(ուժը կորցրել է 08.07.05 թիվ 95-Ն որոշում)
i
600.0024.290501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2001 թվականի N 24
i
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ե) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել բնական գազի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 10-ից:
Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի
2001 թվականի մայիսի 29-ի N 24 որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բնական գազի (այսուհետև` գազ) մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետև` ԳՄՕԿ) օգտագործված հիմնական հասկացություններն են.
բնական գազ կամ գազ` «Բնական վառելանյութային գազեր
արդյունաբերության և կոմունալ-կենցաղային
նպատակների համար» ԳՈՍՏ 5542-87 սահմանմամբ.
Բաշխող` գազի բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
սպառող` (բաժանորդ) բնական գազի սպառման պահանջարկ ունեցող
իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ
իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
կազմակերպություն, որը բնական գազի մատակարարման
պայմանագիր է կնքել բաշխողի հետ.
ենթասպառող` սպառող (բաժանորդ), որի գազամատակարարումն
(ենթաբաժանորդ) բաշխողը իրականացնում է այլ սպառողի
(բաժանորդի) ցանցերով, և որն ունի սահմանված
կարգով կնքված` բնական գազի մատակարարման
երկկողմ կամ եռակողմ պայմանագիր.
գազասպառման համակարգ` սպառողի (բաժանորդի) սեփականություն հանդիսացող
կամ նրա տնօրինության տակ գտնվող` սահմանազատման
կետից հետո տեղակայված` գազատար խողովակագծերը,
գազակարգավորիչ կետերը, փականները,
գազասարքավորումները և այլն.
բաշխիչ ցանց` բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից
կառավարվող և շահագործվող բնական գազի բաշխման
գծերի, գազակարգավորիչ հանգույցների և այլ
սարքավորումների միասնական համակարգ, որի
միջոցով բնական գազը հաղորդողից հասցվում է
սպառողներին.
տեխնիկական սպառողի գազասպառման համակարգը բաշխիչ ցանցին
պայմաններ` (այլ սպառողի գազասպառման համակարգին) միացման,
սպառված գազի հաշվառումը և գազասպառման
համակարգի հետագա անվտանգ շահագործումն
ապահովող` բաշխողի կողմից առաջադրվող պայմաններ:
հաշվարկային պայմանագրով սահմանված բաշխողի կողմից սպառողին
ժամանակաշրջան` (բաժանորդին) առաքված (վաճառված) գազի
քանակության հաշվառման ժամանակահատված.
գազի միջին օրական գազի քանակություն, որը հավասար է ամսական
քանակություն` մատակարարվող (մատակարարված) գազի քանակության
և տվյալ ամսվա օրերի թվի հարաբերությանը.
գազասպառման հայտ` սպառողի (բաժանորդի) կողմից հայտագրված` գազի
պահանջվող օրական (ամսական, տարեկան)
քանակություն.
գազի առևտրային հաշվառքի սարք, որի միջոցով չափվում է
հաշվառքի սարք` մատակարարված (առաքված) գազի քանակությունը, և
որի ցուցմունքի (ցուցմունքների) համաձայն
կատարվում են փոխադարձ հաշվարկներ` բաշխողի և
սպառողի (բաժանորդի) միջև.
սահմանազատման կետ` սահման, որով բաժանվում են բաշխողի
սեփականությունը հանդիսացող կամ նրա կողմից
տնօրինվող բաշխիչ ցանցը և սպառողի (բաժանորդի)
սեփականությունը հանդիսացող կամ նրա կողմից
տնօրինվող գազասպառման համակարգը, անկախ
հաշվառքի սարքի տեղադրման վայրից.
առաքման կետ` առևտրային հաշվառքի սարքի տեղակայման կետը, եթե
պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
2. ԳՄՕԿ-ը սահմանում է բաշխողի կողմից սպառողներին (բաժանորդներին), ենթասպառողներին (ենթաբաժանորդներին) բնական գազի մատակարարման և վերջիններիս կողմից դրանց օգտագործման կանոնները և պայմանները:
3. Գազից օգտվել թույլատրվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան հետևյալ պայմանների բավարարման դեպքում.
- բաշխիչ ցանցին (այլ սպառողի գազասպառման համակարգի գազատարներին)
իրավական ակտերի պահանջներին համապատասխանող գազասպառման համակարգի
միացման առկայություն,
- բաշխողի հետ կնքված բնական գազի մատակարարման (առքի ու վաճառքի)
պայմանագրի (այսուհետև` պայմանագիր) առկայություն:
Պայմանագրին կցվում է գազատար ցանցերի հաշվեկշռային պատկանելության, շահագործման պատասխանատվության սահմանազատման և ծախսված գազի քանակության հաշվառման կազմակերպման մասին ակտը (ակտերը), որը (որոնք) պայմանագրի անբաժանելի մասն է:
Ենթասպառողի (ենթաբաժանորդի) առկայության դեպքում սպառողի (բաժանորդի) և բաշխողի միջև կնքված պայմանագրում նշվում են սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգի գազատարներին միացված ենթասպառողի (ենթաբաժանորդի) տվյալները (անվանումը, հասցեն, գազասպառման սահմանափակումները, գազասպառման ռեժիմները և այլն):
4. Սպառողին (բաժանորդին) վերաբերվող ԳՄՕԿ-ի բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև ենթասպառողի (ենթաբաժանորդի) վրա, եթե վերջինիս վերաբերյալ այլ բան սահմանված չէ:
ԳԼՈՒԽ II
ՍՊԱՌՈՂԻ (ԲԱԺԱՆՈՐԴԻ) ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻՆ (ԱՅԼ ՍՊԱՌՈՂԻ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ) ՄԻԱՑՆԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Նոր սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգը կամ սպառողի (բաժանորդի) վերակառուցվող գազասպառման համակարգը բաշխիչ ցանցին կամ այլ սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգի գազատարներին միացման տեխնիկական պայմանները առաջադրում է բաշխողը, իսկ լրացուցիչ պայմանները` այն սպառողը (բաժանորդը), որի գազասպառման համակարգի գազատարներին են միացվում նոր սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգը կամ սպառողի (բաժանորդի) վերակառուցվող գազասպառման համակարգը:
Սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգի միացման տեխնիկական պայմանները բաշխողը համաձայնեցնում է սպառողի (բաժանորդի) հետ:
6. Բաշխողի և սպառողի (բաժանորդի) միջև փոխհամաձայնեցված տեխնիկական պայմանների կատարումը պարտադիր է կողմերի համար:
Միացման տեխնիկական պայմաններում պարտադիր նշվում է այդ պայմանների գործողության ժամկետը:
7. Բաշխիչ ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու համար պատվիրատուն հայտ է ներկայացնում բաշխողին: Հայտը բավարարելու և տեխնիկական պայմաններ առաջադրելու կամ այն մերժելու համար բաշխողին տրվում է 15 օր ժամկետ` հայտն ստանալու օրվանից հաշված:
8. Գազիֆիկացման նախագծային, շինարարական-հավաքակցման և կարգաբերման աշխատանքներ կարող են կատարել համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
9. Սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգի գազասպառող սարքերի նախագծային հզորության ավելացման կամ գազասպառման համակարգի փոփոխության դեպքում բաշխողը սահմանված կարգով նոր տեխնիկական պայմաններ է առաջադրում սպառողին (բաժանորդին):
Բաշխիչ ցանցում բաշխողի կողմից կատարած փոփոխությունների հետևանքով սպառողին (բաժանորդին) նոր տեխնիկական պայմաններ առաջադրելու դեպքում, նրա գազասպառման համակարգում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ ծախսերը կատարում է բաշխողը:
10. Բաշխողը հատուցում է սպառողին (բաժանորդին) նրա ենթասպառողների (ենթաբաժանորդների) գազամատակարարման ապահովման համար սպառողի (բաժանորդի) լրացուցիչ ծախսերը, որոնք հաշվարկվում են համաձայն ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած մեթոդիկայի:
11. Նոր սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգը բաշխողի գազամատակարարման համակարգին միացման, կամ սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգում նոր հզորությունների ավելացման հետևանքով կատարված անհրաժեշտ ծախսերը, կապված բաշխողի գործող գազամատակարարման համակարգի թողունակության մեծացման հետ, հաշվարկվում են ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած մեթոդիկայով:
ԳԼՈՒԽ III
ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
12. Նոր միացվող և վերակառուցվող գազասպառման համակարգը պետք է համապատասխանի իրավական ակտերի պահանջներին, ապահովված լինի սահմանված կարգով համաձայնեցված նախագծային, թողարկման և փորձարկման փաստաթղթերով:
13. Բնական գազի հաշվառումը կատարվում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված պայմանները բավարարող հաշվառքի սարքերով և (կամ) հանձնաժողովի հաստատած հաշվարկային մեթոդների կիրառմամբ:
14. Պայմանագիր կնքելուց հետո բաշխողը նոր սպառողի (բաժանորդի) գազամատակարարումն իրականացնում է սահմանված կարգով ստուգաչափված և վկայագրված երկկողմ ակտով ընդունված, երկուստեք կապարակնքված գազի հաշվառքի սարքերի առկայության և գազասպառման համակարգի պատասխանատու անձի նշանակման դեպքում:
Որպես առևտրային համարվում է բաշխողի հաշվառքի սարքը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` սպառողինը (բաժանորդինը):
Պայմանագրում պարտադիր նշվում է առևտրային հաշվիչի և հաշվառքի մյուս սարքերի գործարանային համարները և տեխնիկական պարամետրերը:
Հաշվառքի սարքի ծառայության ժամկետը լրանալիս, սպառողի (բաժանորդի) կամ բաշխողի պահանջով` սահմանված կարգով կատարվում է դրա փոխարինումը նորով: Այս դեպքում նոր հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարում է ժամկետանց հաշվառքի սարքի սեփականատերը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
ԳԼՈՒԽ IV.
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՍՊԱՌՄԱՆ) ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
15. Բնական գազի մատակարարումը և սպառումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ, պայմանագրով և սույն կանոններով սահմանված կարգով:
16. Մատակարարվող (սպառվող) գազի քանակների փոփոխությունը թույլատրվում է սպառողի (բաժանորդի) և բաշխողի փոխհամաձայնությամբ` կողմերից մեկի պահանջով, պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:
17. Բաշխողը պարտավոր է գազի առաքման կետում ապահովել գազի ճնշման պայմանագրային մեծությունը, եթե սպառողն (բաժանորդը) ապահովում է պայմանագրով ամրագրված գազի սպառման ռեժիմը:
Այն դեպքերում, երբ պայմանագրով ամրագրված չեն գազի ճնշման մեծությունը և սպառման ռեժիմը, բաշխողը պարտավոր է գազի առաքման կետում ապահովել տեխնիկական կանոնակարգերով և ներքին ստանդարտներով սահմանված գազի ճնշման մեծությունը:
18. Բաշխողը պարտավոր է գազատար ցանցի` պայմանագրով ամրագրված կետում պահպանել (ապահովել) պայմանագրում նշված, իսկ դրանց բացակայության դեպքում` տեխնիկական կանոնակարգերով սահմանված գազի որակական ցուցանիշերը:
19. Տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում բաշխողը պետք է մատակարարի հոտավետացված (օդորիզացված) գազ:
20. Արտադրական ընկերություններին և ջերմաէլեկտրակայաններին տրվող գազը, կնքված պայմանագրի համաձայն, կարող է չենթարկվել հոտավետացման: Այդ դեպքում սպառողները (բաժանորդները) պետք է ունենան գազի արտահոսքն ահազանգող ավտոմատ համակարգեր:
21.Բաշխողի և սպառողի (բաժանորդի) պայմանագրային հարաբերություններից ծագող վեճերը լուծվում են, սույն կանոններով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ V.
ՍՊԱՌՎԱԾ ԳԱԶԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
22. Սպառված գազի քանակությունը որոշվում է համաձայն գազի առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների, իսկ արժեքի վճարման կարգը` ըստ սույն կանոնների:
23. Սպառողի (բաժանորդի) և բաշխողի պատասխանատու անձինք` պայմանագրով ամրագրված հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, սպառողի (բաժանորդի) հետ նախօրոք համաձայնեցված ժամին, կազմում են երկկողմանի ակտ սպառված գազի քանակի մասին: Պայմանագրով սահմանված ժամկետում սպառողի (բաժանորդի) պատասխանատու անձի չներկայանալու դեպքում բաշխողը իրավասու է կազմելու միակողմանի ակտ:
Բաշխողը սպառված գազի արժեքի վճարման փաստաթուղթը կազմում է սպառված գազի քանակի մասին ակտի հիման վրա:
Պայմանագրով ամրագրված վճարման ժամկետի ընթացքում պայմանագրի կողմերին իրավունք է վերապահվում վիճարկելու ակտով հաշվառված սպառված գազի քանակը: Մինչև նշված ժամկետի ավարտը գազի առևտրային հաշվառքի սարքերը շահագործող կողմը պարտավոր է պահպանել և առաջին իսկ պահանջով վիճարկող կողմին ներկայացնել հաշվարկային ժամանակաշրջանում գազի սպառման հաշվառմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը` օպերատիվ տեղեկությունների գրառումները, քարտագրերը, համակարգչային ելքային փաստաթղթերը և այլն: Նշված փաստաթղթերը պետք է պահպանվեն մինչև վեճի վերջնական լուծումը:
24. Սպառողը (բաժանորդը) սպառված գազի համար վճարում է բաշխողի ներկայացրած վճարման փաստաթղթի հիման վրա` պայմանագրով և սույն կանոններով սահմանված կարգով և ժամկետներում:
25. Վճարման համար հաստատված ժամկետի խախտման դեպքում բաշխողը իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) գազամատակարարումը` նրան 5 օր առաջ զգուշացնելուց հետո (ֆաքս, հեռախոսագիր, էլեկտրոնային փոստ, պաշտոնական գրություն և այլն):
Գազամատակարարումը վերականգնվում է պարտքի վճարումը հաստատող փաստաթուղթը սպառողի (բաժանորդի) կողմից ներկայացվելուց հետո` 24 ժամվա ընթացքում, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Նշված ժամանակահատվածում գազամատակարարումը չվերականգնելու դեպքում բաշխողը պարտավոր է այդ ժամկետը գերազանցած ժամանակահատվածում չմատակարարված գազի համար փոխհատուցել սպառողին (բաժանորդին) պայմանագրում սահմանված կարգով:
Բաշխողը կարող է չդադարեցնել սպառողի (բաժանորդի) գազամատակարարումը, եթե սպառողը (բաժանորդը) ներկայացրել է բաշխողի համար ընդունելի վճարման երաշխիքներ և (կամ) նրա հետ կազմվել է համաձայնագիր` պարտքի մարման ժամանակացույցի ձևով:
Բաշխողը իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) գազամատակարարումը, եթե վերջինս պարտքը չի մարել ժամանակացույցում ամրագրված ժամկետներում:
26. Վճարման փաստաթուղթը ստանալու պահից մինչև պայմանագրով վճարման համար ամրագրված ժամկետի վերջին օրը ապառքը չվճարելու դեպքում բաշխողը սպառողից (բաժանորդից) իրավունք ունի գանձել տույժ` հաջորդող յուրաքանչյուր ուշացրած օրվա համար չվճարված գումարի պայմանագրով սահմանված տոկոսադրույքով, բայց օրական 0.1%-ից ոչ ավելի: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել ապառքի գումարի 10%-ը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Եթե սպառողի (բաժանորդի) հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց, ապա պարտքի գումարը հաշվարկվում է նշանակված տույժի հետ միասին այն ժամանակահատվածի համար, որը ներառված է ժամանակացույցում:
27. Վճարման փաստաթղթերում սխալի հայտնաբերման դեպքում սպառողը (բաժանորդը), պայմանագրով վճարման համար ամրագրված ժամկետում, իրավունք ունի դիմել բաշխողին, իսկ հարցի բավարար լուծում չստանալու դեպքում` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովին:
Սույն կետը չի սահմանափակում սպառողի (բաժանորդի) իրավունքը` վեճը լուծել դատական կարգով:
Սպառողի (բաժանորդի) դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում բաշխողը պարտավոր է ստուգել իր գրառումները և ստուգման արդյունքների մասին գրավոր հայտնել սպառողին (բաժանորդին):
Վճարման փաստաթղթերում սխալի հաստատման դեպքում բաշխողը պարտավոր է ուղղել այն և.
ա) եթե սպառողը (բաժանորդը) ըստ տրված վճարման փաստաթղթի կատարել է վճարումը, ավել գանձված գումարը վերադարձնել կամ սպառողի (բաժանորդի) համաձայնությամբ` ձևակերպել որպես կանխավճար, իսկ պակաս վճարված գումարը հաշվի առնել հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի համար տրվող վճարման փաստաթղթում, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Սպառողին (բաժանորդին) ավել գանձված գումարը վերադարձվում է նրա դիմելու պահից 15 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` չվճարված գումարի` պայմանագրով սահմանված տոկոսադրույքով, բայց ոչ ավել օրական 0.1%-ից: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել վերադարձվելի գումարի 10%-ը:
բ) եթե սպառողը (բաժանորդը) ըստ տրված վճարման փաստաթղթի վճարում չի կատարել, նրան տրվում է վճարման նոր` ճշտված փաստաթուղթ, ըստ որի վճարումը կատարվում է սույն կանոններով և պայմանագրով սահմանված կարգով:
28. Սպառողի (բաժանորդի) կամ բաշխողի կողմից գազի առևտրային հաշվառքի սարքի (սարքերի) աշխատանքի վերաբերյալ կասկածի դեպքում կողմերը վարվում են պայմանագրում ամրագրված կարգով: Պայմանագրում նման կարգի բացակայության դեպքում կողմերը պարտավոր են կատարել առևտրային հաշվառքի սարքի (սարքերի) արտապլանային ստուգում (ստուգաչափում):
Հաշվառքի սարքի ստուգումից (ստուգաչափումից) առնվազն 2 օր առաջ առևտրային հաշվառքի սարքի համար պատասխանատվություն կրող կողմը պետք է մյուս կողմին գրավոր տեղեկացնի ապամոնտաժման ժամկետի և ստուգման (ստուգաչափման) տեղի և ժամկետների մասին:
Հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը որոշվում է ստուգաչափման գրավոր եզրակացության հիման վրա:
29. Ստուգման (ստուգաչափման) արդյունքում առևտրային հաշվառքի սարքի սխալ աշխատանքի փաստը հաստատվելու դեպքում մատակարարված գազի քանակությունը հաշվարկվում է ըստ մյուս կողմի վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքների, եթե վերջինս սահմանված կարգով ստուգաչափված և վկայագրված է: Վերստուգիչ հաշվառքի սարքի բացակայության դեպքում վերահաշվարկ կատարվում է հաշվառքի սարքի չափման սխալի թույլատրելի տիրույթը գերազանցող մասով և այն կողմի օգտին, որը սխալ չափման պատճառով վնաս է կրել: Վերահաշվարկը` բացառությամբ ԳՄՕԿ-ի 30-րդ կետում նշված դեպքերի, կատարվում է հաշվառքի վերականգնումից մինչև վերջին ստուգաչափումը ընկած, բայց ոչ ավելի հաշվառքի վերականգնումից մինչև հաշվառքի սարքի ցուցմունքի վերջին գրանցման օրը եղած օրերի քանակից:
Այդ ժամանակահատվածում`
ա) ավելի գանձված գումարը վերադարձվում է սպառողին (բաժանորդին) կամ նրա համաձայնությամբ ձևակերպվում է որպես կանխավճար: Ավելի գանձված գումարը սպառողին (բաժանորդին) է վերադարձվում սխալի փաստի հաստատման պահից` 15 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ պայմանագրում ամրագրված տոկոսադրույքով, բայց ոչ ավել օրական 0.1%-ից: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել վերադարձվելի գումարի 10%-ը:
բ) պակաս վճարված գումարը հաշվի է առնվում հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի համար սպառողին (բաժանորդին) ներկայացվող վճարման փաստաթղթում:
30. Եթե փոփոխական ճնշման սկզբունքի հիման վրա աշխատող ծախսաչափի ստուգման արդյունքում պարզվում է, որ չափող տափօղակի և (կամ) չափող խողովակագծերի բնութագրերը չեն համապատասխանում այդ ծախսաչափի (հաշվառքի սարքի)` իրավասու մարմնի կողմից հաստատված հաշվարկային թերթիկում նշված բնութագրերին, ապա վերահաշվարկ կատարվում է տափօղակի տեղադրման ակտը ստորագրելուց մինչև այդ սխալը վերացնելու օրը ընկած ժամանակահատվածի համար, անկախ այն բանից` խախտումը միտումնավոր է, թե ոչ:
31. Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի սահմաններում գտնվելու դեպքում արտապլանային ստուգման հետ կապված ծախսերը կատարում է հայտ ներկայացնող կողմը, իսկ սխալ աշխատանքը հաստատվելու դեպքում` այն կողմը, որը պատասխանատու է հաշվառքի սարքի շահագործման համար:
Հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի են և չեն պահանջում ծախսված գազի քանակության և արժեքի վերահաշվարկ, եթե ստուգաչափման արդյունքում շեղումները գտնվում են հաշվառման սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:
Հաշվառքի սարքերի ապամոնտաժման, տեղափոխման և տեղադրման ծախսերը հաշվարկվում են ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանած մեթոդիկայով:
32. Սպառողի (բաժանորդի) կամ բաշխողի պատասխանատվության տակ գտնվող գազի առևտրային հաշվառքի սարքի տեղակայման տեխնիկական կանոնակարգերով որոշված պայմանների և (կամ) շահագործման նորմերի խախտումների հայտնաբերման դեպքում համատեղ կազմվում է հաշվառքի խախտման ակտ: Ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում ծախսված գազի քանակի վերահաշվարկի համար: Ակտին մյուս կողմի չհամաձայնելու դեպքում հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բացառությամբ ԳՄՕԿ-ի 30-րդ կետում նշված դեպքերի, ծախսված գազի քանակության վերահաշվարկ կատարվում է հաշվառքը վերականգնելու պահից մինչև հաշվառքի սարքերի վերջին ստուգաչափումը ընկած ժամանակահատվածի համար, բայց ոչ ավել հաշվառքի վերականգնումից մինչև սարքի ցուցմունքի վերջին գրանցման օրը եղած օրերի քանակից:
Վերահաշվարկը կատարվում է հետևյալ ձևով.
ա) եթե հաշվառքի սարքի շահագործման պատասխանատվությունը կրում է սպառողը (բաժանորդը)` համաձայն բաշխողի վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքների, պայմանով, որ այն սահմանված կարգով ստուգաչափված և վկայագրված է: Վերստուգիչ հաշվառքի սարքի բացակայության դեպքում` ելնելով սպառողի (բաժանորդի) գազասպառման համակարգի չկնքված (շահագործման մեջ գտնվող) գազասպառման սարքերի նախագծային հզորությունից.
բ) եթե հաշվառքի սարքի շահագործման պատասխանատվությունը կրում է բաշխողը` համաձայն սպառողի (բաժանորդի) վերստուգիչ հաշվառքի սարքի ցուցմունքների, պայմանով, որ այն սահմանված կարգով ստուգաչափված և վկայագրված է: Վերստուգիչ հաշվառքի սարքի բացակայության դեպքում ելնելով խախտմանը նախորդած հաշվարկային ժամանակաշրջանում գազասպառման փաստացի օրերի միջին օրական ծախսից:
Հաշվառման խախտումների համար բաշխողը և սպառողը (բաժանորդը) կնքվող պայմանագրում կարող են նախատեսել համապատասխան տույժեր:
Հաշվառքի խախտումները վերացվում են հաշվառքի խախտման ակտի հիման վրա, շահագործման պատասխանատուի կողմից և իր ծախսերով` ոչ ավելի, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, հակառակ դեպքում բաշխողը իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) գազամատակարարումը, իսկ հաշվարկված գումարը գանձել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե սպառողը (բաժանորդը) դիմել է իրավասու մարմիններին ակտը վիճարկելու համար (որի մասին գրավոր տեղյակ է պահել բաշխողին), ապա մինչև որոշման կայացումը` նշված մարմինների գրության հիման վրա, բաշխողը չպետք է դադարեցնի սպառողի (բաժանորդի) գազամատակարարումը:
ԳԼՈՒԽ VI
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
33. Բնական գազի մատակարարման սահմանափակումները և (կամ) դադարեցումը վթարային կամ արտակարգ իրավիճակներում իրականացվում են պայմանագրով և օրենսդրությամբ սահմանված կարգով: Բաշխողը վթարային իրավիճակի և դրանից բխող գազամատակարարման սահմանափակման մասին պարտադիր տեղեկացնում է սպառողին (բաժանորդին):
34. Սպառողը (բաժանորդը)` մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին վտանգ սպառնացող վթարային իրավիճակներում պարտավոր է դադարեցնել բնական գազի սպառումը, իսկ բաշխողը` նման իրավիճակներում` գազի մատակարարումը, անմիջապես միմյանց տեղեկացնելով:
35. Գազամատակարարման վերսկսումը կամ նոր սպառողի (բաժանորդի) գազամատակարարումը իրականացվում է սպառողի (բաժանորդի) հետ նախապես համաձայնեցված օրը և ժամին:
ԳԼՈՒԽ VII
ԲԱՇԽՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ (ԲԱԺԱՆՈՐԴԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
36. Սպառողի (բաժանորդի) գազամատակարարման ընդհատումների կամ սահմանափակումների դեպքում, բացառությամբ ԳՄՕԿ-ի 37-րդ կետում նշված դեպքերի, բաշխողը թերմատակարարման համար սպառողին (բաժանորդին) վճարում է տուգանք` համաձայն կնքված պայմանագրի: Պայմանագրով չնախատեսված գազի ընդհատումների կամ սահմանափակումների հետևանքով սպառողի (բաժանորդի) կրած վնասը փոխհատուցում է բաշխողը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սպառողի (բաժանորդի) կողմից գազի` պայմանագրով ամրագրված քանակների շարունակական թերառման դեպքում, բաշխողին իրավունք է վերապահվում պայմանագրով ամրագրված կարգով սպառողից (բաժանորդից) պահանջելու կրած վնասի փոխհատուցում:
37. Բաշխողը սպառողի (բաժանորդի) նկատմամբ պատասխանատվություն չի կրում գազի թերմատակարարման համար, եթե այն հետևանք է`
ա) տարերային աղետների` ջրհեղեղների, երկրաշարժի, փոթորիկների և այլն.
բ) սպառողի (բաժանորդի) սխալ օպերատիվ գործողությունների, որոնք հանգեցնում են գազասնուցման ընդհատման (սխալ անջատումներ, շահագործման կանոնների խախտումներ, գազասպառման համակարգի վթարներ և այլն).
գ) սպառողին (բաժանորդին) բնական գազի մատակարարման` օրենքով թույլատրվող սահմանափակման կամ պայմանագրով ամրագրված ընդհատման պայմանների:
Բաշխողը պարտավոր է հնարավոր կարճ ժամկետում սպառողին (բաժանորդին) տեղեկացնել գազամատակարարման սահմանափակման պատճառների և վերացման ժամկետների մասին:
38. Սպառողին (բաժանորդին) թերմատակարարված գազի քանակությունը որոշվում է մատակարարման սահմանափակման փաստացի ժամանակով և նախորդ հաշվարկային ժամանակաշրջանի միջին ծախսի ու թերամատակարարման ընթացքում առաքված գազի քանակների տարբերությամբ:
39. Սպառողը (բաժանորդը) պարտավոր է գազամատակարարման ընդհատման մասին անհապաղ տեղեկացնել բաշխողին:
Գազի թերմատակարարման պատճառները և ժամանակը որոշվում են բաշխողի ու սպառողի (բաժանորդի) համապատասխան փաստաթղթերով և արձանագրվում երկկողմ ակտով:
40. Բաշխողը 5-օրյա ժամկետում քննարկում է սպառողի (բաժանորդի) գազի թերմատակարարման մասին դիմումը և կնքված պայմանագրի համաձայն վճարում տույժ, թերմատակարարված (հաշվարկված) գազի արժեքի 2%-ի չափով, ոչ ուշ, քան սպառողի (բաժանորդի) դիմումն ստանալուց 15 օրվա ընթացքում: Բաշխողը սպառողի (բաժանորդի) համաձայնությամբ այդ գումարը կարող է ձևակերպել որպես կանխավճար և հաշվի առնել այն ընթացիկ հաշվարկային ժամանակաշրջանում սպառած գազի համար տրվող վճարման փաստաթղթում: Յուրաքանչյուր ուշացրած օրվա համար տույժի գումարը հավելվում է պայմանագրում նշված տույժի տոկոսադրույքով, բայց ոչ ավել օրական 0.1%-ից: Հավելված գումարը չի կարող գերազանցել հաշվարկված տույժ 10%-ը:
41. Որակական ցուցանիշերին չհամապատասխանող ծախսված գազի քանակության դիմաց սպառողը (բաժանորդը) վճարում է ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած և պայմանագրով ամրագրված գնով, եթե գազի այդպիսի որակը բավարարում է սպառողին (բաժանորդին):
Մատակարարվող գազի որակը պայմանագրի պայմաններին չհամապատասխանելու դեպքում սպառողին (բաժանորդին) իրավունք է վերապահվում բաշխողին պայմանագրով և սույն կանոններով սահմանված կարգով պաշտոնապես տեղեկացնելուց հետո, մինչև գազի որակի վերականգնումը, դադարեցնելու կամ սահմանափակելու գազի սպառումը:
42. Պայմանագրում նշվածին չհամապատասխանող գազի որակական ցուցանիշերը և այդ ցուցանիշերով գազամատակարարման ժամանակահատվածը որոշվում են բաշխողի համապատասխան սարքերի չափումների արդյունքներով:
43. Բաշխողը և սպառողը (բաժանորդը) պատասխանատվություն են կրում իրենց սեփականությունը հանդիսացող կամ իրենց տնօրինության տակ գտնվող և պայմանագրով սահմանազատված գազասարքավորումների, գազատար խողովակների ու գազի առևտրային հաշվառքի սարքերի տեխնիկական վիճակի, անվտանգության տեխնիկայի կանոնների և շահագործման նորմերի պահպանման համար:
ԳԼՈՒԽ VIII.
ԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Ա. Ընդհանուր դրույթներ
44. Բնակչությանը թույլատրվում է գազից օգտվել բաշխիչ ցանցին իրավական ակտերի պահանջներին համապատասխանող գազասպառման համակարգի միացման և բաշխողի հետ պայմանագրի առկայության դեպքում:
Յուրաքանչյուր գազասպառման համակարգի համար կնքվում է առանձին պայմանագիր:
Պայմանագրին կցվում է գազասպառման համակարգի շահագործման, բաժանորդի պատասխանատվության և համապատասխան հրահանգավորման անցկացման մասին ակտը, որը պայմանագրի անբաժանելի մասն է:
Ենթաբաժանորդի առկայության դեպքում բաժանորդի և բաշխողի միջև կնքված պայմանագրում նշվում են բաժանորդի գազասպառման համակարգի գազատարներին միացված ենթաբաժանորդի տվյալները (անվանումը, հասցեն և այլն):
45. Բաշխողը` գազամատակարարման վերականգնման կամ սկսման մասին դիմումներին պարտավոր է պատասխանել 15 օրվա ընթացքում:
46. Բաշխողը, պայմանագիր կնքելուց հետո բացում է (անհատույց) բաժանորդի անհատական հաշվառման քարտ` սպառած գազի քանակը և վճարումները հաշվառելու համար:
47. Անհրաժեշտության դեպքում առևտրային հաշվառքի սարքերի տեղափոխման հետ կապված ծախսերը կատարում է նախաձեռնող կողմը:
48. Բաշխողը նոր բաժանորդի գազամատակարարումը իրականացնում է սահմանված կարգով կապարակնքված գազասպառման առևտրային հաշվառքի սարքերի առկայության դեպքում:
Բաժանորդը իրավունք ունի լրացուցիչ կապարակնքել գազասպառման առևտրային հաշվառքի սարքերը, իսկ դրա հնարավորությունը չունենալու դեպքում կապարակնքումը փոխարինել առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը չխոչընդոտող այլ միջոցներով:
Առևտրային հաշվիչ է համարվում պայմանագրում նշվածը:
Պայմանագրում պարտադիր նշվում է առևտրային հաշվիչի գործարանային համարը և տեխնիկական պարամետրերը և երկուստեք կնքման ձևերը:
Բաժանորդը և բաշխողը երկուստեք պատասխանատվություն են կրում կնիքների կամ դրանց փոխարինող միջոցների ամբողջականության համար:
49. Բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի սեփականատեր է հանդիսանում բաշխողը:
50. Նոր կամ նախկինում գազիֆիկացված առանձնատների, ամառանոցների և բնակարանների գազիֆիկացումը կամ գազիֆիկացման վերականգնումը իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ընթացակարգի համաձայն:
51. Բնակարանների, առանձնատների և ամառանոցների գազամատակարարումը թույլատրվում է իրականացնել միայն մեկ սնման կետով` առանց դրանց համար պահեստային սնման կետի նախատեսման:
Բ. Բնակելի բազմաբնակարան շենքերի, ամառանոցների և առանձնատների (բնակելի տարածքների) գազասարքավորումների շահագործումը
52. Գազասպառման համակարգից օգտվելու անվտանգության տեխնիկայի կանոնների և գազասարքերի շահագործման պայմանների պահպանման համար պատասխանատվությունը կրում է բաժանորդը:
Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը պայմանագրային հիմունքներով կարող են իրականացնել լիցենզավորված իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:
53. Բաժանորդի հաշվառքի սարքերի շահագործումն իրականացվում է պայմանագրով սահմանված կարգով:
54. Բաժանորդի հաշվառքի սարքի տեղակայումը պետք է բավարարի տեխնիկական կանոնակարգերով որոշված պայմաններին և ապահովի հաշվառքի սարքի ցուցմունքի տեսանելիությունը բաժանորդի և բաշխողի համար:
Հաշվառքի սարքերի ծառայության ժամկետը լրանալիս, բաժանորդի կամ բաշխողի պահանջով` սահմանված կարգով կատարվում է դրանց փոխարինումը նորով: Նոր հաշվառքի սարքերի ձեռքբերման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարում է բաշխողը:
Գ. Բնակելի տարածքներում սպառված գազի քանակության որոշման և արժեքի
վճարման կարգը
55. Սպառված գազի քանակությունը որոշվում է համաձայն գազի առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների, իսկ արժեքի վճարման կարգը` ըստ սույն կանոնների:
56. Գազի առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրառումը կատարում է բաշխողի ներկայացուցիչը, պայմանագրով ամրագրված հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, պարտադիր կարգով իրականացնելով գազի առևտրային հաշվառքի սարքի տեղակայման տեխնիկական պայմանների և արտաքին վիճակի զննում:
Բաժանորդը իրավունք ունի մասնակցել ցուցմունքի գրառմանը:
57. Բաժանորդը սպառած գազի համար վճարում է ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
58. Բաժանորդը վճարումը կատարում է բաշխողի կողմից գազի հաշվառքի սարքի ցուցմունքի համաձայն կազմված և ներկայացված անհատական վճարման փաստաթղթի, տեսանելի տեղերում փակցված վճարման ցուցակների կամ վճարման կետերում գրանցված վճարագրերի հիման վրա` 15 օրվա ընթացքում:
59. Վճարման համար հատկացված 15-օրյա ժամկետի խախտման դեպքում բաշխողը իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` անջատումից 5 օր առաջ նրան գրավոր զգուշացնելուց հետո: Գազամատակարարումը վերականգնվում է բաժանորդի կողմից պարտքի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
Նշված ժամկետում գազամատակարարումը չվերականգնելու դեպքում բաշխողը պարտավոր է բաժանորդին վճարել տույժ պայմանագրով սահմանված չափով:
Բաշխողը կարող է չդադարեցնել բաժանորդի գազամատակարարումը, եթե բաժանորդը ներկայացրել է բաշխողի համար ընդունելի վճարման երաշխիքներ և (կամ) նրա հետ կազմվել է համաձայնագիր` պարտքի մարման ժամանակացույցի ձևով:
Բաշխողը իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս պարտքը չի մարել ժամանակացույցում ամրագրված ժամկետներում:
60. Վճարման փաստաթղթերում սխալի հայտնաբերման դեպքում բաժանորդը կարող է դիմել բաշխողին, իսկ հարցի բավարար լուծում չստանալու դեպքում` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովին:
Սույն կետը չի սահմանափակում բաժանորդի իրավունքը` վեճը լուծել դատական կարգով:
Բաժանորդի դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում բաշխողը պարտավոր է ստուգել իր գրառումները և ստուգման արդյունքների մասին գրավոր հայտնել բաժանորդին:
Վճարման փաստաթղթերում սխալի հաստատման դեպքում բաշխողը պարտավոր է ուղղել այն և.
ա) եթե բաժանորդը ըստ տրված վճարման փաստաթղթի կատարել է վճարումը, ավելի գանձված գումարը վերադարձնել կամ բաժանորդի համաձայնությամբ` ձևակերպել որպես կանխավճար, իսկ պակաս վճարված գումարը հաշվի առնել հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի համար տրվող վճարման փաստաթղթում: Բաժանորդին ավելի գանձված գումարը վերադարձվում է նրա դիմելու պահից 15 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` չվճարված գումարի` պայմանագրով սահմանված տոկոսադրույքով, բայց ոչ ավել օրական 0.1%-ից: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել վերադարձվելիք գումարի 10%-ը:
բ) եթե բաժանորդը ըստ տրված վճարման փաստաթղթի վճարում չի կատարել, նրան տրվում է վճարման նոր` ճշտված փաստաթուղթ, ըստ որի վճարումը կատարվում է ըստ սույն կանոնների:
61. Բաժանորդի կամ բաշխողի կողմից գազի առևտրային հաշվառքի սարքի ճիշտ աշխատանքի վերաբերյալ կասկածի դեպքում կողմերը վարվում են պայմանագրով սահմանված կարգով: Պայմանագրում նման կարգի բացակայության դեպքում կողմերը պարտավոր են կատարել հաշվառքի սարքերի արտապլանային ստուգում (ստուգաչափում): Հաշվառքի սարքի ապամոնտաժումը կատարում է բաշխողը:
Հաշվառքի սարքի ստուգումից (ստուգաչափումից) առնվազն 2 օր առաջ բաշխողը բաժանորդին պետք է գրավոր տեղեկացնի ապամոնտաժման ժամկետի և ստուգման (ստուգաչափման) տեղի և ժամկետների մասին:
Հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը որոշվում է ստուգաչափման գրավոր եզրակացության հիման վրա:
Եթե արտապլանային ստուգումը (ստուգաչափումը) կատարվում է բաժանորդի պահանջով և արդյունքում պարզվում է, որ հաշվառքի սարքը չի աշխատում ճշտության դասի տիրույթում, ապա ստուգման (ստուգաչափման) հետ կապված ծախսերը կատարում է բաշխողը, հակառակ դեպքում` բաժանորդը:
Բաշխողի նախաձեռնությամբ կատարված արտապլանային ստուգման (ստուգաչափման) հետ կապված ծախսերը` անկախ ստուգման արդյունքից, կատարում է բաշխողը:
Հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի են և չեն պահանջում ծախսված գազի և դրա արժեքի վերահաշվարկ, եթե գտնվում են հաշվառքի սարքի չափման սխալի թույլատրելի տիրույթում:
62. Ստուգման արդյունքում առևտրային հաշվառքի սարքի սխալ աշխատանքի փաստը հաստատվելու դեպքում մատակարարված գազի քանակության վերահաշվարկ կատարվում է հաշվառքի սարքի չափման սխալի թույլատրելի տիրույթը գերազանցող մասով: Վերահաշվարկը կատարվում է հաշվառքի վերականգնումից մինչև վերջին ստուգաչափումը ընկած, բայց ոչ ավել հաշվառքի վերականգնումից մինչև հաշվառքի սարքի ցուցմունքի վերջին գրառման օրը եղած օրերի քանակից: Իր օգտին հաշվառքի սխալի հայտնաբերման դեպքում բաշխողը պարտավոր է ավելի գանձված գումարը վերադարձնել բաժանորդին կամ բաժանորդի համաձայնությամբ` ձևակերպել որպես կանխավճար: Ավել գանձված գումարը բաշխողը հետ է վերադարձնում սխալը հաստատվելու պահից 15 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` չվճարված գումարի` պայմանագրով սահմանված տոկոսադրույքով, բայց ոչ ավել օրական 0.05 %-ից: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել վերադարձվելի գումարի 10%-ը
Բաժանորդի օգտին հաշվառքի սխալի հայտնաբերման դեպքում վերահաշվարկ չի կատարվում:
63. Առանց պայմանագրի (ապօրինի սպառում) գազի սպառման փաստի հայտնաբերման դեպքում բաշխողը դադարեցնում է ապօրինի սպառումը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի պահանջել վնասի փոխհատուցում:
64. Հաշվիչի շրջանցումով գազի սպառման, հաշվառքի սարքերի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման) կամ այլ խախտումների դեպքում բաշխողը դադարեցնում է բաժանորդի գազամատակարարումը և նրա հետ համատեղ կազմում հաշվառքի խախտման մասին ակտ: Ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկի համար:
Ակտին` բաժանորդի չհամաձայնելու դեպքում հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բաշխողը հաշվառքի խախտման մասին ակտը կազմելուց և հաշվառքը վերականգնելուց հետո կատարում է սպառված գազի վերահաշվարկ հաշվառքի խախտման մասին ակտը կազմելու պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրառելու վերջին օրը եղած ամբողջ ժամանակահատվածի համար բաժանորդի գազասպառող սարքերի անձնագրային հզորությամբ: Հաշվառքի խախտման մասին ակտի հիման վրա հաշվարկված գումարի համար բաժանորդին է ներկայացվում վճարման փաստաթուղթ, որը ենթակա է վճարման 15 օրվա ընթացքում:
Հաշվառքը վերականգնում է բաշխողը, հաշվառքի խախտման մասին ակտի հիման վրա, ոչ ավելի քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվառքի վերականգնման, գազասպառման համակարգը նախագծին համապատասխանեցնելու և հաշվառքի սարքերի վերանորոգման հետ կապված ծախսերը կատարում է բաժանորդը:
Բաժանորդի գազամատակարարումը վերականգնվում է խախտումը վերացնելուց և դրա հետ կապված վնասը փոխհատուցելուց, գազի սպառման համակարգը նախագծին համապատասխանեցնելուց և հաշվառքի խախտման մասին ակտի հիման վրա հաշվարկված գումարի վճարման փաստաթուղթը բաժանորդի կողմից ներկայացվելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
Եթե բաժանորդը ինքնակամ վերականգնել է գազամատակարարումը, ապա բաշխողը իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը մուտքային գազատարի մեխանիկական անջատման (զոդման) միջոցով: Այս դեպքում գազամատակարարումը վերականգնվում է միայն այն դեպքում, եթե բաժանորդը կատարել է ոչ միայն հաշվառքի խախտման մասին ակտով որոշված ծախսը, այլև վճարել է գազամատակարարումը ինքնակամ վերականգնելուց հետո սպառված գազի արժեքը և գազատարի մեխանիկական անջատման (զոդման) և այն վերականգնելու ծախսերը:
65. Բաժանորդի կողմից գազասպառման համակարգի տեխնիկական պայմաններով որոշված միացումների խախտման դեպքում դրա վերականգնման հետ կապված ծախսերը կատարում է բաժանորդը:
66. Բաշխողի և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
67. Բաշխողի ցանցերում տեղի ունեցած վթարների հետևանքով բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելու յուրաքանչյուր դեպքում, եթե այն պայմանավորված չէ սույն կանոնների 37-րդ կետում նշված պատճառներով, բաշխողը բաժանորդին վճարում է տույժ պայմանագրով սահմանված չափով:
68. Սույն կանոնների II-րդ, III-րդ, IV-րդ, V-րդ, VII-րդ (բացի 37-րդ կետից) գլուխները չեն վերաբերում կենցաղային սպառողներին (բնակչությանը):