Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՄԻՆՍԿԻ Կ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՇԴ/0024/16/17

    Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0024/16/17    2019 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Գ. Խանդանյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հոկտեմբերի 1-ին

գրավոր ընթացակարգով քննելով Միքայել Մկրտչյանի ներկայացուցիչ Պայծառ Քոչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասի միջնորդության` Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի թիվ 2-19/2017 քաղաքացիական գործով 13.03.2017 թվականին կայացրած դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասը պահանջել է ճանաչել Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի թիվ 2-19/2017 քաղաքացիական գործով 13.03.2017 թվականին կայացրած վճիռը և թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 04.05.2018 թվականի «Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը ՀՀ տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու մասին» որոշմամբ նշված միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.10.2018 թվականի որոշմամբ Միքայել Մկրտչյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.05.2018 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել Մկրտչյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

i

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի (այսուհետ` Մինսկի կոնվենցիա) 20-րդ, 55-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247.7-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ չնայած ՀՀ օրենսդրությամբ սահմանված է օտարերկրյա դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարումը թույլատրելու հնարավորություն, այնուամենայնիվ դատարանները պարտավոր են պարզել, թե արդյոք պահպանվել են միջազգային պայմանագրի պահանջները: Տվյալ դեպքում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, քանի որ վիճելի գույքը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, այսինքն` սույն գործը քննվել է Մինսկի կոնվենցիայով սահմանված ընդդատության կանոնների խախտմամբ, քանի որ վեճը պետք է լուծվեր ՀՀ դատարանների կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 04.10.2018 թվականի որոշումը կամ բեկանել դատական ակտը` գործն ուղարկելով ստորադաս դատարան` նոր քննության»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի 13.03.2017 թվականի վճռով բավարարվել է Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասի հայցն ընդդեմ Միքայել Մկրտչյանի և նրա ընտանիքի անդամներ Հասմիկ Խաչատրյանի, Լենա և Մանյա Մկրտչյանների` ծառայողական բնակելի տարածքից վտարման պահանջի մասին: Դատարանը վճռել է ՀՀ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 8 զինվորական ավանի թիվ 17 շենքի 27-րդ բնակարան հասցեում գտնվող ծառայողական բնակելի տարածությունից օգտվելու` Միքայել Մկրտչյանի և նրա ընտանիքի անդամներ Հասմիկ Խաչատրյանի, Լենա և Մանյա Մկրտչյանների իրավունքը կորցրած ճանաչել և վերջիններիս պարտավորեցնել ազատել վերոնշյալ բնակելի տարածությունը: Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 21.06.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 5-7):

2. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասի հրամանատարի կողմից 07.12.2017 թվականին միջնորդություն է ներկայացվել դատարան` Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի 13.03.2017 թվականի վճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 4, 18-19):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի 3-րդ կետի և 55-րդ հոդվածի «դ» կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք օտարերկրյա պետության դատական ակտը Մինսկի կոնվենցիայի դրույթներին համապատասխան կարող է ճանաչվել և թույլատրվել կատարման, եթե այն կայացվել է ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերով:

i

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247.6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները (այսուհետ` դատական ակտեր), որոնք կատարում են պահանջում, ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում: (...) Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանված են օտարերկրյա պետությունների դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու` ՀՀ դատարանների իրավասությունները:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247.7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը համապատասխանում այն պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով:

i

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը կարգավորվում է նույն օրենսգրքի 52-րդ գլխով: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմումը քննող դատարանը գործի քննության ընթացքում պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա դատական ակտը համապատասխանում նույն գլխով և ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն ըստ «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ի միջնորդության` Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը ճանաչելու և Հայաստանի Հանրապետության տարածքում կատարումը թույլատրելու պահանջների մասին, թիվ ԵԿԴ/0024/16/12 քաղաքացիական գործով 30.04.2015 թվականի որոշմամբ անդրադարձել է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման ինստիտուտի նշանակությանը` մասնավորապես արձանագրելով, որ կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտի ճանաչումը ՀՀ դատարանների կողմից այդ ակտերին այնպիսի իրավական հատկանիշների տրամադրումն է, որոնցով օժտված են Հայաստանի Հանրապետության դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, և այդ ակտի իրավական գործողության թույլատրումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ կերպ ասած` կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտը միայն ճանաչման արդյունքում է Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերում պարտադիրության և կատարելիության հատկանիշներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օտարերկրյա պետության դատական ակտը ճանաչելիս և կատարման թույլատրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես ՀՀ ներպետական օրենսդրության, այնպես էլ միջազգային պայմանագրերի պահանջները:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 16.03.1995 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը, որի անբաժանելի մաս հանդիսացող թիվ 1 արձանագրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերը կարգավորվում են կողմերի առանձին համաձայնագրով:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 09.08.1997 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագիրը, որի 2-րդ հոդվածի համաձայն` կողմերի իրավասու մարմինները միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված քաղաքացիական, ընտանեկան, քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով: Համաձայն Մինսկի կոնվենցիայի` իրավական օգնությունն իր մեջ ներառում է փաստաթղթերի հանձնման մասին խնդրանքների կատարումը և դատավարական, հետախուզական և այլ գործողությունների վարույթը: Նշված համաձայնագիրը մասնավորապես անշարժ գույքի հետ կապված քաղաքացիաիրավական վեճերի իրավասության մասով դրույթներ չի պարունակում:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության հետ կապված հարաբերություններում գործում է Մինսկի կոնվենցիան, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ տվյալ կոնվենցիայի կարգավորումներին:

Այսպես, Մինսկի կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 21.12.1994 թվականին և, ի թիվս այլնի, կարգավորում է պայմանավորվող կողմերի միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների հետ կապված հարցերը:

i

Մինսկի կոնվենցիայի 6-րդ բաժինը վերաբերում է որոշումների ճանաչմանը և կատարմանը: Մասնավորապես` Մինսկի կոնվենցիայի 51-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, նույն կոնվենցիայով նախատեսված պայմաններով, ճանաչում և կատարում է այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունված հետևյալ որոշումները`

ա) քաղաքացիական և ընտանեկան գործերով արդարադատության մարմինների որոշումները, ներառյալ` նման գործերով դատարանի հաստատած հաշտության համաձայնագրերն ու դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերը (այսուհետ` որոշումներ) (...):

i

Մինսկի կոնվենցիայի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` 51-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններում, որի տարածքում պետք է իրականացվի հարկադիր կատարումը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննող դատարանը սահմանափակվում է պարզելով, որ պահպանված են նույն Կոնվենցիայով նախատեսված պայմանները: Եթե այդ պայմանները պահպանված են, դատարանը որոշում է կայացնում հարկադիր կատարման մասին:

i

Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` 52-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչումը և հարկադիր կատարման թույլտվությունը կարող են մերժվել, եթե գործը, նույն կոնվենցիայի դրույթների համաձայն, իսկ նրանով չնախատեսված դեպքերում` այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, պատկանում է այդ կողմի մարմնի բացառիկ իրավասությանը:

i

Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերը բացառապես ընդդատյա են գույքի գտնվելու վայրի դատարաններին: (...)

Վերը նշված կոնվենցիոն և ներպետական իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օտարերկրյա պետության դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու հարցը լուծելիս ՀՀ դատարանները չունեն նշված դատական ակտն ըստ էության վերանայելու իրավասություն և պետք է սահմանափակվեն միայն այն պայմանների առկայության ստուգմամբ, որոնց դեպքում թույլատրվում է համապատասխան որոշման ճանաչումն ու կատարումը, և միաժամանակ պարզեն այն պայմանների բացակայությունը, որոնք հիմք են ճանաչումը մերժելու համար: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Մինսկի կոնվենցիայով նախատեսված անհրաժեշտ պայմանների առկայության և մերժման հիմքերի բացակայության դեպքում է միայն դատարանը որոշում կայացնում կատարում պահանջող օտարերկրյա պետության դատական ակտը ճանաչելու և հարկադիր կատարումը թույլատրելու մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի թիվս օտարերկրյա պետության դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարումը մերժելու այլ հիմքերի, Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված է, որ օտարերկրյա պետության դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարման թույլտվությունը կարող է մերժվել, եթե գործը պատկանում է այն պետության մարմնի բացառիկ իրավասությանը, որի տարածքում պետք է ճանաչվի և կատարվի համապատասխան դատական ակտը:

Վերոգրյալի հիման վրա նկատի ունենալով, որ Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերը տվյալ գույքի գտնվելու վայրի դատարանների բացառիկ ընդդատությանն են պատկանում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե օտարերկրյա պետության դատական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների վերաբերյալ, ապա տվյալ դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարումը ենթակա է մերժման:

Սույն գործի փաստերի համաձայն` Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 8 զինվորական ավանի թիվ 17 շենքի 27-րդ բնակարան հասցեում գտնվող ծառայողական բնակելի տարածությունից օգտվելու` Միքայել Մկրտչյանի և նրա ընտանիքի անդամներ Հասմիկ Խաչատրյանի, Լենա և Մանյա Մկրտչյանների իրավունքը կորցրած ճանաչել և վերջիններիս պարտավորեցնել ազատել վերոնշյալ բնակելի տարածությունը: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասի հրամանատարի կողմից միջնորդություն է ներկայացվել Դատարան` վերոգրյալ դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու մասին:

Դատարանը 04.05.2018 թվականի որոշմամբ նշված միջնորդությունը բավարարել է` արձանագրելով, որ տվյալ դեպքում պահպանվել են Մինսկի կոնվենցիայով նախատեսված պայմանները, և նույն կոնվենցիայով նախատեսված միջնորդությունը մերժելու հիմքերը բացակայում են:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Դատարանը, պահպանելով Մինսկի կոնվենցիայի պահանջները, հիմնավոր հետևության է հանգել այն մասին, որ վճռի ճանաչումը մերժելու հիմքերը բացակայում են:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները խախտել են Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի 3-րդ կետի և 55-րդ հոդվածի «դ» կետի պահանջները` անտեսելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարան ներկայացված հայցի առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքից օգտվելու իրավունքը կորցրած ճանաչելու պահանջն է: Հետևաբար տվյալ վեճն ընդդատյա էր Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանին, քանի որ անշարժ գույքն օգտագործելու իրավունքը, որի դադարման հարցը քննվել է դատական գործով, գույքային իրավունք է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի իմաստով): Մինչդեռ գործը քննվել է Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է եղել օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը մերժելու հիմք, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես` օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը բացառող հիմքի առկայության` բացառիկ ընդդատության կանոնի խախտման պայմաններում ճանաչել է օտարերկրյա պետության դատական ակտն ու թույլատրել վերջինիս կատարումը` հանգեցնելով Միքայել Մկրտչյանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասի հրամանատարի` Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի 13.03.2017 թվականի վճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.10.2019
N ՇԴ/0024/16/17
Որոշում