i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱՔԴ/4912/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4912/02/15 2019 թ.
Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան
Դատավորներ` Ա. Մխիթարյան
Ա. Սմբատյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2019 թվականի սեպտեմբերի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հռիփսիմե Թագվորյանի ներկայացուցիչ Մինաս Մալխասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նազիկ և Մանիկ Պողոսյանների (այսուհետ` Համահայցվորներ) ընդդեմ Հռիփսիմե Թագվորյանի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգներ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են փաստացի տիրապետման հիմքով իրենց ճանաչել Նվարդ Պողոսյանի (մահացած` 29.10.2005 թվականին) ժառանգական գույքի, այն է` Երևանի Արաբկիր թիվ 21 փողոցի 24-րդ տան բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 04.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2018 թվականի որոշմամբ Հռիփսիմե Թագվորյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.07.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հռիփսիմե Թագվորյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համահայցվորների ներկայացուցիչ Գևորգ Դավթյանը:
i
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-1227-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Համահայցվորները Նվարդ Պողոսյանի ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում դիմում չեն ներկայացրել նոտարական գրասենյակ և նշված ժամկետում չեն կատարել ժառանգական գույքի տիրապետման և պահպանման գործողություններ, ինչը նշանակում է, որ Համահայցվորները չեն ընդունել իրենց մոր ժառանգությունը: Վերջիններիս կողմից վկայակոչված` գոյություն չունեցող փաստերի ապացուցված չլինելու բացասական հետևանքները պետք է կրեին հենց իրենք, այլ ոչ թե պատասխանող կողմը: Համահայցվորների վկայակոչած իրերից որևէ մեկը չէր կարող հանդիսանալ իրենց կողմից Նվարդ Պողոսյանի ժառանգությունն ընդունած լինելու ապացույց, քանի որ դրանցից որևէ մեկը ժառանգատուին երբևէ չի պատկանել, հետևաբար և չէր կարող մտնել նրա ժառանգության զանգվածի մեջ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2018 թվականի որոշումը և հայցն ամբողջությամբ մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Համահայցվորների ցուցմունքներով, դատարանին ներկայացված լուսանկարներով, իրենց հորը և ժառանգատուին պատկանող այլ իրերի` ժառանգատուի մահից հետո տիրապետելու, ինչպես նաև գրավոր այլ ապացույցներով` մասնավորապես տնատիրությանը սպասարկող թիվ 19 տեղամասի կողմից տված տեղեկանքով, հաստատվում է, որ Համահայցվորները ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքով ընդունել են իրենց մոր ժառանգությունը: Հռիփսիմե Թագվորյանը չի վիճարկել նաև ժառանգատուի մահվանից հետո Երևանի տանը բնակվելու հանգամանքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Համահայցվորները Նվարդ և Պողոս Պողոսյանների զավակներն են` հիմք ծննդյան վկայականները (հատոր 1-ին, գ.թ. 7-8)
2) 29.12.1992 թվականի թիվ 6116 սեփականության վկայագրի համաձայն` Երևան քաղաքի Արաբկիրի 21-րդ փողոցի թիվ 24 բնակելի տան նկատմամբ գրանցված է եղել Պողոս Կարապետի Պողոսյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 12).
3) 03.11.1985 թվականին տրված I-ՍԼ թիվ 490206 մահվան վկայականի համաձայն` Պողոս Պողոսյանը մահացել է 02.11.1985 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 9).
4) Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից 28.10.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Պողոս Կարապետի Պողոսյանի գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում հավասար բաժիններով կինը` Նվարդ Պողոսյանը, որդին` Կարապետ Պողոսյանը, դուստրերը` Նազիկ և Մանիկ Պողոսյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է նշված վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Արաբկիրի 21-րդ փողոցի թիվ 24 բնակելի տան 1/2 բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 13).
5) Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից 28.10.2004 թվականին տրված սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` Նվարդ Պողոսյանը, ով հանդիսանում է Պողոս Պողոսյանի ամուսինը, սեփականության իրավունք ունի հիշյալ ամուսինների գույքի 1/2 բաժնի նկատմամբ: Ընդհանուր համատեղ գույքը, որի համար տրվել է նշված վկայագիրը, բաղկացած է ք. Երևան, Արաբկիրի 21-րդ փողոցի թիվ 24 բնակելի տան 1/2 բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 14).
6) 30.10.2005 թվականին տրված ԱԱ թիվ 031822 մահվան վկայականի համաձայն` Նվարդ Պողոսյանը մահացել է 29.10.2005 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 10).
7) 13.01.2015 թվականին տրված ԱԲ թիվ 209510 մահվան վկայականի համաձայն` Կարապետ Պողոսյանը մահացել է 12.01.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 11).
8) Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանը 08.10.2015 թվականի «Նոտարական գործողության կատարումը մերժելու մասին» որոշմամբ Համահայցվորների դիմումը` ժառանգություն ձևակերպելու և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տրամադրելու մասին, մերժել է այն պատճառաբանությամբ, որ Համահայցվորների կողմից սահմանված ժամկետներում չի ներկայացվել համապատասխան դիմում, նաև որևէ ապացույց ժառանգական գույքի փաստացի տիրապետման կամ կառավարման մասին (հատոր 1-ին, գ.թ. 15-17).
9) Սեփական տնատիրությունը սպասարկող թիվ 19 տեղամասի ներկայացուցչի կողմից 18.04.2017 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Նազիկ Պողոսյանը ներկա դրությամբ բնակվում է Արաբկիրի Ռ. Սևակի թիվ 24 տանը (հատոր 1-ին, գ.թ. 140).
10) Սույն գործով չի վիճարկվել փաստն առ այն, որ Կարապետ Պողոսյանի մահից նրա գույքը փաստացի տիրապետում է կինը` Հռիփսիմե Թագվորյանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել գործի քննության պահին կիրառման ենթակա` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին. ո՞ր պայմանների միաժամանակյա առկայությունն է անհրաժեշտ անձին փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար և ո՞վ է կրում այդ պայմանների առկայության ապացուցման պարտականությունն ու դրանք չապացուցելու բացասական հետևանքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ժառանգությունն ընդունելու եղանակներից ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու եղանակին, նշել է, որ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը): Ընդ որում, նմանատիպ գործեր քննելիս կարևոր է դատարանի կողմից այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (տե՛ս, օրինակ, Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի և մյուսների թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը), որը կարող է ապացուցվել գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով (գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ), որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգատուի մահից հետո ժառանգը փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգական գույքը (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ 3-938 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):
Ընդ որում, ժառանգի կողմից փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունմանն ուղղված ամենատարբեր բնույթի ակտիվ գործողությունները պետք է տեղի ունենան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում, այն է` ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի վերլուծությանը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, այդ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապացույցների գնահատմանը, փաստել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար անհրաժեշտ է պարզել`
- ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքի կազմը (ժառանգական զանգվածը),
- ժառանգի կողմից ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքը (դրա կազմի մեջ մտնող գույքերից որևէ մեկը) փաստացի տիրապետելուն և կառավարելուն ուղղված տարաբնույթ ակտիվ գործողություններ ձեռնարկած լինելը,
- նշված գործողությունները ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում ձեռնարկած լինելը:
Ընդ որում, նշված հանգամանքներն ապացուցելու պարտականությունը կրում է այդ փաստերը վկայակոչած կողմը, ուստի վերջինս էլ պետք է կրի նշված փաստերն ապացուցված չլինելու բացասական հետևանքները:
Սույն գործի փաստերի համաձայն` 29.12.1992 թվականի թիվ 6116 սեփականության վկայագրի համաձայն` Երևան քաղաքի Արաբկիրի 21-րդ փողոցի թիվ 24 բնակելի տան նկատմամբ գրանցված է եղել Պողոս Պողոսյանի սեփականության իրավունքը: Պողոս Պողոսյանը մահացել է 02.11.1985 թվականին և վերջինիս գույքի` Երևան քաղաքի Արաբկիրի 21-րդ փողոցի թիվ 24 բնակելի տան 1/2 բաժնի նկատմամբ ժառանգներ են հանդիսացել հավասար բաժիններով կինը` Նվարդ Պողոսյանը, որդին` Կարապետ Պողոսյանը, դուստրերը` Նազիկ և Մանիկ Պողոսյանները: Ժառանգներից Նվարդ Պողոսյանը, ով հանդիսացել է Պողոս Պողոսյանի ամուսինը, համաձայն 28.10.2004 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի` սեփականության իրավունք է ունեցել վերոհիշյալ ամուսինների գույքի 1/2 բաժնի նկատմամբ: Նվարդ Պողոսյանը մահացել է 29.10.2005 թվականին, իսկ Կարապետ Պողոսյանը` 12.01.2015 թվականին: Սույն գործով չի վիճարկվել փաստն առ այն, որ Կարապետ Պողոսյանի մահից նրա գույքը փաստացի տիրապետում է կինը` Հռիփսիմե Թագվորյանը:
Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանը, ուսումնասիրելով Համահայցվորների դիմումը ժառանգության իրավունքի վկայագրեր տրամադրելու վերաբերյալ, 08.10.2015 թվականին կայացրած «Նոտարական գործողության կատարումը մերժելու մասին» որոշմամբ վերջիններիս դիմումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ նրանք Նվարդ Պողոսյանի մահվանից հետո վեցամսյա ժամկետում չեն ներկայացրել դիմում ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին, ինչպես նաև չեն ներկայացրել որևէ ապացույց ժառանգական գույքի փաստացի տիրապետման կամ կառավարման մասին:
Սույն գործով Դատարանը, որպես հայցի բավարարման հիմնավորում, նշել է, որ Համահայցվորների կողմից դատարանին ներկայացվել են ժառանգական գույք հանդիսացող` Համահայցվորների պապենական գորգի, ժառանգատուին պատկանող մեխանիկական և էլեկտրական կարի մեքենաների, վերջինիս նշանադրության հագուստի, ժառանգատուի մոր ամուսնության մատանու, ժառանգատուի հոր արծաթե ծխախոտատուփի, ժառանգատուի ավետարանի, պահարանի և սպասքի, Բուլղարիայից բերված արծաթե դրամների (այսուհետ` Գույք) լուսանկարները, և որ Գույքը ժառանգատուի մահից անմիջապես հետո գտնվում է իրենց տիրապետման տակ: Դատարանն արձանագրել է նաև, որ նշված փաստի դեմ պատասխանողի կողմից առարկություն չի ներկայացվել, իսկ Համահայցվորների ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ պատասխանողի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նա ընդունել է, որ իր ամուսինը` Կարապետ Պողոսյանը, մորը պատկանող ամուսնական մատանին նվիրել է Նազիկ Պողոսյանին, սակայն չի հիշում, թե երբ: Միաժամանակ հայտնել է, որ չի ընդունում, որ նշված գույքերը պատկանել են ժառանգատուին: Նկատի ունենալով, որ Նվարդ Պողոսյանն ունեցել է երեք ժառանգներ, ովքեր փաստացի տիրապետման փաստով ընդունել են ժառանգական գույքը, իսկ ժառանգական գույքը բաղկացած է վիճելի հասցեի 5/8 բաժնեմասից, Դատարանը գտել է, որ Համահայցվորներին պետք է ճանաչել ժառանգական գույքի` 5/24-ական բաժնեմասի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգներ:
Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունները, Հռիփսիմե Թագվորյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ:
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Սույն որոշմամբ արտահայտված իրավական վերլուծությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համահայցվորներին փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու համար վերջիններս պետք է ապացուցեին, որ`
1. Գույքը ժառանգատու Նվարդ Պողոսյանի ժառանգության բացման օրը` 29.10.2005 թվականին, պատկանել է վերջինիս,
2. Համահայցվորները ժառանգության բացման օրվանից սկսած ձեռնարկել են տարբեր բնույթի ակտիվ գործողություններ` ուղղված ժառանգատուին պատկանող գույքը փաստացի տիրապետելուն կամ կառավարելուն,
3. նշված գործողությունները Համահայցվորները ձեռնարկել են ժառանգության բացման օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համահայցվորների` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու փաստը ստորադաս դատարանները բխեցրել են Գույքը վերջիններիս կողմից փաստացի տիրապետելու հանգամանքից` նշելով, որ այդ հանգամանքը հանգեցրել է ժառանգական գույք հանդիսացող բնակելի տան փաստացի տիրապետմանը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում առկա չեն եղել փաստացի տիրապետման հիմքով Համահայցվորներին` Նվարդ Պողոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու եզրահանգում կատարելու համար բավարար ապացույցներ, հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով պատասխանող կողմը վիճարկել է ինչպես Գույքը ժառանգատուին պատկանելու, այնպես էլ այն ժառանգատուի մահից հետո օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում Համահայցվորների կողմից տիրապետելու փաստերը: Մասնավորապես` 11.01.2017 թվականին Դատարանին ներկայացված գրավոր առարկություններով (հատոր 1-ին, գ.թ. 99-111) պատասխանողի ներկայացուցիչը վիճարկել է Համահայցվորների` վիճելի բնակելի տանը բնակվելու, ոսկեղենը, անկողնային պարագաները, սպասքը և մինչև մահը ժառանգատուին պատկանած իրերը Համահայցվորների կողմից փաստացի տիրապետելու փաստերը` նշելով, որ Նվարդ Պողոսյանի մահից հետո` 29.10.2005 թվականից մինչև իր մահը` 12.01.2015 թվականը, ժառանգատուի որդու` Կարապետ Պողոսյանի կողմից և բացառապես նրա միջոցների հաշվին են ձեռնարկվել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելուն ուղղված միջոցներ, նրա հաշվին կատարվել են գույքը պահպանելու ծախսեր, այն է` վճարվել են տան գույքահարկը, հողի հարկը, աղբահանության, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման վճարները, ինչպես նաև ժառանգական գույքի հասցեով հաշվառված ֆիքսված հեռախոսահամարների վճարները: Նվարդ Պողոսյանի մահվանից հետո Համահայցվորները Երևան քաղաքի Արաբկիրի 21-րդ փողոց, թիվ 24 տուն հասցեում չեն բնակվել, ինչը հիմնավորվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 02.11.2016 թվականի գրությամբ, որի համաձայն` Արաբկիր 21 փողոց թիվ 24 հասցեի տան դուռը մշտապես եղել է փակ վիճակում, իսկ դուռը փակ վիճակում է գտնվել, քանի որ տան միակ տիրապետողն ու տնօրինողը` Հռիփսիմե Թագվորյանը, 2015 թվականից գտնվում է ԱՄՆ-ում:
Պատասխանողի ներկայացուցիչը պնդել է նաև, որ Նվարդ Պողոսյանի մահվանից հետո Համահայցվորները նրա ժառանգությունը չեն ընդունել, իսկ ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է Կարապետ Պողոսյանը` միանձնյա: Վերջինիս մահից հետո նրա առաջին հերթի ժառանգներ են հանդիսանում կինը` Հռիփսիմե Թագվորյանը, որդին` Հայկ Պողոսյանը, և դուստրը` Նվարդ Պողոսյանը, որոնցից ժառանգությունն ընդունել է միայն պատասխանողը` Հռիփսիմե Թագվորյանը, իսկ նրա որդին և դուստրը հրաժարվել են ժառանգության իրենց հասանելիք բաժնից` հօգուտ պատասխանողի, ինչի վերաբերյալ 26.11.2015 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համահայցվորների կողմից ներկայացված լուսանկարները հաստատում են միայն տվյալ նկարներում արտացոլված իրերի գոյությունը, բայց դրանց բովանդակությամբ չի հաստատվում, որ Գույքը ժառանգության բացման օրվա դրությամբ պատկանել է Նվարդ Պողոսյանին, ավելին` անգամ Գույքը ժառանգատուին պատկանելու փաստը հաստատված լինելու պարագայում չի հաստատվում Համահայցվորների կողմից Գույքը ժառանգության բացման օրվանից սկսած վեցամսյա ժամկետում փաստացի տիրապետելու կամ կառավարելու փաստը, որպիսի պայմաններում ստորադաս դատարանները չէին կարող անվերապահ հետևության հանգել փաստացի տիրապետման հիմքով Համահայցվորների կողմից Նվարդ Պողոսյանի ժառանգությունն ընդունած ճանաչելու մասին` առանց անդրադառնալու այդ փաստերը հաստատող բավարար ապացույցների առկայության հարցին:
Ավելին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Համահայցվորները Նվարդ Պողոսյանի ժառանգությունն ընդունելու նպատակով ակտիվ գործողություններ սկսել են կատարել ժառանգության բացման օրվանից` 29.10.2005 թվականից տասը տարի անց միայն` 06.10.2015 թվականին, որն արտահայտվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանին դիմում ներկայացնելով, որին ի պատասխան, սակայն, ստացել են 08.10.2015 թվականի մերժումն այն պատճառաբանությամբ, որ դիմումատուների կողմից սահմանված ժամկետում չի ներկայացվել համապատասխան դիմում, ինչպես նաև որևէ ապացույց ժառանգական գույքի փաստացի տիրապետման կամ կառավարման մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանն օրենքով սահմանված կարգով չի գնահատել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանի «Նոտարական գործողության կատարումը մերժելու մասին» 08.10.2015 թվականի որոշումը, անտեսելով դրանում առկա այն տեղեկությունները, ըստ որի` չեն ներկայացվել ժառանգական գույքը ժառանգության բացման օրվանից սկսած վեցամսյա ժամկետում փաստացի տիրապետելու կամ կառավարելու մասին ապացույցներ: Ընդ որում, Համահայցվորների կողմից չի ներկայացվել նաև որևէ փաստարկ այն մասին, որ իրենք վարչադատական կարգով վիճարկել են «Նոտարական գործողության կատարումը մերժելու մասին» 08.10.2015 թվականի որոշումը:
Ինչ վերաբերում է թիվ 19 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքին, ապա դրա բովանդակությամբ որևէ կերպ չի հաստատվում ժառանգատուի մահից հետո Նազիկ Պողոսյանի կողմից ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում ժառանգատուին պատկանող գույքը փաստացի տիրապետելու և կառավարելու հանգամանքը:
Համահայցվորների մորը պատկանող ամուսնական մատանին Կարապետ Պողոսյանի կողմից Նազիկ Պողոսյանին նվիրելու փաստարկի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Դատարանն անտեսել է, որ վիճելի է մնացել մատանին Կարապետ Պողոսյանի կողմից քրոջը նվիրելու ժամանակը, որպիսի պարագայում չէր կարող հետևություն արվել այն մասին, որ Համահայցվորները փաստացի տիրապետման հիմքով ընդունել են ժառանգությունը: Ավելին, նվեր ստացված գույքը չի կարող վկայել ժառանգությունն ընդունելու մասին, քանի որ ժառանգության ընդունումը ենթադրում է ժառանգների կողմից կամային գործողության դրսևորում, որը պետք է ուղղված լինի ժառանգությունը փաստացի տիրապետելուն կամ կառավարելուն, իսկ մեկ այլ ժառանգից ստացված նվերը չի վկայում և չէր կարող վկայել ժառանգությունն ընդունելու ժառանգների կամքի առկայության մասին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Համահայցվորների կողմից իրենց մոր ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու փաստը հաստատող ապացույցների բացակայության պարագայում գործի հանգամանքների վերաբերյալ Դատարանը կատարել է ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ Դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի խախտման հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ Գույքը Նվարդ Պողոսյանին պատկանելու և Համահայցվորների կողմից ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու փաստերը ապացուցված չլինելու պարագայում, առանց բավարար իրավական և փաստական հիմքերի հայցը բավարարելով, խաթարվել է պատասխանողի արդար դատաքննության իրավունքը, ըստ այդմ խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ բողոքի դեմ Համահայցվորների ներկայացուցչի վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Մանիկ և Նազիկ Պողոսյաններից հօգուտ Հռիփսիմե Թագվորյանի պետք է բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2018 թվականի որոշումը և այն փոփոխել. Նազիկ և Մանիկ Պողոսյանների հայցն ընդդեմ Հռիփսիմե Թագվորյանի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգներ ճանաչելու պահանջի մասին, մերժել:
2. Նազիկ և Մանիկ Պողոսյաններից հօգուտ Հռիփսիմե Թագվորյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան