i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հոկտեմբերի 2019 թվականի N 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Նախարար Ա. Հարությունյան
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2019 թվականի հոկտեմբերի 14-ի
N 22-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունում բազմահամակազմ դասարանի կազմավորման հետ կապված հարաբերությունները:
2. Բազմահամակազմ դասարանը տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ է:
3. Բազմահամակազմ դասարանում ուսուցումը պետք է ապահովի յուրաքանչյուր սովորողի համար երաշխավորված անվճար, մատչելի և որակյալ կրթություն:
i
4. Բազմահամակազմ դասարանում դասավանդող ուսուցիչների աշխատանքի վճարման, բազմահամակազմ դասարանի կազմավորման և գործունեության հետ կապված ֆինանսական հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշմամբ:
2. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
5. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել բնակավայրի միակ հաստատությունում:
i
6. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել, եթե հանրակրթական ուսումնական հաստատության յուրաքանչյուր դասարանում սովորողների թվաքանակը ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում սահմանված դասարանների սովորողների առավելագույն թվի կեսից պակաս է և ֆինանսական միջոցները բավարար չեն:
7. Բազմահամակազմ դասարաններ կարող են կազմավորվել միևնույն կրթական աստիճանի ներսում գործող դասարաններում, մասնավորապես` 1-4-րդ դասարանների միջակայքում, 5-9-րդ դասարանների միջակայքում, 10-12-րդ դասարանների միջակայքում:
8. Սույն կարգի 6-րդ կետի հիման վրա բազմահամակազմ դասարան կազմավորվում է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով` ուսումնական տարվա սկզբում, մեկ ուսումնական տարվա համար` ելնելով ուսումնական հաստատության սովորողների և ուսուցիչների թվաքանակից, հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկությունները:
9. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կարող են կազմավորվել երկհամակազմ, եռահամակազմ կամ քառահամակազմ դասարաններ:
10. Երկհամակազմ դասարանում սովորողների թիվը չի կարող գերազանցել 15-ը, եռահամակազմ դասարանում` 12-ը, իսկ քառահամակազմ դասարանում` 8-ը:
11. Բազմահամակազմ դասարանը կազմավորվում է տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողների խմբերի համատեղումից` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ` սույն կարգի 5-13-րդ կետերի պահանջների համաձայն:
3. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
12. Հանրակրթական ուսումնական հաստատությունում բազմահամակազմ դասարանի գործունեությունը կազմակերպվում է ուսումնական հաստատության կողմից իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան:
13. Բազմահամակազմ դասարանում ընդգրկվող սովորողների ուսուցումն իրականացվում է ուսումնական հաստատության տվյալ դասարանի ուսումնական պլանին համապատասխան:
14. Բազմահամակազմ դասարանի կողմից ուսումնասիրվող առարկաներին հատկացվող ժամաքանակը պետք է պակաս չլինի օրինակելի ուսումնական պլանով այդ դասարանում տվյալ ուսումնական առարկային հատկացված ժամաքանակից:
15. Սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը, պարապմունքների աշխատակարգը որոշվում են հաստատության ուսումնական պլանով և համապատասխանեցվում սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին:
16. Սովորողների փոխադրումը դասարանից դասարան և ամփոփիչ ատեստավորումն իրականացվում են ընդհանուր հիմունքներով` այդ հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ
17. Բազմահամակազմ դասարանի մեջ մտնող տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողների յուրաքանչյուր խմբի համար ուսուցիչը վարում է առանձին դասամատյան, դասղեկը (դասվարը) առանձին է վարում սովորողների անձնական գործերը և այլ փաստաթղթեր:
18. ՈՒսուցիչը յուրաքանչյուր դասարանի առարկայական ծրագրերով սովորողների համար կազմում է համապատասխան թեմատիկ պլաններ, անհրաժեշտության դեպքում` անհատական ուսուցման պլաններ և այլ փաստաթղթեր: