Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 130-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 130-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                    ԱՎԴ/0065/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ/0065/01/17

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

    Դատավորներ`        Մ. Պապոյան      

                       Ռ. Բարսեղյան     

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

                    մասնակցությամբ`   Գ. Խաչիկյանի

                    դատախազ     

                                      

    2018 թվականի դեկտեմբերի 24-ին                         ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Արտակ Գևորգի Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 35100516 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ Արտակ Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2017 թվականի օգոստոսի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռով Արտակ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` բժշկական գործունեության իրավունքից զրկելով` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

3. Մեղադրող Գ.Խաչիկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճիռը բեկանել է և փոփոխել, ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` վերացրել:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Գևորգյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

i

5. 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Ա.Գևորգյանի դիմումը, որով վերջինս խնդրել է իր նկատմամբ կիրառել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) և ազատել նշանակված պատժից1:

________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 91:

 

6. 2018 թվականի դեկտեմբերի 21-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է տուժողի իրավահաջորդ Տ.Գրիգորյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ չի առարկում Արտակ Գևորգյանի նկատմամբ համաներման կիրառմանը2:

________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 103:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Ա.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ. «(...) Նա, 2006թ. ապրիլի 3-ից թիվ 143 հրամանով աշխատանքի ընդունվելով «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, իսկ 2011թ. ապրիլի 1-ի թիվ 49 հրամանով ընդգրկված լինելով ընկերության շտապ օգնության ֆելդշերական բրիգադի կազմում` որպես բժիշկ, 2016թ. նոյեմբերի 3-ին, ըստ սահմանված գրաֆիկի, շտապ օգնության մասում հերթապահություն իրականացնելիս շտապ օգնության կանչով Ջերմուկ քաղաքի բնակիչ Գրիգոր Գրիգորյանին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` դրանց նկատմամբ առաջացրել է Գրիգոր Գրիգորյանի մահը (...)»3:

________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 179:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման, քանի որ գործն ըստ էության քննելիս հաշվի չեն առնվել պատժի նշանակման արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի գործով որոշման պահանջները:

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ ինքը բնութագրվում է դրական, 2-րդ կարգի հաշմանդամ է, տառապում է քրոնիկական մի շարք հիվանդություններով: Ըստ բողոքաբերի, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառվեր:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 20-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն: Սակայն, հիմք ընդունելով դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները4` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից:

________________________

4) Տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը:

 

10.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

13) ընդունվել է համաներման մասին օրենք:

(...)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի (...) 13-րդ կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով`

(...) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում»:

Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել`

(...)

3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:

i

12. Համաներման մասին օրենքի ընդունման` որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Թադևոս Գևորգյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Համաներման ակտի ընդունումը քրեական դատավարության ցանկացած փուլում բացառում է քրեական գործի վարույթը: Համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ պարտականությունը, սակայն, որոշակի վերապահում ունի, մասնավորապես` համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման այն դեպքում, երբ մեղադրյալը դրա դեմ չի առարկում:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, (...) որ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը: Համաներման ակտի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեպքում անձի համաձայնությունը հանդիսանում է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք և կապված է բացառապես իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի ցանկության հետ: Հետևաբար, համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն ենթադրում է, որ վերջինս յուրաքանչյուր դեպքում պարտավոր է քննարկման առարկա դարձնել համաներման ակտի կիրառման հարցը, սակայն բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալը համաձայն չէ համաներման ակտի կիրառման հետ, պարտավոր է բացառել դրա կիրառումը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման դեպքում անձի համաձայնությունը վերաբերում է բացառապես նշված ակտի կիրառմանը, և դրա բացակայության դեպքում գործի վարույթը շարունակվում է ընդհանուր կանոններով` հնարավորություն տալով անձին հասնելու ամբողջական «ռեաբիլիտացիայի»: Հետևաբար, Համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճման հնարավորության դեպքում որևէ այլ, այդ թվում` անձի կողմից հանցանք կատարելն ընդունելու կամ չընդունելու հիմքով համաներման ակտի չկիրառումը հանդիսանում է անձի իրավունքների խախտում (...)»5:

________________________

5) Տե՛ս Թադևոս Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 որոշման 16-18-րդ կետերը:

 

12.1 Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքում, երբ համաներման մասին օրենքն ընդունվում է գործը դատական քննության փուլում գտնվելու ժամանակահատվածում, այդ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելու պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում: Մասնավորապես, այն դեպքում, երբ ամբաստանյալը համաձայն է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, և առկա են նաև այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ օրենքով նախատեսված վավերապայմանները, ապա դատարանը, կաշկանդված չլինելով բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, պարտավոր է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` որպես բժիշկ, ընդգրկված լինելով «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲ ընկերության շտապ օգնության ֆելդշերական բրիգադի կազմում, 2016 թվականի նոյեմբերի 3-ին, ըստ սահմանված գրաֆիկի, շտապ օգնության մասում հերթապահություն իրականացնելիս շտապ օգնության կանչով Ջերմուկ քաղաքի բնակիչ Գրիգոր Գրիգորյանին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով առաջացել է Գրիգոր Գրիգորյանի մահը6:

________________________

6) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանն Ա.Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել7:

________________________

7) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` վերացնելով ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը8:

________________________

8) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Ա.Գևորգյանի դիմումը` իր նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելու խնդրանքով9, ինչպես նաև այդ կապակցությամբ իր համաձայնությունը հայտնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդ Տ.Գրիգորյանի դիմումը10:

________________________

9) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

________________________

10) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ`

ա) ամբաստանյալ Ա.Գևորգյանը մեղադրվում է 2016 թվականի նոյեմբերի 3-ին կատարված հանցագործության մեջ,

բ) ամբաստանյալ Ա.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվում է անզգուշությամբ կատարված հանցագործություն, որի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով,

գ) ամբաստանյալ Ա.Գևորգյանը համաձայնություն է հայտնել իր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառմանը,

դ) առկա է տուժողի իրավահաջորդ Տ.Գրիգորյանի համաձայնությունը ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառմանը:

Այսինքն` վերը նշված հանգամանքների համակցությունից հետևում է, որ Ա.Գևորգյանը մեղադրվում է անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որը տեղի է ունեցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, և որի համար նախատեսված պատիժը չի գերազանցում վեց տարի ժամկետով ազատազրկումը, ամբաստանյալը և տուժողի իրավահաջորդը համաձայն են և չեն առարկում Համաներման մասին օրենքի կիրառմանը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

15. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը` կարճման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, այն է` համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:

16. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի և Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 20-ի դատական ակտերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը ենթակա է վերացման:

17. Նշված պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում ամբաստանյալ Ա.Գևորգյանի` սույն որոշման 8-րդ կետում բարձրացված փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Ամբաստանյալ Արտակ Գևորգի Գևորգյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 20-ի որոշումը բեկանել:

2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա Արտակ Գևորգի Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:

3. Արտակ Գևորգի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.12.2018
N ԱՎԴ/0065/01/17
Որոշում