i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2019 թվականի N 913-Լ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մասը և 12-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հանրային խորհրդի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հուլիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հուլիսի 4-ի
N 913-Լ որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հանրային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդակցական մարմին է: Խորհրդի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա:
2. Խորհրդի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
3. Խորհրդի գործունեության կարգը, ինչպես նաև խնդիրները և գործառույթները սահմանված են «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք): Խորհրդի գործունեությունն իրականացվում է խորհրդի, ինչպես նաև նրա մշտական հանձնաժողովների (այսուհետ` մշտական հանձնաժողովներ) նիստերի միջոցով:
4. Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն իրականացնելու համար և դրանց վերաբերյալ խորհրդի որոշումների նախապատրաստման նպատակով խորհուրդը, ներգրավելով մասնագետների (փորձագետների), կարող է ձևավորել ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:
5. Խորհրդի յուրաքանչյուր նիստ, բացառությամբ խորհրդի առաջին նիստի, սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ: Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է խորհրդի անդամներից տարիքով ավագը:
6. Խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին խորհրդի անդամներին և խորհրդի նիստին մասնակցող այլ անձանց նիստի անցկացումից 3 օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է խորհրդի նախագահը` ծանուցումն ուղարկելով նրանց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով:
7. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ` խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:
8. Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք:
9. Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
10. Խորհրդի յուրաքանչյուր նիստից առաջ խորհուրդը որոշում է, թե իր անդամներից ով պետք է արձանագրի նիստը: Նիստի արձանագրությունն ստորագրում է խորհրդի նախագահը և արձանագրությունը կազմած անդամը:
II. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
11. Մշտական հանձնաժողովների կազմավորման կարգը սահմանված է օրենքով:
12. Խորհրդին կից գործում է 15 մշտական հանձնաժողով` հետևյալ գործունեության ոլորտներում`
1) գիտության և կրթության հարցերի հանձնաժողով` գիտություն, կրթություն, հրատարակչական գործ.
2) պետաիրավական հարցերի հանձնաժողով` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, անցումային արդարադատություն, իրավական իրազեկություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն.
3) քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով` մարդու իրավունքներ ու ազատություններ, ոչ կառավարական (հասարակական) կազմակերպություններ և միավորումներ, կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ և տեղեկատվության անվտանգության խնդիրներ.
4) ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողով` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, պետական գույքի կառավարում, բյուջետային օրենսդրություն, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ.
5) գյուղատնտեսական հարցերի հանձնաժողով` գյուղատնտեսություն, անասնաբուծություն, սննդամթերքի անվտանգություն.
6) բնապահպանական հարցերի հանձնաժողով` բնական պաշարներ, շրջակա միջավայր.
7) առողջապահության հարցերի հանձնաժողով` առողջապահություն, առողջապահական ապահովագրություն, մայրություն, մանկություն, ծնելիություն, սննդի անվտանգություն.
8) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, քաղաքաշինություն և տարաբնակեցում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ.
9) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողով` պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ.
10) ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողով` ձեռնարկատիրական գործունեություն, առևտուր և ծառայություններ, սպառողների իրավունքներ, ապրանքների ու ծառայությունների որակ և անվտանգություն.
11) մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով` մշակույթ, երիտասարդություն, սպորտ.
12) ժողովրդագրական և սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության դրսևորման դեմ հարցերի հանձնաժողով` ժողովրդագրություն, բնակչության միգրացիոն տեղաշարժեր և սեռի հատկանիշով պայմանավորված խտրականություն.
13) կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով` կրոնական կազմակերպություններ, սփյուռքի կազմակերպություններ և խնդիրներ, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների ներդաշնակեցում.
14) սոցիալական հարցերի հանձնաժողով` զոհված ազատամարտիկների ընտանիքներ, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, վետերանների խնդիրներ.
15) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողով` տրանսպորտ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:
13. Մշտական հանձնաժողովների անդամների թիվը և նրանց վերապահված հարցերի վերաբերյալ եզրակացություններ ներկայացնելու ժամկետները սահմանվում են խորհրդի որոշմամբ:
14. Մշտական հանձնաժողովների կամ մշտական հանձնաժողովների կոլեգիաների հերթական նիստերը հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը երկու անգամ:
15. Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է մշտական հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ մշտական հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով:
16. Մշտական հանձնաժողովներում կարող են նեգրավվել նոր անդամներ' մշտական հանձնաժողովների ձևավորման մասով օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
17. Մշտական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, դիմում ներկայացնելով խորհրդի քարտուղարություն, կարող է դադարեցնել իր անդամությունը մշտական հանձնաժողովին:
18. Մշտական հանձնաժողովի անդամը միաժամանակ չի կարող լինել այլ մշտական հանձնաժողովի անդամ, բայց իրավունք ունի խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու ցանկացած այլ մշտական հանձնաժողովի աշխատանքին:
19. Մշտական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է տեղափոխվել մեկ այլ մշտական հանձնաժողով, եթե իրեն երաշխավորած կազմակերպության գործունեության ոլորտը համապատասխանում է տվյալ մշտական հանձնաժողովի գործունեությանը` միաժամանակ ներկայացնելով դիմում-երաշխավորագիր նույն կազմակերպությունից այլ մշտական հանձնաժողով տեղափոխվելու վերաբերյալ:
20. Մշտական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը:
21. Մշտական հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
22. Մշտական հանձնաժողովն իր որոշմամբ կարող է ունենալ քարտուղար, որի պարտականությունները կարող են դրվել մշտական հանձնաժողովի անդամներից որևէ մեկի վրա:
23. Մշտական հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, արձանագրություններն ստորագրվում են մշտական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:
24. Մշտական հանձնաժողովներն իրավունք ունեն իրենց որոշմամբ ստեղծելու ոլորտային ենթահանձնաժողովներ և աշխատանքային խմբեր: Որոշման մեջ պետք է նշված լինեն դրանց անվանումները, անդամների թիվը (ենթահանձնաժողովների դեպքում` առնվազն 8 անդամ), գործունեության ոլորտները:
25. Այն դեպքում, երբ ստեղծվող ենթահանձնաժողովի գործունեության ոլորտը որոշակիորեն համընկնում է մեկ կամ ավելի մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին, ապա տվյալ ենթահանձնաժողովի ստեղծումը պետք է համաձայնեցվի համապատասխան մշտական հանձնաժողովների նախագահների հետ և հաստատվի խորհրդի նիստում: Մշտական հանձնաժողովներն իրավունք ունեն նաև համատեղ ստեղծելու ենթահանձնաժողովներ:
26. Յուրաքանչյուր մշտական հանձնաժողով իր աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իրավունք ունի ստեղծելու մշտական հանձնաժողովի կոլեգիա, որում պարտադիր պետք է ներգրավված լինեն իր կազմում գործող ենթահանձնաժողովների նախագահները, խորհրդի անդամները` ըստ ցանկության, և տվյալ մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչություն ունեցող հեղինակավոր անհատներ, որոնց` մշտական հանձնաժողովի անդամ լինելը պարտադիր չէ: Մշտական հանձնաժողովի կոլեգիան մշտական հանձնաժողովի համակարգող մարմինն է` մշտական հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում: Մշտական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե մշտական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է:
III. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
27. Ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են խորհրդի որոշմամբ: Խորհրդի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, հանձնաժողովի անդամների կազմը, գործունեության ժամկետը, ինչպես նաև նրա իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ եզրակացություններ ներկայացնելու ժամկետները:
28. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալն ընտրվում են խորհրդի որոշմամբ:
29. Առանձին հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվում է խորհրդի որոշմամբ, որն ըստ անհրաժեշտության կարող է երկարաձգվել` ժամանակավոր հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցի քննարկման համար անհրաժեշտ ժամանակահատվածով:
30. Ժամանակավոր հանձնաժողովի նիստերը, ինչպես նաև ժամանակավոր հանձնաժողովի նախագահի և անդամների գործունեությունն իրականացվում են սույն կանոնադրության 1-ին բաժնով սահմանված կարգով` այնքանով, որքանով այդ կարգը չի հակասում սույն բաժնի դրույթներին:
31. Ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ ժամանակավոր հանձնաժողովի լուծարման դեպքում:
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
32. Աշխատանքային խմբերն ստեղծվում են խորհրդի որոշմամբ: Որոշմամբ սահմանվում են խմբի անվանումը, անդամների կազմը, գործունեության ժամկետը, ինչպես նաև նրա իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ եզրակացություններ ներկայացնելու ժամկետները:
33. Աշխատանքային խումբն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև` արտահերթ նիստերի միջոցով:
34. Աշխատանքային խմբի հերթական նիստերը, ինչպես նաև խմբի ղեկավարի և անդամների գործունեությունն իրականացվում են սույն կանոնադրության 1-ին բաժնով սահմանված կարգով` այնքանով, որքանով այդ կարգը չի հակասում սույն բաժնի դրույթներին:
35. Աշխատանքային խմբի արտահերթ նիստերը հրավիրում է աշխատանքային խմբի ղեկավարը` իր նախաձեռնությամբ կամ աշխատանքային խմբի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Աշխատանքային խմբի արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով:
36. Աշխատանքային խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն երկու երրորդը: