատրելու դիմումատուի պահանջը ենթակա է բավարարման: Դատարանն արձանագրել է նաև, որ Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև առկա չէ քաղաքացիական, ընտանեկան և քրեական հարցերով փոխօգնության համաձայնագիր, որը կկարգավորեր այս երկու պետությունների կողմից միմյանց դատական ակտերը ճանաչելու և կատարման թույլատրելու հարցեր: Դատարանը, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության 346-րդ նորմի տրամաբանությունից, հիմնավոր է համարել փոխադարձության սկզբունքի կիրառմամբ օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը և գտել է, որ փոխադարձությունը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը: Դատարանն արձանագրել է, որ սույն գործի շրջանակներում հակառակը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել, հետևաբար Դատարանն անհիմն է համարել փոխադարձության վերաբերյալ պատասխանող կողմի առարկությունները:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը և բեկանելով Դատարանի որոշումը, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում փոխադարձության սկզբունքով ճանաչման և կատարման ենթակա են բացառապես օտարերկրյա եզրափակիչ դատական ակտերը: Ինչ վերաբերում է հայցի ապահովման որոշումներին, ապա դրանք միջանկյալ դատական ակտեր են և կարող են ճանաչվել միայն միջազգային պայմանագրի առկայության դեպքում: Հետևաբար, սույն գործի շրջանակներում ճանաչման և կատարման ներկայացված Կանադայի Օնտարիո նահանգի Գերագույն դատարանի Ընտանեկան դատարանի թիվ FC-16-0602 գործող 23.04.2018 թվականի ժամանակավոր որոշումը չի կարող ճանաչվել փոխադարձության հիման վրա:

Վերոգրյալի հաշվառմամբ` վճռաբեկ բողոքի հիմքում դրված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ մասն ուղղակի նախատեսում է օտարերկրյա դատարանի` հայցի ապահովման մասին որոշումների ճանաչումը, հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումը միջազգային պայմանագրի առկայության մասին իրավաչափ չէ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի` եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.

ա. արդյոք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,

բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր չէ,

գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է,

դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյոք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը հանդիսանում է դատական ակտի բեկանման հիմք, թե ոչ` պատճառաբանելով համապատասխան դիրքորոշումը:

Վկայակոչված հոդվածներից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Այսինքն` վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքում նշված հիմքերով և հիմնավորումներով և չի կարող դուրս գալ դրանց շրջանակից:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ամբողջությամբ քննության չեն առնվել վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

Անդրադառնալով Արմէն Ավանէսի անունից Վարդան Խեչյանի կողմից 05.08.2019 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` Վճռաբեկ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ գործում:

Վարդան Խեչյանը 05.08.2019 թվականին Արմէն Ավանէսիի անունից ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան: Գործի նյութերի համաձայն` Արմէն Ավանէսի կողմից Վարդան Խեչյանին լիազորագիր տրվել է 10.05.2018 թվականին` մեկ տարի ժամկետով (հատոր 2-րդ գ.թ. 112): Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Արմէն Ավանէսի անունից 05.08.2019 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվել է Արմէն Ավանէսիի կողմից տվյալ պահին հանդես գալու լիազորություն չունեցող անձի կողմից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն Արմէն Ավանէսին ստացել է 02.07.2019 թվականին (հիմք` փոստային հավաստագիր): Հետևաբար վճռաբեկ բողոքի պատասխան կարող էր ներկայացվել մինչև 24.07.2019 թվականը ներառյալ (հաշվարկում ներառված չեն ոչ աշխատանքային օրերը): Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվել է 05.08.2019 թվականին` սահմանված ժամկետի խախտմամբ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը չի գնահատում ներկայացված պատասխանը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի սխալ մեկնաբանման արդյունքում առերևույթ թույլ է տրվել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2020
N ԵԴ/0049/16/18
Որոշում