Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 280...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 280-ՐԴ, 1225-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵՄԴ/0574/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0574/02/15   2019թ.

Նախագահող դատավոր` Ս. Թորոսյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Մ. Հարթենյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 07-ին,

գրավոր ընթացակարգով քննելով Զարուհի Հաննոյանի, Պետրոս և Սարգիս Բաբուջյանների վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Զարուհի Հաննոյանի, Պետրոս և Սարգիս Բաբուջյանների ընդդեմ Ծերուն և Անահիտ Բաբուջյանների, Արթուր Շալջյանի, ՀՀ նոտարական պալատի` գործարքն ու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և ընդունած ժառանգական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ծերուն Բաբուջյանի ընդդեմ Զարուհի Հաննոյանի, Պետրոս և Սարգիս Բաբուջյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Զարուհի Հաննոյանը, Պետրոս և Սարգիս Բաբուջյանները պահանջել են անվավեր ճանաչել 01.04.2014 թվականին Արթուր Շալջյանի լիազորությունների գերազանցմամբ և Ծերուն Բաբուջյանի կողմից ստորագրված համաձայնությունը, անվավեր ճանաչել 2778 համարի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն Անահիտ Բաբուջյանի` որպես Հովհաննես Բաբուջյանի ժառանգ հանդիսանալու մասով` 1/5 մասով, Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի 1,241քմ մակերեսով հողամասի, 214,16քմ մակերեսով շենք-շինությունների, 126,9քմ այլ մակերեսի 1/2 մասի նկատմամբ որպես համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք ճանաչել Զարուհի Հաննոյանի, իսկ Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գույքի 1241քմ մակերեսով հողամասի, 214,16քմ մակերեսով շենք-շինությունների, 126,9քմ այլ մակերեսի 1/2 մասի նկատմամբ` որպես Հովհաննես Բաբուջյանի ժառանգական գույք, ճանաչել Զարուհի Հաննոյանի, Պետրոս և Սարգիս Բաբուջյանների 1/4 մասի չափով սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ծերուն Բաբուջյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտնվող հողամասի 439քմ մակերեսով մասի նկատմամբ և իրեն ճանաչել Հովհաննես Բաբուջյանի ժառանգական գույքի ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 08.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է` անվավեր ճանաչել որպես Զարուհի Հաննոյանի, Պետրոս և Սարգիս Բաբուջյանների լիազորված անձ 01.04.2014 թվականին Արթուր Շալջյանի կողմից ստորագրված համաձայնությունը, նոտար Էմմա Շաբոյանի կողմից 01.04.2014 թվականին հաստատված և 2778 համարով սեղանամատյանում գրանցված ժառանգության իրավունքի վկայագիրն Անահիտ Բաբուջյանի մասով: Որպես համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք ճանաչել Զարուհի Հաննոյանի սեփականության իրավունքը` նոտար Էմմա Շաբոյանի կողմից 01.04.2014 թվականին հաստատված և 2777 համարով սեղանամատյանում գրանցված սեփականության իրավունքի վկայագրում չներառված` Երևան քաղաքի Շահումյանի 2-րդ փողոցի թիվ 40 հասցեի 0,036522հա հողամասի, 119,84քմ մակերեսով շենք-շինությունների և 111,7քմ մակերեսով այլ մակերեսի 1/2 բաժնի նկատմամբ: Որպես 27.12.2004 թվականին մահացած Հովհաննես Բաբուջյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչել Զարուհի Հաննոյանի, Պետրոս, Սարգիս և Ծերուն Բաբուջյանների սեփականության իրավունքը` նոտար Էմմա Շաբոյանի կողմից 01.04.2014 թվականին հաստատված և 2778 համարով սեղանամատյանում գրանցված ժառանգության իրավունքի վկայագրում չներառված` Երևան քաղաքի Շահումյանի 2-րդ փողոցի թիվ 40 հասցեի 0,036522հա հողամասի, 119,84քմ մակերեսով շենք-շինությունների և 111,7քմ մակերեսով այլ մակերեսի 1/2 բաժնի նկատմամբ` յուրաքանչյուրին 1/4 մասի չափով: Հակընդդեմ հայցը բավարարվել է ամբողջությամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.04.2017 թվականի որոշմամբ Զարուհի Հաննոյանի, Պետրոս և Սարգիս Բաբուջյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 08.12.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Զարուհի Հաննոյանը, Պետրոս և Սարգիս Բաբուջյանները:

Վճռաբեկ բողոքների պատասխան են ներկայացրել Ծերուն Բաբուջյանի ներկայացուցիչներ Անի Աթանեսյանն ու Անի Խլղաթյանը:

 

2. Զարուհի Հաննոյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործում չկա որևէ ապացույց, որը կհիմնավորեր, որ Ծերուն Բաբուջյանի կողմից Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տուն հասցեում գտնվող 0,043478հա մակերեսով հողամասը 1991 թվականից առ այսօր տիրապետվել, օգտագործվել և պահպանվել է երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից: Ինչ վերաբերում է Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տուն հասցեում գտնվող 0,043478հա մակերեսով հողամասի սահմանազատված լինելու հանգամանքին, ապա ինչպես Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տուն հասցեի տեղատեսությամբ, այնպես էլ գործի նյութերում առկա լուսանկարներից ակնհայտ է, որ Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տուն հասցեի հողամասում առկա է բաց մուտք, որով անցուդարձ են կատարում նաև հայցվորները, ինչը հիմնավորում է, այն հանգամանքը, որ հայցվորների կողմից վերոնշյալ հասցեում գտնվող 0,043478հա մակերեսով հողամասը 1991 թվականից առ այսօր տիրապետվել, օգտագործվել և պահպանվել է երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից:

Հատկանշական է, որ գործում առկա չէ նաև որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց առ այն, որ Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տուն հասցեում գտնվող 441քմ մակերեսով հողամասին Ծերուն Բաբուջյանն ավելացրել է 800քմ մակերեսով հողամաս, որի 434,78քմ մակերեսի վրա վերջինս բնակելի տուն է կառուցել, ցանկապատով առանձնացրել Հովհաննես Բաբուջյանին պատկանող մնացած հողամասից, իր անձնական միջոցների հաշվին բարեկարգել է այդ տարածքը, խնամել ու մինչև օրս էլ պաշտպանում է այլ անձանց ոտնձգություններից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վիճելի հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականությունը ճանաչելու պահանջով Դատարանը հիմք է ընդունել դատարան ներկայացված վճարման անդորրագրերը, կենցաղային սպառման համար կնքված պայմանագրերն այն դեպքում, երբ դրանք Ծերուն Բաբուջյանի տան սպասարկման վարձերն են և որևէ կապ չունեն հողամասի հետ: Ըստ էության բոլոր ներկայացված փաստարկները վերաբերելի են շինությանը` Ծերուն Բաբուջյանի տանը, այլ ոչ թե հողամասին:

Վերաքննիչ դատարանը նաև անտեսել է այն փաստը, որ ժառանգական զանգվածի մաս հանդիսացող գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառումը ժառանգորդի կողմից անհնար է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` հայցի չբավարարված մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել կամ «գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության»:

 

2.1. Պետրոս և Սարգիս Բաբուջյանների վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձանց նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ծերուն Բաբուջյանը գույքը տիրապետել է սեփականատերերի թույլտվությամբ և իմացությամբ, ինչից ակնհայտ է դառնում, որ վերջինս իմացել է, որ տիրապետում է հենց ծնողների սեփականությունը հանդիսացող գույքը: Ավելին` Ծերուն Բաբուջյանը, բացի կառուցապատողին վերապահված իրավունքներից, այլ իրավունքի հավակնելու հիմք չէր կարող ունենար: Վերոգրյալը թույլ է տալիս եզրահանգել, որ չէր կարող ապացուցված համարվել այն փաստը, որ առկա է ձեռքբերման վաղեմության հիմքով գույքի բարեխիղճ տիրապետում, և անձն այն տիրապետել է որպես իր սեփականը:

Բողոքաբերները նշել են, որ ձեռքբերման վաղեմության հիմքը ժառանգի սեփականության իրավունքի ճանաչման հնարավորությունը ժառանգատու անձին պատկանած և տվյալ պահին արդեն ժառանգական զանգված հանդիսացող գույքի նկատմամբ բացառվում է: Անհերքելի է, որ Ծերուն Բաբուջյանը գիտակցել և գիտակցում է, որ իր կողմից մատնանշված 0,043478հա մակերեսով հողամասը Հովհաննես Բաբուջյանի և Զարուհի Հաննոյանի համատեղ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տուն հասցեում գտնվող 1,241քմ մակերեսով հողամասի մի մասն է, այն օգտագործվում և տիրապետվում է նաև հայցվորների կողմից, այն հանդիսացել է նաև Հովհաննես Բաբուջյանի ժառանգական զանգվածի մի մասը, ինչպես հայցվորները, այնպես էլ պատասխանողը որպես ժառանգություն տիրապետել և օգտագործել են Հովհաննես Բաբուջյանի և Զարուհի Հաննոյանի համատեղ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տուն հասցեում գտնվող և մեկ ամբողջականություն հանդիսացող 1,241քմ մակերեսով հողամասը, որի մի մասը 0,043478հա մակերեսով հողամասն է, բացի այդ, ժառանգական զանգված հանդիսացող հողամասի նկատմամբ էլ ձևակերպել են իրենց ժառանգության իրավունքը: Նման պարագայում հիմք ընդունելով գործի փաստերը` անհերքելի է դառնում այն հանգամանքը, որ ձեռքբերման վաղեմության հիմքով ժառանգի` Ծերուն Բաբուջյանի սեփականության իրավունքի ճանաչման հնարավորությունը ժառանգատու անձին` Հովհաննես Բաբուջյանին, պատկանած և տվյալ պահին արդեն ժառանգական զանգված հանդիսացող գույքի` Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տուն հասցեում գտնվող և մեկ ամբողջականություն հանդիսացող 1.241քմ մակերեսով հողամասի մասը կազմող 0,043478հա մակերեսով հողամասի նկատմամբ բացառվում է: Հետևաբար անհերքելի է այն փաստը, որ ստորադաս դատարաններն իրավասու չէին Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տուն հասցեում գտնվող և մեկ ամբողջականություն հանդիսացող 1.241քմ մակերեսով հողամասի մասը կազմող 0,043478հա մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչելու Ծերուն Բաբուջյանի սեփականության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են մասնակիորեն` հայցի չբավարարված մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

 

2.2. Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները

Հայցվորների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքներն անհիմն են և ենթակա մերժման, քանի որ Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տուն հասցեում գտնվող հողամասի 0,043478հա մակերեսով մասը չի հանդիսանում ժառանգատու Հովհաննես Բաբուջյանի ժառանգական զանգվածի մեջ մտնող գույք և հիշյալ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը չի ներկայացվել որպես ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ պահանջ, քանի որ այդ հողամասի նկատմամբ Ծերուն Բաբուջյանի տիրապետման բարեխղճությունը սկսվել էր դեռևս ժառանգատու Հովհաննես Բաբուջյանի կենդանության օրոք` մինչև նրա մահը` շուրջ 13 տարի:

Հարկ է նշել, որ Ծերուն Բաբուջյանը գույքը ձեռք է բերել օրինական հիմքերով, վերջինիս տիրապետումը հիմնված է այդ փաստի վրա, որը նրան տվել է բավարար հիմքեր ենթադրելու, որ վիճելի գույքը տիրապետելու է որպես սեփականություն, որպիսի պայմանները Ծերուն Բաբուջյանի մոտ առկա են եղել:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Զարուհի Սարգսի Հաննոյանը և Հովհաննես Ծերունի Բաբուջյանը հանդիսացել են ամուսիններ (հատոր 2-րդ, գ.թ. 69).

2) Պետրոս, Սարգիս, Ծերուն և Անահիտ Բաբուջյանները հանդիսանում են Զարուհի Սարգսի Հաննոյանի և Հովհաննես Ծերունի Բաբուջյանի զավակները (հատոր 2-րդ, գ.թ. 67-68).

3) Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտնվող տունը հանդիսացել է Զարուհի Սարգսի Հաննոյանի և Հովհաննես Ծերունի Բաբուջյանի համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը (անվիճելի փաստ).

4) Թիվ ԱԱ 003763 մահվան վկայականի համաձայն` Հովհաննես Ծերունի Բաբուջյանը մահացել է 27.12.2004 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 66).

5) 06.12.1990 թվականին Երևանի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տան նկատմամբ տրված` ինքնակամ կառուցված (օրինական տանը կից, առանձին) տան օրինականացման մասին ակտի համաձայն` Երքաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Է. Ա. Կարապետյանի կողմից հաստատվել է. «Հիմք ընդունելով երքաղխորհրդի գործկոմի 05.07.89թ. N14/4 որոշումը ճանաչել օրինական 214,16քմ ընդհանուր մակերեսը, որից բնակելի 105,43քմ, օժանդակ 108,73քմ և 126,9քմ այլ մակերեսները և գույքագրանցել քաղաքացի Հովհաննես Ծերունի Բաբուջյանի անվամբ» (հատոր 3-րդ, գ.թ. 96).

6) Հայկական ԽՍՀ Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի (այսուհետ` Գործադիր կոմիտե) կողմից 18.04.1991 թվականին կայացված որոշմամբ, հաշվի առնելով տանտիրոջ համաձայնությունը, թույլատրվել է Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տան բնակիչ Ծերուն Հովհաննեսի Բաբուջյանին իր հոր սեփական տան տնամերձ հողամասում կառուցել նոր մենատուն (հատոր 3-րդ, գ.թ. 98).

7) Հաշվի առնելով Գործադիր կոմիտեի 18.04.1991 թվականի որոշումը` Ծերուն Հովհաննեսի Բաբուջյանին ՀՀ ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության գլխավոր վարչության պետական ճարտարապետական շինարարական վերահսկողության վարչության (այսուհետ` Վարչություն) կողմից 06.05.1991 թվականին տրվել է տնամերձ հողամասում առանձնատուն կառուցելու վերաբերյալ թիվ 1518 թույլտվությունը, որպիսի թույլտվության ժամկետը սահմանվել է «1» տարի (հատոր 3-րդ, գ.թ. 97).

8) 01.04.2014 թվականին Զարուհի Սարգսի Հաննոյանի, Պետրոս Հովհաննեսի Բաբուջյանի, Սարգիս Հովհաննեսի Բաբուջյանի լիազորված անձ Արթուր Հերբերտի Շալջյանի, Ծերուն Հովհաննեսի Բաբուջյանի և Անահիտ Հովհաննեսի Բաբուջյանի կողմից ՀՀ «Կենտրոն» նոտարական գրասենյակ ներկայացված դիմումի համաձայն` վերջիններս ցանկանում են Հովհաննես Բաբուջյանի մահից հետո որպես ժառանգություն մնացած անշարժ գույքի նկատմամբ ստանալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 2-րդ, գ.թ. 65).

9) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 01.04.2014 թվականին հաստատված և սեղանամատյանի 2777 համարով գրանցված սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` Զարուհի Հաննոյանը, ով հանդիսանում է Հովհաննես Բաբուջյանի` մահացած 27.12.2004 թվականին, կենդանի մնացած ամուսինը, սեփականության իրավունք ունի հիշյալ ամուսինների գույքի 1/2 բաժնի նկատմամբ (հատոր 3-րդ, գ.թ. 36).

10) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 01.04.2014 թվականին հաստատված և սեղանամատյանի 2778 համարով գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Հովհաննես Բաբուջյանի` մահացած 27.12.2004 թվականին, գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում կինը` Զարուհի Սարգսի Հաննոյանը, որդիները` Ծերուն Հովհաննեսի Բաբուջյանը, Սարգիս Հովհաննեսի Բաբուջյանը, Պետրոս Հովհաննեսի Բաբուջյանը և դուստրը` Անահիտ Հովհաննեսի Բաբուջյանը (հատոր 3-րդ, գ.թ. 37).

11) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից 12.02.2014 թվականին տրված` գույքի առանձին որակական-քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` ըստ կադաստրային գործի տվյալների` Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 բնակելի տուն հասցեով անշարժ գույքը 10.12.1990 թվականին գույքագրվել է Հովհաննես Ծերունի Բաբուջյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 18).

12) Կոմիտեի կողմից 18.03.2014 թվականին տրված` գույքի առանձին որակական-քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 բնակելի տուն հասցեի անշարժ գույքը, ըստ թիվ 2046 տեխնիկական անձնագրի բաղկացած է 441քմ մակերեսով հողամասից, 94,76քմ մակերեսով բնակելի տնից, 15,20քմ այլ մակերեսից (նկուղ) (հատոր 1-ին, գ.թ. 19).

13) Կոմիտեի կողմից 13.10.2014 թվականին տրված` գույքի առանձին որակական-քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` ըստ կադաստրային գործի տվյալների` Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 բնակելի տուն հասցեում 10.12.1990 թվականին գույքագրվել են 1241,0քմ մակերեսով հողամաս, 214,16քմ մակերեսով շենք-շինություններ, 126,9քմ այլ մակերես (հատոր 5-րդ, գ.թ. 3).

14) Կոմիտեի կողմից 16.12.2014 թվականին տրված` գույքի առանձին որակական-քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` ըստ կադաստրային գործի տվյալների Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 բնակելի տուն հասցեում Հովհաննես Ծերունի Բաբուջյանի անվամբ 10.12.1990 թվականին հաշվառվել է 1.241քմ մակերեսով հողամաս (հատոր 5-րդ, գ.թ. 5).

15) Կոմիտեի կողմից 20.12.2014 թվականին տրված` գույքի առանձին որակական-քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` ըստ կադաստրային գործի տվյալների` Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 բնակելի տուն հասցեով 10.12.1990 թվականին գույքագրվել են 214,16 քմ մակերեսով շենք-շինություններ, 126,9 քմ այլ մակերես (հատոր 1-ին, գ.թ. 20).

16) Կոմիտեի կողմից 10.08.2016 թվականին տրված գույքի առանձին որակական-քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` ըստ կադաստրային գործի տվյալների` Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տան հասցեում Հովհաննես Ծերունի Բաբուջյանի անվամբ հաշվառվել է, ըստ թիվ 2046 տեխնիկական անձնագրի, 441քմ մակերեսով հողամաս, 94,76քմ մակերեսով բնակելի տուն, 15,20քմ այլ մակերես (նկուղ): Երքաղխորհրդի գործկոմի 05.07.1989 թվականի թիվ 14/4 որոշմամբ վերը նշված 441,0քմ մակերեսով հողամասին ամրակցվել է ևս 800քմ մակերեսով հողամաս, և օրինականացվել է 119,84 քմ մակերեսով շինություն և 111,7քմ այլ մակերես, արդյունքում` 10.12.1990 թվականին Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տան հասցեում Հովհաննես Ծերունի Բաբուջյանի անվամբ հաշվառվել է (800+441)1241,0քմ մակերեսով հողամաս, 214.16 քմ մակերեսով շենք-շինություններ (94.76+119.84), 126,9քմ (15,20+111,7) մակերեսով այլ մակերես (հատոր 1-ին, գ.թ. 21):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքների վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքները ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ և 1226-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով ժառանգի սեփականության իրավունքի ճանաչմանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Հիմք ընդունելով վերը ներկայացված իրավադրույթները և ելնելով ժառանգական իրավահարաբերությունների բնույթից` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ժառանգության ընդունումը ժառանգի կողմից իրականացվող կանխամտածված, ակտիվ գործողությունների համակցություն է, որն ուղղված է ժառանգական գույքն իր սեփականությունը դարձնելուն: Այսինքն` թե՛ ըստ օրենքի և թե՛ ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգը պետք է գիտակցի, և նրա գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն համապատասխան ժառանգության ընդունմանը:

Հետևաբար, ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգի կողմից պետք է ձեռնարկվեն ակտիվ քայլեր, որոնք պետք է ուղղված լինեն հենց ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն: Ժառանգի գործողություններից պետք է բխի, որ դրանք միտված են ոչ թե ըստ օրենքի ժառանգությունն ընդունելուն (եթե ըստ կտակի ժառանգը նաև ըստ օրենքի ժառանգ է), այլ հենց` ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն, որն էլ կարող է իրականացվել միայն ժառանգության բացման վայրի նոտարին դիմում հանձնելու եղանակով:

i

Եթե օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ժառանգը միջոցներ չի ձեռնարկում ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար, ապա ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի (տե՛ս, Գևորգ Բերբերյանն ընդդեմ Մարինե Բերբերյանի թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը» վերտառությամբ 172-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:

i

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոգրյալից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

i

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյանների և Քնարիկ Աղազարյանի թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքը ծագում է ոչ թե ինքնըստինքյան, այլ սեփականության իրավունքի առաջացման հիմքեր հանդիսացող իրավաբանական փաստերի ուժով: Վկայակոչված հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերի շարքում որպես այդպիսի ինքնուրույն հիմքեր, ի թիվս այլոց, նախատեսել է նաև ժառանգման և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքերը:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում այդ երկու ինստիտուտների միջև անցկացնել իրավահամեմատական վերլուծություն և մասնավորապես նշել հետևյալը.

- ժառանգական իրավահարաբերությունների դեպքում անձը, լինելով կա՛մ ըստ օրենքի, կա՛մ ըստ կտակի ժառանգ, սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորություն է ունենում միայն համապատասխան անձի (ժառանգատուի) մահվանից հետո` օրենքով սահմանված կարգով, դեպքերում և ժամկետներում ժառանգությունն ընդունելու պարագայում,

- ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման ինստիտուտն իրենից ներկայացնում է սեփականության իրավունքի ձեռքբերման այնպիսի եղանակ, երբ անձն օրենքով նախատեսված համապատասխան նախապայմանները և ընթացակարգերը պահպանած լինելու դեպքում հնարավորություն է ստանում սեփականատիրոջ հավակնություններ ունենալու համապատասխան գույքի նկատմամբ:

Վերոգրյալից հետևում է, որ ժառանգման և ձեռքբերման վաղեմության իրավական ինստիտուտներն էականորեն տարբերվում են միմյանցից` իրենցից յուրաքանչյուրին բնորոշ մի շարք այլ առանձնահատկություններով:

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը, իր` նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցերին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգման իրավահարաբերություններին բնորոշ են որոշակի առանձնահատկություններ, որոնցով պայմանավորված էլ ձեռքբերման վաղեմության ինստիտուտն այդ հարաբերությունների առկայության պայմաններում կարող է ստանալ որոշ չափով այլ կիրառություն և մեկնաբանություն: Մասնավորապես` նման հարաբերությունների յուրօրինակությունը կայանում է նրանում, որ տվյալ պարագայում հնարավոր չէ որևէ անդրադարձ կատարել կոնկրետ անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ անձի կողմից գույքից հրաժարման փաստի առկայությանը կամ բացակայությանը` հաշվի առնելով տվյալ անձի մահվան և նրա ունեցած անշարժ գույքի կապակցությամբ ժառանգական հարաբերությունների ծագման իրավաբանական փաստերը: Հետևաբար, նման պարագայում հետագայում համապատասխան անշարժ գույքը ձեռքբերող անձի բարեխղճության հարցը ևս չի կարող քննության առարկա դառնալ, հատկապես նկատի ունենալով այն իրողությունը, որ միևնույն սուբյեկտի կողմից նույն անշարժ գույքի նկատմամբ տիրապետման եղանակով ժառանգական զանգվածի ընդունման փաստ առկա լինելու պարագայում այդ զանգվածի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառումը փաստացիորեն անհնար է (տե՛ս, նաև Կառլեն և Արմեն Բաղդասարյաններն ընդդեմ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների, և Ատոմ Բաղդասարյանն ընդդեմ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների և «Մալաթիա» նոտարական գրասենյակի, և Ատոմ և Մարուս Բաղդասարյաններն ընդդեմ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների թիվ ԵՄԴ/0324/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելիս, պատճառաբանելով, որ «ինչպես հայցվորները, այնպես էլ հակընդդեմ հայցվոր Ծերուն Բաբուջյանը` որպես Հովհաննես Բաբուջյանի առաջին հերթի ժառանգներ` սկսած ժառանգության բացման օրվանից մինչ օրս ժառանգական գույքը փաստացի տիրապետում են, ինչպես մշտական հաշվառումով այդ տանը բնակվելու փաստով, այնպես էլ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի կեսը կազմող ժառանգական գույքը կառավարելու միջոցով» և նկատի ունենալով, որ «01.04.2014 թվականին նոտար Էմմա Շաբոյանը քաղաք Երևան, Շահումյան 2-րդ փողոց թիվ 40 տան 441 քմ մակերեսով հողամասի, 94,76 քմ մակերեսով բնակելի տան և 15,20 քմ մակերեսով այլ մակերեսի 1/2 մասի նկատմամբ Զարուհի Սարգսի Հաննոյանի, Պետրոս Հովհաննեսի Բաբուջյանի, Սարգիս Հովհաննեսի Բաբուջյանի և Ծերուն Հովհաննեսի Բաբուջյանի անվամբ տվել է ժառանգության իրավունքի վկայագիր, որի մեջ չի ներառվել Հովհաննես Բաբուջյանին պատկանող Երևան քաղաքի Շահումյանի 2-րդ փողոցի թիվ 40 հասցեի 800քմ հողամասը, 119,84 քմ շենք-շինությունները և 111,7 քմ մակերեսով այլ մակերեսը, նկատի ունենալով այն, որ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվում է Ծերուն Բաբուջյանի սեփականության իրավունքը 800քմ հողամասից 434,78 քմ հողամասի նկատմամբ», գտել է, որ «որպես 27.12.2004 թվականին մահացած Հովհաննես Բաբուջյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ պետք է ճանաչել Զարուհի Սարգսի Հաննոյանի, Պետրոս Հովհաննեսի Բաբուջյանի, Սարգիս Հովհաննեսի Բաբուջյանի, Ծերուն Հովհաննեսի Բաբուջյանի սեփականության իրավունքը` նոտար Էմմա Շաբոյանի կողմից 01.04.2014թ-ին հաստատված և թիվ 2778 համարով սեղանամատյանում գրանցված ժառանգության իրավունքի վկայագրում չներառված` Երևան քաղաքի Շահումյանի 2-րդ փողոցի թիվ 40 հասցեի 0,036522 հա հողամասի, 119.84 քմ շենք-շինությունների և 111,7 քմ մակերեսով այլ մակերեսի 1/2 բաժնի նկատմամբ` յուրաքանչյուրին 1/4 մասի չափով»:

Հակընդդեմ հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ «Ծերուն Բաբուջյանը Երևան քաղաքի Շահումյան 2 փողոց 40 բնակելի տուն հասցեում գտնվող 0,043478 հա մակերեսով հողամասը բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել և տիրապետում է շուրջ երկու տասնամյակից ավել: Հայցվորները, ինչպես նաև ժառանգատու Հովհաննես Բաբուջյանը չեն կատարել որևէ գործողություն Ծերուն Բաբուջյանի տիրապետումից վիճելի գույքը հետ վերադարձնելու ուղղությամբ, այդպիսով մեկուսացել են վիճելի գույքի տնօրինումից, տիրապետումից և օգտագործումից և թույլ են տվել Ծերուն Բաբուջյանին շարունակել տիրապետել Երևան քաղաքի Շահումյան 2 փողոց 40 բնակելի տուն հասցեում գտնվող 0,043478 հա մակերեսով հողամասը: Այս հանգամանքը Ծերուն Բաբուջյանի մոտ ձևավորել է համոզմունք, որ ինքը վիճելի հողամասը տիրապետում է որպես սեփական գույք: Այդ մասին է վկայում նաև այն, որ Ծերուն Բաբուջյանն իր միջոցներով և ուժերով իրականացրել է տվյալ գույքի սահմանազատման, մաքրման, բարեկարգման, դրա վրա բնակելի տան կառուցման աշխատանքներ: Վերջինս երրորդ անձանց հետ հարաբերություններում ևս հանդես է եկել որպես վիճելի հողամասի սեփականատեր, ինչը հաստատվում է նրա կողմից հեռախոսի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և աղբահանության վարձերը մուծելու և համապատասխան կազմակերպություններում որպես ինքնուրույն բաժանորդ հաշվառված լինելու փաստերով: Հայցվորները և ժառանգատու Հովհաննես Բաբուջյանն իր կենդանության օրոք չեն խոչընդոտել Ծերուն Բաբուջյանի կողմից վիճելի հողամասը որպես սեփական գույք տիրապետելուն, ինչն ապացուցում է վերջիններիս կողմից վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը»:

Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի դիրքորոշումների հետ և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է նաև, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար օրենսդրորեն սահմանված մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայության փաստը պարզելիս որևէ նշանակություն չունի այդ գույքը ժառանգատուի` ժառանգական զանգվածի մեջ ներառված լինելու չլինելու հանգամանքը, առավել ևս այդ դեպքում, երբ գործով հաստատվում է, որ անձը` տվյալ դեպքում հակընդդեմ հայցվորը վիճելի հողամասը տիրապետել է ինչպես ժառանգատուի կենդանության օրոք, այնպես էլ վերջինիս մահվանից հետո ավելին քան տասը տարի»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո և սույն գործի փաստերի հաշվառմամբ արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները Ծերուն Բաբուջյանի հակընդդեմ հայցը` իր կողմից զբաղեցված Երևան քաղաքի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տան հասցեում գտնվող 0,043478 հա մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը բավարարելիս անտեսել են այն հանգամանքը, որ վերջինս, հանդիսանալով Զարուհի Հաննոյանի և Հովհաննես Բաբուջյանի իրավահաջորդը, չէր կարող հավակնել վեճի առարկա գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչմանը, քանի որ այն գույքը, որի նկատմամբ վերջինիս կողմից ներկայացվել է պահանջ, հանդիսանում է ժառանգական զանգված հանդիսացող գույքի մաս: Ավելին` Ծերուն Բաբուջյանը, հոր` Հովհաննես Բաբուջյանի իրավահաջորդը հանդիսանալով, 01.04.2014 թվականին Զարուհի Հաննոյանի, Պետրոս Բաբուջյանի, Սարգիս Բաբուջյանի լիազորված անձ Արթուր Շալջյանի և Անահիտ Բաբուջյանի հետ միասին ՀՀ «Կենտրոն» նոտարական գրասենյակ ներկայացված դիմումով հայտնել է, որ ցանկանում է Հովհաննես Բաբուջյանի մահից հետո որպես ժառանգություն մնացած անշարժ գույքի նկատմամբ ստանալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որպիսի վկայագիրը նույն օրը ստանալու հիմքով Ծերուն Բաբուջյանը ճանաչվել է Հովհաննես Բաբուջյանի ժառանգությունն ըստ օրենքի ընդունած ժառանգ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ծերուն Բաբուջյանի կողմից մատնանշված 0,043478 հա մակերեսով հողամասը չի մտնում Հովհաննես Բաբուջյանի և Զարուհի Հաննոյանի համատեղ սեփականությունը հանդիսացող Երևանի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտնվող 1.241քմ մակերեսով հողամասի մեջ և չի հանդիսանում ժառանգական զանգվածի մեջ մտնող գույք, ապա սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Կոմիտեի կողմից 12.12.2014 թվականին տրված` գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքով և ըստ կադաստրային գործի տվյալների` հիմնավորվել է, որ Երևանի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տուն հասցեում Հովհաննես Բաբուջյանի անվամբ 10.12.1990 թվականին հաշվառվել է 1.241 քմ մակերեսով հողամաս, որպիսի հողամասի մի մասում Գործադիր կոմիտեն 18.04.1991 թվականին կայացված որոշմամբ, հաշվի առնելով տանտիրոջ համաձայնությունը, թույլատրել է Երևանի Շահումյան 2-րդ փողոցի թիվ 40 տան բնակիչ Ծերուն Բաբուջյանին իր հոր սեփական տան տնամերձ հողամասում կառուցել նոր մենատուն, իսկ ինքնակամ կառուցված (օրինական տանը կից, առանձին) տան օրինականացման մասին ակտով 214,16քմ ընդհանուր մակերեսը, որից բնակելի 105,43քմ, օժանդակ 108,73քմ և 126,9քմ այլ մակերեսները ճանաչվել են օրինական և գրանցվել են Հովհաննես Բաբուջյանի անվամբ: Բացի այդ, ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու հայցը ներկայացվել է ժառանգությունն ընդունելուց հետո այն դեպքում, երբ ժառանգական զանգվածը չի վիճարկվել:

Վերոգրյալի հաշվառմամբ ակնհայտ է դառնում, որ Ծերուն Բաբուջյանը կարող էր հավակնել վիճելի հասցեի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերմանը միայն որպես Զարուհի Հաննոյանի և Հովհաննես Բաբուջյանի ժառանգությունն ըստ օրենքի ընդունած ժառանգ, իսկ նրա սեփականության իրավունքի ճանաչումը ձեռքբերման վաղեմության հիմքով չի կարող ճանաչվել` առաջին հերթին` գույքն իր ժառանգական զանգված լինելու, այնուհետև` այն մնացյալ ժառանգների հետ համատեղ օգտագործվելու պատճառով:

Նման պայմաններում հաշվի առնելով վերը շարադրված իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման հնարավորությունը ժառանգական զանգված հանդիսացող գույքի մասի նկատմամբ բացառվում է, այլապես միևնույն սուբյեկտի կողմից նման գործողության կատարումը կվկայի պայմանով ժառանգության ընդունման մասին, ինչը ժառանգական իրավահարաբերությունների դեպքում հնարավոր չէ:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված` Զարուհի Հաննոյանի, Պետրոս և Սարգիս Բաբուջյանների վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշումը բեկանելու և գործը` հայցի չբավարարված և հակընդդեմ հայցի բավարարված մասերով նոր քննության ուղարկելու համար:

 

i

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ դատական ծախսերի այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.10.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Զարուհի Հաննոյանի, Պետրոս և Սարգիս Բաբուջյանների վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2017 թվականի որոշման` հայցի չբավարարված և հակընդդեմ հայցի բավարարված մասերը, և գործն այդ մասերով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև` Զարուհի Հաննոյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.10.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.06.2019
N ԵՄԴ/0574/02/15
Որոշում