ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 2020 թվականի N 862-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 14-րդ և 18-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` 228,282.2 հազ. դրամ գնահատված արժեքով ակտիվներ ունեցող «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 4) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսն ուղղակի վաճառքի ձևով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
2. Ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:
3. Ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատված արժեքը 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 112,989.2 հազ. դրամ:
4. Սահմանել, որ`
1) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա ընկերության 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գինը կազմում է 50,845.2 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 50 տոկոսին.
2) գնորդի կողմից բաժնետոմսերի վաճառքի գինը ենթակա է վճարման հինգ տարվա ընթացքում` հավասարաչափ:
5. Ընկերության պարտավորությունները 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ (գնահատման պահ) կազմել են 115,293.0 հազ. դրամ, այդ թվում`
1) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 624.0 հազ. դրամ.
2) ստացված ընթացիկ կանխավճարներ` 35,168.0 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին` 12,101.0 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 177.0 հազ. դրամ.
5) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 10,300.0 հազ. դրամ.
6) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին) շահութաբաժնի գծով` 17,551.0 հազ. դրամ.
7) այլ ընթացիկ պարտավորություններ` 39,372.0 հազ. դրամ:
6. Ընկերությունը 2012-2018 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` բաժնետոմսերի վաճառքի գնի առաջին տարվա, ինչպես նաև բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված 451.0 հազ. դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
1) մինչև 2027 թվականն ապահովել`
ա. ընկերության կանոնադրությամբ սահմանված հիմնական տեխնիկական ուղղություններով շարունակական գործունեության իրականացումը,
բ. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին Հայաստանի Հանրապետության միջուկային օրենսդրության և ԵՄ անվտանգության դիրեկտիվներին մոտարկման և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներին համապատասխանեցման աջակցությունը,
գ. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին մատուցվող ծառայությունների ծավալի և գնի պահպանումը,
դ. ՀԱԷԿ-ի շահագործման և շահագործումից հանելու ժամանակահատվածում միջուկային ու ռադիացիոն անվտանգության գնահատումների, հետազոտությունների, փորձաքննությունների իրականացումը,
ե. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման գործառույթի շարունակական իրականացումը` ներառյալ միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտի տարեկան 2 նոր մասնագետի պատրաստումը,
զ. միջուկային և ճառագայթային անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծերի մշակումը,
է. ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիայի ստեղծման ու զարգացման աշխատանքների իրականացումը, ներառյալ լաբորատոր չափումների կարողությունների ստեղծում հետևյալ ուղղություններով` շրջակա միջավայրի, շինանյութի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշներում ռադիոիզոտոպների պարունակության վերլուծություն (ալֆա և գամմա սպեկտրոմետրիա), օդում և ջրում ռադոն գազի կոնցենտրացիայի չափումներ.
2) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները.
3) մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում` բաժնետոմսերի ռեեստրի վարումն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունում:
8. Սահմանել, որ գնորդը վաճառքի գումարը յուրաքանչյուր տարվա համար վճարում է վճարման հանձնարարագիրն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում` վճարման ենթակա գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:
9. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահին` սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված պարտավորությունների կատարման ամփոփ արդյունքները և դրանց կատարված լինելու մասին եզրակացությունը յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 1-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
10. Սահմանել, որ գնորդի կողմից մասնավորեցման պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը վերադարձման Հայաստանի Հանրապետությանը:
11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 7-րդ կետում նշված մասնավորեցման պայմանագիրը գնորդի հետ կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության 10 տոկոս բաժնետոմսերի հանձնումը Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի
Երևան