Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱՓ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԴԻՄՈՂԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱՓ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԴԻՄՈՂԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԼԴ/0036/11/17  

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0036/11/17

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

                    մասնակցությամբ`   Ա. Ավետյանի  

                    դիմող`

 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 6-ի որոշման դեմ դիմող Արմենուհի Սարգսի Ավետյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչ Մ.Ավետիքյանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ` Արմենուհի Ավետյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ա.Ավետյանի բողոքը Լոռու մարզի դատախազ Ա.Մարտիրոսյանի` 2017 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ մերժվել է:

2. Դիմող Ա.Ավետյանի բողոքի քննության արդյունքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ բողոքը մերժել է:

3. Դիմող Ա.Ավետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ա.Ավետյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

5. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Արմենուհի Ավետյանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված 2017 թվականի հունիսի 9-ի իր դիմումում, ի թիվս այլոց, նշել է, որ իր նկատմամբ տեղի են ունեցել որոշակի հետապնդումներ, նույնիսկ 5 օր պահվել է ձերբակալված անձանց պահման վայրում: Այնուհետև իրեն գրանցել են Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, որի մասին ինքն իմացել է 2008 թվականին, իսկ համապատասխան փաստաթղթերին ծանոթացել` 2016 թվականին, որոնցից հետևում է, որ դիսպանսերում իրեն գրանցելը կրել է անօրինական բնույթ, ինքը երբևէ դիսպանսեր չի հաճախել և որևէ բուժում չի ստացել1:

_______________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 2-3:

 

7. Հետաքննության մարմնի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման համաձայն` «(...) Նյութերի նախապատրաստման ընթացքում (...) պարզվել և հիմնավորվել է, որ Արմենուհի Ավետյանին հոգեբուժական հիվանդանոցում որևէ մեկն ապօրինի չի տեղավորել կամ պահել, վերջինս Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառվել է` հիմնվելով նրա մոտ հայտնաբերված «պարանոիդ համախտանիշ» ախտորոշման հիման վրա և հետագայում 2009 թվականին իրականացված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությամբ ևս հիմնավորվել է Արմենուհի Ավետյանի մոտ հոգեկան հիվանդության առկայությունը: (...)»2:

_______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 34-36:

 

8. Լոռու մարզի դատախազի` բողոքը մերժելու մասին որոշման համաձայն` «(...) նյութերով քրեական գործ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, ուստի վարույթն իրականացնող մարմինն իրավացիորեն մերժել է քրեական գործ հարուցելը և այդ որոշումը վերացնելու իրավական հիմքեր առկա չեն, հետևաբար Արմենուհի Ավետյանի բողոքն անհիմն է և ենթակա է մերժման»3:

_______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 7-8:

 

9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Դատարանը, դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, ներկայացված նյութերի հետազոտման արդյունքում արձանագրում է, որ հիմնավոր է (...) հետևությունն այն մասին, որ Ա.Ավետյանի հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն հավաստելու, որ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը:

Բացի այդ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս հետաքննիչի կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները չպահպանելու հետևանքով անձի իրավունքների և ազատությունների խախտումներ առկա չեն:

Դատարանը փաստում է, որ բողոքաբերի կարծիքը` հետաքննիչի կողմից ոչ հիմնավոր որոշում կայացնելու մասին, անհիմն է և չի բխում ներկայացված նյութերից (...)»4:

_______________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 23-24:

 

10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը` առաջին ատյանի դատարանի` 07.12.2017 թվականի որոշման օրինականության ու հիմնավորվածության ստուգման արդյունքում գալիս է այն համոզման, որ Դատարանը` մերժելով հետաքննիչի 09.12.2017 թվականի որոշման դեմ դիմող Ա.Ավետյանի բողոքը, մանրամասնորեն քննարկման առարկա է դարձրել դիմողի (...) բողոքի յուրաքանչյուր փաստարկ և դրան տվել է պատշաճ իրավական գնահատական, ղեկավարվել է քրեադատավարական իրավանորմերով և հանգել ճիշտ իրավական հետևության այն մասին, որ առկա չեն քրեական գործի հարուցման բավարար հիմքեր:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում հետաքննության մարմինն իր լիազորությունների սահմաններում դիմող Արմենուհի Ավետյանի դիմումը ստանալու պահից 10 օրվա ընթացքում, ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հավաստող փաստական տվյալների վերհանման նպատակով արդեն իսկ կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակ թվով առաջնային քննչական գործողություններ, սակայն նյութերի նախապատրաստության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով չի հաստատվում, որ Ա.Ավետյանը Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսեր չի հաճախել և իրեն այնտեղ գրանցելը կրել է անօրինական բնույթ, որի պայմաններում հետաքննության մարմինն իրավաչափ որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը` հանցագործության դեպքի բացակայության հիմքով մերժելու մասին:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի ստուգման արդյունքում հաշվի առնելով վերոշարադրյալ պատճառաբանությունները, հանգում է այն հետևության, որ դիմող Արմենուհի Ավետյանի դիմումի կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալները բավարար չեն փաստելու, որ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարունակում են հանցագործության հատկանիշներ, Դատարանը` մերժելով հետաքննիչի որոշման դեմ բերված դիմողի բողոքը, պահպանել է նյութական և դատավարական օրենսդրության պահանջները, ինչի հետևանքով չեն խախտվել դիմող Արմենուհի Ավետյանի իրավունքներն ու օրինական շահերը, հետևաբար` դիմող Ա.Ավետյանի վերաքննիչ բողոքի փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 07-ի որոշումը բեկանելու համար: (...)»5:

_______________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 76-82:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոք բերած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ, քանի որ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել իր կողմից բարձրացված հարցերին` արդյունքում կայացնելով անհիմն որոշում:

Մասնավորապես բողոքաբերը նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չեն պարզվել դիսպանսերում իրեն ապօրինի հաշվառման վերցնելու հանգամանքները, չեն հարցաքննվել իրեն հոգենյարդաբանական դիսպանսեր ուղեկցած և դիսպանսերում իրեն հաշվառման վերցրած անձինք: Ավելին` բողոքի հեղինակը նշել է, որ թերի քննության արդյունքում ո՛չ հետաքննության մարմնի, ո՛չ էլ դատախազի որոշմամբ անդրադարձ չի կատարվել այն հանգամանքին, որ ինքը 5 օր պահվել է ձերբակալված անձանց պահման վայրում: Արդյունքում` համապատասխան անձանց արարքներին չի տրվել իրավական ճիշտ գնահատական:

12. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է պարտավորեցնել վերացնել հետաքննության մարմնի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմամբ, դատախազի` բողոքը մերժելու մասին որոշմամբ, ինչպես նաև ստորադաս դատարանների որոշումներով իր իրավունքների և օրինական շահերի խախտումները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք դիմող Արմենուհի Ավետյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին (...)»:

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

15. Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ս.Գևորգյանի գործով և արձանագրել, որ. «(...) Քրեական գործի հարուցման փուլի իրավական նշանակությունն այնպիսի դատավարական կարգի ապահովման մեջ է, որի պայմաններում կբացառվի քրեադատավարական գործիքակազմի անհիմն և աննպատակահարմար կիրառումը, հետևաբար նաև` ոչ հանցավոր իրադարձությունների կապակցությամբ անձանց իրավունքների ու օրինական շահերի սահմանափակումները և հանրային ռեսուրսների վատնումը: Դրանով պայմանավորված` քննարկվող փուլի առաջնային խնդիրներից է քրեական գործ հարուցելու առիթի օրինականության, ինչպես նաև հիմքերի բավարարության պարզումը:

i

Քրեական գործ հարուցելու առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն6:

_______________________

6) Տե՛ս Էմմա Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 որոշումը:

 

i

Առիթն օրենքով սահմանված այն աղբյուրն է, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների մասին7:

_______________________

7) Տե՛ս Ռուզաննա Նիազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշման 20-րդ կետը:

 

Ընդ որում, քրեական գործ հարուցելու առիթը պետք է բավարարի օրենքով նախատեսված և՛ ձևական (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-179-րդ հոդվածներով նախատեսված), և՛ բովանդակային պահանջներին8:

_______________________

8) Մանրամասն տե՛ս Էմմա Կարապետյանի, ինչպես նաև Ռուզաննա Նիազյանի գործերով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշումները:

 

i

Քրեական գործ հարուցելու հիմքը հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են: Ընդ որում, քրեական գործ կարող է հարուցվել միայն հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների բավարարության դեպքում: Դրանց բավարարության գնահատման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է ոչ թե հանցակազմի բոլոր տարրերի, այլ սոսկ հանցագործության արտաքին հատկանիշների առկայության հավաստումը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ենթադրությունն օբյեկտիվորեն կրում է հավանական բնույթ, քանի որ դրա վերջնական հաստատումը գործի քննության հետագա փուլերի խնդիրն է: Քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ենթադրում է հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների այնպիսի համակցություն, որն օբյեկտիվ դիտորդին հնարավորություն կտա ենթադրություն կատարել հանցագործության հավանական առկայության վերաբերյալ: Հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների դեպքում պետք է հարուցվի քրեական գործ (քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում), քանի որ նման կասկածները կարող են վերացվել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով, ինչն էլ հնարավոր է հարուցված քրեական գործի պայմաններում: Այսինքն` քրեական գործի հարուցման հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է ղեկավարվի նման կասկածները հօգուտ լիարժեք քննություն իրականացնելուն մեկնաբանելու սկզբունքով»9:

_______________________

9) Տե՛ս Սիրվարդ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԼԴ/0018/11/16 որոշման 12-րդ կետը:

 

15.1 Միևնույն ժամանակ անդրադառնալով քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններին` Վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ նշել է, որ պայմանավորված դատական վերահսկողության խնդիրներով դրանք ընդգրկում են հետևյալ հարցադրումները.

«ա) արդյոք պահպանվել են «Քրեական գործ հարուցելը» վերտառությունը կրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխում զետեղված պահանջները,

բ) արդյոք վիճարկվող որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումները համապատասխանում են նրա կողմից ձեռք բերված տվյալների ամբողջությանը,

գ) արդյոք ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար,

դ) վեր հանված խախտումներն արդյոք հանգեցրել են անձի իրավունքների կամ օրինական շահերի խախտման»10:

_______________________

10) Տե՛ս նույն որոշման 13-րդ կետը:

 

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Ա.Ավետյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված 2017 թվականի հունիսի 9-ի դիմումով հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր նկատմամբ տեղի են ունեցել որոշակի հետապնդումներ, 5 օր պահվել է ձերբակալված անձանց պահման վայրում, այնուհետև ապօրինի վերցվել հաշվառման Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում11:

_______________________

11) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Ներկայացված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով հետաքննության մարմինը քրեական գործի հարուցումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ Արմենուհի Ավետյանին հոգեբուժական հիվանդանոցում որևէ մեկն ապօրինի չի տեղավորել կամ պահել, վերջինս Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառվել է` հիմնվելով նրա մոտ հայտնաբերված «պարանոիդ համախտանիշ» ախտորոշման հիման վրա, և հետագայում 2009 թվականին իրականացված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությամբ ևս հիմնավորվել է Արմենուհի Ավետյանի մոտ հոգեկան հիվանդության առկայությունը12:

_______________________

12) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Լոռու մարզի դատախազը բողոքը մերժելու մասին որոշմամբ նշել է, որ նյութերով քրեական գործ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, ուստի վարույթն իրականացնող մարմինն իրավացիորեն մերժել է քրեական գործ հարուցելը, և այդ որոշումը վերացնելու իրավական հիմքեր առկա չեն, հետևաբար Արմենուհի Ավետյանի բողոքն անհիմն է և ենթակա է մերժման13:

_______________________

13) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, գտել է, որ Ա.Ավետյանի հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն հավաստելու, որ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը: Դատարանը փաստել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս հետաքննիչի կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները չպահպանելու հետևանքով անձի իրավունքների և ազատությունների խախտումներ առկա չեն14:

_______________________

14) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը ևս, վերանայելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, գտել է, որ առկա չեն քրեական գործի հարուցման բավարար հիմքեր, և նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով չի հաստատվում, որ Ա.Ավետյանը Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսեր չի հաճախել, և իրեն այնտեղ գրանցելը կրել է անօրինական բնույթ, որի պայմաններում հետաքննության մարմինն իրավաչափ որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը` հանցագործության դեպքի բացակայության հիմքով մերժելու մասին: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով հետաքննիչի որոշման դեմ բերված դիմողի բողոքը, պահպանել է նյութական և դատավարական օրենսդրության պահանջները, ինչի հետևանքով չեն խախտվել դիմող Արմենուհի Ավետյանի իրավունքներն ու օրինական շահերը, հետևաբար դիմող Ա.Ավետյանի վերաքննիչ բողոքի փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանելու համար15:

_______________________

15) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, հաստատելով դիմող Ա.Ավետյանի իրավունքների և օրինական շահերի խախտման բացակայության փաստը, պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն, որ ներկայացված հաղորդման կապակցությամբ նյութերը նախապատրաստվել են թերի:

Մասնավորապես, հետաքննության մարմնի կողմից քննություն է իրականացվել միայն դիմողին Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառման վերցնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Սակայն նախապատրաստված նյութերով քննություն չի իրականացվել դիմողի հաղորդմամբ նշված այն հանգամանքի շուրջ, որ վերջինս 5 օր ապօրինի պահվել է անազատության մեջ:

Մինչդեռ նշված հանգամանքն առերևույթ կարող է վկայել հանցագործության հատկանիշների առկայության մասին: Ընդ որում, թեև այդ դատողությունը ենթադրական բնույթի է, քանի որ նշված տեղեկատվության ճշտումը, դեպքի հանգամանքների պարզումը և ըստ անհրաժեշտության` համապատասխան քրեաիրավական գնահատական տալը գործով հետագա քննության խնդիրն է, սակայն տվյալ պահին, այդ կապակցությամբ քննություն չիրականացնելու պայմաններում, այն բավարար է դիմողի իրավունքների խախտումն արձանագրելու և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու համար: ՈՒստի ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածը (նկատի ունենալով նաև քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայությունը) կարող է վերացվել միայն հարուցված քրեական գործի պայմաններում: Այսինքն` տվյալ պարագայում Ա.Ավետյանի ներկայացրած հաղորդմամբ նշված ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ կասկածը ենթակա է մեկնաբանման հօգուտ լիարժեք քննության:

Հետևաբար, նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Արմենուհի Ավետյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:

16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմենուհի Ավետյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է վերացնել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչ Մ.Ավետիքյանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արմենուհի Սարգսի Ավետյանի բողոքի հիման վրա Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 6-ի որոշումները բեկանել և փոփոխել: Դիմող Արմենուհի Ավետյանի բողոքը բավարարել` վերացնելով ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչ Մ.Ավետիքյանի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2017 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.12.2018
N ԼԴ/0036/11/17
Որոշում