Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 372-ՐԴ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԱՎԴ/0670/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0670/02/17      2019թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վաչագան Աբրահամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Վաչագան Աբրահամյանի, Անահիտ Սարգսյանի ընդդեմ Գագիկ Սարգսյանի, Կարմեն Սարգսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վաչագան Աբրահամյանը, Անահիտ Սարգսյանը պահանջել են Գագիկ Սարգսյանից և Կարմեն Սարգսյանից բռնագանձել համապատասխանաբար 8.000 ԱՄՆ դոլարին և 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ու իրենց կողմից վճարված պետական տուրքի գումարը:

Դիմելով դատարան` Վաչագան Աբրահամյանը և Անահիտ Սարգսյանը նվազեցրել են հայցապահանջն ու պահանջել են Գագիկ Սարգսյանից և Կարմեն Սարգսյանից բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մատինյան) (այսուհետ` Դատարան) 12.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` Գագիկ Սարգսյանից հօգուտ Անահիտ Սարգսյանի բռնագանձվել է 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտքի և 77.860 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումարներ, իսկ Վաչագան Աբրահամյանի հայցն ընդդեմ Կարմեն Սարգսյանի մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Մ. Հարթենյան, Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան) 31.05.2018 թվականի որոշմամբ Վաչագան Աբրահամյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու և այն դատական ակտով լուծելու վերաբերյալ, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2018 թվականի որոշմամբ Վաչագան Աբրահամյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաչագան Աբրահամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ առաջին անգամ վերաքննիչ բողոքը վերադարձվել էր այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերի կողմից չէր վճարվել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքը, իսկ բողոքաբերի կողմից ներկայացված միջնորդությունը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, մերժվել էր: Արդյունքում, վերաքննիչ բողոք բերած անձը, օրենքով սահմանված կարգով վճարելով վճռի բողոքարկվող մասի համար նախատեսված 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի երեք տոկոսի չափով պետական տուրք, այն է` 103.200 ՀՀ դրամ, կրկին ներկայացրել էր վերաքննիչ բողոք:

Սակայն բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքում դրել է այն փաստարկը, որ բողոքաբերի կողմից չեն վերացվել վերադարձման հիմքերը, այն է` պետական տուրքը վճարվել է 103.000 ՀՀ դրամի չափով, մինչդեռ պետք է վճարվեր 218.727 ՀՀ դրամի չափով, որը կազմում է 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի երեք տոկոսը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ հայցվորների կողմից կատարվել է հայցապահանջի նվազեցում, և բռնագանձման ենթակա գումարը կազմել է 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Արդյունքում, Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն` 8.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջի մասով, իսկ վերաքննիչ բողոքով պահանջվել է բեկանել Դատարանի 12.04.2018 թվականի վճիռը միայն Վաչագան Աբրահամյանի հայցն ընդդեմ Կարմեն Սարգսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին մերժելու մասով, ինչը նշանակում է, որ վերաքննիչ բողոքի համար բողոքաբերի կողմից վճարվել է Դատարանի վճռի բողոքարկվող մասի համար նախատեսված 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի երեք տոկոսի չափով պետական տուրք, որը կազմում է 103.200 ՀՀ դրամ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և այն փոփոխել»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը վերաքննության կարգով մասնակիորեն բողոքարկելիս դրա համար պետական տուրքի չափը որոշելու առանձնահատկություններին:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՄԻԵԴ-ի կայուն նախադեպային իրավունքի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո պետք է մեկնաբանվի նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցագինը որոշվում է` դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (...):

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (...) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

i

Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման հիմնախնդրին, նշել է, որ յուրաքանչյուր գործով պետական տուրքի վճարման ենթակա չափը որոշվում է հաշվի առնելով տվյալ գործով ներկայացված հայցապահանջը, իսկ դատական ակտը բողոքարկելիս` բողոքարկման ծավալը: Ըստ այդմ էլ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի դրույքաչափերը` այն պայմանավորելով օրենքով սահմանված մի շարք հանգամանքներով: Օրինակ` ըստ ներկայացված հայցապահանջի տեսակի (գույքային և ոչ գույքային, դրամական և ոչ դրամական), ըստ բողոքարկվող ատյանների (վերաքննիչ և վճռաբեկ), ըստ վարույթի տեսակների (հատուկ վարույթի վերաբերյալ գործերով դիմումների և այլ դիմումների): Ընդ որում օրենսդրի կողմից կարևորվել է նաև այն հանգամանքը, որ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման չափը կախված է դատական ակտի բողոքարկման ծավալից: Այսինքն` վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս անձի կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից: Հետևաբար անձն օգտվելով իր տնօրինչական իրավունքից ինչ ծավալով, որ բողոքարկում է դատական ակտը` այն չափով էլ օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան ենթակա է հաշվարկման և վճարման պետական տուրքը (տե՛ս, Կարեն Գևորգյանն, Ալիս Ղանթարչյանն ընդդեմ Լևոն Գևորգյանի թիվ ԵԱՔԴ/4664/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` ներկայացված հայցով Վաչագան Աբրահամյանը և Անահիտ Սարգսյանը պահանջել են Գագիկ Սարգսյանից և Կարմեն Սարգսյանից հօգուտ իրենց բռնագանձել համապատասխանաբար 8.000 ԱՄՆ դոլարին և 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 2-4):

Հետագայում, Դատարան ներկայացրած դիմումով հայցվորները նվազեցրել են հայցապահանջը` պահանջելով պատասխանողներից բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Մասնավորապես տվյալ դիմումով հայցվորները նշել են հետևյալը. «հայացապահանջը ներկայացված է եղել 23.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պահանջի չափով, որը սխալ է: Իրականում պետք է լինի 15.000 ԱՄՆ դոլար, որը տրվել է Կարմեն Սարգսյանին, վերջինս այդ գումարից 8.000 ԱՄՆ դոլարը տվել է եղբորը` Գագիկ Սարգսյանին, որը վերցրած գումարի վերաբերյալ ստացականը տվել է հայցվորներից` Անահիտ Սարգսյանին: Փաստորեն հայցապահանջի չափը պակասեցվում է 8.000 ԱՄՆ դոլարի չափով, գանձման է մնում 15.000 ԱՄՆ դոլար...»: (հատոր 1-ին, գ.թ. 75-76):

Դատարանի 12.04.2018 թվականի վճռով Վաչագան Աբրահամյանի, Անահիտ Սարգսյանի հայցը բավարարվել է մասնակի, վճռվել է` Գագիկ Սարգսյանից հօգուտ Անահիտ Սարգսյանի բռնագանձել 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտքի և 77.860 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումարներ, իսկ Վաչագան Աբրահամյանի հայցն ընդդեմ Կարմեն Սարգսյանի մերժել: Տվյալ վճռով Դատարանը «Դատարանի իրավական վերլուծությունները, պատճառաբանությունները և եզրահանգումները» բաժնում արձանագրել է, որ «30.01.2009 թվականին գրված ստացականի առկայությունը պատասխանող Կարմեն Սարգսյանի պարտավորությունները հայցվոր Վաչագան Աբրահամյանի հանդեպ անվիճելի է դարձնում, ինչը նշանակում է, որ չվերադարձված` 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը ենթակա է բռնագանձման: Բացի այդ, 22.04.2014 թվականին գրված ստացականի առկայությունը պատասխանող Գագիկ Սարգսյանի պարտավորությունները հայցվոր Անահիտ Սարգսյանի հանդեպ անվիճելի է դարձնում, ինչը նշանակում է, որ չվերադարձված` 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը ենթակա է բռնագանձման»: Միաժամանակ Դատարանը հանգել է այն հետևության, որ տվյալ դեպքում կողմերի միջև բացակայում են համապարտ պարտականության առկայության հիմքերը (հատոր 1-ին, գ.թ. 128-135):

ՀՀ վերաքննիչ դատարանի 31.05.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Վաչագան Աբրահամյանի կողմից ներկայացված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու և այն դատական ակտով լուծելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար: Տվյալ որոշմամբ արձանագրվել է, որ հայցվոր Վաչագան Աբրահամյանի կողմից վճիռը վիճարկվում է մասնակի, այն է` հայցը` 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջը մերժելու մասով, հետևաբար սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 218.277 ՀՀ դրամ (15.000 ԱՄՆ դոլար X 486,06 ՀՀ դրամ` 11.05.2018 թվականի ՀՀ կենտրոնական բանկի փոխարժեքը X 3%) (հատոր 2-րդ, գ.թ. 20-22):

Վաչագան Աբրահամյանը 15.06.2018 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` «պահանջելով մասնակի` Վաչագան Աբրահամյանի հայցն ընդդեմ Կարմեն Սարգսյանի գումարի բռնագանձման պահանջի մասին մերժելու մասով բեկանել Դատարանի 12.04.2018 թվականի վճիռը և ...»: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է 103.200 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 29-31, 35):

Վերաքննիչ դատարանը, 27.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ արձանագրելով, որ բողոքաբերը ՀՀ վերաքննիչ դատարանի 31.05.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշված 218.727 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու փոխարեն վճարել է 103.000 ՀՀ դրամ, հանգել է այն հետևության, որ վերաքննիչ բողոքին կցված է սահմանված չափից պակաս պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, որպիսի պայմաններում բողոքաբերի կողմից վերը նշված որոշմամբ մատնանշված թերություններն ամբողջությամբ չեն վերացվել, ուստի այդ հիմքով Վաչագան Աբրահամյանի վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման (հատոր 2-րդ, գ.թ. 49-50):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վաչագան Աբրահամյանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով ըստ էության դատական ակտը բողոքարկել է միայն Կարմեն Սարգսյանից հօգուտ իրեն 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձման պահանջը մերժելու մասով:

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է սույն գործում առկա հայցվորների կողմից ներկայացրած հայցապահանջը նվազեցնելու դիմումի և Դատարանի 12.04.2018 թվականի վճռի «Դատարանի իրավական վերլուծությունները, պատճառաբանությունները և եզրահանգումները» բաժնի ուսումնասիրմամբ:

Մասնավորապես` սույն գործի նախապատրաստական փուլում հայցվորները, օգտվելով իրենց կողմից ներկայացված հայցապահանջի չափը նվազեցնելու դատավարական իրավունքից, սկզբնական ներկայացրած հայցապահանջը, այն է` 23.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասով նվազեցրել են և պահանջել են պատասխանողներից հօգուտ իրենց բռնագանձել միայն 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ընդ որում, պատասխանողներից Կարմեն Սարգսյանը, 30.01.2009 թվականի ստացականում նշված և Վաչագան Աբրահամյանից ստացված 15.000 ԱՄՆ դոլարից 8.000 ԱՄՆ դոլար հետագայում փոխանցելով Գագիկ Սարգսյանին (որն էլ իր հերթին այդ գումարի` 8.000 ԱՄՆ դոլարի չափով 22.04.2014 թվականին ստացական էր տվել Անահիտ Սարգսյանին), ըստ էության Վաչագան Աբրահամյանին պարտավորվել է վերադարձնել 7.000 ԱՄՆ դոլար: Իր հերթին պատասխանողներից Գագիկ Սարգսյանը 22.04.2014 թվականին գրված ստացականով հայցվոր Անահիտ Սարգսյանին պարտավորվել է վերադարձնել 8.000 ԱՄՆ դոլար:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավորվել է առանձին ստացականներով հայցվորներից յուրաքանչյուրին վերադարձնել համապատասխան չափի գումար, որի ընդհանուր գումարը կազմել է 15.000 ԱՄՆ դոլար: Այսինքն` պատասխանողներից յուրաքանչյուրը հայցվորներից յուրաքանչյուրի նկատմամբ ունեցել է առանձին պարտավորություն` հստակ և տարբերվող գումարի չափով, որպիսի պայմաններում իրավաչափ է Դատարանի այն հետևությունը, որ տվյալ դեպքում կողմերի միջև բացակայում են համապարտ պարտականության առկայության հիմքերը:

Վերը նշված հանգամանքն ըստ էության նաև արձանագրվել է Դատարանի վճռով և նշվել, որ Կարմեն Սարգսյանի պարտավորությունը հայցվոր Վաչագան Աբրահամյանի հանդեպ կազմում է 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ Գագիկ Սարգսյանի պարտավորությունը հայցվոր Անահիտ Սարգսյանի հանդեպ` 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը ենթակա է բռնագանձման:

Արդյունքում, Դատարանի կողմից հայցվորների հայցը բավարարվել է մասնակիորեն, հետևյալ կերպ` Գագիկ Սարգսյանից հօգուտ Անահիտ Սարգսյանի բռնագանձվել է 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ Վաչագան Աբրահամյանի հայցն ընդդեմ Կարմեն Սարգսյանի մերժվել էր` հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու հիմքով: Ըստ այդմ էլ Վաչագան Աբրահամյանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով Դատարանի դատական ակտը բողոքարկել է միայն իր հայցապահանջը մերժելու մասով` պահանջելով Դատարանի 12.04.2018 թվականի վճիռը մասնակի` Կարմեն Սարգսյանից հօգուտ իրեն գումար բռնագանձելու պահանջը մերժելու մասը բեկանել:

Հաշվի առնելով վերը նշվածը և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը պետք է հաշվարկվեր և վճարվեր ելնելով բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափից, այն է` 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսի չափով, որը վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու օրվա դրությամբ, ըստ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի` կազմել է 101.362,8 ՀՀ դրամ (7.000 ԱՄՆ դոլար` 3.378.760 ՀՀ դրամ (1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը 15.06.2018 թվականի դրությամբ կազմել է 482,68 ՀՀ դրամ), հետևաբար 3.378.760 ՀՀ դրամի 3% կազմել է 101.362,8 ՀՀ դրամ):

Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից ներկայացվել է 103.000 ՀՀ դրամ վճարված լինելու փաստը հավաստող պետական տուրքի վճարման անդորրագիր, ինչը նշանակում է, որ բողոքաբերի կողմից ամբողջությամբ վճարվել է բռնագանձման ենթակա գումարի օրենքով սահմանված չափով պետական տուրքը, որը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, սահմանափակել է Վաչագան Աբրահամյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով է մերժել Վաչագան Աբրահամյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 12.04.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 27.06.2018 թվականի ««Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին»» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2018 թվականի ««Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին»» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.03.2019
N ԱՎԴ/0670/02/17
Որոշում