i
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՆՈՒՐ-ՍՈՒԼԹԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
28 ապրիլի 2020 թ. |
Սահմանադրական դատարանը` կազմով. Հ Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթան քաղաքում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործ քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի փետրվարի 11-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթանում` մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ ստեղծելու, մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք ապրանքներ տեղափոխելիս դրանց շրջանառության օրինականությունը հաստատելու նպատակով:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
1) Համաձայնագրին համապատասխան` հետագծելիությունն իրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում (այսուհետ, համապատասխանաբար` Հանձնաժողով, ցանկ) ընդգրկված, Միության մաքսային տարածք ներմուծված հետևյալ ապրանքների նկատմամբ.
- «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ,
- «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքների նկատմամբ, որոնք առգրավվել են կամ այլ ձևով դարձել են պետության սեփականություն (եկամուտ),
- «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքների նկատմամբ, որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին,
- Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքների նկատմամբ (հոդված 2, կետ 2).
2) հետագծելիություն չիրականացնել`
- մանրածախ առևտրում իրացված` հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ,
- հետագծելիության ենթակա այն ապրանքների նկատմամբ, որոնց մասին տեղեկությունները, պարունակում են ՀՀ օրենսդրության համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկատվություն.
- հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ` Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում (հոդված 2, կետ 6).
3) հետագծելիության մեխանիզմի շրջանակներում ապահովել հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակումը` Համաձայնագրին համապատասխան (հոդված 3, կետ 1),
4) հետագծելիության ազգային համակարգում պարունակվող` հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված` տարբեր անդամ պետությունների անձանց միջև կատարվող գործառնությունների մասին տեղեկությունների փոխանակումը կատարել կանոնավոր` Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան (հոդված 3, կետ 2),
5) հետագծելիության ազգային համակարգից տեղեկությունների փոխանակումն ապահովել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ (հոդված 3, կետ 3),
6) հետագծելիության ազգային համակարգի ստեղծումն ու դրա գործունեության ապահովումը ՀՀ կողմից իրականացնել Համաձայնագրին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան` էլեկտրոնային տեսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ (հոդված 4, կետ 1),
7) հետագծելիության ազգային համակարգում ներառել հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ (հոդված 4, կետ 2),
8) հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները ներառել հետագծելիության ազգային համակարգում առնվազն այն ծավալով, որն անհրաժեշտ է Համաձայնագրի 8-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան հետագծելիության ազգային համակարգից տեղեկությունների փոխանակման համար (հոդված 4, կետ 5),
9) երաշխավորել, որ հետագծելիության ազգային համակարգն ապահովի`
- հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների լրիվությունը,
- հետագծելիության ենթակա ապրանքների հաշվառումը` ցանկով նախատեսված չափման քանակական միավորների օգտագործմամբ,
- ուղեկցող փաստաթղթի և այն փաստաթղթի միջև փոխկապվածությունը, որի հիման վրա ապրանքների մասին տեղեկությունները ներառվել են հետագծելիության ազգային համակարգում (ապրանքների հայտարարագիր, մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմում, Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթեր),
- հաջորդ ուղեկցող փաստաթղթի փոխկապվածությունը նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ,
- հետագծելիության ազգային համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունը,
- հետագծելիության ենթակա ապրանքների (ապրանքների խմբաքանակի) փաստաթղթային նույնականացումը անդամ պետությունների օրենսդրության համապատասխան դրանց շրջանառության ժամանակ (հոդված 4, կետ 6).
10) հետագծելիության ազգային համակարգում ներառել տեղեկություններ.
- ապրանքների հայտարարագրից, ապրանքների հայտարարագրերի ճշգրտումներից, մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումից (Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների մասով),
- այն փաստաթղթերից, որոնց հիման վրա Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված` հետագծելիության ենթակա ապրանքները, անդամ պետությունների օրենսդրության համապատասխան, ներառվում են հետագծելիության ազգային համակարգում,
- ուղեկցող փաստաթղթերից, այդ թվում` ճշգրտված ուղեկցող փաստաթղթերից,
- հետագծելիության վերսկսումը հաստատող փաստաթղթերից` Համաձայնագրի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան,
- անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված այլ փաստաթղթերից
- այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից (հոդված 5, կետ 1).
11) Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը սահմանել ՀՀ օրենսդրությամբ (հոդված 5, կետ 2),
12) Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառել այն ժամկետներում, որոնք սահմանվում են`
- Հանձնաժողովի կողմից` Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ,
- ՀՀ օրենսդրությամբ` Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ,
- ՀՀ օրենսդրությամբ և (կամ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով` Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ (հոդված 5, կետ 3).
13) տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգ մուտքագրելու համար պատասխանատու անձանց սահմանել ՀՀ օրենսդրությամբ (հոդված 5, կետ
14) հետագծելիությունը դադարեցնել հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված վերջին գործառնության մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու օրվանից 5 տարին լրանալուց հետո, իսկ եթե այդպիսի գործառնություններ չեն իրականացվել, ապա հետագծելիության ազգային համակարգում այն տեղեկությունների մուտքագրման օրվանից 5 տարին լրանալուց հետո, որոնք մուտքագրվել են ապրանքների այն հայտարարագրից կամ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման մասին դիմումից, որոնցով այդ ապրանքները ձևակերպվել էին «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կամ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթից, կամ հետագծելիության ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների առնչությամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ` պակաս տևողությամբ ժամկետի լրանալուց հետո (հոդված 6, կետ 1),
15) մինչև Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ նույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի լրանալը հետագծելիությունը դադարեցնել, եթե հետագծելիության ենթակա ապրանքները հանվել են ցանկից (հոդված 6, կետ 2),
16) Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ նույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո կամ հետագծելիության ենթակա ապրանքները մանրածախ առևտրի նպատակով փոխանցելու դեպքում հետագծելիության դադարումից հետո և (կամ) նույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված գործառնություններ կատարելու դեպքում հետագծելիությունը վերսկսել (հոդված 6, կետ 5),
17) հետագծելիության ենթակա ապրանքները ՀՀ տարածքից տեղափոխվելու պարագայում ապահովել հետագծելիության ազգային համակարգում պարունակվող` հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված` տարբեր անդամ պետությունների անձանց միջև իրականացվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների ուղարկումն այն անդամ պետություն, որի տարածք են տեղափոխվում այդ ապրանքները, և այն անդամ պետություններ, որոնց տարածքներով ենթադրվում է իրականացնել հետագծելիության ենթակա ապրանքների փոխադրում, ինչպես նաև այլ անդամ պետություններ, եթե դա նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ (հոդված 8),
18) ապահովել հետագծելիության ՀՀ ազգային համակարգում առկա` հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված` մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք այդպիսի ապրանքների տեղափոխմանը նախորդող գործառնությունների մասին տեղեկությունների տրամադրումը (հոդված 9, կետ 1),
19) ապահովել հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն` «օրենսդրության համապատասխան (հոդված 11, կետ 3),
20) ապահովել, որ ՀՀ պետական իշխանության մարմինները հետագծելիության ազգային համակարգում ներառված` հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները օգտագործեն միայն հետագծելիության նպատակներով` Համաձայնագրին համապատասխան: Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված տեղեկությունները ՀՀ պետական իշխանության մարմինների կողմից ոչ իրավաչափ տարածվելուց պաշտպանելու համար և ապահովել այդ տեղեկություններին հասանելիություն ունեցող անձանց շրջանակի սահմանափակումը, ինչպես նաև դրանց պաշտպանությունը` ՀՀ օրենսդրությանը համապատասխան (հոդված 12, կետ 1),
21) ապահովել, որ ՀՀ պետական իշխանության մարմինները և (կամ) կազմակերպությունները, որոնք սահմանվել են Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ինչպես նաև անդամ պետությունների` Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված ՀՀ պետական իշխանության մարմինները, որոնք, Համաձայնագրին համապատասխան, հասանելիություն են ստացել հետագծելիության ազգային համակարգերում ներառված տեղեկություններին, դրանց պաշտոնատար անձինք (աշխատողները) չհրապարակեն, անձնական նպատակներով չօգտագործեն կամ այլ անձանց (այդ թվում` անդամ պետությունների պետական մարմիններին) չփոխանցեն առևտրային, հարկային, բանկային և ՀՀ օրենսդրությամբ պաշտպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվություն, ինչպես նաև այլ կոնֆիդենցիալ տեղեկատվություն` բացառությամբ Համաձայնագրին համապատասխան այդ տեղեկատվության փոխանցման, և (կամ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում (հոդված 12, կետ 2),
22) ապահովել, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ կառավարությունը սահմանի`
- ՀՀ պետական իշխանության այն մարմինը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումը` Համաձայնագրին համապատասխան,
- ՀՀ պետական իշխանության այն մարմինը կամ կազմակերպությունը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումը (հոդված 13, կետ 1),
23) Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետական իշխանության մարմինների և (կամ) կազմակերպությունների սահմանման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում դրանց մասին տեղեկացնել Հանձնաժողովին (հոդված 13, կետ
24) ապահովել, որ ՀՀ պետական իշխանության մարմինը, որը նշված է Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում, իր սահմանման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովին տեղեկացնի ուղեկցող փաստաթղթի անվանման մասին, որից տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում (հոդված 13, կետ 3),
25) հետագծելիության մեխանիզմի ներդրումն իրականացնել փուլ առ փուլ (հոդված 14, կետ 1),
26) ապահովել, որ առաջին փուլում հետագծելիության մեխանիզմը գործի պիլոտային ծրագրի շրջանակներում (հոդված 14, կետ 2),
27) հետագծելիության մեխանիզմի ներդրման պիլոտային ծրագրի իրագործումն սկսել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիսը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան նշված օրվան հաջորդող ամսվա 1-ին օրը (հոդված 14, կետ 3),
28) պիլոտային ծրագրի իրագործումն սկսելու օրվանից ապահովել հետագծելիության ազգային համակարգերի գործունեությունը պիլոտային ծրագրի շրջանակներում` հետագծելիության մեխանիզմի իրագործման համար անհրաժեշտ ծավալով (հոդված 14, կետ 4):
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթան քաղաքում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
i
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
28 ապրիլի 2020 թվականի
ՍԴՈ-1525
Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 28 ապրիլի 2020 թվական: