Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԷԴ/0028/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0028/01/17

Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան

    Դատավորներ`        Ա. Մնացականյան  

                       Կ. Մարդանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 15-ի որոշման դեմ Հակոբ Թելմանի Երանոսյանի պաշտպան Ա.Ջուվանովայի և Վարդան Մեսրոպի Հովհաննիսյանի պաշտպան Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հունիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 12129716 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 25-ի որոշմամբ Վարդան Մեսրոպի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Հակոբ Թելմանի Երանոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 22-ի որոշմամբ Վ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և լրացվել, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2017 թվականի ապրիլի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2017 թվականի հուլիսի 31-ի դատավճռով Վ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Վ.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Միևնույն ժամանակ Վ.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հարկադիր բուժում թմրամոլությունից, որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնվել է անփոփոխ, և պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 23-ից:

Առաջին ատյանի դատարանի նույն դատավճռով Հ.Երանոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Հ.Երանոսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Է.Բեգլարյանի և ամբաստանյալ Հ.Երանոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի մարտի 15-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Է.Բեգլարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Հ.Երանոսյանի վերաքննիչ բողոքը` բավարարվել մասնակի: Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի դատավճիռն ամբաստանյալ Հ.Երանոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանվել և փոփոխվել է, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է Հ.Երանոսյանի` արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում` 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Ա.Դավթյանը և Հ.Երանոսյանի պաշտպան Ա.Ջուվանովան:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Վ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ. «(...) Արագածոտնի մարզի Կոշ գյուղում գտնվող դաշտավայրերից մեկից քաղելով կանեփի բույսեր, դրանք իրացնելու նպատակով չորացրել է, փաթեթավորել առանձին փաթեթներում և պահել իր վարձակալած Երևան քաղաքի Իսակովի պողոտա 4 շենք թիվ 25 բնակարանում: Այնուհետև, Վարդան Մեսրոպի Հովհաննիսյանը Արմեն Մայիսի Ալամշարյանին և քննությամբ չպարզված այլ անձանց թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ իր ծանոթ Հակոբ Թելմանի Երանոսյանին է փոխանցել ութ փաթեթ` ընդհանուր խոշոր չափերի` 10.54 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից երկու փաթեթը` ընդհանուր զգալի չափերի` 2.53 գրամ քաշով թմրամիջոցը 2016 թվականի հունիսի 23-ին Հ.Երանոսյանը փոխադրել և Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց հանձնել է Ա.Ալամշարյանին: Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված թմրամիջոցը, իսկ Վարդան Հովհաննիսյանի ապօրինի իրացրած մյուս` խոշոր չափերի` 8.01 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» թմրամիջոցը նույն օրը հայտնաբերվել է Հակոբ Երանոսյանի կողմից վարած «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի 34 RT 887 համարանիշի ավտոմեքենայի զննությամբ:

(...)

Բացի այդ, նույն վայրից և հանգամանքներում Վարդան Հովհաննիսյանն առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի կերպով ձեռք է բերել խոշոր չափերով` ընդհանուր 17.73 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասը` թվով 5 պոլիէթիլենային փաթեթների մեջ փաթեթավորված 6.35 գրամ հաստատուն քաշով թմրամիջոցը Վ.Հովհաննիսյանն ապօրինի պահել է տաբատի գրպանում, որը 2016թ. հունիսի 23-ին հայտնաբերվել է ոստիկանության Էրեբունու բաժնում Վ.Հովհաննիսյանի անձնական խուզարկությամբ, իսկ մյուս մասը` 8 պոլիէթիլենային փաթեթների մեջ փաթեթավորված` ընդհանուր 11.38 գրամ հաստատուն քաշով թմրամիջոցը Վ.Հովհաննիսյանն ապօրինի պահել է իր վարձակալած` Երևան քաղաքի Իսակովի 4 շենքի թիվ 25 բնակարանում, որը 2016 թվականին հունիսի 23-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է վերոնշյալ տանից: (...)»1:

________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 192-193:

 

5.1 Նախաքննության մարմնի կողմից Հ.Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա. «(...) Խոչընդոտները վերացնելով` օժանդակել է իր ծանոթ Վարդան Հովհաննիսյանին խոշոր չափերի` 10,54 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացմանը:

Այսպես.

Թմրամիջոցների իրացմամբ զբաղվող Վարդան Հովհաննիսյանը, տեղեկանալով, որ Հակոբ Երանոսյանն իրեն պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 RT 887 համարանիշի ավտոմեքենայով տաքսի ծառայություն է մատուցում, վերջինիս առաջարկել է թմրամիջոցների իրացման հարցում օժանդակել իրեն, այն է` իրենից վերցնել համապատասխան խմբաքանակով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, փոխադրել ու հանձնել այլ անձանց, վերջիններիցս վերցնել համապատասխան գումարն ու հանձնել իրեն` խոստանալով վարձատրել մատուցած ծառայությունների դիմաց, որին Հ.Երանոսյանը համաձայնել է: Նյութական շահ հետապնդելով և Վ.Հովհաննիսյանի խոշոր չափերի հասնող թմրամիջոց իրացնելուն օժանդակելու ուղղակի դիտավորությամբ և այդ կերպ խոչընդոտները վերացնելով` 2016 թվականի հունիսի 22-ին Հ.Երանոսյանը Վ.Հովհաննիսյանից վերցրել է առանձին փաթեթներում փաթեթավորված ընդհանուր` 10.54 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը: Հեռախոսազանգի միջոցով թմրամիջոցի քաշի և գնի շուրջ արդեն իսկ համաձայնության գալով` Հ.Երանոսյանը հունիսի 23-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց հանդիպել է Արմեն Ալամշարյանին, նրան է փոխանցել երկու փաթեթներով փաթեթավորված, զգալի չափերի` 2.53 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց` դրա դիմաց վերցնելով 26.000 ՀՀ դրամ գումար: Իսկ Վարդան Հովհաննիսյանի ապօրինի իրացրած մյուս` խոշոր չափի` 8.01 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը նույն օրը հայտնաբերվել է Հակոբ Երանոսյանի կողմից վարած «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 RT 887 համարանիշի ավտոմեքենայի զննությամբ: (...)»2:

________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 193-194:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Դատարանն արագացված կարգով իրականացված դատական քննության ընթացքում ուսումնասիրելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքների հետ ամբաստանյալներ Վ.Հովհաննիսյանի, Հ.Երանոսյանի և Ա.Ալամշարյանի համաձայն լինելու փաստը, գտնում է, որ ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանը կատարել է հանցանքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ամբաստանյալ Հ.Երանոսյանը կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (...)»3:

________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 202-207:

 

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Հ.Երանոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պատիժ նշանակելով 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկում` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման սկզբունքների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ կայացնելուն:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի արդարացիության հարցում ճիշտ որոշում կայացնելու վրա, հիմք են ամբաստանյալ Հ.Երանոսյանի վերաքննիչ բողոքը` իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժի մեղմացման մասով բավարարելու և Առաջին ատյանի դատարանի դատական ակտն այդ մասով բեկանելու ու փոփոխելու համար: (...)

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Է.Բեգլարյանի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ պետք է մերժել, իսկ ամբաստանյալ Հ.Երանոսյանի վերաքննիչ բողոքը` բավարարել մասնակի: Այն է` ամբաստանյալ Հ.Երանոսյանի պատժի մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է բեկանել և ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ Հ.Երանոսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, այդ պատժին հաշվակցելով Հ.Երանոսյանի` սույն գործով արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը, իսկ մնացած մասով` Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ (...)»4:

________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 96-109:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Ամբաստանյալ Վ.Հովհաննիսյանի պաշտպան Ա.Դավթյանը նշել է, որ ստորադաս դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով:

Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` անօրինական և չհիմնավորված որոշման կայացմանը:

8.1 Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի` Ս.Դավթյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, գտել է, որ այն կիրառելի է նաև Վ.Հովհաննիսյանի նկատմամբ:

8.2 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, Վ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով` նշանակելով նվազագույն պատիժ կամ պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

9. Ամբաստանյալ Հ.Երանոսյանի պաշտպան Ա.Ջուվանովան, գնահատելով ամբաստանյալ Հ.Երանոսյանի անձը բնութագրող և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին, գտել է, որ Վերաքննիչ դատարանը խիստ մոտեցում է ցուցաբերել Հ.Երանոսյանի կողմից ազատազրկման ձևով պատիժը կրելու անհրաժեշտության հարցում:

9.1 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 2018 թվականի մարտի 15-ի որոշումը և Հ.Երանոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերների կողմից բարձրացված իրավական հարցերը վերաբերում են ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն: Սակայն հիմք ընդունելով դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները5` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից:

________________________

5) Տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը:

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը կիրառելի է ամբաստանյալներ Վ.Հովհաննիսյանի և Հ.Երանոսյանի նկատմամբ:

i

12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

i

13. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն6:

________________________

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

14. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

(...)

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով, (...):

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

1) (...)

2) խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:

15. Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Հովհաննիսյանին, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով` 10.54 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու համար, իսկ Հ.Երանոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափերով` 10.54 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացմանն օժանդակելու համար7:

________________________

7) Տե՛ս սույն որոշման 5-րդ և 5.1-րդ կետերը:

 

Առաջին ատյանի դատարանը, դատաքննության արագացված կարգ կիրառելով, Վ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Հ.Երանոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքների կատարման համար8:

________________________

8) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Հ.Երանոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` Հ.Երանոսյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման9:

________________________

9) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Վ.Հովհաննիսյանի կողմից կատարված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և Հ.Երանոսյանի կողմից կատարված` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 10.54 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Վ.Հովհաննիսյանի և Հ.Երանոսյանի կողմից կատարված հանցանքների վրա, քանի որ դրանք բարելավում են վերջիններիս վիճակը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները չեն հանգեցնում Վ.Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

18. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը կիրառելի է ամբաստանյալներ Վ.Հովհաննիսյանի և Հ.Երանոսյանի նկատմամբ:

19. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 15-ի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը սույն որոշման 15-րդ և 17-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո պետք է անդրադառնա թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ամբաստանյալների արարքների որակմանը` միաժամանակ քննության առարկա դարձնելով բողոքաբերների` սույն որոշման 8-8.1-րդ և 9-րդ կետերում նշված փաստարկները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Հակոբ Թելմանի Երանոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վարդան Մեսրոպի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Հակոբ Թելմանի Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ:

3. Վարդան Մեսրոպի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` կալանավորումը, թողնել անփոփոխ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.12.2018
N ԵԷԴ/0028/01/17
Որոշում