i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԿԴ1/0011/11/17
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԿԴ1/0011/11/17
Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ` Հ. Ասատրյանի
դատավորներ Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ`
ՀՀ գլխավոր
դատախազի տեղակալ` Ա. Հարությունյանի
դատախազ` Թ. Թադևոսյանի
դիմող` Ս. Ամիրջանյանի
դիմողի
ներկայացուցիչ` Վ. Գրիգորյանի
2018 թվականի դեկտեմբերի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Հետաքննության մարմնի` 2017 թվականի մայիսի 12-ի որոշմամբ Սամվել Զավենի Ամիրջանյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Կոտայքի մարզի դատախազի` 2017 թվականի հունիսի 19-ի որոշմամբ Ս.Ամիրջանյանի բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2. Դիմող Ս.Ամիրջանյանի բողոքի քննության արդյունքում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ բողոքը մերժել է:
3. Դիմող Ս.Ամիրջանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանել է և քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի` 2017 թվականի մայիսի 12-ի որոշումը վերացրել:
4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցներից վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել դիմող Ս.Ամիրջանյանը` խնդրելով մերժել այն` պատճառաբանելով, որ բողոքն անհիմն է և չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Հետաքննության մարմնի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման համաձայն` «(...) Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ Արմինե Ալավերդյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, քանի որ նրա և Սամվել Ամիրջանյանի միջև եղել է բանավոր պայմանավորվածություն բնակարանի գնման վերաբերյալ և չի պահպանվել նրանց միջև փոխադարձ պայմանավորվածության պահանջները, որի արդյունքում նրանց փոխհարաբերությունները վերածվում են քաղաքացիաիրավական հարաբերությունների, որի լուծումը ենթակա է դատարանի միջոցով` քաղաքացիաիրավական նորմերին համապատասխան: Եթե նույնիսկ հիմնավորվեր Սամվել Ամիրջանյանի կողմից նշված հանգամանքները, ապա այն նույնպես կրում է քաղաքացիաիրավական բնույթ, որի լուծումը ենթակա է դատարանի միջոցով` քաղաքացիաիրավական նորմերին համապատասխան (...)»1:
________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 29-30:
6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Դատարանը գտնում է, որ դիմող Ս.Ամիրջանյանի հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են: Դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս իրավասու մարմնի կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները, ինչպես նաև որևէ անձի իրավունքները և ազատությունները չեն խախտվել:
Սույն գործի փաստական տվյալները վերլուծելով` Դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև մինչդատական վարույթն իրականացնող մարմնի այն եզրահանգման հետ, որ Ս.Ամիրջանյանի և Ա.Ալավերդյանի միջև առկա է քաղաքացիաիրավական բնույթի վեճ, որը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով: (...)»2:
________________________
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 111-112:
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Սամվել Ամիրջանյանի հաղորդմամբ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են:
Վերաքննիչ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինը Սամվել Ամիրջանյանի կողմից ներկայացված հաղորդման նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ է ձեռք բերել, որոնք վկայում են Արմինե Ալավերդյանի կողմից Սամվել Ամիրջանյանի գույքը` 800.000 ՀՀ դրամ գումարը խաբեության եղանակով հափշտակելու մասին:
(...) Քրեադատավարական այս փուլի ընթացքում նախաքննական մարմինն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և հանրային-իրավական պարտավորություններին համապատասխան, ժամանակային, ինչպես նաև քննչական և այլ դատավարական գործիքակազմի սահմանափակության պայմաններում իրականացրած որոշակի միջոցառումների արդյունքում չի պարզել դիմող Սամվել Ամիրջանյանի հաղորդման մեջ տեղ գտած այն տվյալները, որոնք վկայում են հանցագործության հատկանիշների առկայության մասին, որի պայմաններում մերժելով նյութերով քրեական գործի հարուցումը` հանգել է ոչ ճիշտ հետևության:
Վերաքննիչ դատարանի նման հետևությունը պայմանավորված է մասնավորապես հետևյալ հանգամանքներով.
ա. Սամվել Ամիրջանյանի, Էդգար Ամիրջանյանի, Արամ Բալայանի, Գևորգ Գուլիկյանի, Սանամ Հարությունյանի, Լիդա Սուքիասյանի, Արփինե Պապիկյանի, Սերյոժա Վարդանյանի և Սուսաննա Դանիելյանի կողմից տրված ըստ էության նույնաբովանդակ բացատրությունների համաձայն` Սամվել Ամիրջանյանը Արմինե Ալավերդյանի հետ բանավոր փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերել գնելու վերջինիս Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի 48-րդ շենքի 95-րդ բնակարանը, որի դիմաց վերջինիս մաս-մաս վճարել է 800.000 ՀՀ դրամ գումար` նոտարական գրասենյակում առուվաճառքի պայմանագիր կնքելու նպատակով, սակայն Արմինե Ալավերդյանը հրաժարվել է ներկայանալ նոտարական գրասենյակ և կնքել առուվաճառքի պայմանագիր:
բ. Արմինե Ալավերդյանի և նրա դուստր Մայա Ալավերդյանի նույնաբովանդակ բացատրությունների համաձայն` Արմինե Ալավերդյանը վերը նշված բնակարանը Սամվել Ամիրջանյանի հետ բանավոր պայմանավորվածության համաձայն, վարձակալական հիմունքներով տրամադրել է վերջինիս` ամսական 20.000 ՀՀ դրամ գումարի դիմաց, սակայն Սամվել Ամիրջանյանը 1 տարի 8 ամիս բնակարանի վարձը վճարելուց հետո դադարել է վճարում կատարելուց, որի պայմաններում Ա.Ալավերդյանը պահանջել է Ս.Ամիրջանյանից, որպեսզի վերջինս ազատի բնակարանը, սակայն Ս.Ամիրջանյանը չի ազատել բնակարանը և Ա.Ալավերդյանը ստիպված դիմել է դատարան` Ս.Ամիրջանյանին բնակարանից վտարելու նպատակով:
(...) Սամվել Ամիրջանյանի, Էդգար Ամիրջանյանի, Արամ Բալայանի, Գևորգ Գուլիկյանի, Սանամ Հարությունյանի, Լիդա Սուքիասյանի, Արփինե Պապիկյանի, Սերյոժա Վարդանյանի, Սուսաննա Դանիելյանի, մյուս կողմից` Արմինե Ալավերդյանի և Մայա Ալավերդյանի բացատրությունների միջև առկա են էական հակասություններ, որպիսի հանգամանքը վկայում է նախաքննական մարմնի կողմից քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության մասին:
(...) Սամվել Ամիրջանյանի կողմից Արմինե Ալավերդյանի բնակարանը գնելու նպատակով վերջինիս 800.000 ՀՀ դրամ գումար վճարելու կամ Արմինե Ալավերդյանի կողմից վիճելի բնակարանը ամսական 20.000 ՀՀ դրամի դիմաց վարձակալական հիմունքներով Սամվել Ամիրջանյանին տրամադրելու հանգամանքները պարզելու նպատակով, նախաքննական մարմինը պարտավոր էր հարուցել քրեական գործ, որից հետո միայն իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բազմակողմանի և լրիվ քննություն, ինչն անտեսվել է նաև Դատարանի կողմից, (...) Դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշման օրինականության ու հիմնավորվածության ստուգման արդյունքում մերժելով դիմողի բողոքը` Սամվել Ամիրջանյանի և Արմինե Ալավերդյանի միջև առկա հարաբերությունները դիտելով որպես քաղաքացիաիրավական բնույթի վեճ, հանգել է սխալ հետևության (...)»:
Արդյունքում` Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ դիմող Ս.Ամիրջանյանի հաղորդման կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են փաստելու, որ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարունակում են հանցագործության հատկանիշներ, Առաջին ատյանի դատարանը, մերժելով հետաքննիչի որոշման դեմ բերված դիմողի բողոքը, խախտել է նյութական և դատավարական օրենսդրության պահանջները, ինչի հետևանքով խախտվել են դիմող Ս.Ամիրջանյանի իրավունքներն ու ազատությունները3:
________________________
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 46-48:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի վերլուծել դեպքի բոլոր հանգամանքները, առանց բավարար հիմնավորումների վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը` չնշելով քրեական գործի հարուցման համար որևէ հիմք և խախտված իրավունք` այդ կերպ անտեսելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ըստ բողոքի հեղինակի` ակնհայտ է, որ Ս.Ամիրջանյանի հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված տվյալները բավարար են եղել փաստելու քրեական գործ հարուցելու օրինական հիմքերի բացակայության հանգամանքը: Ավելին` իրականացված նախնական ստուգման արդյունքում հաստատվել է, որ Ս.Ամիրջանյանը և Ա.Ալավերդյանը քաղաքացիական օրենսդրության պահանջների անտեսմամբ բանավոր պայմանավորվածության են եկել Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի 48-րդ շենքի 95-րդ բնակարանի առուվաճառքի կամ վարձակալության վերաբերյալ, և նրանց միջև չեն պահպանվել փոխադարձ պայմանավորվածության պայմանները, որի կապակցությամբ նրանց միջև ծագած գույքային բնույթի վեճը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով:
Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի, նյութերի նախապատրաստման արդյունքում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել այն մասին, որ Ա.Ալավերդյանն ազդել է Ս.Ամիրջանյանի կամքի և գիտակցության վրա, նրան գցել մոլորության մեջ և դրա արդյունքում տիրացել նրա տրամադրած գումարին:
9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշմանը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դիմող Սամվել Ամիրջանյանի իրավունքների խախտում արձանագրելու և վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:
i
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
(...)
5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:
i
12. Մեջբերված նորմերի համակարգային վերլուծության համատեքստում գործի հարուցման փուլի նկատմամբ դատական վերահսկողության սահմանների հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք որոշումներում` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները.
- «(...) քրեական գործի հարուցման փուլում վարույթն իրականացնող մարմինը պարզում է քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության կամ բացակայության փաստը: Այս փուլում հանցագործության փաստի հաստատման և անձի մեղքի հարց չի քննարկվում»4,
________________________
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գագիկ Ղևոնդյանի վերաբերյալ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 14-րդ կետը:
- «(...) քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում դատարանը վերահսկողություն չի իրականացնում նախնական քննության ընթացքի նկատմամբ: Դատարանը չի միջամտում քրեական դատավարության ընթացքին, չի անդրադառնում բողոքարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությանը կամ նպատակահարմարությանը: Այս հարցերը գտնվում են նյութերի նախապատրաստությունն իրականացնող մարմինների բացառիկ լիազորությունների սահմաններում, (...)»5,
________________________
5 Տե՛ս նույն որոշման 16-րդ կետը:
- «(...) քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներով պայմանավորված` դատական վերահսկողության սահմանները պետք է ընդգրկեն հետևյալ հարցադրումները.
ա) արդյոք պահպանվել են «Քրեական գործ հարուցելը» վերտառությունը կրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխում զետեղված պահանջները,
բ) արդյոք վիճարկվող որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումները համապատասխանում են նրա կողմից ձեռք բերված տվյալների ամբողջությանը,
գ) արդյոք ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար,
i
դ) վեր հանված խախտումներն արդյոք հանգեցրել են անձի իրավունքների կամ օրինական շահերի խախտման»6:
________________________
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրվարդ Գևորգյանի վերաբերյալ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԼԴ/0018/11/16 որոշման 13-րդ կետը:
i
13. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ: Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների` քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ: Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից: ՈՒստի, ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ7:
________________________
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով 2011 թվականի փետրվարի 29-ի որոշման 30-րդ կետը, Վարդան Մաթևոսյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0037/01/11 գործով 2012 թվականի հունիսի 8-ի որոշման 25-27-րդ կետերը, Ռուդիկ Բալասանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0199/01/13 գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման 17-րդ կետը:
i
13.1. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում: Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ8:
________________________
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 գործով որոշման 12.1-րդ կետը:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ հետաքննության մարմինը քրեական գործի հարուցումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ Ա.Ալավերդյանի և Ս.Ամիրջանյանի միջև ձևավորված փոխհարաբերությունները վերածվել են քաղաքացիաիրավական հարաբերությունների, որոնք ենթակա են լուծման դատարանի միջոցով` քաղաքացիաիրավական նորմերին համապատասխան9:
________________________
9 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով դիմող Ս.Ամիրջանյանի բողոքը, մերժել է այն` արձանագրելով, որ ներկայացված հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս իրավասու մարմնի կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները, ինչպես նաև որևէ անձի իրավունքները և ազատությունները չեն խախտվել: Միևնույն ժամանակ դատարանն իր համաձայնությունն է հայտնել նաև հետաքննության մարմնի այն եզրահանգման հետ, որ Ս.Ամիրջանյանի և Ա.Ալավերդյանի միջև առկա է քաղաքացիաիրավական բնույթի վեճ, որը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով10:
________________________
10 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի եզրահանգման հետ, արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի պարզել դիմող Ս.Ամիրջանյանի հաղորդման մեջ տեղ գտած այն տվյալները, որոնք վկայում են հանցագործության հատկանիշների առկայության մասին, որի պայմաններում մերժելով նյութերով քրեական գործի հարուցումը` հանգել է ոչ ճիշտ հետևության: Իր եզրահանգումը Վերաքննիչ դատարանը պայմանավորել է մի կողմից հիմք ընդունելով գործով անցնող անձանց բացատրությունների վերլուծությունը, մյուս կողմից արձանագրելով դրանց միջև էական հակասությունների առկայության փաստը, որը դատարանի համոզմամբ վկայում է քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության մասին:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ անհրաժեշտ էր հարուցել քրեական գործ, որից հետո միայն իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բազմակողմանի և լրիվ քննություն: Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշման օրինականության ու հիմնավորվածության ստուգման արդյունքում մերժելով դիմողի բողոքը` Ս.Ամիրջանյանի և Ա.Ալավերդյանի միջև առկա հարաբերությունները դիտելով որպես քաղաքացիաիրավական բնույթի վեճ, հանգել է սխալ հետևության: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ դիմող Ս.Ամիրջանյանի հաղորդման կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են փաստելու, որ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարունակում են հանցագործության հատկանիշներ11:
________________________
11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
15. Նախորդ կետում վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-13.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է դիմողի բողոքը և վերացրել հետաքննության մարմնի որոշումը` առանց պատշաճ իրավական գնահատականի արժանացնելու այն, որ դիմողի կողմից ներկայացված բողոքով հայցվող իրավական պաշտպանության առարկան կազմում են բացառապես քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Ս.Ամիրջանյանի և Ա.Ալավերդյանի միջև ծագած իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիական են, վերաբերում են անշարժ գույքի առուվաճառքին/վարձակալությանը:
Այսինքն` Ս.Ամիրջանյանի և Ա.Ալավերդյանի միջև ձևավորված իրավահարաբերությունները կրում են բացառապես քաղաքացիական բնույթ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ոչ միայն անտեսել է այդ հանգամանքը, այլ նաև քրեական գործի հարուցման անհրաժեշտությունը պայմանավորելով 800.000 ՀՀ դրամ գումարը խաբեության եղանակով հափշտակելու հանցագործության հատկանիշների, ինչպես նաև գործով տրված բացատրությունների միջև էական հակասությունների առկայության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներով, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտի օրինականությունը վերանայող դատարանի լիազորությունների սահմաններից:
Այնինչ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով վեճի առարկա իրավահարաբերության քաղաքացիաիրավական բնույթը, հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննություն է կատարել ներկայացված հաղորդմամբ նկարագրված դեպքի առթիվ, և կայացված որոշմամբ չեն խախտվել դիմող Ս.Ամիրջանյանի իրավունքներն ու օրինական շահերը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Սամվել Ամիրջանյանի իրավունքների խախտում արձանագրելու և վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 15-ի որոշումը բեկանելու հիմք է:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 3-9-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Սամվել Զավենի Ամիրջանյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 15-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան