(ուժը կորցրելու է 01.01.12 թվականից 06.10.11 թիվ 1421-Ն որոշում)
i
040.0275.310301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2001 թվականի N 275
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 626 որոշման 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագիրը (կցվում է):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պետական ծրագրի ընթացիկ աշխատանքների համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
մարտի 31-ի N 275 որոշմամբ
ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագրի (այսուհետև` ծրագիր) նպատակը`
հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացիների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ թափանցիկության և հասարակության վստահության ապահովումը:
2. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. Հայաստանի Հանրապետությունում ծրագրի ներդրումը նախատեսվում է իրականացնել աստիճանաբար, առաջնահերթության սկզբունքով` սահմանափակ քանակությամբ քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրումից անցում կատարելով ավելի լայն շրջանակի քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրմանը:
Ելնելով ծրագրի նպատակից` նախատեսվում է.
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից սկզբնական շրջանում գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը ներդնել միայն սահմանափակ քանակությամբ (մոտ 3,0-4,0 հազար) քաղաքացիների` բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար.
բ) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը ներդնել պետական բոլոր ծառայողների համար.
գ) առաջիկա 4-5 տարվա ընթացքում գործնականում կիրառված հայտարարագրման համակարգի արդյունավետության գնահատման արդյունքում քննարկել հայտարարագրման համակարգում քաղաքացիների ավելի լայն շրջանակների ընդգրկման հնարավորությունը.
դ) հայտարարագրման համակարգում քաղաքացիների շրջանակների ընդլայնման հետ զուգահեռ քննարկել նաև ֆիսկալ նպատակներով համակարգի օգտագործման հնարավորությունը և արդյունավետությունը:
2.2. Ծրագրի հիմնական խնդիրներից որպես ածանցյալ պետք է առանձնացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետև` պետական լիազորված մարմին) կողմից, ըստ քաղաքացիների առանձին շրջանակների, գույքի և եկամուտների տեղեկատվական ամբողջական բանկի ստեղծումը, որը ներառում է ինչպես հայտարարատուների կողմից ներկայացված հայտարարագրերում նշված տվյալները, այնպես էլ պետական և այլ իրավասու մարմինների կողմից` սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված տեղեկությունները:
Տեղեկատվական բանկի ստեղծումն իրականացվում է, մասնավորապես, հետևյալ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա`
ա) անշարժ գույքի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից.
բ) փոխադրամիջոցների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից.
գ) արժեթղթերի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովից.
դ) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից, հեղինակային վարձատրությունից և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունից.
ե) գույքի և եկամուտների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից.
զ) այլ տեղեկություններ` իրավասու այլ մարմիններից:
3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ծրագիրը նախատեսում է հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացում ըստ անհրաժեշտության`
ա) պետական բյուջեից միջոցների տրամադրում.
բ) միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցների ներգրավում:
4. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
4.1. Ծրագրի իրականացման ընթացքում երաշխավորվում է ներկայացված հայտարարագրերում նշված տվյալների նկատմամբ օրենքով նախատեսված գաղտնիության աստիճանի ապահովումը:
Մասնավորապես, երաշխավորվում է «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանումը:
4.2. Ծրագրի իրականացման ընթացքում ներդրվող հայտարարագրման համակարգերի համար սահմանվում են հայտարարագրերում նշված հրապարակման ենթակա տվյալները և դրանց հրապարակման կարգն ու ժամկետները:
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
5.1. Ծրագրի իրականացումը, ըստ հաջորդականության, պայմանականորեն բաժանվում է 4 փուլի:
Ծրագրի իրականացման առանձին փուլերի սկիզբը և տևողությունը որոշվում է այդ փուլերը բնորոշող օրենսդրական դաշտի սահմանմամբ և գործնականում կիրառման արդյունավետության անհրաժեշտ աստիճանի ապահովմամբ:
5.2. Ծրագրի իրականացման բոլոր փուլերում անհրաժեշտ է սահմանել`
ա) քաղաքացիների շրջանակները, որոնց գույքը և եկամուտները ենթակա են հայտարարագրման, ինչպես նաև հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների տեսակները.
բ) հայտարարագրերի ներկայացման կարգը և ժամկետները.
գ) պետական մարմինները, որոնք պատասխանատու են ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար:
5.3. Ելնելով կոնկրետ փուլի առանձնահատկություններից` յուրաքանչյուր փուլում կիրականացվեն կոնկրետ միջոցառումներ:
1-ին փուլ` «Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը և դրա հետ կապված անհրաժեշտ միջոցառումների ապահովումը:
Այս փուլում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվելու են հայտարարագրերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգը, ինչպես նաև հրապարակման ենթակա տեղեկությունների համար տեղեկանքի ձևը և դրա լրացման կարգը: Պետական լիազորված մարմինը կազմակերպում է օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում հայտարարագրերի ընդունման և մշակման աշխատանքները, տեղեկանքների ընդունման և այդ տեղեկանքներում նշված տեղեկությունների «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պարբերականի միջոցով հրապարակման աշխատանքները, ստեղծում է հայտարարագրերում նշված տեղեկությունների վերաբերյալ տվյալների համակարգչային բազան (համապատասխան ծրագրային ապահովմամբ), որի հիման վրա կատարում է հայտարարագրերում նշված տեղեկությունների վերլուծություն և դրա արդյունքների ամփոփում:
Ծրագրի այս փուլի իրականացման արդյունքում սահմանափակ հզորությամբ տեխնիկական և տեղեկատվական բազայի հիման վրա ստեղծվելու է Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգ:
2-րդ փուլ` հայտարարագրման գործող համակարգի արդյունքների վերլուծության հիման վրա պետական ծառայողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի մշակումը:
Այս փուլում իրականացվում է գործող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն և դրա կիրառման արդյունքների վերլուծություն, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ այլ երկրների փորձի ուսումնասիրություն, պետական ծառայողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի մշակում և այդ համակարգի ներդրման անհրաժեշտության հիմնավորում:
Ծրագրի այս փուլի իրականացման արդյունքում, անհրաժեշտության դեպքում, առաջարկվելու են համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կամ մշակվելու է «Պետական ծառայողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
3-րդ փուլ` պետական ծառայողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման հետ կապված անհրաժեշտ միջոցառումների ապահովումը:
Այս փուլում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվելու են հայտարարագրերի ձևերը (Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար նախատեսված հայտարարագրերի ձևերի հիման վրա կամ մշակվելու են հայտարարագրման նոր ձևեր), դրանց լրացման և պահպանման կարգը, հրապարակման ենթակա հայտարարագրվող տեղեկությունները և դրանց հրապարակման կարգը: Պետական լիազորված մարմինը կազմակերպում է օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում հայտարարագրերի ընդունման և մշակման աշխատանքները, ստեղծում է հայտարարագրերում նշված տեղեկությունների վերաբերյալ տվյալների համակարգչային բազան (համապատասխան ծրագրային ապահովմամբ), որի հիման վրա կատարում է հայտարարագրերում նշված տեղեկությունների վերլուծություն և դրա արդյունքների ամփոփում, մշակում և իրականացնում է իրազեկման ծրագիրը:
Ծրագրի այս փուլի իրականացման արդյունքում համապատասխան տեխնիկական և տեղեկատվական բազայի հիման վրա ստեղծվելու է պետական ծառայողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգ:
4-րդ փուլ` գնահատվում է ներդրված համակարգերի արդյունավետությունը, որի արդյունքում առաջադրվում է հայտարարագրման համակարգում ընդգրկված քաղաքացիների շրջանակների ընդլայնման նպատակահարմարության խնդիրը:
Այս փուլում, որպես հնարավոր տարբերակ, քննարկվելու է նաև «Եկամտահարկի մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» (անհրաժեշտության դեպքում` նաև «Ժառանգության հարկի մասին» և «Նվիրատվության հարկի մասին») Հայաստանի Հանրապետության օրենքների և հայտարարագրման համակարգի միջև փոխադարձ կապի ստեղծումը` ֆիսկալ նպատակով օգտագործելու համար: