Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ Մ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ       

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՔԴ/0119/04/17   

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0119/04/17   2019թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հուլիսի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2017 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 05.03.2018 թվականի որոշմամբ սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ Դատարան) 25.06.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.03.2018 թվականի «Ընկերության նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, 70-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելիս հաշվի չի առել, որ դեռևս 21.02.2018 թվականի որոշմամբ բավարարել է Կոմիտեի միջնորդությունը` ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու մասին: Արդյունքում Դատարանը չի ապահովել Կոմիտեի կողմից այդ որոշման կատարման հնարավորությունը: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ լուծարման վարույթ սկսելու որոշման կայացումից հետո այլևս ստուգում իրականացվել չէր կարող: Փաստորեն, Դատարանը նախ թույլատրել է Կոմիտեին իրականացնել ստուգում, այնուհետև կայացրել է լուծարման վարույթ սկսելու մասին որոշում` անտեսելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության պահանջը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Դատարանը լուծարային վարույթ սկսելու իրավունք ունի առանց ժամկետային սահմանափակման, այդ հայեցողական լիազորությանը, ըստ էության, վերագրել է բացարձակ բնույթ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.06.2018 թվականի որոշումը և այն փոփոխել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2018 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը (գործի հավելված, գ.թ. 30-31):

2. 21.02.2018 թվականի «Պարտապանի մոտ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու մասին» որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Կոմիտեի` պարտապան Ընկերությունում ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմիններին վերապահված իրավասության սահմաններում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության պահանջների կատարման ճշտության ստուգում իրականացնելու վերաբերյալ միջնորդությունը, գտել է, որ Ընկերությունն ընդգրկված է հարկային մարմնի կողմից իրականացվելիք ստուգումների ծրագրում և անհրաժեշտ է կատարել պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Նշված հիմնավորմամբ բավարարվել է Կոմիտեի ներկայացրած միջնորդությունը և թույլատրվել է Կոմիտեին` Ընկերությունում իրականացնել ուսումնասիրություն կամ ստուգում (գործի հավելված, գ.թ. 33-34):

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2018 թվականի «Պարտապանի մոտ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու մասին» որոշումը Կոմիտեին ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 23.04.2018 թվականին և նույն օրը ստացվել է Կոմիտեում (գործի հավելված, գ.թ. 36):

4. Դատարանի 05.03.2018 թվականի որոշմամբ կասեցվել է Ընկերության գործունեությունը, գույքը կառավարելու և տնօրինելու պարտապանի բոլոր իրավունքները (գործի հավելված, գ.թ. 40-41):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, 70-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու թույլտվության մասին դեռևս չկատարված որոշման առկայության պայմաններում պարտապանի լուծարման վարույթ սկսելու իրավական հնարավորության հարցին:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: (...) Պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է, բացառությամբ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության և հանդիպակաց ուսումնասիրությունների:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին (այսուհետ` պարտապանի լուծարում): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարտապանին լուծարելու մասին որոշման հրապարակումից հետո կառավարիչը նույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է պարտապանի գույքի վաճառքը:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերոգրյալ նորմերի լույսի ներքո մեկնաբանելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վկայակոչված կարգավորումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ցանկացած դատական ակտ (այդ թվում` սնանկության վարույթում կայացված), որը մտել է օրինական ուժի մեջ, ձեռք է բերում պարտադիրության հատկանիշ: Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) բազմիցս արձանագրել է, որ ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (տե՛ս, օրինակ, Burdov v. Russia գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի վճիռը, կետ 34):

i

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթում կայացված և կատարում ենթադրող դատական ակտերը նույնպես ենթակա են կատարման, հակառակ պարագայում դատական ակտի կայացումը կկրի ձևական բնույթ: Ընդ որում, եթե դատական ակտի կատարման հնարավորությունը պայմանավորված է դատարանի որևէ հայեցողական լիազորության կիրառմամբ, ապա այդ լիազորությունը պետք է կիրառվի այնպես, որ չբացառվի դատական ակտը ողջամիտ ժամկետներում փաստացի կատարելու հնարավորությունը (դատարանի հայեցողական լիազորության կիրառման պայմանների մասին տե՛ս, օրինակ, Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի թիվ 3-346(ՏԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերոգրյալ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացվում է դատարանի որոշմամբ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո մինչև պարտապանի լուծարման գործընթացը սկսվելը (բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը կոնկրետ ժամկետային սահմանափակում չի նախատեսել պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու թույլտվություն տալու համար: Այդուհանդերձ, նման կարգավորումը չի կարող մեկնաբանվել որպես դատարանի բացարձակ հայեցողություն: Դատարանը, թույլատրելով իրականացնել պարտապանի գործունեության ստուգում կամ ուսումնասիրություն, իր կայացրած որոշման կատարման հնարավորության ապահովման նպատակով պետք է պարտապանի լուծարման գործընթաց չսկսի այնքան ժամանակ, քանի դեռ ողջամիտ ժամկետում իր կայացրած դատական ակտի կատարման հնարավորություն չի ընձեռել դատական ակտի հասցեատիրոջը:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը 01.12.2017 թվականի վճռով ճանաչվել է սնանկ: 21.02.2018 թվականի «Պարտապանի մոտ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու մասին» որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է Կոմիտեին` Ընկերությունում իրականացնել ուսումնասիրություն կամ ստուգում: Նշված որոշումը Կոմիտեին ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 23.04.2018 թվականին և նույն օրը ստացվել է Կոմիտեում: Դատարանի 05.03.2018 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ չնայած այն հանգամանքին, որ սնանկ ճանաչված Ընկերությունում ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու թույլտվության վերաբերյալ որոշումն ուշ ուղարկելու պատճառով Կոմիտեն գործնականում զրկվել է այդ որոշմամբ նախատեսված իր իրավունքն իրացնելու հնարավորությունից, սակայն Կոմիտեն բավականաչափ հետևողական մոտեցում չի ցուցաբերել ներկայացրած միջնորդության արդյունքների նկատմամբ, ինչի հետևանքով առաջացել է որոշման կատարման անհնարինություն: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի 05.03.2018 թվականի որոշումը կայացվել է բացառապես օրենքի շրջանակներում, և Դատարանը նշված որոշմամբ դատական սխալ թույլ չի տվել:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է Դատարանի կողմից իր իսկ կայացրած որոշման կատարման հնարավորությունը որոշման հասցեատիրոջ համար սահմանափակելու հանգամանքը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը 21.02.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի միջնորդությունը բավարարել է, այնուհետև 05.03.2018 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսել է լուծարման վարույթ, դրանից հետո միայն 21.02.2018 թվականի որոշումը հասանելի է դարձել Կոմիտեին, այն է` Կոմիտեն 21.02.2018 թվականի որոշումը ստացել է 23.04.2018 թվականին, երբ արդեն իսկ օրենսդրական կարգավորումների հիման վրա սպառվել էր 21.02.2018 թվականի որոշման կատարման հնարավորությունը` ընդ որում Կոմիտեի կամքից անկախ: Այլ կերպ ասած, 05.03.2018 թվականի որոշումը կայացնելիս Դատարանն անտեսել է, որ կայացնելով Ընկերության լուծարման վարույթ սկսելու մասին որոշում` Դատարանը բացառում է 21.02.2018 թվականի որոշման կատարման հնարավորությունը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է վերոգրյալ հանգամանքները և փաստորեն Դատարանի կողմից լուծարային վարույթ սկսելու լիազորության կիրառման հայեցողությանը վերագրել է բացարձակ բնույթ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի բողոքը հիմնավոր է, քանի որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումը խաթարել է արդարադատության բուն էությունը` նկատի ունենալով, որ Կոմիտեի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2018 թվականի «Պարտապանի մոտ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու մասին» որոշումը ստացված չլինելու և այս որոշումը կատարելու հնարավորություն չունենալու պայմաններում Դատարանը սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ սկսել է լուծարման վարույթ` բացառելով 21.02.2018 թվականի դատական ակտի կատարման հնարավորությունը և արդյունքում խախտելով դատական ակտի պարտադիրության հատկանիշը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 25.06.2018 թվականի որոշումը բեկանելու և գործը` Ընկերության նկատմամբ լուծարման վարույթ սկսելու հարցի քննարկման մասով, նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2018 թվականի որոշումը և գործը` «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու հարցի քննարկման մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2019
N ԵԱՔԴ/0119/04/17
Որոշում