Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ, 290...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ, 290-ՐԴ, 294-296- ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԱՔԴ/4741/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4741/02/16     2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Ա. Հունանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ստեփան Հայրապետյանի ներկայացուցիչ Արթուր Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ստեփան Հայրապետյանի ընդդեմ Նինա Կուցանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Նինա Կուցանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ստեփան Հայրապետյանի` վնասը հատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ստեփան Հայրապետյանը պահանջել է Նինա Կուցանյանից բռնագանձել 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նինա Կուցանյանը պահանջել է Ստեփան Հայրապետյանից բռնագանձել 3.923 ԱՄՆ դոլարին համարժեք 1.909.677 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում, որից 3.000 ԱՄՆ դոլարը հաշվանցել որպես սկզբնական պահանջով բռնագանձման ենթակա գումար, իսկ մնացած 923 ԱՄՆ դոլարը բռնագանձել:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է` Նինա Կուցանյանից հօգուտ Ստեփան Հայրապետյանի բռնագանձվել է 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2017 թվականի որոշմամբ Նինա Կուցանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 02.08.2017 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը բավարարելու մասով, բեկանվել ու փոփոխվել է` հայցը մերժվել է: Վճիռը` մնացած մասով, թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ստեփան Հայրապետյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նինա Կուցանյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 205-րդ, 208-րդ, 210-րդ, 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով, որ Նինա Կուցանյանը Դատարանում դիրքորոշում չի հայտնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 562-րդ և 563-րդ հոդվածները խախտված լինելու վերաբերյալ, վերաքննիչ բողոքը քննել է` անդրադառնալով նաև այդ հիմքերին: Մինչդեռ Նինա Կուցանյանը վերաքննիչ բողոքում որևէ փաստարկ չի վկայակոչել նույն դիրքորոշումը Դատարանում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ:

 

i

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-րդ, 294-296-րդ, 298-րդ, 345-րդ, 347-րդ հոդվածները, Նախկին օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այն դեպքերում, երբ տվյալ գործարքը կնքված լինելու փաստը կողմերը չեն վիճարկում, ապա գործարքի հասարակ գրավոր ձևը պահպանված չլինելու հանգամանքն ինքնին որևէ իրավական հետևանքներ չի կարող առաջացնել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իր և Նինա Կուցանյանի միջև ձեռք բերված համաձայնության առարկան ոչ թե ինքնակամ կառույցն իր կողմից Նինա Կուցանյանին վաճառելն է, այլ այն վերջինիս անվամբ օրինականացնելը: Նշված փաստը հաստատվել է Նինա Կուցանյանի կողմից քրեական դատավարության կարգով նյութերի նախապատրաստման ընթացքում տրված բացատրություններով, ինչպես նաև սույն գործով Դատարանում Նինա Կուցանյանի կողմից տրված բացատրություններով, ներկայացված հակընդդեմ հայցով և այլ ապացույցներով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշվածը, անհիմն հետևություն է արել այն մասին, որ իրենց միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են անշարժ գույքի առուվաճառքի առնչությամբ առաջացող իրավահարաբերությունները կարգավորող իրավանորմերը` չնայած, որ նման փաստեր գործի քննության ընթացքում դատավարության կողմերը չեն վկայակոչել ու քննարկման առարկա չեն դարձրել:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Նինա Կուցանյանը չի վիճարկել իր հանդեպ 3.000 ԱՄՆ դոլարի չափով պարտք ունենալու փաստը, ավելին` հակընդդեմ հայցով խնդրել է այդ գումարը հաշվանցել իր կրած վնասների դիմաց, կասկածի տակ է դրել այդ փաստի հավաստիությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` Դատարանի 02.08.2017 թվականի վճիռը փոփոխելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2017 թվականի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 02.08.2017 թվականի վճռին, իսկ մնացած մասով Դատարանի 02.08.2017 թվականի վճիռը թողնել անփոփոխ:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Կողմերի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի բանավոր պայմանագիր, որն առոչինչ գործարք է: Կողմերի միջև հենց վերը նշված պայմանագիրը կնքված լինելու փաստն ընդունել է նաև Ստեփան Հայրապետյանը քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրությամբ:

Նման պայմաններում հիմնավոր են Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ կողմերի միջև չէր կարող կնքվել ինքնակամ կառույցի տնօրինմանն ուղղված գործարք, ավելին` նման գործարքն առոչինչ է գործարքի ձևը պահպանված չլինելու հիմքով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետի 17.12.2013 թվականի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 6433-Ա որոշման 1-ին կետով Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող Երևանի Բաբայան փողոցի թիվ 22 շենք, ավտոտնակ թիվ 1-ին հասցեում գտնվող 20,5 քմ ընդհանուր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը համարվել է Երևան քաղաքի սեփականությունը, և այն ճանաչվել է օրինական: Նույն որոշման 2-րդ կետով այդ կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած անձ Կոնստանտին Ասլանյանին և Ստեփան Հայրապետյանին (հատոր 1-ին, գ.թ.136).

2) Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետի 13.02.2014 թվականի «Երևանի քաղաքապետի 17.12.2013 թվականի թիվ 6433-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 441-Ա որոշման 1-ին կետով, 21.11.2014 թվականի «Երևանի քաղաքապետի 17.12.2013 թվականի թիվ 6433-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 4393-Ա որոշման 1-ին կետով, 04.12.2014 թվականի «Երևանի քաղաքապետի 21.11.2014 թվականի թիվ 4393-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 4562-Ա որոշման 1-ին կետով, 12.01.2015 թվականի «Երևանի քաղաքապետի 17.12.2013 թվականի թիվ 6433-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և 24.10.2014 թվականի թիվ 4048-Ա որոշումը ուժը կորցրած համարելու մասին» թիվ 6-Ա որոշման 1-ին կետով փոփոխություններ են կատարվել Երևանի քաղաքապետի 17.12.2013 թվականի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 6433-Ա որոշման մեջ, որոնց արդյունքում որոշումը վերջնականապես խմբագրվել է հետևյալ կերպ` Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող Երևանի Բաբայան փողոցի թիվ 22 շենք, ավտոտնակ թիվ 1-ին հասցեում գտնվող 24,95 քմ ընդհանուր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը համարվել է Երևանի սեփականությունը, և այն ճանաչվել է օրինական: Նույն որոշման 2-րդ կետով այդ կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած անձ Սյուզաննա և Ռուբեն Ասլանյաններին, Նինա Կուցանյանին (հատոր 1-ին, գ.թ.137-140).

3) Երևան համայնքի (այսուհետ` Վաճառող) (մի կողմից) և Սյուզաննա, Ռուբեն Ասլանյանների ու Նինա Կուցանյանի (այսուհետ` Գնորդներ) (մյուս կողմից) միջև 15.05.2015 թվականին կնքվել է թիվ 107-6433-Ա Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որի համաձայն` Վաճառողը Գնորդների սեփականությանն է հանձնել Երևանի Բաբայան փողոցի թիվ 22 շենքի 1-ին հասցեում գտնվող 41,6 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը և դրա համար առանձնացված 24,95 քմ մակերեսով հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 7-10).

4) Ռուբեն և Սյուզաննա Ասլանյանների (մի կողմից) ու Նինա Կուցանյանի (մյուս կողմից) միջև 09.11.2015 թվականին կնքվել է անշարժ գույքի բաժանման պայմանագիր, որի համաձայն` պայմանագրի կողմերը վերը նշված գույքը բաժանել են հետևյալ կերպ` 41,6 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակից 19,9 քմ մակերեսով ավտոտնակն անցել է Ռուբեն և Սյուզաննա Ասլանյանների սեփականությանը, իսկ 21,7 քմ ավտոտնակը` Նինա Կուցանյանի սեփականությանը. 24,95 քմ մակերեսով հողամասը կողմերից յուրաքանչյուրին անցել է 1/2 բաժնի չափով (հատոր 1-ին, գ.թ. 24).

5) 13.11.2015 թվականին գրանցվել է Նինա Կուցանյանի սեփականության իրավունքը Երևանի Բաբայան փողոցի թիվ 22 շենքի 6-րդ ավտոտնակի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 11).

6) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում Նինա Կուցանյանը բացատրություն է տվել նաև այն մասին, որ 2013 թվականի կեսերին Ստեփան Հայրապետյանը զանգահարել է իրեն և առաջարկել է գնել Երևանի Բաբայան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող ավտոտնակը 15.000 ԱՄՆ դոլարով, որից 5.000 ԱՄՆ դոլարն ինքը պետք է վճարեր մինչև սեփականաշնորհումը, իսկ սեփականաշնորհումից հետո առավելագույնը 6 ամսվա ընթացքում նոտարական վավերացումից և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից հետո մնացած 10.000 ԱՄՆ դոլարը: 24.06.2013 թվականին ինքը Ստեփան Հայրապետյանին վճարել է 5.000 ԱՄՆ դոլար, և իրենց միջև կնքվել է նախնական պայմանագիր, որի համաձայն` Ստեփան Հայրապետյանը պարտավորվել է օրինականացնել այդ ավտոտնակը: Մինչդեռ Ստեփան Հայրապետյանն օրինականացումը մինչև 24.06.2014 թվականը կատարելու փոխարեն կատարել է 13.11.2015 թվականին: 2015 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին ինքը Ստեփան Հայրապետյանին վճարել է ևս 7.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 3.000 ԱՄՆ դոլարը չի պատրաստվում վճարել, քանի որ վերջինս չի կատարել նախնական պայմանագրով ստանձնած` 6 ամսվա ժամկետում ինքնակամ կառույցն օրինականացնելու պարտավորությունը: Ավելին` պարտավորությունն ուշացումով կատարելու հետևանքով` ՀՀ դրամի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի փոփոխության արդյունքում, ինքը կրել է 3.300 ԱՄՆ դոլարի չափով վնաս (հատոր 1-ին, գ.թ. 103, 104).

7) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում Ստեփան Հայրապետյանը բացատրություն է տվել նաև այն մասին, որ Երևանի Բաբայան փողոցի թիվ 22 հասցեում իր ունեցած ինքնակամ կառուցված ավտոտնակը 2013 թվականին վերավաճառել է Նինա Կուցանյանին: Իրենց բանավոր փոխհամաձայնությամբ Նինա Կուցանյանը 5.000 ԱՄՆ դոլարը վճարել է, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը պետք է վճարեր սեփականաշնորհումից հետո: 2015 թվականի նոյեմբեր ամսին ավտոտնակը գրանցել է Նինա Կուցանյանի անվամբ, որից հետո վերջինս մաս-մաս իրեն է վճարել 7.000 ԱՄՆ դոլար` պարտավորվելով մինչև 2016 թվականի փետրվար ամիսը վճարել մնացած 3.000 ԱՄՆ դոլարը, սակայն այն չի վճարել` խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով այն հափշտակելով (հատոր 1-ին, գ.թ. 105-108).

8) ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչը, պատճառաբանելով, որ Նինա Կուցանյանին պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով, 03.04.2016 թվականին որոշում է կայացրել Նինա Կուցանյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 105-108).

9) Նինա Կուցանյանը սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ ընդունել է Ստեփան Հայրապետյանին 3.000 ԱՄՆ դոլար պարտք լինելու հանգամանքը, ինչպես նաև նշել է, որ գումարը չի վճարել` Ստեփան Հայրապետյանի կողմից իր պարտավորությունը ժամանակին չկատարելու պատճառով: Նման դիրքորոշում Նինա Կուցանյանը հայտնել է նաև ներկայացված հակընդդեմ հայցադիմումում` խնդրելով Ստեփան Հայրապետյանի կողմից պահանջվող 3.000 ԱՄՆ դոլարը հաշվանցել իր կողմից ներկայացված հակընդդեմ հայցով պահանջվող 3.923 ԱՄՆ դոլարի չափով կրած վնասի գումարից և դրա արդյունքում Ստեփան Հայրապետյանից հօգուտ իրեն բռնագանձել 923 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 55, 69-77, 109-111, 148-151).

i

10) Նինա Կուցանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև այն հիմքերով, որ Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 562-րդ հոդվածը և 563-րդ հոդվածի 1-ին կետը` անտեսելով, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է բանավոր, նոտարական կարգով չի վավերացվել, և դրանից բխող իրավունքն էլ չի ենթարկվել պետական գրանցման, որպիսի հանգամանքների առկայության պայմաններում տվյալ գործարքն առոչինչ է: Բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր այդ դիրքորոշման մասին Դատարանում գործի քննության ժամանակ չի հայտնել: Ավելին` վերաքննիչ բողոքում չի փաստարկել այն չհայտնելու անհնարինությունը (հատոր 2-րդ, գ.թ. 6-12, 50-57):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող Նախկին օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-րդ, 294-296-րդ, 345-րդ, 347-րդ հոդվածների, Նախկին օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 205-րդ, 208-րդ, 210-րդ և 219-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերադաս դատարան բողոքը բերելու սահմանափակումներին ու բողոքի քննության սահմաններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գրավոր գործարքի բացակայության պայմաններում պարտավորության առկայության փաստը դատարանների կողմից վիճելի դարձնելու հարցին այն դեպքում, երբ պարտապանը պարտատիրոջ հանդեպ իր պարտավորության առկայությունն ընդունել է արտադատական կամ դատական կարգով, և բացակայում են ընդունված փաստը հաստատված համարելու արգելք հանդիսացող պայմանները:

 

1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Նախկին օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

i

Նախկին օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որը պետք է նշում պարունակի նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա:

i

Նախկին օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերած անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

i

Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով նշված հոդվածները, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս հայտնաբերվում է, որ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել և չի փաստարկել դրա չհայտնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու նշված փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը: Ընդ որում` նման սահմանափակումը պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններով: Մասնավորապես ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատական ակտը, այլ ոչ թե` գործն ընդհանրապես: Ըստ այդմ էլ, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, կամ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում, ապա վերաքննության օբյեկտը բացակայում է (տե՛ս, «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն ընդդեմ Արայիկ Մելքումյանի և մյուսների թիվ ԵԿԴ/2680/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

i

Սույն գործի փաստերի համաձայն` Նինա Կուցանյանը, Դատարանում չառարկելով Ստեփան Հայրապետյանի հանդեպ 3.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարտավորություն ունենալու վերաբերյալ վկայակոչված փաստի դեմ, խնդրել է նշված գումարը հաշվանցել իր կողմից ներկայացված հակընդդեմ հայցով պահանջվող 3.923 ԱՄՆ դոլարի չափով կրած վնասի գումարից և դրա արդյունքում Ստեփան Հայրապետյանից հօգուտ իրեն բռնագանձել 923 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Չնայած դրան` Նինա Կուցանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև այն հիմքերով, որ Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 562-րդ հոդվածը և 563-րդ հոդվածի 1-ին կետը` անտեսելով, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է բանավոր, նոտարական կարգով չի վավերացվել և դրանից բխող իրավունքն էլ չի ենթարկվել պետական գրանցման, որպիսի հանգամանքների առկայության պայմաններում տվյալ գործարքն առոչինչ է: Բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր այդ դիրքորոշման մասին Դատարանում գործի քննության ժամանակ չի հայտնել: Ավելին` վերաքննիչ բողոքում չի փաստարկել այն չհայտնելու անհնարինությունը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննել է նաև վերը նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում ու հաստատված համարելով, որ նման պայմաններում գործարքը չի համապատասխանել այն կնքելու պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված իմպերատիվ նորմերին` նշված գործարքն օրենքի ուժով համարել է առոչինչ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը վերը նշված դիրքորոշումների համատեքստում արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր քննության առնելու նշված փաստարկների վերաբերյալ վերաքննիչ բողոքի այդ հիմքերը և հիմնավորումները` նկատի ունենալով, որ Նինա Կուցանյանը նման դիրքորոշում Դատարանում չի հայտնել` միաժամանակ Վերաքննիչ դատարանին չհայտնելով նման դիրքորոշում հայտնելու անհնարինության մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի առաջին հիմքը` Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ տալու վերաբերյալ:

 

2. Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված եղանակներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախ և առաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով նշված հասկացությունների բովանդակությունը, արձանագրել է, որ «կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը, իսկ «կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այսինքն` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պայմանագիրը` որպես գործարք, կարող է կնքվել բանավոր կամ գրավոր ձևով: Պայմանագրի ձևի վերաբերյալ օրենսդրական կարգավորման նպատակը պայմանագրի հիման վրա ծագող հարաբերություններն ավելի հստակ դարձնելն է, քաղաքացիական շրջանառության կայունությունն ապահովելը, պայմանավորված պայմանագրի տվյալ տեսակի բնույթով` ապագայում հնարավոր վեճերի կանխումը: Մասնավորապես` պայմանագրի կնքման բանավոր ձև նախատեսելու միջոցով քաղաքացիական շրջանառությունը չի ծանրաբեռնվում (օրինակ` կնքման պահին կատարվող գործարքները, որոնց համար հատուկ կարգավորում նախատեսված չէ, կարող են կնքվել բանավոր ձևով): Ինչ վերաբերում է գրավոր ձևով կնքվող գործարքներին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործարքների որոշ տեսակների համար հստակ նախատեսելով գրավոր ձև` օրենսդիրը կարևորել է այդ պայմանագրերը կնքված համարվելու համար որոշակի պահանջների պահպանումը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետ, 450-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետեր): Սահմանելով գործարքի կնքման գրավոր ձև` օրենսդիրը նախատեսել է այդ ձևը չպահպանելու երկու հնարավոր հետևանք.

1) գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից` չզրկելով գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից,

2) օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

i

Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ օրենսդրի կողմից պայմանագրի տվյալ ձևի համար սահմանված է գրավոր ձև` առանց ձևը չպահպանելու հետևանքները նշելու (օրինակ` կապալի պայմանագիր, հանձնարարության պայմանագիր, կոմիսիայի պայմանագիր և այլն), ապա գործում է վերը նշված 1-ին կանոնը: Վերը նշված իրավական հետևանքը կիրառվում է բացառապես վեճի առկայության դեպքում: Այսինքն` այն դեպքերում, երբ տվյալ գործարքը կնքված լինելու փաստը կողմերի կողմից չի վիճարկվում, ապա գործարքի հասարակ գրավոր ձևը պահպանված չլինելու հանգամանքն ինքնին որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում: Հետևաբար նշված հետևանքը դատավարական բնույթի է: Այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով հստակ նախատեսված է, ապա պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է անվավերության (տե՛ս, Զարուհի Հայրապետյանը և Գայանե Ղազարյանն ընդդեմ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0556/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև պարտավորական հարաբերությունների էությանը` արձանագրելով, որ գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները պարտավորական իրավահարաբերություններ են: Ընդ որում` ձևավորված պարտավորաիրավական հարաբերությունների շրջանակում կողմերից մեկը հանդես է գալիս իրավազոր անձ` «պարտատեր», իսկ մյուս կողմը` պարտավոր անձ` «պարտապան»: Ուստի իրավազոր անձի` պահանջի սուբյեկտիվ իրավունքին համապատասխանում է պարտապանի` պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը: Այսպիսով, պարտավորական իրավահարաբերության մեջ պարտատիրոջ սուբյեկտիվ իրավունքը պահանջի իրավունքն է, որը կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ պարտապանը պատշաճ կատարի իր վրա դրված պարտավորությունը (տե՛ս, Քարոլին Բաղումյանն ընդդեմ Նունուֆար Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1447/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով պարտավորությունների առաջացման հիմք են նաև պայմանագրերը, որոնք երկկողմ գործարքների տեսակներ են, գործարքներին վերաբերող վերոգրյալ կանոնները կիրառելի են նաև պարտավորական հարաբերությունների նկատմամբ: Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտավորական հարաբերությունների առկայության վերաբերյալ վեճի դեպքում ապացուցման գործընթացին:

i

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

i

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

i

Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

i

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Նախկին օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար: Դատարանը կարող է ընդունված փաստը համարել հաստատված, եթե կասկածներ չկան, որ դա համապատասխանում է գործի հանգամանքներին, և կողմն այն չի ընդունել խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ապացուցելուց ազատվելու հիմքերի վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները և անդրադառնալով անվիճելի փաստերի ապացուցման անհրաժեշտությանը, արձանագրել է, որ քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ և հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց և դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: Դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև օրենսդրի կողմից իբրև ապացուցելուց ազատվելու հիմքեր սահմանված են հանրահայտ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով և դատավճռով հաստատված փաստերը, սակայն դատարաններն իրավացիորեն ապացուցման կարիք չունեցող փաստերի շարքին են դասում նաև այսպես կոչված «անվիճելի փաստերը»: Դրանք գործին մասնակցող անձանց կողմից վկայակոչված, գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն են, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում: Գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ընդունումը կրճատում է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և դատարանին հնարավորություն է տալիս կենտրոնանալու վիճելի փաստերի ապացուցման գործընթացի վրա (տե՛ս, Արա Բաղդասարյանն ընդդեմ Նարինե Հակոբյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

i

Բացի այդ` նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Նախկին օրենսգրքով սահմանված են որոշակի կանոններ, որոնց պահպանմամբ միայն դատարանները կարող են անվիճելի փաստերը համարել հաստատված և գործին մասնակցող անձանց ազատել ապացուցման պարտականությունից: Մասնավորապես` Նախկին օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար: Դատարանը կարող է ընդունված փաստը համարել հաստատված, եթե կասկածներ չկան, որ դա համապատասխանում է գործի հանգամանքներին, և կողմն այն չի ընդունել խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով: ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ գործին մասնակցող անձինք չեն կարող ազատվել անվիճելի փաստերն ապացուցելու պարտականությունից նաև այն դեպքերում, երբ այդ փաստերը կարող են հաստատվել միայն ապացույցի որոշակի տեսակներով, և նման ապացույցներ գործում առկա չեն, ինչպես նաև այն դեպքերում, երբ այդ փաստերի հաստատումը, բացի անվիճելի փաստերը վկայակոչած և դրանք ընդունած գործին մասնակցող անձանցից, կարող է ազդել նաև այլ անձանց իրավունքների և պարտականությունների վրա: Հարկ է նշել, որ բոլոր դեպքերում գործի փաստերն անվիճելիների շարքին դասելու, դրանք ապացուցման առարկայից հանելու և, ի վերջո, հաստատված համարելու և գնահատելու գործառույթները բացառապես վերապահված են դատարանին, որը դրանք պետք է իրականացնի սահմանված դատավարական իրավակարգավորումներին համապատասխան: Այդպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոշարադրյալ դատավարական կանոնների պահպանմամբ դատարանը գործին մասնակցող անձանց կարող է ազատել գործին մասնակցող մյուս անձանց կողմից չվիճարկվող փաստերն ապացուցելու պարտականությունից և այդ փաստերը համարել ապացուցված:

i

Միաժամանակ մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս, Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):

Ամփոփելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները գործարքների ձևի, պարտավորական հարաբերությունների էության և դատավարության ընթացքում ապացուցման գործընթացի վերաբերյալ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումները, այդ ընթացքում անձանց տված բացատրությունները և ցուցմունքները` որպես գրավոր ապացույցներ, թույլատրելի են նաև պարտավորական իրավահարաբերություններից բխող իրավական վեճերով: Այդպիսի իրավահարաբերության առկայությունը, օրինակ, կարող է հաստատվել այն դեպքում, երբ պարտավորության երկու կողմերն էլ հետաքննության կամ նախաքննության ընթացքում իրենց տված բացատրություններով կամ ցուցմունքներով ընդունել են միմյանց միջև որոշակի իրավահարաբերությունների գոյության փաստը և հետագայում այդ իրավահարաբերությունից բխող վեճով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում տվյալ փաստը չեն վիճարկել կամ չեն հերքել այդ գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով, եթե առկա չեն օրենսդրության իմպերատիվ պահանջներ, որոնք բացառում են նման եղանակով փաստը հաստատված համարելը:

Սույն գործով կողմերի միջև որևէ գրավոր գործարք չի կնքվել: Նինա Կուցանյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում բացատրություն է տվել նաև այն մասին, որ Ստեփան Հայրապետյանին պատկանող գույքը գնելու նպատակով նրան վճարել է 5.000 ԱՄՆ դոլար` մնացած 10.000 ԱՄՆ դոլարը պարտավորվելով վճարել անշարժ գույքը սեփականաշնորհելուց հետո առավելագույնը 6 ամսվա ընթացքում նոտարական վավերացում և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո: Ընդհանուր առմամբ Ստեփան Հայրապետյանին վճարել է 12.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 3.000 ԱՄՆ դոլարը չի պատրաստվում վճարել, քանի որ վերջինս չի կատարել պայմանագրով ստանձնած` 6 ամսվա ժամկետում ինքնակամ կառույցն օրինականացնելու պարտավորությունը: Ավելին` Նինա Կուցանյանը Դատարանում չի առարկել Ստեփան Հայրապետյանի հանդեպ 3.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարտավորություն ունենալու վերաբերյալ` խնդրելով նշված գումարը հաշվակցել իր կողմից ներկայացված հակընդդեմ հայցով պահանջվող 3.923 ԱՄՆ դոլարի չափով կրած վնասի գումարին:

Դատարանը սույն գործով անվիճելի փաստ է համարել Նինա Կուցանյանի կողմից Ստեփան Հայրապետյանին 3.000 ԱՄՆ դոլար պարտք լինելու հանգամանքը և արձանագրել, որ թեև կողմերի միջև գրավոր գործարք չի կնքվել, սակայն գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ Նինա Կուցանյանի և Ստեփան Հայրապետյանի միջև ծագել են 15.000 ԱՄՆ դոլարի վճարման կապակցությամբ պարտավորական հարաբերություններ, որի արդյունքում Նինա Կուցանյանը Ստեփան Հայրապետյանին պարտք է մնացել 3.000 ԱՄՆ դոլար: Նինա Կուցանյանն ակնհայտ ընդունել է իր պարտքը` մասնավորապես հակընդդեմ հայցադիմումում խնդրելով իր պարտքը հաշվանցել Ստեփան Հայրապետյանի կողմից իրեն պատճառված վնասի գումարից: Վերոգրյալի հիման վրա Դատարանը հիմնավոր է համարել Ստեփան Հայրապետյանի հայցը և բավարարել այն:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը չի նախատեսում ինքնակամ կառույցն օրինականացնելու, սեփականությունը դարձնելու և դրա դիմաց հատուցում վճարելու պարտականությունը նախատեսող պայմանագիր կնքելու հնարավորություն և սույն հարաբերության նկատմամբ կիրառելի է համարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` անշարժ գույքի առուվաճառքի առնչությամբ առաջացող իրավահարաբերությունները կարգավորող իրավանորմերը: Վերաքննիչ դատարանը նշել է, որ Ստեփան Հայրապետյանի և Նինա Կուցանյանի համաձայնությունն առոչինչ գործարք է, քանի որ չի համապատասխանել այն կնքելու պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին), ուստի անկախ Նինա Կուցանյանի կողմից համապատասխան պարտավորության առկայության փաստն ընդունելու հանգամանքից` այդ գործարքը վերջինիս համար որպես օրենքի ուժով առոչինչ գործարք որևէ իրավական հետևանք չէր կարող առաջացնել (բացառությամբ առոչնչության հետ կապված հետևանքների) և Ստեփան Հայրապետյանի մոտ չէր կարող առաջացնել պահանջի իրավունք: Վերաքննիչ դատարանը նաև գտել է, որ Ստեփան Հայրապետյանի կողմից չէր կարող կնքվել օրինական չճանաչված, սեփականության իրավունքով իրեն չպատկանող ինքնակամ կառուցի տնօրինմանն ուղղված գործարք:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կողմերի միջև բացակայում է Նինա Կուցանյանի կողմից Ստեփան Հայրապետյանի հանդեպ 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով դրամական պարտավորություն ունենալու փաստի վերաբերյալ վեճը, որի դեպքում Ստեփան Հայրապետյանը զրկված չէ այդ փաստը հաստատելու նպատակով գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա Երևանի քաղաքապետի որոշումներից պարզ է դառնում, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող Երևանի Բաբայան փողոցի թիվ 22 շենք, ավտոտնակ թիվ 1 հասցեում գտնվող` 24,95 քմ ընդհանուր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակն սկզբից օրինականացվել է, այնուհետև` այդ կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած անձանց (այդ թվում` Նինա Կուցանյանին), և ապա` ուղղակի վաճառքով վաճառվել նաև Նինա Կուցանյանին:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ իրականում կողմերի միջև ծագել են հարաբերություններ, որոնց նկատմամբ կիրառելի են անշարժ գույքի առուվաճառքի առնչությամբ առաջացող իրավահարաբերությունները կարգավորող իրավանորմերը, ոչ միայն թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում` հաշվի չառնելով, որ Նինա Կուցանյանի կողմից նման դիրքորոշում Դատարանում չի հայտնվել, այլ նաև անտեսել է, որ կողմերի միջև ծագել է այլ` անշարժ գույքի առուվաճառքի հետ չկապված հարաբերություն: Ընդ որում, էական է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում պարտավորական հարաբերության առկայությունը երկու կողմերն էլ ընդունել են:

i

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական օրենսդրության սկզբունքները (մասնավորապես` կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության և այլն), արձանագրում է, որ Դատարանն իրավացիորեն, ի հավաստումն կողմերի միջև պարտավորաիրավական հարաբերությունների առկայության, հիմք է ընդունել գործում առկա գրավոր ապացույցները, պարտավորության առկայության և պարտքի չափը Նինա Կուցանյանի կողմից ընդունելը, հաստատված է համարել կողմերի միջև պարտավորական հարաբերությունների առկայության փաստը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ «ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը չի նախատեսում ինքնակամ կառույցն օրինականացնելու, սեփականությունը դարձնելու և դրա դիմաց հատուցում վճարելու պարտականությունը նախատեսող պայմանագիր կնքելու հնարավորություն», «անկախ Նինա Կուցանյանի կողմից համապատասխան պարտավորության առկայության փաստն ընդունելու հանգամանքից, այդ գործարքը վերջինիս համար որպես օրենքի ուժով առոչինչ գործարք որևէ իրավական հետևանք չէր կարող առաջացնել (բացառությամբ առոչնչության հետ կապված հետևանքների) և Ստեփան Հայրապետյանի մոտ չէր կարող առաջացնել պահանջի իրավունք», անհիմն են և չեն բխում վերը նշված դիրքորոշումներից:

Հետևաբար հիմնավոր է նաև վճռաբեկ բողոքի հիմքը` Վերաքննիչ դատարանի կողմից նյութական իրավունքի նորմերի խախտում թույլ տալու մասով:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Նախկին օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը` Նինա Կուցանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարելու` Դատարանի 02.08.2017 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը բավարարելու մասով, բեկանելու և փոփոխելու` Ստեփան Հայրապետյանի հայցը մերժելու մասով, բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայում է միայն բավարարված հայցապահանջի մասով Դատարանի վճռի դեմ Նինա Կուցանյանի վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի վճիռը` հայցը բավարարելու մասով, բեկանելու և փոփոխելու մասով` նկատի ունենալով, որ Նինա Կուցանյանը հակընդդեմ հայցը մերժելու մասով Դատարանի վճիռը չի բողոքարկել:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

i

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը վերը նշված մասով ենթակա է բեկանման, և միաժամանակ օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Նինա Կուցանյանից հօգուտ Ստեփան Հայրապետյանի ենթակա է բռնագանձման 43.490 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2017 թվականի որոշումն ու Ստեփան Հայրապետյանի հայցը բավարարելու մասով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.08.2017 թվականի վճռին:

2. Նինա Կուցանյանից հօգուտ Ստեփան Հայրապետյանի բռնագանձել 43.490 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.03.2019
N ԵԱՔԴ/4741/02/16
Որոշում