(ուժը կորցրել է 20.11.99 թիվ 694 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունվարի 1995 թ. թիվ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հանրապետության ժողովրդական տնտեսության, պաշտպանության, անվտանգության ու բնակչության համար անհրաժեշտ ռադիոհաճախությունների տիրույթի և ռադիոէլեկտրոնային միջոցների արդյունավետ օգտագործման, ռադիո- և հեռուստահաղորդումների, ռադիոկապի ու կապի մյուս միջոցների հուսալի աշխատանքներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների տիրույթի բաշխման, օգտագործման, էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքի նկատմամբ հսկողության իրականացման նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողով (ՌՀՊՀ) և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
ա) Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի կանոնադրությունը.
բ) Հայաստանի Հանրապետության ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձրհաճախական սարքավորումների մշակման, նախագծման, կառուցման, արտադրության (տեղադրման), ձեռքբերման, օգտագործման, ինչպես նաև արտասահմանից դրանց ներմուծման կարգը և այդ կարգի խախտումների համար իրավաբանական ու ֆիզիկական անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություններ:
3. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոալիքների տարածման միջավայրի տեխնիկական ռադիոհսկողության, ռադիոկապի խանգարումների և եթերի օգտագործման խախտումների հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների իրագործման նպատակով ստեղծել պետական ձեռնարկության կարգավիճակով Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների բաշխման և կարգավորման հանրապետական կենտրոն (ՌՀԲԿՀԿ), որի կանոնադրության նախագիծը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի հետ: