i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԱՎԴ/1617/02/18
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1617/02/18 2019թ.
Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
2019 թվականի սեպտեմբերի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ ԱՁ Արմեն Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
i
Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը պահանջել է ԱՁ Արմեն Մանուկյանից բռնագանձել 790.441 ՀՀ դրամ` որպես պատշաճ կերպով մատակարարված ապրանքների դիմաց չվճարված գումար, ինչպես նաև դրա նկատմամբ հայցադիմումը ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության ամբողջական կատարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով հաշվեգրվող տոկոսներ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Բալյան) (այսուհետ` Դատարան) 24.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2019 թվականի որոշմամբ ԱՁ Արմեն Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.10.2018 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ամբողջ ծավալով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը հայցվոր կողմը ստացել է 05.03.2019 թվականին, ուստի վերաքննիչ բողոքի պատասխան կարող էր ներկայացնել մինչև 26.03.2019 թվականը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը 18.03.2019 թվականին կայացրել է որոշում` բավարարելով վերաքննիչ բողոքը: Հետևաբար Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետի չպահպանման արդյունքում բողոքաբերը զրկվել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունից և դրանով իսկ գործի ընթացքի վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումը հայտնելու իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի թիվ ԱՎԴ/1617/02/18 քաղաքացիական գործով 18.03.2019 թվականի որոշումը և հայցը բավարարել»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Վերաքննիչ դատարանի 18.02.2019 թվականի որոշմամբ Դատարանի 24.10.2018 թվականի վճռի դեմ ԱՁ Արմեն Մանուկյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, և բողոքի քննությունը նշանակվել է 07.03.2019 թվականին` ժամը 10:40-ին (գ.թ. 46):
2) Վերաքննիչ դատարանի 18.02.2019 թվականի որոշումը և դատական նիստի օրվա, ժամի և վայրի վերաբերյալ դատական ծանուցագիրը Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին ուղարկելու համար փոստային ծառայությանն են հանձնվել 28.02.2019 թվականին: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին ուղարկված փոստային ծրարը վերջինս ստացել է 05.03.2019 թվականին (գ.թ. 47, 52-53):
3) 07.03.2019 թվականի դատական նիստով Վերաքննիչ դատարանն ավարտել է բողոքի քննությունը և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 18.03.2019 թվականը (գ.թ. 54):
4) Վերաքննիչ դատարանի 18.03.2019 թվականի որոշումն Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 20.03.2019 թվականին, որը վերջինիս կողմից ստացվել է 25.03.2019 թվականին (գ.թ. 62-63):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելիս դատավարության մասնակցի կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացման ապահովման խնդրին:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվելիս նրանք տեղեկացվում են բողոքին պատասխան ներկայացնելու իրավունքի մասին:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո բողոքի քննությունը համարվում է ավարտված, և հայտարարվում է դատական ակտը հրապարակելու օրը:
i
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը Հայկ Ջավախյանն ընդդեմ Վարդան Աբրահամյանի թիվ ԵԿԴ/0612/04/16 սնանկության գործով 16.04.2019 թվականի որոշմամբ անդրադարձել է վերաքննության փուլում դատավարության մրցակցության և դատավարության մասնակիցների իրավահավասարության սկզբունքների պահպանությանն այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրն ապահովել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտ նախադրյալներ դատավարության մասնակցի համար: Որպես վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետ` օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ կամ 5-րդ օրը` կախված բողոքարկվող դատական ակտի տեսակից: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ վերաքննիչ դատարանն իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս (տվյալ դեպքում` բողոքի քննությունը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում կայացնելիս) պարտավոր է այնպես կազմակերպել բողոքի քննության համար նախատեսված ժամկետները (այդ թվում` դատական ակտի հրապարակման օրը որոշելիս), որպեսզի դատավարության որևէ մասնակից մյուսի համեմատ չգտնվի էականորեն նվազ բարենպաստ վիճակում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Հայկ Ջավախյանն ընդդեմ Վարդան Աբրահամյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի քննությունն իրականացվում է դատական նիստում: Հետևաբար վերաքննիչ դատարանը բողոքի քննությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացումը` ընդ որում, դատավարության մասնակցի համար ապահովելով օրենքով սահմանված ժամկետի ամբողջ ընթացքում պատասխան ներկայացնելու հնարավորությունը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանի 18.02.2019 թվականի որոշմամբ ԱՁ Արմեն Մանուկյանի բերած վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը որոշել է բողոքի քննությունը նշանակել 07.03.2019 թվականին: Վերաքննիչ դատարանի 18.02.2019 թվականի որոշումը և դատական նիստի օրվա, ժամի և վայրի վերաբերյալ դատական ծանուցագիրը Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին ուղարկելու համար փոստային ծառայությանն են հանձնվել 28.02.2019 թվականին, որոնք վերջինիս կողմից ստացվել են 05.03.2019 թվականին: Վերաքննիչ դատարանը 07.03.2019 թվականի դատական նիստում ավարտել է բողոքի քննությունը և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 18.03.2019 թվականը:
Սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը վերաքննիչ բողոքի պատասխան կարող էր ներկայացնել 05.03.2019 թվականին հաջորդող օրվանից հաշվված 15 օրվա ընթացքում, այսինքն` մինչև 27.03.2019 թվականը ներառյալ (հաշվարկում ներառված չեն ոչ աշխատանքային օրերը): Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դատական ակտի հրապարակման օրը որոշելիս, չպահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի պահանջները, առանց վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու օրենքով սահմանված իրավունքի իրացման հնարավորությունը պատասխանողին ընձեռելու, 07.03.2019 թվականին գործի քննությունը հայտարարել է ավարտված և 18.03.2019 թվականին հրապարակել է դատական ակտը` այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու 15-օրյա ժամկետը լրանում էր 27.03.2019 թվականին:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին զրկել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունից` թույլ տալով դատավարության մրցակցության և դատավարության մասնակիցների հավասարության սկզբունքների խախտում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ գործին մասնակցող անձը զրկվել է բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու իրավական հնարավորությունից, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող` մրցակցային վարույթի անհարկի սահմանափակման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` Դատարանի 24.10.2018 թվականի վճռի դեմ ԱՁ Արմեն Մանուկյանի վերաքննիչ բողոքը կրկին քննելու նպատակով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման արդյունքում սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան