(ուժը կորցրել է 12.07.01 թիվ 639 որոշում)
i
040.0289.120401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2001 թվականի N 289
i
«ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու մասին» N 354 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի առաջարկը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`
ա) բնակելի շենքի անավարտ շինարարությունը (հաշվեկշռային արժեքը` 34 հազ. դրամ, քաղ. Երևան, Քանաքեռ 14 փող.) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը.
բ) Այգեշատի տեղամասը (հաշվեկշռային արժեքը` 2346 հազ. դրամ, Արմավիրի մարզ, գ. Այգեշատ), Մարգահովտի տեղամասը (հաշվեկշռային արժեքը` 467,1 հազ. դրամ, Լոռու մարզ, գ. Մարգահովիտ) և սրճարանի անավարտ շինարարության օբյեկտը (հաշվեկշռային արժեքը` 79 հազ. դրամ, քաղ. Երևան, Ռուբինյանց 28) ու Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը` հետագայում մասնավորեցնելու նպատակով:
2. Սահմանել «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 418217 հազ. դրամ, որը համապատասխանում է 418217 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնեմասի չափը կազմում է 63,3 տոկոս):
3. Մասնավորեցման ենթակա «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 264731 հազ. դրամ, որը համապատասխանում է 264731 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4. «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով Koohe Noor Diamond Co. (Իրանի Իսլամական Հանրապետություն) ընկերությանը (այսուհետև` գնորդ):
5. Սահմանել մասնավորեցման ենթակա «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը 200 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
6. Բաժնետոմսերի վաճառքի գինը գնորդի կողմից ամբողջովին վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից` մեկ ամսվա ընթացքում:
7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիր:
8. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պետք է`
ա) մարի «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ արտացոլված պարտավորությունները.
բ) 2001-2003 թվականների ընթացքում հիմնական միջոցների` այդ թվում` շենքերի, շինությունների, նոր տեխնոլոգիաների, սարքավորումների ձեռքբերման համար ներդնի 1 մլն 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
գ) սոցիալական հիմնախնդրի լուծման համար` մինչև 2001 թվականի ավարտը ապահովի 130-150 աշխատատեղ, 2002 թվականի ավարտը` 150-200 աշխատատեղ և 2003 թվականի ավարտը` 200-250 աշխատատեղ` ապահովելով ոչ պակաս 25 հազ. դրամի չափով միջին ամսական աշխատավարձ:
9. «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
10. «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են գազապաստարանի (մակերեսը 627,1 քառ. մ) շահագործման և քաղաքացիական պաշտպանության գույքի պահպանման նկատմամբ ընկերության պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրում:
11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից: