Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ է 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ) 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ

ՄԱՍԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 12 մայիսի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 22-րդ և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա` 2017 թվականի

i

հունվարի 27-ի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի և 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ուժը կորցրել է 2018 թվականի հունվարի 1-ին) 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2000 թվականի մայիսի 17-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2000 թվականի հունիսի 12-ին և ուժի մեջ է մտել 2000 թվականի հուլիսի 1-ին: Օրենքի` 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան» վերտառությամբ 1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանվում էր.

«4. Ստուգումները կարող են լինել թեմատիկ` ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն, կամ համալիր` ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: Թեմատիկ են հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովության, բնօգտագործման, բնապահպանական և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները, գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումները, սահմանված տնտեսական նորմատիվների պահպանման վիճակի, արժեթղթերի գրանցամատյանը վարելու և դրանով իրականացվող գործառնությունների ստուգումը, արժութային գործառնությունների ստուգումը, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի, երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության հետ կապված գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, ապրանքների և տեխնոլոգիաների` ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության և նման այլ ստուգումները աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները, կենսաթոշակային օրենսդրության կիրառմանը և անհատական հաշվառման տվյալների բազայի վարմանն ուղղված ստուգումները, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման և իրականացման, պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների տեղեկությունների հավաստիության ճշտմանն ուղղված ստուգումները, երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների կիրառման ընթացքի նկատմամբ ստուգումները, սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները:

Համալիր է ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը, որը կատարվում է հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների, հաշվեկշռի, սկզբնական հաշվառման փաստաթղթերը լրացնելու (կազմելու) ճշտությունը պարզելու միջոցով և նպատակ ունի վեր հանել ստուգվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեության վերջնական կամ միջանկյալ արդյունքները` կապված սեփական և փոխառու դրամական ու ապրանքային միջոցների օգտագործման նպատակայնության և արդյունավետության հետ: Համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ պահանջելու բացառիկ իրավունքը պատկանում է տնտեսավարող սուբյեկտի բաժնետերերին, փայատերերին, հիմնադիրներին կամ անդամներին` օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

5. Սույն օրենքը չի տարածվում պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի շրջանակներում պետական մարմնի կողմից որպես գործարքի կողմ իրականացվող ստուգումների վրա»:

Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը մինչև 2017 թվականի հունվարի 27-ը փոփոխվել է 2007 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-297-Ն, 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-45-Ն, ինչպես նաև 2011 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-138-Ն Հայաստանի Հանրապետության օրենքներով:

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի դեկտեմբերի 28-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին, իսկ 2018 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրել է:

Օրենքի` 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը» վերտառությամբ 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանվում էր.

«Եթե հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում պարզվում է, որ ռոյալթի վճարողների կողմից հաշվետու տարին ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով արտադրանքի իրացումից հասույթը 10 տոկոս և ավելի չափով ցածր է նույն ամսվա արդյունքներով խտանյութի միջազգային միջին գների հիման վրա հաշվարկված հասույթի մեծությունից, ապա հարկային մարմինները վերահաշվարկում են իրացումից հասույթի մեծությունը` այդ ամսվա համար կիրառելով խտանյութի միջազգային միջին գների 90 տոկոսը` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա տվյալ ամսվա համար հայտարարված գինը»:

Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի վերոնշյալ պարբերությունը նշված խմբագրությամբ օրենքում լրացվել է 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-284-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/7612/05/17 վարչական գործով «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման հիման վրա նույն դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 12-ին Սահմանդրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, կողմերի գրավոր բացատրությունները, վերլուծելով հիշյալ օրենքների վերաբերելի դրույթները, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Վկայակոչելով վեճի առարկային վերաբերող օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներ` դիմողը նշում է, որ 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասում օրենսդիրն ամրագրել է, որ տնտեսվարող սուբյեկտի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում, նույն պայմանագրի կողմ պետության անունից հանդես եկող հարկային մարմնի կողմից պետության` որպես սեփականատիրոջ առջև տվյալ տնտեսվարող սուբյեկտի պայմանագրային պարտավորությունների կատարման, մասնավորապես` բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ իրականացվող վերահսկողական գործառույթների իրականացման պարագայում հիշյալ օրենքի դրույթները չեն կարող կիրառվել, սակայն նույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով ուղղակիորեն լիազորել է հարկային մարմնին, գործելով որպես պետաիշխանական լիազորությամբ օժտված վարչական մարմին, այնուամենայնիվ, իրականացնելու նույն նորմով որպես պարտադիր վճար բնորոշված բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգում, այսինքն` վարչարարություն, և արդյունքում` օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության դեպքում, ընդունելու բնօգտագործման վճար վճարողների` տնտեսվարող սուբյեկտների համար որոշակի պարտականություններ սահմանող վարչական ակտ:

i

Դիմողը նշում է նաև, որ տվյալ իրավիճակում հարկային մարմինը գործում է արդեն ոչ թե որպես քաղաքացիաիրավական հարաբերություններում քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով մասնակցող, պայմանագրի կողմ հանդիսացող, պետության առջև տնտեսվարող սուբյեկտի պայմանագրային պարտավորությունների կատարումը վերահսկող լիազոր մարմին, այլ որպես պետության անունից հանդես եկող, հանրային-իշխանական լիազորությամբ օժտված վարչական մարմին: Դիմողի կարծիքով` 18.07.2009 թ. ՍԴՈ-816 որոշման համաձայն` պարտադիր վճար չհանդիսացող, միաժամանակ իրենից գույքի օգտագործման դիմաց տրվող վճար ենթադրող բնօգտագործման վճարների վճարման հետ կապված իրավահարաբերություններին օրենսդրի կողմից քաղաքացիաիրավական հարաբերություններին բնորոշ իրավակարգավորում տրված լինելու պայմաններում, փաստորեն, 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասում ուղղակիորեն ամրագրված` բնօգտագործման վճարների` որպես պարտադիր վճարների, հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված իր լիազորությունը հարկային մարմինն իրականացնում է հանրային բնույթ կրող իրավահարաբերությունների դաշտում:

Ամփոփելով իր դատողությունները` դիմողը գտնում է, որ հիշյալ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը այդ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասում ամրագրված իրավակարգավորման, ինչպես նաև ՍԴՈ-816 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում համահունչ չէ իրավական որոշակիության սկզբունքին, հակասում է Հայաստանի Հանրապետությունը որպես իրավական պետություն հռչակող Սահմանադրության 1-ին հոդվածին:

i

Անդրադառնալով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության սահմանադրականությանը` դիմողը գտնում է, որ օրենսդրական կարգավորումների արդյունքում ստացվում է, որ կոնկրետ խտանյութի մասով իրացումից հասույթը որոշելիս ռոյալթի վճարողները, հիշյալ օրենքին և ՀՀ կառավարության 29.12.2011 թ. «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 1901-Ն որոշման հավելվածին (այսուհետ` Կառավարության կողմից սահմանված կարգ) համապատասխան` որպես վարքագծի կանոն, կրում են մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի համար մատակարարի և գնորդի միջև կնքված պայմանագրով որոշված գինը հիմք ընդունելու պարտականություն, սակայն անկախ նման պարտականության կատարման, չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքից այդ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության ուժով, ռոյալթի վճարողների կողմից հաշվետու տարին ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով օրենքի և Կառավարության կողմից սահմանված կարգի դրույթների հիման վրա հաշվարկված խտանյութի իրացումից հասույթը նույն ամսվա արդյունքներով խտանյութի միջազգային միջին գների հիման վրա հաշվարկված հասույթի մեծությունից 10 տոկոս և ավելի չափով ցածր լինելու պարագայում հարկային մարմնին վերապահվել է իրավասություն` իրականացված ստուգման արդյունքում վերահաշվարկել արտադրանքի, այսինքն` նաև խտանյութի իրացումից հասույթի մեծությունը, նաև օրենքով նախատեսված տույժեր և տուգանքներ նշանակելու միջոցով խտանյութ իրացրած տնտեսվարող սուբյեկտին առաջադրել դրամական տեսքով պարտավորություն, ինչի պարագայում հարկային մարմնի խնդրո առարկա իրավասությունը հակադրվում է ռոյալթի վճարողների` խտանյութի իրացումից հասույթը մատակարարի և գնորդի միջև կնքված պայմանագրի գինը հիմք ընդունելու միջոցով հաշվարկելու պարտականությանը: Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելով` դիմողը գտնում է, որ դրանք նույնպես հակասում են իրավական որոշակիության սկզբունքին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ պատասխանողի` հարկային մարմինների կողմից ռոյալթիների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողության իրավասությունը չի ենթադրում միջամտություն քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կարգավորվող պայմանագրի կողմերի կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, ազատ կամահայտնության դրսևորմանը, վերջինս ոչ այլ ինչ է, քան պետության սեփականությունը հանդիսացող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե վճարվող վճարի գանձումն ապահովող արդյունավետ մեխանիզմ:

Ըստ պատասխանողի` վերը ներկայացված ամբողջ իրավակարգավորումների վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական կարգավորումը բնավ չի հակադրվում նույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորմանն այն առումով, որ պետությունը` հանձինս հարկային մարմինների, բնօգտագործման, բնապահպանական և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումներն իրականացնում է ոչ թե որպես քաղաքացիաիրավական գործարքի կողմ, այլ օգտվում է պետության սեփականությունը հանդիսացող բնական պաշարների օգտագործման վերահսկման իր օրինական իրավասությունից:

Պատասխանողի կարծիքով` դիմողի պնդումն առ այն, որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող նորմի, այն է` 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ հարկային մարմիններին վերապահված` արտադրանքի իրացումից հասույթի մեծությունը վերահաշվարկելու իրավասությունը որպես նույն օրենքի պահանջները խախտելու համար սահմանված պատասխանատվության միջոց նախատեսելը, նույն օրենքով ռոյալթի վճարողների համար վարքագծի նման կանոնի բացակայության, այն է` խտանյութի իրացումից հասույթի մեծությունը միջազգային միջին գների հիման վրա կամ դրանց հաշվառմամբ որոշելու պարտականություն դրված չլինելու պայմաններում, առաջացնում է իրավական անորոշություն, ևս անհիմն է:

Ըստ պատասխանողի` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ օրենսդիրը նպատակ չի հետապնդել սահմանել առկա կարգավորումից տարբերվող այլ կարգավորում, այլ ընդամենը հստակեցրել է օրենսդրությամբ սահմանված ռոյալթիի ինքնուրույն հաշվարկման կանոնները խախտելու համար վրա հասնող հետևանքները և, արդարացիորեն, որպես բնական պաշարների բացառիկ սեփականատեր, իր կողմից լիազորված մարմնին` հարկային մարմնին, վերապահել է արտադրանքի իրացումից հասույթի մեծությունը վերահաշվարկելու իրավասություն` այս դեպքում խտանյութի իրացումից հասույթի մեծության հաշվարկման հիմքում դնելով Կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գինը:

Ըստ պատասխանողի` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ ներկայացված իրավակարգավորման մեջ ոչ միայն առկա չէ իրավական անորոշություն, այլև, ընդհակառակը, հիշյալ իրավահարաբերությունների մասնակիցների` ռոյալթի վճարողների համար կանխատեսելի և հստակ են դառնում իրենց ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում վրա հասնող իրավական հետևանքները:

Պատասխանողը փաստում է, որ պետությունը, հանդիսանալով բնական պաշարների բացառիկ սեփականատեր, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնական պաշարները օգտագործողների նկատմամբ ունի վերահսկողության իրավասություն, որի ապահովման նկատառումներից ելնելով` օրենսդիրը սահմանել է վիճարկվող իրավակարգավորումները:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում վիճարկվող իրավադրույթների սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1) բնօգտագործման վճարը` 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժով, արդյոք պարտադիր վճար էր, թե» քաղաքացիաիրավական պայմանագրային պարտավորություն,

2) 2017 թվականին հունվարի 27-ի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերելի դրույթների միջև առկա» էր արդյոք հակասություն, որը, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-816 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, հանգեցնում էր իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի խախտման,

3) սահմանու՞մ էր արդյոք 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային միջին գներով առաջնորդվելու պարտականություն,

4) ռոյալթի վճարողների նկատմամբ արտադրանքի իրացումից հասույթը նույն ամսվա արդյունքներով խտանյութի միջազգային միջին գների հիման վրա հաշվարկված հասույթի մեծությունից 10 տոկոս և ավելի չափով ցածր լինելու համար պատասխանատվություն սահմանող դրույթը 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանափակու՞մ էր արդյոք տնտեսական գործունեության հիմնական ազատությունը, և եթե սահմանափակում էր, արդյո՞ք հակասում էր իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող իրավադրույթների սահմանադրականությունը գնահատելու է Սահմանադրության 59-րդ հոդվածում ամրագրված` տնտեսական գործունեության ազատության պաշտպանության, ուստիև` դրա ենթադրյալ սահմանափակման որոշակիության, այն է` Սահմանադրության 79-րդ հոդվածի, իսկ բնօգտագործման վճարների բնույթը որոշարկելու համար` Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի տեսանկյունից:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվում է յուրաքանչյուր անձի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, ընդ որում, հիշյալ իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով: Այս ազատությունը Սահմանադրության 74-րդ հոդվածի ուժով տարածվում է նաև իրավաբանական անձանց վրա:

Սահմանադրության 59-րդ հոդվածի հաջորդ մասերում սահմանվում են տնտեսական մրցակցության ազատության սահմանափակման իրավական հիմքերը:

Ըստ այդմ` մրցակցությունը կարող է սահմանափակվել, իսկ մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով: Սակայն ըստ նույն հոդվածի 3-րդ մասի` շուկայում մենաշնորհը կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:

Այսպիսով, նախ` տնտեսական ազատության իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով, ինչը ոչ թե սահմանափակում է, այլ հիմնական ազատության իրականացման կանոնակարգում: Տվյալ դեպքում խոսքն այնպիսի հիմնական ազատության մասին է, որի իրականացումը` ըստ անհրաժեշտության, կարող է կանոնակարգվել օրենքով: Օրենսդիրը Սահմանադրության ուժով պարտավոր չէ տնտեսական գործունեության բոլոր տեսակների և բոլոր մանրամասների համար կարգավորումներ նախատեսել, սակայն իրավասու է դա անել, եթե տնտեսական ազատության իրականացումը շոշափում է այլոց կամ հանրության շահերը:

Տնտեսական ազատության սահմանափակումները, ինչպես մնացած դեպքերում, սահմանվում են հենց Սահմանադրությամբ` Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասով, որը թույլատրում է մրցակցության սահմանափակում, մենաշնորհների առկայություն` պայմանով, որ և' մրցակցության սահմանափակումները, և' մենաշնորհների հնարավոր տեսակները և թույլատրելի չափերը սահմանվեն օրենքով` հետապնդելով բացառապես հանրային շահերի պաշտպանության նպատակ: Մյուս կողմից` Սահմանադրությունը հատուկ սահման է դնում նաև տնտեսական ազատության հիշյալ սահմանափակումների համար` արգելելով շուկայում մենաշնորհը կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնությունները:

Բացի հատուկ սահմանափակումներին վերաբերող հիշյալ պահանջից, տնտեսական գործունեության ազատության որևէ սահմանափակում պետք է բավարարի նաև Սահմանադրության` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներին վերաբերող ընդհանուր պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրության 73-75-րդ, ինչպես նաև 77-81-րդ հոդվածներում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող դրույթները վերաբերում են օրենքով ինչպես տնտեսական գործունեության ազատության իրականացման պայմաններ և կարգ սահմանելուն, այնպես էլ ստուգումներ անցկացնելու և պատասխանատվություն սահմանելու միջոցով` այդ ազատության սահմանափակումներին:

Սույն գործի շրջանակներում իրավական պետության հիմնարար սկզբունքից ածանցվող իրավական որոշակիության սկզբունքն է դիտարկվելու որպես սահմանադրականության գնահատման չափանիշ, որն իր ավելի կոնկրետացված ամրագրումն է ստացել Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում, ինչպես նաև Սահմանադրության 79-րդ հոդվածում: Որոշակիության սկզբունքի վերաբերյալ հիմնավորումներն են դրվել նաև դիմողի կողմից Սահմանադրական դատարանին ուղղված խնդրանքի հիմքում:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ տնտեսական ազատության սահմանափակումների սահմաններին վերաբերող վերը հիշատակված ընդհանուր սահմանադրական այլ պահանջները, Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հատուկ սահմանափակումները, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասում դրանց սահմաններին վերաբերող հատուկ պահանջները էական մասով վերաբերելի չեն սույն սահմանադրաիրավական վեճի լուծմանը:

Ընդսմին, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ տնտեսական գործունեության ազատության հատուկ սահմանափակումները ամրագրված են Սահմանադրության 59-րդ հոդվածում, և այդ ազատության այլ սահմանափակումներ Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված չեն, մինչդեռ տնտեսական գործունեության ազատությունը խարսխվում է սեփականության հիմնական իրավունքի վրա` Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրա երեք իրավազորություններով հանդերձ, որը Սահմանադրության ուժով ենթակա է սահմանափակումների: Տնտեսական գործունեության ազատությունը սեփականության իրավունքի իրավազորություններից առնվազն որևէ մեկի իրականացման եղանակ է, ուստի այդ ազատությունը և սեփականության իրավունքը բովանդակային առումով փոխկապակցված են: Հետևապես` սեփականության իրավունքի` օրենքով նախատեսվող սահմանափակումները ներգործում են տնտեսական գործունեության ազատության վրա` mutatis mutandis հնարավոր դարձնելով այդ ազատության սահմանափակումները նաև Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված հիմքերով: Այսպես, օրինակ, սույն սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող` բնօգտագործման վճարի իրավական բնույթի հարցն ուղղակիորեն ածանցվում է սեփականության իրավունքի սահմանափակման այնպիսի հնարավորությունից, որն ամրագրված է Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասում, ըստ որի` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Օրենքին համապատասխան պարտադիր այլ վճարումներ կատարելու սահմանադրական պարտականությունը զուգորդվում է օրենքով պարտադիր վճարներից չազատված բոլոր տեսակի տնտեսական գործունեությանը:

4.2. Տնտեսական գործունեության ազատությունը` փոխկապակցված սեփականության իրավունքի հետ, ի թիվս այլնի, ցանկացած տնտեսվարի հնարավորություն է ընձեռում ստանձնելու նաև քաղաքացիաիրավական պարտավորություններ:

Սույն սահմանադրաիրավական վեճի առարկային վերաբերում է այն հարցը, թե բնօգտագործման վճարը, 2017 թվականին հունվարի 27-ի խմբագրությամբ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արդյոք պարտադիր վճար էր, թե» քաղաքացիաիրավական պայմանագրային պարտավորություն: Ընդ որում` այս հարցին պատասխանելու համար Սահմանադրական դատարանը պետք է վերլուծի 2017 թվականի հունվարի 27-ի դրությամբ գործած և ներկայումս ուժը կորցրած համապատասխան օրենքի, ինչպես նաև այլ վերաբերելի իրավադրույթներ, այլ ոչ թե գործող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որը վեճի առարկայի շրջանակներից դուրս է, ուստի Սահմանադրական դատարանը չի կարող անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք գործող` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով բնօգտագործման վճարը Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի իմաստով պարտադիր վճարում է, թե ոչ:

Ինչ վերաբերում է 2017 թվականին հունվարի 27-ի խմբագրությամբ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքին, որն այլևս կորցրել է իր իրավաբանական ուժը, սակայն կիրառվել է դիմող` Վերաքննիչ վարչական դատարանում իրականացվող վարչական դատավարության մասնակիցներից մեկի նկատմամբ, ապա Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-816 որոշման մեջ արդեն իսկ անդրադարձել է բնօգտագործման վճարի իրավական բնույթին:

Այսպես` համաձայն հիշյալ որոշման` Սահմանադրական դատարանը գտել է. «.... ի տարբերություն բնօգտագործման վճարի, պետության կողմից բնապահպանական վճարի հավաքագրումը նպատակաուղղված է բնապահպանական միջոցառումների իրականացմանը, որում էլ դրսևորվում է վճարի այդ ձևի հանրային, այսինքն` պարտադիր բնույթը»: Իսկ բնօգտագործման վճարը Սահմանադրական դատարանը բնորոշել է որպես «գույքի օգտագործման դիմաց գանձվող վճար» և «քաղաքացիական իրավահարաբերությունների տարր», որի գանձման համար «.... իրավական հիմք է հանդիսանում ընդերքի սեփականատիրոջ, այն է` պետության, որն այդ իրավահարաբերություններում գործում է լիազորված մարմնի միջոցով, և ընդերքն օգտագործողի միջև կնքված համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիրը»: Ըստ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման` «Օրենսդիրը բնօգտագործման վճար սահմանելիս այն դիտարկել է որպես պետության սեփականությունը հանդիսացող սահմանափակ ռեսուրսի` ընդերքի օգտագործման դիմաց տրվող վարձավճար, և վերջինիս վճարման հետ կապված իրավահարաբերություններին տվել է քաղաքացիաիրավական հարաբերություններին բնորոշ իրավակարգավորում ....»: Ըստ այդմ` «.... բնօգտագործման վճարները չեն հանդիսանում պարտադիր վճարներ ....»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի իմաստով պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր վճարումների սահմանումը, հետևաբար` նաև դրանց տարանջատումը քաղաքացիաիրավական պարտավորություններից վերապահված են օրենսդրին: Օրենսդիրը պետք է սահմանի նաև այդ վճարումների հասկացությունը, տեսակները, ամրագրի Սահմանադրությամբ սահմանված պարտականության իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ այն հաշվով, որպեսզի Սահմանադրության 39-րդ հոդվածի երկրորդ նախադասության հաշվառմամբ` ըստ որի` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, հիշյալ սահմանադրական պարտականությունը կոնկրետացվի պարտադիր վճարումներին վերաբերող օրենքներում և, իր հերթին, անհրաժեշտության դեպքում մանրամասնեցվի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում: Ընդսմին, հարկ է նշել, որ սահմանադրական պարտականությունները ոչ այլ ինչ են, քան որևէ հիմնական իրավունքի սահմանափակումներ, որոնք, իրենց հերթին, կանոնակարգվելով օրենքներում և դրանց հիման վրա արձակված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, հենվում են այն ելակետի վրա, որ հիշյալ օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է բավարարեն իրավական որոշակիության պահանջը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ իր վերոնշյալ որոշման կայացման ժամանակ, այն է` 2009 թվականի հուլիսի 18-ին, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հիմքում դրվել է այդ ժամանակ գործած խմբագրությամբ հիշյալ օրենքի 2-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության վերլուծությունը: Այդ հոդվածը, որը սահմանում էր բնապահպանական և բնօգտագործման վճարների հասկացությունները, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-816 որոշումն ուժի մեջ մտնելուց հետո փոփոխվել է մեկ անգամ` 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-284-Ն օրենքով: Փոփոխությունը, որով նոր խմբագրությամբ է շարադրվել բնօգտագործման վճարի հասկացությունը, չի վերաբերել դրա իրավական բնույթի փոփոխությանը, այլ մասամբ կրել է խմբագրական, մասամբ դրա բովանդակությունը կոնկրետացնող բնույթ: Հետևապես, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-816 որոշմամբ արձանագրված` բնօգտագործման վճարների քաղաքացիաիրավական բնույթը 2017 թվականի հունվարի 27-ի դրությամբ փոփոխություն չէր կրել, ուստի` այդ մասով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-816 որոշման վերանայման անհրաժեշտություն առկա չէ:

Այսպիսով` Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր ՍԴՈ-816 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ համաձայն 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ուժը կորցրած Հայաստանի Հանրապետության օրենքի` բնօգտագործման վճարներ կատարելը եղել է քաղաքացիաիրավական պայմանագրային պարտավորություն:

Ինչպես նշվեց` Սահմանադրական դատարանն իրավասու չէ գնահատել ներկայումս գործող Հարկային օրենսգրքով սահմանված բնօգտագործման վճարների իրավական բնույթը, քանի որ հիշյալ օրենսգրքի վերաբերելի դրույթների սահմանադրականությունը չի վիճարկվում Սահմանադրական դատարանում:

4.3. Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք պետությունը` որպես ընդերքօգտագործմանը վերաբերող քաղաքացիական պայմանագրի կողմ, 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` իրավասու էր հանրային իրավունքի շրջանակներում իրականացնել ստուգումներ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Հարկ է նշել, որ Սահմանադրության այս հոդվածն ուժի մեջ է մտել դեռևս 2015 թվականին (Սահմանադրության 209-րդ հոդվածի 1-ին մաս), հետևապես` սույն գործով վիճարկվող իրավադրույթների գործողության ժամանակ արդեն իսկ ուժի մեջ էր: Իսկ Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը, այսինքն` նաև ընդերքը: Սահմանադրության այս հոդվածն ուժի մեջ է մտել արդեն 2018 թվականի ապրիլի 9-ին, այսինքն` սույն գործով վիճարկվող իրավադրույթների գործողության ժամանակ դեռևս ուժի մեջ չէր մտել: Սակայն այն ժամանակ գործած` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Կառավարությունը կառավարում էր պետական սեփականությունը, ուստի` գործող և նախորդ խմբագրությամբ Սահմանադրության վերաբերելի հոդվածները, այսինքն, նաև Կառավարության` ընդերքը կառավարելու լիազորությունը, նույնական են:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ ցանկացած միջամտություն տնտեսական գործունեությանը, այդ թվում` ստուգումները, սահմանափակում են տնտեսական գործունեության ազատությունը: Հաշվի առնելով Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածների վերոնշյալ փոխկապակցվածությունը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավազորություններից որևէ մեկի միջոցով տնտեսական գործունեության ազատության իրականացումը կարող է սահմանափակվել, մասնավորապես, այդ գործունեության ժամանակ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված` օրենքին համապատասխան հարկեր, տուրքեր մուծելու, պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ կատարելու պարտականությունն ապահովելու նպատակով: Սահմանադրական դատարանի գնահատմամբ այս պարտականությունն սկզբունքորեն կարող է տարածվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրային պարտավորությունների վրա, եթե դա հատուկ կանոնակարգվի օրենքով: Սակայն այդպիսի կանոնակարգումների սահմանադրականության հարցը դուրս է սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներից:

Այս մոտեցումն է ամրագրվել 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասում, ըստ որի` հիշյալ օրենքը չի տարածվում պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի շրջանակներում պետական մարմնի կողմից որպես գործարքի կողմ իրականացվող ստուգումների վրա: Չնայած նման կարգավորմանը` նույն օրենքի վիճարկվող 1-ին հոդվածի 4-րդ մասով` որպես թեմատիկ ստուգումների տարատեսակ, expressis verbis (հստակ բառերով) նշվում էին բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները:

Նույն հոդվածի տարբեր մասերի միջև այս բախումը (կոլիզիան) իրավակիրառ պրակտիկայում պետք է իր լուծումն ստանար սույն գործով վիճարկվող իրավադրույթների գործողության ժամանակ գործած և ներկայումս ուժը կորցրած` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերելի դրույթների կիրառմամբ, ինչը տեղի չի ունեցել: Իսկ Սահմանադրական դատարանի համար որևէ սովորական կամ սահմանադրական օրենքի նորմ չի կարող դրվել սահմանադրականության գնահատման հիմքում, քանի որ Սահմանադրական դատարանը` Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի ուժով ապահովում է Սահմանադրության գերակայությունը` կաշկանդված լինելով բացառապես Սահմանադրությամբ:

Ինչ վերաբերում է Սահմանադրության վերաբերելի դրույթներին, ապա Սահմանադրական դատարանի համար հիմք են վերը հիշատակված` գործող Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասը և 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետը: Ըստ այդմ` Սահմանադրությամբ կանխորոշվել է Կառավարության` ընդերքը կառավարելու լիազորության օրենսդրական կանոնակարգման անհրաժեշտությունը: 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող դրույթով, ի բացառություն ընդհանուր կանոնի, ընտրվել էր բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումների ընթացակարգը, որով պետությունը պարզում է բնօգտագործման վճարների մասով մասնավոր անձանց քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարումը:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-816 որոշման մեջ հանգել է հետևության, որ «.... բնօգտագործման վճար վճարողների կողմից վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս հարկային մարմինը վերահսկում է ոչ թե տնտեսավարող սուբյեկտի ձեռնարկատիրական գործունեությունը, .... այլ վերջինիս կողմից սեփակատիրոջ առջև ստանձնված պայմանագրային պարտավորությունների կատարումը»:

Հիշյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանն անդրադարձել է դեռևս այն ժամանակ բնօգտագործման վճարներին վերաբերող օրենքների և իրավակիրառ պրակտիկայի անհստակություններին: Ըստ այդ որոշման` «.... օրենսդիրը ևս տարբեր օրենքներում հետևողականություն չի դրսևորել բնօգտագործման վճարի բնույթը հստակ արտահայտելու հարցում»: Սահմանադրական դատարանը փաստել է, որ «նման իրավիճակի բացառման և օրենսդրական հստակ կանոնակարգման խնդիրը պետք է լուծվի ՀՀ Ազգային ժողովի օրենսդրական քաղաքականության շրջանակներում»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթների գործողության ժամանակ այս խնդիրը դեռևս իր ամբողջական լուծումը չէր ստացել, իսկ գործող Հարկային օրենսգրքում այդ խնդրի լուծմանը, ինչպես արդեն նշվեց, Սահմանադրական դատարանը չի կարող անդրադառնալ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ բնօգտագործման վճար վճարողների կողմից պետության առջև իրենց քաղաքացիաիրավական պարտավորության կատարումը պետության կողմից կարող է ստուգվել ստուգումներին վերաբերող օրենքով նախատեսված գործիքակազմի միջոցով` այդ օրենքով նախատեսված սահմաններում: Իսկ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տարբեր անհստակությունները չեն հանգեցնում իրավական որոշակիության` Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտման, բնօգտագործման վճարների վերաբերյալ կարգավորումները հստակ են, ակնհայտորեն բացառություն են հիշյալ օրենքի` քաղաքացիական իրավահարաբերությունների վրա չտարածվելու կանոնից, ուղղակիորեն ամրագրվում է ստուգման առարկան, այն է` բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման ճշտությունը պարզելը:

Այսպիսով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող դրույթով սահմանվում են տնտեսական գործունեության ազատության` ստուգման եղանակով սահմանափակման հիմքը, ծավալը, բնօգտագործման վճար վճարող մասնավոր անձանց համար հստակ է իրենց կողմից դրսևորվելիք վարքագիծը, և վիճարկվող դրույթը թույլ է տալիս այն համապատասխանեցնել վերջինիս պահանջներին:

4.4. Սահմանադրական դատարանը փաստում է, որ 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` «Ռոյալթիի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունը» վերտառությամբ 13.9-րդ հոդվածով սահմանվում էր, որ ռոյալթիների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:

Իսկ հիշյալ օրենքի վիճարկվող` «Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը» վերտառությամբ 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանվում էր.

«Եթե հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում պարզվում է, որ ռոյալթի վճարողների կողմից հաշվետու տարին ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով արտադրանքի իրացումից հասույթը 10 տոկոս և ավելի չափով ցածր է նույն ամսվա արդյունքներով խտանյութի միջազգային միջին գների հիման վրա հաշվարկված հասույթի մեծությունից, ապա հարկային մարմինները վերահաշվարկում են իրացումից հասույթի մեծությունը` այդ ամսվա համար կիրառելով խտանյութի միջազգային միջին գների 90 տոկոսը` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա տվյալ ամսվա համար հայտարարված գինը»:

Հետևապես, բնօգտագործման վճար վճարողների համար պարզ էր, որ հարկային մարմինները հսկողություն են իրականացնում ռոյալթիների հաշվարկման և վճարման նկատմամբ: Օրենքի վիճարկվող դրույթի վերտառությունը երկիմաստություն չէր առաջացնում այն հարցում, որ խոսքը հիշյալ օրենքը խախտելու համար պատասխանատվության մասին էր, այսինքն` վիճարկվող դրույթը վերաբերում էր իրավաբանական պատասխանատվության բովանդակությանը և շրջանակներին:

Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, որ ո՛չ օրենքով, ո՛չ Կառավարության կողմից սահմանված կարգով կոնկրետ խտանյութի մասով նախատեսված չէր միջազգային միջին գներով առաջնորդվելու պահանջ, ուստի չէր կարող նման վարքագիծ չդրսևորելու դեպքում սահմանվել պատասխանատվություն, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում էր նույն օրենքը խախտելու համար պատասխանատվություն, որով ամրագրվում էր ոչ միայն արտադրանքի իրացումից հասույթը 10 տոկոս և ավելի չափով ցածր լինելու համար վերահաշվարկ կատարելու պարտականություն, այլև մի շարք այլ կանոնների խախտման համար նախատեսվող պատասխանատվություն` սահմանելով ինչպես անհրաժեշտ վարքագիծը, այնպես էլ այն խախտելու համար կիրառվող պատասխանատվության միջոցը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ խտանյութի միջազգային միջին գների հիման վրա հաշվարկված հասույթի մեծությամբ պայմանավորված` հարկային մարմինների կողմից իրացումից հասույթի մեծությունը վերահաշվարկելու կանոնը վերաբերում էր ռոյալթի վճարողին այնպես, ինչպես պետությանը` ի դեմս հարկային մարմինների: Եթե օրենքը հարկային մարմնին վերապահում էր արտադրանքի իրացումից հասույթը 10 տոկոս և ավելի չափով ցածր լինելու դեպքում վերահաշվարկ կատարելու իրավասություն և վերահաշվարկման հիմքում դնում էր միջազգային միջին գների պահանջը, ապա դրանից հետևում է, որ տնտեսվարող սուբյեկտը կրում էր պարտականություն` արտադրանքի իրացումից հասույթը հաշվարկելիս առաջնորդվել խտանյութի միջազգային միջին գներով: Կնքվող պայմանագիրը նույնպես պետք է համահունչ լիներ օրենքի պահանջներին:

Միջազգային միջին գների պահանջն ամրագրված էր բավարար հստակությամբ, այն Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությանը համապատասխան` տնտեսական գործունեության ազատության իրականացման կարգի տարր էր, որի խախտումն առաջացնում էր պատասխանատվություն: Բացի դրանից, որևէ օրենքի որևէ դրույթի ձևակերպումները չեն կարող մեկնաբանվել տվյալ դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դրույթներից, նաև այլ վերաբերելի օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերից անկախ: Ընդսմին, իրավական ակտերում կարող են առկա լինել ձևակերպումներ, որոնք պարունակեն որոշակի անհստակություններ, սակայն մեկնաբանման ընդունված մեթոդների կիրառմամբ դրանք կարող են հաղթահարվել` չհանգեցնելով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի խախտման:

Ինչ վերաբերում է դիմողի այն դիրքորոշմանը, որ օրենքում և Կառավարության կողմից սահմանված կարգում բացակայում է որևէ հստակեցում կամ պարզաբանում, թե ո՞րն է «խտանյութի միջազգային միջին գներ» եզրույթի էությունն ու նշանակությունը, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ, օրենքի վիճարկվող դրույթին համապատասխան, հիշյալ կարգի 9-րդ կետով սահմանվում է, որ նույն կարգի կիրառման իմաստով խտանյութի միջազգային գին է համարվում խտանյութում պարունակվող մետաղների համար ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված գները:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենքի կիրարկումն ապահոված` Կառավարության կողմից սահմանված կարգի սահմանադրականությունը դուրս է սույն սահմանադրաիրավական վեճի առարկայի շրջանակներից, քանի որ այն չի վիճարկվում դիմողի կողմից:

Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող դրույթը համապատասխանում էր իրավական որոշակիության սահմանադրական պահանջին, այն արդեն օրենքի մակարդակում կանխատեսելի էր դարձնում օրենքում տնտեսական գործունեության ազատության իրականացման կարգի առանձին բաղադրիչների պահպանման պահանջի խախտման դեպքում պատասխանատվության վրա հասնելու հեռանկարը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ից 5-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

2. 2017 թվականի հունվարի 27-ի խմբագրությամբ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ուժը կորցրել է) 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

12 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1530

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 14 մայիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.05.2020
N ՍԴՈ-1530
Որոշում