i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1807-Ն
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից գործում է Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով:
2. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1807-Ն որոշման
ԿԱՐԳ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդը (այսուհետ` մաքսային կցորդ) գործում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:
2. Մաքսային կցորդը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային ոլորտին առնչվող շահերը Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում` Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում (այսուհետ` Վերին Լարսի անցակետ) առաջացող խնդիրների լուծմանն առնչվող հարցերում:
3. Մաքսային կցորդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է միջազգային իրավունքի նորմերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն որոշմամբ:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Մաքսային կցորդի խնդիրներն են`
1) Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության` մաքսային ոլորտին առնչվող շահերի ներկայացումը, մաքսային ոլորտին առնչվող բանակցային գործընթացներին, այդ թվում` Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրների լուծմանն առնչվող հարցերում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցության ապահովումը, այդ թվում` Վերին Լարսի անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլերի ձեռնարկումը.
3) Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում` Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկությունների հավաքագրումը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանց տրամադրումը:
III. ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Մաքսային կցորդի գործառույթներն են`
1) Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության և Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմինների հետ աշխատանքային կապերի ապահովումը.
3) իր լիազորությունների և իրավասությունների սահմաններում Եվրասիական տնտեսական միության օրենսդրության դիտանցումը, դրա կիրառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկների ներկայացումը.
4) մաքսային ոլորտին առնչվող բանակցային գործընթացներին, այդ թվում` Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրների լուծմանն առնչվող հարցերում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը` համաձայնեցնելով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի հետ.
5) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մաքսային ոլորտին առնչվող, այդ թվում` Վերին Լարսի անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված գործընթացներում ծագող խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլերի մշակումը, ձեռնարկումը.
6) Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում` Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկությունների հավաքագրումը, վերլուծումը, ամփոփումը և ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանց տրամադրումը, այդ տեղեկությունների հիման վրա մշակված և առկա իրավիճակի հնարավոր բարելավմանն ուղղված առաջարկների` ըստ անհրաժեշտության ներկայացումը.
7) Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության հետ համագործակցության շրջանակներում պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման աշխատանքների իրականացման ապահովումն ու աջակցության ցուցաբերումը.
8) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ չարգելված և սույն կարգով սահմանված խնդիրների լուծմանն ուղղված այլ գործառույթների իրականացումը:
IV. ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԸ
6. Մաքսային կցորդը`
1) պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
2) նշանակվում է երեք տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով.
3) Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրվում է այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) Ռուսաստանի Դաշնությունում օգտվում է այնպիսի իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերով և (կամ) Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ:
7. Մաքսային կցորդը նշանակվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն մեկ տարի գլխավոր կամ բարձրագույն պաշտոնների խմբի պաշտոններ կամ Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգում առնվազն մեկ տարի հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանցից, որն ազատորեն տիրապետում է առնվազն երկու (ներառյալ` ռուսերեն) օտար լեզվի:
8. Մաքսային կցորդն ունի`
1) Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և ձևաթուղթ.
2) առանձին բանկային հաշիվ.
3) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր:
9. Մաքսային կցորդի նստավայրը տեղակայվում է Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան շենքում` քաղաք Վլադիկավկաս:
V. ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Մաքսային կցորդը`
1) գործում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի հանձնարարականներով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում.
2) իր կատարած աշխատանքների մասին հաշվետու է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին.
3) իր ընթացիկ գործունեության մասին ըստ անհրաժեշտության տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին.
4) իր ընթացիկ գործունեության ընթացքում համագործակցում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության այլ ներկայացուցիչների հետ:
11. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները մաքսային կցորդին առաջադրանքներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի միջոցով:
VI. ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
12. Մաքսային կցորդի վարձատրությունը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, որոնք հավասարեցվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի պաշտոնային դրույքաչափին և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափին:
i
13. Մաքսային կցորդի պահպանման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգով: