(ուժը կորցրել է 20.11.99 թիվ 694 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մայիսի 1995 թ. թիվ 249
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐՀԱՃԱԽԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների բաշխման և կարգավորման միջոցառումների մասին» թիվ 7 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետության ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների մշակման, նախագծման, կառուցման, արտադրության, տեղադրման, ձեռքբերման, օգտագործման և ներմուծման կարգը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 7-ի թիվ 249 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովը հանդիսանում է միջգերատեսչական պետական մարմին և իր իրավասության սահմաններում իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների տիրույթի (սպեկտրի) բաշխման ու օգտագործման բնագավառում միասնական քաղաքականություն, ապահովում է ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը, ինչպես նաև կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների բնապաշարից օգտվողների միջազգային իրավական շահերի պաշտպանությունը:
2. Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) և սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հանձնաժողովը հաշվետու է և պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
4. Հանձնաժողովը ռադիոհաճախությունների տիրույթի բաշխման, օգտագործման, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման բնագավառում իր որոշումներն ընդունում է հաշվի առնելով մարդկային կյանքի անվտանգության ապահովումը, կառավարական և այլ հատուկ ծառայությունների կապը, հանրապետության ներքին և արտաքին անվտանգության շահերը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները:
5. Հանձնաժողովի որոշումների կատարումը պարտադիր է ռադիոէլեկտրոնային միջոցներ ու բարձրհաճախական սարքավորումներ մշակող, նախագծող, արտադրող, տեղադրող, ձեռք բերող, օգտագործող, ինչպես նաև ներմուծող բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար (այդ թվում նաև օտարերկրյա), որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում` անկախ գերատեսչական պատկանելությունից, կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:
2. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու գործառույթները
6. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) ռադիոհաճախությունների տիրույթի բաշխման և օգտագործման բնագավառում երկարաժամկետ տեխնիկական քաղաքականության մշակումը.
բ) Հայաստանի Հանրապետության ռադիոկապի ծառայությունների միջև ռադիոհաճախությունների տիրույթի բաշխման ազգային ցանցի և տարբեր ռադիոէլեկտրոնային միջոցներում ռադիհաճախությունների օգտագործման հեռանկարային պլանների կազմումը.
գ) Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների տիրույթում առանձին նոմինալների օգտագործման և ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման բնագավառում տարվող աշխատանքների կոորդինացումը Հայաստանի Հանրապետության սահմանամերձ պետությունների համապատասխան մարմինների հետ.
դ) ռադիոհաճախությունների տիրույթի բաշխման և օգտագործման հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.
ե) Հայաստանի Հանրապետության ռադիոէլեկտրոնային միջոցներին հատկացված ռադիոհաճախությունների միջազգային իրավական պաշտպանությունն ապահովող աշխատանքների ղեկավարումը.
զ) ռադիոհաճախությունների բաշխման և օգտագործման բնագավառում անցկացվող կոնֆերանսներին ու հավաքներին մասնակցելը և այդ կոնֆերանսներում ու հավաքներում ընդունված որոշումների իրականացումը.
է) ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիությունն ապահովող խնդիրների լուծմանը և ռադիոհաճախությունների տիրույթի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված գիտատեխնիկական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:
7. Հանձնաժողովը`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների մշակման, նախագծման, կառուցման, արտադրության, տեղադրման, ձեռքբերման, օգտագործման և ներմուծման կարգը.
բ) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում զանգվածային օգտագործման համար նախագծվող և արտադրվող ռադիոհաղորդիչ միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների համար հիմնական տեխնիկական պայմանները, այդպիսի միջոցների համար ռադիոհաճախությունների տիրույթի առանձին նոմինալների հատկացման կարգը, ինչպես նաև սույն կանոնադրության 7-րդ կետի «ա» ենթակետում նշված կարգի կիրարկման մասին հրահանգը.
գ) ներգրավում է գիտահետազոտական կազմակերպություններին, բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև այդ կազմակերպությունների մասնագետներին` ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների մշակման, տեխնիկական փորձագիտության և խորհրդատվության համար.
դ) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների տիրույթի առանձին նոմինալների օգտագործման սահմանափակումներ (տարածքային, ժամանակավոր և այլն).
ե) արգելում է կամ կասեցնում ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձրհաճախական սարքավորումների մշակումը, թողարկումն ու օգտագործումը, եթե դրանք չեն համապատասխանում ռադիոխանգարումների համար ընդունված թույլատրելի չափանիշներին.
զ) կասեցնում է ռադիոէլեկտրոնային միջոցների թողարկումը, եթե դրանց տեխնիկական պայմանները չեն համաձայնեցված հանձնաժողովի հետ.
է) արգելում է ռադիոհաղորդիչների աշխատանքն այն դեպքում, երբ այդ հաղորդումների ընթացքում հրապարակվում է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն կամ դրանք կրում են հակահասարակական բնույթ:
3. Հանձնաժողովի կառուցվածքը և աշխատանքի
կազմակերպումը
8. Հանձնաժողովը գլխավորում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարը` ի պաշտոնե, որը կազմակերպում է ու ղեկավարում հանձնաժողովի գործունեությունը:
9. Հանձնաժողովը գործում է իր կողմից հաստատված աշխատանքային պլանի համաձայն:
10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ը:
11. Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
12. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
13. Հանձնաժողովի վերակառուցումը կամ լուծարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 7-ի թիվ 249 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐՀԱՃԱԽԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների մշակման, նախագծման, կառուցման, արտադրության, տեղադրման, ձեռքբերման, օգտագործման և ներմուծման կարգը:
2. Սույն կարգը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, ովքեր իրագործում են ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների մշակումը, նախագծումը, կառուցումը, արտադրությունը, ձեռքբերումը, օգտագործումը և ներմուծումը, բացի այն ռադիոէլեկտրոնային միջոցներից ու բարձրհաճախական սարքավորումներից, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (բացի վերգետնյա ծառայություններից) համար:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է 9 կիլոհերցից բարձր և 400 մեգահերցից ցածր հաճախության տիրույթի բոլոր ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների վրա` անկախ դրանց հզորությունից, նշանակությունից և պատկանելությունից:
4. Ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների մշակումը և նախագծումն իրագործվում են Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի թույլտվությամբ, որով սահմանվում են ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձրհաճախական սարքավորումների աշխատանքային հաճախականության տիրույթը և նոմինալը, էլեկտրամագնիսական համատեղելիությունը որոշող պարամետրերը, ճանաչման ազդականչը և օգտագործման պայմանները:
5. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձրհաճախական սարքավորումների արտադրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի հետ համաձայնեցված տեխնիկական պայմանների կամ այլ նորմատիվ -տեխնիկական փաստաթղթերի հիման վրա:
6. Ռադիոհաղորդիչ կայանների վաճառքը, ժամանակավոր տրամադրումը (հատկացումը) այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ձեռքբերումը, ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարության ռադիոհաճախությունների բաշխման և կարգավորման հանրապետական կենտրոնի (այսուհետև` ռադիոհաճախությունների կենտրոն) հետ նախապես համաձայնեցումից և համապատասխան (սահմանված կարգով) գրանցումից հետո, որի ժամանակ հաղորդիչ կայանների օգտագործման համար հատկացվում են որոշակի ռադիոհաճախություններ` ապահովելով բաշխվող հաճախությունների էլեկտրամագնիսական համատեղելիությունը, և տրվում է համապատասխան թույլտվություն:
i
7. Սույն կարգի 6-րդ կետին համապատասխան գրանցումների, ինչպես նաև հատկացված ռադիոհաճախությունների տիրույթների տարբեր բնույթի և ծագման ռադիոխանգարումներից պաշտպանիչ սպասարկման համար ռադիոհաճախությունների կենտրոն կատարվում են մուծումներ Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված սակագներին համապատասխան:
8. Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք կատարվում է ռադիոհաճախությունների կենտրոնի հետ համաձայնեցումից և գրանցումից հետո, որի համար ընդունող (հրավիրող) անձը երաշխավորում է այդ միջոցների և սարքավորումների պարտադիր արտահանումը` ներմուծման ժամկետը լրանալուց հետո:
9. Արտասահմանյան ժամանակավոր արտահանված ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է դրանց արտահանման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմիններին տրված ներմուծման պարտավորագրի հիման վրա, եթե դրանք գրանցված են ռադիոհաճախություններիի կենտրոնում:
10. Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա, պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ռադիոհաղորդիչ սարքերի օգտագործումը թույլատրվում է ռադիոհաճախությունների կենտրոնի հետ համաձայնեցումից և գրանցումից հետո` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ: Համաձայնությունը տրվում է փոխադարձության սկզբունքով: Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները հաճախությունների հատկացման, ռադիոհաղորդիչների գրանցման և օգտագործման համար մուծումներից կարող են ազատվել` նույնպես, փոխադարձության սկզբունքով:
11. Ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձրհաճախական սարքավորումների մշակման, նախագծման, կառուցման, արտադրության, տեղադրման, ձեռքբերման, ներմուծման և օգտագործման կարգի խախտումների դեպքում սույն կարգի 6-րդ կետին համապատասխան տրված թույլտվությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել, իսկ ռադիոհաղորդիչ կայանների աշխատանքը` արգելվել:
12. Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք անհրաժեշտություն ունեն կազմակերպելու նոր ռադիոկապ (կամ ընդլայնելու գործող ռադիոկապի ցանցը) , նախապես պարտավոր են դիմել ռադիոհաճախությունների կենտրոն` ստանալու գրավոր եզրակացություն, առանց որի նոր ռադիոկապի ստեղծումը կամ գործող ռադիոցանցի ընդլայնումն արգելվում է:
13. Սույն կարգի խախտումները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների, այդ թվում` օտարերկրյա և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից առաջացնում է պատասխանատվություն, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան: